Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-175-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2005-01.01.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1506
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 8-ին

 

ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1.

ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Սույն օրենքը կարգավորում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի (այսուհետ` նաև արդյունաբերական սեփականության օբյեկտ) ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված գույքային և անձնական ոչ գույքային հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արդյունաբերական սեփականության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, ապա կիրառվում են այդ նորմերը:

 

ՀՈԴՎԱԾ 3.

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Պետական լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին), որը որոշվում է կառավարության կողմից, սույն օրենքին համապատասխան, ընդունում է արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտեր, անցկացնում է հայտերի փորձաքննություն, տալիս է արտոնագրեր, իրականացնում է սույն օրենքի կիրառմանը և հրապարակային տեղեկատվությանը վերաբերող հրատարակչական գործունեություն և իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

2. Լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը:

3. Բողոքարկման խորհուրդը գործում է լիազոր մարմնի հաստատած կանոնադրության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները պահպանվում են օրենքով և հաստատվում են համապատասխանաբար գյուտի արտոնագրով, օգտակար մոդելի արտոնագրով կամ արդյունաբերական նմուշի արտոնագրով:

2. Համապատասխան արտոնագրով հաստատվում է գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի առաջնությունը, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ հեղինակությունը և բացառիկ իրավունքը:

3. Գյուտի արտոնագիրը գործում է հայտը ներկայացնելու օրվանից մինչև 20 տարին լրանալը, եթե այն տրվել է գյուտի ըստ էության փորձաքննության հիման վրա (հիմնական արտոնագիր), կամ մինչև 10 տարին լրանալը, եթե այն տրվել է առանց գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման (նախնական արտոնագիր), արդյունաբերական նմուշի արտոնագիրը` մինչև 15 տարին, իսկ օգտակար մոդելի արտոնագիրը` մինչև 10 տարին լրանալը:

4. Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն` գյուտի հայտի ներկայացման թվականի և այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի թույլտվության թվականների միջև ընկած ժամկետով, բայց 5 տարուց ոչ ավելի:

Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն մասի առաջին պարբերությունում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, լիազոր մարմին է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև հիմնական արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան հիմնական արտոնագիրը:

5. Գյուտի և օգտակար մոդելի արտոնագրով վերապահված իրավական պահպանության ծավալը որոշվում է դրանց հավակնության սահմանումով, իսկ արդյունաբերական նմուշի արտոնագրով վերապահված իրավական պահպանության ծավալը` իրի (մանրակերտի, նկարի) նկարների վրա արտահայտված և արդյունաբերական նմուշի նկարագրության մեջ թվարկված էական հատկանիշների ամբողջությամբ:

6. Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը և դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են կառավարության սահմանած կարգով:

7. Իրավական պահպանության ենթակա չեն այն գյուտերը, օգտակար մոդելներն ու արդյունաբերական նմուշները, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 5.

ԳՅՈՒՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն օրենքի իմաստով` որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես` սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին) կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին): Գյուտը ենթակա է իրավական պահպանության, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):

2. Գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

3. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե տվյալ բնագավառի մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում տեխնիկայի մակարդակից:

4. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության տարին, ամիս-ամսաթիվը (այսուհետ` թվական) աշխարհում հանրամատչելի դարձած տեխնիկայի բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:

5. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած այլ անձի կողմից գյուտի էության հրապարակային բացահայտումը, եթե այն կատարվել է գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն):

6. Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

7. Սույն օրենքի համաձայն` իրավական պահպանության ենթակա չեն`

ա) հայտնագործությունները, գիտական տեսությունները և մաթեմատիկական մեթոդները.

բ) տնտեսության կազմակերպման և ղեկավարման եղանակները.

գ) պայմանական նշանները, կարգացուցակները և կանոնները.

դ) խաղերի կանոնները, մտավոր կամ տնտեսական գործունեության կանոնները և եղանակները.

ե) հաշվիչ մեքենաների ալգորիթմները.

զ) կառույցների, շենքերի ու տարածքների հատակագծերի սխեմաները և նախագծերը.

է) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն:

8. Սույն օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում`

ա) բույսերի տեսակները և կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաև դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները.

բ) մարդու կլոնավորման եղանակները.

գ) արդյունաբերական կամ առևտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.

դ) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները.

ե) կենդանիների գենետիկական նույնականության ձևափոխման եղանակները, ինչպես նաև այդպիսի եղանակով ստացված կենդանին.

զ) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները:

 

ՀՈԴՎԱԾ 6.

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Որպես օգտակար մոդել` օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր և արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրության միջոցների և սպառման առարկաների, ինչպես նաև դրանց բաղկացուցիչ մասերի կառուցվածքային իրականացմանը (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ):

2. Օգտակար մոդելը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

3. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչև օգտակար մոդելի առաջնության թվականը ներկայացված օգտակար մոդելի հետ նույնանշանակ միջոցների մասին աշխարհում հրատարակված հանրամատչելի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաև լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի և օգտակար մոդելների էությունը, պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:

4. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից օգտակար մոդելի էության հրապարակային բացահայտումը, եթե այն կատարվել է օգտակար մոդելի հայտը ներկայացնելուն նախորդող 12 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 12 ամսվա ընթացքում (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն):

5. Օգտակար մոդելը արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում:

6. Արտոնագրաունակ օգտակար մոդելներ չեն համարվում եղանակները, նյութերը, մանրէի շտամը, կենսատեխնոլոգիական արգասիքը, դրանց կիրառումը նոր նշանակությամբ, ինչպես նաև սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասում նշված օբյեկտները:

 

ՀՈԴՎԱԾ 7.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Որպես արդյունաբերական նմուշ` օրենքով սահմանված կարգով պահպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, ինքնատիպ և արդյունաբերորեն կիրառելի (արդյունաբերական նմուշի արտոնագրաունակության պայմաններ):

2. Արդյունաբերական նմուշը նոր է, եթե իրի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունները պայմանավորող էական հատկանիշների ամբողջությունը մինչև արդյունաբերական նմուշի առաջնության թվականը հայտնի չէ աշխարհում` հանրամատչելի բոլոր տեսակի տեղեկություններից:

3. Արտոնագրմանը չի խոչընդոտում հեղինակի (հայտատուի) կամ նրանից ուղղակիորեն կամ անուղղակիորեն տեղեկություն ստացած որևէ անձի կողմից արդյունաբերական նմուշի էության հրապարակային բացահայտումը, եթե այն կատարվել է արդյունաբերական նմուշի հայտը ներկայացնելուն նախորդող 6 ամսվա ընթացքում, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում` այդ առաջնության թվականին նախորդող 6 ամսվա ընթացքում (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն):

4. Արդյունաբերական նմուշը ճանաչվում է ինքնատիպ, եթե դրա էական հատկանիշները պայմանավորում են իրի գեղագիտական և (կամ) էրգոնոմիկական առանձնահատկությունների ստեղծագործական բնույթը:

5. Արդյունաբերական նմուշն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է բազմակի վերարտադրվել համապատասխան իրը պատրաստելու միջոցով:

6. Արտոնագրաունակ արդյունաբերական նմուշներ չեն`

ա) այն լուծումները, որոնք բացառապես պայմանավորված են իրի տեխնիկական գործառույթներով.

բ) ճարտարապետության օբյեկտների (բացառությամբ ճարտարապետական փոքր ձևերի), արդյունաբերական, հիդրոտեխնիկական և ստացիոնար այլ կառույցների լուծումները.

գ) տպագրական արտադրանքի լուծումները` որպես այդպիսին.

դ) հեղուկ, գազանման, սորուն կամ համանման նյութերից պատրաստված, անկայուն ձև ունեցող առարկաների լուծումները:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 8.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակ է ճանաչվում այն ֆիզիկական անձը, ում ստեղծագործական աշխատանքով դա ստեղծվել է:

2. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտն ստեղծվել է մեկից ավելի ֆիզիկական անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով, ապա նրանք համարվում են համահեղինակներ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ:

3. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական կամ կազմակերպչական օգնություն, իրավունքների ձևակերպմանն օժանդակություն և այլն) չի հանգեցնում համահեղինակության:

4. Հեղինակության իրավունքն անօտարելի և անփոխանցելի անձնական ոչ գույքային իրավունք է, որը գործում է անժամկետ:

5. Հեղինակն իրավունք ունի արտոնագրի մասին հրապարակվող տեղեկատվության մեջ չհիշատակվելու որպես հեղինակ:

6. Հեղինակն իրավունք ունի իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտն անվանակոչելու իր անվամբ կամ հատուկ անվամբ, եթե դրանով չեն խախտվում երրորդ անձանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահպանվող իրավունքները:

 

ՀՈԴՎԱԾ 9.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԸ

 

1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիրը տրվում է`

- հեղինակին (համահեղինակներին),

- գործատուին` սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում,

- նշված անձանց իրավահաջորդներին, եթե արտոնագիր ստանալու իրավունքը վերջիններիս անցել է իրավահաջորդության կարգով կամ պայմանագրի համաձայն:

2. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ժամանակ աշխատողի ստեղծած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի (ծառայողական գյուտ, օգտակար մոդել, արդյունաբերական նմուշ) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե դա նախատեսված է նրանց միջև կնքված պայմանագրով:

3. Ծառայողական գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակի վարձատրության չափը, պայմանները և վճարելու կարգը որոշվում են հեղինակի ու գործատուի միջև կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

4. Աշխատողը պարտավոր է իր ծառայողական գործունեությանը վերաբերող իր ստեղծած գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին գործատուին գրավոր հայտնել ստեղծման օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Եթե գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում լիազոր մարմին, ապա հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին:

6. Այդ դեպքում գործատուն օգտվում է տվյալ օբյեկտի օգտագործման հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:

 

ՀՈԴՎԱԾ 10.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԻ և ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԺԱՌԱՆԳԱԲԱՐ ԱՆՑՆԵԼԸ

 

Հայտ ներկայացնելու և արտոնագիր ստանալու իրավունքը, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաև դրանց օգտագործումից առաջացած եկամուտներն ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ՀՈԴՎԱԾ 11.

ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է արտոնագրատիրոջը: Արտոնագրատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց արգելելու արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտն օգտագործել առանց իր թույլտվության, ինչպես նաև օգտագործել այն իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները:

2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքը ծագում է արտոնագիր տալու մասին տեղեկությունների պաշտոնական հրապարակման օրվանից:

3. Մի քանի անձանց պատկանող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման հետ կապված փոխհարաբերությունները որոշվում են նրանց միջև կնքված պայմանագրով: Նման պայմանագրի բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի պաշտպանվող օբյեկտն օգտագործելու իր հայեցողությամբ, սակայն իրավունք չունի առանց մյուս արտոնագրատերերի համաձայնության արտոնագիրը զիջելու այլ անձանց կամ տալու օգտագործման թույլտվություն (լիցենզիա):

4. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում առանց արտոնագրատիրոջ թույլտվության`

- արտոնագրով պահպանվող արտադրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը և այլ ձևով քաղաքացիական շրջանառության մեջ այն մտցնելը կամ այդ նպատակներով պահեստավորումը,

- արտոնագրով պահպանվող եղանակի կիրառումը կամ դրա կիրառման առաջարկությունը,

- արտոնագրով պահպանվող եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքի կիրառումը, ներմուծումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը և այլ ձևով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը:

 

ՀՈԴՎԱԾ 12.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

1. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործում է համարվում այն պարունակող արտադրանքի պատրաստումը, կիրառումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը, պահեստավորումը, ներմուծումը և տնտեսական շրջանառության մեջ մտցնելու մյուս գործողությունները, ինչպես նաև գյուտի արտոնագրով պահպանվող եղանակի կիրառումը:

2. Արտադրանքը (իրը) համարվում է արտոնագրված գյուտ, օգտակար մոդել պարունակող, եթե դա պարունակում է գյուտի, օգտակար մոդելի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը:

3. Գյուտի արտոնագրով պահպանվող եղանակը համարվում է կիրառված, եթե կիրառված է գյուտի հավակնության սահմանման անկախ կետի յուրաքանչյուր հատկանիշը կամ վերջինիս համարժեքը:

4. Իրը համարվում է արտոնագրված արդյունաբերական նմուշ պարունակող, եթե դրա մեջ օգտագործված են արդյունաբերական նմուշի բոլոր էական հատկանիշները:

5. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաև անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այդ դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է:

 

ՀՈԴՎԱԾ 13.

ԱՐՏՈՆԱԳՐԱՏԻՐՈՋ ԲԱՑԱՌԻԿ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործումը`

ա) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.

բ) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.

գ) այլ պետությանը պատկանող և պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով, և փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին և (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց.

դ) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.

ե) եթե արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ գյուտի արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում օրինական ճանապարհով շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաև արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14.

ՎԱՂՕՐՈՔ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Ցանկացած անձ, որը մինչև գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում բարեխղճորեն օգտագործել է դրա հեղինակից անկախ ստեղծված նույնական լուծումը կամ կատարել է դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը` այդպիսի օգտագործման ծավալի չընդլայնման պայմանով (վաղօրոք օգտագործման իրավունք):

2. Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել ֆիզիկական կամ իրավաբանական այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

 

ՀՈԴՎԱԾ 15.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱԼԸ և ԱՐՏՈՆԱԳՐԻ ԶԻՋՈՒՄԸ

 

 

1. Արդյունաբերական սեփականության արտոնագրված օբյեկտն այլ անձինք կարող են օգտագործել միայն արտոնագրատիրոջ թույլտվությամբ` լիցենզային պայմանագրի հիման վրա:

2. Արտոնագրատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրով պարտավորվում է մեկ այլ անձի (լիցենզառու) իրավունք տալ արտոնագրով պաշտպանված օբյեկտն օգտագործելու պայմանագրով նախատեսված ծավալով, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին մուծել պայմանագրով սահմանված վճարումները և իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:

3. Բացառիկ լիցենզիայի դեպքում արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում, ընդ որում, լիցենզատուն պահպանում է արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:

4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը լիցենզառուին փոխանցելով, պահպանում է արտոնագրից բխող բոլոր իրավունքները, այդ թվում նաև` երրորդ անձանց լիցենզիա տալու իրավունքը:

5. Արտոնագրատերը կարող է դիմել լիազոր մարմին` արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Եթե հայտարարություն հրապարակելուց հետո երկու տարվա ընթացքում լիցենզային պայմանագիր կնքելու մասին արտոնագրատերը չի ստանում գրավոր առաջարկություն, ապա նա կարող է դիմել լիազոր մարմին` իր դիմումը հետ կանչելու մասին խնդրանքով: Այս դեպքում հայտարարությունը հրապարակելուց մինչև դրա հետ կանչման թվականն ընկած ժամանակահատվածի համար արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքերը ենթակա են լրավճարման, իսկ հետագա ժամկետի համար այն վճարվում է լրիվ դրույքաչափերով: Լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում դիմումը հետ կանչելու մասին:

6. Արդյունաբերական սեփականության օբյեկտի արտոնագրատերը կարող է արտոնագիրը զիջել ցանկացած անձի:

7. Լիցենզային պայմանագիրը և զիջման մասին պայմանագիրը (ակտը) ենթակա են գրանցման լիազոր մարմնում` վերջինիս սահմանած կարգով:

8. Լիազոր մարմնում չգրանցված զիջման մասին պայմանագիրը կամ լիցենզային պայմանագիրն անվավեր է:

9. Լիցենզային պայմանագրի և զիջման մասին պայմանագրի գրանցման հետ կապված որոշումները կարող են վիճարկվել լիազոր մարմնի բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 16.

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, հասարակության շահերից ելնելով կամ արտակարգ իրավիճակներում, ինչպես նաև պետության կողմից ոչ առևտրային օգտագործման դեպքում կառավարությունն առանց արտոնագրատիրոջ համաձայնության իրավասու է օգտագործել կամ լիազորել երրորդ անձանց օգտագործելու գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը (հարկադրական լիցենզիա)` դրա մասին 10-օրյա ժամկետում իրազեկ պահելով արտոնագրատիրոջը և նրան ապահովելով համարժեք դրամական փոխհատուցում` նկատի ունենալով յուրաքանչյուր դեպքի հանգամանքները և հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:

2. Եթե գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը հայտը ներկայացնելու թվականից 4 տարվա կամ արտոնագիր տալու օրվանից 3 տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը) չի օգտագործվել կամ օգտագործվել է անբավարար, ապա նշված ժամկետը լրանալուց հետո արտոնագրատիրոջ հետ լիցենզային պայմանագիր կնքելու համաձայնության չհասնելու դեպքում գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշն օգտագործել ցանկացող յուրաքանչյուր անձ հարկադրական լիցենզիայի խնդրանքով կարող է դիմել կառավարություն: Այդ դեպքում լիցենզիան տրվում է, եթե արտոնագրատերը չապացուցի, որ գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը ոչ բավականաչափ օգտագործելը կամ չօգտագործելը պայմանավորված է հարգելի պատճառներով:

3. Եթե արտոնագրով պաշտպանվող` տնտեսական մեծ նշանակություն ունեցող գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը չի կարող օգտագործվել առանց մեկ այլ արտոնագրով («առաջին արտոնագրով») պաշտպանվող գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագրատիրոջ իրավունքները խախտելու, լիցենզային պայմանագիր կնքելու համաձայնության չհասնելու դեպքում նշված («երկրորդ արտոնագրի») արտոնագրատերը հարկադրական լիցենզիայի խնդրանքով կարող է դիմել կառավարություն: Խնդրանքը բավարարելու դեպքում «առաջին արտոնագրի» արտոնագրատերը փոխադարձաբար իրավունք ունի ստանալու «երկրորդ արտոնագրով» պաշտպանված օբյեկտի օգտագործման հարկադրական լիցենզիա: Հարկադրական լիցենզիայով ստացված իրավունքն արտոնագրատերը կարող է զիջել այլ անձի` միայն իր արտոնագրից բխող իրավունքների հետ միասին:

4. Հարկադրական լիցենզիան կարող է լինել միայն հասարակ (ոչ բացառիկ) և, կախված դրա նպատակից, տրվում է որոշակի ժամկետով ու պայմաններով, հիմնականում` ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար:

5. Կիսահաղորդչային տեխնոլոգիաների դեպքում հարկադրական լիցենզիան կարող է նախատեսել միայն պետությունը` ոչ առևտրային օգտագործման, ինչպես նաև դատական կամ վարչական մարմինները` հակամրցակցային գործողությունները շտկելու համար:

6. Արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը հարկադրական լիցենզիա ստացած անձը կարող է փոխանցել միայն կազմակերպության այն մասի հետ միասին, որտեղ իրականացվում է նշված օբյեկտի օգտագործումը:

7. Հարկադրական լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվում, եթե իրավասու մարմնի եզրակացության համաձայն` դրան հանգեցնող հանգամանքները համարվում են վերացած, և դրանց կրկնվելը` քիչ հավանական: Այդ դեպքում պետք է հաշվի առնվեն և պաշտպանվեն հարկադրական լիցենզիա ստացած անձանց օրինական շահերը: Հիմնավորված հարցումների դեպքում նշված մարմինն իրավասու է վերանայել այդ հանգամանքների շարունակվող առկայությունը:

8. Հարկադրական լիցենզիա տրամադրելուն և դրա հետ կապված վճարումների չափերին, կարգին ու ժամկետներին վերաբերող վեճերը լուծվում են դատական կարգով:

9. Հարկադրական լիցենզիա տրամադրելու կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 17.

ԱՐՏՈՆԱԳՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ

 

1. Ցանկացած անձ, որն արտոնագրված գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշն օգտագործում է սույն օրենքի խախտմամբ, համարվում է արտոնագիրը խախտող:

2. Արտոնագրատերն իրավունք ունի պահանջելու`

- դադարեցնել արտոնագրի խախտումը,

- օրենքով սահմանված կարգով հատուցել հասցված վնասները,

- հրապարակել դատարանի որոշումը` իր գործարար համբավը պաշտպանելու նպատակով,

- իրավունքների պաշտպանության այլ եղանակների իրականացում, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

3. Արտոնագիր խախտող անձին կարող է ներկայացվել պահանջներ նաև բացառիկ լիցենզիա ստացած անձը, եթե լիցենզային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ հասարակ լիցենզիա ունեցող անձի պահանջով, եթե դա նախատեսված է լիցենզային պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 18.

ԱՐՏՈՆԱԳԻՐ ԽՆԴՐԱՐԿԵԼՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

1. Արտոնագիր խնդրարկելու փաստաթղթերը (հայտը) լիազոր մարմին է ներկայացնում հեղինակը, գործատուն կամ նրանց իրավահաջորդը (հայտատուն):

2. Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն:

3. Հայտի մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են ներկայացնել հայերեն, իսկ օտարերկրյա հայտատուները կարող են ներկայացնել այլ լեզվով: Այդ դեպքում նրանք պարտավոր են լիազոր մարմին ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը` հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

Հայտի դիմումն ստորագրում է հայտատուն, իսկ արտոնագրային հավատարմատարի միջոցով կամ այլ ներկայացուցչի միջոցով ներկայացված հայտի դիմումը` արտոնագրային հավատարմատարը կամ այլ ներկայացուցիչ:

4. Լիազոր մարմնի հետ գործավարությունը կարող է իրականացնել հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը` անձամբ կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի միջոցով:

Օտարերկրյա իրավաբանական անձինք և Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք լիազոր մարմնի հետ գործավարությունն իրականացնում են լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում օտարերկրյա իրավաբանական անձինք կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտապես բնակվող ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի համաձայն, կարող են հայտը ներկայացնել անձամբ, վճարել արտոնագրային տուրքերը և կատարել այլ գործողություններ: Եթե սույն մասի համաձայն` հայտատուն, այլ շահագրգիռ անձը լիազոր մարմնի հետ գործավարությունն իրականացնում են անձամբ կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատար չհանդիսացող այլ ներկայացուցչի միջոցով, ապա լիազոր մարմինը կարող է պահանջել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում նշվի հասցե` նամակագրություն իրականացնելու համար:

5. Եթե սույն հոդվածի համաձայն, հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու հետ կապված գործերը վարում են անձամբ կամ լիազոր մարմնում գրանցված արտոնագրային հավատարմատար չհանդիսացող այլ ներկայացուցչի միջոցով, ապա լիազոր մարմինը կարող է պահանջել, որպեսզի Հայաստանի Հանրապետության տարածքում նշվի գտնվելու վայրը (նամակագրության հասցե):

6. Արտոնագրային հավատարմատարի կամ այլ ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է հայտատուի, արտոնագրատիրոջ, այլ շահագրգիռ անձի կողմից տրված լիազորագրով, որը կարող է լիազոր մարմին ներկայացվել հայտին կից կամ հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Արտոնագրային հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է կառավարության հաստատած կանոնադրությամբ:

8. Արտոնագրային հավատարմատարների գրանցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 19.

ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԸ

 

1. Գյուտի հայտը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող մի խումբ գյուտերի (գյուտի միասնության պահանջ):

2. Գյուտի հայտը պետք է պարունակի`

ա) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են գյուտի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

բ) գյուտի նկարագրությունը, որը բացահայտում է գյուտը` տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով.

գ) գյուտի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.

դ) գծագրեր և այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի էությունը հասկանալու համար.

ե) գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

3. Գյուտի հայտին կցվում են սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

4. Գյուտի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

5. Գյուտի հայտի ներկայացման թվականը սահմանում է լիազոր մարմինը` հայտի ստացման թվականով, եթե այն պարունակում է առնվազն`

ա) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի արտոնագիր.

բ) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

գ) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի նկարագրությունը:

Լիազոր մարմինը հայտն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ստուգում է դրա համապատասխանությունը նշված պահանջներին և անհամապատասխանության դեպքում այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին և առաջարկում նշված ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները): Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

Եթե նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի «գ» կետում նշված արտաքնապես գյուտի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով: Դիմումը պետք է ներկայացված լինի հայերենով և պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարը ու ներկայացման թվականը: Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, ապա դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:

Նշված դիմումի առկայության դեպքում հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 4 ամսվա ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ավելի վաղ ներկայացված հայտի վավերացված պատճենը:

Եթե ավելի վաղ ներկայացված հայտը ձևակերպված է այլ լեզվով, ապա նշված ժամկետներում պետք է ներկայացվի նաև դրա հայերեն թարգմանությունը:

7. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս լիազոր մարմինը գտնում է, որ գյուտի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, ենթադրվում է բացակայող, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Եթե նշված երկամսյա ժամկետում հայտատուն ներկայացնում է ծանուցագրում նշված նյութերը, ապա դրանք ներառվում են հայտի կազմում: Այդ դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով: Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով: Սահմանված ժամկետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված:

8. Գյուտի հայտը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20.

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԸ

 

1. Օգտակար մոդելի հայտը պետք է վերաբերի մեկ օգտակար մոդելի կամ միասնական մտահղացում կազմող մի խումբ օգտակար մոդելների (օգտակար մոդելի միասնության պահանջ):

2. Օգտակար մոդելի հայտը պետք է պարունակի`

ա) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են օգտակար մոդելի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

բ) օգտակար մոդելի նկարագրությունը, որը բացահայտում է օգտակար մոդելը` տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով.

գ) օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որն արտահայտում է դրա էությունը, և ամբողջապես հիմնված է նկարագրության վրա.

դ) գծագրեր և այլ նյութեր, որոնք անհրաժեշտ են օգտակար մոդելի էությունը հասկանալու համար.

ե) օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

3. Օգտակար մոդելի հայտին կցվում են սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

4. Օգտակար մոդելի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

5. Օգտակար մոդելի հայտի ներկայացման թվականը սահմանում է լիազոր մարմինը` հայտի ստացման թվականով, եթե այն պարունակում է առնվազն`

ա) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է օգտակար մոդելի արտոնագիր.

բ) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

գ) տարր, որն արտաքնապես հիշեցնում է օգտակար մոդելի նկարագրությունը:

Լիազոր մարմինը հայտն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ստուգում է դրա համապատասխանությունը նշված պահանջներին և անհամապատասխանության դեպքում այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին և առաջարկում` նշված ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները): Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

Եթե նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի «գ» կետում նշված արտաքնապես օգտակար մոդելի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար օգտակար մոդելի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով: Դիմումը պետք է ներկայացված լինի հայերեն և պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարը ու ներկայացման թվականը: Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, ապա դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:

Նշված դիմումի առկայության դեպքում հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 4 ամսվա ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ավելի վաղ ներկայացված հայտի վավերացված պատճենը:

Եթե ավելի վաղ ներկայացված հայտը ձևակերպված է այլ լեզվով, ապա նշված ժամկետներում պետք է ներկայացվի նաև դրա հայերեն թարգմանությունը:

7. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս լիազոր մարմինը գտնում է, որ օգտակար մոդելի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, ենթադրվում է բացակայող, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Եթե նշված երկամսյա ժամկետում հայտատուն ներկայացնում է ծանուցագրում նշված նյութերը, ապա դրանք ներառվում են հայտի կազմում: Այդ դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով: Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով: Սահմանված ժամկետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված:

8. Օգտակար մոդելի հայտը և դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 21.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԸ

 

1. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է վերաբերի մեկ արդյունաբերական նմուշի և կարող է ներառել այդ նմուշի տարբերակները (արդյունաբերական նմուշի միասնության պահանջ):

2. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի`

ա) դիմում` արտոնագիր ստանալու մասին, որտեղ նշվում են նմուշի անվանումը, հայտատուն (հայտատուները), հեղինակը (համահեղինակները) և նրանց բնակության կամ գտնվելու վայրը.

բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը, ներառյալ` դրա էական հատկանիշների ամբողջությունը.

գ) իրի, դրա մանրակերտի կամ նկարի պատկերների լրակազմը, որը մանրամասն և ամբողջությամբ արտահայտում է իրի արտաքին տեսքը.

դ) էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը, ընդհանուր տեսքի գծագիրը, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը հասկանալու համար:

3. Արդյունաբերական նմուշի հայտին կցվում են սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

4. Արդյունաբերական նմուշի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը:

5. Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման թվականը սահմանում է լիազոր մարմինը` հայտի ստացման թվականով, եթե այն պարունակում է առնվազն`

ա) հիշատակում այն մասին, որ հայտով խնդրարկվում է արդյունաբերական նմուշի արտոնագիր.

բ) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

գ) տարր, որն արտաքնապես հիշեցնում է արդյունաբերական նմուշի նկարագրությունը:

Լիազոր մարմինը հայտն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ստուգում է դրա համապատասխանությունը նշված պահանջներին և անհամապատասխանության դեպքում այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին և առաջարկում` նշված ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները): Եթե հայտատուն սահմանված ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, ապա հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին հայտատուն ծանուցվում է:

Եթե նշված փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասի «գ» կետում նշված արտաքնապես արդյունաբերական նմուշի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար արդյունաբերական նմուշի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով: Դիմումը պետք է ներկայացված լինի հայերեն և պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարը ու ներկայացման թվականը: Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:

Նշված դիմումի առկայության դեպքում հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 4 ամսվա ընթացքում հայտատուն պետք է ներկայացնի ավելի վաղ ներկայացված հայտի վավերացված պատճենը:

Եթե ավելի վաղ ներկայացված հայտը ձևակերպված է այլ լեզվով, ապա նշված ժամկետներում պետք է ներկայացվի նաև դրա հայերեն թարգմանությունը:

7. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս լիազոր մարմինը գտնում է, որ արդյունաբերական նմուշի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, ենթադրվում է բացակայող, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու անհրաժեշտության մասին:

Եթե նշված երկամսյա ժամկետում հայտատուն ներկայացնում է ծանուցագրում նշված նյութերը, ապա դրանք ներառվում են հայտի կազմում: Այդ դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով: Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով: Սահմանված ժամկետում նշված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված:

8. Արդյունաբերական նմուշի հայտը և դրա կից փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` լիազոր մարմնի սահմանած կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 22.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի առաջնությունը որոշվում է հայտը լիազոր մարմին ներկայացնելու թվականով:

2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտն արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), եթե գյուտի և օգտակար մոդելի հայտը լիազոր մարմին է ներկայացվել նշված թվականից 12 ամսվա ընթացքում, իսկ արդյունաբերական նմուշի հայտը` 6 ամսվա ընթացքում: Կոնվենցիայով առաջնության իրավունքից օգտվելու ցանկության մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ լիազոր մարմնի կողմից դա ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով առաջին հայտի վավերացված պատճենը, կամ ներկայացնել դա` հայտը լիազոր մարմին ներկայացնելու օրվանից 3 ամսվա ընթացքում:

3. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի առաջնությունը կարող է որոշվել լրացուցիչ նյութերն ստանալու թվականով, եթե դրանցով ձևակերպված նոր հայտը ներկայացվել է 3 ամսվա ընթացքում` սկսած այն ծանուցագրի ստացման օրվանից, որով հայտատուն տեղեկացվել է, որ սկզբնական հայտի նյութերում նկարագրված լուծման էությունը փոփոխելու պատճառով լրացուցիչ նյութերը հաշվի չեն առնվելու, պայմանով, որ սկզբնական հայտը հետ կանչված չի ճանաչվել նոր հայտի ներկայացման թվականի դրությամբ:

4. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի առաջնությունը կարող է որոշվել նույն գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի էությունը բացահայտող նույն հայտատուի ավելի վաղ ներկայացրած հայտի ներկայացման թվականով, պայմանով, որ այն հետ կանչված չէ այն հայտի ներկայացման թվականի դրությամբ, որով խնդրարկվում է այդպիսի առաջնություն, եթե նոր հայտը լիազոր մարմին ներկայացվել է ավելի վաղ ներկայացված հայտի ներկայացման թվականից սկսած 12 ամսվա ընթացքում: Այդ դեպքում ավելի վաղ ներկայացված հայտը ճանաչվում է հետ կանչված:

5. Առաջնությունը կարող է որոշվել ավելի վաղ ներկայացված հայտերով` յուրաքանչյուրի նկատմամբ պահպանելով սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը:

6. Հայտի առաջնությունը չի կարող որոշվել այն հայտի ներկայացման թվականով, որով արդեն պահանջվել է ավելի վաղ առաջնություն:

7. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, որի հայտը ներկայացվել է սկզբնական հայտից այն առանձնացնելու հետևանքով (զատված հայտ), առաջնությունը որոշվում է սկզբնական հայտի ստացման թվականով, եթե զատված հայտը ներկայացվել է մինչև սկզբնական հայտով արտոնագիր չտալու մասին որոշման ընդունումը, իսկ արտոնագիր տալու մասին որոշման դեպքում` ոչ ուշ, քան արդյունաբերական սեփականության օբյեկտի պետական գրանցումը, պայմանով, որ զատված հայտ ներկայացնելու օրվա դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ կամ հետ կանչված ճանաչված չէ:

8. Եթե փորձաքննության ընթացքում պարզվում է, որ նույնական գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշներն ունեն առաջնության միևնույն թվականը, ապա արտոնագիրը կարող է տրվել այն հայտով, որն ունի լիազոր մարմնին ուղղված ավելի վաղ առաքման թվականի ապացույց: Այդ թվականները համընկնելու դեպքում հայտատուների համաձայնությամբ նրանց տրվում է մեկ արտոնագիր: Համաձայնության չգալու դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 23.

ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գյուտի հայտի նախնական փորձաքննությունը լիազոր մարմինն իրականացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում` սույն հոդվածի և իր սահմանած կարգի համաձայն:

2. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ, 5-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ և 19-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված պահանջներին` առանց գյուտի տնտեսական արդյունավետության գնահատման:

3. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվի, որ հայտի փաստաթղթերը համապատասխանում են սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը որոշում է կայացնում հայտի պաշտոնական հրապարակման մասին:

4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ:

7. Նախնական փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված գյուտի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Այս դեպքում նախնական փորձաքննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան մեկ ամսով:

Լրացուցիչ նյութերը համարվում են գյուտի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված գյուտի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն կարող է դա ձևակերպել որպես առանձին հայտ:

8. Փորձաքննության հարցմանը համապատասխան` լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը ճանաչվում է հետ կանչված:

9. Եթե նախնական փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված գյուտը վերաբերում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կամ 5-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:

10. Արտոնագիր տալը մերժելու մասին փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու լիազոր մարմին: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

11. Կրկնական փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է որոշում` նախնական արտոնագիր տալը մերժելու կամ հայտի պաշտոնական հրապարակման մասին:

12. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

13. Փորձաքննության կամ բողոքարկման խորհրդի ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 24.

ԳՅՈՒՏԻ ՀԱՅՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ և ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹԱՑՄԱՆ ԴՆԵԼԸ

 

1. Գյուտի հայտի պաշտոնական հրապարակման մասին որոշման հիման վրա լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում հայտի վերաբերյալ:

2. Հրապարակվող տեղեկությունների լրիվ ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

3. Գյուտի հայտի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ հրապարակելու օրվանից հայտը կից փաստաթղթերով համընդհանուր ծանոթացման է դրվում չորս ամսով:

 

ՀՈԴՎԱԾ 25.

ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գյուտի հայտի համընդհանուր ծանոթացման ընթացքում ցանկացած անձ կարող է հիմնավոր առարկություն ներկայացնել տվյալ հայտով արտոնագիր տալու դեմ:

2. Արտոնագիր տալու դեմ առարկությունը պետք է լիազոր մարմին ներկայացվի համընդհանուր ծանոթացման չորսամսյա ժամկետի ավարտից ոչ ուշ:

3. Առարկությունը ձևակերպելու, ներկայացնելու և քննարկելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

4. Առարկությունն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում լիազոր մարմինը հայտատուին է ուղարկում առարկության պատճենը` դա ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 26.

ԱՌԱՐԿՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ և ՆԱԽՆԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՆԵԼԸ

 

1. Համընդհանուր ծանոթացման ընթացքում արտոնագիր տալու դեմ առարկություն ստանալու դեպքում համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո կամ, եթե այն ավելի ուշ է լրանում, սույն օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայտատուի նկատառումները ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում, հաշվի առնելով նաև իր տրամադրության տակ գտնվող գյուտի արտոնագրաունակության պայմանների ակնհայտ խախտման մասին վկայող տեղեկությունները, լիազոր մարմինը քննարկում է ստացված առարկությունները և որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու կամ նախնական արտոնագիր տալը մերժելու մասին:

2. Լիազոր մարմնի ընդունած որոշման մասին հայտատուն ծանուցվում է 10-օրյա ժամկետում:

3. Լիազոր մարմնի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի դիմելու կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է խնդրագիրն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

4. Կրկնական փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է որոշում` նախնական արտոնագիր տալու կամ նախնական արտոնագիր տալը մերժելու մասին:

5. Լիազոր մարմնի որոշման մասին հայտատուն և առարկություն ներկայացնողը ծանուցվում են 10-օրյա ժամկետում:

6. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

7. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:

8. Համընդհանուր ծանոթացման ժամկետի ավարտից հետո, արտոնագիր տալու վերաբերյալ առարկության բացակայության դեպքում, լիազոր մարմինն իր սահմանած կարգով 10-օրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական արտոնագիր տալու մասին:

9. Նախնական արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:

 

ՀՈԴՎԱԾ 27.

ԳՅՈՒՏԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայտատուի կամ, եթե տրվել է նախնական արտոնագիր, արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա, որը կարող է տրվել հայտ ներկայացնելու օրվանից մինչև նախնական արտոնագրի գործողության ժամկետի 7-րդ տարին լրանալը, լիազոր մարմինն անցկացնում է գյուտի ըստ էության փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է գյուտի համապատասխանությունը սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին և գյուտի էությունից ելնելով` 19-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գյուտի միասնության պահանջին:

Դիմումը կարող է ներկայացվել նաև նշված ժամկետի ավարտից հետո` 12 ամսվա ընթացքում, լրացուցիչ պետական տուրք վճարելու պայմանով:

2. Գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը հարցման հիման վրա կարող է հայտատուից կամ արտոնագրատիրոջից պահանջել փորձաքննության անցկացումը հնարավոր դարձնող լրացուցիչ նյութեր: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ նյութերը նշված երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է հետ կանչված:

3. Գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը որոշում է կայացնում հիմնական արտոնագիր տալու կամ հիմնական արտոնագիր տալը մերժելու մասին:

4. Լիազոր մարմնի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է դիմել կրկնական փորձաքննության խնդրանքով: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

5. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:

7. Գյուտի ըստ էության փորձաքննության անցկացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 28.

ԳՅՈՒՏԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Գյուտի հայտի պաշտոնական հրապարակման օրվանից մինչև տրված արտոնագրի մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումը գյուտին տրվում է ժամանակավոր իրավական պահպանություն` համընդհանուր ծանոթացման դրված հավակնության սահմանման ծավալով:

2. Ժամանակավոր իրավական պահպանությունը համարվում է չկայացած, եթե արտոնագիր տալը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման բողոքարկման հնարավորություններն սպառվել են:

3. Երրորդ անձինք, որոնք օգտագործել են գյուտը սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամանակամիջոցում, այդ օգտագործման համար համապատասխան դրամական փոխհատուցում են վճարում արտոնագրատիրոջը: Փոխհատուցման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ: Եթե այդ համաձայնությունը չկա, ապա հարցը լուծվում է դատական կարգով:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամանակամիջոցը կարող է սկսվել այն օրվանից, երբ հայտատուն հայտարկված գյուտի մասին տեղեկացրել է դա օգտագործող անձին, եթե այդ օրը նախորդում է գյուտի հայտի պաշտոնական հրապարակման օրվան:

 

ՀՈԴՎԱԾ 29.

ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 

1. Օգտակար մոդելի հայտի նախնական փորձաքննությունը լիազոր մարմինն իրականացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում` սույն հոդվածի և իր սահմանած կարգի համաձայն:

2. Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված օգտակար մոդելի համապատասխանությունը սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ, 6-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ և 20-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված պահանջներին` առանց օգտակար մոդելի տնտեսական արդյունավետության գնահատման:

3. Եթե փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում օգտակար մոդելի արտոնագիր տալու մասին:

4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե օգտակար մոդելներից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է այն օգտակար մոդելը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ:

7. Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված օգտակար մոդելի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Այս դեպքում նախնական փորձաքննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան մեկ ամսով:

Լրացուցիչ նյութերը համարվում են օգտակար մոդելի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են հավակնության սահմանման մեջ մտցվելու ենթակա հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված օգտակար մոդելի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն դա կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:

8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

9. Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված օգտակար մոդելը վերաբերում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կամ 6-րդ հոդվածի 6-րդ մասերին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:

10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու լիազոր մարմին: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

11. Կրկնական փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է որոշում` օգտակար մոդելի արտոնագիր տալու կամ օգտակար մոդելի արտոնագիր տալը մերժելու մասին:

12. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:

13. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 30.

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արդյունաբերական նմուշի հայտի նախնական փորձաքննությունը լիազոր մարմինն իրականացնում է հայտի ներկայացման թվականը սահմանելուց հետո երկամսյա ժամկետում` սույն հոդվածի և իր սահմանած կարգի համաձայն:

2. Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտի անհրաժեշտ և սահմանված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզվում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ, 7-րդ հոդվածի 6-րդ և 21-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված պահանջներին` առանց արդյունաբերական նմուշի տնտեսական արդյունավետության գնահատման:

3. Եթե փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը պարզի, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացվում արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու մասին:

4. Եթե պարզվի, որ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` ուղղված կամ պակաս փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

5. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է երկամսյա ժամկետում հայտնել, թե արդյունաբերական նմուշներից որը պետք է քննարկվի, և անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

6. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված երկամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում քննարկվում է արդյունաբերական այն նմուշը, որը նկարագրության մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ:

7. Փորձաքննության ընթացքում հայտատուն իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա կարող է, լրացուցիչ նյութեր ներկայացնելով, ուղղումներ կամ ճշգրտումներ կատարել հայտի նյութերում` չփոփոխելով ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, եթե հայտ ներկայացնելիս նա չի հրաժարվել այդ իրավունքից: Լրացուցիչ նյութերը համարվում են արդյունաբերական նմուշի էությունը փոփոխող, եթե դրանք պարունակում են նկարագրության մեջ մտցվելու ենթակա էական հատկանիշներ, որոնք առկա չեն եղել հայտի սկզբնական նյութերում: Այս դեպքում նախնական փորձաքննության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան մեկ ամսով:

Լրացուցիչ նյութերի այն մասը, որը փոփոխում է ներկայացված արդյունաբերական նմուշի էությունը, փորձաքննության ընթացքում հաշվի չի առնվում, և հայտատուն դա կարող է ձևակերպել որպես առանձին հայտ:

8. Փորձաքննության հարցմանը համապատասխան լրացուցիչ կամ ճշգրտված նյութերը երկամսյա ժամկետում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված:

9. Եթե փորձաքննության արդյունքում պարզվի, որ ներկայացված արդյունաբերական նմուշը վերաբերում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ կամ 7-րդ հոդվածի 6-րդ մասին, ապա որոշում է կայացվում արտոնագիր տալը մերժելու մասին:

10. Փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի կրկնական փորձաքննության խնդրանքով դիմելու լիազոր մարմին: Կրկնական փորձաքննությունն անցկացվում է դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

11. Կրկնական փորձաքննության արդյունքում լիազոր մարմինը կայացնում է որոշում` արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու կամ արդյունաբերական նմուշի արտոնագիր տալը մերժելու մասին:

12. Արտոնագիրը տրվում է հայտատուի պատասխանատվությամբ` առանց դրա իսկության երաշխիքի:

13. Կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ: Բողոքարկման խորհուրդը բողոքը քննարկում է դա ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

14. Փորձաքննության ցանկացած որոշմանը կամ բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմելու դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 31.

ՀԱՅՏԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄԸ

 

1. Մինչև գյուտի արտոնագիր տալու մասին լիազոր մարմնի որոշման կայացման թվականը հայտատուն կարող է դիմում ներկայացնել լիազոր մարմին` տվյալ գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու խնդրանքով: Գյուտարարական մակարդակի բացակայության հիմքերով գյուտի արտոնագիր տալը մերժելու մասին լիազոր մարմնի որոշման կայացման դեպքում, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն կարող է դիմում ներկայացնել տվյալ գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպման խնդրանքով:

2. Հայտատուի դիմումի համաձայն` լիազոր մարմինը գյուտի հայտը փոխակերպում է օգտակար մոդելի հայտի, եթե այն համապատասխանում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին:

3. Օգտակար մոդելի հայտը կարող է փոխակերպվել գյուտի հայտի մինչև օգտակար մոդելի արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի որոշման ընդունումը:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նշված փոխակերպումների ժամանակ պահպանվում են սկզբնական հայտով սահմանված առաջնությունը և հայտի ներկայացման թվականը:

5. Դիմում ներկայացնելու հիմքերը և փոխակերպման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 32.

ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՆՁՆՈՒՄԸ և ԴՐԱ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

1. Արտոնագիր տալու մասին որոշման հիման վրա արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի վճարման դեպքում լիազոր մարմինը գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը գրանցում է Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան) և, անկախ արտոնագրատերերի թվից, նրանց տալիս է մեկ արտոնագիր:

2. Արտոնագրի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

3. Արտոնագրում տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղում է լիազոր մարմինը` արտոնագրատիրոջ պահանջով:

4. Արդյունաբերական սեփականության օբյեկտը գրանցամատյանում գրանցելու հետ միաժամանակ լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում արտոնագիր տալու մասին, հրապարակում է գյուտերի և օգտակար մոդելների լրիվ նկարագրությունները:

5. Պաշտոնական տեղեկագրում հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:

 

ՀՈԴՎԱԾ 33.

ՀԱՅՏԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԻՋՈՒՄԸ և ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄԸ

 

1. Հայտատուն իրավունք ունի`

ա) հետ կանչելու ներկայացրած հայտը, հրաժարվելու արտոնագիր ստանալուց կամ արտոնագիր ստանալու իրավունքը զիջելու այլ անձի` մինչև գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումը.

բ) հրաժարվելու արտոնագրից` տվյալ գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի պետական գրանցումից հետո:

2. Արտոնագրից հրաժարվելու մասին տեղեկությունները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում:

3. Արտոնագրից հրաժարվելու մասին տեղեկությունների հրապարակման պահից սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր պահպանությունը համարվում է չտրված:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 34.

ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳԻՐՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիրն իր գործողության ամբողջ ժամկետի ընթացքում համապատասխան արտոնագիր տալու դեմ բողոքի հիման վրա կարող է լրիվ կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե`

ա) գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը չի համապատասխանում սույն օրենքով սահմանված արտոնագրաունակության պայմաններին.

բ) գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ առկա են հատկանիշներ, որոնք հայտի ներկայացման թվականի դրությամբ ներառված չեն եղել գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրության մեջ և գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանման մեջ, եթե հայտը ներկայացման թվականին պարունակում է հավակնության սահմանում.

գ) արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջության մեջ առկա են հատկանիշներ, որոնք հայտի ներկայացման թվականի դրությամբ ներառված չեն եղել արդյունաբերական նմուշի պատկերների մեջ.

դ) առաջնության միևնույն թվական ունեցող նույնական գյուտերին, օգտակար մոդելներին կամ արդյունաբերական նմուշներին տրվել է մեկ արտոնագիր` խախտելով սույն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված պահանջները.

ե) տրվել է արտոնագիր, որի մեջ որպես հեղինակ կամ արտոնագրատեր նշված է անձ, որը, սույն օրենքով սահմանված պահանջների համաձայն, չի համարվում այդպիսին, կամ արտոնագրում նշված չէ այն անձը, որը, սույն օրենքով սահմանված պահանջների համաձայն, հանդիսանում է այդպիսին:

2. Բողոք ներկայացնող անձը պարտավոր է հիմնավորել դա և ներկայացնել համապատասխան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերով պայմանավորված բողոքները քննարկում է լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդը` բողոքն ստանալու օրվանից 6-ամսյա ժամկետում` արտոնագրատիրոջը ծանոթացնելով այդ բողոքին: Քննարկումը չպետք է դուրս գա բողոքի մեջ պարունակվող հիմնավորումների շրջանակներից:

4. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում, դա ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում, հայտատուն իրավունք ունի սահմանված կարգով դիմելու դատարան:

5. Գյուտի նախնական արտոնագիրն ամբողջությամբ ճանաչվում է անվավեր, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն անցկացված փորձաքննության արդյունքում արտոնագրաունակության պայմաններին չհամապատասխանելու հիմքով մերժվում է գյուտի հիմնական արտոնագիր տալը:

6. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն ճանաչվում է անվավեր, սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքերով ներկայացված բողոքի համաձայն, բողոքարկման խորհրդի ընդունած որոշման կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 35.

ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

1. Արտոնագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե`

ա) արտոնագրատերն այդ մասին դիմում է ներկայացրել: Եթե արտոնագիրը տրվել է գյուտերի, օգտակար մոդելների կամ արդյունաբերական նմուշների խմբին, իսկ արտոնագրատիրոջ դիմումը վերաբերում է խմբի մեջ պարունակվող ոչ բոլոր լուծումներին, ապա արտոնագրի գործողության ժամկետը դադարեցվում է միայն դիմումում նշված գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ.

բ) արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել:

2. Նախնական արտոնագրի գործողությունը լիազոր մարմնի հաստատած կարգով դադարեցվում է վաղաժամկետ, եթե սույն օրենքի 27-րդ հոդվածի համաձայն` անցկացվել է գյուտի ըստ էության փորձաքննություն:

3. Արտոնագրի գործողության դադարեցման մասին լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

 

ՀՈԴՎԱԾ 36.

ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ, ՀԵՏՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի գործողությունը, որը դադարեցվել է սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով, կարող է վերականգնվել արտոնագրատիրոջ դիմումի հիման վրա: Դիմումն անհրաժեշտ է լիազոր մարմին ներկայացնել արտոնագիրը գործողության` մեջ պահելու համար տարեկան պետական տուրքի վճարման սահմանված ժամկետը լրանալուց հետո` երեք տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև արտոնագրի գործողության սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը: Դիմումին կցվում է արտոնագրի գործողության վերականգնման համար սահմանված պետական տուրքի, ինչպես նաև արտոնագիրը գործողության մեջ պահելու համար չվճարված տարեկան պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

2. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի գործողության վերականգնման մասին լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում:

3. Ցանկացած անձ, որը գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի գործողության դադարեցման թվականից մինչև գործակալության պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականն ընկած ժամանակահատվածում սկսել է արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը կամ նշված ժամանակահատվածում կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը` առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունք):

4. Հետօգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀՈԴՎԱԾ 37.

ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

 

Դատական կարգով քննարկվում են այն վեճերը, որոնք վերաբերում են`

ա) գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի հեղինակ ճանաչվելուն.

բ) արտոնագրատեր ճանաչվելուն.

գ) գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի արտոնագրի նկատմամբ բացառիկ իրավունքը խախտելուն.

դ) բացառիկ իրավունքի զիջմանը և լիցենզային պայմանագրերի կնքմանը և կատարմանը.

ե) վաղօրոք օգտագործման իրավունքին.

զ) հետօգտագործման իրավունքին.

է) սույն օրենքով նախատեսված փոխհատուցումների վճարման չափին, ժամկետին և կարգին.

ը) արտոնագրով ամրագրված իրավունքների պահպանության հետ կապված այլ վիճելի հարցերի:

 

ՀՈԴՎԱԾ 38.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 39.

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ և ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

 

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-6-րդ, 25-րդ հոդվածի 4-րդ, 27-րդ հոդվածի 2-րդ, 29-րդ հոդվածի 4-6-րդ և 30-րդ հոդվածի 4-6-րդ մասերով սահմանված` փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետները լիազոր մարմինը կարող է երկարաձգել մեկ անգամ երկու ամսով:

Երկարաձգման մասին դիմումը պետք է ներկայացվի մինչև սահմանված ժամկետների ավարտը` դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

2. Սույն օրենքի 23-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ և 30-րդ հոդվածներով սահմանված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետները կարող է վերականգնել լիազոր մարմինը, բացառությամբ դատարան դիմելու համար` 23-րդ հոդվածի 13-րդ, 26-րդ հոդվածի 7-րդ, 27-րդ հոդվածի 6-րդ, 29-րդ հոդվածի 14-րդ և 30-րդ հոդվածի 14-րդ մասերով սահմանված ժամկետների:

Բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմում կարող է ներկայացվել նշված ժամկետն ավարտվելու օրվանից վեցամսյա ժամկետում` դրան կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

 

ՀՈԴՎԱԾ 40.

ԳՅՈՒՏԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը կարող են արտոնագրվել օտարերկրյա պետություններում:

2. Մինչև Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել լիազոր մարմին` հայտնելով նաև օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն լիազոր մարմնի միջոցով` ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը օտարերկրյա պետությունում արտոնագրելու մտադրության մասին հաղորդումն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում լիազոր մարմինը սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերով արտոնագրումն օտարերկրյա պետություններում չի արգելում, ապա հայտատուն կարող է գործել իր հայեցողությամբ:

4. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը հանգեցնում է պատասխանատվության` համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության:

5. Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (այսուհետ` ԱՀՊ) ընթացակարգով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո (այսուհետ` Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային և Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային գերատեսչություն ներկայացվող եվրասիական հայտերով լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող գերատեսչություն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար:

Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն, իսկ եվրասիական հայտը` ռուսերեն լեզվով:

Լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքներով սահմանում է միջազգային կամ եվրասիական հայտերի ներկայացման թվականը, և այդ թվականից մեկամսյա ժամկետում առաքում է այն համապատասխանաբար Միջազգային բյուրո կամ Եվրասիական արտոնագրային գերատեսչություն:

 

ՀՈԴՎԱԾ 41.

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ և ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, միջազգային պայմանագրերին համապատասխան, կամ փոխադարձության սկզբունքով` օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից և կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց համահավասար:

 

ՀՈԴՎԱԾ 42.

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ և եվՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՅՏԵՐԸ, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԵՐԻ ՈՒԺ

 

1. ԱՀՊ ընթացակարգով Միջազգային բյուրո ներկայացված գյուտի կամ օգտակար մոդելի միջազգային հայտը կարող է Հայաստանի Հանրապետությունում ազգային փուլ փոխադրվել, եթե այն լիազոր մարմին է ներկայացվել խնդրարկվող առաջնության թվականից 31 ամսվա ընթացքում, պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հայտում նշված է որպես նշված պետություն:

2. Միջազգային հայտի ազգային փուլ փոխադրելու թվականը սահմանում է լիազոր մարմինը, եթե լիազոր մարմին ներկայացվել է առնվազն`

ա) սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածների 2-րդ մասերին համապատասխան` դիմում արտոնագիր ստանալու մասին, որում նշված է նաև միջազգային հայտի համարը և ներկայացման թվականը.

բ) Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի հրապարակման առաջին էջը:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը 31 ամսվա ընթացքում չեն ներկայացվել լիազոր մարմին, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարեցվում է:

4. Միջազգային հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 18-20-րդ հոդվածներին համապատասխան:

5. Մերժված եվրասիական հայտի հիման վրա, Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն, սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր տալու հայտը քննարկում է լիազոր մարմինը` Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից տվյալ հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից: Նշված օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 18-րդ և 19-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը:

 

ՀՈԴՎԱԾ 43.

ՆՈՒՅՆԱԿԱՆ ԳՅՈՒՏԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐԸ

 

Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրը ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են տարբեր արտոնագրատերերին, ապա այդպիսի գյուտերը կամ գյուտը և օգտակար մոդելը կարող են օգտագործվել միայն` պահպանելով դրանց բոլոր արտոնագրատերերի իրավունքները:

Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին և օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը և Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միևնույն առաջնության թվականը և պատկանում են միևնույն անձին, ապա այդպիսի գյուտերի կամ գյուտի և օգտակար մոդելի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել ցանկացած անձի` այդ արտոնագրերի հիման վրա կնքված լիցենզային պայմանագրի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 44.

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՏՈՒՐՔԵՐԸ

 

Արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու, ինչպես նաև արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր: Տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքի չափի նվազեցումը կամ վերադարձնելը, պետական տուրքից ազատվելու հիմքերը և կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 45.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված և գործող արտոնագրերից բխող բացառիկ իրավունքները շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայտերով փորձաքննությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, եթե դրանցով արտոնագիր տալու վերաբերյալ դեռևս որոշում չի կայացվել:

3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը արտոնագիր տալու վերաբերյալ կայացված որոշումների բողոքարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

4. Ուժը կորցրած ճանաչել 1999 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

 

ՀՈԴՎԱԾ 46.

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի 19-21-րդ հոդվածների 8-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2005 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-175-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.06.2008, ՀՕ-111-Ն 01.01.2009, ՀՕ-175-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան