Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ4/0013/01/18

Գործ թիվ ԼԴ4/0013/01/18

Նախագահող դատավոր՝  Մ. Պետրոսյան

դատավորներ՝

Մ. Պապոյան

Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղարությամբ՝

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

մասնակցությամբ դատախազ՝

Վ. Հարությունյանի

 

2020 թվականի հոկտեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ ԱԶալինյանի և վերջինիս պաշտպան Ռ.Հակոբյանի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ զինվորական դատախազ Վ.Հարությունյանի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի ավագ քննիչ Տ.Բաբայանի որոշմամբ հարուցվել է թիվ 90458817 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ Արեն Արարատի Զալինյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

2018 թվականի մարտի 17-ին թիվ 90458817 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2018 թվականի հուլիսի 20-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Զալինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտել ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան` 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ Լոռու կայազորի զինվորական դատախազի տեղակալ Ա.Ավետիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշմամբ բողոքը բավարարել է և վերացրել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ թողնելով կրելու 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Զալինյանը, նրա պաշտպաններ Ս.Հարությունյանը, Ռ.Հակոբյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ զինվորական դատախազ Վ.Հարությունյանը։

4.1. Ա.Զալինյանը 2019 թվականի փետրվարի 6-ին ներկայացրել է դիմում՝ պաշտպան Ս.Հարությունյանի կողմից ներկայացված բողոքը հետ վերցնելու մասին: Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի մարտի 4-ի որոշմամբ Ս.Հարությունյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ ԱԶալինյանի և վերջինիս պաշտպան Ռ.Հակոբյանի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ զինվորական դատախազ ՎՀարությունյանի վճռաբեկ բողոքները 2019 թվականի մայիսի 13-ի որոշմամբ ընդունվել են վարույթ։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ա.Զալինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ. «(…) [Ն]ա, 2009 թվականի փետրվարի 5-ին Վանաձորի զինկոմիսարիատում անցնելով կցագրում և ենթակա լինելով զորակոչի` խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2017թ. ամառային զորակոչից` այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ»1:

6. Համաձայն գործում առկա նյութերի՝ Ա.Զալինյանի առաջնեկը՝ Արարատ Արենի Զալինյանը ծնվել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին2, իսկ երկրորդ երեխան՝ Արփի Արենի Զալինյանը՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին3:

7. Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող հանրապետական հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 27-ին հաստատել է ԱԶալինյանի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2019 թվականի փետրվարի 25-ի որոշումը4, և Ա.Զալինյանը 2019 թվականի փետրվարի 27-ին վճարել է որոշմամբ սահմանված գումարը5:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

8. Բողոքաբերներ՝ ամբաստանյալ Ա.Զալինյանը և նրա պաշտպան Ռ.Հակոբյանը փաստարկել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են պատժի մասով ճիշտ որոշում կայացնելու վրա, և արդյունքում կայացվել է չհիմնավորված դատական ակտ, որը չի համապատասխանում արդարության պահանջներին։

8.1. Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակները նշել են, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ ստուգման ու գնահատման չի ենթարկել Ա.Զալինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով վերագրվող հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, գործի կոնկրետ հանգամանքները, նրա անձը բնութագրող բոլոր տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները: Բողոքաբերների պնդմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու մասին Վերաքննիչ դատարանի եզրահանգումը չի բխում պատժի նպատակներից:

9. Վերոգրյալի հիման վրա ամբաստանյալ Ա.Զալինյանը և վերջինիս պաշտպան Ռ.Հակոբյանը խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի դատավճռին կամ գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

10. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ՝ զինվորական դատախազ Վ.Հարությունյանը վճռաբեկ բողոքում նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի, ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի և «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

10.1. Բողոքաբերը, վկայակոչելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, նշել է, որ սույն քրեական գործն ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում քննելիս առկա է եղել Ա.Զալինյանի նկատմամբ քրեական հետապնդումը և քրեական գործով վարույթը բացառող հանգամանք, որը, սակայն, անտեսվել է դատարանների կողմից, ինչն էլ հանգեցրել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման: Ի հիմնավորումն իր դիրքորոշման՝ բողոքաբերը նշել է, որ 2016 թվականի նոյեմբերի 29-ին ծնվել է Ա.Զալինյանի առաջնեկը, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ երկրորդ զավակը: Մեջբերելով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը՝ բողոքաբերը նշել է նաև, որ Ա.Զալինյանի նկատմամբ կիրառելի էին այդ օրենքի դրույթները` հաշվի առնելով, որ նա ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական` 2017 թվականի ամառային զորակոչից, իսկ 2017 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ արդեն առկա է եղել նրան ընտանեկան դրության բերումով զինվորական ծառայությունից տարկետում տալու՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված հիմքը:

10.2. Բողոքաբերը, որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք, վկայակոչել է նաև Ա.Զալինյանի նկատմամբ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի դրույթները կիրառելու վերաբերյալ հանրապետական հանձնաժողովի որոշումը:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը՝ գործն ուղարկելով ստորադաս դատարան՝ նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրադրության փոփոխման դեպքում հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ ԱԶալինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել իրադրության փոփոխման հիմքով։

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (…) 74-րդ հոդված[ով] նախատեսված դեպք[ում]»։

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն՝ «Առաջին անգամ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե պարզվի, որ իրադրության փոփոխման հետևանքով այդ անձը կամ նրա կատարած արարքը դադարել է հանրության համար վտանգավոր լինելուց»:

14.1. Մեջբերված քրեաիրավական նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Արամայիս և Յուրի Ղալաչյանների գործով կայացված որոշման շրջանակներում` արձանագրելով, որ. «(...) [Ի]րադրությունը քրեական օրենքով պաշտպանվող հասարակական հարաբերությունների այն վիճակն է, որոնց անձը ներգրավված է եղել հանցանքի կատարման պահին։ Ուստի իրադրության փոփոխությունը՝ որպես քրեական պատասխանատվությունից ազատելու հիմք, հասարակական հարաբերությունների այդ վիճակի որակական, կայուն փոփոխությունն է, որը տեղի է ունեցել որևէ իրադարձության հետևանքով:

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածն ամրագրում է իրադրության փոփոխման դեպքում անձին քրեական պատասխանատվությունից ազատելու երկու ինքնուրույն տեսակ՝

1. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է անձը,

2. իրադրության փոփոխման հետևանքով հանրության համար վտանգավոր լինելուց դադարել է արարքը:

Ընդ որում, իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու վերոնշյալ տեսակներից յուրաքանչյուրի կիրառումը թույլատրելի է, եթե անձին մեղսագրվող հանցանքը ոչ մեծ կամ միջին ծանրության է և կատարվել է առաջին անգամ:

Իրադրության փոփոխման հետևանքով անձի՝ հանրության համար վտանգավորության կորուստը ենթադրում է այնպիսի փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցանք կատարած անձը դադարում է հանրության համար վտանգավոր լինելուց: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ հանցագործությունից հետո անձի կյանքի և գործունեության պայմաններում կատարված փոփոխությունները զրկում են նրան հասարակական հարաբերություններին այնպիսի վնաս պատճառելու հնարավորությունից, ինչպիսին նա պատճառել է նախքան այդ փոփոխությունները: Այլ կերպ՝ կատարված փոփոխությունները պետք է էականորեն նվազեցնեն նոր հանցանք կատարելու` անձի օբյեկտիվ հնարավորությունը:

Իրադրության փոփոխման հետևանքով հանցավոր արարքի հանրային վտանգավորության կորուստը ենթադրում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը դադարում է հանրության համար վտանգ ներկայացնելուց՝ անկախ այն բանից, որ տվյալ պահին գործող քրեական օրենսգրքով այդ արարքը դեռևս համարվում է հանցավոր:

(...)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրադրության փոփոխման հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարագայում դատարանը, դատախազը և քննիչը պետք է հաջորդաբար քննության առնեն և համապատասխան որոշմամբ հստակորեն պարզաբանեն հետևյալ հարցերը` 1. հանցանքի կատարման պահին առկա իրադրությունը, 2. նոր (փոփոխված) իրադրությունը, 3. իրադարձությունը, որի հետևանքով տեղի է ունեցել իրադրության փոփոխությունը, 4. հանցանք կատարած անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության կորստի կոնկրետ դրսևորումը, 5. պատճառական կապը նոր (փոփոխված) իրադրության և հանցանք կատարած անձի կամ արարքի հանրային վտանգավորության կորստի միջև (...)»6։

15. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «(...)1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով տարկետում տրվում է այն զորակոչիկին, որն ունի`

(...)

գ) երկու և ավելի երեխա.

(...)

Զորակոչիկին տարկետում տրվում է նաև վերջինիս կնոջ` 2-րդ երեխայով կամ զույգ երեխայով վեցամսյա հղիության դեպքում»:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածը և տարածվում է այդ ընթացքում օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները՝ 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների վրա, որոնց նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում (...)»:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով կարող է օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել նվազագույն ամսական աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար (այսուհետ՝ օրենքով սահմանված վճար)»:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն, սույն օրենքով սահմանված վճարը մուծելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաև նա ստանում է զինվորական գրքույկ և հաշվառվում է պահեստազորում: Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։

15.1. Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը նախատեսել է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2019 թվականի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն, եթե՝

1) լրացել է քաղաքացու 27 տարին (պահեստազորի սպաների դեպքում՝ 35 տարին) կամ մինչև 27 (35) տարին լրանալը քաղաքացին ձեռք է բերել պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքեր, և

2) օրենքի խախտմամբ չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց վճարել է նվազագույն ամսական աշխատավարձի 200-ապատիկի չափով գումար։

15.2. Իրադրության փոփոխման վերաբերյալ սույն որոշման 13.1-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշման լույսի ներքո գնահատելով նախորդ կետում կատարված վերլուծությունը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախատեսելով կոնկրետ դեպքում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորություն՝ օրենսդիրը ելնում է այն գաղափարից, որ քաղաքացու` 27 տարին լրանալը և (կամ) սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման հիմքեր ձեռք բերելը և վերջինիս կողմից օրենքով սահմանված չափի գումար վճարելը ենթադրում է իրադրության այնպիսի փոփոխություն, որի արդյունքում հանցավորի անձը դադարում է հանրության համար վտանգ ներկայացնելուց՝ անկախ այն բանից, որ տվյալ պահին գործող քրեական օրենքով այդ արարքը դեռևս համարվում է հանցավոր։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա.Զալինյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2017 թվականի ամառային զորակոչից խուսափելու համար՝ այդ ծառայությունից ազատվելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայությամբ7։ Ա.Զալինյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը կայացվել է 2018 թվականի հուլիսի 20-ին8, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին9: Ա.Զալինյանի առաջնեկը՝ Արարատ Արենի Զալինյանը ծնվել է 2016 թվականի նոյեմբերի 29-ին, իսկ երկրորդ երեխան՝ Արփի Արենի Զալինյանը՝ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին10:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Արփի Զալինյանի ծննդյան փաստով Ա.Զալինյանը առնվազն ձեռք է բերել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք՝ երկու երեխա ունենալու հիմքով, ինչը, սակայն, ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել Ա.Զալինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը որոշելիս:

17.1. Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելուց հետո Ա.Զալինյանի գործով ի հայտ է եկել նոր փաստական հանգամանք: Մասնավորապես, Ա.Զալինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և օրենքով սահմանված կարգով պահեստազորում հաշվառվելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 25-ին որոշում է կայացրել, որը հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատվել է 2019 թվականի փետրվարի 27-ին, իսկ որոշմամբ սահմանված գումարը ԱԶալինյանի կողմից վճարվել է 2019 թվականի փետրվարի 27-ին11։ Սույն որոշման 15-15.2-րդ կետերի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ եթե Ա.Զալինյանի գործով ստորադաս դատարանների կողմից դատական ակտ կայացնելու պահին առկա է եղել միայն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու հիմք, ապա 2019 թվականի փետրվարի 27-ին Ա.Զալինյանի կողմից վերը նշված գումարը վճարելուց հետո տեղի է ունեցել իրադրության այնպիսի փոփոխություն, որի արդյունքում Ա.Զալինյանի անձը կորցրել է իր հանրային վտանգավորությունը։

Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ ինչպես Առաջին ատյանի դատարանում, այնպես էլ Վերաքննիչ դատարանում գործը քննելիս առկա է եղել հանգամանք, որը թույլ է տվել Ա.Զալինյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը և կարճել քրեական գործի վարույթը12, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքում վկայակոչված՝ իրադրության փոփոխման հիմքում ընկած փաստական տվյալն13 ի հայտ է եկել դատական ակտերը կայացնելուց հետո:

18. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալ ԱԶալինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել՝ իրադրության փոփոխման հիմքով։

19. Վճռաբեկ դատարանը, նման պայմաններում, առարկայազուրկ է համարում Ա.Զալինյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտության վերաբերյալ ամբաստանյալ Ա.Զալինյանի և նրա պաշտպան Ռ.Հակոբյանի՝ սույն որոշման 8-րդ և 8.1-րդ կետերում վկայակոչված փաստարկներին անդրադառնալը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 37-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել։ Ամբաստանյալ Արեն Արարատի Զալինյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի դատավճիռը և ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 20-ի որոշումը բեկանել։

2. Ամբաստանյալ Արեն Արարատի Զալինյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել` իրադրության փոփոխման հիմքով:

3. Արեն Արարատի Զալինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

_________________

1 Տե΄ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 56:

2 Տե΄ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 104:

3 Տե΄ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 106:

4 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 90:

5 Տե΄ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 91:

6 Տե՛ս Արամայիս և Յուրի Ղալաչյանների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0009/11/11 որոշման 17-20-րդ կետերը։

7 Տե՛ս սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերը:

8 Տե΄ս սույն որոշման 2-րդ կետը:

9 Տե΄ս սույն որոշման 3-րդ կետը:

10 Տե΄ս սույն որոշման 6-րդ կետը:

11 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:

12 Տե΄ս սույն որոշման 10.1-րդ կետը:

13 Տե΄ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: