Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԷԴ/0040/01/12

Գործ թիվ ԵԷԴ/0040/01/12

Նախագահող դատավոր՝  Ս. Մարաբյան

Դատավորներ՝

Ս. Համբարձումյան

Տ. Սահակյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

2021 թվականի հունիսի 11-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Մելիք Ժիրայրի Մեսրոպյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 1. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2012 թվականի հունիսի 14-ի դատավճռով ամբաստանյալ Մելիք Մեսրոպյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների կիրառմամբ՝ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկում պատժից չկրած՝ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2012 թվականի հունիսի 14-ից։ Պատժի հետ մեկտեղ Մ.Մեսրոպյանի նկատմամբ նշանակվել է նաև բժշկական բնույթի հարկադիր բուժում «կանաբինոիդային թմրամոլության» դեմ։

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Մ.Մովսիսյանը և Ք.Անտոնյանը։

2. Դատապարտյալ Մ.Մեսրոպյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հունիսի 14-ի դատավճիռը բեկանել և փոփոխել: Մ.Մեսրոպյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ և 67-րդ հոդվածների կիրառմամբ՝ նշանակված պատժին գումարվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի դեկտեմբերի 1-ի դատավճռով նշանակված 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկում պատժից չկրած՝ 6 (վեց) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 7 (յոթ) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2012 թվականի հունիսի 14-ից:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Մելիք Մեսրոպյանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղավոր է ճանաչվել հետևյալ արարքի համար. «Նա ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման և պատիժը ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում կրելու ընթացքում՝ 2011թ. հոկտեմբերի 4-ին գործով չպարզված անձից ցանկացել է առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար ապօրինի ձեռք բերել խոշոր չափի՝ 15,62 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը ՔԿ հիմնարկ առաքելու և իրեն փոխանցելու խնդրանքով դիմել է հոր երկրորդ կնոջը՝ Մարինե Մովսիսյանին, որին վերջինս նախապես խոստացել է օժանդակել: Միաժամանակ Մ.Մեսրոպյանը խնդրել է իր ընկերուհի Քնարիկ Համլետի Անտոնյանին անծանոթից վերցնել թմրամիջոցով հանձնուքը ու փոխանցել Մ.Մովսիսյանին, որին Ք.Անտոնյանն ընդառաջել է:

Քնարիկ Անտոնյանը, ցանկանալով օժանդակել Մ.Մեսրոպյանին խոշոր չափի 15,62 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի ձեռք բերելու հարցում, նրա խնդրանքով 2011թ. հոկտեմբերի 04-ին ժամը 17:00-ի սահմաններում «Մալաթիա» բժշկական կենտրոնի մոտ հանդիպել է քննությամբ չպարզված անձնավորությանը, նրանից վերցրել թմրամիջոցով հանձնուքը և հաջորդ օրը՝ հոկտեմբերի 5-ին ժամը 12:00-ի սահմաններում, «Գումի» շուկայի մոտ այն փոխանցել Մարինե Մովսիսյանին՝ այդպիսով վերացրել թմրանյութը ՔԿ հիմնարկ ապօրինի առաքելու և Մ.Մեսրոպյանին հանձնելու խոչընդոտները: Մ.Մովսիսյանը հանձնուքի միջից հանել է հիշյալ թմրամիջոցի պարունակությամբ փաթեթը և պահել մոտը՝ հետագայում Մ.Մեսրոպյանին հանձնելու համար: 2011թ. հոկտեմբերի 07-ին Մ.Մովսիսյանը նշված թմրամիջոցով փաթեթը դիտավորյալ թաքցրել է իր կրծկալի մեջ և գնացել Մ.Մեսրոպյանին տեսակցության՝ այդպիսով վերացրել թմրանյութը ՔԿ հիմնարկ ապօրինի առաքելու և Մ.Մեսրոպյանին հանձնելու խոչընդոտները, սակայն նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում տեսակցության այցելած անձանց խուզարկության սենյակում «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից Մ.Մովսիսյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափի՝ 15,62 գրամ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, և Մ.Մեսրոպյանը հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»1:

5. Վերաքննիչ դատարանը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը և ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշումը, եզրահանգել է. «(...) [Կ]ատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատապարտյալ Մելիք Ժիրայրի Մեսրոպյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարված արարքի հանցավորությունը չի վերացվել, քանի որ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 15,62 գրամը շարունակում է հանդիսանալ խոշոր չափ: Միևնույն ժամանակ (...) նշված տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն շեմի փոփոխություն է տեղի ունեցել՝ մեղմացման առումով, որպիսի պարագայում 15,62 գրամ չափով «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոցը մոտ է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված նշված տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն շեմին (12,5 գրամ՝ նախկին 5,0 գրամի փոխարեն): Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն, որ նոր օրենքն այլ կերպ բարելավում է Մելիք Մեսրոպյանի վիճակը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բերված բողոքը պետք է բավարարել, [Առաջին ատյանի դատարանի 2012 թվականի հունիսի 14-ի] դատավճիռը բեկանել և փոփոխել (...)»2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ: Մասնավորապես, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանն առանց համապատասխան իրավական հիմքերի նոր հանգամանքով վերանայել և փոփոխել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ խախտելով դատական ակտերի կայունության սկզբունքը:

Ի հիմնավորումն իր վերոնշյալ փաստարկի՝ բողոքաբերը, մեջբերելով Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի՝ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավական դիրքորոշումները և դրանց լույսի ներքո գնահատելով սույն քրեական գործում առկա փաստական տվյալները, արձանագրել է, որ ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող (թիվ 1 հավելված) որոշմամբ չի ապաքրեականացվել Մելիք Մեսրոպյանի կատարած հանրորեն վտանգավոր արարքը, չի մեղմացվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով նախատեսված պատիժը կամ այլ կերպ չի բարելավվել վերջինիս վիճակը, հետևաբար առկա չի եղել նոր հանգամանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը վերանայելու և նշանակված պատիժը մեղմացնելու քրեադատավարական հիմքը։

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը և օրինական ուժի մեջ թողնել Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունիսի 14-ի դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի կայունության սկզբունքի, ինչպես նաև դրանց վերանայման սահմանների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի, անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մելիք Մեսրոպյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունիսի 14-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար:

10. «Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը» վերտառությամբ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

10.1. ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում մեկնաբանելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին` արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»3:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»4:

10.2. Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ նշել է, որ «Ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնը, որով մերժվում է իրավական ակտերի հետադարձ գործողության հնարավորությունը, հետապնդում է իրավաչափ նպատակներ՝ դրանով հնարավոր է լինում երաշխավորել մարդու իրավունքները, ապահովել իրավական որոշակիության, իրավական անվտանգության սկզբունքները, հասարակական հարաբերությունների կայունությունը և այլն:

Համանման իրավական դիրքորոշում Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև իր՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1000 որոշմամբ, մասնավորապես, ամրագրելով, որ «ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-6-րդ մասերի, ինչպես նաև 42-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Սահմանադրությամբ՝ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակարգումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը՝ բացառություն ընդհանուր կանոնից։ Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից»։

Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. (1) երբ սահմանադիրը բացառում է օրենսդրի կողմից որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը՝ սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ (արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ (Սահմանադրության 72-րդ հոդված), և (2) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու (այդ ակտն ընդունող) մարմնի հայեցողությանը (անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով (Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս դեպքերում ևս Սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1000 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ իրավական ակտի հետադարձությունը թույլատրվում է բացառիկ դեպքերում, և տվյալ ակտն ընդունող մարմնի՝ այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու որոշումը պետք է հիմնվի հասարակության և պետության համար նման որոշման հնարավոր իրավական հետևանքների բազմակողմանի վերլուծության և գնահատականի վրա»5։

11. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

11.1. Դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու պահից վերջնական դառնալու, և միայն բացառիկ դեպքերում դրա վերանայման հնարավորության, այսինքն՝ դատական ակտերի կայունության սկզբունքի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս ընդգծել է, որ Եվրոպական կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր նվաճումն է, որի հիմնարար կողմերից է իրավական որոշակիության սկզբունքը, ինչը պահանջում է, ի թիվս այլնի, որ եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի6։

Իրավական որոշակիությունը ենթադրում է հարգանք res judicata՝ դատական ակտերի կայունության սկզբունքի նկատմամբ։ Մասնավորապես, վերոնշյալ սկզբունքից բխում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել վերջնական և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայում՝ պարզապես գործը կրկին քննելու և նոր որոշում կայացնելու ակնկալիքով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պնդմամբ՝ վերանայումը չպետք է քողարկված բողոքարկման բնույթ կրի, իսկ գործի վերաբերյալ երկու տարբեր կարծիքի առկայության հնարավորությունը դեռևս չի կարող վերանայման հիմք լինել։ Իրավական որոշակիության սկզբունքից շեղումը կարող է արդարացվել միայն պարտադիր հանդիսացող էական և անհաղթահարելի հանգամանքների դեպքում7 կամ եթե լուրջ իրավաչափ նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ8։ Այսպես՝ իրավական որոշակիության սկզբունքի պահանջը բացարձակ չէ, և դրանից շեղվող ցանկացած որոշում պետք է գնահատվի Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո, որն ուղղակիորեն թույլատրում է պետությանը նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը9:

Այդ պատճառով էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարանն ընդգծում է քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորությունը` մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Այս առումով հարկ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասը ոչ միայն երաշխավորում է ավելի խիստ քրեական օրենքների հետադարձ ուժի արգելքը, այլ նաև անուղղակիորեն երաշխավորում է ավելի մեղմ քրեական օրենքի հետադարձ ո­ւժ ունենալու սկզբունքը։ Վերջինս բխում է այն կանոնից, որի համաձայն՝ հանցանքը կատարելու պահին գործող և հետագայում՝ նախքան վերջնական դատական ակտի կայացումն ընդունված քրեական օրենքների միջև տարբերությունների առկայության դեպքում դատարանները պարտավոր են կիրառել այն օրենքը, որի նորմերն ավելի բարենպաստ են ամբաստանյալի համար10։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

12.1. Վճռաբեկ դատարանը, Վաղարշակ Գալոյանի գործով որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի հետադարձության եղանակներին, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(…) [Ա]րարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի գործողության տարածումը մինչև դրա ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա կարող է իրականացվել երկու եղանակով՝ պարզ և վերստուգիչ (ռևիզիոն) կարգով:

Քրեական օրենքի պարզ հետադարձությունը ենթադրում է, որ տվյալ գործով դեռևս դատավճիռ կամ գործն ըստ էության լուծող այլ վերջնական ակտ չի կայացվել: Այս դեպքում իրավակիրառող մարմինները նոր քրեական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ղեկավարվում են դրանով և կատարված արարքին իրավական գնահատական են տալիս և պատժի նշանակման հարցը լուծում են նոր, ավելի մեղմ օրենքին համապատասխան:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ անձի վիճակը բարելավող քրեական օրենքը տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն: Այլ խոսքով՝ հնարավոր է իրավիճակ, երբ մեղադրական դատավճիռն արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ և գտնվում է կատարման փուլում կամ արդեն իսկ ի կատար է ածվել, սակայն անձի դատվածությունը դեռևս չի մարվել: Այս դեպքում քրեական օրենքի գործողության տարածումը մինչև դրա ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա կատարվում է վերստուգիչ (ռևիզիոն) եղանակով, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայվում են:

Անդրադառնալով քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմաններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր օրենքը համարվում է արարքի հանցավորությունը վերացնող, եթե դրանով արարքը դադարում է հանցագործություն համարվել (լրիվ ապաքրեականացում) կամ հանցակազմն այնպիսի փոփոխությունների է ենթարկվում, որ հանցավոր համարվող արարքների շրջանակը նեղանում է (մասնակի ապաքրեականացում): Ընդ որում, արարքի հանցավորությունը կարող է վերացվել նաև քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթների փոփոխության միջոցով, օրինակ` հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքը կարող է փոփոխվել, ինչի արդյունքում անձը կարող է դադարել քրեական պատասխանատվության սուբյեկտ լինելուց:

Նոր օրենքը համարվում է պատիժը մեղմացնող, եթե հոդվածի սանկցիայով նախատեսված ա) պատժի նվազագույն կամ առավելագույն չափերը իջեցվում են, բ) պատժատեսակը փոխարինվում է ավելի մեղմ պատժատեսակով, գ) պարտադիր լրացուցիչ պատժատեսակը վերացվում է կամ վեր է ածվում ֆակուլտատիվի, դ) նախատեսվում է երկընտրելի առավել մեղմ պատժատեսակ:

Հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը և չի մեղմացնում պատիժը, սակայն քրեական պատասխանատվության և պատժի նշանակման, քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելու հիմքերի և պայմանների հետ կապված՝ առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցանք կատարած անձի համար: Նման իրավիճակները կարող են բազմազան լինել և վերաբերել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին (…)»11:

13. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային բաղադրատարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության ոտնահարման և ուղղակիորեն ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա։ Res judicata սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության ու վերջնական լինելու, դրանց համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև դատարանների հեղինակությունը և վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Հետևաբար, իրավական որոշակիության սկզբունքից շեղումը կարող է արդարացված համարվել միայն օրենքով հստակ սահմանված, պարտադիր հանդիսացող էական և անհաղթահարելի հանգամանքների դեպքում։ Նշվածը նաև բխում է Սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-754 որոշման շրջանակներում ընդգծված` միջազգային իրավունքում հայտնի սկզբունքից՝ «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata), որն ամրագրված է ինչպես միջազգային դատական մարմինների հիմնադիր փաստաթղթերում, այնպես էլ մի շարք պետությունների՝ քրեական և քաղաքացիական արդարադատության վերաբերյալ օրենսդրության մեջ։ Այս սկզբունքը ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը՝ որպես իրավական որոշակիության արդյունք, ենթակա է հարգանքի12: Համանման իրավական դիրքորոշում է հայտնել նաև «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով)` նշելով, որ ներպետական դատարանների վերջնական դատավճիռները չեն կարող դրվել կասկածի տակ13։

14. Դատական ակտերի կայունության և իրավական որոշակիության սկզբունքների համատեքստում դիտարկելով սույն որոշման 10-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթները և արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ընդունված նոր օրենքը կարող է Սահմանադրական դատարանի` վերը վկայակոչված թիվ ՍԴՈ-1348 որոշման իմաստով դիտարկվել այդ դատական ակտը բացառիկ վերանայման ենթարկելու նոր հանգամանք, եթե օրենսդրական փոփոխության արդյունքում լրիվ կամ մասնակիորեն վերանում է արարքի հանցավորությունը, մեղմանում հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը կամ այլ կերպ բարելավվում վերջինիս վիճակը: Ընդ որում, ի տարբերություն օրենքի հետադարձության պարզ կարգի, օրենքի հետադարձության վերստուգիչ (ռևիզիոն) կարգի դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ նոր օրենքի ընդունման հիմքով վերանայելու հնարավորությունը միջազգային սկզբունքներին համապատասխան` սահմանափակված է դատական ակտերի կայունության և որոշակիության սկզբունքների պահպանման անհրաժեշտությամբ:

Այսպես՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր օրենքի ընդունման հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման համար անհրաժեշտ է, որ ընդունված նոր օրենքը ոչ միայն բարելավի հանցանք կատարած անձի վիճակը, այլև բացառի կայացված դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը: Այլ խոսքով՝ օրենքի հետադարձության կանոնը վերստուգիչ (ռևիզիոն) կարգով կիրառելի է այն պարագայում, երբ օրենսդրական փոփոխության արդյունքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հակասում է օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքներին, որպիսի պայմաններում դատարանի համար պարտադիր է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը և նոր օրենքի գործողության տարածումն այն անձանց նկատմամբ, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն: Մասնավորապես, որպես այդպիսին կարող են դիտարկվել օրենսդրական այնպիսի փոփոխությունները, որոնք, ի թիվս այլնի, վերացնում են արարքի հանցավորությունը, փոխում արարքի իրավաբանական որակումը, մեղմացնում անձի նկատմամբ նշանակված պատիժը կամ այն փոխարինում ավելի մեղմ պատժատեսակով կամ որևէ կերպ բարելավում են հանցանք կատարած անձի վիճակը:

14.1. Ընդ որում, կարևոր է ընդգծել, որ պատիժը մեղմացնող կամ անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կարող է դիտարկվել որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու նոր հանգամանք, եթե այն կոնկրետ իրավիճակում անվերապահորեն մեղմացնում է դատավճռով անձի նկատմամբ նշանակված պատիժը (օրինակ՝ եթե in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ նշանակված պատիժը գերազանցում է փոփոխված օրենքով նախատեսված պատժի առավելագույն չափը14) կամ այլ կերպ բարելավում է անձի վիճակը, որպիսի պայմաններում դատական ակտը չվերանայելը կհանգեցնի օրինականության սկզբունքի ոտնահարման։ Այլ կերպ՝ դրանք այն «էական և անհաղթահարելի» հանգամանքներն են, որոնց պարագայում միայն արդարացի կլինի իրավական որոշակիության սկզբունքից շեղումը։

Հակառակ պարագայում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձի նկատմամբ նշանակված պատիժը շարունակում է գտնվել նոր ընդունված օրենքով փոփոխված սանկցիայի սահմաններում, ուստի և պատժի մեղմացումը պայմանավորված է դատարանի հայեցողությամբ ու գնահատողական բնույթ է կրում (in concreto կարող է նշանակված պատիժը մեղմացնելու հիմք դիտարկվել, սակայն կարող է նաև որպես այդպիսին չդիտարկվել15), ապա այն չի կարող նոր հանգամանք համարվել և արդեն իսկ լուծված գործը նորոգելու հիմք հանդիսանալ։ Մասնավորապես, ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է փաստել, գործի վերաբերյալ երկու տարբեր կարծիքի առկայության հնարավորությունը դեռևս չի կարող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու հիմք լինել16։ Ուստի, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի դեպքում, ռետրոսպեկտիվ կարգով (անցյալում` դատական ակտի կայացման պահին)` անձի պատիժը մեղմացնող քրեական նոր օրենքի հնարավոր կիրառելիության ենթադրությունը չի կարող հիմք հանդիսանալ օրինական ուժի մեջ մտած այդ դատական ակտը վերանայելու համար։

14.2. Միևնույն ժամանակ, պետք է նկատի ունենալ, որ ի համեմատություն պատիժը մեղմացնող օրենքի, արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ռետրոսպեկտիվ կիրառելիությունը չունի հայեցողական և գնահատողական բնույթ, այդ հիմքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայումը ոչ թե հիմնված է անձի արարքում հանցանքի հատկանիշների բացակայության ենթադրության, այլ այդպիսի համոզվածության վրա։

14.3. Հարկ է նկատել, որ ելնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունության, վերջնական լինելու, անփոփոխելիության սկզբունքներից` պատիժը մեղմացնող քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու վերաբերյալ վերոնշյալ մոտեցումներն իրենց արտացոլումն են ստացել դեռևս 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման սահմանները նախատեսող` «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում։ Այսպես, նշված օրենքի 3-րդ հոդվածում սահմանվել է, որ «1961 թվականի մարտի 7-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին համապատասխան դատապարտված և պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատասխանեցնել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիստ է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատժի առավելագույն չափից»:

Ավելին, հարկ է նկատել, որ նշված մոտեցումները հստակեցվել և իրենց արտացոլումն են գտել նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ նոր քրեական օրենսգրքում, որի 12-րդ հոդվածը տարբերակում է քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառելիության սահմանները` մինչև եզրափակիչ դատավարական ակտի օրինական ուժի մեջ մտնելն ու դրա ուժի մեջ մտնելուց հետո։

Այսպես, եթե մինչև եզրափակիչ դատավարական ակտի օրինական ուժի մեջ մտնելն արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, ապա եզրափակիչ դատավարական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, իսկ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից17։

15. Վերոնշյալի հիման վրա պետք է փաստել, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման վերաբերյալ սույն որոշմամբ ներկայացված մոտեցումները չեն հակասում ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի այն մեկնաբանությանը18 (ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի հաշվառմամբ), որ ռետրոսպեկտիվ կարգով անձի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման սահմանները չեն նույնանում օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի վերանայման սահմանների հետ, ռևիզիոն կարգով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը պետք է համապատասխանի միջազգային-իրավական այնպիսի սկզբունքներին, ինչպիսիք են` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, վերջնական լինելը, անփոփոխելիությունը` վտանգի տակ չդնելով հարգանքը res judicata-ի արժեբանական նշանակության նկատմամբ։

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները բխում են նաև այն ողջամիտ սկզբունքից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումն ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։ Ուստի, եթե ցանկացած օրենսդրական փոփոխություն դիտարկվի որպես նոր հանգամանք և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու հիմք` անպայմանորեն կհանգեցնի դատական ակտերի կայունության, վերջնական լինելու և անփոփոխելիության հիմնարար գաղափարի արժեզրկմանը՝ վտանգելով նաև իրավական անվտանգության և իրավունքի գերակայության հիմքերը։

16. ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2.Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(…)

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով (…)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 5.0 գրամից մինչև 500.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ Կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանվել 12.5 գրամից մինչև 62.5 գրամը ներառյալ:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Մ.Մեսրոպյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հունիսի 14-ի դատավճռով դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` խոշոր չափի` 15.62 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու փորձի համար19,

- Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով բեկանելու և փոփոխելու արդյունքում Մ.Մեսրոպյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը մեղմացնելու տեսանկյունից որպես նոր հանգամանք է դիտարկել այն, որ վերջինս առանց իրացնելու նպատակի ապօրինի փորձել է ձեռք բերել 15.62 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչը, թեև ներկա պահին կրկին համարվում է խոշոր չափերով թմրամիջոց, սակայն, ի տարբերություն Առաջին ատյանի դատարանի կողմից դատավճիռ կայացնելու օրվա, ներկայումս իր քաշով առավել մոտ է ՀՀ Կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման` թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող թիվ 1 հավելվածի «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն շեմին (12.5 գրամ՝ նախկին 5.0 գրամի փոխարեն), որպիսի պայմաններում նոր օրենքը պետք է դիտարկել որպես անձի վիճակն այլ կերպ բարելավող20:

18. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-16-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները չեն բարելավել դատապարտյալ Մ.Մեսրոպյանի իրավական վիճակը: Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 15.62 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը շարունակում է համարվել խոշոր չափ: Հետևաբար, Մ.Մեսրոպյանի նկատմամբ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենսդրական փոփոխությունների արդյունքում չի հակասում օրինականության սկզբունքին:

Սույն գործով թմրամիջոցների չափերի փոփոխությունը Վերաքննիչ դատարանը դիտարկել է որպես անձի վիճակը բարելավող այն հիմնավորմամբ, որ Մ.Մեսրոպյանին մեղսագրվող թմրամիջոցի չափն օրենսդրական փոփոխությունների արդյունքում առավել մոտ է դարձել «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն շեմին: Մինչդեռ, ինչպես արդեն իսկ նշվել է սույն որոշման շրջանակներում, բոլոր այն դեպքերում, երբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձի նկատմամբ նշանակված պատիժը շարունակում է գտնվել նոր ընդունված օրենքով փոփոխված սանկցիայի սահմաններում, ուստի և պատժի մեղմացումը պայմանավորված է դատարանի հայեցողությամբ ու գնահատողական բնույթ է կրում (in concreto փաստական հանգամանքների գնահատմամբ կարող է նշանակված պատիժը մեղմացնելու հիմք դիտարկվել, սակայն կարող է նաև որպես այդպիսին չդիտարկվել), ապա այն որևէ կերպ չի կարող նոր հանգամանք համարվել և արդեն իսկ լուծված գործը նորոգելու հիմք հանդիսանալ։ Տվյալ դեպքում պատիժը մեղմացնելը դատարանի հայեցողության շրջանակներում է գտնվել, մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, գնահատելով անձին մեղսագրվող թմրամիջոցի չափը, այն դիտարկելով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի՝ փոփոխված նվազագույն շեմի համատեքստում, գտել է, որ նշանակված պատիժն անհրաժեշտ է մեղմացնել, ինչը, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, չի բխում դատական ակտերի կայունության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներից։

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ի տարբերություն հետադարձության պարզ կարգի, երբ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, և դատարանները հնարավորություն ունեն գործի հանգամանքների ամբողջական գնահատման արդյունքում անձի նկատմամբ նշանակել համապատասխան պատիժ՝ վերջինիս վիճակը բարելավող նոր օրենքի դրույթներին համապատասխան, ապա հետադարձության ռևիզիոն կարգի պայմաններում իրավիճակն այլ է. տվյալ դեպքում գործ ունենք արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հետ, ուստի օրենսդրական ցանկացած փոփոխություն չէ, որ կարող է հիմք լինել այն վերանայելու և բեկանելու համար, այլ միայն այնպիսիք, որոնք կոնկրետ դեպքում կա՛մ վերացնում են կատարված արարքի հանցավորությունը, կա՛մ փոխում արարքի իրավաբանական որակումը, կա՛մ անպայմանորեն մեղմացնում են հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը, կա՛մ անպայմանորեն այլ կերպ բարելավում են վերջինիս վիճակը։

19. Ուստի, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում բողոքաբերի պնդումներն այն մասին, որ ընդունված նոր օրենքով չի ապաքրեականացվել դատապարտյալ Մ.Մեսրոպյանի կատարած հանրորեն վտանգավոր արարքը, չի մեղմացվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի սանկցիայով սահմանված պատիժը կամ այլ կերպ չի բարելավվել վերջինիս վիճակը: Հետևաբար՝ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Մ.Մեսրոպյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և փոփոխելու համար:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Մելիք Մեսրոպյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հունիսի 14-ի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու համար:

20. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելով և փոփոխելով, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է օրինական ուժի մեջ թողնել Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հունիսի 14-ի դատավճիռը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Մելիք Ժիրայրի Մեսրոպյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ի որոշումը բեկանել՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2012 թվականի հունիսի 14-ի դատավճիռը՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 169-170, հատոր 3, թերթեր 81-84:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 24-28:

3 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

4 Տե՛ս նույն որոշման եզրափակիչ մասը:

5 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման 6.1.-րդ կետը։

6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Xհeraj v. Albania գործով 2008 թվականի հուլիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 37959/02, կետեր 51-52:

7 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Brumarescu v. Romania գործով 2001 թվականի հունվարի 23-ի վճիռը, գանգատ թիվ 28342/95 , կետեր 61-62, Ryabykh v. Russia գործով 2003 թվականի դեկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 52854/99, կետեր 51-52:

8 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Xհeraj v. Albania գործով 2008 թվականի հուլիսի 29-ի վճիռը, գանգատ թիվ 37959/02, կետեր 51-52:

9 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Radchikov v. Russia գործով 2007 թվականի մայիսի 24-ի վճիռը, գանգատ թիվ 65582/01, կետ 42:

10 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scoppola v. Italy (№2) գործով 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 10249/03, կետ 109։

11 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշման 18-րդ և 19-րդ կետերը:

12 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2008 թվականի մայիսի 27-ի թիվ ՍԴՈ-754 որոշումը:

13 Տե՛ս European Commission For Democracy Through Law (Venice Commission), Report on the Rule of Law, Strasbourg, 4 April 2011 Study No. 512 / 2009, կետ 46:

14 Օրինակ` Gouarre Patte c. Andorre գործով վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուի նկատմամբ մասնագիտական գործունեությամբ զբաղվելու ցմահ արգելքի նշանակման պարագայում ընդունված քրեական նոր օրենքը, որը սահմանել է մասնագիտական գործունեությամբ զբաղվելու արգելք ոչ ավելի քան հիմնական պատժի ժամկետը, պետք է դիտարկվի որպես անձի համար առավել բարենպաստ պատիժ սահմանող, տե՛ս Gouarre Patte c. Andorre գործով վճիռը, գանգատ թիվ 33427/10, կետ 31:

15 Օրինակ` քրեական նոր օրենքով ավելի մեղմ պատժատեսակի ավելացումն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ դատական ակտը վերանայելու համար, քանի որ դատական ակտ կայացնելիս այդպիսի պատժատեսակի առկայության դեպքում դրա նշանակման հնարավորությունը հիմնված է ենթադրության վրա, կրում է հայեցողական և գնահատողական բնույթ։

16 Տե՛ս սույն որոշման 11.1-րդ կետը։

17 Տե՛ս www.arlis.am կայքում։

18 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2019 թվականի հունվարի 25-ի թիվ ՍԴԱՈ-7 որոշումը, կետ 4.2։

19 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան