Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵՇԴ/0005/11/10

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ՝

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ`

դիմողի ներկայացուցիչ

Ա. Զեյնալյանի

դատախազ

Տ. Պողոսյանի

 

2020 թվականի հոկտեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Լաուրա Նիկոլայի Մեհրաբյանի ներկայացուցիչ ԱՂազարյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը`

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1 Ալբերտ Երվանդի Մկրտումյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ ԺՄովսիսյանը 2008 թվականի ապրիլի 22-ին որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Վերոգրյալ որոշման դեմ դիմող Լաուրա Նիկոլայի Մեհրաբյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, 2008 թվականի հունիսի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ վերացնելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ ԺՄովսիսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2008 թվականի ապրիլի 22-ի որոշումը։

Նշված դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ մերժվել է՝ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` 2008 թվականի հունիսի 19-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

11 2008 թվականի հուլիսի 23-ին Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազությունում հարուցվել է թիվ 11114808 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ ԺՄովսիսյանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Նախաքննության մարմնի նշված որոշման դեմ դիմող Լաուրա Մեհրաբյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, 2009 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ վերացնելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ ԺՄովսիսյանի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 23-ի որոշումը:

Վերոգրյալ դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2009 թվականի մայիսի 19-ի որոշմամբ մերժվել է, Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի` 2009 թվականի ապրիլի 3-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

12 Նախաքննության մարմնի՝ 2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

Նախաքննության մարմնի՝ 2009 թվականի հունիսի 19-ի որոշմամբ ԼՄեհրաբյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ։

13 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ ԺՄովսիսյանի՝ 2009 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Նախաքննության մարմնի նշված որոշման դեմ դիմող ԼՄեհրաբյանի բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազության դատախազ ՄՇահգալդյանի՝ 2009 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ մերժվել է:

Նախաքննության մարմնի նշված որոշման դեմ դիմող ԼՄեհրաբյանի բողոքի քննության արդյունքում, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, 2009 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ բողոքը բավարարել է՝ վերացնելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ ԺՄովսիսյանի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին 2009 թվականի հուլիսի 10-ի որոշումը:

Վերոգրյալ դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի հունվարի 15-ի որոշմամբ մերժվել է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 2009 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

2 Նախաքննության մարմնի՝ 2010 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ քրեական գործով վարույթը վերսկսվել է:

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ ՀԹեմուրյանի՝ 2010 թվականի մարտի 4-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Նախաքննության մարմնի նշված որոշման դեմ դիմող ԼՄեհրաբյանի բողոքը Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ ՏՊողոսյանի՝ 2010 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ մերժվել է:

3 Դիմող ԼՄեհրաբյանի բողոքի քննության արդյունքում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան), 2010 թվականի մայիսի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է:

4 Վերոգրյալ դատական ակտի դեմ դիմող ԼՄեհրաբյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)՝ 2010 թվականի հունիսի 18-ի որոշմամբ մերժվել է, Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի մայիսի 10-ի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

5 Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ԼՄեհրաբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ վերադարձվել է:

6 Դիմող ԼՄեհրաբյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), 2020 թվականի մարտի 19-ին, Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացրել է վճիռ` արձանագրելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում:

7 Դիմող ԼՄեհրաբյանի ներկայացուցիչ ԱՂազարյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի հիշյալ վճիռը, բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

8. Վճռաբեկ դատարանը 2020 թվականի հուլիսի 28-ին որոշում է կայացրել նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, 2008 թվականի հունիսի 19-ի որոշմամբ, քրեական գործի հարուցման փուլի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններում եզրահանգել է, որ ներկայացված հաղորդման կապակցությամբ քրեական գործի հարուցման հարցը լուծելիս էական նշանակություն ունի պարզել, ի թիվս այլնի, այն աշխատանքի ճշգրիտ ծավալը, որը պետք է կատարվեր ըստ աշխատանքային կարգագրության, այն սարքավորումները, որոնք ենթադրվում էր, որ պետք է անջատված լինեին, այն պատասխանատու անձը, որի մոտ գտնվել է ռեզերվային էլեկտրաապահովման խցի բանալին, ինչպես է ԱՄկրտումյանը կարողացել առանց բանալու բացել այդ դուռը, կարգագրում առկա ստորագրություններն արդյոք կատարվել են Ա.Մկրտումյանի կողմից, վերջինս իրավունք ունեցել է կատարելու կարգագրում նշված աշխատանքը, էլեկտրահարումից հետո Ա.Մկրտումյանի դին ինչ վիճակում կարող էր կամ պետք է գտնվեր, արդյոք Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի համապատասխան աշխատակիցների կողմից պահպանվել են էլեկտրակայանների շահագործման անվտանգության կանոնների պահանջները։ Բացի այդ, Էլեկտրաարհմիության տեսուչի եզրակացությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը1:

9.1. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, 2008 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ արձանագրել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը, 2008 թվականի հունիսի 19-ի որոշմամբ, իրավական գնահատականի արժանացնելով նյութերը նախապատրաստող մարմնի եզրահանգումները, իրավաչափորեն նշել է փաստական տվյալներ ձեռք բերելու անհրաժեշտության մասին այն հանգամանքների կապակցությամբ, որոնք ունեն էական նշանակություն` ներկայացված հաղորդմամբ քրեական գործ հարուցելու հարցը լուծելու համար2:

10. Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանը 2009 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ արձանագրել է, որ չեն կատարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ անփոփոխ թողնված քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի հունիսի 19-ի որոշման պահանջները3:

11. Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, 2009 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ նշել է, որ նախաքննության մարմինն անդրադարձ չի կատարել Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի հունիսի 19-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 10-ի որոշումներով արձանագրված պարզաբանման ենթակա որոշ հարցերին4:

12. Նախաքննության մարմնի՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին 2010 թվականի մարտի 4-ի որոշման համաձայն՝ «(․․․) քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Ալբերտ Մկրտումյանի մահը վրա է հասել նրա կողմից աշխատանքային կարգապահության խախտումով, կարգագրում չնախատեսված աշխատատեղի և ծավալների ընդլայնումը՝ լարման տակ գտնվող 6000 վոլտ պահուստային սնուցման բջիջում աշխատանքների ինքնակամ կատարումը, որն արտահայտվել է այդ պահուստային սնուցման բջիջ մուտք գործելուն և անթույլատրելի հեռավորության վրա 9Տ տրանսֆորմատորից սնվող լարման տակ գտնվող ներքևի հաղորդաձողերին մոտենալուն, որի հետևանքով էլեկտրահարվել է, հետևաբար հանցագործության դեպք տեղի չի ունեցել և քրեական գործով վարույթը ենթակա է կարճման»5։

13 Առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի մայիսի 10-ի որոշման համաձայն՝ «(․․․) [Առաջին ատյանի դատարանը] ուսումնասիրելով ներկայացված նյութերը, լսելով քննիչի բացատրությունը, դատախազի առարկությունը, եկավ համոզման, որ չկան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը քննիչի 04032010թ որոշումը վերացնելու համար, բողոքարկվող գործողությունները կատարվել են օրենքին համապատասխան, անձի իրավունքները կամ ազատությունները խախտված չեն, նյութական և դատավարական օրենքի խախտում չի կատարվել, դիմումում մատնանշված փաստերի շուրջ կատարվել է նախաքննություն, ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, հարուցված քրեական գործով պարզաբանվել են այն բոլոր հարցերը, որի արդյունքում էլ քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում է կայացվել, հետևաբար Լաուրա Մեհրաբյանի բողոքը ենթակա է մերժման»6։

14 Վերաքննիչ դատարանի՝ 2010 թվականի հունիսի 18-ի որոշման համաձայն՝ «(․․․) Վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում դատական ստուգման ենթարկելով [Առաջին ատյանի դատարանի] որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, լսելով դատախազի պատասխանը, քննիչի բացատրությունները՝ Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Լաուրա Մեհրաբյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, իսկ [Առաջին ատյանի դատարանի] դատական ակտը թողնել անփոփոխ (․․․)»7։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

15 Բողոքաբերի պնդմամբ` Եվրոպական դատարանի կողմից 2020 թվականի մարտի 19-ին Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճիռը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Ի հիմնավորումը վերոնշյալ փաստարկի` բողոք բերած անձը, մեջբերելով Եվրոպական դատարանի հիշյալ վճռի հիմնավորումները, նշել է, որ ներպետական դատարանների կողմից կայացված դատական ակտերով խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ տուժողի իրավահաջորդ ԼՄեհրաբյանի իրավունքը։ Մասնավորապես, բողոքաբերը փաստարկել է, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական դրույթների պահանջները։ Ըստ բողոքաբերի՝ ակնհայտ է այն փաստը, որ պետական իրավասու մարմինները չեն իրականացրել գործի պատշաճ և արդյունավետ քննություն՝ ԱՄկրտումյանի մահվանը հանգեցրած իրադարձությունների կապակցությամբ համոզիչ բացատրություններ ներկայացնելու առնչությամբ։

16 Վերոշարադրյալի հիման վրա, դիմող ԼՄեհրաբյանի ներկայացուցիչ ԱՂազարյանը խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշումը, վերանայման արդյունքում բեկանել Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշումը և Վերաքննիչ դատարանի` 2010 թվականի հունիսի 18-ի որոշումը ու գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում արձանագրելու փաստը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշումը վերանայելու համար:

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են`

(...)

2) նոր երևան եկած կամ նոր հանգամանքները»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

Նույն օրենսգրքի 4264-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(...)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(...):

2. Սույն հոդվածի առաջին մասի (...) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (...) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:

(...)»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը8:

19. Եվրոպական դատարանի` Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի՝ 2020 թվականի մարտի 19-ի ուժի մեջ մտած վճռով արձանագրվել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում։ Այսպես.

Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի վճռով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով իր իրավական դիրքորոշումները, ընդգծել է. «(…) [Եվրոպական կոնվենցիայի] 2-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությամբ պետությունը պարտավորվում է ոչ միայն զերծ մնալ կյանքից դիտավորյալ կամ անօրինական ձևով զրկելուց, այլ նաև դրա մեջ ներառում է պարտականություն՝ իր իրավասության շրջանակում անհրաժեշտության դեպքում ողջամիտ միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի անվտանգությունն ապահովելու և երաշխավորելու համար (…)։ [Եվրոպական կոնվենցիայի] 2-րդ հոդվածով սահմանված այդ դրական պարտավորությունն ընդգրկում է ոլորտների լայն շրջանակ (…)։ Լուրջ վնասվածքի կամ մահվան դեպքում [Եվրոպական կոնվենցիայի] 2-րդ հոդվածով սահմանված պարտականությունը պետք է դիտարկվի նաև որպես պարտականություն, որով պետությունից պահանջվում է ունենալ արդյունավետ անկախ դատական համակարգ՝ փաստերը պարզելու, մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու և տուժողին պատշաճ փոխհատուցում տրամադրելու հնարավորություն տվող իրավական միջոցներ ապահովելու համար: Այդպիսի համակարգը կարող է, իսկ որոշակի հանգամանքներում պետք է ներառի քրեաիրավական պաշտպանության միջոց: Այնուամենայնիվ, եթե դրսևորվել է անզգուշություն, ապա պարտավորությունը կարող է նաև կատարվել այն դեպքում, երբ իրավական համակարգը տուժողներին տալիս է քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցներից օգտվելու հնարավորություն՝ կա՛մ առանձին, կա՛մ քրեաիրավական պաշտպանության միջոցների համակցությամբ: Դատարանն ընդգծում է, որ այս պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միայն միջոցի պարտավորություն է (…)»9։

20. Վերոգրյալ սկզբունքները կիրառելով քննարկվող գործի փաստական հանգամանքների նկատմամբ` Եվրոպական դատարանը նշել է. «(…) դիմումատուի ամուսնու մահվան դեպքով քրեական գործի քննությունն իրոք սկսվել է անհապաղ: Այն փաստը, որ հետաքննության մարմինը հետաքննության ավարտից հետո մերժել է քրեական գործի հարուցումը, և որ եղել են որոշ ուշացումներ, ինչպես օրինակ՝ միակ ականատես Վ.Մ.-ին պատահարից միայն քսան օր հետո հարցաքննելը, չեն ազդում այս եզրահանգման վրա: Չնայած դրան՝ Դատարանը գտնում է, որ ներպետական մարմինների կողմից կատարված նախնական քննությունը բավարար չի եղել մի քանի պատճառներով:

Դատարանը նկատում է, որ դիմումատուի ամուսնու մահվան գործով նախնական քննությունը դադարեցվել է չորս անգամ, և որ նախնական քննությունը դադարեցնելու մասին որոշումը դատական վերանայումից հետո վերացվել է երեք անգամ, քանի որ հետաքննության և նախաքննության մարմինները ամբողջությամբ չէին պարզել պատահարի հանգամանքները (․․․)։ Դատարանն այնուհետև նկատում է, որ այն դատական որոշումների մեջ, որոնցով վերացվել են նախնական քննությունը դադարեցնելու մասին որոշումները, մանրամասն ներկայացվել են նախնական քննության հետ կապված անհամապատասխանությունները և թերությունները, որոնց դատարանների կարծիքով պետք է անդրադարձ կատարվեր, մինչդեռ նախաքննության մարմինները լիարժեք չեն կատարել այդ հանձնարարականները. այս փաստը մատնանշվել է հետագա դատական որոշումներով (․․․): Ավելին, ի տարբերություն նախնական քննությունը դադարեցնելու մասին որոշումների դեմ դիմումատուի կողմից ներկայացված բողոքները բավարարող նախորդ դատական որոշումների՝ այն որոշումներում, որոնցով անփոփոխ են թողնվել քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումները, անդրադարձ չի կատարվել ավելի վաղ կայացված որոշումներում մատնանշված թերություններին և այն հարցին, թե արդյոք դրանք փաստացի շտկվել են նախնական քննություն իրականացնող մարմինների կողմից, թե ոչ (․․․):

Դատարանը գտնում է, որ այն դատական որոշումների կրկնությամբ, որոնցով գործը հետ է ուղարկվել մեղադրողին այն պատճառով, որ մեկ վարույթի շրջանակում նախաքննության մարմինը թույլ է տվել մի քանի սխալներ, դիմումատուի գործով բացահայտվել է դատական համակարգի գործունեության լուրջ անկատարություն (․․․):

Ավելին, եղել են մի շարք թերություններ մասնավորապես վարույթի վաղ փուլում, որոնք բացասական ազդեցություն են ունեցել գործի փաստերը պարզելու ցանկացած հեռանկարի վրա: Մասնավորապես չի պահպանվել դեպքի վայրը, իսկ պատահարից հետո քննիչի կողմից չի նշանակվել որևէ փորձագիտական եզրակացություն: Դա կատարվել է միայն այն բանից հետո, երբ Վարչական շրջանի դատարանը վերացրել է քրեական գործի վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը և մեղադրողին կոնկրետ հանձնարարել է ձեռք բերել փորձագիտական եզրակացություն (․․․): Արդյունքում էլեկտրատեխնիկական փորձաքննությունը նշանակվել է դեպքից ավելի քան չորս ամիս անց: Այնուամենայնիվ, փորձագետը չի կարողացել իրականացնել դեպքի վայրի առաջնային զննություն, քանի որ 6 000 վոլտ հզորությամբ մեքենայական սրահի առաջին հատվածամասի ռեզերվային էլեկտրաապահովման խցի վիճակը պահպանված չի եղել (․․․): Բացի այդ, մի շարք հարցեր, օրինակ՝ մարմնի դիրքը, հանձնարարված աշխատանքի ծավալը և Երևանի ՋԷԿ-ում աշխատանքների անվտանգության համար պատասխանատու անձնակազմի կողմից անվտանգության համապատասխան կանոնակարգերի պահանջների պահպանումը, ռեզերվային էլեկտրաապահովման խցի դռան բացումը և գործը երրորդ անգամ հետ ուղարկելուց հետո փաստաթղթաբանական փորձագետի կողմից հաստատված՝ աշխատանքային կարգադրության մեջ կատարված փոփոխությունների պատճառները (․․․) նույնպես չեն պարզաբանվել նախաքննության ընթացքում (․․․):

Ի վերջո, Դատարանը չի կարող անտեսել այն դժվարությունները, որոնց դիմումատուն բախվել է տուժողի կարգավիճակ ձեռք բերելու և, հետևաբար, վարույթին ամբողջությամբ մասնակցելու իր փորձերի ժամանակ (․․․10:

21. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ «(…) դիմումատուի ամուսնու մահվան պատճառ դարձած պատահարի հանգամանքների քննությունը չի համապատասխանել [Եվրոպական կոնվենցիայի] 2-րդ հոդվածի պահանջներին: Հետևաբար այն եզրակացնում է, որ տեղի է ունեցել [Եվրոպական կոնվենցիայի] 2-րդ հոդվածի ընթացակարգային հայեցակետի խախտում»11:

22. Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է նաև հետևյալը. «(...) Դատարանը նշում է, որ հաշվի առնելով առկա նյութերը, չկա որևէ փաստ՝ նշելու, որ դիմումատուի ամուսնու մահը պատճառվել է դիտավորությամբ: Բացի այդ, դիմումատուն ինքն էլ չի պնդում, որ պետական մարմիններն են պատասխանատու այդ պատահարի համար: Նա սակայն բողոքում է, որ նրանք պատշաճ կերպով արդյունավետ քննության միջոցով չեն պարզել իր ամուսնու մահվան պատճառ դարձած պատահարի հանգամանքները, այդ թվում՝ նրան հանձնարարված տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների հավանական անտեսումը»12:

23. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտման արձանագրման փաստը հիմք է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշումը վերանայելու համար:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Եվրոպական դատարանի՝ Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտումը հիմք է ԼՄեհրաբյանի բողոքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի մայիսի 10-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2010 թվականի հունիսի 18-ի որոշումները բեկանելու համար:

25. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

25.1. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «[Եվրոպական կոնվենցիայի] 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝ 

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը, 

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»13։

26. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն՝ Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum» (նախնական իրավական վիճակի վերականգնում)` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:

Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես, վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես, երբ.

(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և

(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ

ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային,

բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

26.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն։

 Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը։ Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև։

Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է։ Այսպես, «ա» չափանիշին կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` անձի դատապարտումը ներպետական ատյանների կողմից խախտել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածն այն պատճառով, որ ներպետական մարմինների կողմից քրեորեն պատժելի դիտարկված հայտարարություններն իրավաչափորեն արվել են արտահայտվելու ազատության շրջանակներում, կամ Կոնվենցիայի 9-րդ հոդվածը, քանի որ քրեորեն պատժելի դիտարկված անձի վարքագիծը եղել է կրոնի ազատության իրավաչափ դրսևորում։ Ինչ վերաբերում է «բ» չափանիշին, ապա դրան կարող են համապատասխանել այն դեպքերը, երբ օրինակ` տուժող կողմը չի ունեցել ժամանակ և հնարավորություն կազմակերպելու իր պաշտպանությունը քրեական դատավարությունում, երբ դատապարտումը հիմնվել է խոշտանգման արդյունքում ստացված հայտարարությունների կամ այն նյութերի վրա, որոնք տուժող կողմը հնարավորություն չի ունեցել ստուգել։ Նման թերությունները պետք է լինեն այնպիսի ծանրության, որ լուրջ կասկած առաջացնեն ներպետական վարույթի արդյունքների վերաբերյալ14:

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4269-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:

28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող ԼՄեհրաբյանի բողոքի վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են վեջինիս ամուսնու՝ ԱՄկրտումյանի մահվան պատճառների և հանգամանքների կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը։

29. Մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 25-27-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման (դատավարական դրույթների մասով) բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել։ Նման պայմաններում դիմող ԼՄեհրաբյանի բողոքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կվերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, քանի որ առկա է ուղիղ պատճառահետևանքային կապը` հայտնաբերված խախտման և դիմող ԼՄեհրաբյանի կողմից կրվող շարունակական բացասական հետևանքների միջև։ Հետևաբար, նշված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և դիմող ԼՄեհրաբյանի բողոքը բավարարելով վարույթն իրականացնող մարմնին դիմողի իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելն է:

30. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2010 թվականի մայիսի 10-ի և Վերաքննիչ դատարանի` 2010 թվականի հունիսի 18-ի դատական ակտերը պետք է բեկանել ու փոփոխել, դիմող ԼՄեհրաբյանի բողոքը բավարարել և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2020 թվականի մարտի 19-ի վճիռվ արձանագրված՝ դիմողի ամուսնու՝ ԱՄկրտումյանի մահվան պատճառների և հանգամանքների կապակցությամբ իրականացված քննության ընթացքում թույլ տրված՝ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պահանջի խախտումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 398-րդ, 418-419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ, 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վճռաբեկ դատարանի` 2010 թվականի օգոստոսի 4-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում դիմող Լաուրա Նիկոլայի Մեհրաբյանի բողոքը մերժելու մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010 թվականի մայիսի 10-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2010 թվականի հունիսի 18-ի որոշումը բեկանել ու փոփոխել։

3 Դիմող Լաուրա Նիկոլայի Մեհրաբյանի բողոքը բավարարել՝ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնելու դիմողի իրավունքի խախտումը:

4 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 101-102:

2 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 108-115:

3 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 174-176:

4 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթ 216:

5 Տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 257-262:

6 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 28-30:

7 Տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 74-76:

8 Տե'ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

9 Տե'ս Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 79-81-րդ կետերը:

10 Տե'ս Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 86-89-րդ կետերը:

11 Տե'ս Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 90-րդ կետը:

12 Տե'ս Մեհրաբյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 83-րդ կետը:

13 Տե'ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

14 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:

 

Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: