ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0717/13/18 |
Գործ թիվ ԵԴ/0717/13/18 |
Նախագահող դատավոր՝ | Ս. Մարաբյան |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Լ. Թադևոսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
2020 թվականի դեկտեմբերի 18-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունվարի 21-ի դատավճռով Հրանտ Արամի Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ Հ.Վարդանյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 4 (չորս) տարի ժամկետով:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Արմեն Կարենի Սարգսյանը։
Մեղադրող Ի.Իշխանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2015 թվականի հունիսի 2-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի հունվարի 21-ի դատավճիռը:
2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի հունվարի 15-ի որոշմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կիրառմամբ՝ Հ.Վարդանյանն ազատվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունվարի 21-ի դատավճռով նշանակված ազատազրկման ձևով պատժից:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)՝ 2019 թվականի մարտի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է՝ վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ վարույթ է ընդունվել1: Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքի ներածական մասի համաձայն՝ այն հասցեագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վ.Ռշտունուն2։
6. Վերաքննիչ դատարանը, իր դատական ակտում վկայակոչելով մինչև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 13-ի՝ թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի կարգավորումները, Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժել է՝ հետևյալ հիմնավորմամբ. «(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ թիվ ԵԴ/0717/13/18 գործով ներկայացված բողոքը չի համապատասխանում Վերաքննիչ բողոքին ներկայացվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում սահմանված պահանջին, մասնավորապես, այն հասցեագրված է ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահին, ուստի՝ բողոքը չի կարող ընդունվել վարույթ և նշանակվել քննության, այլ պետք է դրա վարույթ ընդունելը մերժել»3:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, ինչի արդյունքում կայացվել է անհիմն և անօրինական դատական ակտ:
Մասնավորապես, մեջբերելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, բողոքաբերը եզրահանգել է, որ ներկայացված վերաքննիչ բողոքում դատարանին հասցեագրված լինելու ձևական պահանջը պահպանված չլինելու հիմքով բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով՝ Վերաքննիչ դատարանն անհամաչափորեն սահմանափակել է դատախազության՝ դատական ակտերի բողոքարկման իրավունքը։
8. Վերոշարադրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի մարտի 6-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելը՝ դատարանին հասցեագրված լինելու ձևական պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ, արդյո՞ք հանգեցրել է դատախազի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման անհնարինության։
10. ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Դատախազությունն օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ (...) բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`
(...) բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ»։
⚖10.1. Մեջբերված նորմերի բովանդակությունից հետևում է, որ դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է, ի թիվս այլնի, նաև դատարանի դատավճիռները և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ դատարանի այլ որոշումները բողոքարկելու լիազորությամբ։ Դատախազի այս լիազորությունը համահունչ է դատախազի կարգավիճակի վերաբերյալ միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշներին: Այսպես` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հոկտեմբերի 6-ի «Քրեական արդարադատության համակարգում դատախազության դերի վերաբերյալ» թիվ Rec(2000)19 հանձնարարականի 1-ին հոդվածի համաձայն` դատախազները պետական իշխանությամբ օժտված մարմինների ներկայացուցիչներ են, ովքեր հասարակության անունից և հանուն հանրային շահի ապահովում են օրենքի կիրառումը բոլոր այն դեպքերում, երբ օրենքի խախտումը հանգեցնում է քրեական սանկցիաների` հաշվի առնելով ինչպես անձի իրավունքները, այնպես էլ քրեական արդարադատության համակարգի պատշաճ արդյունավետությունը: Հանձնարարականի 2-րդ հոդվածի 3-րդ կետը նախատեսում է, որ քրեական արդարադատության բոլոր համակարգերում դատախազները կարող են բողոքարկել բոլոր կամ որոշ դատական որոշումներ: Նշված հանձնարարականի բացատրական նամակում տրված 2-րդ հոդվածի մեկնաբանության համաձայն` դատական որոշումները բողոքարկելու դատախազի իրավունքը սերտորեն փոխկապված է դատախազության ընդհանուր գործառույթի հետ, քանի որ այն օրենքի կիրառումն ապահովելու և միևնույն ժամանակ արդարադատության համակարգն ավելի արդյունավետ դարձնելուն օժանդակող միջոցներից մեկն է4։
10.2. Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների պահպանումը չպետք է այնպես մեկնաբանվի և այն աստիճան ձևականացվի (excessive formalism), որ դատախազի՝ դատական ակտերը բողոքարկելու սահմանադրորեն ամրագրված լիազորությունը ոչ իրավաչափորեն սահմանափակվի5: Այլ կերպ` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու (բողոքն առանց քննության թողնելու) մասին որոշումը պետք է հիմնված լինի վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջների՝ պահպանված չլինելու մասին փաստերի բովանդակային գնահատման վրա։
11. Մինչև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 13-ի՝ թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`
1) այն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը (...):
(…)
6. Վերաքննիչ դատարանը ստորադաս դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կարող է մերժել միայն այն դեպքում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին առաջադրվող պահանջները (…):
(…)»։
12. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ փաստել է. «(...) [Վ]երաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել:
(...)
Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ, վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին (...)»6։
13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 6-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է՝ մինչև «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի սեպտեմբերի 13-ի՝ թիվ ՀՕ-155-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ7։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 10-12-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե անգամ կոնկրետ դեպքում առկա է եղել վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող իր բնույթով ձևական պահանջի խախտում, ապա այն շտկելու ողջամիտ հնարավորության առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժելը հիմնավոր համարվել չի կարող։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքարկմանը ներկայացվող պահանջի պահպանվածությանը տրված նման մեկնաբանությամբ դատախազի բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելով, primа facie ոչ իրավաչափորեն սահմանափակել է դատախազի՝ սահմանադրորեն ամրագրված դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացումը։
15. Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելը՝ դատարանին հասցեագրված լինելու ձևական պահանջը պահպանված չլինելու պատճառաբանությամբ, հանգեցրել է դատախազի՝ Սահմանադրությամբ ամրագրված՝ դատական ակտերի բողոքարկման գործառույթի իրացման անհնարինության։
16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի մարտի 6-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության8, որի ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է կայացնի համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հրանտ Արամի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
__________________
1 Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառման ենթակա քրեադատավարական նորմերի՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:
2 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 2։
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթ 11։
4 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Հարությունյանի գործով 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՆԴ/0081/01/14 որոշումը։
5 Տե'ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը, Նաիրի Գևորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշման 14-րդ կետը:
6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշման 4.3-4.5-րդ կետերը:
7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
8 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:
Նախագահող` |
Լ. Թադևոսյան |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: