Գլխավոր տեղեկություն
Համար
N 719-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2021-13.11.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
06.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 719-Ա

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 955-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 8-ի N 65-Ա որոշման հավելվածի 4.8-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 90.3-րդ կետի, և Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայով և Փարիզյան համաձայնագրի դրույթներով ստանձնած պարտավորությունների՝

1. Ստեղծել Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

2. Հաստատել`

1) խորհրդի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին՝

1) 3-ամսյա ժամկետում հաստատել խորհրդի անհատական կազմը.

2) խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 3-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական մշտական աշխատանքային խմբեր, հաստատել դրանց կազմերը և աշխատակարգերը:

4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին՝ 1-ամսյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության՝ խորհրդի քարտուղարության գործառույթներն իրականացնող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում:

5. Խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարին տեղեկացնել խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 955-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 719-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար (շրջակա միջավայրի ոլորտը համակարգող) (խորհրդի նախագահ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար (խորհրդի նախագահի տեղակալ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի երկու տեղակալ (էներգետիկայի և տարածքային զարգացման ոլորտների համար պատասխանատուներ)

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Վիճակագրության պետական խորհրդի անդամ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող (համաձայնությամբ) Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 719-Ա որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ՓԱՐԻԶՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի ստեղծման նպատակն է ապահովել «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա) և Փարիզյան համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 610-Լ որոշմամբ հաստատված՝ Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունների համակարգումը, «ՄԱԿ-ի կայուն զարգացման օրակարգ 2030» 13րդ նպատակի (գործողություն հանուն կլիմայի) իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 90.3-րդ կետի կատարումը։

 

ԳԼՈՒԽ 2. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Խորհրդի խնդիրներն են՝

1) կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համակարգումը.

2) կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի ազգային համակարգողի հաշվետվությունների պարբերաբար քննարկումը.

3) կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և խորհրդատվություն տրամադրելը՝ ներառյալ կլիմայի փոփոխության ոլորտում նորարարական ֆինանսական գործիքների մշակման վերաբերյալ.

4) կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների և դրույթների կատարման գործընթացի և արդյունքների գնահատումը.

5) կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության ազգային մակարդակով սահմանված գործողություններից բխող կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ազգային գործընթացների համակարգումը և հսկողությունը.

6) կոնվենցիայից և Փարիզյան համաձայնագրից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման առնչությամբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ակադեմիական կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին, համապատասխան ոլորտներում ներգրավված իրավաբանական անձանց առաջարկություններ ներկայացնելը.

7) խորհրդի աշխատանքների տարեկան հաշվետվության հաստատումը.

8) մշտական և ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբերի գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը:

 

ԳԼՈՒԽ 3. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

3. Խորհուրդը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, խորհրդի անդամներից, մշտական աշխատանքային խմբերից և քարտուղարությունից:

4. Խորհրդի նախագահի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր աշխատանքային խմբեր` խորհրդի իրավասությունից բխող առանձին խնդիրների լուծման նպատակով:

5. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատարն է:

6. Խորհրդի նախագահը՝

1) համակարգում է խորհրդի աշխատանքները.

2) վերահսկողություն է իրականացնում խորհրդի որոշումների կատարման նկատմամբ.

3) հրավիրում է խորհրդի հերթական և արտահերթ նիստեր.

4) նախագահում է խորհրդի նիստերը.

5) հավանություն է տալիս խորհրդի նիստի օրակարգի նախագծին և ստորագրում խորհրդի նիստի արձանագրությունները.

6) հանձնարարականներ է տալիս խորհրդի անդամներին.

7) որոշում է կայացնում ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին.

8) որոշում է կայացնում խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով հրավիրվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչների կազմի մասին.

9) իրականացնում է սույն որոշմամբ սահմանված այլ լիազորություններ:

7. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի լիազորություններն իրականացնում է խորհրդի նախագահի տեղակալը:

8. Խորհրդի անդամը՝

1) խորհրդի նախագահի հանձնարարությամբ (առաջարկությամբ) հանդես է գալիս որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

2) խորհրդի նախագահի հանձնարարությամբ (առաջարկությամբ) կամ իր նախաձեռնությամբ ներկայացնում է կարծիք, առաջարկություն, հաշվետվություն կամ այլ անհրաժեշտ ոլորտային տեղեկատվություն իր կողմից ներկայացվող գերատեսչության աշխատանքների վերաբերյալ.

3) ելույթներ է ունենում քննարկվող հարցերի վերաբերյալ և հարցեր ուղղում զեկուցողներին.

4) առաջարկություն է ներկայացնում նիստի օրակարգի վերաբերյալ.

5) առաջարկություն է ներկայացնում խորհրդի նախագահին արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ.

6) առաջարկություն է ներկայացնում ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ.

7) առաջարկություն է ներկայացնում խորհրդի նիստերին դիտորդի կարգավիճակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացուցիչների հրավիրելու վերաբերյալ.

8) խորհրդում քննարկվող հարցերի վերաբերյալ իրազեկում է իր կողմից ներկայացված գերատեսչության (կազմակերպության) ղեկավարին:

9. Խորհրդի անդամը հաշվետու է խորհրդի նախագահին:

 

ԳԼՈՒԽ 4. ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

 

10. Խորհրդի աշխատանքի արդյունավետությունն ապահովելու, առանձին ոլորտային ու միջոլորտային հարցերի վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական աջակցություն (խորհրդատվություն, առաջարկություններ, եզրակացություններ, կարծիքներ, հաշվետվություններ) տրամադրելու նպատակով խորհրդին կից ստեղծվում են մշտական և ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնց կազմը, իրավասության ոլորտը և աշխատակարգը հաստատում է խորհրդի նախագահը:

11. Մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբերն են՝

1) կոնվենցիայի ներքո երկրի հաշվետվայնության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը.

2) կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը.

3) ֆինանսավորման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբը:

12. Ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծվում է մշտական միջգերատեսչական աշխատանքային խմբերի իրավասության ոլորտում չընդգրկված առանձին հարցերի վերաբերյալ խորհրդին մասնագիտական և փորձագիտական աջակցություն (խորհրդատվություն, առաջարկություններ, եզրակացություններ, կարծիքներ, հաշվետվություններ) տրամադրելու նպատակով: Ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խումբը լուծարվում է իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո:

13. Մշտական և ժամանակավոր միջգերատեսչական աշխատանքային խմբերը հաշվետու են խորհրդի նախագահին և խորհրդին:

 

ԳԼՈՒԽ 5. ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

14. Քարտուղարությունը՝

1) իրականացնում է խորհրդի գործավարությունը և խորհրդի աշխատանքների ամենօրյա ընթացիկ սպասարկումը.

2) իրականացնում է խորհրդի նիստերի հրավիրման հետ կապված կազմակերպչական աշխատանքները.

3) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգի նախագիծը.

4) վարում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

5) ապահովում է սույն որոշմամբ սահմանված կարգով խորհրդի աշխատանքների հրապարակայնությունը՝ արձանագրությունները և հաշվետվությունները հրապարակելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում և տրամադրելով շրջակա միջավայրի ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով.

6) կազմակերպում և իրականացնում է նամակագրության և այլ փաստաթղթաշրջանառության փոխանակությունը խորհրդի նախագահի, խորհրդի անդամների, միջգերատեսչական աշխատանքային խմբերի, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև.

7) պատրաստում է խորհրդի աշխատանքների ամենամյա հաշվետվությունը:

15. Քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարի կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը:

 

ԳԼՈՒԽ 6. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար եղանակով՝ կապի ժամանակակից միջոցների կիրառմամբ: Անհրաժեշտության դեպքում, խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կարող է գումարվել արտահերթ նիստ:

17. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում գումարվում է նոր նիստ:

18. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

19. Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

20. Խորհրդի անդամների առաջարկությամբ և խորհրդի նախագահի որոշմամբ խորհրդի նիստերին կարող են հրավիրվել պետական այլ մարմինների ներկայացուցիչներ, խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետներ, միջգերատեսչական աշխատանքային խմբերի փորձագետներ, գիտական, կրթական, միջազգային, հասարակական և առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

 

ԳԼՈՒԽ 7. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի կողմից հաստատված օրակարգով: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

22. Խորհրդի նիստի օրակարգում նշվում են՝

1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) խորհրդի նիստի անցկացման եղանակը՝ առկա կամ հեռավար.

3) քննարկման ենթակա հարցերը.

4) քննարկվող յուրաքանչյուր հարցը, զեկուցողի անունը, ազգանունը:

23. Խորհրդի նիստի օրակարգում հարցեր ներառելու առաջարկություններ կարող են ներկայացնել խորհրդի անդամները, միջգերատեսչական աշխատանքային խմբերի ղեկավարները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները:

24. Քարտուղարությունը նիստից առնվազն 5 աշխատանքային օր առաջ խորհրդի անդամներին և հրավիրված այլ անձանց ուղարկում (տրամադրում) է նիստի օրակարգի նախագիծը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր ու այլ տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 8. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Նիստի արձանագրության մեջ նշվում են՝

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը և նիստի անցկացման եղանակը՝ առկա կամ հեռավար.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց, միջգերատեսչական աշխատանքային խմբերի և կազմակերպությունների ներկայացուցիչների անունը, ազգանունը.

4) քննարկվող հարցերի զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) քվեարկության արդյունքները և խորհրդի անդամի հատուկ կարծիքը (առկայության դեպքում), որը կցվում է արձանագրությանը.

6) ընդունված որոշումները, դրանց տարածման և հրապարակման եղանակները:

26. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում՝ իրավական ակտերի և այլ փաստաթղթերի նախագծեր (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաղորդագրություններ, հաշվետվություններ և այլն), զեկույցների և ելույթների գրավոր տեքստեր, առաջարկություններ, կարծիքներ:

27. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրում է խորհրդի նախագահը՝ նիստին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

28. Խորհրդի նիստերի արձանագրություններն պահվում են քարտուղարությունում:

 

ԳԼՈՒԽ 9. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ

 

29. Քարտուղարությունը խորհրդի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում (տրամադրում) է խորհրդի բոլոր անդամներին:

30. Խորհրդի կողմից ընդունված որոշումները և խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ամփոփ արդյունքները նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքերում:

31. Խորհրդի աշխատանքների տարեկան հաշվետվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքերում՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

07.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ