Գլխավոր տեղեկություն
Համար
N 1410-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (23.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.04.20/23(395) Հոդ.1310
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 նոյեմբերի 2007 թվականի N 1410-Ն

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ցուցանիշների պետական հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1297-Ն որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված մատյանների և քարտի ձևերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. դեկտեմբերի 8
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումը:

2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալների հավաքագրման, վթարայնության վիճակի գնահատման, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների ու առաջացմանը նպաստող պայմանների հայտնաբերման, ուսումնասիրման, վերլուծության և վերացման, ինչպես նաև հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

3. Պետական հաշվառման ենթակա են բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները։

4. Միայն գույքային վնասով ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառումն իրականացվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների, նրանց տրանսպորտային միջոցների և պատահարի հանգամանքների վերաբերյալ տվյալներ հավաքագրելու և դրանց հիման վրա ճանապարհատրանսպորտային պատահարի մասին արձանագրություն կազմելու միջոցով։

5. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական վիճակագրական հաշվետվությունում ներառվում են միայն այն ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները, որոնց հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ (պետական վիճակագրական հաշվառման ենթակա ճանապարհատրանսպորտային պատահար)։

6. Պետական վիճակագրական հաշվետվությունում չեն ներառվում այն ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները, որոնք առաջացել են՝

1) ավտոմոբիլային կամ մոտոցիկլետային սպորտային (մրցումներ, պարապմունքներ, դասընթացներ և այլն) միջոցառումների անցկացման ժամանակ, երբ տուժել են հանդիսատեսը, մասնակիցները կամ սպորտային միջոցառումն սպասարկող անձնակազմը.

2) տրանսպորտային միջոցներով մարդկանց կամ բեռների փոխադրման հետ չկապված տեխնոլոգիական արտադրական գործողություններ կատարելիս (ճանապարհաշինարարական աշխատանքներ, խրամատների փորում, գյուղատնտեսական աշխատանքներ, անտառահատում, բեռնման-բեռնաթափման աշխատանքներ, կայմերի, հենասյուների տեղադրում և այլն).

3) բնական աղետների հետևանքով.

4) տրանսպորտային միջոցների անվտանգության տեխնիկայի և շահագործման կանոնների խախտման հետևանքով (շարժիչի գործարկումը փոխանցման տուփի միացված դիրքում, տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, սարքավորումների կցման-անջատման դեպքում և այլն).

5) ինքնասպանության փորձի կամ անմեղսունակության վիճակում կատարված գործողությունների հետ կապված.

6) քաղաքացիների կյանքի կամ առողջության դեմ դիտավորյալ ոտնձգությունների կամ գույքային վնաս պատճառելուն ուղղված գործողությունների արդյունքում:

7. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները տնօրինում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունը (այսուհետ՝ պարեկային ծառայություն) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն):

(7-րդ կետը խմբ. 03.06.21 N 903-Ն)

8. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման կամ պարեկային ծառայության ծառայողը պատահարի վայր ներկայանալուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո անմիջապես զեկուցում է համապատասխանաբար ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կամ կենտրոն և ներկայացնում հաղորդում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`

1) պատահարի օրը, ամիսը, տարեթիվը, ժամը և վայրը.

2) պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների մակնիշները, հաշվառման համարանիշերը, պատկանելությունը.

3) վարորդների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը՝ առկայության դեպքում.

4) պատահարի հետևանքով տուժածների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը՝ առկայության դեպքում.

5) պատահարի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի կազմը.

6) պատահարը բնութագրող այլ հանգամանքներ` ճանապարհի վիճակ, եղանակային պայմաններ և այլն:

(8-րդ կետը խմբ. 03.06.21 N 903-Ն)

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված հաղորդման հիման վրա ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կամ կենտրոնի ծառայողն իրականացնում է պետական վիճակագրական հաշվառման ենթակա ճանապարհատրանսպորտային պատահարի նախնական հաշվառում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային ռեգիստր մուտքագրելով պատահարը տեղի ունենալու օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, վայրը, տրանսպորտային միջոցների մակնիշները, հաշվառման համարանիշերը, պատկանելությունը և պատահարի հետևանքով զոհված կամ վիրավորված անձանց թիվը:

(9-րդ կետը լրաց. 03.06.21 N 903-Ն)

10. Պետական վիճակագրական հաշվառման ենթակա ճանապարհատրանսպորտային պատահարը համարվում է հաշվառված, եթե դրա վերաբերյալ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում լրացվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման էլեկտրոնային քարտ:

11. Պետական վիճակագրական հաշվառման ենթակա յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահարի համար լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման էլեկտրոնային քարտ:

12. Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանման կամ պարեկային ծառայության ծառայողը ոչ ուշ, քան ճանապարհատրանսպորտային պատահարի մասին հաղորդում ստանալու (տեղեկանալու) պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում լրացնում է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման էլեկտրոնային քարտ: Քարտերի համարակալումը կատարվում է յուրաքանչյուր տարվա ընթացքում տվյալ տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների հաջորդականության կարգով:

(12-րդ կետը լրաց. 03.06.21 N 903-Ն, փոփ. 22.07.21 N 1180-Ն)

13. Ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված նոր հանգամանք կամ տվյալ ի հայտ գալու դեպքում քարտը լրացրած ծառայողը ոչ ուշ, քան ճանապարհատրանսպորտային պատահարի հետ կապված նոր հանգամանքի կամ տվյալի մասին տեղեկանալու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում խմբագրում է ճանապարհատրանսպորտային պատահարի հաշվառման էլեկտրոնային քարտը:

14. Պետական վիճակագրության մեջ որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձինք, ովքեր մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում:

15. Այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հաշվետու տարվա ընթացքում, իսկ այդ պատահարից տուժած անձի մահն արձանագրվել է հաջորդ տարվա հունվարի 15-ից (ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման վիճակագրական (քանակական) տարեկան տվյալների ամփոփման` սույն կարգի 20-րդ կետով սահմանված վերջնաժամկետից) հետո, անգամ 30-օրյա ժամկետի պահպանման դեպքում մահացած անձը որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված չի հաշվառվում:

16. Ճանապարհային ոստիկանության տարածքային ստորաբաժանման և կենտրոնի՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառում իրականացնող ծառայողն առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ (Երևան քաղաքում` յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ) կատարում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց տվյալների համեմատություն բժշկական կազմակերպություններում գրանցված տվյալների հետ, արդյունքների մասին կազմում տեղեկանք և զեկուցում ստորաբաժանման ղեկավարին:

(16-րդ կետը լրաց. 03.06.21 N 903-Ն)

17. Եթե համեմատություն կատարելու ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, որոնք տեղի են ունեցել տվյալ ստորաբաժանման կողմից սպասարկվող տարածքից դուրս, ապա դրա մասին մեկ օրվա ընթացքում տեղեկացվում է համապատասխան տարածքի ստորաբաժանմանը:

18. Համեմատություններ կատարելու ընթացքում հայտնաբերված հաշվառումից դուրս մնացած ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

19. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման վիճակագրական (քանակական) տվյալներն ամսական, եռամսյակային, կիսամյակային և տարեկան կտրվածքով ամփոփում և Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե վիճակագրական հաշվետվություն է ներկայացնում ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունը:

20. Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման վիճակագրական (քանակական) տարեկան տվյալների ամփոփման վերջնաժամկետը հաջորդող տարվա հունվարի տասնհինգն է: Այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հաշվետու տարվա ընթացքում, սակայն դրա մասին հայտնի է դարձել (արձանագրվել է) հաջորդ տարվա հունվարի 15-ից (ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման վիճակագրական (քանակական) տարեկան տվյալների ամփոփման` սույն կետով սահմանված վերջնաժամկետից) հետո, այդ ճանապարհատրանսպորտային պատահարը վիճակագրական (քանակական) տարեկան տվյալներում չի ներառվում:

21. Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային քարտերը և ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում առկա տեղեկությունը պահպանվում են մշտական, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման տվյալների հիման վրա ճանապարհային ոստիկանության և կենտրոնի վարչական մասում թղթային կրիչի վրա կազմված տարեկան ամփոփ փաստաթղթերը՝ 10 տարի ժամկետով:

(21-րդ կետը լրաց. 03.06.21 N 903-Ն)

22. Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման վիճակագրական (քանակական) տվյալները բաց են և տարեկան տվյալների ամփոփումից հետո տասնօրյա ժամկետում առկա ձևաչափով (ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական (քանակական) տվյալների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության ձևով) տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում, ինչպես նաև կարող են տրամադրվել իրավաբանական ու ֆիզիկական անձանց:

(հավելվածը լրաց. 04.07.12 N 884-Ն, խմբ. 02.07.20 N 1095-Ն, խմբ., լրաց. 03.06.21 N 903-Ն, փոփ. 22.07.21 N 1180-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.07.2021, N 1180-Ն 23.07.2021, N 1410-Ն
03.06.2021, N 903-Ն 01.07.2021, N 1410-Ն
02.07.2020, N 1095-Ն 01.09.2020, N 1410-Ն
04.07.2012, N 884-Ն 04.08.2012, N 1410-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան