Գլխավոր տեղեկություն
Համար
N 801-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.31-2021.06.13 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2021 թվականի N 801-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգի գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

   

20.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 801-Լ որոշման

 

Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

2. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

3. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

4. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԽՄԲԵՐԸ

6. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

7. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

8. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

9. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

10. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

1. ՄՇԱԿՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը (այսուհետ՝ հայեցակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից։

 

2. ԱՄՓՈՓ ՀԱՄԱՌՈՏԱԳԻՐ

 

2. Սույն հայեցակարգով Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է միգրացիայի կառավարման ոլորտում իր հանձնառությունները, ինչպես նաև ուղենշում է այն ոլորտները, որոնց շուրջ պատասխանատու ոլորտային դերակատարների հետ սահմանում է համագործակցություն։

3. Հայեցակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում միգրացիայի կառավարման սկզբունքները, արժեքները, թիրախային խմբերը և նպատակները։

4. Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնորդվում է համակառավարման, համագործակցության և փաստահենության սկզբունքներով: Ազգային անվտանգությունն ու հանրային համերաշխությունը, միգրանտների բոլոր խմբերի իրավունքներն ու արժանապատվությունը, մշակութային բազմազանությունն ու տեղական մշակույթների հարստացումը, ինչպես նաև շարժունակությունն ու միջազգային մասնակցությունը (երկու և ավելի երկրներում տնտեսական, մշակութային, հանրային կամ քաղաքական ներգրավվածությունը) հռչակվում են որպես միգրացիայի կառավարման արժեքներ: Կառավարության վարած միգրացիոն քաղաքականության հիմնական նպատակը անձանց ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովումն է՝ հավասարակշռելով այն երկրի ազգային անվտանգության ապահովման հետ:

5. Հիմնվելով միգրացիոն ոլորտի ներկա իրավիճակի և առկա հիմնախնդրների գնահատման, ինչպես նաև միգրացիոն նոր հոսքերի վերաբերյալ կանխատեսումների վրա՝ սույն հայեցակարգում ձևակերպված են միգրացիայի կառավարման 9 նպատակներ.

1) միգրացիայի կառավարման և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման և հայրենադարձության քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում.

2) անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում.

3) սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության բարձրացում.

4) միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության բարելավում, միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործում.

5) Հայաստանում օտարերկրացիների ինտեգրման և վերադարձողների վերաինտեգրման կազմակերպման բարեփոխում, ինչպես նաև Հայաստանում օտարերկրացիների ընդունման միջավայրի բարելավում.

6) Հայաստանի կայուն մարդկային զարգացման վրա միգրացիայի ազդեցության մեծացում.

7) միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածության մեծացում.

8) միգրացիայի կառավարման ոլորտում միջազգային և ներպետական համագործակցության ընդլայնում.

9) միգրացիայի կառավարման համակարգվածության, միասնականության և արդյունավետության բարձրացում:

6. Միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվող բարեփոխումները սահմանների կառավարման, փաստաթղթային անվտանգության, վերադարձի ու վերաինտեգրման, մարդկանց թրաֆիքինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում կնպաստեն Եվրոպական միության հետ կապերի ամրապնդմանը և ճանապարհ կհարթեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների համար։ Նախատեսվող բարեփոխումները նաև թույլ կտան ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում՝ դյուրացնելով աշխատուժի շարժունակությունը և նպաստելով տնտեսական զարգացմանը։

7. Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հռչակված՝ Հայաստանի զարգացման հեռանկարը և ՀՀ ստանձնած միջազգային հանձնառությունները։

 

3. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

8. Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում տարեց տարի ակտիվանում են միգրացիոն հոսքերը՝ լինեն դրանք ներգաղթի թե արտագաղթի, կամավոր թե հարկադիր, օտարերկրացիների թե հայրենակիցների: 1990-ականների սկզբին Հայաստանը տարբեր գնահատականներով ունեցավ շուրջ 1.00.00 բնակչի արտահոսք մի կողմից և շուրջ 360,000 Ադրբեջանից Հայաստան բռնագաղթածների ներհոսք՝ մյուս կողմից: 1990-ականներից մինչ 2018 թ. (բացառությամբ մի կարճ շրջանի) ՀՀ քաղաքացիների արտահոսքը պահպանվել է: 2020 թվականին, ինչպես և նախորդ երկու տարիներին, արձանագրվել է սահմանահատումների՝ ելքերի և մուտքերի դրական մնացորդ՝ շուրջ 12 հազարի չափով։ Ընդ որում՝ եթե նախորդ տարիներին ՀՀ քաղաքացիների դեպքում վերոնշյալ ցուցանիշը բացասական էր, իսկ օտարերկրացիներինը դրական, ապա 2020 թվականին պատկերը տրամագծորեն փոխվել էր՝ ՀՀ քաղաքացիների դեպքում մնացորդը + 42,786 էր, իսկ օտարերկրացիների դեպքում -30.693, ինչը բացատրվում է COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներով։ 2017-2018 թթ. Հայաստանի տնային տնտեսությունների 8.9%-ն ունեցել է արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում ներգրավված անդամներ, որոնք կազմել են տնային տնտեսության անդամների 10.9%-ը: Հայաստանից սկիզբ առնող միգրացիոն հոսքերում տասնամյակներ շարունակ գերակայել է սեզոնային աշխատանքային միգրացիան: Յուրաքանչյուր տարի Հայաստանում աճում է նաև օտարերկրացիների թիվը: 2019 թվականին կացության տարբեր կարգավիճակներ են ստացել 7986 օտարերկրացիներ, ինչը շուրջ 40%-ով ավելին է, քան 2015 թվականի նույն տվյալը: 2003 թվականից ի վեր Հայաստանն ընդունում է նաև օտար երկրներից հարկադիր տեղափոխված հայրենակիցների: Այսպես՝ 2003 թվականին Իրաքի Հանրապետությունում վարվող պատերազմական գործողությունների պատճառով Հայաստան է տեղափոխվել և փախստականի կարգավիճակ է ստացած շուրջ 1000 անձ՝ մեծամասամբ հայկական ծագմամբ: 2012 թվականին Սիրիայի Արաբական Հանրապետությունում սկիզբ առած զինված բախումների հետևանքով Հայաստան է տեղափոխվել շուրջ 20,000 հարկադիր միգրանտ՝ հայկական ծագմամբ: 2014 թվականին Ուկրաինայի հարավում զինված բախումների պատճառով Հայաստանում ապաստան է հայցել շուրջ 200 անձ՝ մեծամասամբ հայկական ծագմամբ: 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում ավելի քան 100.000 հարկադիր տեղահանված մեր հայրենակիցներ ժամանակավորապես տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն։ 2000 թվականից ի վեր դեպի Հայաստան միգրացիոն հոսքերում մեծանում է նաև Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիների վերադարձի միտումը: 2012-2019 թթ. ընթացքում ԵՄ երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից ստացվել են 3380 հետընդունման (ռեադմիսիոն) հայցեր՝ 6581 անձանց մասին, որոնցից 5361 անձանց քաղաքացիությունը հաստատվել է։ Միգրացիոն այս ծավալուն և բազմատեսակ հոսքերի առկայության պայմաններում միգրացիայի կառավարման քաղաքականության ընդունումն անհրաժեշտություն է:

9. 2000 թվականին առաջին անգամ ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության միգրացիայի կառավարման հայեցակարգը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմք դրեց Հայաստանում միգրացիայի ոլորտի հիմնարար փաստաթղթերի (հայեցակարգերի, ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի) միջոցով կառավարմանը: 2000 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է չորս հայեցակարգ և ռազմավարություն ու երկու գործողությունների ծրագիր, որոնք սահմանել են միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ելնելով այդ ժամանակաշրջանի միգրացիոն գործընթացների բնույթից և առկա հիմնախնդիրներից:

10. 1990-ականներից ի վեր Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղություններն են եղել Հայաստանի Հանրապետությունում փախստականների ընդունումն ու պաշտպանությունը, Հայաստանից էմիգրացիայի կանոնակարգումը, սեզոնային աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանությունն այլ պետություններում, օտարերկրյա պետություններ մեկնած՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունումը Հայաստանում և վերադարձողների վերաինտեգրումը:

11. Վերջին տարիներին Հայաստանում մեծանում է օտարերկրացիների ներհոսքը՝ առաջ քաշելով միգրացիոն քաղաքականության նոր ուղղությունների ձևավորման անհրաժեշտություն. մասնավորապես՝ ներհոսքի կառավարում, օտարերկրացիների ինտեգրում, օտարերկրացիների կացության և աշխատանքային գործունեության կանոնակարգման կատարելագործում: 2019 թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հռչակեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական ռիսկերի կրճատման գերակա նպատակը՝ միգրացիոն քաղաքականության օրակարգ բերելով նաև միգրացիայի ժողովրդագրական ազդեցությունների կառավարումը: Իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թթ. ծրագիրը շեշտադրում է նաև միգրացիայի կառավարումն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացմանն ուղղելու կարևորությունը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմը և նոր տեսակի կորոնավիրուսը (COVID-19) առաջացրին հարկադիր տեղահանվածների նոր խմբեր և միջազգային տեղաշարժի սահմանափակումներ, որոնք միգրացիոն քաղաքականության նոր մարտահրավերներ են:

12. Հայաստանում միգրացիայի պետական կառավարման նոր օրակարգերի ձևավորման վրա ազդում են ոչ միայն միգրացիոն գործընթացներում տեղի ունեցող զարգացումները, այլ նաև միջազգային համագործակցությունը և միջազգային հարթակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Մասնավորապես՝ սույն հայեցակարգը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի, Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակների, Միավորված ազգերի կազմակերպության միգրացիայի հարցերով գլոբալ դաշնագրի և փախստականների հարցերով գլոբալ դաշնագրի, 1951 թ. փախստականների մասին ժնևյան կոնվենցիայի և 1967 թ․ փախստականների կարգավիճակի մասին արձանագրության շրջանակներում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը: 2015 թ. ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի ընթացքում Հայաստանի Հանրապետությունը, միանալով 70/1 բանաձևին և ընդունելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները (ԿԶՆ), պարտավորվեց դրանք իրականացնել մինչև 2030 թվականը: ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում միգրացիայի վերաբերյալ հիմնական շեշտադրումն արվում է 10.7-րդ թիրախում, սակայն միգրացիոն հիմնախնդիրներն անուղղակիորեն արծարծվում են գրեթե բոլոր 17 նպատակներում և 169 թիրախներից շատերում: ԿԶՆ միգրացիային առնչվող հիմնական թիրախներն են՝

 դյուրացնել մարդկանց կարգապահ, անվտանգ, կանոնավոր և պատասխանատու միգրացիան և շարժունությունը, այդ թվում՝ պլանավորված և լավ կառավարվող միգրացիոն քաղաքականությունների իրականացման միջոցով (ԿԶՆ 10.7).

● պաշտպանել աշխատանքային իրավունքները և խթանել անվտանգ և ապահով աշխատանքային միջավայր բոլոր աշխատավորների, այդ թվում՝ միգրանտ աշխատավորների, մասնավորապես` կին միգրանտների և անկայուն զբաղվածություն ունեցողների համար (ԿԶՆ 8.8).

● մինչև 2030 թ. միգրանտների դրամական փոխանցումների ծախսերը իջեցնել 3 տոկոսից ցածր և վերացնել 5 տոկոսից բարձր ծախսերով դրամական փոխանցումների միջանցքները (ԿԶՆ 10.գ).

● խորացնել գլոբալ գործընկերությունը հանուն կայուն զարգացման` մոբիլիզացնելով և փոխանակելով գիտելիքներ, փորձագիտություն, տեխնոլոգիաներ և ֆինանսական միջոցներ՝ սատարելու կայուն զարգացման նպատակների իրագործմանը (ԿԶՆ 17.16), ամրապնդել համագործակցությունը սփյուռքի հետ՝ ներգրավելով սփյուռքի մտավոր ներուժը գիտելիքահենք տնտեսության զարգացման մեջ.

● ապահովել հուսալի և հավաստի վիճակագրական տվյալների առկայությունը, այդ թվում՝ ըստ միգրացիոն կարգավիճակի (ԿԶՆ 17.18), բռնության բոլոր ձևերի և այլն:

13. 2015 թվականից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին անդամակցելով` Հայաստանի Հանրապետությունը հանձնառություն ստանձնեց մաս կազմելու անդամ պետությունների տարածքում աշխատանքի միասնական շուկային և ապահովելու աշխատուժի ազատ տեղաշարժը։ Ըստ այդմ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում հեշտացվեցին անդամ պետությունների քաղաքացիների աշխատելու կարգավորումները՝ վերջիններիս ազատելով աշխատելու համար թույլատրական բնույթի որևէ փաստաթուղթ ունենալու պահանջից: Պայմանագրի կիրարկումն ապահովող հետագա գործընթացներն արդեն ուղղված էին և ուղղված են աշխատուժի ազատ տեղաշարժին դեռևս խոչընդոտ հանդիսացող՝ անդամ պետությունների կողմից պայմանագրի դրույթների կատարման իրավակիրառ պրակտիկայում առկա թերությունների հաղթահարմանը, ինչպես նաև աշխատանքի միասնական շուկայի ձևավորմանը։ Իսկ 2017 թվականին Եվրոպական միության հետ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ Հայաստանի Հանրապետությունն իր միգրացիոն քաղաքականության կարևոր մաս դարձրեց միջազգային այդ պարտավորությունից բխող հիմնահարցերի կարգավորումը. մասնավորապես՝ սահմանների պաշտպանության և անձանց նույնականացման համակարգերի հզորացումը, անկանոն միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարի ընդլայնումը, վիզային քաղաքականության բարեփոխումը և այլն: 2021 թվականի մարտի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ մտնող այս փաստաթղթով ՀՀ կառավարությունը պարտավորվել է կատարելագործել միջազգային պաշտպանությանը վերաբերող իր ազգային օրենսդրությունը, ուշադրության կենտրոնում պահել ընդունված անձանց իրավունքների պաշտպանության և նրանց ինտեգրման խնդիրները, հզորացնել երկրի կարողությունները միգրացիայի կառավարման, փաստաթղթերի անվտանգության, միգրացիայի տեղեկատվական համակարգերի ոլորտներում և այլն։

14. Հայեցակարգի նպատակն է միգրացիայի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունների մեկտեղումը մեկ միասնական փաստաթղթում, ոլորտի կառավարման սկզբունքների սահմանումը և միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունների ձևակերպումը: Հայեցակարգով ձևակերպված միգրացիոն քաղաքականությունը նաև քայլ առաջ է Եվրոպական միության հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկի ուղղությամբ:

 

4. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

15. Միգրացիայի կառավարման գործում ՀՀ կառավարությունն առաջնորդվում է երեք հիմնարար սկզբունքներով՝ համակառավարում, համագործակցություն և փաստահենություն.

1) համակառավարում. լինելով բազմաբաղադրիչ՝ միգրացիայի ոլորտի կառավարումը պահանջում է պետական մի շարք կառույցների (նախարարությունների, դրանց ենթակա պետական մարմինների և այլն) ներգրավվածություն կառավարման գործում՝ համակառավարում (whole-of-government approach): Համակառավարումը ենթադրում է միգրացիոն գործընթացի ոլորտային բաղադրիչների (պետական սահմանների կառավարում, օտարերկրացիների հաշվառում և կարգավիճակների տրամադրում, երկրից արտաքսում, անկանոն միգրացիայի դեմ պայքար, միգրանտների իրավունքների պաշտպանություն, ինտեգրման և վերաինտեգրման աջակցություն և այլն) կառավարում՝ համապատասխան պետական կառույցների կողմից միասնական և համակարգված գործողություններով.

2) համագործակցություն. միգրացիոն քաղաքականության արդյունավետ իրագործումը պահանջում է համագործակցություն պետական, միջազգային միջպետական, ինչպես նաև միջազգային ու տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև, որոնցից յուրաքանչյուրն իր ուրույն դերակատարությունն ունի միգրացիոն հոսքերի կառավարման և միգրանտների տարբեր խմբերի հետ տարվող աշխատանքներում.

3) փաստահենություն. միգրացիոն քաղաքականության ուղղություններն անհրաժեշտ է ձևակերպել միգրանտների խմբերի կարիքների և միգրացիայի կառավարման հիմնախնդիրների ուսումնասիրությունների հիման վրա, իսկ քաղաքականության որոշումները կայացնել՝ հաշվի առնելով դրանց ազդեցության՝ փաստերով և հետազոտական տվյալներով ամրապնդված գնահատականները:

16. Միգրացիայի պետական կառավարման քաղաքականության արժեքներն են՝

1) ազգային անվտանգությունն ու հանրային համերաշխությունը. միգրացիայի կառավարման քաղաքականությունը համահունչ է 2020 թվականի հուլիսին ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հետ և Հայաստանում հանրային համերաշխության համար մարտահրավերներ չի առաջացնում.

2) միգրանտների բոլոր խմբերի իրավունքներն ու արժանապատվությունը. միգրացիայի պետական կառավարման քաղաքականությունը երաշխավորում է միգրանտների բոլոր խմբերի իրավունքների և արժանապատվության պաշտպանությունը.

3) մշակութային բազմազանությունը և քաղաքացիական արժեքների հաշտեցումը. միգրացիայի պետական կառավարման շրջանակում խրախուսվում է օտարերկրացիների, վերադարձողների և հայրենադարձների կողմից նոր մշակութային տարրերի ներմուծումը Հայաստան, այդ շրջանակում տեղական մշակույթների հարստացումն ու առաջխաղացումը: Մշակութային բազմազանությունը խրախուսվում է քաղաքացիական հասարակության և դեմոկրատական արժեքների գերակայության ու սահմանադրական կարգի շրջանակում.

4) շարժունակությունը ու միջազգային մասնակցությունը (երկու և ավելի երկրներում տնտեսական, մշակութային, հանրային կամ քաղաքական ներգրավվածությունը). միգրացիայի պետական կառավարումը ճանաչում և արժևորում է ժամանակակից աշխարհում մարդկանց շարժունակության անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային մասնակցությունը՝ երկու և ավելի երկրներում տնտեսական, մշակութային և հանրային ներգրավվածությունը: Միգրացիոն քաղաքականության այս գերակայությունն արդիական է՝ հատկապես հաշվի առնելով հայկական սփյուռքի առկայությունը, հայերի՝ բազմաթիվ պետություններում կենսագործունեության երկարամյա պատմությունը և Հայաստանի հետ սփյուռքի հայրենակիցների կապերն ամրապնդելու տեսլականը:

17. Նշված գերակայություններն արդիական են ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 6-ի N 650-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2019-2023 թթ. ծրագրի՝ միգրացիայի ոլորտին վերաբերող նպատակների համատեքստում (մասնավորապես՝ անձանց ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովում՝ հավասարակշռելով երկրի ազգային անվտանգության ապահովման հետ):

 

5. ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ

 

18. Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս և ակնկալվող միգրացիոն հոսքերը, միգրանտների տարբեր խմբերի կարիքները և միգրացիոն հոսքերի կառավարման հասցեականության անհրաժեշտությունը՝ սահմանվել են հայեցակարգի ութ թիրախային խմբեր, որոնց ձևակերպումները հիմնված են Միգրացիայի միջազգային կազմակերպության «Միգրացիայի ոլորտի տերմինների բառարանի», «Օտարերկրացիների մասին» և «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքների վրա.

1) օտարերկրացիներ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող այն անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն (օտարերկրյա քաղաքացիներ) կամ չունեն որևէ պետության քաղաքացիություն (քաղաքացիություն չունեցող անձինք), որոնք Հայաստան են տեղափոխվել բնակության, աշխատանքի, կրթության կամ այլ նպատակներով.

2) վերադարձողներ. ՀՀ քաղաքացիներ և նրանց ընտանիքի անդամներ, որոնք Հայաստանից մեկնել են օտարերկրյա պետություններ՝ այնտեղ մշտապես կամ ժամանակավորապես հաստատվելու (անկախ միգրացիայի նպատակից՝ բնակություն, աշխատանք, պաշտպանություն և այլն), ապա վերադարձել են Հայաստան: «Վերադարձողներ» եզրույթն իրավական չէ: Օրենսդրության շրջանակում այդ եզրույթի բացակայության արդյունքում՝ այն ենթակա է հստակեցման ծրագրային մակարդակում.

3) հայրենադարձներ. ազգությամբ հայ օտարերկրացիներ կամ երկքաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Հայաստան: «Հայրենադարձներ» եզրույթը իրավական չէ, քանի որ առայժմ բացակայում է այդ եզրույթի ձևակերպումը օրենսդրության մեջ։ Հաշվի առնելով, որ «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակման փուլում է, հայրենադարձների խումբը ձևակերպված է հնարավորինս լայն՝ ենթադրելով «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո խմբի ձևակերպման ճշգրտման անհրաժեշտությունը.

4) ներքին տեղահանված անձինք. անձինք կամ անձանց խմբեր, որոնք հարկադրված կամ պարտավորված փախել կամ լքել են իրենց տները կամ սովորաբար բնակվելու վայրերը, մասնավորապես` զինված ընդհարումների, համատարած բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման.

5) ապաստան հայցողներ. անձինք, որոնք իրենց մշտական բնակության երկրում հետապնդումից կամ լուրջ վտանգից պաշտպանություն են փնտրում Հայաստանում և սպասում են համապատասխան միջազգային և ազգային փաստաթղթային գործիքների հիման վրա փախստականի կարգավիճակ ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա ընդունվող որոշմանը.

6) փախստականներ. օտարերկրյա քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանը պաշտոնապես ճանաչել է փախստական՝ հիմք ընդունելով նրանց ռասայական, կրոնական, ազգային, սոցիալական որոշակի խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների համար հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղը կամ նրան պաշտպանություն տալով իրենց քաղաքացիության երկրում (իսկ քաղաքացիություն չունեցող անձը` իր նախկին մշտական բնակության երկրում) համատարած բռնության, արտաքին հարձակման, ներքին հակամարտությունների, մարդու իրավունքների զանգվածային խախտումների կամ հասարակական կարգը խախտող այլ լուրջ իրադարձություններից.

7) հարկադիր տեղահանված անձինք. անձինք, որոնք իրենց սոցիալական վիճակով փաստացի փախստական են, սակայն չունեն փախստականի կարգավիճակի համար դիմելու իրավական բնութագրիչներ (օրինակ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած սիրիահայերը, Արցախի Հանրապետությունից ՀՀ տեղափոխված անձինք)։

8) էմիգրանտներ. կրթության, աշխատանքի կամ բնակության նպատակով Հայաստանից մեկնած ՀՀ քաղաքացիներ:

 

6. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

19. Միգրացիայի կառավարման ոլորտում կան մի շարք հիմնախնդիրներ, որոնց մի մասը պայմանավորված է միգրացիոն նոր հոսքերի ի հայտ գալով, մյուս մասը՝ կառավարման ոլորտում առկա բացերով: Այդ հիմնախնդիրները կարելի է ամփոփել չորս խմբում.

1) միգրացիայով պայմանավորված ժողովրդագրական մարտահրավերների անբավարար կառավարում. չնայած նրան, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը արձանագրել է միգրացիայով պայմանավորված բնակչության կրճատում, այդ խնդրի հաղթահարումը երբևէ միգրացիոն քաղաքականության օրակարգում չի եղել, քանի որ դրա լուծումը մեծապես այլ ոլորտային քաղաքականությունների դաշտում է: Սույն հայեցակարգի շրջանակում այս հիմնախնդիրն արձանագրվում է՝ ստանձնելով միգրացիոն և այլ ոլորտային քաղաքականությունների փոխառնչակցության սերտացումը.

2) միգրանտների որոշ խմբերի կարիքներին ուղղված ծառայությունների պակաս. տասնամյակներ շարունակ լինելով մեծապես միգրանտ ուղարկող երկիր՝ Հայաստանն իր միգրացիոն քաղաքականությամբ լիարժեք պատրաստված չէ օտարեկրացիների ներհոսքին. մասնավորապես՝ բավականին բացեր կան օտարերկրացիների ներհոսքի կանոնակարգման և վերահսկման, անկանոն միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության, ինչպես նաև օտարեկրացիների աշխատանքային գործունեության լիարժեք կանոնակարգման ուղղություններով: Կարևոր հիմնախնդիր է նաև Հայաստան վերադարձող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ներքին տեղահանված անձանց, հարկադիր տեղահանված անձանց կարիքների բավարարմանն ուղղված՝ պետության կողմից մատուցվող ծառայությունների և կարգավորումների պակասը.

3) ծառայությունների կազմակերպման արդյունավետության, լիարժեքության և մատուցման որակի բացեր. չնայած միգրանտների տարբեր խմբերին ուղղված ծառայությունների բարելավմանը, այնուամենայնիվ, դեռևս արդիական է այդ ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացման խնդիրը: Դեռևս անհրաժեշտ է աշխատանքներ տանել Հայաստանի Հանրապետության սահմանի, ելքի, մուտքի և կացության կառավարման ոլորտի բարեփոխումների, միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության, ինտեգրման և վերաինտեգրման ուղղություններով.

4) միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածության բացեր. միգրացիայի ճգնաժամային կառավարմանը պատրաստվածությունը, թերևս, միգրացիայի կառավարման ամենամեծ բացերից է: Ինչպես ցույց տվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունից Հայաստան ժամանած հարկադիր տեղահանվածների հոսքի կառավարման և աջակցության, ինչպես նաև նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված տեղաշարժի սահմանափակումների պատճառով առաջացած հիմնախնդիրներին արձագանքելու մարտահրավերները՝ միգրացիայի ճգնաժամային կառավարումը խիստ անհրաժեշտ է ոչ միայն արդեն առկա իրավիճակին արձագանքելու, այլ նաև սպասվող նոր մարտահրավերներին պատրաստվելու համար:

20. Թվարկված հիմնախնդիրները մեծապես պայմանավորված են՝

1) կառավարման միասնականության և համակարգման բացերով. այն է՝ միգրացիոն գործառույթների իրագործում մեկից ավելի կառույցների կողմից և կառավարման տարբեր օղակների միջև համագործակցության անբավարար մակարդակ.

2) կարողությունների պակասով. այն է՝ ենթակառուցվածքների, մարդկային ռեսուրսի, հմտությունների, միգրացիայի ոլորտում կանխատեսումների, պլանավորման և արագ արձագանքման ու այլ կարողությունների պակաս, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդլայնման կարիք:

21. Որպես լուծում անհրաժեշտ է մի կողմից քայլեր ձեռնարկել թվարկված հիմնախնդիրների հաղթահարման, մյուս կողմից՝ դրանց պատճառների (կառավարման միասնականության և համակարգման բացեր և կարողությունների պակաս) վերացման ուղղությումբ: Մասնավորապես. առաջին՝ օտարերկրյա քաղաքացիների հետ կապված բոլոր գործառույթների կառավարման կենտրոնացումը մեկ պետական մարմնում կարևոր քայլ է կառավարման միասնականության, համակարգման բացերի վերացման և դրանցով պայմանավորված հիմնախնդիրների հաղթահարման ուղղությամբ: Երկրորդ՝ գիտելիքի և փորձի կուտակման մեխանիզմների ստեղծումը, շարունակական վերապատրաստումները, միջազգային համագործակցության ընդլայնումը և միգրացիոն քաղաքականությունը կիրարկող մարմինների՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական զինումը կարևոր են միգրացիայի կառավարման կազմակերպման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման առումով: Երրորդ՝ միգրացիոն քաղաքականության մշակման և իրագործման մեջ հետազոտահենք և փաստահեն կանխատեսումների իրականացման, պլանավորման և ճգնաժամային իրավիճակներին պատրաստվածության մեծացումը կարևորագույն քայլեր են միգրացիայի պետական կառավարման բարեփոխման համար:

 

7. ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

22. Հայաստանի Հանրապետության միգրացիայի կառավարումն ուղղված է սույն հայեցակարգում ձևակերպված միգրացիոն քաղաքականության 9 ռազմավարական նպատակներին, որոնք բխում են միգրացիոն ոլորտի ներկա իրավիճակից և առկա հիմնախնդիրներից, ինչպես նաև միգրացիոն նոր հոսքերի վերաբերյալ կանխատեսումներից:

1) Միգրացիայի կառավարման և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման և հայրենադարձության քաղաքականությունների միջև փոխառնչակցությունների մեծացում.

Տասնամյակներ շարունակ Հայաստանի Հանրապետության բնակչության կայուն արտահոսքն օտարերկրյա պետություններ մեծ մարտահրավեր է եղել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության համար: Թեև միգրացիայի ազդեցությունը ժողովրդագրության վրա մատնանշվել է Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության փաստաթղթերում, սակայն այդ ազդեցության կառավարումը երբևէ չի ձևակերպվել որպես միգրացիոն քաղաքականության նպատակ: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերները հաղթահարելու հանձնառությունը՝ սույն հայեցակարգում ևս որպես նպատակ ձևակերպված է միգրացիոն հոսքերի այնպիսի կառավարումը, որը կաջակցի Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը: Միգրացիայի կառավարման և Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարությունների միջև փոխառնչակցությունների մեծացման նպատակից բխող ուղղություններն են՝

ա. վերադարձի և հայրենադարձության խրախուսում.

Հայաստանից սկիզբ առնող միգրացիոն շրջափուլերում վերադարձի, ինչպես նաև սփյուռքի հայրենադարձության խրախուսում թե՛ խոսույթի (դիսկուրսիվ) և թե՛ գործնական մակարդակներում,

բ. իմիգրացիոն անհրաժեշտ հոսքերի ծավալի և կառուցվածքի գնահատում և նպատակահարմար ներհոսքերի խթանում.

Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական մարտահրավերների, աշխատաշուկայի կառուցվածքի և այլ տնտեսական և սոցիալ-մշակութային կարիքների հիման վրա ներհոսքի նպատակահարմար ծավալի և կառուցվածքի (ժողովրդագրական, մասնագիտական և այլն) գնահատում։ Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլականի և ժողովրդագրական մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից նպատակահարմար իմիգրացիոն հոսքերի ներգրավման ռազմավարությունների և դրանցից բխող ծրագրերի մշակում և իրականացում,

գ. արտահոսքի ազդեցության գնահատում և նպատակային խմբերի արտահոսքի կրճատում.

Հայաստանից ժողովրդագրական և կրթամասնագիտական տարբեր խմբերի արտահոսքի ազդեցության գնահատում և նպատակային խմբերի արտահոսքի կրճատման ուղղությամբ թիրախային ծրագրերի մշակում և ներդրում (արտահոսքի կրճատումը կապել ոչ միայն երկրում համընդհանուր բարեփոխումների և մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխության հետ, այլև տեղական միջավայրերի (առանձին գյուղերի և քաղաքների) զարգացման հետ).

2) Անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացում.

Դեպի Հայաստան և Հայաստանից դուրս միգրացիայի օրինականությունը և կարգավորվածությունը կարևոր նախադրյալ են միգրացիայի կառավարման քաղաքականության արդյունավետ իրագործման, երկրի անվտանգության ապահովման, միգրանտների իրավունքների պաշտանության, ինչպես նաև օտարերկրյա պետությունների հետ արդյունավետ և հուսալի համագործակցության համար: Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կառավարման գործում մշտապես կարևորվել է անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարը, սակայն՝ մեծապես կենտրոնանալով Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կրճատման վրա: Այս խնդրի իրագործման նպատակով Հայաստանում իրականացվել են օրինական միգրացիային նպաստող տեղեկատվական արշավներ, 2014 թ. քրեականացվել է անօրինական միգրացիայի կազմակերպումը, բարելավվել են օտարերկրյա պետություններում առանց թույլտվության բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետընդունման գործընթացները և այլն: Թեև այս քայլերը կարևոր ձեռքբերումներ են, այնուամենայնիվ, դեռևս բավականին մեծ են անելիքները Հայաստանից սկիզբ առնող անկանոն և անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ: Հայաստանում իմիգրացիոն հոսքերի մեծացման հետ մեկտեղ մեծացել են նաև օտարերկրացիների անօրինական և անկանոն ներհոսքի, կացության և աշխատանքի ռիսկերը: Օտարերկրացիների կանոնավոր կացության ամենամեծ մարտահրավերը կապված է օտարերկրացիների հաշվառման համակարգի բացերի հետ: Ինչ վերաբերում է օտարերկրացիների աշխատանքին, ապա Հայաստանում այն կարգավորվում է աշխատանքի թույլտվության ինստիտուտի միջոցով՝ կարևորելով տեղական աշխատուժի պաշտպանությունը: Այնուամենայնիվ, չնայած ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում առկա են որոշ գործիքներ՝ ոլորտը լիարժեք չի կարգավորվում ինստիտուցիոնալ համակարգերի և ընթացակարգերի բացերի պատճառով: Այս բացերը ազդեցիկ նախադրյալներ են ստեղծում օտարերկրացիների փաստացի չկարգավորված աշխատանքի համար: Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի և կացության օրինականության և կանոնակարգվածության ապահովման, ինչպես նաև Հայաստանից սկիզբ առնող անկանոն միգրացիան կանխելու ուղղություններով բարեփոխումները անհրաժեշտություն են Հայաստանում օտարերկրացիների և արտերկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության, տեղի աշխատուժի պաշտպանության, Հայաստանում օտարերկրացիներ ընդունող միջավայրի ապահովման, ինչպես նաև Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին աջակցության համար: Միաժամանակ Հայաստանում օտարերկրացիների աշխատանքի և կացության օրինականության և կանոնակարգվածության ապահովումը, ինչպես նաև իրավունքների պաշտպանությունն ու ընդունող միջավայրի ապահովումը կարող են խթան հանդիսանալ բիզնեսի զարգացման համար։

Անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի նպատակից ելնող ուղղություններն են՝

ա. անօրինական սահմանահատումների կանխարգելում.

կեղծված փաստաթղթերի հայտնաբերման հնարավորությունների մեծացում, տեղական և միջազգային տարբեր կառույցների (Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, Ինտերպոլ և այլն) շտեմարաններից տվյալների փոխանակման արդյունավետ համակարգերի ներդրում, միգրանտների նույնականացման կարողությունների մեծացում, սարքավորումների ու տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավում, սահմանի լավ չվերահսկվող հատվածների կրճատում` միաժամանակ երաշխավորելով միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց պաշտպանության հարցերի նկատմամբ զգայուն մուտքի համակարգեր,

բ. օտարերկրացիների կացության հաշվառման և կանոնակարգման համակարգերի կատարելագործում.

Հայաստանում առկա միգրացիոն հոսքերին և միգրանտների խմբերին վերաբերող տվյալների շտեմարանների (մասնավորապես՝ Սահմանների էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ (ՍԷԿՏ) և Բնակչության պետական ռեգիստր) միավորում, օտարերկրացիների հաշվառման համակարգերում վերագրանցման և տվյալների թարմացման մեխանիզմների բարեփոխում, «անկանոն կացություն» եզրույթի սահմանում և միգրանտների գրանցման շտեմարաններում անկանոն կացության ցուցիչի ներմուծում, օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում շտեմարաններում հավաքվող անկանոն միգրանտների մասին տվյալների պարբերական փոխանակում պետական կառույցների միջև,

գ. անկանոն միգրացիայի դեպքերի արդյունավետ և մարդասիրական կառավարում.

օտարերկրացիների անկանոն կացության և անկանոն աշխատանքի դեպքերի բացահայտման դեպքում դրանց վարման արդյունավետ, մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքներն ու արժանապատվությունը հարգող մեխանիզմների ներդրում՝ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակավոր կացարանի ստեղծում Հայաստանում անկանոն գտնվող և աշխատող օտարերկրացիների համար, ՀՀ-ում օրինական գտնվելու հիմքեր չունեցող անձանց իրենց ծագման երկիր վերադարձի գործընթացի արդյունավետ կազմակերպում, այդ թվում՝ արժանապատվությունը և իրավունքները չոտնահարող արտաքսման կազմակերպում, Հայաստանից կամավոր վերադարձի ծրագրերի և մեխանիզմների մշակում,

դ. աշխատուժի ներգրավմամբ զբաղվող մասնավոր կազմակերպությունների վերահսկողության ուժեղացում.

աշխատուժ հավաքագրող և Հայաստանից արտահանող և (կամ) Հայաստան ներմուծող կազմակերպությունների, այդ թվում՝ օտարերկրյա, ինչպես նաև անհատների կամ անհատների խմբերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացում,

ե. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքար.

մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, ուղղորդման, նույնացման, պաշտպանության և սոցիալական վերաինտեգրման մեխանիզմների կատարելագործում և զոհերի աջակցության ընդլայնում,

զ. ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կրճատում.

տեղեկացվածության բարձրացում անկանոն միգրացիայի հետևանքների և ռիսկերի վերաբերյալ, անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի ջատագովություն, ՀՀ քաղաքացիների իրազեկում արտերկրում օրինական աշխատանքի հնարավորությունների մասին,

է. Հայաստանում վիզաների և անձնագրերի կեղծման դեմ պայքար.

կորած և գողացված փաստաթղթերի միջոցով «ինքնության գողացման» ռիսկերի կառավարում, Հայաստանում օտարերկրյա պետությունների դեսպանությունների հետ համագործակցության սերտացում կասկածելի վիզաների և անձնագրերի ստուգման և կեղծիքների բացահայտման ուղղությամբ.

3) Սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության բարձրացում.

Սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարումը կանոնակարգված միգրացիայի և տեղաշարժի ազատության ապահովման առաջնային նախադրյալներից է: Կարևորելով պետական սահմանների արդյունավետ կառավարումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ «Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության և պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության 2017 թ. ապրիլի 6-ի նիստի N 14 արձանագրային որոշման շրջանակում իրագործել է մի շարք գործողություններ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության պետական սահմանի կառավարման համակարգերի բարեփոխումներին, անձնակազմի վերապատրաստմանը և տեխնոլոգիական հագեցմանը: Չնայած իրականացված կարևոր քայլերին՝ միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման տեսանկյունից սահմանների կառավարման որոշ բաղադրիչներ (մասնավորապես՝ նույնականացման համակարգերը, կենսաչափական անձնագրերի տրամադրումը, սահմանային անցակետերի տեխնիկական զինվածությունը և այլն) դեռևս հզորացման կարիք ունեն: Հայաստանում զբոսաշրջության զարգացման և ներդրումների խրախուսման նպատակով՝ վերջին տարիներին աշխատանք է տարվում նաև վիզային ճկուն քաղաքականության և վիզաների տրամադրման գործընթացների արդյունավետության բարձրացման առումով: Այսօր օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա կարող են ստանալ առցանց (e-visa էլեկտրոնային վիզա պորտալի միջոցով), օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում: Չնայած զբոսաշրջության զարգացման և ներդրումների խրախուսման տեսանկյունից վիզային քաղաքականության և վիզաների տրամադրման գործընթացների բարելավումներին, միգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարման տեսանկյունից ոլորտը դեռևս բարեփոխումների կարիք ունի:

Սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության և թափանցիկության բարձրացման նպատակից ելնող ուղղություններն են՝

ա. սահմանին անձանց նույնականացման համակարգերի բարեփոխում.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին, փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներին համապատասխանող կենսաչափական տվյալներ պարունակող ճամփորդական փաստաթղթերի տրամադրում, սահմանին կենսաչափական տվյալների (մատնահետքի և (կամ) դեմքի) գրանցման և ճանաչման տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ներդրում,

բ. անձանց՝ սահմանային անցակետերից այլ կառույցների իրավասությանը հանձնելու գործընթացի բարեփոխում.

ապաստան հայցողներին, առանց ուղեկցության սահմանը հատող անչափահասներին և առողջապահական կարիքներով (ռիսկերով) անձանց՝ համապատասխան կառույցների իրավասությանը (խնամքին) հանձնելու գործընթացի հստակեցում և բարելավում, այդ անձանց ընդունումն ապահովելու համար կառույցների ֆինանսական և տեխնիկական հնարավորությունների մեծացում,

գ. միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկունից ՍԷԿՏ համակարգի հնարավորությունների վերագնահատում և դրանց լիարժեք օգտագործում.

Գնահատել միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից պատկան պետական մարմիններին անհրաժեշտ վիճակագրական և անձնական տվյալների կարիքը և ՍԷԿՏ համակարգի միջոցով դրանց ձեռքբերման հնարավորությունները: Քայլեր ձեռնարկել ՍԷԿՏ համակարգի հնարավորությունների լիարժեք օգտագործման ուղղությամբ,

դ. սահմանապահ ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացում.

զարգացնել սահմանապահ ծառայության աշխատակիցների կարողությունները միգրացիոն հոսքերին արձագանքելու, ապաստանի ինստիտուտի, մշակութային և գենդերային զգայունակության և միգրացիայի կառավարման այլ ուղղություններով,

ե. վիզային քաղաքականության վերանայման գործընթացում միգրացիայի կառավարման օրակարգի ներմուծում.

Ներկայումս վիզային քաղաքականության վերանայումը հիմնված է զբոսաշրջության և ներդրումների խթանման տեսլականի վրա: Անհրաժեշտ է այդ գործընթացում ներառել նաև միգրացիոն հոսքերի կառավարման օրակարգից բխող նախապայմաններ,

զ. ՀՀ մուտքի վիզաների տրամադրման և երկարաձգման քաղաքականության բարեփոխում.

իրականացնել օրենսդրական բարեփոխումներ և ընթացակարգերի հստակեցումներ միգրացիոն հոսքերի կառավարման տեսանկյունից, բարձրացնել մուտքի վիզայի տրամադրման և երկարաձգման քաղաքականության արդյունավետությունը և համակարգվածությունը,

է. կացության տրամադրման համակարգի բարելավում.

Կացության կարգավիճակների տրամադրման հիմքերի, երկարաձգման և կարգավիճակից զրկելու հիմքերի հստակեցում, կացության տրամադրման ընթացակարգերի արագացում և պարզեցում: Կացության կարգավիճակների տրամադրման հիմքերում կրթության և հետազոտական նպատակների նախատեսում,

ը. տեղեկատվության հասանելիության մեծացում.

Հայաստան մուտք գործելու, կացության և աշխատելու կարգի և պայմանների մասին տեղեկատվության հասանելիության ապահովում Հայաստանում և արտերկրում, այդ տեղեկատվության նպատակային տարածում,

թ. Հայաստանում հետընդունման և վերադարձի գործընթացների բարելավում.

Վերադարձի ընթացակարգերի և մեխանիզմների մշակմանն ուղղված աշխատանքների իրականացում, այդ գործընթացում ներգրավված գերատեսչությունների գործառույթների հստակեցում և աշխատանքների համակարգման բարելավում: Օժանդակություն և աջակցության ցուցաբերում ապաստան հայցողների, փախստականների և բռնի տեղահանված այլ բնակչության կամավոր վերադարձին,

ժ. արտաքսման գործընթացի բարելավում.

արտաքսման կազմակերպման ֆինանսական և ենթակառուցվածքային (մասնավորապես՝ ժամանակավոր կացարանների) հնարավորությունների ընդլայնում, արժանապատվությունը և իրավունքները չոտնահարող վտարման կազմակերպում, Հայաստանից օտարերկրացիների կամավոր վերադարձի խրախուսման և կազմակերպման ծրագրերի ներդրում.

4) Միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության բարելավում, միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործում.

2000-ականներից ի վեր Հայաստանից և դեպի Հայաստան տեղափոխվող միգրանտների տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությունը եղել է միգրացիոն պետական քաղաքականության առանցքային բաղադրիչներից: Այս ուղղությամբ իրականացվել են մի շարք գործողություններ, կազմակերպվել են իրավունքների վերաբերյալ տեղեկատվական արշավներ, օտարերկրյա պետություններում աշխատանքային ռեսուրսների ներգրավմամբ զբաղվող որոշ կազմակերպությունների հետ կնքվել են օրինական աշխատանքային միգրացիայի հնարավորություն առաջարկող պայմանագրեր, ստորագրվել են մի շարք միջազգային համաձայնագրեր և հուշագրեր անկանոն միգրացիայի դեմ պայքարի շուրջ համագործակցության վերաբերյալ և այլն: Չնայած այս ջանքերին՝ միգրանտների իրավունքների և շահերի պատշպանության ոլորտում կան բազմաթիվ բացեր: Հայաստանից մեկնող աշխատանքային միգրանտների շահերի և իրավունքների ոտնահարումը հաղթահարված չէ օտարերկրյա պետությունների տարածքում խնդիրներին միջամտելու սահմանափակության և այլ պատճառներով: Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային և այլ իրավունքների պաշտպանությունը բավականին թույլ է, քանի որ լիարժեք ձևավորված չեն օտարերկրացիների աշխատանքի կանոնակարգման և վերահսկման մեխանիզմները: Միգրանտների որոշ խմբեր (մասնավորապես՝ ներքին տեղահանված անձինք և հարկադիր տեղահանված անձինք, որոնք չունեն փախստականի կարգավիճակի համար դիմելու բնութագրիչներ) որպես քաղաքականության թիրախ ընդհանրապես դուրս են մնացել միգրացիոն քաղաքականության դաշտից: Չնայած այս բացերին, այնուամենայնիվ, միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության ոլորտում կարելի է արձագանքել մի շարք կարևոր ձեռքբերումներ: ՀՀ-ում միգրացիոն պետական կառավարման քաղաքականության թիրախային խմբերի իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեության կարևոր ուղղություններից է: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն իրականացնում է ոլորտի օրենսդրության և պրակտիկայի մշտադիտարկում, վերլուծություն և համապատասխան կառույցներին ներկայացնում է բարեփոխումների առաջարկներ, արձագանքում է թիրախային խմբերի ներկայացուցիչների անհատական դիմումներին և իր իրավասությունների շրջանակում նախաձեռնում է այլ քայլեր վերոնշյալ թիրախային խմբերի մարդու իրավունքների պաշտպանվածությունը մեծացնելու ուղղությամբ: Ապաստան հայցողների և փախստականների պաշտպանությունը միգրացիայի պետական կառավարման ամենակայացած ուղղություններից է: 1980-ականների վերջին բախվելով Ադրբեջանից բռնագաղթած փախստականների պաշտպանության հիմնախնդիրին՝ Հայաստանը տարիների ընթացքում մշակել է ապաստան հայցողների և փախստականների պաշտպանության համար անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ մեխանիզմներ: Ձևավորվել են միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ավանդույթներ և միջազգային կոնվենցիաների կիրարկման կայուն պրակտիկաներ: Ոլորտի կառավարման ձեռքբերումներից է 2015 թ. «Փախստականների և ապաստան հայցողների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի ընդունումը, որով Հայաստանում ապաստան հայցողների և փախստականների իրավունքների և շահերի պաշտպանությունն ավելի է ներդաշնակեցվել Եվրոպական միությունում ընդունված չափանիշներին: 2019 թ. ՀՀ կառավարությունը կայացրել է Ադրբեջանից բռնագաղթած` Երևան քաղաքի ժամանակավոր կացարաններում բնակվող 112 ընտանիքներին, իսկ 2020 թվականին՝ ևս 185 ընտանիքներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու մասին որոշում: 2021 թվականին նախատեսվում է իրականացնել ծրագրի երրորդ փուլը, որով լուծվելու է ծրագրի շահառու հանդիսացող՝ Ադրբեջանից բռնագաղթած ևս 250 ընտանիքների խնդիրը։ Չնայած այս ձեռքբերումներին՝ իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ Հայաստանում միջազգային պաշտպանության ոլորտում մշտապես առաջանում են նոր պահանջներ՝ նոր գիտելիքի, տեղեկատվության ձեռքբերման մեխանիզմների և աշխատակիցների վերապատրաստման, նոր հիմնախնդիրներին արձագանքելու համար օրենսդրական բարեփոխումների, նոր մեխանիզմների և գործիքների ստեղծման, հավելյալ ռեսուրսների ներգրավման և այլն: 2020 թվականին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում ՀՀ-ում առաջացավ հարկադիր տեղահանվածների նոր խումբ, որի իրավունքների և շահերի պաշտպանությունն այլ ոլորտների հետ մեկտեղ մարտահրավեր է առաջացրել նաև միգրացիոն քաղաքականության ոլորտում: Նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումը, որը տնտեսական, սոցիական և մի շարք այլ հիմնախնդիր առաջացրեց ՀՀ-ից սեզոնային աշխատանքային միգրանտների, նրանց ընտանիքների և Հայաստանում մնացած օտարերկրացիների համար, նոր մարտահրավերներ ստեղծեցին նաև միգրացիայի կառավարման ոլորտում:

Միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման և միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակից ելնող ուղղություններն են՝

ա. օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանության բարելավում.

ապաստան հայցելու նպատակով օտարերկրյա պետություններ մեկնող, օտարերկրյա պետություններում աշխատող և բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (հատկապես՝ Ռուսաստանի Դաշնությունում սեզոնային աշխատանքային միգրանտների, Թուրքիայում աշխատանքային միգրանտների) և Հայաստանի Հանրապետության քաղաքացի միգրանտների այլ խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության հզորացում՝ տեղեկացվածության բարձրացման, օտարերկրյա պետություններում իրավապաշտպան կառույցների հետ համագործակցության և իրավունքների ու շահերի պաշտպանության այլ մեխանիզմների միջոցով,

բ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական և առողջապահական պաշտպանություն արտերկրում.

Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի միգրանտների սոցիալական պաշտպանության, առողջության պահպանության (բուժման շարունակականության ապահովման, Հայաստանի Հանրապետության կողմից իր քաղաքացիներին տրամադրվող դեղորայքի՝ արտերկրում հասանելիության և այլնի) շուրջ համագործակցության ընդլայնում: Հայաստանում գտնվող օտարերկրացիների և արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կենսաթոշակների փոխանցելիության ապահովում,

գ. Հայաստանի Հանրապետությունում միգրանտների իրավունքների պաշտպանության բարելավում.

Հայաստանի ուսումնական, առողջապահական և այլ հաստատություններում միգրանտների տարբեր խմբերի նկատմամբ խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքար, օտարերկրացիների աշխատանքային և այլ (միգրանտի կարգավիճակով պայմանավորված) իրավունքների պաշտպանության բարելավում,

դ. Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության առկա կարգավորումների բարելավում.

Հայաստանում օտարերկրացիների աշխատանքային գործունեության կանոնակարգում և աշխատանքային իմիգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացում՝ կարևորելով տեղի աշխատուժին առաջնահերթության տրամադրումը և օտարերկրացիների աշխատանքային և մարդու իրավունքների պաշտպանությունը,

ե. ներքին տեղահանված անձանց և հարկադիր տեղահանված անձանց (որոնք չունեն փախստականի կարգավիճակի համար դիմելու իրավական բնութագրիչներ, մասնավորապես՝ Սիրիայից Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներ, Արցախի Հանրապետությունից հարկադիր տեղափոխվածներ) իրավական և սոցիալական պաշտպանություն.

այս խմբերին ոլորտային քաղաքականությունների (սոցիալական ապահովություն, առողջապահական աջակցություն և այլն) շրջանակներում իրավական և սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրման իրավական հիմքերի ստեղծում և նրանց իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված ծրագրերի ներդրում,

զ. միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործում.

ապաստան հայցողների, փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության կատարելագործում, ապաստանի հայցման և տրամադրման գործընթացքում ներգրավված պետական կառույցների աշխատակիցների որակավորման բարձրացում և շարունակական վերապատրաստում, ենթակառուցվածքային և այլ կարողությունների հզորացում, ապաստան հայցողների և նրանց ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվության հայթայթման մեխանիզմների բարելավում, ապաստան հայցողների, փախստականների և փախստականի իրավիճակում հայտնված անձանց կարիքավոր խմբերի համար ժամանակավոր կացարանի ապահովում և կացարանային պայմանների բարելավում, ապաստան հայցողների, փախստականների և այլ բռնի տեղահանվածների իրավական և սոցիալ-տնտեսական պաշտպանության հզորացում, փախստականների պաշտպանության և նրանց խնդիրների լուծման լրացուցիչ ուղիների ուսումնասիրում, սահմանին ապաստան հայցելու իրավակիրառ պրակտիկաների կատարելագործում,

է. ապաստանի ընթացակարգերի որակի վերահսկման և արդյունավետության ուժեղացում.

Անհատական որակի գնահատման և կատարողականի բարելավման համակարգված ու օբյեկտիվ մեխանիզմների ներդնում, որոնք ապաստանի ընթացակարգերի բոլոր փուլերում հնարավոր կդարձնեն առկա բացերի ու խնդիրների արդյունավետ վերհանումը և դրանց ժամանակին լուծումը: Անհատական հայցերի կառավարման ավանդական ու գծային մոտեցումից անցում դեպի ավելի ռազմավարական և տարբերակված մոտեցում, որի դեպքում տվյալ գործընթացը կամ լուծումը կախված է խնդրո առարկա անձի կամ բնակչության պաշտպանության կարիքների վերլուծությունից.

5) Հայաստանում օտարերկրացիների ինտեգրման և վերադարձողների վերաինտեգրման կազմակերպման բարեփոխում, ինչպես նաև Հայաստանում օտարերկրացիների ընդունման միջավայրի բարելավում.

Չնայած ինտեգրման համապարփակ քաղաքականության բացակայությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային կառույցների հետ համագործակցությամբ մշտապես փորձել է հնարավորինս աջակցել Հայաստանում պաշտպանություն ստացած փախստականների ինտեգրմանը: 2010-ականներին ապաստան հայցողների և փախստականների նոր հոսքերի հետ մեկտեղ ինտեգրման աջակցությունն ընդլայնվեց և դարձավ ավելի կանոնակարգված: Իսկ 2016 թվականին առաջին անգամ նախաձեռնվեց ինտեգրման ամփոփ քաղաքականության ձևակերպումը մեկ միասնական փաստաթղթում: Արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվեցին «Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգը» և դրա իրագործման գործողությունների ծրագիրը: Չնայած այս փաստաթղթերով հիմք դրվեց Հայաստանում ինտեգրման խնդիրների կառավարման համապարփակ քաղաքականության ձևավորման ավանդույթին, այնուամենայնիվ, այն ունի մի շարք բացեր: Մասնավորապես՝ հայեցակարգը և գործողությունների ծրագիրը չեն ընդգրկում ինտեգրման կարիք ունեցող բոլոր խմբերին և չեն արձագանքում նրանց բոլոր կարիքներին:

Հայաստանում օտարերկրացիների ինտեգրման և վերադարձողների վերաինտեգրման կազմակերպման բարեփոխման, ինչպես նաև Հայաստանում օտարերկրացիների ընդունման միջավայրի բարելավման նպատակից ելնող ուղղություններն են՝

ա. կրթության, առողջապահության, սոցիալական աջակցության հասանելիության մեծացում և իրավունքների պաշտպանություն.

Հայաստանում պաշտպանություն ստացած կամ բնակվելու որևէ իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրացիների և վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կրթության և առողջապահության, ինչպես նաև կարիքավոր խմբերի սոցիալական աջակցության իրավահավասար հասանելիություն ապահովում,

բ. մշակութային ինտեգրում.

հայոց լեզվի, մշակույթի և հանրային կյանքի մասին իմացության և պատկանելության զգացողության բարձրացում, ինչպես նաև գործող օրենքների, որոշումների, հասարակության ավանդույթների, պետական իշխանության նկատմամբ հարգանքի դրսևորում,

գ. քաղաքացիական ինտեգրման բարեփոխում.

քաղաքացիության շնորհման օրենսդրության, գործընթացների և ինստիտուտների բարեփոխում, հայերնադարձության քաղաքականության շրջանակում հեշտացված գործընթացների ապահովում, քաղաքացիական մասնակցության խրախուսում,

դ. աջակցություն զբաղվածությանը և տնտեսական ներգրավվածությանը.

հայեցակարգի թիրախային խմբերի զբաղվածության և տնտեսական ներգրավվածության աջակցություն, միգրանտի կարգավիճակով պայմանավորված ռիսկերի և մարտահրավերների կրճատում,

ե. Հայաստանում ընդունող և հյուրընկալ միջավայրի ստեղծում.

հանրության շրջանում հանդուրժողականության մեծացում, ատելության խոսքի նվազեցում և խտրականության կանխում, առկա և հնարավոր իմիգրացիոն հոսքերի և Հայաստանում բնակվող օտարերկրացիների առօրյայի, հիմնախնդիրների և մշակույթների մասին հանրության տեղեկացվածության բարձրացում, տեղական համայնքների և հայեցակարգի թիրախային խմբերի և կազմակերպությունների միջև համագործակցության սերտացում.

6) Հայաստանի կայուն մարդկային զարգացման վրա միգրացիայի ազդեցության մեծացում.

Միգրացիայի կապը զարգացման հետ բավականին քննարված հարց է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: 2009 թ. Միավորված ազգերի կազմակերպության տարեկան զեկույցը նվիրվեց «Միգրացիա և զարգացում» թեմային: Այն վեր էր հանում Հայաստանից սկիզբ առնող միգրացիայի (այդ թվում՝ նաև սեզոնային) ազդեցությունը Հայաստանում մարդկային զարգացման, մասնավորապես՝ միգրանտների և նրանց ընտանիքների կրթության, առողջապահության և կյանքի որակի բարձրացման վրա ազդող այլ հնարավորությունների աճի վրա: 2017 թվականից «Միգրացիա և զարգացում» մոտեցումը ներմուծվեց նաև միգրացիոն քաղաքականության դաշտ: «Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության» մեջ միգրացիան ի նպաստ զարգացմանն ուղղելը որպես առանձին նպատակ ձևակերպելով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն արձանագրեց միգրանտների ներուժի օգտագործմանը, շրջանակային միգրացիային և միգրանտների ներդրումային ներուժի մոբիլիզացիային նպաստելու անհրաժեշտությունը: 2019 թ. Հայաստանի Հանրապետության որոշ համայնքներում իրականացվեցին էմիգրանտների (աշխատանքային միգրանտների) և նրանց ընտանիքի անդամների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված դասընթացներ: Չնայած այս քայլերին, այնուամենայնիվ, դեռևս շատ անելիքներ կան գործնականում միգրացիան ի նպաստ Հայաստանի մարդկային զարգացմանը ծառայացնելու ուղղությամբ:

Հայաստանի կայուն մարդկային զարգացման վրա միգրացիայի ազդեցության մեծացման նպատակից բխող ուղղություններն են՝

ա. ուղեղների արտահոսքի կանխում և նպատակային խմբերի արտահոսքի կրճատում.

ուղեղների արտահոսքի կանխման, Հայաստանի մարդկային կայուն զարգացման տեսանկյունից անցանկալի էմիգրացիոն հոսքերի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկում,

բ. կրթության և փորձի փոխանակման նպատակով միգրացիայի խրախուսում.

ուսանողների, գիտնականների և տարբեր ոլորտների մասնագետների շրջանում կրթության և փորձի փոխանակման նպատակով միգրացիայի խրախուսում և հնարավորությունների ընդլայնում,

գ. աշխատանքային միգրացիայի կրճատում.

Միգրացիայի ավանդույթ ունեցող համայնքներում երիտասարդների՝ սեզոնային միգրացիայի մեջ ներգրավման կրճատում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սեզոնային միգրացիայի ավանդույթ ունեցող համայնքներում երիտասարդները մեկնում են ոչ միայն տնտեսական դրդապատճառներով, այլ նաև էմիգրացիայի ավանդույթի ուժով: Այս համայնքներում սեզոնային էմիգրացիան թեև նպաստում է ընտանիքների և համայնքների ֆինանսական կայունությանը, այնուամենայնիվ, ստեղծում է մի շարք այլ՝ հոգեբանական, առողջական, մշակութային և քաղաքական մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են համայնքներում մարդկային զարգացմանը: Ուստի անհրաժեշտ է ձեռնարկել որոշակի քայլեր՝ ուղղված սեզոնային աշխատանքային միգրացիայի կրճատմանը և դրանով պայմանավորված մարտահրավերների հաղթահարմանը,

դ. միգրացիայի բացասական ազդեցության նվազեցում և ռիսկերի կրճատում, ավանդական ձևերին և ուղղություններին (Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներ) այլընտրանքների ստեղծում.

աշխատանքային սեզոնային միգրանտների և նրանց ընտանիքների վրա միգրացիայի բացասական ազդեցության կրճատում, այդ թվում՝ նաև միգրացիայով պայմանավորված՝ առողջապահական մարտահրավերների նվազեցում (մասնավորապես՝ սեզոնային աշխատանքային էմիգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կրճատում): Ավանդական ուղղություններին (դեպի ԱՊՀ երկրներ) այլընտրանք՝ զարգացման տեսանկյունից ավելի բարենպաստ իրավիճակներ (ի հակադրություն այսօր տարածված իրավիճակ հանդիսացող միգրանտ ընտանիքների մասնատվածութանը, համայնքներում տղամարդկանց երկարատև բացակայությանը և այլն) ապահովող ուղղությունների հնարավորությունների ընդլայնում,

ե. միգրանտների և սփյուռքի մտավոր և տնտեսական ներուժի հայտնաբերում և այդ ներուժի կիրառման մեխանիզմների ներդրում Հայաստանի կայուն մարդկային զարգացման գործում.

գիտելիքի, հմտությունների, կապերի և ցանցերի հայտնաբերման և կիրառման մեխանիզմների ստեղծում, միգրանտների տարբեր խմբերի շարժական գույքի՝ Հայաստան տեղափոխման հնարավորությունների ընդլայնում, դրամական փոխանցումների համակարգերի մատչելիության ապահովում, օտարերկրացիների կողմից անշարժ գույքի ձեռքբերման օրենսդրական կարգավորումների վերանայում՝ ելնելով Հայաստանի անվտանգության և զարգացման հեռանկարից,

զ. Արտերկրից ստացվող դրամական փոխանցումների ուղղում դեպի զարգացում.

միգրանտների դրամական փոխանցումները դեպի մարդկային զարգացում և համայնքային զարգացում ուղղելու արդյունավետ ծրագրերի ներդրում, դրամական փոխանցումների տեսքով ներդրումների խրախուսում, ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների ֆինանսական գրագիտության բարձրացում,

է. արտերկրում հայ համայնքների հետ հարաբերությունների սերտացում.

 արտերկրում գտնվող Հայաստանի Հանրապետության ներկա և նախկին քաղաքացիների ֆորմալ և ոչ ֆորմալ միավորումների հզորացում, նոր միավորումների և ցանցերի ստեղծման խթանում, նրանց հետ կապի առկա մեխանիզմների հզորացում և նոր մեխանիզմների ձևավորում, Հայաստանից դուրս գտնվող հայրենակիցների շրջանում Հայաստանի մասին տեղեկացվածության մեծացում, տեղեկատվության տարածման նորարարական և արդյունավետ համակարգերի ստեղծում,

ը. միջազգային մասնակցության խթանում.

միգրանտների և սփյուռքի ներկայացուցիչների համար, օտար երկրում գտնվելով հանդերձ, Հայաստանի տնտեսական, կրթական, մշակութային, քաղաքական և այլ գործընթացներին մասնակցելու հնարավորությունների և մեխանիզմների ձևավորում.

7) Միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածության մեծացում.

Հայաստանը, ինչպես նաև կովկասյան և մերձավոր արևելյան տարածաշրջանների հարևան պետությունները, գտնվում են բնածին ու մարդածին աղետների, այդ թվում՝ երկրաշարժերի և զինված հակամարտությունների տեսանկյունից ռիսկային տարածաշրջանում։ Մերձավոր Արևելքի երկրներում զարգացումների փորձագիտական գնահատականները կանխատեսում են ճգնաժամերի և հակամարտությունների խորացմամբ պայմանավորված՝ մարդկանց զանգվածային տեղաշարժի մեծ ռիսկ: Հաշվի առնելով հատկապես այդ երկրներում հայկական սփյուռքի առկայությունը՝ Հայաստանը կարող է բախվել հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ընդունման խնդրին: Ուստի դրան պատրաստվածությունը միգրացիոն քաղաքականության ամենահրատապ խնդիրներից է: Ֆորսմաժորային իրավիճակներով պայմանավորված զանգվածային ներհոսքի կառավարումը պահանջում է ռեսուրսների և կառավարման համակարգի հատուկ մոբիլիզացում, որին պատրաստվածությունը ենթադրում է այդ դեպքերի համար նախատեսված գործողությունների պլան, մոբիլիզացման մեխանիզմներ, ենթակառուցվածքների առկայություն և մի շարք պետական կառույցների աշխատակիցների հատուկ պատրաստվածություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը, նախաձեռնել է «Աղետի կամ ռազմական գործողության հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի» մշակումը: Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններում ներառված է նաև փախստականների զանգվածային ներհոսքի սցենար, որը նպաստում է պետական կառույցների աշխատակիցների պատրաստվածությունը: Չնայած այս քայլերին, այնուամենայնիվ, Հայաստանում միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը ունի լուրջ բացեր, որոնց հաղթահարումը խիստ հրատապ է: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում բռնի տեղահանվածների ծավալուն հոսքին, ինչպես նաև նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված միջազգային տեղաշարժի սահմանափակումներին ուղղված քայլերը որոշակի փորձ դարձան միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու քաղաքականության համար: Այս փորձի գնահատումը և քաղված դասերի արձանագրումը կարող են լավ հիմք ծառայել միգրացիոն ոլորտի հետազոտահենք կանխատեսումների, գործողությունների պլանավորման և ճգնաժամային արձագանքման ինստիտուտների զարգացման համար: Միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածության մեծացման նպատակից բխող ուղղություններն են՝

ա. միգրացիայի ճգնաժամային կառավարման համակարգի ստեղծումը.

ճգնաժամային կառավարման համակարգող մարմնի ստեղծում, աշխատանքների համակարգման ինստիտուցիոնալ մեխանիզմների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության մեխանիզմների ձևավորում,

բ. սահմանների ճգնաժամային կառավարումը.

սահմանապահ անձնակազմի՝ ճգնաժամային պայմաններում աշխատելու կարողությունների զարգացում, զանգվածային հոսքեր ընդունելու մարդկային և տեխնիկական կարողություններով զինում,

գ. միջազգային պաշտպանության ճկուն համակարգերի ստեղծումը.

ապաստանի խմբային դիմումների ընդունման և քննման արագ ու ճկուն մեխանիզմների ստեղծում,

դ. վիճակագրության վարման, մշտադիտարկման և տեղեկատվության երկկողմանի փոխանցման մեխանիզմների ստեղծումը.

ներհոսքի գրանցում, վիճակագրական տվյալների արդյունավետ հավաքագրում, տեղահանված անձանց (տեղում և ճանապարհին գտնվող) կազմի, կարիքների և իրավիճակի օրինաչափությունների մշտադիտարկման և գործողությունների պլանավորման մեխանիզմների ձևավորում, ինչպես նա կառավարության, մարդասիրական օղակի ու ճգնաժամային իրավիճակում հայտնված անձանց միջև տեղեկատվության երկկողմանի փոխանակման համակարգի ձևավորում՝ ուղղված ճգնաժամային իրավիճակում հայտնված անձանց տեղեկատվական կարիքների բավարարմանը և հետադարձ կապի ապահովմանը,

ե. տեղահանված անձանց փաստաթղթավորման, հաշվառման և ուղղորդման համակարգերի ստեղծումը.

զանգվածային ներհոսքի ժամանակ առանց լիարժեք փաստաթղթերի ժամանող անձանց հաշվառման և ուղղորդման մեխանիզմների ստեղծում,

զ. ենթակառուցվածքների ապահովումը.

զանգվածային ներհոսքի ժամանակ անհրաժեշտ ժամանակավոր կացարաններով (վրաններով), հաղորդակցության և կապի միջոցներով, կոմունալ ծառայություններով և այլ ենթակառուցվածքներով ապահովման խնդրի լուծում,

է. անձանց անվտանգության ապահովման և ճգնաժամային աջակցության ծրագրերի և մեխանիզմների ստեղծումը.

անձանց անվտանգությունը երաշխավորող, բռնության և իրավունքների ոտնահարման ռիսկերը նվազեցնող միջոցների ձեռնարկում, ճգնաժամային իրավիճակում հայտնված անձանց մարդասիրական, առողջապահական (ճգնաժամի տևողության և տեղաշարժի ընթացքում համապարփակ առողջապահական ու կանխարգելիչ ծառայությունների մատուցման համակարգի ձևավորում), սոցիալական, տեղեկատվական, հոգեբանական և ճգնաժամի հաղթահարմանն ուղղված այլ աջակցության տրամադրում. արտակարգ իրավիճակների ժամանակ տուժած բնակչության համար հստակ, նպատակային ու արդյունավետ հաղորդակցության և հաշվետվողականության ապահովում՝ ներառյալ որակյալ թարգմանություն, որակյալ և բանիմաց մարդկային ռեսուրսների ապահովում արտակարգ իրավիճակներում հատուկ կարիքներ ունեցող անձանց անմիջական պաշտպանության կարիքներին արձագանքելու համար,

ը. միջազգային տեղաշարժի սահմանափակումների կառավարումը.

Հայաստան տեղափոխվելու սահմանափակում ունեցող ՀՀ քաղաքացիների, ՀՀ-ից մեկնելու կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների և օտարերկրացիների տեղաշարժի սահմանափակումների կառավարում, դրանց հետևանքով առաջացած՝ սոցիալական և տնտեսական հետևանքների մեղմում,

թ. զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման շուրջ միջազգային համագործակցության ընդլայնումը.

այլ պետությունների և միջազգային կառույցների հետ ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համագործակցության և փոխադարձ աջակցության ընդլայնում,

ժ. կայուն դրամական միջոցների նախատեսումը.

զանգվածային ներհոսքի ժամանակ հարկադիր միգրանտների առաջնային կարիքների ապահովման համար անհրաժեշտ դրամական միջոցների նախատեսում, դրամական միջոցների հայթայթման մեխանիզմների ձևավորում.

8) միգրացիայի կառավարման ոլորտում միջազգային և ներպետական համագործակցության հզորացում.

Լինելով բազմաբաղադրիչ՝ միգրացիայի կառավարումը ենթադրում է տարբեր պետական մարմինների, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ սերտ համագործակցություն: Այս առումով Հայաստանի Հանրապետությունն ունի բավականին լավ ավանդույթներ: Տարբեր հարթակների և ձևաչափերի միջոցով Հայաստանի Հանրապետության միգրացիոն ծառայությունը սերտ համագործակցում է միգրացիոն քաղաքականությանն առնչվող բազմաթիվ կազմակերպությունների հետ: Միջազգային կազմակերպությունները մեծ ներդրում ունեն հատկապես ոլորտի կառավարման համար անհրաժեշտ փորձագիտական և խորհրդատվական աջակցության, ինչպես նաև ֆինանսական միջոցների տրամադրման հարցում: Քաղաքացիական հասարակության կառույցների դերը մեծ է հատկապես ծառայությունների մատուցման ոլորտում: Չնայած համագործակցության երկարամյա ավանդույթներին՝ դեռևս շատ անելիքներ կան համագործակցության կողմերի ներգրավման, նրանց հետ համագործակցության մեջ Հայաստանի Հանրապետության դերի մեծացման, փորձի փոխանակման, ազգային օրակարգի բանակցման և այլ ուղղություններով:

Միգրացիայի կառավարման ոլորտում միջազգային և ներպետական համագործակցության հզորացման նպատակից բխող ուղղություններն են՝

ա. տարածաշրջանային և գլոբալ համագործակցության ընդլայնում.

համագործակցության ընդլայնում հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի կառավարման, վիզաների ազատականացման, աշխատանքային միգրացիայի, միգրանտների իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով,

բ. երկկողմ համագործակցության սերտացում.

Հայաստանից էմիգրանտներ ընդունող և դեպի Հայաստան միգրանտներ ուղարկող երկրների հետ երկկողմ համագործակցության սերտացում՝ ընդհանուր հիմնախնդիրները համատեղ լուծելու և ռիսկերը հաղթահարելու (անկանոն միգրացիայի, թրաֆիքինգի, առողջապահական և այլն) նպատակով, դեպի Հայաստան միգրանտ ուղարկող (փաստացի և հնարավոր) երկրների հետ հետընդունման (ռեադմիսիոն) համաձայնագրերի կնքման նպատակով բանակցությունների վարում,

գ. պետական կառույցների միջև համագործակցության ընդլայնում.

միգրացիայի կառավարման գործում դերակատարություն ունեցող պետական կառույցների միջև համագործակցության, տվյալների փոխանակման և ուղղորդման մեխանիզմների բարելավում, զանգվածային ներհոսքի համակառավարման համակարգի ներդնում, միգրացիային առնչվող այլ ոլորտային քաղաքականությունների միջև փոխառնչությունների ապահովում,

դ. միջազգային կազմակերպությունների և ՀՀ քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցության հզորացում.

միգրացիայի կառավարման գործում միջազգային կառույցների և տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այդ թվում՝ նաև միգրանտների տարբեր խմբերի միությունների և ներկայացուցչական կազմակերպությունների)՝ միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրագործման մեջ մասնակցության արդյունավետ մեխանիզմների ներդնում,

ե. միջազգային հարթակներում Հայաստանի դերի մեծացում.

միգրացիայի կառավարման միջազգային հարթակներում Հայաստանի դերի բարձրացում և ազգային օրակարգերի առաջխաղացում,

9) միգրացիայի կառավարման համակարգվածության, միասնականության և արդյունավետության բարձրացում.

իր ձևավորման տարիներից ի վեր միգրացիայի կառավարման քաղաքականությունը և ինստիտուցիոնալ կառուցվածքը զգալի փոփոխություններ են ապրել՝ արձագանքելով Հայաստանում միգրացիոն իրավիճակի փոփոխություններին: Իրավիճակի շարունակական փոփոխությունը և միգրացիոն քաղաքականության տեղական ու միջազգային գերակայությունների վերագնահատումն այսօր էլ արդիական են պահում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը: Տասնամյակների ընթացքում ընդլայնելով կառավարման դաշտն ու հարմարվելով իրավիճակի նոր մարտահրավերներին՝ միգրացիայի կառավարման առկա ինստիտուցիոնալ համակարգը, այնուամենայնիվ, ունի մի շարք բացեր: Պետական տարբեր մարմինների (տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության) միջև միգրացիոն գործառույթների բաշխվածության պատճառով՝ նվազում է միգրացիայի ոլորտի կառավարման արդյունավետությունը և ինտեգրվածությունը, բարդանում է գործողությունների համակարգումը: Միգրացիոն շղթայի տարբեր օղակների մասնատված կառավարման արդյունքում օտարերկրացիները և ոլորտի մյուս շահառուները ստիպված են լինում դիմել մի քանի օղակների: Դանդաղում են հանրային ծառայությունների մատուցման գործընթացները, մեծանում է գործողությունների կրկնիրականացումը, առաջանում են տվյալների փոխանցելիության և տվյալների շտեմարանների սինքրոնացման, ինչպես նաև անձերի և դեպքերի նույնականացման բարդություններ: Այս բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով՝ միգրացիայի կառավարումն անհրաժեշտ է կենտրոնացնել մեկ կառույցի ներքո՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը: Միգրացիայի կառավարման արդյունավետության բարձրացման տեսանկյունից կարևոր է նաև ոլորտի վիճակագրության հավաքագրման համակարգերի և գործընթացների բարելավումը: Այսօր միգրացիայի կառավարման որոշ ուղղություններ ձևավորվում են որպես իրավիճակային արձագանք և ոչ թե ինստիտուցիոնալացված և անհրաժեշտ մեխանիզմներով և մեթոդաբանությամբ օժտված քաղաքականություն (օրինակ՝ սիրիահայերի ընդունումն ու ինտեգրումը): Միգրացիայի կառավարման որոշ բաղադրիչներ ձևավորվում են ոլորտի վերաբերյալ վիճակագրական տվյալների պակասի, առկա տեղեկատվական շտեմարանների անհամատեղելիության և իրավիճակի լիարժեք վերլուծության բացակայության պայմաններում (օրինակ՝ օտարերկրացիների աշխատանքի կառավարումը): Սրանք մարտահրավերներ են, որոնց հաղթահարումը կարևոր նախապայման է միգրացիոն քաղաքականության մշակումը փաստահենք դարձնելու, քաղաքականության ուղղություններն իրավիճակի բազմակողմանի գնահատման և կանխատեսումների հիման վրա ձևավորելու, ինչպես նաև միգրացիոն գործընթացների բացասական ազդեցությունը կրճատելու, իսկ դրականը՝ մեծացնելու համար:

Միգրացիայի կառավարման համակարգվածության, միասնականության և արդյունավետության բարձրացման նպատակից բխող ուղղություններն են՝

ա. միգրացիայի համապարփակ կառավարման ինստիտուցիոնալ հենքի ստեղծումը.

օտարերկրյա քաղաքացիների հետ կապված բոլոր գործառույթների կենտրոնացում մեկ պետական մարմնում,

բ. միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրագործման փաստահենքության մեծացումը.

մասնավորապես՝

1) միգրացիոն հոսքերի և միգրացիոն գործընթացների վիճակագրության վարման բարելավում, քաղաքականության ձևավորման կարիքներին (մասնավորապես՝ ունենալ տարբեր հատկանիշներով տարբերակված վիճակագրություն) և Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ստանդարտներին համապատասխանեցում.

2) միգրացիոն քաղաքականության ուսումնասիրությունների և փորձաքննության հզորացում ուղղված, մասնավորապես՝ իմիգրացիոն հոսքերի ուսումնասիրությանը, միտումների գնահատմանը և կանխատեսումներին, ՀՀ-ում ընթացող գործընթացների՝ արտահոսքի և ներհոսքի տեմպերի վրա ազդեցության գնահատմանը, Հայաստանի ժողովրդագրական դինամիկայի վրա միգրացիոն տարբեր հոսքերի ազդեցության ուսումնասիրմանը, գնահատմանը և կանխատեսումներին.

գ. միգրացիոն քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատման արդյունավետության բարձրացումը.

դ. միգրանտների տարբեր խմբերին տրամադրվող հանրային ծառայությունների որակի բարելավումը և հասանելիության մեծացումը.

մասնավորապես՝

1) միգրանտների տարբեր խմբերին տրամադրվող կացարանային, կրթական, առողջապահական, իրավաբանական, տեղեկատվական, միջազգային պաշտպանության, կացության կարգավիճակի տրամադրման և այլ ծառայությունների արդյունավետության և որակի բարձրացում, ինչպես նաև հասանելիության ընդլայնում.

2) ծառայությունների մատուցման ընթացքում առաջացած հիմնախնդիրների արձանագրման և լուծումների ձևավորման մեխանիզմների ներդնում.

3) հաշվետվողականության մեխանիզմների բարեփոխում.

ե. միգրացիայի կառավարման կարողությունների զարգացումը.

մասնավորապես՝

1) միգրացիայի կառավարմանը մասնակից պետական կառույցների աշխատակիցների որակավորման բարձրացում և կարողությունների շարունակական զարգացում.

2) պետական կառույցների զինում համապատասխան ենթակառուցվածքներով, ինչպես նաև տեղեկատվական, կապի և այլ անհրաժեշտ տեխնոլոգիաներով.

3) Հայաստանում ձևավորված տեղական փորձի գնահատում և կուտակում, դրա փոխանցելիության ապահովում.

4) այլ պետությունների և կառույցների հետ փորձի փոխանակման ընդ-

լայնում.

զ. ներքին միգրացիայի ներմուծում միգրացիայի կառավարման քաղաքականության օրակարգ.

ներքին միգրացիային հետևելու արդյունավետ համակարգի ստեղծում. ներքին միգրացիայով պայմանավորված ժողովրդագրական մարտահրավերների գնահատում և դրանց հաղթահարման ուղիների մշակում.

է. դրամական կայուն միջոցների ապահովման մեխանիզմների ստեղծում.

միգրացիայի պետական կառավարման շրջանակում նախատեսվող գործողությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների (ՀՀ պետական բյուջեից հատկացումների և օրենքով չարգելված այլ միջոցների) ձեռքբերման կայուն մեխանիզմների ստեղծում:

 

8. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

23. Հայեցակարգը, լինելով ՀՀ միգրացիոն քաղաքականության հիմնարար և համապարփակ փաստաթուղթ, հիմք է հանդիսանալու իրենից բխող չորս ծրագրերի մշակման համար՝

● ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման,

● միգրացիոն հոսքերի կառավարման,

● հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման,

● հայրենադարձության խթանման:

24. Ծրագրերը հաստատվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով։ Ծրագրերից յուրաքանչյուրն ունենալու է գործողությունների փաստահենք, կարիքահենք և գենդերազգայուն ծրագրեր, որոնք կսահմանեն ծրագրային նպատակներին հասնելու գործնական քայլերը, ակնկալվող արդյունքները և դրանց գնահատման մեթոդաբանությունը: Մասնավորապես՝ ինտեգրման և վերաինտեգրման ծրագիրը և գործողությունների ծրագիրը կձևակերպեն այն միջոցառումները, որոնց իրագործումը կնպաստի սույն հայեցակարգում ձևակերպված ինտեգրման և վերաինտեգրման նպատակների իրագործմանը: Միգրացիոն հոսքերի կառավարման ծրագիրը և գործողությունների ծրագիրը կսահմանեն այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են անկանոն և անօրինական միգրացիայի դեմ պայքարի, սահմանների, մուտքի, ելքի և օտարերկրացիների կացության կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև միգրանտների տարբեր խմբերի իրավունքների և շահերի պաշտպանության բարելավման և միջազգային պաշտպանության համակարգի կատարելագործման համար: Հարկադիր միգրանտների զանգվածային ներհոսքի ճգնաժամային կառավարման ծրագիրը և գործողությունների ծրագիրը կձևակերպեն այն գործնական միջոցառումները, որոնք անհրաժեշտ են ներկայումս նոր տեսակի կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված պատերազմով պայմանավորված ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև հնարավոր նոր ճգնաժամերով պայմանավորված միգրացիոն հոսքերի կառավարման համար: Հայրենադարձության խթանման ծրագիրը և միջոցառումների ծրագիրը կձևակերպեն կոնկրետ միջոցառումներ, որոնք հայրենադարձների տարբեր խմբերի (ընտանիքով վերադարձողներ, բիզնես գործունեություն նախաձեռնողներ, նախապես աշխատանքի առաջարկ ստացողներ և այլն) կխրախուսեն իրականացնել հայրենադարձության ռացիոնալ որոշում:

25. Հայեցակարգի և ծրագրերի լիարժեք և արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվելու է Միգրացիոն քաղաքականության հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ), որը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, իսկ ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո՝ ներքին գործերի նախարարը։ Խորհուրդը միավորելու է բոլոր շահագրգիռ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և միգրանտների տարբեր խմբերի միավորումների ներկայացուցիչներին:

26. Հայեցակարգի և ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով՝ պատասխանատու մարմինները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից 10 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի քարտուղարություն են ներկայացնում հաշվետվություն: Խորհրդի քարտուղարությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունների փաթեթը ներկայացնում է խորհրդին և հրապարակում ինտերնետային իր պաշտոնական կայքում: Կիսամյակային հաշվետվությունների հիման վրա խորհուրդը մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ն ընդունում է հայեցակարգի և ռազմավարությունների կատարման տարեկան հաշվետվություն։

27. Հայեցակարգի և ծրագրերի ընթացքի մշտադիտարկումը և գնահատման գործառույթներն իրականացնում է միգրացիոն ծառայությունը, իսկ ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո՝ միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայությունը (խորհրդի քարտուղարություն), որը յուրաքանչյուր տարվա վերջում մշտադիտարկման ու գնահատման արդյունքները ներկայացնում է խորհրդին՝ հիմք ստեղծելով հայեցակարգի և ծրագրերի ընթացքի վերաբերյալ քաղաքական քննարկումներ մեկնարկելու համար: Առավել համապարփակ ու բազմակողմանի գնահատում ունենալու նպատակով՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններն առնվազն յուրաքանչյուր կիսամյակ կարող են իրականացնել անկախ մշտադիտարկում ու գնահատում և դրանց արդյունքները ներկայացնել խորհուրդ:

28. Խորհուրդը յուրաքանչյուր տարվա վերջում՝ խորհրդի քարտուղարության կողմից տարեկան ամփոփ հաշվետվությունը ստանալուց ու վերլուծելուց հետո, համապատասխան պատասխանատու մարմինների ներգրավմամբ, կարող է առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը՝ վերանայելու հայեցակարգն ու ծրագրերը՝ հիմնվելով մշտադիտարկման արդյունքների վրա:

29. Հայեցակարգի և ծրագրերի ազդեցության գնահատման նպատակով՝ խորհուրդը միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա չափվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում խորհուրդը կարող է նախաձեռնել հայեցակարգի և ծրագրերի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման ու փոփոխությունների նոր շրջափուլ:

30. Գործընթացի նկատմամբ առավել թափանցիկություն ապահովելու նպատակով՝ հայեցակարգը և ծրագրերը տեղադրվում են միգրացիոն ծառայության պաշտոնական կայքէջում: Կայքէջում տեղադրվում են նաև խորհրդի տարեկան հաշվետվությունները:

31. Ակնկալվում է, որ հայեցակարգի ուղենշած աշխատանքների իրականացման արդյունքում՝

● կմեծանա սահմանների կառավարման արդյունավետությունը,

● կբարձրանա միգրանտների տարբեր խմբերի ինտեգրվածության և իրավունքների պաշտպանվածության մակարդակը,

● կկրճատվի անկանոն և անօրինական միգրացիան,

● կմեծանա միգրացիոն ճգնաժամերին արձագանքելու պատրաստվածությունը:

32. Այս արդյունքներն իրենց հերթին կնպաստեն Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացի արագացմանը, Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակների, միգրացիայի հարցով գլոբալ դաշնագրի և փախստականների հարցով գլոբալ դաշնագրի նպատակների իրագործմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության սերտացմանը:

 

9. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

33. Հայեցակարգով սահմանված հիմնախնդիրների լուծման և սահմանված ռազմավարական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ճշգրիտ գնահատականը հնարավոր է տալ հայեցակարգի դրույթներից բխող չորս ծրագրերի շրջանակներում:

34. Հայեցակարգով նախանշված ուղղություններով աշխատանքների իրականացումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ շահագրգիռ մարմիններին տրամադրվող միջոցների շրջանակում), միջազգային կազմակերպությունների կամ օտարերկրյա պետությունների կողմից նպատակային ֆինանսավորման, հասարակական կազմակերպությունների կողմից ռազմավարությունների և դրանցից բխող գործողությունների իրականացման նպատակային ֆինանսավորման և Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրների հաշվին:

 

10. ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

35. Հայեցակարգով սահմանվում են միգրացիայի կառավարման ոլորտում պետության հանձնառությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայկական սփյուռքի և միջազգային հանրության հանդեպ, ինչպես նաև ուղենշվում են այն ոլորտները, որոնց շուրջ ոլորտում գործող տարբեր դերակատարները հրավիրվում են համագործակցության:

36. Միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարման նպատակով՝ մի կողմից քայլեր կձեռնարկվեն հայեցակարգում նախանշված հիմնախնդիրների հաղթահարման, մյուս կողմից՝ դրանց պատճառների (կառավարման միասնականության և համակարգման բացեր և կարողությունների պակաս) վերացման ուղղությումբ: Միաժամանակ կարևորություն կտրվի գիտելիքի և փորձի կուտակման մեխանիզմների ստեղծմանը, շարունակական վերապատրաստումներին, միջազգային համագործակցության ընդլայնմանը և միգրացիոն քաղաքականությունը կիրարկող մարմինների՝ ենթակառուցվածքային և տեխնոլոգիական զինմանը, որոնք շատ կարևոր են միգրացիայի կառավարման կազմակերպման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման առումով:

37. Միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնվող բարեփոխումները սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության, վերադարձի ու վերաինտեգրման, մարդկանց թրաֆիքինգի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում կնպաստեն Եվրոպական միության հետ կապերի ամրապնդմանը և ճանապարհ կհարթեն վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների համար։ Նախատեսվող բարեփոխումները նաև թույլ կտան ամրապնդել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում՝ դյուրացնելով աշխատուժի շարժունակությունը և նպաստելով տնտեսական զարգացմանը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

20.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

մայիսի 20-ի N 801-Լ որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

Գործողությունը

Կատարողը (hամակատարողը)

ժամկետը

1.

«Հայաստանի Հանրապետության միգրացիոն քաղաքականության՝ ինտեգրման և վերաինտեգրման խնդիրների կարգավորման 2021-2031 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2021-2025 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2021 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ

2.

«Միգրացիոն հոսքերի կառավարման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

ՀՀ ներքին գործերի նախարարություն1

ՀՀ ներքին գործերի նախարարության  ձևավորումից 9 ամիս հետո

3.

«Հարկադիր միգրանտների զանգվածային

ներհոսքի ճգնաժամային կառավարման

ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

ներկայացում ՀՀ վարչապետի

աշխատակազմ

ՀՀ տարածքային կառավարման

և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

2022 թ. հունվարի 3-րդ տասնօրյակ

4.

«Հայրենադարձության խթանման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2022 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ

(հավելվածը խմբ. 06.08.21 N 1283-Լ)

___________________

1 Նոր նախարարության ձևավորումը նախատեսված է 2020 թ. ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշման N 2 հավելվածի երկրորդ ուղղության 3-րդ կետով։ ՀՀ կառավարությունը 2021 թ. ապրիլի 15-ի N 586-Ա որոշմամբ հավանություն է տվել ՆԳ նախարարության ձևավորումն ապահովող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։ Բարեփոխումների իրականացումն ապահովող օրենսդրական նախագծերի վերոհիշյալ փաթեթը ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

20.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2021 թվական: