Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (27.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.23-2021.09.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1543/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1543/02/17

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Կարապետյան  

Դատավորներ՝

Ա. Մխիթարյան

 

Ն. Մարգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

2021 թվականի մայիսի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լիլիթ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լիլիթ Հովհաննիսյանի ընդդեմ «Ֆրանս-Հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ)` «Հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին» 14.03.2017 թվականի թիվ 06-Ա/17 և «Հիմնադրամի ուսումնական աշխատանքի գծով պատասխանատու (այժմ` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ) Լիլիթ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու մասին» 20.03.2017 թվականի թիվ 08-Ա/17 հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, միջին օրական աշխատավարձի երեսնապատկի չափով արձակման նպաստ և ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանք բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Լիլիթ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել «Հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին» 14.03.2017 թվականի թիվ 06-Ա/17 և «Հիմնադրամի ուսումնական աշխատանքի գծով պատասխանատու (այժմ` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ) Լիլիթ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու մասին» 20.03.2017 թվականի թիվ 08-Ա/17 հրամանները, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, Հիմնադրամից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, միջին օրական աշխատավարձի երեսնապատկի չափով արձակման նպաստ և ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանք` հիմք ընդունելով Լիլիթ Հովհաննիսյանի միջին օրական աշխատավարձի չափը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 13.12.2018 թվականի վճռով հայցը` «Հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին» 14.03.2017 թվականի թիվ 06-Ա/17 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասով, մերժվել է, իսկ գործի վարույթը` «Հիմնադրամի ուսումնական աշխատանքի գծով պատասխանատու (այժմ` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ) Լիլիթ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու մասին» 20.03.2017 թվականի թիվ 08-Ա/17 հրամանն անվավեր ճանաչելու, միջին օրական աշխատավարձի երեսնապատկի չափով արձակման նպաստ և ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանք բռնագանձելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշմամբ Լիլիթ Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Լիլիթ Հովհաննիսյանի (ներկայացուցիչ Մուրադ Ասրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հիմնադրամի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը կիրառելի չէ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, քանի որ հիմնադրամի և բաժնետիրական ընկերությունների իրավական կարգավիճակները տարբեր են, մասնավորապես՝ բաժնետիրական ընկերությունն առևտրային կազմակերպություն է, իսկ հիմնադրամը` ոչ առևտրային կազմակերպություն, հիմնադրամի հիմնադիրը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ, իսկ բաժնետիրական ընկերությունը ստեղծվում է շահույթ ստանալու նպատակի հետապնդմամբ: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը կիրառելի է միայն բաժնետիրական ընկերությունների նկատմամբ, քանի որ այդ որոշման մեջ հիշատակված` տնտեսական գործունեություն, բաժնետիրական ընկերության բաժնետերերի շահեր, շուկայական տնտեսություն, ձեռնարկատիրական գործունեություն, ազատ տնտեսական մրցակցություն տերմինները կիրառելի են միայն բաժնետիրական ընկերությունների ոլորտի նկատմամբ, այլ ոչ թե հիմնադրամների:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լիլիթ Հովհաննիսյանի և Հիմնադրամի միջև 22.04.2016 թվականին կնքված թիվ N 02/16 աշխատանքային պայմանագրի «Աշխատանքային պարտականությունների նկարագիր հավելված 1» փաստաթղթի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Լիլիթ Հովհաննիսյանը չի իրականացրել ուսումնադաստիարակչական գործառույթներ, այլ իրականացրել է Հիմնադրամի կառավարում և համակարգում:

3) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 113-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Լիլիթ Հովհաննիսյանին Հիմնադրամի տնօրենի պաշտոնից ազատելու մասին հրամանի իրավական հիմքում դրվել է նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչի պայմաններում գործատուն պարտավոր էր այդ մասին աշխատողին ծանուցել նույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետներում, ինչպես նաև իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք և միայն աշխատողի հրաժարվելու դեպքում իրավունք ուներ լուծել աշխատանքային պայմանագիրը: Մինչդեռ տվյալ դեպքում Հիմնադրամի նախագահը, թեև 14.03.2017 թվականին Լիլիթ Հովհաննիսյանին ներկայացրել է ծանուցում՝ առաջարկելով ուսումնական աշխատանքների գծով պատասխանատուի պաշտոնը՝ տալով 3 օր ժամանակ, որը Լիլիթ Հովհաննիսյանը ստացել է 16.03.2017 թվականին, սակայն չի սպասել պատասխանի և 14.03.2017 թվականին լուծել է Լիլիթ Հովհաննիսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:

4) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործատուն պարտավոր է մինչև կարգապահական տույժի կիրառումը աշխատողից պահանջել խախտման մասին գրավոր բացատրություն, մինչդեռ տվյալ դեպքում 2016 թվականի արձանագրությունները և էլեկտրոնային նամակագրությունները չեն կարող ապացույց հանդիսանալ գործատուի կողմից կարգապահական տույժի կիրառման վերոհիշյալ պահանջը կատարելու վերաբերյալ այն պարագայում, երբ 2016 թվականից հետո աշխատանքային իրավահարաբերությունները շարունակվել են և աշխատանքային պայմանագիրը լուծվել է միայն 14.03.2017 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Հիմնադրամի՝ վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Լիլիթ Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով որոշումը, մինչդեռ բողոքաբերի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ ինչպես բաժնետիրական ընկերությունը, այնպես էլ հիմնադրամը իրավաբանական անձի տեսակ են:

Բողոք բերած անձը հաշվի չի առել, որ Հիմնադրամի տնօրենի ֆունկցիոնալ պարտականությունները ներառել են նաև ուսումնադաստիարակչական գործառույթներ:

Բողոք բերած անձն անտեսել է, որ 11.11.2016 թվականի արձանագրությամբ, ինչպես նաև կողմերի էլեկտրոնային նամակագրությամբ հաստատվում է, որ հոգաբարձուների խորհրդի նախագահը բազմիցս բացատրություն է պահանջել Լիլիթ Հովհաննիսյանից վերջինիս կողմից թույլ տրված թերացումների և խախտումների վերաբերյալ և քննարկել դրանք նաև Լիլիթ Հովհաննիսյանի հետ, սակայն վերջինս չի վիճարկել և ավելին՝ ընդունել է նշված թերացումները: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ նամակագրությունները չեն համարվում բացատրություն, ապա վերջիններիս միջև ձևավորված սովորույթների համաձայն և հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լ. Մանզանարեսը գտնվում է ՀՀ-ից դուրս, ապա նամակագրություններով ևս հաստատվում է բացատրություն պահանջելու և Լիլիթ Հովհաննիսյանի կողմից ներկայացված պատասխաններով բացատրություն տալու փաստերը:

Բողոք բերած անձը հաշվի չի առել, որ Լիլիթ Հովհաննիսյանը միաժամանակ զբաղեցրել է ինչպես Հիմնադրամի տնօրենի, այնպես էլ Հիմնադրամի ուսումնական աշխատանքի գծով պատասխանատուի (ուսումնական աշխատանքների գծով տեղակալի) պաշտոնները, և վերջինիս Հիմնադրամի տնօրենի պաշտոնից ազատելիս առաջարկվել է պահպանել Հիմնադրամի ուսումնական աշխատանքի գծով պատասխանատուի պաշտոնը, ուստի դա ևս համարվում է առաջարկ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1. Հիմնադրամի խորհրդի նախագահ Լ. Մանզանարեսի 14.03.2017 թվականի թիվ 06-Ա/17 հրամանով Լիլիթ Հովհաննիսյանն ազատվել է Հիմնադրամի տնօրենի պաշտոնից, իսկ նրա հետ 22.04.2016 թվականին կնքված թիվ 02/16 աշխատանքային պայմանագիրը լուծվել է: Հրամանի փաստական հիմքում դրվել է 09.03.2017 թվականին հրավիրված Հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստի ընթացքում ընդունված որոշումը, իսկ իրավական հիմքում՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերը, 120-րդ հոդվածի 1-ին մասը, 122-րդ հոդվածի 2-րդ մասը (հատոր 1-ին, գ.թ. 210):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հիմնադրամի կառավարչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը հոգաբարձուների խորհրդի կողմից ցանկացած ժամանակ լուծելու օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով նախատեսված առանձնահատկություններին:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի՝ աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ աշխատանք՝ պահպանելով աշխատավայրում սահմանված աշխատանքային կարգապահությունը, իսկ գործատուն պարտավորվում է աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ պայմանագրով, կողմերի համաձայնությամբ նախատեսված աշխատանքային պայմաններ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով սահմանված են գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման սպառիչ հիմքերը։

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝ հոգաբարձուների խորհուրդը, կառավարիչը (տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը):

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը:

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը: Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը: Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը: Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են նույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:

 «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել կառավարչի հետ կնքված պայմանագիրը օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության հիման վրա անդրադառնալով հիմնադրամի կառավարման մարմիններին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է՝ ի տարբերություն անդամության/մասնակցության վրա հիման իրավաբանական անձանց, որոնց դեպքում կառավարման բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է։ Ավելին, եթե, օրինակ, բաժնետիրական ընկերությունների դեպքում խորհրդի ստեղծումը պարտադիր է 50 և ավելի բաժնետիրոջ առկայության դեպքում, իսկ հասարակական կազմակերպության դեպքում կանոնադրությամբ է որոշվում ստեղծել խորհուրդ, թե ոչ, հիմնադրամների դեպքում հոգաբարձուների խորհրդի ստեղծումը պարտադիր է։ Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնադրամն անդամություն վրա չհիմնվող ոչ առևտրային կազմակերպություն է, այսինքն՝ ընդհանուր ժողովի գոյությունը բացառվում է, ուստի անհրաժեշտ է կառավարման մի մարմին, որը կապահովի և կվերահսկի հիմնադրի կողմից որոշված նպատակների իրականացումը հիմնադրամի գործունեության ընթացքում։ Հետևաբար հենց հոգաբարձուների խորհուրդն էլ համարվում է հիմնադրամի բարձրագույն մարմին, որն ապահովում է հիմնադրամի նպատակների կենսագործումը։

 «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 4-րդ մասի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ: Ավելին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, համանախագահները և մյուս անդամները չեն համարվում հիմնադրամում պաշտոն զբաղեցնող անձ և իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման կարգավորման նպատակն է ընդգծել հոգաբարձուների խորհրդի դերը հիմնադրամի գործունեության համար՝ բացառելով որևէ անձնական կամ այլ շահագրգռվածությունը հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելիս։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե դատարանները սահմանափակվեն զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնան այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տե՛ս, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով դիմելով դատարան՝ Լիլիթ Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել «Հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին» 14.03.2017 թվականի թիվ 06-Ա/17 և «Հիմնադրամի ուսումնական աշխատանքի գծով պատասխանատու (այժմ` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ) Լիլիթ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու մասին» 20.03.2017 թվականի թիվ 08-Ա/17 հրամանները, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, Հիմնադրամից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը, միջին օրական աշխատավարձի երեսնապատկի չափով արձակման նպաստ և ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանք` հիմք ընդունելով Լիլիթ Հովհաննիսյանի միջին օրական աշխատավարձի չափը:

Դատարանը վճռել է հայցը՝ «Հիմնադրամի տնօրեն Լիլիթ Հովհաննիսյանին տնօրենի պաշտոնից ազատելու մասին» 14.03.2017 թվականի թիվ 06-Ա/17 հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասով, մերժել, իսկ գործի վարույթը` «Հիմնադրամի ուսումնական աշխատանքի գծով պատասխանատու (այժմ` ուսումնական աշխատանքների գծով տեղակալ) Լիլիթ Հովհաննիսյանին աշխատանքից ազատելու մասին» 20.03.2017 թվականի թիվ 08-Ա/17 հրամանն անվավեր ճանաչելու, միջին օրական աշխատավարձի երեսնապատկի չափով արձակման նպաստ և ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար տուժանք բռնագանձելու պահանջների մասով, կարճել:

Դատարանը պատճառաբանել է, որ պատասխանող կողմի փաստարկն առ այն, որ պատասխանողն իրավունք ուներ ցանկացած ժամանակ և առանց որևէ պատճառաբանության լուծել Հիմնադրամի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, իրավաչափ է, սակայն նկատի ունենալով, որ սույն պարագայում վեճի առարկան ոչ թե պայմանագիրը լուծելու իրավունքն է որպես այդպիսին, այլ որոշակի անհատական իրավական ակտը, որի հիմքում դրվել են նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 6-րդ կետերը, 120-րդ հոդվածի 1-ին մասը, 122-րդ հոդվածի 2-րդ մասը, Դատարանը գտել է, որ վիճարկվող հրամանի իրավաչափության հարցը պետք է պարզվի նաև այդ իրավական հիմքերի համատեքստում:

Վերլուծելով գործի փաստական հանգամանքները՝ Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ հայցվորը, որպես Հիմնադրամի տնօրեն, կատարել է այնպիսի գործողություններ կամ դրսևորել այնպիսի անգործություն, որը վկայում է վերջինիս կողմից զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու մասին, և բավարար հիմք է տվել վերջինիս հանդեպ պատասխանողի կողմից վստահությունը կորցնելու համար: Դատարանը նաև հաստատված է համարել, որ պատասխանողը, մինչև հայցվորի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծումը, բացատրություն է պահանջել հայցվորից վերջինիս վերագրվող խախտումների վերաբերյալ և քննարկել դրանք, ինչպես նաև առաջարկել է հայցվորին իր մասնագիտությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխանող այլ աշխատանք: Դատարանը հիմնավոր է համարել պատասխանող կողմի նաև այն փաստարկը, որ հայցվորն իրականացրել է ուսումնադաստիարակչական գործառույթներ, որի ընթացքում թույլ է տվել տվյալ աշխատանքը շարունակելու հետ անհամատեղելի արարք:

Անդրադառնալով հայցվոր կողմի փաստարկին առ այն, որ պահպանված չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջը, Դատարանն արձանագրել է, որ հայցվորի հետ կնքված պայմանագրի լուծման հիմքում դրված է եղել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը: Ուստի այս պարագայում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 123-րդ հոդվածի ուժով պատասխանողն իրավունք է ունեցել լուծել աշխատանքային պայմանագիրը՝ առանց հայցվորին ծանուցելու:

Այսպիսով Դատարանը գտել է, որ Հիմնադրամի խորհրդի նախագահ Լ. Մանզանարեսի 14.03.2017 թվականի թիվ 06-Ա/17 հրամանն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն:

Վերաքննիչ դատարանը մերժել է հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը՝ պատճառաբանելով, որ թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումը կիրառելի է նաև սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ, քանի որ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը բովանդակային առումով նույնանման է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված դրույթի բովանդակության հետ:

Վերոգրյալի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ նույնիսկ առանց որևէ պատճառաբանության որոշում կայացնել հիմնադրամի կառավարչին աշխատանքից ազատելու մասին: Ընդ որում, ասվածը նշանակում է նաև, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիմքով բացատրություն պահանջելու, որոշակի ժամկետում ծանուցելու, այլ աշխատանք առաջարկելու կամ այլ պարտականություն գործատուն այս դեպքում չի կրում:

Այսպիսով Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ վերաքննիչ բողոքը կիրառելի օրենսդրության հիմքի մասով հիմնավորված չէ, իսկ ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին, ապա Վերաքննիչ դատարանը գտել է որ դրանք վերոգրյալ պատճառաբանությունների լույսի ներքո հերքվում են և չեն կարող քննարկվող հարցի այլ լուծում պայմանավորել, ուստի Վերաքննիչ դատարանը դրանք առանձին քննարկման առարկա չի դարձրել:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ ԵԿԴ/1896/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 28.12.2015 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված «ցանկացած ժամանակ» ձևակերպումը, որը ենթադրում է այդպիսի անհրաժեշտության առաջացման դեպքում յուրաքանչյուր պահի ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու հնարավորության առկայություն, ըստ էության, բխում է շուկայական տնտեսության պահանջներից` հաշվի առնելով բաժնետիրական ընկերությունների տնտեսական գործունեության ազատությունը և ազատ տնտեսական մրցակցությունը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ընկերության տնօրենի հետ պայմանագիրը լուծելու վերաբերյալ համապատասխան մարմնի որոշումը կարող է չպարունակել այդպիսի որոշման որևէ պատճառաբանություն, ինչը ևս բխում է տնտեսական գործունեության ազատության և տնտեսական մրցակցության սկզբունքից, հաշվի առնելով, որ այդպիսի որոշում կայացնելու դրդապատճառները կարող են կապված լինել օրինակ, առևտրային գաղտնիքի, կամ նոու-հաուի (know-how) հետ և այլն: Մինչդեռ վերոհիշյալ դիրքորոշումը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող կիրառելի լինել սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ հետապնդող՝ ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող հիմնադրամների կառավարիչների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու իրավահարաբերությունների նկատմամբ, քանի որ նախևառաջ, հիմնադրամները չեն ծավալում տնտեսական գործունեություն և բացի այդ, ի տարբերություն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ կետի, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված է, որ կառավարչի հետ կնքված պայմանագիրը հոգաբարձուների խորհրդի կողմից ցանկացած ժամանակ լուծելու իրավունքը պետք է իրացվի օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով, ինչից ուղղակիորեն բխում է, որ դատարանները հիմնադրամի կառավարչի հետ աշխատանքային հարաբերությունների խզումը գնահատելիս պարտավոր են քննել և պարզել այն հարցը, թե արդյոք պահպանվել է աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգը:

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել աշխատանքային պայմանագրի լուծման կարգի իրավաչափության վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, ինչը պարտավոր էր անել:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-365-րդ հոդվածների և 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ հայցվոր Լիլիթ Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքում բերված հիմքերը և հիմնավորումները քննելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. Հակոբյան

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան