Գլխավոր տեղեկություն
Համար
N 1201-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.07.2021-02.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1201-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ (ԴՐԵՆԱԺԱՅԻՆ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի միջոցով հետադարձ ջրերի տեղափոխման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելը (դրենաժային համակարգերի միջոցով ջրի ընդունում և փոխադրում) իրականացվում է պայմանագրային հիմունքներով, և մատուցած ծառայությունների վճարի չափ է սահմանվում 0.11 դրամ/մ3՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգից օգտվողների ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման ժամանակ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու դեպքում պահանջել սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով նախատեսված ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության հետ կնքած պայմանագիրը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 22-ի N 1201-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ (ԴՐԵՆԱԺԱՅԻՆ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արարատյան հարթավայրի ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, ցամաքուրդներում (դրենաժներում) ջրի մակարդակի և հարակից տարածքների գրունտային ջրերի բարձրացման, հողերի գերխոնավեցման, բնակավայրերի ջրակալման, հողերի աղակալման և ալկալիացման, տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով սույն կարգով (այսուհետ՝ կարգ) նախատեսվում է իրականացնել ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի միջոցով ջրի փոխադրման ծառայությունների մատուցումը:

2. Կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները՝

1) ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր՝ գրունտային ջրերի մակարդակն իջեցնող և դրանց հեռացման համար անցկացվող բաց ջրանցքների, փակ ցամաքուրդների (դրենաժների), չորացման հորերի և համապատասխան ՀՏԿ-ների համակարգ.

2) ցամաքուրդային ջրեր՝ հողերի ցամաքեցման (գրունտային ջրերի մակարդակի իջեցման) հետևանքով ցամաքուրդային ջրահեռացման համակարգ ներթափանցած ջրեր.

3) ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվող (այսուհետ՝ օգտվող)՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն իր կողմից օգտագործված ջրերը պայմանագրային հիմունքներով փոխադրում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր.

4) հետադարձ ջրեր՝ օգտագործված ջրեր, որոնք հեռացվում են ջրընդունիչ՝ դրենաժային համակարգերի միջոցով.

5) հետադարձ ջուր փոխադրող՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր շահագործող իրավաբանական անձ.

6) շահագործող՝ ընկերություն, որը շահագործում, սպասարկում և պահպանում է իր հաշվեկշռում հաշվառված ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը.

7) ջրթափ՝ օգտվողի կողմից հետադարձ ջրերը ցամաքուրդային (դրենաժային) համակարգեր լցնելու կետը:

3. Կարգը կարգավորում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերով հետադարձ ջրի փոխադրումն իրականացնելու պայմանները:

4. Կարգով սահմանվում է ջրթափի միջոցով ցամաքուրդի (դրենաժի) մեջ փոխադրված հետադարձ ջրերի անխափան փոխադրումը՝ իրականացնելով այդ ցամաքուրդի (դրենաժի) անհրաժեշտ ծավալներով մաքրման, նորոգման և պահպանման աշխատանքները:

5. Ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու դեպքում կնքվում է սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված օրինակելի պայմանագիրը:

6. Ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու ծառայություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով, և մատուցված ծառայությունների համար սահմանվում է վճար:

 

2. ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ (ԴՐԵՆԱԺԱՅԻՆ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Կանոններով սահմանվում են Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, պաշարները խնայողաբար օգտագործելու, ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակը բարելավելու նպատակով ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու պայմանները (այսուհետ՝ պայմաններ):

8. Հետադարձ ջուր փոխադրողը սույն որոշման N 2 հավելվածով հաստատված օրինակելի պայմանագրի դրույթներին համապատասխան մատուցում է ծառայություններ:

9. Հետադարձ ջուր փոխադրողը պարտավոր է ջրընդունումից հետո ապահովել ցամաքուրդի (դրենաժի) բնականոն ընթացքը:

10. Հետադարձ ջուր փոխադրողը պարտավոր է յուրաքանչյուր տարի, առնվազն մեկ անգամ ցամաքուրդի (դրենաժի) մեջ արտանետվող հետադարձ ջրերի կենսաբանաքիմիական կազմի լաբորատոր հետազոտություն իրականացնել:

11. Ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի միջոցով փոխադրված հետադարձ ջրերը ենթակա են հաշվառման օգտվողի կողմից տեղադրված և շահագործող կազմակերպության կողմից կապարակնքված ջրաչափական սարքի (սարքերի) ցուցմունքին համապատասխան: Ջրաչափական սարքի խափանման և (կամ) բացակայության դեպքում արտանետվող փաստացի ջրաքանակը հաշվառվում է հետադարձ ջուր փոխադրողի և օգտվողի համատեղ չափումների հիման վրա՝ ժամանակավորապես տեղադրված չափիչ սարքի միջոցով, մինչև այն կվերականգնվի և (կամ) կտեղադրվի օգտվողի կողմից:

12. Ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի շահագործող կազմակերպությունը պարտավոր է հաշվարկել ցամաքուրդի (դրենաժի) միջոցով փոխա դրվող հետադարձ ջրերի ծավալի ու դրանց դիմաց վճարման ենթակա գումարի չափերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

հուլիսի 22-ի N 1201-Ն որոշման

 

Ձև

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔՈՒՐԴԱՅԻՆ (ԴՐԵՆԱԺԱՅԻՆ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԵՏԱԴԱՐՁ ՋՐԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

 

ՀՀ -----------------------------------------------մարզ, քաղաք/գյուղ ---------------------- -------- ------------------ 20 թ.

___________________________________________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը և (կամ) ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Այսուհետ՝ օգտվող, ի դեմս

___________________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանուն, պաշտոնը)

 

որը գործում է

--------------------------------------------------------------------

(կանոնադրության, լիազորագրի)

հիման վրա,

 

 

մի կողմից, և

------------------------------------------------------

(շահագործող կազմակերպությունը)

 այսուհետ՝ ընկերություն, ի դեմս

ընկերության տնօրեն՝ ------------------------------------------, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն պայմանագրով ընկերությունը պարտավորվում է օգտվողին մատուցել սույն պայմանագրի 2-րդ կետում նշված ծառայությունները, իսկ օգտվողը պարտավորվում է վճարել մատուցված ծառայությունների համար:

2. Ընկերությունը պարտավորվում է իրականացնել օգտվողի կողմից ջրթափից հետադարձ ջրերի անխափան փոխադրումը՝ իրականացնելով մաքրման, նորոգման և պահպանման աշխատանքները:

3. Ծառայությունների մատուցման ժամկետն է՝________________ 20 թ. մինչև ___________________20 թ.:

4. Ցամաքուրդային (դրենաժային) համակարգերի միջոցով փոխադրված հետադարձ ջրերը հաշվառվում են օգտվողի կողմից սահմանված կարգով ստուգաչափված, տեղադրված և կապարակնքված ջրաչափական սարքի (սարքերի) ցուց մունքին համապատասխան: Ջրաչափական սարքի խափանման և (կամ) բացակայության դեպքում փոխադրվող փաստացի ջրաքանակը հաշվառվում է ջրթափի կետում հետադարձ ջուրը փոխադրողի և օգտվողի համատեղ չափումների հիման վրա:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Օգտվողն իրավունք ունի՝

1) սույն պայմանագրին համապատասխան անարգել ընկերության կողմից շահագործվող ցամաքուրդի (դրենաժի) միջոցով փոխադրելու արտադրական տարածքում առաջացած հետադարձ ջրերը.

2) տեղեկանալու ընկերության կողմից շահագործվող օգտվողի հետադարձ ջրերը տեղափոխվող ցամաքուրդի (դրենաժի) մաքրման աշխատանքների արդյունքների մասին՝ առանց միջամտելու նրա գործունեությանը:

6. Ընկերությունն իրավունք ունի՝

1) անարգել մտնելու օգտվողի արտադրական տարածք՝ ջրաչափական սարքի ցուցմունքը կամ ջրաչափությունը համատեղ արձանագրելու համար.

2) օգտվողից պահանջելու սույն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում նախատեսված վճարները:

7. Օգտվողը պարտավոր է՝

1) մատուցված ծառայությունների համար վճարել սույն պայմանագրի 4-րդ կետին համապատասխան հաշվառված փոխադրված հետադարձ ջրի ծավալների և 9-րդ կետում նշված վճարի արտադրյալին համապատասխան, սույն պայմանագրի 11-րդ կետին համապատասխան համատեղ կազմված փոխադարձ ակտի կազմմանը հաջորդող 15 օրացուցային օրվա ընթացքում.

2) թույլատրել ընկերության ներկայացուցչի մուտքն իր արտադրական տարածք՝ ջրաչափական սարքի ցուցմունքը համատեղ արձանագրելու կամ ջրաչափություն իրականացնելու համար:

8. Ընկերությունը պարտավոր է՝

1) յուրաքանչյուր տարին առնվազն մեկ անգամ, սահմանված կարգով, ապահովել ցամաքուրդի (դրենաժի) մեջ արտանետվող հետադարձ ջրերի կենսաբանաքիմիական կազմի լաբորատոր հետազոտության իրականացումը.

2) իր կողմից շահագործվող ցամաքուրդ (դրենաժ) ընդունել օգտվողի կողմից փոխադրված ջրաքանակները.

3) պահպանել օգտվողի կողմից կառուցված ջրթափի միջոցով _______________ մարզի_______ ցամաքուրդի (դրենաժի) տեխնիկական վիճակը.

4) հետադարձ ջրերը փոխադրել ամբողջ ծավալով.

5) օգտվողի պահանջով վերացնել հետադարձ ջրերը տեղափոխվող ցամաքուրդի (դրենաժի) հետ կապված և հայտնաբերված բոլոր թերությունները:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳԻՆԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման գինը 1 մ3-ի հետադարձ ջրերի տեղափոխման համար սահմանել 0.11 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

10. Օգտվողի կողմից ընկերությանը ենթակա վճարի չափը հաշվարկվում է ամսվա ընթացքում հետադարձ ջուրը փոխադրման կետից ցամաքուրդ (դրենաժ) արտանետված փաստացի ջրաքանակի և սույն պայմանագրի 9-րդ կետում նշված գնի արտադրյալին համապատասխան:

11. Ցամաքուրդ (դրենաժ) փոխադրված փաստացի ջրաքանակն արձանագրվում է օգտվողի և ընկերության կողմից համատեղ կազմված փոխադարձ ակտի հիման վրա՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա մինչև 15-ը:

12. Օգտվողի կողմից ընկերությանը վճարման ենթակա գումարը վճարվում է սույն պայմանագրում նշված ընկերության հաշվարկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

 

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Սույն պայմանագրի 3-րդ կետում նշված ժամկետում ծառայություններ չմատուցելու դեպքում ընկերությունն օգտվողին վճարում է տուգանք՝ պայմանագրի ամսական գնի 5 տոկոսի չափով, և տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար՝ 0.05 տոկոսի չափով:

14. Սույն պայմանագրի 10-րդ կետին համապատասխան հաշվարկված վճարի չափը սույն պայմանագրի 7-րդ կետի 1-ին ենթակետում նշված ժամկետում չվճարելու դեպքում օգտվողն ընկերությանը վճարում է տուգանք՝ պայմանագրի ամսական գնի 5 տոկոսի չափով, և տույժ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար՝ 0.05 տոկոսի չափով:

15. Տույժի վճարումը կողմերին չի ազատում իրենց պարտավորությունները կատարելու և խախտումները վերացնելու պատասխանատվությունից:

 

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

16. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:

 

6. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

17. Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման դատական կարգով:

 

7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

18. Օգտվողն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրն իր արտադրական տարածքից առաջացած հետադարձ ջրերի բացակայության դեպքում՝ առնվազն մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով ընկերությանը:

19. Ընկերությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը օգտվողի կողմից երկու ամիս անընդմեջ պայմանագրային պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև ընկերությանը պայմանագրով սահմանված իր իրավունքներից օգտվելուն խոչընդոտելու դեպքում՝ առնվազն երկու ամիս առաջ գրավոր ծանուցելով օգտվողին:

20. Սույն պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է այն պայմանով, եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված՝ կողմերի կամ կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

21. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ:

 

8. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Օգտվող

Ընկերություն

-----------------------

(գտնվելու վայրը)

-------------------------------

 (հասցեն)

----------------------------------------

(բանկային վավերապայմանները)

-----------------------------------------

 (բանկային վավերապայմանները)

-----------------------

(ստորագրությունը)

-------------------------------

(ստորագրությունը)

Կ.Տ.

Կ.Տ.

 

 Եթե կողմը քաղաքացի է, ապա

_____________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան, երբ և

ում կողմից է տրվել)

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2021 թվական: