Գլխավոր տեղեկություն
Համար
N 1298-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.08.2021-08.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.08.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 օգոստոսի 2021 թվականի N 1298-Ա

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1304-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 65-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.945286) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ):

2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ`

1) հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության.

2) հիմնադրամի հիմնադրի անունից որպես պետական լիազոր մարմին հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը.

3) հիմնադրամը «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

4) սույն որոշումն ուժի մտնելու օրվա դրությամբ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը սեփականության իրավունքով հանձնվում է հիմնադրամին՝ փոխանցման ակտի հիման վրա.

5) սույն որոշումն ուժի մտնելու օրվա դրությամբ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործմանը հանձնված անշարժ գույքը հետ է վերցվում «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է հիմնադրամին.

6) «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադրամի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են կազմակերպության միջոցների հաշվին:

4. Հիմնադրամի գործադիր տնօրեն (այսուհետ` հիմնադրամի գործադիր տնօրեն) նշանակել Ստեփան Մաչյանին (նույնականացման քարտ՝ 002969814, տրված 06.11.2015 թ., 004-ի կողմից):

5. Առաջարկել հիմնադրամի գործադիր տնօրենին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում օրենքով սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝

1) ապահովել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը.

2) հաստատել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և ամրացված գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունները հիմնադրամին փոխանցման ակտը.

3) ապահովել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքը հիմնադրամին հանձնելու հանձնման-ընդունման աշխատանքները:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու մասին» N 1304-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


09.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

օգոստոսի 6-ի N 1298-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, առողջապահական, բնապահպանական և (այլ) հանրօգուտ նպատակներ

2. Հիմնադրամը ստեղծվել է վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (պետական գրանցման համարը՝ 286.210.945286, նախկին անվանումը՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (անվանափոխվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1969-Ա որոշմամբ), որն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշմամբ` «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի վերակազմավորման ձևով վերակազմակերպման արդյունքում: Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1304-Ա որոշմամբ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպվել է միացման ձևով, նրան է միացել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 286.210.07571), իրավահաջորդը՝ փոխանցման ակտին համապատասխան:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4․ Հիմնադրամի հիմնադրի անունից որպես պետական լիազոր մարմին հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

5. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, միջազգային պայմանագրերով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

6. Հիմնադրի և հիմնադրամի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

7. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն` «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ.

2) ռուսերեն` фонд «Дорожный департамент».

3) անգլերեն` “Road Department” Fund:

8. Հիմնադրամի իրավաբանական հասցեն է քաղ. Երևան, 0010, Կառավարական տուն 3:

9․ Հիմնադրամի շահառուներ են համարվում սույն կանոնադրության 10-րդ կետով սահմանված ծրագրերի և աշխատանքների իրականացման գործընթացում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձինք:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն իր իրավասության սահմաններում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու տարածքային կառավարման մարմինների կողմից մշակված` տրանսպորտի ոլորտի կապիտալ ու զարգացման ծրագրերի մասով (Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի) և oտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերն ու աշխատանքները.

2) Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման ու դրա նպատակային oգտագործման, պահպանման և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման oժանդակությունը.

3) միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, oգտագործման և պահպանման իրականացման բնագավառում oժանդակության և աջակցության ծրագրերի մշակումը.

4) ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, oգտագործման և պահպանման վերաբերյալ գիտական հետազոտությունների, լաբորատոր և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումը, ուսումնասիրությունների և գնահատման ու վերլուծությունների իրականացումը.

5) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությունների ու վերլուծությունների իրականացումը և առաջարկություններ ներկայացնելը.

6) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների վիճակի պարբերական ուսումնասիրությունների և գնահատման իրականացումը և վերականգնողական միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

7) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակումը.

8) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատումը, միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը.

9) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ մասնագիտական կարծիքի տրամադրումը.

10) ճանապարհաշինական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացումը.

11) ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքների թերությունների ակտերի, անհրաժեշտության դեպքում, նախահաշվի կազմումը և աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը.

12) ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքների թերությունների ակտերի կազմումը և աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը.

13) ճանապարհային ոլորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ պայմանագրերի կնքումը:

11. Հիմնադրամն իր իրավասության սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման նախնական ժամանակացույցի և ծրագրի նախնական նախահաշիվների կազմումը, եթե ծրագրերի կամ դրանց բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրերով վերապահված չէ երրորդ անձի.

2) վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, մրցութային հայտերի և առաջարկների գնահատումը, վերլուծումը, մրցույթների արդյունքների ամփոփումը, պայմանագրերի կնքումը և դրանցից բխող պարտավորությունների կատարման նկատմամբ շարունակական հսկողության իրականացումը.

3) վարկային և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը, աշխատանքների կատարման արդյունքների ընդունումը, եթե օրենքով կամ պայմանագրերով այն վերապահված չէ երրորդ անձի.

4) վարկային և դրամաշնորհային ծրագրերով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրերի գնումների պլանի համաձայն ծրագրերի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

5) վարկային և դրամաշնորհային գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների և հետազոտությունների պատվիրումը.

6) վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված վճարումների իրականացումը.

7) համապատասխան ծրագրերում նշված աշխատանքների կազմակերպման նպատակով պատվիրատուի գործառույթների իրականացումը.

8) վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով սահմանված կարգով տեխնիկական առաջադրանքների, գնման հայտերի, մրցութային փաստաթղթերի պատրաստումը, մրցույթների անցկացումը, մրցութային հայտերի և առաջարկների գնահատումը, վերլուծումը, մրցույթների արդյունքների ամփոփումը, եթե դրանք պետական կառավարման համակարգի մարմինների բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի գնումների պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

9) վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված համապատասխան պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն համապատասխան վարկատուների կանոնակարգերի, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի.

10) վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումների կազմումը և ներկայացումը.

11) երրորդ անձի հետ միասին վարկային և դրամաշնորհային ծրագրերը կամ դրանց որևէ բաղադրիչն իրականացնելիս՝ սույն կետի 10-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը.

12) առանձին տրանշերի ֆինանսավորմանը հավակնող վարկային և դրամաշնորհային ծրագրերի ընտրության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

13) վարկային և դրամաշնորհային ծրագրով շինարարական աշխատանքների նախագծերի ուսումնասիրությունը և հավանության արժանացնելը.

14) գնումների պլանավորումը և իրականացումը.

15) վարկային և դրամաշնորհային ծրագրով ընտրված կապալառուների, մատակարարների և խորհրդատուների հետ (ծրագրի նախապատրաստման, շինարարական աշխատանքների նախագծման և անկախ տեխնիկական հսկողության) պայմանագրերի կնքումը և դրանցից բխող պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

16) վարկային և դրամաշնորհային ծրագրերի ֆինանսական կառավարումը` ներառյալ ծրագրերի վարկային միջոցների առհանման հայտերի պատրաստումը, կապալառուներին, մատակարարներին և խորհրդատուներին վճարումների կատարումը, հաշվապահության վարումը.

17) վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում բնապահպանական և սոցիալական պաշտպանության միջոցառումների իրականացմանն օժանդակությունը.

18) վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման ու արդյունքների մոնիթորինգը՝ ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվությունների կազմումը, ներկայացումը ու հանրային իրազեկումը,

19) վարկային և դրամաշնորհային ծրագրերից բխող շահագործման և պահպանման մոդելների ներդրումը և կառավարումը, այդ թվում` կատարողականի վրա հիմնված պետական-մասնավոր համագործակցությամբ.

20) վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի իրականացման շրջանակներում անհրաժեշտ կամ իրատեսորեն պահանջվող այլ գործառույթների իրականացումը.

21) ֆինանսական և ծրագրային տեղեկատվության պատշաճ գրանցումն ապահովելու համար կառավարման տեղեկատվական համակարգերի ձեռքբերումը և պահպանումը.

22) ծրագրերի ֆինանսական ու հաշվապահական հաշվառման մասին հաշվետվությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող բոլոր ֆինանսական ու հաշվապահական հաշվետվությունների պատրաստումը.

23) ծրագրերի (այդ թվում` յուրաքանչյուր ծրագրի համար` առանձին) հաշվապահական հաշվառումը.

24) ծրագրերի իրականացման և կառավարման իր գործառույթի շրջանակներում լիազոր մարմնի կամ ծրագրերի վարկատուների կողմից պահանջվող այլ հանձնարարականների կատարումը․

25) ճանապարհային անվտանգ երևեկության համար խոչընդոտները ժամանակին վերացնելու, ճանապարհների առանձին հատվածներում երթևեկությունը սահմանափակելու կամ արգելելու վերաբերյալ լիազոր մարմին հիմնավորված առաջարկությունների ներկայացումը․

26) համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ և զանգվածային լրատվության միջոցներով երթևեկության մասնակիցներին ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունների և սահմանափակումների մասին իրազեկումը․

27) մասնակցությունը ավտոմոբիլային ճանապարհների բնագավառը կարգավորող նորմատիվ, տեխնիկական ակտերի, հրահանգների, ստանդարտների վերաբերյալ առաջարկությունների մշակմանը.

28) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, նորոգման, պարբերական պահպանման և շահագործման (այդ թվում՝ ընթացիկ նորոգում/միջին նորոգում) ծրագրերի, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգման և դրանց անվանացանկի հաշվառման գործառույթների իրականացման վերաբերյալ լիազոր մարմին առաջարկությունների ներկայացումը.

29) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման (ճանապարհային խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ, ճանապարհային կահավորում՝ ճանապարհային նշաններով, ճանապարհների նշագծում և արգելապատնեշ), երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների վերացման և կանխարգելման վերաբերյալ ուսումնասիրությունների ու վերլուծությունների կատարումը, լիազոր մարմին առաջարկությունների ներկայացումը․

30) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկումը՝ ճանապարհային ոլորտի քաղաքականությունը մշակող պետական մարմնի կողմից հաստատված մեթոդաբանությանը համապատասխան.

31) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների պահպանման և շահագործման աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և սահմանված կարգով աշխատանքների ընդունումը.

32) ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ինժեներական կառույցների շինարարական աշխատանքների վերաբերյալ եզրակացության տրամադրումը.

33) շինարարական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների իրականացումը.

34) գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարման կազմակերպումը և նոր տեխնիկայի ու տեխնոլոգիայի ներդրման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

35) ավտոմոբիլային ճանապարհները խողովակաշարերով, էլեկտրահաղորդման գծերով և այլ հաղորդակցուղիներով հատելու, ճանապարհամերձ գոտում կառույցներ իրականացնելու, ինչպես նաև ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներ երթևեկելու թույլտվության մասին եզրակացության տրամադրումը.

36) ավտոմոբիլային ճանապարհների մասին տվյալների բանկի ստեղծման ու վարման աշխատանքների իրականացումը.

37) ճանապարհային ցանցի զարգացման հեռանկարային ծրագրերի մշակումը.

38) ճանապարհների վերաբերյալ քարտեզների, ուղեցույցների, ատլասների և այլնի կազմմանը և հրապարակմանն օժանդակելը.

39) ճանապարհների բնագավառի միջազգային կազմակերպություններին, ասոցիացիաներին, միություններին անդամակցումը, խորհրդակցություններին, սեմինարներին, գիտաժողովներին, ցուցահանդեսներին և այլնին մասնակցությունը, ինչպես նաև հիմնադրամի իրավասության սահմաններում միջազգային պայմանագրերի նախագծերի մշակման ու քննարկման աշխատանքներին մասնակցությունը․

40) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կանոնների, ստանդարտների, տեխնիկական և այլ իրավական ակտերի պահանջներին ավտոմոբիլային ճանապարհների վիճակի համապատասխանեցման ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

41) ճանապարհային երթևեկության անվտանգության, ավտոմոբիլային ճանապարհների և դրանց վրա գտնվող ճանապարհային սպասարկման օբյեկտների վիճակի գնահատումը.

42) ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման, նորոգման և պարբերական պահպանման աշխատանքների կատարման հատվածներում երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը.

43) ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում նպատակային գիտահետազոտական ծրագրերի ու նախագծերի պատվիրատուի գործառույթների իրականացումը.

44) ավտոմոբիլային ճանապարհների ու դրանց ինժեներական կառույցների նախագծման համար անհրաժեշտ տեխնիկական առաջադրանքների մշակումը.

45) հիմնադրամի աշխատողների մասնագիտական վերապատրաստման, որակավորման բարձրացման կազմակերպումը.

46) ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման աշխատանքների թերությունների ակտերի, անհրաժեշտության դեպքում, նախահաշվի կազմումը և աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը.

47) ճանապարհային ոլորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում գնման գործընթացի կազմակերպումը, այդ թվում՝ պայմանագրերի կնքումը:

12. Հիմնադրամն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը՝

ա. խորհրդատվական ծառայությունների մատուցում, այդ թվում՝ ճանապարհաշինական նյութերի և արտադրանքների լաբորատոր փորձաքննությունների ծառայություններ:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

13. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:

14. Հիմնադրամն օգտվում է իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքներից և կրում է համապատասխան պարտականություններ:

15. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, իր անվանմամբ և Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ և այլ անհատականացման նշաններ: Իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ և դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

16. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

17. Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը՝ հիմնադրամի պարտավորությունների համար:

18. Հիմնադրամն իրավունք ունի ստեղծելու ներկայացուցչություններ, մասնաճյուղեր և հիմնարկներ:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Հիմնադրամը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

20. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական և (կամ) ֆինանսական միջոցները:

21․ Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակով:

22. Հիմնադրամի գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների գոյացման աղբյուրներն են`

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

23. Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա բանկերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բացել հաշվարկային ու այլ հաշիվներ (այդ թվում՝ տարադրամային):

24. Հիմնադրամի բոլոր գործարքները և բանկային հաշիվներից վճարումները կատարվում են համապատասխան ֆինանսավորող կողմերի հետ համաձայնեցված կարգով և հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով:

25. Հիմնադրամի ֆինանսական միջոցներն օգտագործվում են վարկային համաձայնագրի և նվիրաբերությունների նպատակներին համապատասխան:

26. Հիմնադրամը հրապարակում է տարեկան հաշվետվություն իր միջոցների օգտագործման մասին:

27. Վարկային և դրամաշնորհային միջոցները համարվում են պետական սեփականություն, որոնց կառավարման իրավասությունը, ըստ ծախսերի նախահաշվի, վերապահվում է հիմնադրամին:

28. Վարկային, դրամաշնորհային և այլ միջոցների հաշվին ձեռք բերված (գնված) նյութական և ոչ նյութական արժեքները համարվում են պետական սեփականություն` բացառությամբ հիմնադրամի կարիքների համար ձեռք բերվածի, որոնք հաշվառվում են հիմնադրամի արտահաշվեկշռային հաշիվներում` մինչև համապատասխան ստացողին հանձնելը, որից հետո հաշվառվում են համապատասխան ստացողի հաշվապահական հաշվեկշռում` որպես սեփականություն կամ ստացողին ամրակցված գույք:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

29. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը և գործադիր տնօրենը:

30. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ), որը ղեկավարում է հիմնադրամի գործունեությունը՝ համաձայն սույն կանոնադրության:

31. Խորհուրդը կազմված է 9 անդամից։

32. Խորհրդի անդամներն են՝

1) ոլորտը համակարգող փոխվարչապետ (խորհրդի նախագահ).

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

3) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ.

4) ՀՀ ոստիկանության պետ.

5) Կադաստրի կոմիտեի նախագահ․

6) Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար․

7) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ.

8) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ.

9) Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական:

33. Սույն կանոնադրության 32-րդ կետում նշված պետական մարմինների ղեկավարները և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալը խորհրդի կազմում ընդգրկված են համարվում ի պաշտոնե։ Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան խորհրդականին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի համապատասխան տեղակալին խորհրդի անդամ են նշանակում, համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։

34. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է վարչապետի որոշմամբ։

35․ Խորհրդի նախագահը ոլորտը համակարգող փոխվարչապետն է, որն անձամբ նախագահում է խորհրդի նիստերը, իսկ խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները` խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

36․ Խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

7) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

8) գործադիր տնօրենի և կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

9) հիմնադրամի՝ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձևավորումը.

10) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը․

11) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

12) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

13) գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը.

14) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

15) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

16) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

17) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

18) օրենքով, կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

37. Խորհուրդն իրականացնում է վերահսկողություն հիմնադրամի գույքի նպատակային օգտագործման, ինչպես նաև հիմնադրամի գործադիր տնօրենի գործունեության նկատմամբ:

38. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են տարեկան առնվազն երկու անգամ: Խորհրդի որոշումները կարող են ընդունվել հեռակա կարգով` քվեարկության (հարցման) միջոցով: Հեռակա կարգով քվեարկությամբ (հարցմամբ) ընդունված խորհրդի որոշումն օրինական ուժ ունի, եթե քվեարկությանը մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին, եթե «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

39. Խորհրդի արտահերթ նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ: Հրավիրված արտահերթ նիստերը չեն կարող անցկացվել հեռակա կարգով (հարցման միջոցով):

40. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

41. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է չընդունված: Խորհուրդը հիմնադրամի գործադիր տնօրենին պաշտոնում նշանակում և պաշտոնից ազատում է խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների (2/3) մեծամասնությամբ: Խորհուրդը որոշումներն ընդունում է այլ կարգով` օրենքով սահմանված դեպքերում:

42. Խորհրդի նիստերն արձանագրվում են:

43. Հիմնադրամի գործադիր մարմինը գործադիր տնօրենն է, որը վարում է հիմնադրամի ընթացիկ գործերը և հաշվետու է խորհրդին:

44. Գործադիր տնօրենը`

1) առանց լիազորագրի գործում է հիմնադրամի անունից.

2) հիմնադրամը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) տնօրինում է գույքը` ներառյալ ֆինանսական միջոցները` համաձայն սույն կանոնադրության, հիմնադրամի կողմից իրականացվող համապատասխան ծրագրի հիմնարար փաստաթղթի և խորհրդի կողմից հաստատված բյուջեի.

4) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

5) բացում է բանկային հաշիվներ.

6) սահմանում է աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը` հաստատված բյուջեի շրջանակներում.

7) կատարում է աշխատանքի բաշխում աշխատողների միջև.

8) տալիս է լիազորագրեր.

9) վերահսկում է հիմնադրամի կողմից կազմակերպվող գնման գործընթացները` համաձայն «Գնումների մասին» օրենքի և ծրագրերի վարկատուների գնումների ուղեցույցներով սահմանված դրույթների.

10) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և ծրագրերով նախատեսված այլ լիազորություններ:

11) իրականացնում է սույն կանոնադրությունից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից բխող այլ լիազորություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Հիմնադրամի գործունեությունն ստուգվում է անկախ աուդիտորների կողմից` տարեկան առնվազն մեկ անգամ:

46. Հիմնադրամի խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է անցկացվել արտահերթ աուդիտորական ստուգում:

47. Աուդիտորներն ընտրվում են մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:

48. Հիմնադրամը «Հիմնադրամների մասին» օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի հրապարակում է հաշվետու տարվա հաշվետվությունն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված դրամական միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, խորհրդի անդամների, գործադիր տնօրենի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են Հիմնադրամի միջոցներից ու ծառայություններից, ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը:

49. Հիմնադրամի կողմից «Հիմնադրամների մասին» պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Պետական եկամուտների կոմիտեն, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

50. Հիմնադրամի հաշվապահական հաշվառումը կազմակերպվում է ու վարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև համաձայն հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների և համապատասխան ֆինանսավորող կողմերի պահանջների:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

51. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել՝ «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգի համաձայն:

52. Հիմնադրամի լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


09.08.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ