ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/6349/05/16
Վարչական գործ թիվ ՎԴ/6349/05/16
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Դատավորներ՝ |
Կ. Մաթևոսյան |
Կ. Ավետիսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Ա. բԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի մարտի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով Դավիթ Մովսիսյանի ներկայացուցիչ Աստղիկ Խուրշուդյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հայցի ընդդեմ Դավիթ Մովսիսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է Դավիթ Մովսիսյանից բռնագանձել 492.110 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 09.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.08.2019 թվականի որոշմամբ Դավիթ Մովսիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.04.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Մովսիսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ և 63-րդ հոդվածները, մինչև 01.04.2018 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ և 216.5-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից քաղաք Երևան, Տիգրան Մեծ պողոտա, թիվ 72 շենք, 4-րդ բնակարան հասցեով Դավիթ Մովսիսյանին ուղարկված դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատական ծանուցագրերը նրան չեն հանձնվել: Դավիթ Մովսիսյանը փաստացի բացակայել է ՀՀ-ից, իսկ ուղարկված դատական ծանուցագրերը վերադարձվել են Դատարանին` պատասխանողի բացակայության, ծանուցագրերը հանձնելու անհնարինության մասին տարբեր նշումներով, որի արդյունքում վերջինս զրկվել է լսված լինելու իրավունքից:
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված այն հիմքին, որ Դատարանում գործի քննության ժամանակի և վայրի մասին Դավիթ Մովսիսյանը չի ծանուցվել, որի արդյունքում խախտվել է նաև արդար դատաքննության իրավունքը:
Դավիթ Մովսիսյանը բռնագանձման հիմք հանդիսացող վարչական ակտն առանձին դատական կարգով չի վիճարկել, քանի որ օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ունեցել է գործի քննության ընթացքում իր առարկությունները ներկայացնելու հնարավորություն, սակայն, ծանուցված չլինելով դատական նիստի մասին, զրկվել է այդ հնարավորությունից:
Սույն գործով դատարանները, առանց պարզելու և ստուգելու վարչական ակտի իրավաչափությունը, դրա իրավաչափ լինելու վերաբերյալ հետևությունն արել են այն հիմնավորմամբ, որ վարչական ակտը դարձել է անբողոքարկելի։ Վարչական ակտը կայացվել է՝ հաշվի չառնելով, որ ակտում նշված գումարը մասամբ համարվում է «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված ներված պարտավորության գումար:
Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ սույն գործով հայցագինը կազմել է 492.110 ՀՀ դրամ, և Դավիթ Մովսիսյանը վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է 15.000 ՀՀ դրամ, անհիմն բռնագանձել է ևս 2.493 ՀՀ դրամ՝ որպես պակաս վճարված պետական տուրքի գումար՝ որպես հայցագին ընդունելով 583.092 ՀՀ դրամը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դավիթ Մովսիսյանը վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ որևէ առարկություն չի ներկայացրել։
Դավիթ Մովսիսյանը պատշաճ ծանուցված է եղել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, ու չի օգտվել իր` վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ առարկություն ներկայացնելու իրավունքից, որի պայմաններում Դատարանի կողմից վարչական ակտի իրավաչափությանն անդրադառնալը կդիտվեր որպես իր լիազորությունների սահմանազանցում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Կոմիտեի իրավաբանական վարչության պետը 05.04.2016 թվականին կայացրել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 761/02 որոշումը՝ Դավիթ Մովսիսյանից 583.092 ՀՀ դրամ` որպես չկատարված հարկային պարտավորության գումար, գանձելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 7).
2) Կոմիտեն, փաստելով, որ պատասխանողի չկատարած պարտավորությունները պետական բյուջեի հանդեպ 01.08.2016 թվականի դրությամբ կազմում են 492.110 ՀՀ դրամ, հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ վերը նշված վարչական ակտի հիման վրա Դավիթ Մովսիսյանից 492.110 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 3-6, հատոր 2-րդ, գ.թ. 37-40).
3) Դատարանի 09.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Դավիթ Մովսիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 492.110 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 37-40).
4) Դատարանի 09.04.2018 թվականի վճռի դեմ կրկին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դավիթ Մովսիսյանի ներկայացուցիչը` վերաքննիչ բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտում նաև նշելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների խախտումներ թույլ տալը, իսկ որպես հիմնավորում՝ որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, քանի որ գործը քննվել է իր բացակայությամբ, իսկ ինքը պատշաճ չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին (հատոր 2-րդ, գ.թ. 79-81).
5) Վերաքննիչ դատարանը, վերանայելով Դատարանի 09.04.2018 թվականի վճիռը, չնայած վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքերը շարադրել է դատական ակտում, սակայն այդ հիմքերի հիմնավորվածության հարցին չի անդրադարձել՝ դրանք չդարձնելով քննության առարկա, և եզրահանգումներ չի արել այդ հիմքերի վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 106-111).
6) Դատարանի 09.04.2018 թվականի վճռի դեմ կրկին անգամ ներկայացված վերաքննիչ բողոքին Դավիթ Մովսիսյանի ներկայացուցիչը կցել է ընդհանուր 14.800 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր (հատոր 2-րդ, գ.թ. 64, 84):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացվող դատական ակտում վերաքննիչ բողոքում ներկայացված հիմքերից յուրաքանչյուրին անդրադառնալու պարտականության կատարմանն այն դեպքում, երբ բողոքաբերը որպես վերաքննիչ բողոքի հիմք վկայակոչում է նաև դատարանի կողմից դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրեն պատշաճ չծանուցելն ու գործն իր բացակայությամբ քննած լինելը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն գործի փաստերից, անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափի որոշման հարցին։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները (...), բողոք բերող անձի պահանջը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքը դրսևորվում է նաև վերաքննության փուլում: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը որոշակիորեն տարբերվում է գործի դատաքննության փուլում այդ սկզբունքի ունեցած բովանդակությունից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար (տե՛ս, անհատ ձեռնարկատեր Գևորգ Դավթյանն ընդդեմ Կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ և 144-րդ հոդվածների համակարգային վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` ի պաշտոնե իրականացնել բողոքի քննություն, իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել բողոքում ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Հակառակ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերը նշված դրույթը կկրի հռչակագրային բնույթ, եթե վերաքննիչ դատարանը սահմանափակվի զուտ այդ դրույթին համահունչ վերաքննիչ բողոքի հիմքերը դատական ակտում շարադրելով և չանդրադառնա այդ հիմքերի հիմնավորվածության հարցին: Հետևաբար բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ: Այդուհանդերձ, հիշատակված դրույթների նման մեկնաբանումը չի նշանակում բողոքի յուրաքանչյուր հիմքում ներառված ցանկացած փաստարկի գնահատում և վերլուծում: Բողոքը քննող դատարանը բողոքի հիմքերում ներառված փաստարկներին պետք է անդրադառնա այն հաշվով, որ նախ դրանք լինեն վերաբերելի բողոքի հիմքերին, և այդ փաստարկներն ունենան ազդեցություն բողոքի հիմքը կամ հիմքերը հիմնավորված համարելու տեսանկյունից (տե՛ս, «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ քննչական կոմիտեի թիվ ՎԴ/4169/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2019 թվականի որոշումը):
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է (տե՛ս, Կոմիտեն ընդդեմ Հայկ Մուրադյանի թիվ ՎԴ/1473/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
Զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանի համար պարտականություն է նախատեսել որպես կանոն դատական ակտը վերանայելու վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար: Ընդ որում, վերաքննիչ դատարանին իրավունք է վերապահվել դատական ակտը վերանայելիս բողոքարկվող դատական ակտը բեկանելու բոլոր այն դեպքերում, երբ դատարանը գործը քննել է դատավարության մասնակիցներից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին: Այս դեպքում այլևս էական չէ՝ տվյալ դատավարական իրավունքի նորմի խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ։ Վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրում է, որ այս դեպքում վերաքննիչ դատարանն ազատվում է վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պարտականությունից ու իրավունք ունի դատական ակտն անվերապահ բեկանելու բացառապես դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված դատավարության մասնակցի բացակայությամբ դատարանի կողմից գործը քննված լինելու հիմքով՝ առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին ու հիմնավորումներին։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 09.04.2018 թվականի վճռի դեմ կրկին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դավիթ Մովսիսյանի ներկայացուցիչը` վերաքննիչ բողոքում որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտում նաև նշելով Դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ և 76-րդ հոդվածների խախտումներ թույլ տալը, իսկ որպես հիմնավորում՝ որ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, քանի որ գործը քննվել է իր բացակայությամբ, իսկ ինքը պատշաճ չի ծանուցվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Վերաքննիչ դատարանը, վերանայելով Դատարանի 09.04.2018 թվականի վճիռը, բացառապես սահմանափակվել է իր կողմից կայացված դատական ակտում վերաքննիչ բողոքի վերը նշված հիմքերը շարադրելով, և այդ հիմքերն ըստ էության քննության առարկա չի դարձրել, իր դիրքորոշումն ու եզրահանգումները չի արտահայտել բողոքում ներկայացված այդ հիմքի վերաբերյալ։ Դրա արդյունքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ այդ հիմքը հաստատված համարվելու պայմաններում դատական ակտը ենթակա էր պարտադիր բեկանման՝ անկախ այդ խախտումը գործի սխալ լուծմանը հանգեցնելու հանգամանքից, և այս դեպքում, եթե հաստատվեր բողոքում նշված այդ հիմքի հիմնավոր լինելը, Վերաքննիչ դատարանն ազատվում էր վերաքննիչ բողոքի մնացած հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու պարտականությունից ու իրավունք ուներ դատական ակտն անվերապահ բեկանել բացառապես դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված դատավարության մասնակցի բացակայությամբ դատարանի կողմից գործը քննված լինելու հիմքով։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 09.04.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ` առանց անդրադառնալու վերաքննիչ բողոքում վկայակոչված վերը նշված հիմքին։
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարման ենթակա պետական տուրքի չափը որոշելու հարցին, արձանագրում է հետևյալը.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է` դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում նշվում են բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթերը կամ համապատասխան գանձապետական հաշվին պետական տուրքի փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (…): Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
Վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ դատական ծախսերը կազմված են նաև պետական տուրքից, որի չափի, այն վճարելուց ազատելու, դրա վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։ Տվյալ դեպքում օրենսդիրը նախատեսել է, որ պետական տուրք ենթակա է գանձման նաև դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար: Ընդ որում, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետը 05.04.2016 թվականին կայացրել է «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 761/02 որոշումը՝ Դավիթ Մովսիսյանից 583.092 ՀՀ դրամ` որպես չկատարված հարկային պարտավորության գումար, գանձելու մասին։ Չնայած դրան Կոմիտեն հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ այդ վարչական ակտի հիման վրա Դավիթ Մովսիսյանից ընդամենը 492.110 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ՝ փաստելով, որ պատասխանողի չկատարած պարտավորությունները պետական բյուջեի հանդեպ 01.08.2016 թվականի դրությամբ կազմում են 492.110 ՀՀ դրամ։ Դատարանի 09.04.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Դավիթ Մովսիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 492.110 ՀՀ դրամ։ Դատարանի 09.04.2018 թվականի վճռի դեմ կրկին անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դավիթ Մովսիսյանի ներկայացուցիչը՝ պահանջելով բեկանել Դատարանի 09.04.2018 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն՝ հայցը մերժել։ Միաժամանակ վերաքննիչ բողոքին կցվել են ընդհանուր 14.800 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 14.08.2019 թվականին որոշում կայացնելով վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասին, միաժամանակ որոշել է Դավիթ Մովսիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 2.493 ՀՀ դրամ` որպես պակաս վճարված պետական տուրքի գումար` պատճառաբանելով, որ սույն գործով պետական տուրքը կազմում է 17.493 ՀՀ դրամ` հաշվի առնելով, որ հայցագինը կազմում է 583.092 ՀՀ դրամ, իսկ բողոքաբերի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված վճարման անդորրագրերով հաստատվում է, որ վերջինս նախապես փաստացի վճարել է ընդհանուր՝ 14.800 ՀՀ դրամ։
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի տվյալ պատճառաբանությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, իսկ այդ առումով վճռաբեկ բողոքի տվյալ հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, չնայած վարչական ակտով որոշվել է Դավիթ Մովսիսյանից գանձել 583.092 ՀՀ դրամ, այդուհանդերձ Կոմիտեն սույն գործով հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ Դավիթ Մովսիսյանից ընդամենը 492.110 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցագինը կազմում է հենց 492.110 ՀՀ դրամ։ Դատարանը հայցը բավարարել է ամբողջությամբ՝ Դավիթ Մովսիսյանից բռնագանձելով 492.110 ՀՀ դրամ։ Վերջինիս ներկայացուցիչը դատական ակտը բողոքարկել է ամբողջությամբ, որի դեպքում վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա էր գանձման վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, որը կազմում է 14.763,3 (492.110×3÷100) ՀՀ դրամ: Դավիթ Մովսիսյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը ներկայացնելիս դրան կցել է ընդհանուր 14.800 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար, որի ժամանակ Վերաքննիչ դատարանը պարտավոր է նախևառաջ քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում վկայակոչված վերը նշված հիմքը և իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտել դրա հիմնավորվածության վերաբերյալ:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում բողոք բերած անձի` դատավարական իրավունքի վերը նշված եղանակով խախտման պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին անդրադառնալը։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 14.08.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Գ. Հակոբյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. բԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|