Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
14.05.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ՏԴ/0024/01/18

Գործ թիվ ՏԴ/0024/01/18

Նախագահող դատավոր՝  ՍՄարաբյան

Դատավորներ՝

ՏՍահակյան

Ռ. Բարսեղյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

2021 թվականի մայիսի 14-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով Գրիշա Էդգարի Նավասարդյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի մարտի 31-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Տավուշի բաժնում հարուցվել է թիվ 56154018 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 6-ի որոշմամբ Գրիշա Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել հսկողության հանձնելը:

Նախաքննության մարմնի՝ 2018 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Գ.Նավասարդյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

2018 թվականի հուլիսի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

1.1. 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Առաջին ատյանի դատարանը Գ.Նավասարդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հսկողության հանձնելը, փոխել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 3-ի դատավճռով Գ.Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի կանոնների կիրառմամբ` նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ1/0051/01/16 դատավճռով նշանակված պատժի չկրած մասը, և Գ.Նավասարդյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Գ.Նավասարդյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2018 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Համաներման մասին օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, և նա ազատվել է պատժից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Գևորգ Խաչատրյանը և Գարիկ Մարտիրոսյանը:

3. Մեղադրող Ն.Չիլինգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2020 թվականի մարտի 10-ի որոշմամբ ներկայացված բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 3-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ամբաստանյալ Գրիշա Նավասարդյանը ծնվել է 2000 թվականի ապրիլի 28-ին1:

6. Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով Գրիշա Նավասարդյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված՝ մեկ, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված՝ հինգ հանցագործություններ կատարելու մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ, 69-րդ հոդվածների կանոնների կիրառմամբ վերջնական դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով2:

7. Նախաքննության մարմնի կողմից Գրիշա Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «(...) [Ն]ա ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2018 թվականի մարտի 22-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչներ՝ 04.03.2000 թվականին ծնված Գևորգ Մարտիկի Խաչատրյանի, 07.06.1992 թվականին ծնված Արթուր Արամայիսի Մելքումյանի և 30.12.1996թ. ծնված Գարիկ Մարտունի Մարտիրոսյանի հետ նախնական համաձայնությամբ, մուտքի դուռը հրելու միջոցով բացելով ապօրինի կերպով մուտք են գործել Բերդ քաղաքի Մաշտոցի 82 հասցեում գտնվող ՀՕՖ-ի գրասենյակին կից «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն և գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր և տեխնիկական սարքավորումներ, կենտրոնին պատճառելով ընդհանուրը զգալի չափերով՝ 304.000 ՀՀ դրամի գույքային վնաս»3:

8. Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով ամբաստանյալ Գ.Նավասարդյանի նկատմամբ Համաներման մասին օրենքը կիրառելու հարցին, փաստել է. «(…) Ամբաստանյալ Գրիշա Նավասարդյանը մեղադրվում է 2018թ. մարտի 22-ին կատարած` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (…) նախատեսված հանցագործության կատարման մեջ: Գրիշա Նավասարդյանը` անչափահաս տարիքում, կատարել է դիտավորյալ հանցագործություն, որի համար ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ1/0051/01/16 դատավճռով դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով, «ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով: Նա հանցագործությունը կատարել է մինչև 18 տարին լրանալը և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չի կրել: (…) Բացի այդ` [ն]րա նկատմամբ վերջին տաս[ը] տարիների ընթացքում ՀՀ ԱԺ համաներման ակտ կամ ՀՀ նախագահի ներման հրամանագիր չի կիրառվել, և [ն]րա նկատմամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքը կիրառելու արգելքներ չկան:

Հիմք ընդունելով վերը շարադրվածը և նկատի ունենալով, որ (…) գործի նյութերում համաներման մասին օրենքի կիրառման սահմանափակումներ չկան, դատարանը գտավ, որ Գրիշա Նավասարդյանին պետք է պատժից ազատել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի՝ 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կիրառմամբ (…)»4:

9. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 3-ի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(…) [Ե]թե անձն իրեն վերագրվող հանցանքը կատարել է այն ժամանակ, երբ դիտավորյալ հանցանքի կատարման համար պատիժ կրելիս է եղել, ապա նրա նկատմամբ համաներում չի կարող կիրառվել: Այս կանոնից բացառություն են կազմում մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձինք, որոնց պարագայում օրենսդիրը հատուկ կանոն է սահմանել առ այն, որ այդ անձինք կարող են ազատվել պատժից, եթե դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն:

Գրիշա Նավասարդյանը` անչափահաս տարիքում, կատարել է դիտավորյալ հանցագործություն, որի համար ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ1/0051/01/16 դատավճռով դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով, իսկ սույն գործով արարքը կատարել է փորձաշրջանի ընթացքում:

Վերոգրյալ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելով Համաներման մասին օրենքի մեջբերված և վերլուծած նորմերը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Գ.Նավասարդյանի նկատմամբ համաներում կիրառելով պատժից ազատելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը խախտում թույլ չի տվել, քանի որ Գ.Նավասարդյանը սույն գործով հանցանքը կատարել է այն ժամանակ, երբ իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կրել՝ ինչպես պահանջում է Համաներման մասին օրենքի 2-րդ [հ]ոդվածի 6-րդ կետը:

Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ «Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 9-րդ կետով սահմանված է, որ համաներում չկիրառել այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար: Մինչդեռ Գ.Նավասարդյանը, գտնվելով փորձաշրջանում, կատարել է դիտավորյալ հանցագործություն, որը Դատարանը հաստատված է համարել, ուստի նրա նկատմամբ համաներումը կիրառելի չէր», ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ այն սույն դեպքում կիրառելի չէ, քանի որ, ինչպես նշվեց, այն վերաբերելի չէ մինչև 18 տարեկանը հանցանք կատարած անձանց նկատմամբ»5։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքի հեղինակի կարծիքով՝ ստորադաս դատարանները, խախտելով Համաներման մասին օրենքի դրույթների պահանջները, թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

Մասնավորապես, ըստ բողոքաբերի՝ անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով ամբաստանյալին մեղսագրվող հանցանքը վերջինս կատարել է նախկինում կատարած հանցանքի համար նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու արդյունքում սահմանված փորձաշրջանի ընթացքում, ինչը Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ անձի նկատմամբ համաներման կիրառումը բացառող հանգամանք է:

11. Հիմք ընդունելով վերոշարադրյալը, բողոքաբերը խնդրել է մասնակի՝ ամբաստանյալ Գ.Նավասարդյանին պատժից ազատելու մասով բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշումը, վերացնել Գ.Նավասարդյանի նկատմամբ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառումը, և նրան պատժից ազատելը ճանաչել անթույլատրելի:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք ամբաստանյալ Գ.Նավասարդյանին Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հիման վրա պատժից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձն օրենսդիր մարմնի կողմից ընդունվող համաներման ակտով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ դատապարտյալը կարող է լրիվ կամ մասնակիորեն ազատվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժից, կամ պատժի չկրած մասը կարող է փոխարինվել ավելի մեղմ պատժատեսակով, կամ կարող է վերացվել դատվածությունը»:

14. Համաներման ինստիտուտի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ համաներումն իրենից ներկայացնում է ինքնուրույն գործող իրավական ինստիտուտ, որի կիրառելիության հիմքում դրված են մի կողմից` ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի համապատասխան հոդվածները, իսկ մյուս կողմից` օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտը, որով հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից և պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Համաներման ակտի կիրառումը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում։ Ընդ որում, համաներման կիրառման սահմանափակումները նախատեսվում են համաներման ակտով և պետք է պահպանվեն անվերապահորեն։ Մասնավորապես, անվերապահորեն պետք է պահպանվեն համաներման ակտում նախատեսված այն կանոնները, որոնք սահմանում են անձանց շրջանակը, որոնց նկատմամբ համաներումը կիրառելի չէ, ինչպես նաև սահմանում են, թե հանցանք կատարած անձինք ինչ չափով պետք է օգտվեն համաներումից` պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից կամ պատժից, կամ կարող է մեղմացվել պատիժը, կամ վերացվել դատվածությունը։ Այդ կանոններից շեղումները, այդ թվում` նախատեսված համաներման չկիրառումը կամ նախատեսվածից դուրս համաներման կիրառումը կարող են հանգեցնել օրինականության սկզբունքի խախտման և կամայականության6:

15. Համաներման մասին օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Համաներում հայտարարելով՝ պատժից ազատել՝ առավելագույնը չորս տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձանց»։

Նույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ «Համաներում հայտարարելով պատժից ազատել առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված` հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն»։

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 9-րդ կետի համաձայն՝ «Համաներումը չկիրառել (բացառությամբ սույն հոդվածի 9-րդ և 11-րդ մասերով նախատեսված դեպքերի)՝ այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»:

Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե սույն հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով այլ բան նախատեսված չէ»:

15.1. Սույն որոշման 13-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերլուծելով Համաներման մասին օրենքի վերը մեջբերված կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաներման կիրառելիության համար օրենսդիրը նախ և առաջ սահմանել է համաներում հայտարարելով պատժից և քրեական պատասխանատվությունից ազատելու հիմքերը, պայմանները և ըստ այդ պայմանների` համաներումից օգտվելու սահմանները: Ընդ որում՝ այդ հարցում օրենսդիրը ցուցաբերել է տարբերակված մոտեցում՝ մարդասիրության սկզբունքի համատեքստում էական նշանակություն ունեցող առանձին հանգամանքների (պայմանների) առկայության դեպքում նախատեսելով պատասխանատվությունից և պատժից ազատելու ավելի մեծ հնարավորություններ: Այսպես՝ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասից երևում է, որ օրենսդիրն առանձնացրել է սոցիալական որոշակի խումբ, որի կազմում ընդգրկված անձինք կարող են պատժից ազատվել նաև այն դեպքում, երբ դատապարտվել են ոչ թե չորս, ինչպես Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի պայմանն է, այլ վեց տարի ժամկետով ազատազրկման: Միևնույն ժամանակ օրենսդիրն առանձին դեպքերում այդ խմբի կազմում ներառված անձանց համար սահմանել է հավելյալ պայմաններ, որոնց առկայության դեպքում միայն անձը կարող է Համաներման մասին օրենքի վերը հիշատակված դրույթի կիրառմամբ ազատվել պատժից: Մասնավորապես, նման հավելյալ պայման է սահմանված Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում, ըստ որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած անձինք ազատվում են պատժից, եթե նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Այլ կերպ, օրենսդիրը, մարդասիրական բնույթ ունեցող համաներման ակտի գործողության տակ ընկնելու ավելի մեծ հնարավորություն է նախատեսել մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց համար՝ միաժամանակ այդ հնարավորությունը պայմանավորելով լրացուցիչ պայմանի առկայությամբ, այն է՝ եթե նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն: Ընդ որում, նման լրացուցիչ պայմանը չի կարող դիտարկվել որպես մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման սահմանափակում: Համաներման կիրառելիության սահմանափակումները նախատեսված են Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով, դրանք ինքնավար են, այլ պայմանների հետ չեն համադրվում և պետք է պահպանվեն անվերապահորեն: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կիրառելիության հարցը լուծելիս անհրաժեշտ է պարզել, թե առկա չեն արդյոք Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված սահմանափակումները, որոնք կարող են արգելք լինել անձի նկատմամբ վերոնշյալ օրենքը կիրառելու համար:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ մոտեցումը բխում է ինչպես Համաներման մասին օրենքի ընդհանուր համակարգային վերլուծությունից և տրամաբանությունից, այնպես էլ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 12-րդ մասի այն կարգավորումից, ըստ որի՝ նույն հոդվածի 1-5-րդ և 7-րդ մասերը կիրառվում են անձի նկատմամբ, եթե նշված հոդվածի 8-րդ և 10-րդ մասերով այլ բան նախատեսված չէ:

15.2. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված կարգավորումը կիրառելի է միայն այն անձանց նկատմամբ, ովքեր միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին՝ դատապարտվել են առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման, հանցագործությունը կատարել են մինչև 18 տարին լրանալը, նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն, և բացակայում են Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված` նրանց նկատմամբ համաներման ակտի կիրառումը բացառող հանգամանքները:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

- Գ.Նավասարդյանը նախկինում՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով դատապարտվել է ազատազրկման՝ 4 (չորս) տարի 8 (ութ) ամիս 17 (տասնյոթ) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 5 (հինգ) տարի ժամկետով7:

- Գ.Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2018 թվականի մարտի 22-ին՝ ժամը 20-ի սահմաններում, այլ անձանց հետ, նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք է գործել «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն, գողացել տարբեր տեսակի կենցաղային իրեր և տեխնիկական սարքավորումներ՝ կենտրոնին պատճառելով ընդհանուրը զգալի չափերով՝ 304.000 ՀՀ դրամի գույքային վնաս8:

- Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ փաստել է, որ Գ.Նավասարդյանը հանցագործությունը կատարել է մինչև 18 տարին լրանալը և նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չի կրել: Բացի այդ, նրա նկատմամբ վերջին տասը տարիների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի համաներման ակտ կամ ՀՀ Նախագահի ներման հրամանագիր չի կիրառվել, և Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքը նրա նկատմամբ կիրառելու արգելքներ չկան: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը հանգել է հետևության, որ Գ.Նավասարդյանին պետք է պատժից ազատել՝ Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի կիրառմամբ9:

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է, որ Գ.Նավասարդյանի նկատմամբ համաներում կիրառելով պատժից ազատելու մասին որոշում կայացնելիս Առաջին ատյանի դատարանը խախտում թույլ չի տվել, քանի որ Գ.Նավասարդյանը սույն գործով հանցանքը կատարել է այն ժամանակ, երբ իր նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը չի կրել, ինչպես պահանջում է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը: Իսկ ինչ վերաբերում է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 9-րդ կետով սահմանված արգելքին, ապա այն վերաբերելի չէ մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձանց նկատմամբ10:

17. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-15.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Գ.Նավասարդյանին Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հիման վրա պատժից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն: Այսպես՝ ըստ գործի փաստական տվյալների՝ Գ.Նավասարդյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ի դատավճռով սահմանվել է 5 (հինգ) տարի ժամկետով փորձաշրջան: Սույն գործով Գ.Նավասարդյանն իրեն մեղսագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքը կատարել է իր նկատմամբ սահմանված փորձաշրջանի ընթացքում՝ 2018 թվականի մարտի 22-ին: Ուստի, վերոշարադրյալից բխում է, որ տվյալ դեպքում առկա է Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասի 9-րդ կետով նախատեսված՝ համաներման ակտի կիրառումը բացառող հանգամանք: Մինչդեռ, ստորադաս դատարաններն ամբաստանյալի նկատմամբ կիրառել են Համաներման մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի դրույթը և ազատել պատժից՝ պատշաճ իրավական գնահատականի չարժանացնելով գործում առկա և սույն որոշմամբ մեջբերված փաստական տվյալների համակցությունը: Արդյունքում, ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել ամբաստանյալ Գ.Նավասարդյանի նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառելիության հարցում՝ թույլ տալով նյութական իրավունքի խախտում:

18. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և կրկնելով նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ, և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում11՝ փաստում է, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Գ.Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Գ.Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

6) անցել են վաղեմության ժամկետները,

(…)

5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

(...)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(...)

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` «Մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելիս սույն օրենսգրքի 75-րդ և 81-րդ հոդվածներով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են կիսով չափ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում թվարկված են օրենքով սահմանված այն հանգամանքները, որոնք բացառում են ինչպես քրեական հետապնդման հնարավորությունը, այնպես էլ քրեական գործի վարույթը։ Այդ հանգամանքներից յուրաքանչյուրի բացահայտման դեպքում քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, իսկ քրեական հետապնդումը՝ դադարեցման։

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված հիմքերի կիրառմանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արամ Սարգսյանի գործով որոշմամբ, արձանագրելով՝ «(…) [Թ]եև [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով սահմանված] հիմքերն իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է քրեական գործի վարույթը քրեական դատավարության ցանկացած փուլում։ Այլ կերպ, եթե վարույթ իրականացնող մարմինը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա գործի վարույթը ենթակա է կարճման»12։

23. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական գործի վարույթը և քրեական հետապնդումը բացառող հանգամանք` սահմանելով, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Միևնույն ժամանակ, քրեադատավարական օրենքը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում մեղադրյալի համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով: Այսինքն` այն դեպքում, երբ անձը համաձայն չէ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու, իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու հետ, նրան պետք է հնարավորություն ընձեռվի դատական քննության փուլում վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը:

Այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը: Ընդ որում, դատական քննությունը ենթադրում է վարույթն ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում13: Մասնավորապես, դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք ամբաստանյալը համաձայն է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Անձի համաձայնությունը ստանալու դեպքում` դատարանը պարտավոր է դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, իսկ համաձայնության բացակայության դեպքում` պետք է դատական քննությունը շարունակի ընդհանուր կարգով, սակայն դատավճիռ կայացնելիս` դադարեցնի անձի նկատմամբ քրեական հետապնդումը: Ընդ որում, երբ անձն արդեն հնարավորություն է ունեցել առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում (վերջին դեպքում՝ վճռաբեկ բողոք բերելու միջոցով) վիճարկելու իրեն առաջադրված մեղադրանքը, ապա քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս նրա դիրքորոշումը լրացուցիչ ճշտելու անհրաժեշտությունը բացակայում է14:

24. Վերոգրյալի հիման վրա, անդրադառնալով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով ամբաստանյալ Գ.Նավասարդյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գողությունը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

(…)

3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, իսկ դրա համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի գերազանցում հինգ տարին, ուստի այն դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին: Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցավոր արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարվելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահն անցել է հինգ տարի:

Միևնույն ժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ մինչև տասնութ տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները կրճատվում են կիսով չափ:

Վերոնշյալից հետևում է, որ մինչև տասնութ տարին լրանալը անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հինգ տարի վաղեմության ժամկետը ՀՀ քրեական օրենսգրքի 95-րդ հոդվածի ուժով կրճատվում է կիսով չափ՝ կազմելով երկուսուկես տարի։

25. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Գ.Նավասարդյանը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունը կատարել է 2018 թվականի մարտի 22-ին15: ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով որակված՝ Գ.Նավասարդյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի մայիսի 3-ին16, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2020 թվականի մարտի 10-ին17: Նշված որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի դեկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ18:

26. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված հանգամանքները գնահատելով սույն որոշման 20-24-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված դիրքորոշումների վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գ.Նավասարդյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունն ավարտվել է 2018 թվականի մարտի 22-ին, երբ նրա 18 տարին լրացած չի եղել19:

Հետևաբար, Գ.Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ և 95-րդ հոդվածների կանոններով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության երկուսուկես տարի ժամկետը լրացել է 2020 թվականի սեպտեմբերի 22-ին: Մինչդեռ, այդ օրվա դրությամբ Գ.Նավասարդյանի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

27. Նման պայմաններում, Գրիշա Նավասարդյանին ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցել է։

28. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գ.Նավասարդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մայիսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշումը պետք է բեկանել, Գ.Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ։

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Գ.Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիշա Էդգարի Նավասարդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի մայիսի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի մարտի 10-ի որոշումը բեկանել: Գրիշա Էդգարի Նավասարդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ, և նրա վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճել:

2. Ամբաստանյալ Գրիշա Էդգարի Նավասարդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 240:

2 Տե՛ս www.datalex.am դատական տեղեկատվական համակարգ, Գրիշա Նավասարդյանի վերաբերյալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ1/0051/01/16 դատավճիռը:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 230:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 91:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 128-129:

6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Վարուժան Ավետիսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՍԴ3/0013/01/11, Գարիկ Ղազարյանի գործով 2012 թվականի մարտի 30-ի թիվ ՏԴ/0088/01/11, Լևոն Խոստիկյանի և Արտյոմ Ալեքսանյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵԿԴ/0046/01/14, Արիգ Տիգրանյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԴ/0501/01/18 որոշումները:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արամ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 20-րդ կետը։

13 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։

14 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով վերը հիշատակված որոշման 25-րդ կետը։

15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական: