ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2021 թվականի N 986-Լ
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-953-28.04.2021ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-953-28.04.2021-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և շահագործվող տրանսպորտային միջոցների, երկաթուղային տրանսպորտի և դրանց կցորդների վրա թույլատրվում է տեղադրել միայն այդ միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվամբ, գտնվելու վայրի և այլ կոնտակտային տվյալների վերաբերյալ տեղեկություններ, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրով կամ օրենքով: Այդ հիմքով առաջարկվում է սահմանել համապատասխան պատասխանատվության միջոցներ՝ վարչարարությունն իրականացնելու պարտականությունը դնելով Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների վրա:
Նախագծերին կից ներկայացված հիմնավորման մեջ, որպես նախագծերի ընդունման նպատակ, նշված է, որ նախագծի նպատակն է ոչ միայն կանոնակարգել տեղեկատվության և գովազդի տեղադրումը տրանսպորտային միջոցների վրա, այլ նաև օրենսդրությամբ բացառել այն տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետության սահման, որոնց վրա տեղադրված տեղեկատվությունը և գովազդը կհակասեն օրենքին:
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնում է.
1. նախագծերի հիմնական նպատակը, մասնավորապես՝ առկա այն խնդիրը, որի լուծմանն են միտված ներկայացված նախագծերը, նախագծերին կից ներկայացված հիմնավորման մեջ ամբողջությամբ բացահայտված չէ, ուստի եթե նախագծերի բուն նպատակն անվտանգ երթևեկության ապահովումն է, ապա տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցներում և երկաթուղային ու ջրային տրանսպորտում գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» N 2137-Ն որոշմամբ, որով սահմանված պահանջները նպատակ են հետապնդում ապահովելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը՝ թույլատրելով գովազդի տեղադրումը տրանսպորտային միջոցի կոնկրետ մասերում և արգելելով այնպիսի գովազդի տեղադրումը, որն օրինակ՝ կսահմանափակի վարորդի տեսադաշտը։ Նշված կարգի խախտման գործերը քննում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Այս տեսանկյունից նախագծերով առաջարկվող կարգավորումները որևէ առնչություն չունեն ճանապարհային երթևեկության անվտանգության հետ, քանի որ դրանք վերաբերում են գովազդի բովանդակությանը՝ կապված տնտեսական գործունեություն իրականացնողի տվյալների հետ և դուրս են Հայաստանի Հանրապետության ոստիկանության խնդիրների ու լիազորությունների շրջանակից.
2. նախագծերով ընտրված գործիքակազմը փաստացի չի համապատասխանում, և այդ միջոցներով հնարավոր չէ հասնել նախագծերի առջև դրված նպատակի իրականացմանը, քանի որ նախագծերով սահմանվող, Հայաստանի Հանրապետության մուտք գործող և շահագործվող տրանսպորտային միջոցների վրա փակցված տեղեկատվությանը առաջադրվող պահանջներին, տրանսպորտային միջոցների չհամապատասխանելու դեպքում, ըստ նախագծերի, այդ տրանսպորտային միջոցների վարորդները ենթակա են միայն վարչական պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից իրականացված վարչական վարույթի արդյունքում և սույն նախագծերով այդ տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետության սահման մուտքը արգելող որևէ կարգավորում նախատեսված չէ.
3. նախագծերում անդրադարձ չի կատարվել այդ տրանսպորտային միջոցների վրա փակցված պատկերների թույլատրելիության չափորոշիչներին և չի սահմանվել որևէ սահմանափակում այդ համատեքստում, մինչդեռ նման իրավակարգավորում նախատեսելու պարագայում անհրաժեշտ է համապարփակ անդրադառնալ այդ խնդրի բոլոր ասպեկտներին.
4. մաքսային մարմինների գործառույթների շրջանակը սահմանված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017 թվականի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Նշված իրավական ակտերով սահմանված գործառույթներն ընդհանուր առմամբ բաժանվում են 2 խմբի` անվտանգության ապահովման և ֆիսկալ: Ներկայացված նախագծերով մաքսային մարմիններին վերապահվող գործառույթն իր բնույթով չի բխում մաքսային մարմինների` օրենսդրությամբ սահմանված գործառույթների շրջանակներից:
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են մաքսային մարմինների լիազորությունները։ Նույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ մաքսային մարմինները մաքսային գործի բնագավառում վարչական իրավախախտումների (մաքսային կանոնների խախտումների) գործերով իրականացնում են վարչական վարույթ։
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (ուժի մեջ է մտել 2001 թվականի հունվարի 1-ին) 13-րդ բաժնով սահմանված են մաքսային կանոնների խախտումները և պատասխանատվությունը դրանց համար։
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 702-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետով սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի գործառույթները։ Մասնավորապես՝ վերոնշյալ կետի 29-րդ ենթակետի համաձայն՝ կոմիտեի գործառույթն է՝ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթների իրականացումը։
Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ տրանսպորտային միջոցի վրա տեղեկությունների և գովազդի տեղադրման կարգի խախտման վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի (տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ, որը հատում է Հայաստանի Հանրապետության սահմանը) քննության իրավասությունը նախագծերով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին վերապահելը չի բխում վերը նշված դրույթներից.
5. «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով ներկայացված նորմի կիրառումը հանգեցնելու է մի շարք ընթացակարգային խնդիրների: Մասնավորապես` պարզ չէ, թե հսկողություն իրականացնող մարմինը՝
1) կոնկրետ ինչն է հսկելու՝ հաշվի առնելով այն, որ հստակ սահմանված չեն գովազդի համար թույլատրելի չափանիշները.
2) ինչպես է հսկելու միջազգային պայմանագրով կամ օրենքով այլ բան նախատեսված լինելու հանգամանքը.
3) տվյալ տրանսպորտային միջոցի` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու ժամանակ ինչպես է պարզելու` տվյալ տրանսպորտային միջոցը հետագայում Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվելո՞ւ է, թե ոչ.
4) նշված նորմի խախտման համար տրանսպորտային միջոցի վարորդին պատասխանատվության ենթարկելուց հետո ինչ գործողություններ են իրականացվելու հսկողություն իրականացնող մարմնի և պատասխանատվության ենթարկված անձի կողմից, մասնավորապես` պե՞տք է արդյոք վերացվեն խախտման օբյեկտ հանդիսացող տեղեկությունները, թե ոչ.
5) ի՞նչ միջոցներով և եղանակներով պետք է պարզի, թե Հայաստանի Հանրապետություն մուտք գործող և շահագործվող տրանսպորտային միջոցների վրա փակցված տեղեկատվությունն արդյո՞ք այդ տրանսպորտային միջոցի տնտեսական գործունեություն իրականացնողի անվանումն է, գտնվելու վայրը կամ այլ կոնտակտային տվյալ, թե ոչ, քանի որ այդ ամենը հաճախ գրված է լինում օտարալեզու, և հնարավոր չէ մաքսային անցակետերում այդ ամենը պարզելը.
6. նախագծերի ուժի մեջ մտնելու դրույթները հարկ է վերանայել՝ նկատի ունենալով, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծերի ընդունումը ներկայացված տեսքով ընդունելի չէ, և նախագծերին հնարավոր է անդրադառնալ միայն նշված խնդիրները կանոնակարգելու դեպքում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|