ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26940/02/19 2021 թ. | ||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26940/02/19 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Ս. Միքայելյան | |
|
Ս. Անտոնյան | |
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի հունվարի 29-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» հասարակական կազմակերպության (այսուհետ` Բյուրո) ներկայացուցիչ Փիրուզա Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Բյուրոյի ընդդեմ Մանվել Գալստյանի, Արսեն Ոսկանյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Բյուրոն պահանջել է Մանվել Գալստյանից և Արսեն Ոսկանյանից բռնագանձել 183.077 ՀՀ դրամ, որից 182.000 ՀՀ դրամը` որպես հատուցված վնասի գումար, 1.077 ՀՀ դրամը` որպես 05.08.2019 թվականից մինչև դատարան ներկայացնելու օրվա դրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումար, ինչպես նաև` հայցադիմումը դատարան ներկայացնելու հաջորդ օրվանից` 23.08.2019 թվականից մինչև պարտավորության դադարման օրը պատասխանողների կողմից ապօրինի պահված 182.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, 3.662 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, 55.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Տաշչյան) (այսուհետ` Դատարան) 03.04.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.05.2020 թվականի որոշմամբ Բյուրոյի ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը` Դատարանի 03.04.2020 թվականի վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ, և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բյուրոյի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 03.04.2020 թվականի վճիռը Բյուրոն ստացել է 20.04.2020 թվականին: Վճիռը բողոքաբերին մատչելի դառնալու պահից, օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետում, բերվել է վերաքննիչ բողոք, միաժամանակ բողոքին կից ներկայացվել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 03.04.2020 թվականի վճիռը Բյուրոյին չի առաքվել հրապարակման հաջորդ օրը, այլ դատարանից ելքագրվել է 06.04.2020 թվականին:
Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ բողոքարկման ժամկետն սկսել է հոսել 06.04.2020 թվականին և ավարտվել 27.04.2020 թվականին, հետևաբար` բողոք բերած անձը կարող էր նշված ժամանակահատվածում բողոքարկել վճիռը` անկախ դրա թղթային օրինակն ստանալու հանգամանքից, անհիմն է և չպատճառաբանված:
Վերաքննիչ դատարանը, Բյուրոյի կողմից ներկայացված հիմնավորումներն անտեսելու և վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու արդյունքում, խախտել է Բյուրոյի դատական պաշտպանության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դրա օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին և մինչ այդ առձեռն չի հանձնել` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):
Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovénie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 179-րդ հոդվածը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են «Պարզեցված վարույթը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն` դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել: Բացի այդ, տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ մոտեցումը կիրառելի է նաև պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի նկատմամբ, այսինքն` այն դեպքում, երբ առկա է պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտ, դրա օրինակն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն կողմերին չի հանձնվել: Իսկ ինչ վերաբերում է դատական իշխանության կայքի միջոցով պարզեցված վարույթի կարգով կայացված եզրափակիչ դատական ակտի հրապարակմանը, ապա այս եղանակը չի կարող դադարեցնել վճռի օրինակն առձեռն հանձնելու կամ պատվիրված նամակի միջոցով գործին մասնակցող անձանց ուղարկելու դատարանի պարտականությանը` հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե′ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը 05.03.2020 թվականին կայացրել է որոշում` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որով դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 03.04.2020 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 74-75): Դատարանի 05.03.2020 թվականին կազմված թիվ Ե-58673/20 գրությունը, «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 05.03.2020 թվականի որոշումը բողոքաբերին ուղարկելու համար, ըստ դրանում առկա ձեռագիր թվագրության, ելքագրվել է 11.03.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 76), սակայն այդ գրությունը փոստին հանձնելու վերաբերյալ ապացույց գործում առկա չէ: Այդուհանդերձ, գործում առկա ստացման/հանձնման ծանուցագրի համաձայն, այդ որոշումը Բյուրոյի անվամբ ստացվել է 27.03.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 77):
Դատարանի 03.04.2020 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է նույն օրը` 03.04.2020 թվականին (հիմք` «www.datalex.am» տեղեկատվական համակարգը): Համաձայն Դատարանի 03.04.2020 թվականին կազմված թիվ Ե-79669/20 գրության` Դատարանի 03.04.2020 թվականի վճիռը, ըստ դրանում առկա ձեռագիր թվագրության, Բյուրոյին ուղարկելու համար ելքագրվել է 06.04.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 93), սակայն գործում բացակայում է նշված դատական ակտը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույցը։ Դատարանի 03.04.2020 թվականի վճիռը, համաձայն ստացման/հանձնման ծանուցագրի, Բյուրոյի անվամբ ստացվել է 20.04.2020 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 96):
Բյուրոյի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 04.05.2020 թվականին` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը, պատճառաբանելով, որ բողոքարկվող վճիռը փոստային ծառայության միջոցով ստացվել է «25.03.2020 թվականին» (հատոր 2-րդ, գ.թ. 08-12, 16):
Վերաքննիչ դատարանի 23.05.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Բյուրոյի ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ «(...) Սույն գործով բողոքարկված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է նշանակված օրը` 03.04.2020թ., ուստի այդ վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 06.04.2020թ. և ավարտվել է 27.04.2020թ.։ Այս պայմաններում բողոք բերած անձը կարող էր 06.04.2020թ. մինչև 27.04.2020թ. ընկած ժամանակահատվածում բողոքարկել վճիռը` անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից»։ Միաժամանակ` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Սույն գործով վերաքննիչ բողոքը համապատասխան ժամկետի ավարտից հետո ներկայացրած պատասխանողն այդ ժամկետի վերականգնման մասին միջնորդության հիմքում դրել է սոսկ այն փաստը, որ վճիռը փոստով ստացել է «25.03.2020թ.» (ըստ գործի նյութերի հայցվորը վճիռը ստացել է 20.04.2020թ.)։ Միջնորդության հեղինակը չի ներկայացրել որևէ փաստարկ` վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակված չլինելու կամ 2020թ. ապրիլի 3-ից ավելի ուշ հրապարակված լինելու կամ հրապարակման հաջորդ օրն իրեն առաքված չլինելու, դատական իշխանության պաշտոնական կայքի հասանելիության հետ կապված կամ այլ խնդիրներ ունեցած լինելու մասին, և չի վկայակոչել այնպիսի փաստեր, որպիսիք կարող էին ողջամտորեն գնահատվել որպես վճռի բողոքարկման ժամկետի բացթողման հարգելի պատճառներ, (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 17-18):
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և´ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և´ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե´ վճռի հրապարակումը, թե´ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես՝ միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը` որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է`
ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,
բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, կայացնելով գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին որոշում, վճռի հրապարակման օր է նշանակել 03.04.2020 թվականը։ Դատարանի 03.04.2020 թվականի վճիռը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, հրապարակվել է նույն օրը` 03.04.2020 թվականին, ինչն արձանագրվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 03.04.2020 թվականի վճիռը Բյուրոյին ուղարկելու վերաբերյալ կից գրությունը կազմվել է 03.04.2020 թվականին, իսկ դրանում առկա ձեռագիր թվագրության համաձայն` այն Դատարանի կողմից ելքագրվել է 06.04.2020 թվականով: Սույն գործում, սակայն, վճռի օրինակը փոստին հանձնելու վերաբերյալ ապացույց առկա չէ: Բյուրոյի անվամբ այդ վճիռն ստացվել է 20.04.2020 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 04.05.2020 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում: Միաժամանակ Բյուրոյի ներկայացուցիչը միջնորդել է վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռն ստացել է «25.03.2020 թվականին» (գործի նյութերի համաձայն, ինչպես վերը նշվեց, վճիռն ստացվել է 20.04.2020 թվականին):
Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Դատարանը պատշաճ կարգով չի իրականացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր պարտականությունները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված իրավական նորմերի պահանջները Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից` հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի` դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Բյուրոյի ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Հետևաբար Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 179-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, քանի որ ոչ իրավաչափորեն մերժելով Բյուրոյի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է վերջինիս` բողոքարկման իրավունքի իրականացման հնարավորությունը` արդյունքում զրկելով նրան վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 23.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.05.2020 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Ս. Միքայելյան |
|
Ս. Անտոնյան |
Ա. Բարսեղյան | |
Մ. Դրմեյան | |
Գ. Հակոբյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|