ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/2117/05/19
Վարչական գործ թիվ ՎԴ/2117/05/19
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ |
Կ. Բաղդասարյան |
Ա. Թովմասյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ս. Միքայելյան | ||
Ա. Մկրտչյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2021 թվականի ապրիլի 23-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ Սերգեյ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ Սուրեն Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սուրեն Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 23.09.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2020 թվականի որոշմամբ Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասը, վարչական իրավախախտումը կատարելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 1), ՀՀ կառավարության 26.10.2006 թվականի «Ճանապարհային լուսացույցներին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները և ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները հաստատելու մասին» թիվ 1699-Ն որոշումը (այսուհետ` Որոշում 2), ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-27-րդ և 146-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է նաև հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի ուսումնասիրել գործում առկա ապացույցները։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տեսանյութում առկա ճանապարհային նշանը ցույց է տալիս երթևեկության հետևյալ` առաջին գոտուց դեպի աջ կամ ուղիղ, երկրորդ գոտուց` միայն ուղիղ, իսկ երրորդ` ձախ եզրային գոտուց` ուղիղ կամ հետադարձ թույլատրելի ուղղությունները: Ինչ վերաբերում է, ձախ եզրային գոտին կարգավորող ճանապարհային նշանի այդ ցուցիչին, ապա հետադարձի տեղը ցույց տվող ճանապարհային նշանը սովորաբար կիրառվում է առանձին վահանակի վրա և բացի թույլատրելի ուղղությունից, ի տարբերություն 5.15.1 նշանի, սահմանում է նաև կոնկրետ ուղղությամբ երթևեկելու արգելք` ձախ շրջադարձ կատարելու արգելք: Բացի այդ, հետադարձի տեղ ցույց տվող ճանապարհային նշանը համարվում է տեղեկատվության՝ այլ ոչ հատուկ թելադրանքի, ճանապարհային նշան:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ 6.3.1 և 5.15.1 ճանապարհային նշանները չեն կարող կիրառվել մեկ վահանակի վրա, քանի որ դրանք տարաբնույթ նշաններ են:
Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է իրավանորմերի պարզ շարադրանքով և որոշման պատճառաբանական մասում բառացիորեն վերահաստատել է այն, ինչը չէր վիճարկվել՝ անդրադառնալով միայն ապացուցման կարիք չունեցող փաստերին:
Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել բողոքով բարձրացված այն հարցին, թե արդյոք տվյալ դեպքում առկա է եղել զանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ հայցվորի մեղքը, թե ոչ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2020 թվականի որոշումն ու փոփոխել այն` հայցը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Սուրեն Հովհաննիսյանը, 08.01.2019 թվականին վարելով «NISSAN» մակնիշի 69 OO 006 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 3 և 14).
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանի նկատմամբ Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 3):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:
Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:
Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:
Որոշում 2-ով հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`
ա) նախազգուշացնող,
բ) առավելության,
գ) արգելող,
դ) թելադրող,
ե) հատուկ թելադրանքի,
զ) տեղեկատվական,
է) սպասարկման,
ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):
Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, արձանագրել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (տե՛ս, Սարգիս Ղշյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/8961/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանը, 08.01.2019 թվականին վարելով «NISSAN» մակնիշի 69 OO 006 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանի նկատմամբ Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:
Սուրեն Հովհաննիսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշումը:
Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հայցվորի վարած տրանսպորտային միջոցը 2019 թվականի հունվարի 08-ին ժամը 16:27-ին (վիճարկվող որոշմամբ նշված պահին) ըստ տեսանկարահանման տվյալների՝ Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի առկայության պայմաններում երթևեկել է ձախ, մինչդեռ նշանով այդ ուղղությամբ երթևեկությունը թույլատրված չէ», գտել է, որ «վարչական իրավախախտումն իրավաչափորեն է վերագրվել հայցվորին, ինչը նշանակում է, որ սույն դեպքում առկա չէ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված հիմքը»:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «տվյալ իրադրությունում հայցվորը, երթևեկությունը շարունակելով իր նախընտրած` դեպի ձախ ուղղությամբ այն դեպքում, երբ ճանապարհի տվյալ հատվածում թիվ 5.15.1 ճանապարհային նշանով թելադրված է ուղիղ երթևեկելու պարտադիր վարքագիծ` հետադարձ կատարելու հնարավորությամբ, թույլ է տվել իրավախախտում: Ընդ որում հայցվորի՝ մատնանշված վարքագիծն ակնհայտ է տեսանյութի ամրագրած տվյալներով։ Այսինքն, տեսանյութի ամրագրած տվյալներն ուղղակիորեն ի ցույց են դնում հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու փաստը։ Եվ քանի որ իրավախախտում թույլ տրված լինելու հանգամանքը կարող է բխեցվել բացառապես տեսանյութի կամ լուսանկարի ամրագրած տվյալներից, իսկ տեսանյութը տվյալ դեպքում հնարավորություն տալիս է հատկորոշել վարորդի արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների միջև ուղիղ համապատասխանությունը, ապա պետք է փաստել, որ տրանսպորտային միջոցի վարորդի արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների միջև ուղիղ համապատասխանության առկայությունը կասկած չի հարուցում: Իսկ նշվածի արդյունքը, փաստորեն, հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու անխոցելի եզրահանգումն է», «տվյալ դեպքում հայցվորը չի վիճարկում ճանապարհի այդ հատվածում տեղադրված ճանապարհային նշանը (պատկերային վարչական ակտը), որի կիրառմամբ հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության, հետևապես հայցվորը պարտավոր էր ենթարկվել մատնանշված ճանապարհային նշանով սահմանված պահանջին, թեկուզև ընդունված լիներ ոչ ճիշտ պատկերային վարչական ակտ, քանի որ «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանապարհից օգտվողները պետք է կատարեն ճանապարհային նշանների և ազդանշանների, լուսային ճանապարհային ազդանշանների կամ ճանապարհի գծանշումների պահանջները նույնիսկ այն դեպքում, եթե հիշյալ պահանջները թվում են երթևեկության այլ կանոններին հակասող», «ամեն դեպքում հայցվորի երթևեկության ուղղությունը կարգավորող ճանապարհային նշանը, որը թելադրում է վարորդի վարքագիծը, հնարավորություն չի ընձեռում տվյալ վայրից կատարել ձախ շրջադարձ, որպիսի իրողության հաշվառմամբ էլ հայցվորը, կատարելով ձախ շրջադարձ, թույլ է տվել երթևեկությունը կարգավորող նշանի պահանջի խախտում, ինչն էլ առաջացրել է համապատասխան պատասխանատվություն», գտել է, որ «Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածների պահանջներին համապատաuխան բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները և կիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է սույն գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման», և Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայությունը, Սուրեն Հովհաննիսյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Սուրեն Հովհաննիսյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև սույն գործով դատական ծախսերի բաշխման հարցին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախuերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարները։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Նկատի ունենալով այն, որ Սուրեն Հովհաննիսյանն ինչպես սույն գործով հայցադիմումը, այնպես էլ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս մինչև 01.01.2020 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է եղել պետական տուրքի վճարման պարտականությունից և պետական տուրք չի վճարել ինչպես հայցադիմումը դատարան ներկայացնելու, այնպես էլ վերաքննիչ բողոքի համար, հետևաբար հայցապահանջը բավարարվելու դեպքում Ծառայությունը Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում չի կարող կրել ինչպես հայցադիմումի, այնպես էլ վերաքննիչ բողոքի համար սահմանված, սակայն չվճարված պետական տուրքը պետությանը հատուցելու պարտականություն:
Նման պայմաններում սույն գործով հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Միևնույն ժամանակ նկատի ունենալով այն, որ 01.01.2020 թվականից գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով Սուրեն Հովհաննիսյանը վճռաբեկ բողոքի համար արդեն վճարել է 20.000 ՀՀ դրամ, և քանի որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, այսինքն` այդ ծավալով վճարված պետական տուրքն անհրաժեշտ է եղել վճռաբեկ բողոք բերող անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուրեն Հովհաննիսյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի հիմքով ենթակա է հատուցման Ծառայության կողմից:
Բացի այդ, Ծառայությունից հօգուտ Սուրեն Հովհաննիսյանի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ, 58-րդ և 60-րդ հոդվածների համաձայն, ենթակա է բռնագանձման գործի քննության հետ կապված այլ ծախսի՝ Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցչի վճարի հատուցման գումարը։ Ընդ որում, հատուցման չափը որոշելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը Անի Դավթյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6377/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համաձայն, տվյալ դեպքում հիմք ընդունելով սույն գործի բարդությունը, ներկայացուցչի կատարած աշխատանքի ծավալը (հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների ներկայացում), Սուրեն Հովհաննիսյանի և Սերգեյ Հովհաննիսյանի միջև 06.02.2019 թվականին կնքված իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրով սահմանված՝ ներկայացուցչին վճարման ենթակա գումարի չափի և վիճարկվող վարչական ակտով առաջադրված տուգանքի գումարի չափի հարաբերակցությունը՝ կարող է կազմել հենց պայմանագրում նշված 50.000 ՀՀ դրամը: Հետևաբար Ծառայությունից հօգուտ Սուրեն Հովհաննիսյանի անհրաժեշտ է բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2020 թվականի որոշումը և փոփոխել այն. Սուրեն Հովհաննիսյանի հայցը բավարարել` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշումը ճանաչել անվավեր։
2. Հայցադիմում և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Սուրեն Հովհաննիսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունից հօգուտ Սուրեն Հովհաննիսյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ներկայացուցչի վճարի գծով դատական ծախսի հատուցման գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ |
Ս. Անտոնյան | |
Մ. Դրմեյան | |
Ս. Միքայելյան | |
Ա. Մկրտչյան | |
Տ. Պետրոսյան | |
Է. Սեդրակյան | |
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
23.04.2021թ.
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի կողմից թիվ ՎԴ/2117/05/19 վարչական գործով 23.04.2020 թվականին կայացված որոշման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 23.04.2020 թվականին քննելով Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ Սերգեյ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2020 թվականի որոշման դեմ` ըստ Սուրեն Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.06.2020 թվականի որոշումը բեկանել և այն փոփոխել. Սուրեն Հովհաննիսյանի հայցը բավարարել` Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշումը ճանաչել անվավեր։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Մ. Դրմեյանս և Ա. Մկրտչյանս համաձայն չլինելով վերը նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության արտահայտած կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Սուրեն Հովհաննիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 23.09.2019 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.06.2020 թվականի որոշմամբ Սուրեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում.
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել բողոքով բարձրացված այն հարցին, թե արդյոք տվյալ դեպքում առկա է եղել զանցակազմի սուբյեկտիվ կողմը՝ հայցվորի մեղքը, թե ոչ:
Միաժամանակ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/8961/05/18 վարչական գործով 03.07.2020 թվականին կայացված որոշում, որտեղ արտահայտվել է հետևյալ դիրքորոշումը. «Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է»:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.06.2020 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
1) Սուրեն Հովհաննիսյանը, 08.01.2019 թվականին վարելով «NISSAN» մակնիշի 69 OO 006 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Այդ վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ (գ.թ. 3 և 14).
2) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանի նկատմամբ Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ (գ.թ. 3):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն՝ Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել կրկին անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե այդ ճանապարհային նշանի պատկերը հաստատված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն (…):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:
Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:
Նույն Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. կետի համաձայն` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այդ նշանի պատկերը հետևյալն է` նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:
Որոշում 2-ով հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներին, բնակավայրերի փողոցներում (այսուհետ` ճանապարհներ) կիրառվում են նշանների հետևյալ խմբերը`
ա) նախազգուշացնող,
բ) առավելության,
գ) արգելող,
դ) թելադրող,
ե) հատուկ թելադրանքի,
զ) տեղեկատվական,
է) սպասարկման,
ը) լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ):
Նույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն` (...) Նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերը նշված նորմերը մեկնաբանելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, մի դեպքում, ամբողջ հոդվածների, իսկ մյուս դեպքում, ամբողջ բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտերի դրույթներից ելնելով, նաև ի կատարումն որոնց ընդունվել են Որոշում 1-ը և Որոշում 2-ը, արձանագրել է, որ տվյալ դեպքում տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը վարչական իրավախախտում համարելու և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ պայման է, որ նա կատարած չլինի տվյալ դեպքում ճանապարհային նշանի պահանջը: Ընդ որում, ՀՀ կառավարությունը սպառիչ սահմանել է այդ ճանապարհային նշանների ցանկը` դրա մեջ ներառելով նաև հատուկ թելադրանքի ճանապարհային նշանների խումբը, որոնց միջոցով մտցվում կամ վերացվում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Այդ խմբին է դասվում նաև «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որի միջոցով նշվում են գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Այսպես` այդ նշանի վրա պատկերված է երթևեկության երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ: Ավելին` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով, 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով` դրանց առկայության դեպքում: Այսպես` որպեսզի տրանսպորտային միջոցի վարորդի կատարած արարքը համարվի «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի խախտում և նա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվի վարչական պատասխանատվության, անհրաժեշտ է, որ նա կատարած չլինի հենց 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի պահանջները: Ավելին` չի թույլատրվում նշանների մեջ այնպիսի փոփոխությունների կատարումը, որոնք փոխում են նշանների հիմնական բնութագրերը, իսկ նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից (տե՛ս, Սարգիս Ղշյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/8961/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանը, 08.01.2019 թվականին վարելով «NISSAN» մակնիշի 69 OO 006 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Երզնկյան փողոց խաչմերուկում ձախ շրջադարձ է կատարել դեպի Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանի նկատմամբ Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:
Սուրեն Հովհաննիսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշումը:
Դատարանը, պատճառաբանելով նաև, որ «հայցվորի վարած տրանսպորտային միջոցը 2019 թվականի հունվարի 08-ին ժամը 16:27-ին (վիճարկվող որոշմամբ նշված պահին) ըստ տեսանկարահանման տվյալների՝ Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի առկայության պայմաններում երթևեկել է ձախ, մինչդեռ նշանով այդ ուղղությամբ երթևեկությունը թույլատրված չէ», գտել է, որ «վարչական իրավախախտումն իրավաչափորեն է վերագրվել հայցվորին, ինչը նշանակում է, որ սույն դեպքում առկա չէ վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով սահմանված հիմքը»:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ «տվյալ իրադրությունում հայցվորը, երթևեկությունը շարունակելով իր նախընտրած` դեպի ձախ ուղղությամբ այն դեպքում, երբ ճանապարհի տվյալ հատվածում թիվ 5.15.1 ճանապարհային նշանով թելադրված է ուղիղ երթևեկելու պարտադիր վարքագիծ` հետադարձ կատարելու հնարավորությամբ, թույլ է տվել իրավախախտում: Ընդ որում հայցվորի՝ մատնանշված վարքագիծն ակնհայտ է տեսանյութի ամրագրած տվյալներով։ Այսինքն, տեսանյութի ամրագրած տվյալներն ուղղակիորեն ի ցույց են դնում հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու փաստը։ Եվ քանի որ իրավախախտում թույլ տրված լինելու հանգամանքը կարող է բխեցվել բացառապես տեսանյութի կամ լուսանկարի ամրագրած տվյալներից, իսկ տեսանյութը տվյալ դեպքում հնարավորություն տալիս է հատկորոշել վարորդի արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների միջև ուղիղ համապատասխանությունը, ապա պետք է փաստել, որ տրանսպորտային միջոցի վարորդի արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների միջև ուղիղ համապատասխանության առկայությունը կասկած չի հարուցում: Իսկ նշվածի արդյունքը, փաստորեն, հայցվորի կողմից իրավախախտում թույլ տրված լինելու անխոցելի եզրահանգումն է», «տվյալ դեպքում հայցվորը չի վիճարկում ճանապարհի այդ հատվածում տեղադրված ճանապարհային նշանը (պատկերային վարչական ակտը), որի կիրառմամբ հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության, հետևապես հայցվորը պարտավոր էր ենթարկվել մատնանշված ճանապարհային նշանով սահմանված պահանջին, թեկուզև ընդունված լիներ ոչ ճիշտ պատկերային վարչական ակտ, քանի որ «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանապարհից օգտվողները պետք է կատարեն ճանապարհային նշանների և ազդանշանների, լուսային ճանապարհային ազդանշանների կամ ճանապարհի գծանշումների պահանջները նույնիսկ այն դեպքում, եթե հիշյալ պահանջները թվում են երթևեկության այլ կանոններին հակասող», «ամեն դեպքում հայցվորի երթևեկության ուղղությունը կարգավորող ճանապարհային նշանը, որը թելադրում է վարորդի վարքագիծը, հնարավորություն չի ընձեռում տվյալ վայրից կատարել ձախ շրջադարձ, որպիսի իրողության հաշվառմամբ էլ հայցվորը, կատարելով ձախ շրջադարձ, թույլ է տվել երթևեկությունը կարգավորող նշանի պահանջի խախտում, ինչն էլ առաջացրել է համապատասխան պատասխանատվություն», գտել է, որ «Դատարանը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածների պահանջներին համապատաuխան բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտությամբ գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները և կիրառելով դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը, եկել է սույն գործի լուծման վերաբերյալ ճիշտ եզրահանգման», և Սուրեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը և Վերաքննիչ դատարանի դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.
Գործում առկա ապացույցների հետազոտմամբ պարզվեց, որ վերը նշված վայրում տեղադրված «ճանապարհային նշան»-ի վրա, ի տարբերություն վերը նշված Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի, որտեղ պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ, այստեղ ևս պատկերված է երեք գոտի, սակայն ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ, մեջտեղի գոտուց` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ: Այսինքն` Որոշում 1-ով հաստատված Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի մեջ` հաստատվածի համեմատ, կատարվել է փոփոխություն, որով փոխվել է նշանի վրայի պատկերը, պարամետրը` առանց ՀՀ կառավարության կողմից հաստատման, որն անթույլատրելի է:
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն` մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ճանապարհային երթևեկության մասնակիցը պարտավոր է պահպանել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ճանապարհային երթևեկության կանոնները (...):
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը, Սուրեն Հովհաննիսյանին վերագրելով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից չհաստատված ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և նրան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելով այդ «ճանապարհային նշան»-ի պահանջը չկատարելու համար, Սուրեն Հովհաննիսյանի վրա դրել է օրենքով չնախատեսված պարտականություն, քանի որ վերջինս, որպես ճանապարհային երթևեկության մասնակից, ունի ճանապարհային երթևեկության այն կանոնները պահպանելու պարտականություն, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, այդ թվում նաև` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վարչական դատարան դիմելու իրավունք, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել իր` ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե իր վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն կամ վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն`նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկվող վարչական ակտը վարչական մարմինն ընդունել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի և 124-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, որպիսի հանգամանքն այդ վարչական ակտը դատական կարգով անվավեր ճանաչելու հիմք է, հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի՝ անվավեր ճանաչման ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն անհիմն է:
5. Հատուկ կարծիքի պատճառաբանությունները և եզրահանգումները.
5.1. Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք տրանսպորտային միջոցի վարորդը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթարկվել վարչական պատասխանատվության Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար, եթե տեղադրված ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:
5.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Որոշում 1-ի 167-րդ կետի համաձայն` ճանապարհային նշանները բաժանվում են 8 խմբի`
1) նախազգուշացնող.
2) առավելության.
3) արգելող.
4) թելադրող.
5) հատուկ թելադրանքի.
6) տեղեկատվության.
7) սպասարկման.
8) լրացուցիչ տեղեկատվության (ցուցանակներ):
Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանների վերը նշված խմբերը սահմանված են նաև Որոշում 2-ով հաստատված «Ճանապարհային նշաններին ներկայացվող պահանջները, դրանց կիրառման ու տեղակայման կանոնները» Հավելված 3-ի 5-րդ կետով։
Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5-րդ կետի համաձայն` հատուկ թելադրանքի նշանները մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ:
Նույն հավելվածի Ձև 1-ով սահմանված է նաև 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Որոշում 1-ում այդ նշանը պատկերված է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:
Միևնույն ժամանակ Որոշում 1-ի 51-րդ կետի համաձայն` ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթևեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ և (կամ) 5.15.1` «Երթևեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2` «Երթևեկության ուղղությունները գոտիով», 5.15.7` «Երթևեկության ուղղությունը գոտիներով» և 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից` հաշվի առնելով երթևեկելի մասի լայնությունը, տրանսպորտային միջոցների եզրաչափերը և դրանց միջև անհրաժեշտ միջկողային տարածությունը:
5.3. Վերոգրյալից հետևում է, որ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հաստատված համարել վերջինիս կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու փաստը։
Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ճանապարհային նշանները սահմանված են Որոշում 1-ով։ Մասնավորապես՝ նշված որոշմամբ հաստատված Հավելված 1-ում առանձնացվում են թվով 8 խումբ ճանապարհային նշաններ, այդ թվում՝ «Հատուկ թելադրանքի նշանները»: Վերջիններս մտցնում կամ վերացնում են երթևեկության որոշակի ռեժիմներ: Սպառիչ կերպով սահմանվում են հատուկ թելադրանքի նշանները, այդ թվում նաև՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, որը ցույց է տալիս գոտիների թիվը և երթևեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով: Փաստորեն, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը կոչված է ճանապարհային երթևեկության մասնակիցներին ցույց տալու հետևյալը.
- երթևեկության գոտիների թիվը,
- երթևեկության թույլատրելի ուղղությունները երթևեկության գոտիներից յուրաքանչյուրով։
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարությունը Որոշում 1-ով սահմանել է նաև ճանապարհային նշանների պատկերները։ ՀՀ կառավարության կողմից ճանապարհային նշանների պատկերների սահմանումը կոչված է ապահովել դրանց ճանաչողական գործառույթի իրականացումը, քանի որ այդ պատկերների միջոցով է ճանապարհային երթևեկության մասնակիցը կարողանում ճանաչել տեղադրված ճանապարհային նշանը, ընկալել դրա բնույթը, կարգավորման առարկան և դրանով ներկայացվող պահանջը։ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը ՀՀ կառավարության կողմից պատկերվել է հետևյալ կերպ. նշանի վրա պատկերված է երեք գոտի, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ:
5.4. Գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի՝ վերը նկարագրված պատկերն ընդամենն օրինակ է, որը ճանապարհային երթևեկության մասնակիցներին հնարավորություն է տալիս պատկերացում կազմել այդ նշանի ընդհանուր տեսքի, հիմնական բնութագրիչների վերաբերյալ։ Սակայն ՀՀ կառավարության կողմից 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի՝ միայն վերը նկարագրված պատկերի սահմանումը չի նշանակում, որ այդ նշանը ցանկացած պարագայում պետք է ունենա հենց այդ տեսքը, այսինքն՝ ցույց տա երեք գոտուց կազմված ճանապարհ, որոնցից ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել ձախ շրջադարձ, մեջտեղի գոտում` երթևեկել ուղիղ, իսկ աջ եզրային գոտուց` կատարել աջ շրջադարձ։ Մեր կարծիքով՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանով կարող են սահմանվել նաև երթևեկության գոտիների այլ քանակ և (կամ) դրանցով երթևեկության այլ ուղղություններ։ Նման դատողության հիմքում ընկած են երկու հիմնական փաստարկներ: Այսպես՝
5.5. Առաջին, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» (…) նշանները կիրառվում են խաչմերուկում յուրաքանչյուր գոտիով երթևեկության թույլատրելի ուղղությունները նշելու համար, որտեղ պահանջվում է գոտիների օգտագործումն ապահովել տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան (…):
Վերոգրյալից պարզ է դառնում, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի կիրառումը պայմանավորված է երթևեկության գոտիների օգտագործումը տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությանը համապատասխան ապահովելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ տարբեր ուղղություններով տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվությունը բոլոր ճանապարհներին միատեսակ չէ։ Դա նշանակում է, որ իրավասու մարմինը պետք է հնարավորություն ունենա ըստ անհրաժեշտության կիրառել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը։ Այսինքն՝ քննարկվող նշանի վրա սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ։
Երկրորդ, Որոշում 2-ի 52.15-րդ կետի համաձայն՝ (…) 5.15.1 նշանը բնակավայրերից դուրս խաչմերուկից առաջ` տվյալ ուղղությամբ երթևեկության երեքից ոչ ավելի, բնակավայրերում` ոչ ավելի, քան երկու գոտիներ ունեցող ճանապարհներին թույլատրվում է տեղակայել ճանապարհի աջ կողմում (…)։
Վերոգրյալից հետևում է, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը և դրա պատկերը սահմանած մարմինը՝ ՀՀ կառավարությունը, առնվազն թույլատրելի է համարել քննարկվող նշանը նաև բնակավայրերում երեքից պակաս գոտիներ ունեցող ճանապարհներին տեղակայելը՝ սահմանելով դրա կարգը (տեղակայման թույլատրելի վայրը)։ Նման պայմաններում (5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը, օրինակ, երկու երթևեկության գոտի ունեցող ճանապարհին տեղակայելու դեպքում) օբյեկտիվորեն հնարավոր չէ ապահովել այդ նշանի կիրառումը հենց ՀՀ կառավարության կողմից սահմանած պատկերով, քանի որ այդ պատկերը նախատեսված է երթևեկության երեք գոտիների համար։ Փաստորեն, ՀՀ կառավարությունը, սահմանելով 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը և դրա պատկերը, այդ նշանի կիրառումը չի սահմանափակել միայն իր կողմից սահմանված պատկերով։ Հետևաբար, 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանը սլաքների այլ ուղղություններով տեղադրելու հնարավորության բացառումը չի բխում նաև այն սահմանող մարմնի՝ ՀՀ կառավարության կամքից։
Այսպիսով, գտնում ենք, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները կարող են չհամընկնել Որոշում 1-ով սահմանված՝ այդ նշանի պատկերում ներկայացված սլաքների ուղղություններին, և նման ճանապարհային նշանի պահանջը չկատարելու դեպքում ևս անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով։
5.6. Սույն հատուկ կարծիքով, վերոգրյալի համատեքստում անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ նաև Որոշում 2-ի Հավելված 3-ի 7-րդ կետով սահմանված իրավակարգավորմանը, որն ըստ էության ընկած է Վճռաբեկ դատարանի դատողությունների հիմքում։ Մասնավորապես՝ նշված իրավանորմի համաձայն՝ (…) նշանների մեջ փոփոխությունների կատարման դեպքում դրանք չպետք է փոխեն նշանների հիմնական բնութագրերը: Նշանների խմբերի, նշանների վրա պատկերների, պարամետրերի փոփոխությունները, նշանների թվի ավելացման և այլ ազդանշանների փոփոխությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գտնում ենք, որ այս դրույթը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել ճանապարհային նշանների պատկերները ՀՀ կառավարության կողմից սահմանելու նպատակը։ Ինչպես նշվեց, ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումը։ Այդ տեսանկյունից ՀՀ կառավարության կողմից պետք է հաստատման ենթակա լինեն նշանի պատկերում այնպիսի փոփոխությունները, որոնք վերաբերում են նշանի այն բնութագրերին, որոնց փոփոխությունը կարող է անձանց մոտ անորոշություն, շփոթ առաջացնել այդ նշանի բնույթի, դրա կարգավորման առարկայի, դրանով ներկայացվող պահանջի վերաբերյալ։ Մինչդեռ սլաքներով սահմանված երթևեկության ուղղությունները չեն կարող համարվել Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի էական հատկանիշ, քանի որ ակնհայտ է, որ այդ նշանը կարող է օգտագործվել ոչ միայն երեք (ինչպես պատկերված է Որոշում 1-ում), այլև այլ թվով գոտիներ ունեցող ճանապարհների վրա երթևեկությունը կարգավորելու նպատակով։ Բացի այդ, ինչպես նշվեց, դրանում պատկերված սլաքների ուղղությունները պայմանավորված են համապատասխան երթևեկության գոտիներով երթևեկության ինտենսիվությամբ։ Ուստի Որոշում 1-ում պատկերված 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանում երթևեկության ուղղությունները պայմանական բնույթ են կրում և ըստ անհրաժեշտության ենթակա են փոփոխման, ինչի համար ՀՀ կառավարության կողմից հաստատում չի պահանջվում։
Ավելին՝ Որոշում 1-ում առկա են նաև այլ նշանների խիստ որոշակիացված պատկերներ, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանների պատկերների վրա գրված է «Ապարան» բառը, 5.25 «Բնակավայրի սկիզբ» և 5.26. «Բնակավայրի վերջ» նշանների վրա՝ «Թալին» բառը և այլն։
Եթե վերը նշված նշանների՝ սահմանված պատկերները համարվում են այդ նշանների միակ թույլատրելի պատկերները, և դրանցում ցանկացած փոփոխություն ենթակա է հաստատման ՀՀ կառավարության կողմից, ստացվում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հաստատի, օրինակ, 5.23.1. «Բնակավայրի սկիզբ» և 5.23.1. «Բնակավայրի վերջ» նշանները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերի անվանումներով, քանի որ հակառակ դեպքում տեղադրվող նշանը չի համապատասխանի սահմանված նշանի հատկանիշներին։
Գտնում ենք, որ նման մոտեցումը խիստ մեխանիկական է և չի բխում ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից երթևեկության ընթացքում ճանապարհային նշանի ճանաչումն ապահովելու՝ ճանապարհային նշանների պատկերները սահմանելու նպատակից։ Կարծում ենք, որ ինչպես 5.23.1, 5.23.1, 5.25 և 5.26 նշանների պատկերներում նշված բնակավայրերի անվանումները, այնպես էլ 5.15.1 նշանի պատկերում արտացոլված սլաքների ուղղությունները պայմանական են և ըստ անհրաժեշտության կարող են փոփոխվել։
Ամփոփելով վերոգրյալը՝ եզրակացնում եմ, որ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջի խախտում կարող է առկա լինել ոչ միայն այն դեպքում, երբ տեղադրված ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը՝ դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, լիովին համապատասխանում է այդ նշանի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, այլև այն դեպքում, երբ տեղադրված նշանի վրա պատկերված երթևեկության ուղղությունը ցույց տվող սլաքների ուղղությունները փոփոխված են:
5.7. Սույն գործի փաստերի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանը, 08.01.2019 թվականին վարելով NISSAN մակնիշի 69OO006 պետհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայով իջնելիս նույն պողոտա-Համբարձումյան/Երզնկյան/ փողոց խաչմերուկում ձախ եզրային գոտուց շրջադարձ է կատարել դեպի ձախ` Վ. Համբարձումյան փողոց: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սուրեն Հովհաննիսյանի նկատմամբ Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշմամբ նշանակվել է տուգանք 5.000 ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ նա խախտել է Որոշում 1-ի Հավելված 1-ի Ձև 1-ի 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը` երթևեկել է այդ նշանով տվյալ գոտու համար չթույլատրված ուղղությամբ:
Սուրեն Հովհաննիսյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 25.01.2019 թվականի թիվ 1909049408 որոշումը:
Դատարանը հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «NISSAN» մակնիշի 69OO006 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 08.01.2019 թվականին ժամը 16:27-ին Երևան քաղաքի Վ. Համբարձումյան (Երզնկյան) Բաղրամյան խաչմերուկի հատվածում 5.15.1 «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի առկայության պայմաններում երթևեկել է ձախ, մինչդեռ նշանով այդ ուղղությամբ երթևեկությունը թույլատրված չէ:
Վերաքննիչ դատարանը Սուրեն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.09.2019 թվականի վճիռը թողնելով անփոփոխ պատճառաբանել է, որ «տվյալ դեպքում հայցվորը չի վիճարկում ճանապարհի այդ հատվածում տեղադրված ճանապարհային նշանը (պատկերային վարչական ակտը), որի կիրառմամբ հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության, հետևապես հայցվորը պարտավոր էր ենթարկվել մատնանշված ճանապարհային նշանով սահմանված պահանջին, թեկուզև ընդունված լիներ ոչ ճիշտ պատկերային վարչական ակտ, քանի որ «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ճանապարհից օգտվողները պետք է կատարեն ճանապարհային նշանների և ազդանշանների, լուսային ճանապարհային ազդանշանների կամ ճանապարհի գծանշումների պահանջները նույնիսկ այն դեպքում, եթե հիշյալ պահանջները թվում են երթևեկության այլ կանոններին հակասող», «ամեն դեպքում հայցվորի երթևեկության ուղղությունը կարգավորող ճանապարհային նշանը, որը թելադրում է վարորդի վարքագիծը, հնարավորություն չի ընձեռում տվյալ վայրից կատարել ձախ շրջադարձ, որպիսի իրողության հաշվառմամբ էլ հայցվորը, կատարելով ձախ շրջադարձ, թույլ է տվել երթևեկությունը կարգավորող նշանի պահանջի խախտում, ինչն էլ առաջացրել է համապատասխան պատասխանատվություն»։
5.8. Սույն հատուկ կարծիքում արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո դիտարկելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը՝ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը.
Վիճարկվող վարչական ակտի հիմքում ընկած տեսանյութի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ այն նշանը, որի պահանջը չկատարելու համար հայցվորը ենթարկվել է պատասխանատվության, ունի հետևյալ տեսքը. առկա են երթևեկության երեք գոտիներ, աջ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ կամ կատարել աջ շրջադարձ, մեջտեղի գոտուց՝ երթևեկել ուղիղ, ձախ եզրային գոտուց՝ երթևեկել ուղիղ կամ կատարել հետադարձ։ Ըստ տեսանյութի՝ հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը ձախ եզրային գոտուց կատարել է ձախ շրջադարձ։
Ինչպես վերը նշվեց, այն հանգամանքը, որ տեսանյութում առկա ճանապարհային նշանի (որի պահանջը չի կատարվել) պատկերը՝ դրա վրա ներկայացված սլաքների ուղղությունների տեսանկյունից, ամբողջությամբ չի համապատասխանում 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» նշանի՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված պատկերին, դեռևս չի նշանակում, որ տեսանյութում առկա նշանը Որոշում 1-ի համաձայն գոյություն չունեցող ճանապարհային նշան է։ Իմ գնահատմամբ տեսանյութում առկա նշանը 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» և 6.3.1. «Հետադարձի տեղ» (որով ձախ շրջադարձն արգելվում է) ճանապարհային նշանների համակցություն է, ուստի այն պարունակում է նաև 5.15.1 նշանի հատկանիշները։ Դա իր հերթին նշանակում է, որ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է ենթարկվեն տեղադրված ճանապարհային նշանին՝ կատարելով դրա պահանջը։ Ուստի տվյալ դեպքում հայցվորը, ձախ եզրային գոտուց կատարելով ձախ շրջադարձ, խախտել է 5.15.1 նշանի պահանջը՝ հաշվի առնելով, որ տեղադրված նշանը ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ կատարելու հնարավորություն չէր տալիս։
Անհրաժեշտ ենք համարում ընդգծել նաև, որ եթե տեսանյութում առկա ճանապարհային նշանի պահանջները հայցվորի համար ամբողջությամբ հասկանալի չէին, քանի որ տեղադրված նշանի պատկերն ամբողջությամբ չէր համապատասխանում 5.15.1 նշանի՝ Որոշում 1-ում սահմանված պատկերին, ապա հայցվորը պետք է կատարեր այդ նշանի՝ իր համար հասկանալի պահանջը, այսինքն՝ ընտրեր երթևեկության՝ տեղադրված նշանով թույլատրված այն ուղղությունը, որը համապատասխանում է 5.15.1 նշանի՝ Որոշում 1-ում սահմանված պատկերում նշված ուղղությանը, այսինքն՝ երթևեկեր ուղիղ։ Այսպիսով, գտնում եմ, որ տեսանյութում տեսանելի ճանապարհային նշանի առկայության պայմաններում հայցվորն ամեն դեպքում իրավունք չուներ ձախ եզրային գոտուց կատարել ձախ շրջադարձ։
Միաժամանակ գտնում ենք, որ 6.3.1 նշանի առկայությունը տվյալ դեպքում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար անորոշություն չի առաջացնում, քանի որ առկա կարգավորումը հստակ է. ձախ եզրային գոտուց թույլատրվում է երթևեկել ուղիղ, միաժամանակ այդ գոտուց թույլատրվում է նաև կատարել հետադարձ։ Իսկ այն հարցը, թե արդյոք իրավաչափ է 5.15.1 և 6.3.1 ճանապարհային նշանների համակցումը, թե՝ ոչ, վերաբերում է տեղադրված ճանապարհային նշանի՝ որպես վարչական ակտի իրավաչափությանը, ինչը սույն գործով քննության առարկա չէ, ուստի տվյալ դեպքում պետք է ելնել չվիճարկվող և ոչ իրավաչափ չճանաչված վարչական ակտի իրավաչափության կանխավարկածից (վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի վերաբերյալ, տե՛ս, Հասմիկ Մելքոնյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/8975/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը)։
Նման պայմաններում իրավաչափ ենք համարում Ծառայության կողմից հայցվորին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելը՝ 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը չկատարելու համար։ Նման իրավաչափ եզրահանգման են եկել նաև ստորադաս դատարանները, քանի որ գործում առկա ապացույցներով հաստատվում է այն փաստը, որ Սուրեն Հովհաննիսյանի կողմից չի պահպանվել 5.15.1. «Երթևեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանի պահանջը։
Գտնում ենք, որ սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` մերժելով վճռաբեկ բողոքը՝ ստորադաս դատարանի դատական ակտը, անփոփոխ թողնելով Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն հատուկ կարծիքում շարադրված պատճառաբանություններով:
Դատավորներ`
Մ. Դրմեյան
Ա. Մկրտչյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|