Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0449/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0449/02/13

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան  

Դատավորներ՝

Ա. Խառատյան

  Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ս. միքայելյան
Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի ապրիլի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Ամալյա Մարկոսյանի, երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Ամալյա Մարկոսյանի ընդդեմ Բանկի` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է լուծել իր և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39676 վարկային պայմանագիրը, Ամալյա Մարկոսյանից բռնագանձել 306.038,6 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության ընդհանուր պարտքի գումար, որից 209.944,3 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումարի մնացորդ, 72.857,3 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տոկոսագումար, 17.769,5 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տույժ և 5.467,5 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված վարկային հաշվի սպասարկման վճար, ինչպես նաև սկսած 08.05.2013 թվականից մինչև 30.01.2014 թվականը 728.973,3 ՀՀ դրամի նկատմամբ, իսկ 30.01.2014 թվականից մինչև գումարը փաստացի Բանկին վերադարձնելու օրը բռնագանձվող 209.944,3 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ամալյա Մարկոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի և իր միջև 06.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39676 վարկային և թիվ GA12/078961 գրավի պայմանագրերը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Զաքարյան) (այսուհետ՝ Դատարան) 27.02.2019 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Ամալյա Մարկոսյանի և երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի ու Վահրամ Բարսեղյանի՝ վարկային պարտավորության գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվեգրելու ու բռնագանձելու պահանջների մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթն ըստ Բանկի հայցի ընդդեմ Ամալյա Մարկոսյանի, երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասով, ինչպես նաև ըստ Ամալյա Մարկոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի՝ թիվ GA12/39676 վարկային և թիվ G12/078961 գրավի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.07.2019 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 347-րդ, 423-րդ, 437-րդ և 887-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի և պարտապանների միջև ձևավորվել են պայմանագրային հարաբերություններ իրենց կամքով, վարկառուներն ամբողջությամբ ստացել են վարկային պայմանագրի միջոցները և դրանք տնօրինել են իրենց հայեցողությամբ, իսկ պայմանագրի ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի կեղծ լինելը որևէ կերպ չէր կարող ազդել վարկային պայմանագրերի իրավաբանական ուժի վրա և հանգեցնել վարկային իրավահարաբերությունների դադարման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարող էր հաստատված փաստ դիտարկվել միայն Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի կողմից հանցանքի կատարումը, որը հանգեցրել է կեղծ ոսկյա իրերի գրավադրման արդյունքում Բանկին վնաս պատճառելուն, և ոչ թե այլ հանգամանքներին, որոնք չունեն պրեյուդիցիալ նշանակություն։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Բանկի օգտին չի բռնագանձվել 66.233.739,4 ՀՀ դրամ։ Դատարաններն առանց որևէ հիմնավորման նույնացրել են վնաս պատճառելուց բխող պարտավորությունները պայմանագրային պարտավորությունների չկատարումից բխող պարտավորությունների հետ, ինչն անթույլատրելի է։

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել կողմերի միջև ձևավորված վարկային իրավահարաբերություններին, վարկային իրավահարաբերությունները քննարկելիս դուրս է եկել հայցի շրջանակներից և քննարկման առարկա դարձրել վնաս պատճառելուց բխող իրավահարաբերությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, ինչպես նաև մերժել Բանկից հօգուտ Ամալյա Մարկոսյանի 105.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու պահանջը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքվել է թիվ GA12/39676 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկը պարտավորվել է Ամալյա Մարկոսյանին տրամադրել 729.000 ՀՀ դրամի չափով վարկ, իսկ վերջինս պարտավորվել է նշված ժամանակացույցով սահմանված չափով և ժամկետներում վերադարձնել վարկի գումարը և դրա նվազող մնացորդի վրա հաշվարկվող տոկոսները, վճարել սպասարկման վճարները (հատոր 1-ին, գ.թ. 7, 8).

2) Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքվել է թիվ G12/078961 գրավի պայմանագիրը, որի համաձայն՝ Ամալյա Մարկոսյանը գրավ է դրել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ 792.480 ՀՀ դրամ գնահատված արժեքով ոսկյա զարդերը (հատոր 1-ին, գ.թ. 9, 10).

3) Բանկի կողմից 07.05.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` 06.11.2012 թվականի թիվ GA12/39676 պայմանագրով ստանձնած պարտավորությունների գծով 07.05.2013 թվականի դրությամբ Ամալյա Մարկոսյանի պարտքը Բանկի հանդեպ կազմում է 825.067,6 ՀՀ դրամ, որից 728,973,3 ՀՀ դրամ` վարկի գումարի մնացորդ, 72,857,3 ՀՀ դրամ` հաշվարկված տոկոսագումար, 17.769,5 ՀՀ դրամ` հաշվարկված տույժերի գումար, 5.467,5 ՀՀ դրամ` վարկային հաշվի սպասարկման վճար (հատոր 1-ին, գ.թ. 6).

4) Բանկի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 02.07.2011 թվականին կնքված թիվ DI000015 բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագրով Բանկն ապահովագրել է իր բանկային ռիսկերը (այդ թվում՝ աշխատակիցների անազնվությունը) (հատոր 3-րդ, գ.թ. 20-28).

5) Բանկի 14.02.2014 թվականի թիվ 809 գրության համաձայն` Ընկերության կողմից կատարվել է հատուցում` 32.489.351 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 28, հատոր 3-րդ, գ.թ. 30).

6) 14.08.2017 թվականին ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու մասին դիմումով Բանկը հայտնել է, որ Ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Վերոգրյալի հիման վրա Բանկը հայցից մասնակի հրաժարվել է և նվազեցրել հայցապահանջը (հատոր 3-րդ, գ.թ. 63).

7) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով կայացված դատավճռով Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 19.12.2002 թվականին հանդիսանալով Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով նույն բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել իր ծանոթ Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս՝ Բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն, կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր` վերացրել է խոչընդոտները: Բացի այդ, Կամո Աֆիցերյանը չարաշահել է Բանկի վստահությունը և օգտագործելով որպես փորձագետ ներկայացված զարդերը գնահատելու և համապատասխան ակտ կազմելու իրեն վերապահված լիազորությունները` 2011 թվականից մինչև 07.02.2013 թվականն ընկած ժամանակահատվածում շարունակաբար քաղաքացիների անվամբ որպես ոսկի գրավադրել է Վահրամ Բարսեղյանի կողմից նախապես ձեռք բերված ոչ ոսկյա զարդերը և նրանց կողմից օգտագործելու նպատակով կազմելով իրավունք վերապահող 50 հատ կեղծ փաստաթուղթ` թանկարժեք մետաղների գնահատման ակտ, 2.035.200 ՀՀ դրամ արժողության զարդերը գնահատել է 50.732.880 ՀՀ դրամ որոնց հիման վրա ձևակերպվել են լոմբարդային վարկի 50 պայմանագրեր, որի արդյունքում քաղաքացիներն ստացել են 44.796.130 ՀՀ դրամ վարկի կանխիկ գումար, այն փոխանցել են Վահրամ Բարսեղյանին, իսկ վերջինս էլ խաբեությամբ Բանկից ստացած առանձնապես խոշոր չափերի` 42.760.930 ՀՀ դրամը Կամո Աֆիցերյանի օժանդակությամբ հափշտակել և տնօրինել է իր հայեցողությամբ։

Տուժող Բանկի կողմից քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով այն ներկայացնել հետագայում՝ քաղաքացիական դատավարության կարգով: Միաժամանակ իրեղեն ապացույց ճանաչված` Բանկից առգրավված և Բանկում նախկինում գրավադրված զարդերը, որոնք հանդիսացել են գրավի առարկա, վերադարձվել են Բանկին (հատոր 2-րդ , գ.թ. 11-26).

8) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2015 թվականի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով կայացված «Քրեական պատասխանատվությունից ազատելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ ամբաստանյալ Կամո Աֆիցերյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քրեական պատասխանատվությունից` 3 ամիս ժամկետով ազատազրկումից, և նրա նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (հիմք` «www.court.am» պաշտոնական կայք).

9) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի թիվ ԼԴ1/0428/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով` ըստ Բանկի հայցի ընդդեմ Կամո Աֆիցերյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցը բավարարվել է: Վճռվել է Կամո Աֆիցերյանից հօգուտ Բանկի բռնագանձել 10.271.579 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 10.271.579 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 19.02.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերի, և հաշվարկված գումարները բռնագանձել Կամո Աֆիցերյանից հօգուտ Բանկի (հատոր 3-րդ, գ.թ. 34-41, 67-73, 103-106).

10) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2018 թվականի թիվ ԼԴ/0458/02/17 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով` ըստ Բանկի հայցի ընդդեմ Վահրամ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` Վահրամ Բարսեղյանից հօգուտ Բանկի բռնագանձել 8.812.579 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության կատարման արդյունքում հայցվորին պատճառված վնասի գումար, ինչպես նաև վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պատասխանողի կողմից գումարն ամբողջությամբ բանկին վճարելն ընկած ժամանակահատվածի համար հօգուտ Բանկի բռնագանձել 8.812.579 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (հատոր 3-րդ, գ.թ. 33, հիմք` «www.court.am» պաշտոնական կայք):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, որը դրսևորվել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 347-րդ, 423-րդ, 437-րդ և 887-րդ հոդվածները խախտելու արդյունքում արդարադատության բուն էությունը խաթարելու եղանակով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վարկային հարաբերություններից բխող ռիսկի ապահովագրության դեպքում արդյո՞ք վարկային պայմանագրով սահմանված պարտավորությունները կարող են համարվել դադարած, եթե ապահովագրական պատահարը ծագել է հանցագործությամբ պատճառված վնասի արդյունքում, որի համար տրվել է ապահովագրական հատուցում, իսկ վարկային պայմանագրից բխող պարտավորությունը դադարած համարելու՝ օրենքով սահմանված որևէ հիմք առկա չէ:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է նույն օրենսգրքով, օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաս պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապա ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ կարևորել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված սկզբունքների՝ մասնավորապես պայմանագրի ազատության սկզբունքի առանցքային դերը քաղաքացիաիրավական իրավահարաբերություններում (տե'ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ «ԼԵՎ ԳՐՈՒՊ ԻՐԱՎԱ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/1489/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարկային պայմանագրով վարկատուն ստանձնում է վարկառուին դրամական միջոցներ տրամադրելու պարտականություն, ինչպես նաև ձեռք է բերում իրավունք՝ պահանջելու հետ վերադարձնել այդ դրամական միջոցները և տոկոսներ վճարել դրանցից, իսկ վարկառուն, իր հերթին, ձեռք է բերում այդ միջոցները ստանալու իրավունք և ստանձնում վարկատուին տոկոսներ վճարելու ու ստացված միջոցները վերադարձնելու պարտականություն (տե´ս, «ՓԼԵՅ ԳՈՈՒԴ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4072/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Մարինե Ալավերդյանի քաղաքացիական գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարկային պայմանագրից բխող պահանջների դեպքում ապացուցման առարկայի մեջ է մտնում վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը, վարկատուի կողմից վարկի գումարը փոխառուին տրամադրած լինելը, փոխառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալը, ինչպես նաև փոխառուի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե փոխառուն չապացուցի իր մեղքի բացակայությունը: Նկատի ունենալով, որ վարկային պայմանագրով որպես վարկատու հանդես են գալիս բանկերը և այլ վարկային կազմակերպությունները, որոնք ռիսկային ֆինանսական գործունեություն իրականացնող սուբյեկտներ են, վերջիններս հնարավորություն ունեն ապահովագրելու վարկային հարաբերություններից ծագող որոշակի ռիսկեր: Ընդ որում, որոշ դեպքերում ապահովագրման պահանջը սահմանվում է օրենքով: Այսպես, օրինակ, այն դեպքում, երբ վարկային պայմանագրի կատարումն ապահովված է գրավով, ապա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ գրավատուն կամ գրավառուն, կախված այն բանից, թե նրանցից ում մոտ է գտնվում գրավ դրված գույքը, պարտավոր է գրավ դրված գույքն ապահովագրել կորստյան և վնասվածքի ռիսկերից: Այսինքն՝ վարկային հարաբերությունների շրջանակում հնարավոր է ապահովագրության հարաբերությունների ծագում: Վարկային հարաբերություններից ծագող որոշակի ռիսկեր ապահովագրելիս ապահովագրական հատուցում վճարելուց հետո վարկային հարաբերություններից բխող պահանջն օրենքի ուժով անցնում է ապահովագրական ընկերությանը: Ընդ որում, պահանջի զիջման համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը (եթե այլ բան նախատեսված չլինի ապահովագրության պայմանագրով).

1. ապահովագրության հարաբերությունների առկայությունը, ընդ որում, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի պահանջը՝ տվյալ փաստն ապացուցող միակ թույլատրելի ապացույցն ապահովագրության պայմանագիրն է կամ ապահովագրական վկայագիրը, եթե վերջինս պարունակում է ապահովագրության պայմանագրի՝ օրենքով սահմանված բոլոր էական պայմանները,

 2. ապահովագրական պատահարի առկայությունը. ապահովագրական պատահարը պետք է ծագի ապահովագրական պայմանագրով նախատեսված իրավաբանական փաստերի ուժով, որպիսի պարագայում ապահովագրողը պարտավոր է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում,

3. ապահովագրական հատուցում վճարած լինելն ապահովադրին կամ շահառուին (տե՛ս, թիվ ԼԴ/0647/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարկային պայմանագրից բխող գումարի բռնագանձման պահանջի դեպքում ապացուցման առարկայի մեջ են մտնում վարկային հարաբերությունների (վարկային պայմանագրի) առկայությունը, վարկատուի կողմից վարկի գումարը փոխառուին տրամադրած լինելը, փոխառուի կողմից պարտավորության կետանց թույլ տալը, ինչպես նաև փոխառուի մեղքի առկայությունը, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի ուժով ենթադրվում է, եթե փոխառուն չապացուցի իր մեղքի բացակայությունը: Ընդ որում, պարտավորության դադարած լինելու հանգամանքը ապացուցված չլինելու դեպքում, գործում է պարտավորության առկայության կանխավարկածը:

Նույն որոշմամբ անդրադառնալով վարկային հարաբերություններից բխող ռիսկերի ապահովագրության դեպքում վարկային պայմանագրից բխող պարտականությունը փոխառուի կողմից կատարելու հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ վարկային հարաբերությունները և ապահովագրական հարաբերություններն ինքնուրույն պարտավորական հարաբերություններ են: Ընդ որում, փոխառուն ապահովագրական հարաբերությունների կողմ չէ: Հետևաբար, փոխառուն չի կարող հրաժարվել վարկային պարտավորությունից բխող պարտականությունը կատարելուց՝ վկայակոչելով ապահովագրական հարաբերությունների առկայությունը: Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ վարկատուն արդեն իսկ հատուցում է ստացել ապահովագրական ընկերությունից, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման դեպքում անհրաժեշտ է տարանջատել թեև միմյանց հետ փոխկապակցված, սակայն այդուհանդերձ երկու տարբեր իրավահարաբերությունները՝ վարկային իրավահարաբերությունը և ապահովագրական իրավահարաբերությունը, և դրանց ծագման հիմքերը: ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նաև, որ անգամ վարկատուի կողմից ապահովագրական հատուցում ստանալը չի դադարեցնում վարկային իրավահարաբերությունը փոխառուի համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածը, ինչպես նաև նույն օրենսգրքի 27-րդ գլուխը («Պարտավորությունները դադարելը») պարտավորության դադարման նման հիմքի կիրառման հնարավորություն չեն սահմանում: Տվյալ իրավիճակում ոչ թե վարկային պարտավորությունը դադարում է, այլ այն պահից սկսած, երբ վարկատուն ամբողջ ծավալով ստանում է ապահովագրական հատուցում ապահովագրական ընկերությունից, վարկային պայմանագրից բխող պահանջի իրավունքը փոխանցվում է ապահովագրական ընկերությանը (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Լիլիթ Բոթոյանի և մյուսների թիվ ԼԴ/0522/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի վերլուծության հիման վրա կարևորել է այն հանգամանքը, որ անգամ ապահովագրական հատուցումն ամբողջությամբ վճարված լինելու պայմաններում փոխառուն չի կարող վկայակոչել այդ հանգամանքը և հրաժարվել պարտավորության կատարումից, քանի որ սուբրոգացիայի նշված հոդվածով սահմանված՝ վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելու (սուբրոգացիա) կանոնները կիրառելի են ապահովադիր-ապահովագրող հարաբերությունների նկատմամբ և չեն բացառում վարկային պայմանագրից բխող պահանջի բավարարումը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ փոխառուն կարող է ազատվել վարկատուի առջև վարկային պարտավորությունից միայն այն դեպքում, երբ գործի քննության ընթացքում ապացուցվի, որ վարկատուն ամբողջությամբ ստացել է ապահովագրական հատուցում հենց նույն՝ ապահովագրական պատահար հանդիսացող պարտավորության համար և իր պահանջի իրավունքը զիջել է ապահովագրական ընկերությանը՝ վերջինիս հանձնելով պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ: Ընդ որում, անգամ այս պարագայում փոխառուն չի ազատվում ապահովագրական ընկերության նկատմամբ հնարավոր հետագա պարտավորություններից:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքվել է թիվ GA12/39676 վարկային պայմանագիրը, որով Բանկը 729.000 ՀՀ դրամի չափով վարկ է տրամադրել Ամալյա Մարկոսյանին: Ըստ Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև կնքված գրավի պայմանագրի` վարկային պարտավորության կատարման ապահովման նպատակով Ամալյա Մարկոսյանը գրավ է դրել իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդերը:

Բանկի և Ընկերության միջև 02.07.2011 թվականին կնքված բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագրով Բանկն ապահովագրել է իր բանկային ռիսկերը (այդ թվում՝ աշխատակիցների անազնվությունը):

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով կայացված դատավճռով Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 19.12.2002 թվականին հանդիսանալով Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով նույն բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել իր ծանոթ Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս՝ Բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն, կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր` վերացրել է խոչընդոտները: Բացի այդ, Կամո Աֆիցերյանը չարաշահել է Բանկի վստահությունը և օգտագործելով որպես փորձագետ ներկայացված զարդերը գնահատելու և համապատասխան ակտ կազմելու իրեն վերապահված լիազորությունները` 2011 թվականից մինչև 07.02.2013 թվականն ընկած ժամանակահատվածում շարունակաբար քաղաքացիների անվամբ որպես ոսկի գրավադրել է Վահրամ Բարսեղյանի կողմից նախապես ձեռք բերված ոչ ոսկյա զարդերը և նրանց կողմից օգտագործելու նպատակով կազմելով իրավունք վերապահող 50 հատ կեղծ փաստաթուղթ` թանկարժեք մետաղների գնահատման ակտ, 2.035.200 ՀՀ դրամ արժողության զարդերը գնահատել է 50.732.880 ՀՀ դրամ որոնց հիման վրա ձևակերպվել են լոմբարդային վարկի 50 պայմանագրեր, որի արդյունքում քաղաքացիներն ստացել են 44.796.130 ՀՀ դրամ վարկի կանխիկ գումար, այն փոխանցել են Վահրամ Բարսեղյանին, իսկ վերջինս էլ խաբեությամբ Բանկից ստացած առանձնապես խոշոր չափերի` 42.760.930 ՀՀ դրամը Կամո Աֆիցերյանի օժանդակությամբ հափշտակել և տնօրինել է իր հայեցողությամբ։ Դատավճռի համաձայն՝ Ամալյա Մարկոսյանի հետ պայմանագրերը նույնպես վերոնշյալ արարքների կատարման արդյունքում են կնքվել:

Ընկերության կողմից Բանկին կատարվել է հատուցում`32.489.351 ՀՀ դրամի չափով:

14.08.2017 թվականին ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու մասին դիմումով Բանկը հայտնել է, որ Ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որոնցով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Վերոգրյալի հիման վրա Բանկը հայցից մասնակի հրաժարվել է և նվազեցրել հայցապահանջը:

Դատարանը 27.02.2019 թվականի վճռով հայցը, ըստ էության, մերժել է այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի դեմ պահանջ ներկայացնելիս Բանկը չարաշահել է իր իրավունքը, որն արտահայտվել է նրանում, որ ունենալով պատճառած վնասը գերազանցող պահանջի իրավունք՝ կրկին այդ վնասը, որպես վարկային պարտավորությունների խախտում, հատուցելու պահանջ է ներկայացրել ընդդեմ պատասխանողի, որի արդյունքում խախտել է հակադիր շահերով օժտված իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համամասնության ողջամիտ հարաբերակցության սկզբունքը:

 Վերաքննիչ դատարանը 12.07.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 27.02.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ Բանկի կողմից չի հիմնավորվել ապացուցման ենթակա փաստը` պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում փոխհատուցման արժեքը, և այդ արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը՝ նկատի ունենալով, որ Բանկի կողմից պահանջվող` Ամալյա Մարկոսյանի կողմից չկատարված վարկային պարտավորությունների խախտման հետևանքով չվճարված գումարը, ըստ էության, նույնանում է Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի հանցավոր գործողություններով Բանկին պատճառված վնասի գումարի հետ, և տվյալ դեպքում առկա դատական ակտերով վճռվել է Վահրամ Բարսեղյանից, ինչպես նաև Բանկի աշխատակից Կամո Աֆիցերյանից բռնագանձել այն գումարի տարբերությունը, որը Բանկին չի հատուցվել ապահովագրական կազմակերպության կողմից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, արձանագրում է հետևյալը.

Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործած ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Բանկի և պատասխանողի միջև 06.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39676 վարկային պայմանագրով հաստատվել է այն փաստը, որ կողմերի միջև առկա են եղել վարկային հարաբերություններ, իսկ գործում առկա չեն ապացույցներ այդ պայմանագրից բխող վարկային պարտավորության դադարման վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Բանկի կողմից ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանը, այդ թվում հիմք ընդունելով թիվ ԼԴ/0647/02/13 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականին հայտնած իր դիրքորոշումը, կարևորում է, որ սույն գործի շրջանակներում թեև հիմնավորվել է Բանկի կողմից ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքը, սակայն այն բավարար չէ վարկային պարտավորությունը դադարած համարելու համար: Ավելին, Բանկը, նվազեցնելով հայցապահանջը, հայտնել է, որ Ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Այսինքն՝ սույն գործով անգամ չի ներկայացվել ապացույց այն մասին, որ ստացված ապահովագրական հատուցումն ամբողջությամբ մարել է Ամալյա Մարկոսյանի վարկային պարտավորությունը:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ անկախ Բանկի՝ ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքից՝ Բանկի և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39676 վարկային պայմանագրից բխող պարտավորությունը չի դադարել Ամալյա Մարկոսյանի համար (այն չափով, որով Բանկը ներկայացրել է վերջնական հայցապահանջը՝ սկզբնական հայցապահանջի նվազեցման արդյունքում):

Անդրադառնալով Կամո Աֆիցերյանից և Վահրամ Բարսեղյանից գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և սույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ կարևորել է, որ պարտավորությունների տարանջատման և միմյանց բացառելու կամ փոխադարձ լրացնելու հանգամանքները պարզելու հարցում էական նշանակություն ունի պարտավորության ծագման հիմքի որոշումը (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Լիլիթ Բոթոյանի և մյուսների թիվ ԼԴ/0522/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.07.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Կամո Աֆիցերյանից և Վահրամ Բարսեղյանից գումար բռնագանձելու վերաբերյալ դատական ակտերը վերաբերում են այլ հիմքով պարտավորությանը՝ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցմանը, որոնց առկայությունն ինքնին չի բացառում գործող վարկային պայմանագրով պարտավորության կատարումն Ամալյա Մարկոսյանի կողմից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն, որ սույն գործի քննության շրջանակներում անգամ չի ապացուցվել այդ դատական ակտերից բխող պարտավորությունը փաստացի կատարված լինելու հանգամանքը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը խեղաթյուրել է վարկային իրավահարաբերության էությունը, գործում առկա ապացույցները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության առարկա չի դարձրել։ Մասնավորապես հաշվի չի առել, որ սույն գործով առկա ապացույցներով չի հիմնավորվում վարկային պայմանագրից բխող պարտավորության դադարման հանգամանքը: Ուստի Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ սույն գործով Բանկի կողմից չի ապացուցվել պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում փոխհատուցման արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը, հիմնավոր չէ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ ապահովագրական և վարկային իրավահարաբերությունների բովանդակության սխալ բացահայտման և այդ իրավահարաբերություններից բխող պահանջի իրավունքի էության խաթարման հետևանքով բացառվել է վարկային պայմանագրից բխող պարտավորության կատարումն այն դեպքում, երբ գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել, որ վարկային պարտավորությունը որևէ հիմքով դադարած է:

Հետևաբար, ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության՝ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո նոր քննություն իրականացնելու համար:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Բանկը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացրել է միայն մերժված հայցապահանջի և իրենից հօգուտ Ամալյա Մարկոսյանի 105.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու մասերով: Այսինքն՝ քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել (Բանկի վերաքննիչ բողոքը որևէ փաստարկ նշված հարցի վերաբերյալ չի պարունակում): Նկատի ունենալով, որ քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով վճռաբեկ բողոքը որևէ փաստարկ չի պարունակում (ավելին, հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը՝ հակընդդեմ հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով կարճելու մասով դատական ակտը չի շոշափում Բանկի շահերը), Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել մասնակիորեն՝ մերժված հայցապահանջի և Բանկից հօգուտ Ամալյա Մարկոսյանի 105.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու մասերով Դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասերով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ

կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2019 թվականի որոշման` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2019 թվականի վճիռը մասնակիորեն` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժելու և վերջինիցս հօգուտ Ամալյա Մարկոսյանի 105.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու մասերով, անփոփոխ թողնելու մասը, և այդ մասերով գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ս. միքայելյան
Ա. Մկրտչյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԼԴ/0449/02/13 քաղաքացիական գործով 23.04.2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Ամալյա Մարկոսյանի, երրորդ անձինք` Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, ու ըստ հակընդդեմ հայցի Ամալյա Մարկոսյանի ընդդեմ Բանկի` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, որոշել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2019 թվականի որոշման` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2019 թվականի վճիռը մասնակիորեն` «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժելու և վերջինիցս հօգուտ Ամալյա Մարկոսյանի 105.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու մասերով, անփոփոխ թողնելու մասը, և այդ մասերով գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Էդ. Սեդրակյանս, Ս Անտոնյանս և Ա Մկրտչյանս, համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 23.04.2021 թվականին թիվ ԼԴ/0449/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում կատարված եզրահանգումների հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է լուծել իր և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39676 վարկային պայմանագիրը, Ամալյա Մարկոսյանից բռնագանձել 306.038,6 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության ընդհանուր պարտքի գումար, որից 209.944,3 ՀՀ դրամը՝ որպես վարկի մայր գումարի մնացորդ, 72.857,3 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տոկոսագումար, 17.769,5 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տույժ և 5.467,5 ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված վարկային հաշվի սպասարկման վճար, ինչպես նաև սկսած 08.05.2013 թվականից մինչև 30.01.2014 թվականը 728.973,3 ՀՀ դրամի նկատմամբ, իսկ 30.01.2014 թվականից մինչև գումարը փաստացի Բանկին վերադարձնելու օրը բռնագանձվող 209.944,3 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան վճարման ենթակա տոկոսները՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ամալյա Մարկոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Բանկի և իր միջև 06.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39676 վարկային և թիվ GA12/078961 գրավի պայմանագրերը:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Զաքարյան) (այսուհետ՝ Դատարան) 27.02.2019 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Ամալյա Մարկոսյանի և երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի ու Վահրամ Բարսեղյանի՝ վարկային պարտավորության գումարը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվեգրելու ու բռնագանձելու պահանջների մասով, մերժվել է, իսկ քաղաքացիական գործի վարույթն ըստ Բանկի հայցի ընդդեմ Ամալյա Մարկոսյանի, երրորդ անձինք Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու պահանջի մասով, ինչպես նաև ըստ Ամալյա Մարկոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Բանկի՝ թիվ GA12/39676 վարկային և թիվ G12/078961 գրավի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12.07.2019 թվականի որոշմամբ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.02.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 347-րդ, 423-րդ, 437-րդ և 887-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Բանկի և պարտապանների միջև ձևավորվել են պայմանագրային հարաբերություններ իրենց կամքով, վարկառուներն ամբողջությամբ ստացել են վարկային պայմանագրի միջոցները և դրանք տնօրինել են իրենց հայեցողությամբ, իսկ պայմանագրի ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի կեղծ լինելը որևէ կերպ չէր կարող ազդել վարկային պայմանագրերի իրավաբանական ուժի վրա և հանգեցնել վարկային իրավահարաբերությունների դադարման:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ քրեական գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարող էր հաստատված փաստ դիտարկվել միայն Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի կողմից հանցանքի կատարումը, որը հանգեցրել է կեղծ ոսկյա իրերի գրավադրման արդյունքում Բանկին վնաս պատճառելուն, և ոչ թե այլ հանգամանքներին, որոնք չունեն պրեյուդիցիալ նշանակություն։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Բանկի օգտին չի բռնագանձվել 66.233.739,4 ՀՀ դրամ։ Դատարաններն առանց որևէ հիմնավորման նույնացրել են վնաս պատճառելուց բխող պարտավորությունները պայմանագրային պարտավորությունների չկատարումից բխող պարտավորությունների հետ, ինչն անթույլատրելի է։

Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել կողմերի միջև ձևավորված վարկային իրավահարաբերություններին, վարկային իրավահարաբերությունները քննարկելիս դուրս է եկել հայցի շրջանակներից և քննարկման առարկա դարձրել վնաս պատճառելուց բխող իրավահարաբերությունները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.07.2019 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել, ինչպես նաև մերժել Բանկից հօգուտ Ամալյա Մարկոսյանի 105.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրության գումար, բռնագանձելու պահանջը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքվել է թիվ GA12/39676 վարկային պայմանագիրը, որի համաձայն` Բանկը պարտավորվել է Ամալյա Մարկոսյանին տրամադրել 729.000 ՀՀ դրամի չափով վարկ, իսկ վերջինս պարտավորվել է նշված ժամանակացույցով սահմանված չափով և ժամկետներում վերադարձնել վարկի գումարը և դրա նվազող մնացորդի վրա հաշվարկվող տոկոսները, վճարել սպասարկման վճարները (հատոր 1-ին, գ.թ. 7, 8).

2) Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքվել է թիվ G12/078961 գրավի պայմանագիրը, որի համաձայն՝ Ամալյա Մարկոսյանը գրավ է դրել իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ 792.480 ՀՀ դրամ գնահատված արժեքով ոսկյա զարդերը (հատոր 1-ին, գ.թ. 9, 10).

3) Բանկի կողմից 07.05.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` 06.11.2012 թվականի թիվ GA12/39676 պայմանագրով ստանձնած պարտավորությունների գծով 07.05.2013 թվականի դրությամբ Ամալյա Մարկոսյանի պարտքը Բանկի հանդեպ կազմում է 825.067,6 ՀՀ դրամ, որից 728,973,3 ՀՀ դրամ` վարկի գումարի մնացորդ, 72,857,3 ՀՀ դրամ` հաշվարկված տոկոսագումար, 17.769,5 ՀՀ դրամ` հաշվարկված տույժերի գումար, 5.467,5 ՀՀ դրամ` վարկային հաշվի սպասարկման վճար (հատոր 1-ին, գ.թ. 6).

4) Բանկի և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) միջև 02.07.2011 թվականին կնքված թիվ DI000015 բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագրով Բանկն ապահովագրել է իր բանկային ռիսկերը (այդ թվում՝ աշխատակիցների անազնվությունը) (հատոր 3-րդ, գ.թ. 20-28).

5) Բանկի 14.02.2014 թվականի թիվ 809 գրության համաձայն` Ընկերության կողմից կատարվել է հատուցում` 32.489.351 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 28, հատոր 3-րդ, գ.թ. 30).

6) 14.08.2017 թվականին ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու մասին դիմումով Բանկը հայտնել է, որ Ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Վերոգրյալի հիման վրա Բանկը հայցից մասնակի հրաժարվել է և նվազեցրել հայցապահանջը (հատոր 3-րդ, գ.թ. 63).

7) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով կայացված դատավճռով Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 19.12.2002 թվականին հանդիսանալով Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով նույն բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել իր ծանոթ Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս՝ Բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն, կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր` վերացրել է խոչընդոտները: Բացի այդ, Կամո Աֆիցերյանը չարաշահել է Բանկի վստահությունը և օգտագործելով որպես փորձագետ ներկայացված զարդերը գնահատելու և համապատասխան ակտ կազմելու իրեն վերապահված լիազորությունները` 2011 թվականից մինչև 07.02.2013 թվականն ընկած ժամանակահատվածում շարունակաբար քաղաքացիների անվամբ որպես ոսկի գրավադրել է Վահրամ Բարսեղյանի կողմից նախապես ձեռք բերված ոչ ոսկյա զարդերը և նրանց կողմից օգտագործելու նպատակով կազմելով իրավունք վերապահող 50 հատ կեղծ փաստաթուղթ` թանկարժեք մետաղների գնահատման ակտ, 2.035.200 ՀՀ դրամ արժողության զարդերը գնահատել է 50.732.880 ՀՀ դրամ որոնց հիման վրա ձևակերպվել են լոմբարդային վարկի 50 պայմանագրեր, որի արդյունքում քաղաքացիներն ստացել են 44.796.130 ՀՀ դրամ վարկի կանխիկ գումար, այն փոխանցել են Վահրամ Բարսեղյանին, իսկ վերջինս էլ խաբեությամբ Բանկից ստացած առանձնապես խոշոր չափերի` 42.760.930 ՀՀ դրամը Կամո Աֆիցերյանի օժանդակությամբ հափշտակել և տնօրինել է իր հայեցողությամբ։

Տուժող Բանկի կողմից քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության՝ իրավունք վերապահելով այն ներկայացնել հետագայում՝ քաղաքացիական դատավարության կարգով: Միաժամանակ իրեղեն ապացույց ճանաչված` Բանկից առգրավված և Բանկում նախկինում գրավադրված զարդերը, որոնք հանդիսացել են գրավի առարկա, վերադարձվել են Բանկին (հատոր 2-րդ , գ.թ. 11-26).

8) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2015 թվականի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով կայացված «Քրեական պատասխանատվությունից ազատելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ ամբաստանյալ Կամո Աֆիցերյանն ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քրեական պատասխանատվությունից` 3 ամիս ժամկետով ազատազրկումից, և նրա նկատմամբ այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (հիմք` «www.court.am» պաշտոնական կայք).

9) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017 թվականի թիվ ԼԴ1/0428/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով` ըստ Բանկի հայցի ընդդեմ Կամո Աֆիցերյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցը բավարարվել է: Վճռվել է Կամո Աֆիցերյանից հօգուտ Բանկի բռնագանձել 10.271.579 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում, ինչպես նաև 10.271.579 ՀՀ դրամի նկատմամբ` սկսած 19.02.2015 թվականից մինչև պարտավորության կատարման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերի, և հաշվարկված գումարները բռնագանձել Կամո Աֆիցերյանից հօգուտ Բանկի (հատոր 3-րդ, գ.թ. 34-41, 67-73, 103-106).

10) Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 21.11.2018 թվականի թիվ ԼԴ/0458/02/17 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով` ըստ Բանկի հայցի ընդդեմ Վահրամ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է` Վահրամ Բարսեղյանից հօգուտ Բանկի բռնագանձել 8.812.579 ՀՀ դրամ՝ որպես հանցագործության կատարման արդյունքում հայցվորին պատճառված վնասի գումար, ինչպես նաև վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև պատասխանողի կողմից գումարն ամբողջությամբ բանկին վճարելն ընկած ժամանակահատվածի համար հօգուտ Բանկի բռնագանձել 8.812.579 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկվող տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով (հատոր 3-րդ, գ.թ. 33, հիմք` «www.court.am» պաշտոնական կայք):

 

4. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի համաձայն` վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով, իսկ նույն օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը՝ ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով քննարկվող հարցին, գտել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով ապացուցում պահանջող փաստերի շրջանակի, այդ փաստերի ապացուցման պարտականությունը կողմի վրա դնելու պայմաններում բացասական հետևանքները կողմի վրա թողնելու հարցերին արձանագրել է, որ ապացուցման պարտականությունը` որպես սուբյեկտիվ պարտականություն, բովանդակային առումով ներառում է հետևյալ երկու տարրերը.

1) պահանջների կամ առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու պարտականություն (հաստատման ծանրություն), որը դիտարկվում է որպես պահանջները կամ առարկությունները փաստերով հիմնավորելու` պահանջների կամ առարկությունների հիմքում դրված որոշակի փաստական հանգամանքներ դնելու և օրենքով սահմանված ձևով դատարանին ներկայացնելու անհրաժեշտություն,

2) ապացույցներ ներկայացնելու պարտականություն (բացահայտման ծանրություն), որը գործին մասնակցող անձի կողմից պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց ներկայացնելու անհրաժեշտություն է:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև 06.11.2012 թվականին կնքվել է թիվ GA12/39676 վարկային պայմանագիրը, որով Բանկը 729.000 ՀՀ դրամի չափով վարկ է տրամադրել Ամալյա Մարկոսյանին: Ըստ Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի և Ամալյա Մարկոսյանի միջև կնքված գրավի պայմանագրի` վարկային պարտավորության կատարման ապահովման նպատակով Ամալյա Մարկոսյանը գրավ է դրել իրեն սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդերը:

Բանկի և Ընկերության միջև 02.07.2011 թվականին կնքված բանկային ռիսկերի համալիր ապահովագրության պայմանագրով Բանկն ապահովագրել է իր բանկային ռիսկերը (այդ թվում՝ աշխատակիցների անազնվությունը):

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.01.2015 թվականի թիվ ԼԴ/0184/01/13 քրեական գործով կայացված դատավճռով Կամո Աֆիցերյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 19.12.2002 թվականին հանդիսանալով Բանկի «Վանաձոր» մասնաճյուղի ոսկերիչ-փորձագետ և ունենալով նույն բանկում ոսկյա իրեր ստուգելու, գրավ ընդունելու և գնահատելու լիազորություն, համաձայնության է եկել իր ծանոթ Վահրամ Բարսեղյանի հետ, օժանդակել է վերջինիս՝ Բանկից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն, կազմելով ոսկու գրավի գնահատման կեղծ ակտեր` վերացրել է խոչընդոտները: Բացի այդ, Կամո Աֆիցերյանը չարաշահել է Բանկի վստահությունը և օգտագործելով որպես փորձագետ ներկայացված զարդերը գնահատելու և համապատասխան ակտ կազմելու իրեն վերապահված լիազորությունները` 2011 թվականից մինչև 07.02.2013 թվականն ընկած ժամանակահատվածում շարունակաբար քաղաքացիների անվամբ որպես ոսկի գրավադրել է Վահրամ Բարսեղյանի կողմից նախապես ձեռք բերված ոչ ոսկյա զարդերը և նրանց կողմից օգտագործելու նպատակով կազմելով իրավունք վերապահող 50 հատ կեղծ փաստաթուղթ` թանկարժեք մետաղների գնահատման ակտ, 2.035.200 ՀՀ դրամ արժողության զարդերը գնահատել է 50.732.880 ՀՀ դրամ որոնց հիման վրա ձևակերպվել են լոմբարդային վարկի 50 պայմանագրեր, որի արդյունքում քաղաքացիներն ստացել են 44.796.130 ՀՀ դրամ վարկի կանխիկ գումար, այն փոխանցել են Վահրամ Բարսեղյանին, իսկ վերջինս էլ խաբեությամբ Բանկից ստացած առանձնապես խոշոր չափերի` 42.760.930 ՀՀ դրամը Կամո Աֆիցերյանի օժանդակությամբ հափշտակել և տնօրինել է իր հայեցողությամբ։ Դատավճռի համաձայն՝ Ամալյա Մարկոսյանի հետ պայմանագրերը նույնպես վերոնշյալ արարքների կատարման արդյունքում են կնքվել:

Ընկերության կողմից Բանկին կատարվել է հատուցում` 32.489.351 ՀՀ դրամի չափով:

14.08.2017 թվականին ներկայացված հայցից մասնակի հրաժարվելու և հայցապահանջը նվազեցնելու մասին դիմումով Բանկը հայտնել է, որ Ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որոնցով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Վերոգրյալի հիման վրա Բանկը հայցից մասնակի հրաժարվել է և նվազեցրել հայցապահանջը:

Դատարանը 27.02.2019 թվականի վճռով հայցը, ըստ էության, մերժել է այն պատճառաբանությամբ, որ պատասխանողի դեմ պահանջ ներկայացնելիս Բանկը չարաշահել է իր իրավունքը, որն արտահայտվել է նրանում, որ ունենալով պատճառած վնասը գերազանցող պահանջի իրավունք՝ կրկին այդ վնասը, որպես վարկային պարտավորությունների խախտում, հատուցելու պահանջ է ներկայացրել ընդդեմ պատասխանողի, որի արդյունքում խախտել է հակադիր շահերով օժտված իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համամասնության ողջամիտ հարաբերակցության սկզբունքը:

 Վերաքննիչ դատարանը 12.07.2019 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 27.02.2019 թվականի վճիռը թողել է անփոփոխ, ըստ էության, այն պատճառաբանությամբ, որ Բանկի կողմից չի հիմնավորվել ապացուցման ենթակա փաստը` պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում փոխհատուցման արժեքը, և այդ արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը՝ նկատի ունենալով, որ Բանկի կողմից պահանջվող` Ամալյա Մարկոսյանի կողմից չկատարված վարկային պարտավորությունների խախտման հետևանքով չվճարված գումարը, ըստ էության, նույնանում է Կամո Աֆիցերյանի և Վահրամ Բարսեղյանի հանցավոր գործողություններով Բանկին պատճառված վնասի գումարի հետ, և տվյալ դեպքում առկա դատական ակտերով վճռվել է Վահրամ Բարսեղյանից, ինչպես նաև Բանկի աշխատակից Կամո Աֆիցերյանից բռնագանձել այն գումարի տարբերությունը, որը Բանկին չի հատուցվել ապահովագրական կազմակերպության կողմից:

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելով և Վերաքննիչ դատարանի 12072019 թվականի որոշումը բեկանելով պատճառաբանել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Բանկի և պատասխանողի միջև 06.11.2012 թվականին կնքված թիվ GA12/39676 վարկային պայմանագրով հաստատվել է այն փաստը, որ կողմերի միջև առկա են եղել վարկային հարաբերություններ, իսկ գործում առկա չեն ապացույցներ այդ պայմանագրից բխող վարկային պարտավորության դադարման վերաբերյալ: Ինչ վերաբերում է Բանկի կողմից ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքին, ապա Վճռաբեկ դատարանը, այդ թվում հիմք ընդունելով թիվ ԼԴ/0647/02/13 քաղաքացիական գործով 07.04.2017 թվականին հայտնած իր դիրքորոշումը, կարևորում է, որ սույն գործի շրջանակներում թեև հիմնավորվել է Բանկի կողմից ապահովագրական հատուցում ստանալու հանգամանքը, սակայն այն բավարար չէ վարկային պարտավորությունը դադարած համարելու համար: Ավելին, Բանկը, նվազեցնելով հայցապահանջը, հայտնել է, որ Ընկերության կողմից Բանկին վճարվել է ապահովագրական հատուցում, որով թվով 50 վարկային պայմանագրերի մայր գումարների հանրագումարը (45.586.000) և ապահովագրությամբ վճարված գումարի (32.489.351) տոկոսային հարաբերակցությունը կազմում է 71,2%, իսկ մայր գումարի չհատուցված մասը տոկոսային տեսքով՝ 28,8%: Այսինքն՝ սույն գործով անգամ չի ներկայացվել ապացույց այն մասին, որ ստացված ապահովագրական հատուցումն ամբողջությամբ մարել է Ամալյա Մարկոսյանի վարկային պարտավորությունը:

Մինչդեռ սույն գործի քննության ընթացքում Դատարանը 29.11.2018 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ Բանկից պահանջել է տեղեկատվություն այն մասին, արդյո՞ք Ամալյա Մարկոսյանի և Բանկի միջև կնքված թիվ GA12/39676 վարկային պայմանագրով և թիվ G12/078961 գրավի պայմանագրով նշված գումարները ներառված են 32489351 ՀՀ դրամ փոխհատուցման գումարի մեջ, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ինչ չափով։ Արդյո՞ք թիվ ԼԴ/0449/02/13 քաղաքացիական գործով Բանկի կողմից Ամալյա Մարկոսյանից պահանջվող գումարը կամ որոշակի մասը ներառված է Բանկի կողմից ընդդեմ Կամո Աֆիցերյանի՝ գումար բռնագանձելու պահանջի վերաբերյալ թիվ ԼԴ1/0428/02/15 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պարտավորության գումարի մեջ, թե՝ ոչ, եթե այո՝ ապա ինչ չափով, որի կապակցությամբ բանկի կողմից որևէ դիրքորոշում չի ներկայացվել:

Բանկի գործադիր տնօրեն՝ Տիգրան Դավթյանը, 19122018 թվականի գրությամբ հայտնել է, որ Կամո Աֆիցերյանից բռնագանձման ենթակա գումարի մեջ ներառված չեն թիվ ԼԴ/0602/02/13, թիվ ԼԴ/0453/02/13 և թիվ ԼԴ/0449/02/13 քաղաքացիական գործերով պահանջվող տոկոսի, տույժի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի տոկոսների, նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջները, քանի որ միայն պայմանագրային մայր գումարն է պահանջվում Կամո Աֆիցերյանից որպես հանցագործությամբ պատճառված վնաս:

Այսինքն Բանկը տեղեկատվություն է տրամադրել միայն Կամո Աֆիցերյանի մասով, իսկ ապահովագրական գումարի մեջ Ամալյա Մարկոսյանից պահանջվող գումարը ներառված լինելու վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրել:

Գտնում ենք, որ սույն գործով չեն ներկայացվել դատական պաշտպանությանն ուղղված այնպիսի ապացույցներ, լրացուցիչ փաստաթղթեր և միջնորդություններ՝ դրանք քննարկելու առումով, որի պարագայում Դատարանի համար կձևավորվեր ներքին համոզմունք, որ հայցը ենթակա է բավարարման, այլ կերպ ասած Բանկը ապացույցներ ներկայացնելու պարտականությունը (բացահայտման ծանրություն) չի կատարել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նշված փաստերը բավարար են արձանագրելու, որ Բանկի կողմից գործի քննության ընթացքում չի հիմնավորվել ապացուցման ենթակա փաստը` պայմանագրային պարտավորության խախտման արդյունքում փոխհատուցման արժեքը և այդ արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը։ Ավելին՝ սույն գործով Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ Բանկի կողմից պահանջվող` պատասխանողից պահանջվող գումարը նույնանում է արդեն իսկ ապահովագրական ընկերության կողմից Բանկին հատուցված և դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարների հետ, ինչն էլ իր հերթին հիմք է տալիս եզրահանգելու, որ հայցվորի կողմից չի հիմնավորվել ապացուցման ենթակա փաստը` պայմանագրային պարտավորությունների խախտման արդյունքում փոխհատուցման արժեքի չափը և այդ արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ սույն գործով Բանկի կողմից ապահովագրական գումարի մեջ Ամալյա Մարկոսյանից պահանջվող գումարը ներառված լինելու վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել:

Սույն գործի փաստերից երևում է, որ Ամալյա Մարկոսյանից պահանջվող գումարը ներառված է արդեն իսկ ապահովագրական ընկերության կողմից Բանկին հատուցված և դատական ակտերով բռնագանձման ենթակա գումարների մեջ, իսկ Բանկի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում որպես հանցագործությամբ պատճառված վնաս բռնագանձված գումարների՝ քաղաքացիներին հանձնված վարկերի գումարների մեջ չներառելու վերաբերյալ, ինչն էլ իր հերթին հիմք է տալիս եզրահանգելու, որ Բանկի կողմից չի հիմնավորվել ապացուցման ենթակա փաստը` պայմանագրային պարտավորությունների խախտման արդյունքում փոխհատուցման արժեքի չափը և այդ արժեքի սահմաններում պահանջի իրավունք ունենալը:

Վերոնշյալ հիմնավորմամբ պետք է արձանագրել, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

4-րդ կետում շարադրված հիմնավորումներից և պատճառաբանություններից ելնելով՝ գտնում ենք, որ վճռաբեկ բողոքը ենթակա էր մերժման: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2019 թվականի որոշումը պետք է թողնվեր օրինական ուժի մեջ:

 

Դատավորներ`

Էդ. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Մկրտչյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան