Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.02.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0425/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0425/02/14

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան  

Դատավորներ՝

Դ. Սերոբյան

  Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

2021 թվականի փետրվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արաքսյա Բագդատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ընդդեմ Ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Ընկերության ընդդեմ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 14.012.222,40 ՀՀ դրամ` որպես փաստացի կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամ` որպես տույժ` չվճարված գումարի 5%-ի չափով, 900.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 14.198.000,00 ՀՀ դրամ, որից` 3.358.000,00 ՀՀ դրամ՝ շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար, 10.000.000,00 ՀՀ դրամ` անավարտ և թերի աշխատանքներն ավարտելու նպատակով իրականացվելիք աշխատանքների արժեքը, 840.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայության դիմաց տրված վարձատրությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 30.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 13.644.328,95 ՀՀ դրամ՝ որից 12.994.599 ՀՀ դրամը՝ որպես կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամը՝ որպես տույժի գումար, 600.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 100.000 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հայցը` 1.017.623 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Գ. Խանդանյան, դատավորներ` Ս Միքայելյան, Հ. Ենոքյան) 22.12.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի որոշմամբ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 12.994.599 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ բավարարված հայցին համամասնորեն, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը` մնացած մասով, մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ և 78-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը ծանուցվել է միայն վերջին երկու նիստերի վերաբերյալ արդեն իսկ դատաքննության փուլում՝ զրկված լինելով նոր ապացույցներ, միջնորդություններ ներկայացնելու, ինչպես նաև հակընդդեմ հայցը լրացնելու և այլ դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը երբևէ չի ներկայացրել որևէ միջնորդություն՝ ծանուցումները միայն Ընկերության ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ, որի պարագայում Դատարանը պարտավոր էր ցանկացած դեպքում կատարել դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ, մինչդեռ Դատարանը ծանուցումը ուղարկել է միայն ներկայացուցչին՝ խախտելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, ինչի պայմաններում Դատարանը պարտավոր էր սույն քաղաքացիական գործը հանձնել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարանին` անկախ գործին մասնակցող անձանց կողմից համապատասխան միջնորդություն ներկայացրած չլինելու հանգամանքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 14.012.222,40 ՀՀ դրամ` որպես փաստացի կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամ` որպես տույժ` չվճարված գումարի 5%-ի չափով, 900.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս (հատոր 4-րդ, գ.թ. 9-11):

2) Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 14.198.000,00 ՀՀ դրամ, որից` 3.358.000,00 ՀՀ դրամ՝ շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար, 10.000.000,00 ՀՀ դրամ` անավարտ և թերի աշխատանքներն ավարտելու նպատակով իրականացվելիք աշխատանքների արժեքը, 840.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայության դիմաց տրված վարձատրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 83-87):

3) Հայցադիմումի ներածական մասում որպես պատասխանող Ընկերության հասցե նշված է` «Երևան քաղաք, Մոսկովյան 31/60» (հատոր 1-ին, գ.թ. 2):

4) Դատարանի կողմից սույն գործով 08.09.2017 թվականին, 01.12.2017 թվականին, 20.04.2018 թվականին, 13.07.2018 թվականին նշանակված նախնական դատական նիստերի ծանուցագրերն ուղարկվել են միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով (հատոր 7-րդ, գ.թ. 6-7, 13-14, 19-20, 26-27):

5) Դատարանի կողմից սույն գործով 21.11.2018 թվականին նշանակված դատաքննության ծանուցագիրը ևս ուղարկվել է միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով (հատոր 7-րդ, գ.թ. 37-38):

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (հիմք` Datalex.am տեղեկատվական համակարգ):

7) Դատարանի 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 12.994.599 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ բավարարված հայցին համամասնորեն, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը` մնացած մասով, մերժել (հատոր 7-րդ, գ.թ. 58-97):

8) Դատարանի 14.12.2018 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքում, ի թիվս այլնի, դրվել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, քանի որ սույն քաղաքացիական գործը չի ուղարկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարան (հատոր 8-րդ, գ.թ. 35-43):

9) Վերաքննիչ դատարանը 13.05.2019 թվականի որոշմամբ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի վերոհիշյալ հիմքին այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը, իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում արտահայտելու հնարավորություն ունենալով հանդերձ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել (հատոր 8-րդ, գ.թ. 35-43):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 379-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

1) Սույն բողոքի առաջին հիմքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված գործին մասնակցող անձի բացակությամբ գործի քննությունն իրականացնելու հետևանքներին:

Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն բողոքի քննության կապակցությամբ կիրառելի օրենսդրության հարցին: Մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել 25.02.2014 թվականին և Դատարանի կողմից գործը քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի նորմերով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումն ապահովելու առանձնահատկությունները պետք է դիտարկվեն իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով (…):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն, կամ

3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

 Սույն գործով ներկայացված հայցադիմումի ներածական մասում որպես պատասխանող Ընկերության հասցե նշված է` «Երևան քաղաք, Մոսկովյան 31/60»:

 Դատարանի կողմից սույն գործով 08.09.2017 թվականին, 01.12.2017 թվականին, 20.04.2018 թվականին, 13.07.2018 թվականին նշանակված նախնական դատական նիստերի ծանուցագրերն ուղարկվել են միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «Երևան քաղաք, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով:

 Դատարանի կողմից սույն գործով 21.11.2018 թվականին նշանակված դատաքննության ծանուցագիրը ևս ուղարկվել է միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «Երևան քաղաք, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով:

Վերաքննիչ դատարանը մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը` պատճառաբանել է, որ միայն Վարդան Մկրտչյանին դատական նիստերի վայրի և ժամանակի մասին ծանուցելով Դատարանը չի ապահովել Ընկերության` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ հոդվածով սահմանված իրավունքը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նման դատավարական խախտումը չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման այն դեպքում, երբ Ընկերությունը դատաքննության փուլում ծանուցված է եղել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որպիսի պայմաններում կարող էր միջոցներ ձեռնարկել գործին մասնակցող անձի իրավունքներից օգտվելու համար, որից, ըստ բողոք բերող անձի, զրկված է եղել Դատարանի ոչ պատշաճ ծանուցման պատճառով:

Անդրադառնալով սույն գործով կայացված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերության պատշաճ ծանուցված լինելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը, ինչպես արդարացիորեն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը, պատշաճ չի ծանուցվել սույն գործով կայացած դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, քանի որ դատական ծանուցագրերի հասցեատերը եղել է ոչ թե գործին մասնակցող անձ Ընկերությունը, այլ Ընկերության ներկայացուցիչը, ընդ որում` դատական ծանուցագրերն ուղարկվել են միայն Ընկերության ներկայացուցչի հասցեով:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ նման դատավարական խախտումը չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման այն դեպքում, երբ Ընկերությունը դատաքննության փուլում ծանուցված է եղել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որպիսի պայմաններում կարող էր միջոցներ ձեռնարկել գործին մասնակցող անձի իրավունքներից օգտվելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, նույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն դատավարական այլ խախտումների, գործի քննությունը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված կողմի բացակայությամբ իրականացնելը դասվում է այնպիսի դատավարական խախտումների շարքին, որոնց առկայության դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման` անկախ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունից: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական նիստերը պատշաճ չծանուցված գործին մասնակցող անձի բացակայությամբ իրականացնելն ազդում է գործի քննության ողջ ընթացքի վրա և նման դատավարական խախտման առկայության պայմաններում հնարավոր չէ գնահատել, թե ինչպիսին կլիներ գործի ելքն առանց այդ խախտման, քանի որ գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցվելը և դատական նիստերին մասնակցելը կարող է ամբողջովին փոխել գործի քննության էությունը` հաշվի առնելով, որ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ, նոր փաստարկներ կամ իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են պայմանավորել գործի լուծման բոլորովին այլ ելք:

Այլ կերպ ասած` վերոհիշյալ դատավարական խախտման, այն է` գործին մասնակցող անձին դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելու պայմաններում գործի քննությունն իրականացնելու դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման այն պատճառով, որ նման խախտման դեպքում անհնար է գնահատել, թե արդյոք գործը ճիշտ է լուծված, թե սխալ` հաշվի առնելով գործի քնննությունը կողմերի մրցակցության սկզբունքի խախտմամբ իրականացված լինելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և Դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման պայմաններում անվերապահորեն չի բեկանել Դատարանի 14.12.2018 թվականի վճիռը, հետևաբար բողոքն այս հիմքով հիմնավոր է:

2) Սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վերաքննիչ դատարանը` գործին մասնակցող անձի կողմից վերաքննիչ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ դիրքորոշում չհայտնելու պատճառաբանությամբ իրավասո՞ւ է արդյոք չանդրադառնալու վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքի, որը վերաբերում է դատարանի կողմից իր պարտադիր լիազորության կատարմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև Նախկին օրենսգիրքը: Այսպես.

Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Նախկին օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ:

Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով Նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը կոչված է ապահովելու գործի քննության այնպիսի պայմաններ, որ կողմը, առաջին ատյանի դատարանում նախապատրաստելով իր դատական պաշտպանությունը, դատարան ներկայացնի հայցի վերաբերյալ իր բոլոր փաստարկները: Հետևաբար, յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքում բերված փաստարկը քննության առնելիս դատարանը պետք է հաշվի առնի ներկայացված փաստարկի (դիրքորոշման) վերաբերելիությունը և այդ տեսանկյունից սահմանափակման ողջամտությունը: Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե որքանո՞վ էր հնարավոր տվյալ փաստարկի (դիրքորոշման) հայտնումն առաջին ատյանի դատարանում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վկայակոչված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով, որի պայմաններում վերաքննիչ դատարանը գործը վերանայում է միայն վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների շրջանակում: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը վերաքննիչ բողոք բերած անձը հայտնած լինի նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս վերաքննիչ դատարանը հայտնաբերում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա հայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը: Միաժամանակ օրենսդիրը բացառություն է համարել այն դեպքը, երբ բողոք բերած անձն օբյեկտիվորեն զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, այսինքն, երբ խոչընդոտվել կամ սահմանափակվել է դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը գործածել է «բողոքարկվող հարց» արտահայտությունը՝ առանց բացահայտելու դրա բովանդակությունը: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքում նշված հիմքը և դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումն էլ պայմանավորում են «բողոքարկվող հարցի» բովանդակությունը: Հետևաբար «բողոքարկվող հարցի» վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե վերաքննիչ բողոքն ինչ հիմքի (կամ հիմքերի) և հիմնավորումների սահմաններում է բերվել: Ընդ որում, յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական և (կամ) դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները` պայմանավորելով նաև բողոքարկվող հարցի բովանդակությունը (տե՛ս, Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է (…) այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականության հարցին, արձանագրել է, որ վիճարկվող նորմը որևէ կերպ չի խոչընդոտում դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը` գործի նկատմամբ կիրառելի իրավանորմի սխալ ընտրությունը, վերաքննիչ դատարանում օրենքով սահմանված կարգով և սահմաններում վիճարկելուն` երաշխավորելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացումը:

 Անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 14.012.222,40 ՀՀ դրամ` որպես փաստացի կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամ` որպես տույժ` չվճարված գումարի 5%-ի չափով, 900.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս:

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 14.198.000,00 ՀՀ դրամ, որից` 3.358.000,00 ՀՀ դրամ՝ շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար, 10.000.000,00 ՀՀ դրամ` անավարտ և թերի աշխատանքներն ավարտելու նպատակով իրականացվելիք աշխատանքների արժեքը, 840.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայության դիմաց տրված վարձատրությունը:

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

 Դատարանի 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 12.994.599 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ բավարարված հայցին համամասնորեն, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը` մնացած մասով, մերժել:

 Դատարանի 14.12.2018 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքում, ի թիվս այլնի, դրվել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, քանի որ սույն քաղաքացիական գործը չի ուղարկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարան:

Վերաքննիչ դատարանը 13.05.2019 թվականի որոշմամբ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի վերոհիշյալ հիմքին այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը, իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում արտահայտելու հնարավորություն ունենալով հանդերձ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել:

Մինչդեռ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոհիշյալ հոդվածի վերլուծությանը, փաստել է, որ նշված կարգավորումը չի ենթադրում ցանկացած հարցի քննություն սնանկության գործի շրջանակում: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցի բավարարումը կհանգեցնի սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ապա նման հայցը քննության ենթակա է միայն պարտապանի սնանկության գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող` պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում (տե՛ս, Իրինա Մաթևոսյանն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/1345/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 15.04.2020 թվականից հետո գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ ներկայիս խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է իմպերատիվ կարգավորում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացված քաղաքացիաիրավական հայցն առնչվում է արդեն իսկ սնանկ ճանաչված պարտապանի գույքային զանգվածին, ապա դատարանը պարտավոր է այդ գործն ուղարկել պարտապանի սնանկության գործը քննող դատարան, քանի որ օրենսդիրը, վերը թվարկված դեպքերում, բացառում է սնանկության վարույթից դուրս սնանկության վարույթին առնչվող այլ քաղաքացիաիրավական վեճերի քննության հնարավորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի կողմից իր վերոհիշյալ պարտականության կատարումը որևէ կերպ կախված չէ այդ հարցի վերաբերյալ գործին մասնակցող անձանց դիրքորոշումներից, քանի որ օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայությունը դատարանին պարտավորեցնում է սնանկության վարույթից դուրս քննության չառնել նման քաղաքացիաիրավական վեճերը` հաշվի առնելով օրենքով սահմանված իմպերատիվ կարգավորումը` նման վեճերը միայն սնանկության վարույթում քննության ենթակա լինելու վերաբերյալ:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում բարձրացնում է դատարանի կողմից օրենքով սահմանված իր այս կամ այն պարտականության չկատարման հարցը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ մատնանշելու բողոք բերած անձի կողմից այդ դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում չհայտնելու հանգամանքը և նման իրավիճակներում պարտավոր է քննության առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք առկա են եղել օրենքով սահմանված համապատասխան հիմքերը, որոնց պայմաններում դատարանը պարտավոր էր իրականացնել իր այս կամ այն լիազորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

Վերոգրյալ իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պարտավորեցնում է դատարաններին պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճել, ի թիվս այլնի, բոլոր այն քաղաքացիական գործերը, որոնք վերաբերում են պարտապանից գումար բռնագանձելուն:

Այսպիսով`համադրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով և 4-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները և հաշվի առնելով, որ պարտապանի դրամական միջոցները ևս համարվում են գույք, ուստի ևս ներառվում են պարտապանի գույքի կազմում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանից գումար բռնագանձելու պահանջ ներկայացված լինելու պարագայում նման քաղաքացիաիրավական վեճը կամ պետք է կարճվի կամ պետք է քննվի պարտապանի սնանկության գործի շրջանակներում: Ընդ որում` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենքով նախատեսված այս կամ այն լուծումը բացառապես պայմանավորված է գործի առանձնահատկություններով և փաստական հանգամանքներով:

Այսպես` սույն գործով Ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև 10.03.2013 թվականին կնքվել է շինարարական աշխատանքների թիվ S-04/2013 կապալի պայմանագիրը, որի համաձայն` կապալառուն` ի դեմս «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, պարտավորվել է Պատվիրատուի` Ընկերության առաջադրանքով ՀՀ Վայոց Ձորի մարզի գյուղ Ռինդ հասցեում գտնվող տարածքում իրականացնել գինեգործարանի համար նախատեսված շենքի կառուցման աշխատանքներ, իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել աշխատանքների արդյունքը և վճարել պայմանագրով սահմանված գինը: Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 24.386.192,40 ՀՀ դրամ:

Դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հայտնել է, որ Ընկերության կողմից բազմիցս խախտվել են աշխատանքների կատարման համար նյութերը ժամանակին տրամադրելու պարտավորությունները, ինչն առաջացրել է անբարենպաստ հետևանքներ (աշխատանքային ռեսուրսի պարապուրդ և կատարված վճարումներ) և զրկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին աշխատանքները պայմանագրով սահմանված ժամկետում ավարտելու հնարավորությունից: Միաժամանակ հայտնել է, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն իր իսկ հաշվին և միջոցներով շենքը հասցրել է պատրաստի վիճակի, որը ներկայումս շահագործվում է Ընկերության կողմից: Նշել է, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 22.821.792,40 ՀՀ դրամ, մինչդեռ Ընկերությունն իր վճարման պարտավորությունը կատարել է մասնակի` վճարելով 7.320.000 ՀՀ դրամ:

Այսպիսով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, հայտնելով, որ զրկված է իր պայմանագրային պարտավորությունները ավարտին հասցնելու հնարավորությունից, պահանջել է Ընկերությունից բռնագանձել փաստացի կատարված աշխատանքների արժեքը, որը կազմում է 15.501.792,40 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ կապալառուի` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից շինարարության ընթացքում դրա արժեքը մի քանի անգամ գերազանցել է նախահաշիվը, ինչպես նաև շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին չի հասցվել, և աշխատանքները կատարվել են բազմաթիվ թերություններով և ոչ պատշաճ որակով:

Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 3.358.000 ՀՀ դրամ` որպես շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար գումար, 10.000.000 ՀՀ դրամ՝ որպես անավարտ աշխատանքները ավարտին հասցնելու և թերությունները վերացնելու ծախս:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հակընդդեմ հայցը վերաբերում է վերջինից գումար բռնագանձելուն, իսկ նման պահանջի բավարարումն անառարկելիորեն կհանգեցնի «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի գույքային զանգվածի փոփոխության, բացի այդ, սույն գործով սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ընդ որում` սկզբնական և հակընդդեմ հայցերի լուծումը չի կարող տեղի ունենալ միմյանցից անկախ, ավելին` սկզբնական և հակընդդեմ հայցերի համատեղ քննությունը միայն կարող է ապահովել սույն վեճի արդյունավետ լուծումը` չբացառելով նաև փոխադարձ պարտավորությունների առկայության պարագայում հնարավոր հաշվանցը:

Միաժամանակ, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված իրավակարգավորմանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանների կողմից պարտապանից գումար բռնագանձելու պահանջով քաղաքացիական գործերի վարույթը կարճելուց հետո, այնուամենայնիվ, պետք է ապահովվի սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի դեմ պարտատերերի պահանջները ներկայացնելու հնարավորությունը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր չանդրադառնալու վերաքննիչ բողոք բերած անձի այն փաստարկներին, որ սույն քաղաքացիական գործը դատարանը պարտավոր էր ուղարկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ բողոք բերած անձն այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չէր հայտնել, Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն` հաշվի առնելով, որ դատարանի կողմից օրենքով սահմանված պահանջների կիրառմամբ իր պարտականության կատարման հարցը չի կարող կախված լինել գործին մասնակցող անձանց դիրքորոշումներից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի առանձնահատկություններով պայմանավորված` թե սկզբնական, և թե հակընդդեմ հայցերը պետք է քննվեն պարտապանի սնանկության գործի շրջանակներում, և նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

 Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

Հատուկ կարծիք

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԿԴ/0425/02/14 քաղաքացիական գործով 23.02.2021 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

23.02.2021 թվական

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2021 թվականի փետրվարի 23-ին գրավոր ընթացակարգով քննելով «Սակի ընդ Սանս» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Արաքսյա Բագդատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2019 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ընկերության ընդդեմ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի` գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

 «Դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 14.012.222,40 ՀՀ դրամ` որպես փաստացի կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամ` որպես տույժ` չվճարված գումարի 5%-ի չափով, 900.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 14.198.000,00 ՀՀ դրամ, որից` 3.358.000,00 ՀՀ դրամ՝ շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար, 10.000.000,00 ՀՀ դրամ` անավարտ և թերի աշխատանքներն ավարտելու նպատակով իրականացվելիք աշխատանքների արժեքը, 840.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայության դիմաց տրված վարձատրությունը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) 30.08.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 13.644.328,95 ՀՀ դրամ՝ որից 12.994.599 ՀՀ դրամը՝ որպես կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամը՝ որպես տույժի գումար, 600.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 100.000 ՀՀ դրամը՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հայցը` 1.017.623 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Գ. Խանդանյան, դատավորներ` Ս Միքայելյան, Հ. Ենոքյան) 22.12.2016 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.08.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.04.2017 թվականի որոշմամբ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 12.994.599 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ բավարարված հայցին համամասնորեն, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը` մնացած մասով, մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2019 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.12.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների 1-ին մասերը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ և 78-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ընկերությունը ծանուցվել է միայն վերջին երկու նիստերի վերաբերյալ արդեն իսկ դատաքննության փուլում՝ զրկված լինելով նոր ապացույցներ, միջնորդություններ ներկայացնելու, ինչպես նաև հակընդդեմ հայցը լրացնելու և այլ դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը երբևէ չի ներկայացրել որևէ միջնորդություն՝ ծանուցումները միայն Ընկերության ներկայացուցչին ուղարկելու վերաբերյալ, որի պարագայում Դատարանը պարտավոր էր ցանկացած դեպքում կատարել դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ, մինչդեռ Դատարանը ծանուցումը ուղարկել է միայն ներկայացուցչին՝ խախտելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ, ինչի պայմաններում Դատարանը պարտավոր էր սույն քաղաքացիական գործը հանձնել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարանին` անկախ գործին մասնակցող անձանց կողմից համապատասխան միջնորդություն ներկայացրած չլինելու հանգամանքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

1) «Դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 14.012.222,40 ՀՀ դրամ` որպես փաստացի կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամ` որպես տույժ` չվճարված գումարի 5%-ի չափով, 900.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս (հատոր 4-րդ, գ.թ. 9-11):

2) Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 14.198.000,00 ՀՀ դրամ, որից` 3.358.000,00 ՀՀ դրամ՝ շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար, 10.000.000,00 ՀՀ դրամ` անավարտ և թերի աշխատանքներն ավարտելու նպատակով իրականացվելիք աշխատանքների արժեքը, 840.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայության դիմաց տրված վարձատրությունը (հատոր 2-րդ, գ.թ. 83-87):

3) Հայցադիմումի ներածական մասում որպես պատասխանող Ընկերության հասցե նշված է` «Երևան քաղաք, Մոսկովյան 31/60» (հատոր 1-ին, գ.թ. 2):

4) Դատարանի կողմից սույն գործով 08.09.2017 թվականին, 01.12.2017 թվականին, 20.04.2018 թվականին, 13.07.2018 թվականին նշանակված նախնական դատական նիստերի ծանուցագրերն ուղարկվել են միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով (հատոր 7-րդ, գ.թ. 6-7, 13-14, 19-20, 26-27):

5) Դատարանի կողմից սույն գործով 21.11.2018 թվականին նշանակված դատաքննության ծանուցագիրը ևս ուղարկվել է միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով (հատոր 7-րդ, գ.թ. 37-38):

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (հիմք` Datalex.am տեղեկատվական համակարգ):

7) Դատարանի 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 12.994.599 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ բավարարված հայցին համամասնորեն, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը` մնացած մասով, մերժել (հատոր 7-րդ, գ.թ. 58-97):

8) Դատարանի 14.12.2018 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքում, ի թիվս այլնի, դրվել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, քանի որ սույն քաղաքացիական գործը չի ուղարկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարան (հատոր 8-րդ, գ.թ. 35-43):

9) Վերաքննիչ դատարանը 13.05.2019 թվականի որոշմամբ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի վերոհիշյալ հիմքին այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը, իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում արտահայտելու հնարավորություն ունենալով հանդերձ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել (հատոր 8-րդ, գ.թ. 35-43)»:

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 379-րդ հոդվածի 5-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

1) Սույն բողոքի առաջին հիմքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված գործին մասնակցող անձի բացակայությամբ գործի քննությունն իրականացնելու հետևանքներին:

Վճռաբեկ դատարանը նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ սույն բողոքի քննության կապակցությամբ կիրառելի օրենսդրության հարցին: Մասնավորապես` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցադիմումը դատարան է մուտքագրվել 25.02.2014 թվականին և Դատարանի կողմից գործը քննվել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի նորմերով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումն ապահովելու առանձնահատկությունները պետք է դիտարկվեն իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների լույսի ներքո:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատական ծանուցագրերի միջոցով (…):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարության մասնակիցներին դատական ծանուցագիրը`

1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.

2) հանձնվում է առձեռն, կամ

3) ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` նույն հոդվածի 4-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրն ուղարկվում է դատավարության մասնակցի նշած հասցեով:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` դատական ծանուցագիրը պետք է հանձնվի անձամբ հասցեատիրոջը: Ծանուցագիրը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը ծանուցումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է ծանուցագիրը ստանալուց հրաժարվելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է դատական նիստի վայրի և ժամանակի մասին գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցելու իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով (մինչև 10.06.2014 թվականը գործող խմբագրությամբ) նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե′ս, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը):

Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե′ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

 Սույն գործով ներկայացված հայցադիմումի ներածական մասում որպես պատասխանող Ընկերության հասցե նշված է` «Երևան քաղաք, Մոսկովյան 31/60»:

 Դատարանի կողմից սույն գործով 08.09.2017 թվականին, 01.12.2017 թվականին, 20.04.2018 թվականին, 13.07.2018 թվականին նշանակված նախնական դատական նիստերի ծանուցագրերն ուղարկվել են միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «Երևան քաղաք, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով:

 Դատարանի կողմից սույն գործով 21.11.2018 թվականին նշանակված դատաքննության ծանուցագիրը ևս ուղարկվել է միայն Ընկերության ներկայացուցիչ Վարդան Մկրտչյանին` «Երևան քաղաք, Կ. Ուլնեցու փողոց, 66Ա շենք, բն. 64» հասցեով:

Վերաքննիչ դատարանը մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը` պատճառաբանել է, որ միայն Վարդան Մկրտչյանին դատական նիստերի վայրի և ժամանակի մասին ծանուցելով Դատարանը չի ապահովել Ընկերության` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության 78-րդ հոդվածով սահմանված իրավունքը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ նման դատավարական խախտումը չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման այն դեպքում, երբ Ընկերությունը դատաքննության փուլում ծանուցված է եղել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որպիսի պայմաններում կարող էր միջոցներ ձեռնարկել գործին մասնակցող անձի իրավունքներից օգտվելու համար, որից, ըստ բողոք բերող անձի, զրկված է եղել Դատարանի ոչ պատշաճ ծանուցման պատճառով:

Անդրադառնալով սույն գործով կայացված դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Ընկերության պատշաճ ծանուցված լինելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը, ինչպես արդարացիորեն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը, պատշաճ չի ծանուցվել սույն գործով կայացած դատական նիստերի վայրի և ժամանակի մասին, քանի որ դատական ծանուցագրերի հասցեատերը եղել է ոչ թե գործին մասնակցող անձ Ընկերությունը, այլ Ընկերության ներկայացուցիչը, ընդ որում` դատական ծանուցագրերն ուղարկվել են միայն Ընկերության ներկայացուցչի հասցեով:

Միաժամանակ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ նման դատավարական խախտումը չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման այն դեպքում, երբ Ընկերությունը դատաքննության փուլում ծանուցված է եղել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, որպիսի պայմաններում կարող էր միջոցներ ձեռնարկել գործին մասնակցող անձի իրավունքներից օգտվելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, նույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն դատավարական այլ խախտումների, գործի քննությունը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված կողմի բացակայությամբ իրականացնելը դասվում է այնպիսի դատավարական խախտումների շարքին, որոնց առկայության դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման` անկախ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունից: Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական նիստերը պատշաճ չծանուցված գործին մասնակցող անձի բացակայությամբ իրականացնելն ազդում է գործի քննության ողջ ընթացքի վրա և նման դատավարական խախտման առկայության պայմաններում հնարավոր չէ գնահատել, թե ինչպիսին կլիներ գործի ելքն առանց այդ խախտման, քանի որ գործին մասնակցող անձի պատշաճ ծանուցվելը և դատական նիստերին մասնակցելը կարող է ամբողջովին փոխել գործի քննության էությունը` հաշվի առնելով, որ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ, նոր փաստարկներ կամ իրականցնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են պայմանավորել գործի լուծման բոլորովին այլ ելք:

Այլ կերպ ասած` վերոհիշյալ դատավարական խախտման, այն է` գործին մասնակցող անձին դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելու պայմաններում գործի քննությունն իրականացնելու դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման այն պատճառով, որ նման խախտման դեպքում անհնար է գնահատել, թե արդյոք գործը ճիշտ է լուծված, թե սխալ` հաշվի առնելով գործի քննությունը կողմերի մրցակցության սկզբունքի խախտմամբ իրականացված լինելու հանգամանքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և Դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտման պայմաններում անվերապահորեն չի բեկանել Դատարանի 14.12.2018 թվականի վճիռը, հետևաբար բողոքն այս հիմքով հիմնավոր է:

2) Սույն վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. վերաքննիչ դատարանը` գործին մասնակցող անձի կողմից վերաքննիչ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ դիրքորոշում չհայտնելու պատճառաբանությամբ իրավասո՞ւ է արդյոք չանդրադառնալու վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքի, որը վերաբերում է դատարանի կողմից իր պարտադիր լիազորության կատարմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ (…):

Համանման իրավական կարգավորումներ է պարունակել նաև Նախկին օրենսգիրքը: Այսպես.

Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:

Նախկին օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ:

Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով անդրադառնալով Նախկին օրենսգրքի՝ վերաքննության սահմանների վերաբերյալ կարգավորումներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը կոչված է ապահովելու գործի քննության այնպիսի պայմաններ, որ կողմը, առաջին ատյանի դատարանում նախապատրաստելով իր դատական պաշտպանությունը, դատարան ներկայացնի հայցի վերաբերյալ իր բոլոր փաստարկները: Հետևաբար, յուրաքանչյուր գործով վերաքննիչ բողոքում բերված փաստարկը քննության առնելիս դատարանը պետք է հաշվի առնի ներկայացված փաստարկի (դիրքորոշման) վերաբերելիությունը և այդ տեսանկյունից սահմանափակման ողջամտությունը: Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, թե որքանո՞վ էր հնարավոր տվյալ փաստարկի (դիրքորոշման) հայտնումն առաջին ատյանի դատարանում վերաքննիչ բողոք բերած անձի կողմից (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով վկայակոչված իրավական դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով, որի պայմաններում վերաքննիչ դատարանը գործը վերանայում է միայն վերաքննիչ բողոքում նշված հիմքերի և հիմնավորումների շրջանակում: Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի վերաքննիչ բողոքում արտահայտած դիրքորոշումը վերաքննիչ բողոք բերած անձը հայտնած լինի նաև առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Այն դեպքում, երբ առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս վերաքննիչ դատարանը հայտնաբերում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա հայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը: Միաժամանակ օրենսդիրը բացառություն է համարել այն դեպքը, երբ բողոք բերած անձն օբյեկտիվորեն զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, այսինքն, երբ խոչընդոտվել կամ սահմանափակվել է դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրը գործածել է «բողոքարկվող հարց» արտահայտությունը՝ առանց բացահայտելու դրա բովանդակությունը: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքում նշված հիմքը և դրա կապակցությամբ ներկայացված հիմնավորումն էլ պայմանավորում են «բողոքարկվող հարցի» բովանդակությունը: Հետևաբար «բողոքարկվող հարցի» վերաբերյալ բողոք բերած անձի դիրքորոշումը չի կարող մեկնաբանվել առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե վերաքննիչ բողոքն ինչ հիմքի (կամ հիմքերի) և հիմնավորումների սահմաններում է բերվել: Ընդ որում, յուրաքանչյուր գործով, ելնելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքից, վերաքննիչ բողոք բերած անձն է որոշում ինչպես վերաքննիչ բողոքի հիմքերը (նյութական և (կամ) դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ), այնպես էլ դրանց հիմնավորումները` պայմանավորելով նաև բողոքարկվող հարցի բովանդակությունը (տե՛ս, Ռուզաննա Ֆարմանյանն ընդդեմ Վարուժան Կարապետյանի թիվ ԵՄԴ/3698/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտը վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում քննելը մրցակցության սկզբունքի դրսևորում է քաղաքացիական դատավարությունում: Վերաքննիչ դատարանը կաշկանդված է բողոքաբերի կողմից մատնանշված բողոքի հիմքերով և հիմնավորումներով և չի կարող քննության առարկա դարձնել դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք չեն ներկայացվել վերաքննիչ բողոքում: Ընդ որում, վերաքննության սահմանները նաև ենթադրում են, որ վերաքննիչ դատարանն անդրադառնում է միայն բողոքի այն հիմքերին և հիմնավորումներին, որոնց վերաբերյալ փաստարկները ներկայացվել են առաջին ատյանի դատարանում, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքաբերը զրկված է եղել դրանք ներկայացնելու հնարավորությունից (տե՛ս, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու կանոնից բացառություն է (…) այն դեպքը, երբ բողոք բերած անձը բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում` միաժամանակ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման իրավիճակում վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում (տե՛ս, Վարդանուշ Բեժանյանը, Շալիկո, Նառա և Նոնա Պարանյաններն ընդդեմ Վաչագան Հակոբյանի թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.05.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականության հարցին, արձանագրել է, որ վիճարկվող նորմը որևէ կերպ չի խոչընդոտում դատարանի կողմից թույլ տրված դատական սխալը` գործի նկատմամբ կիրառելի իրավանորմի սխալ ընտրությունը, վերաքննիչ դատարանում օրենքով սահմանված կարգով և սահմաններում վիճարկելուն` երաշխավորելով անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացումը:

 Անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն պահանջել է Ընկերությունից բռնագանձել 14.012.222,40 ՀՀ դրամ` որպես փաստացի կատարված աշխատանքների գումար, 649.729,95 ՀՀ դրամ` որպես տույժ` չվճարված գումարի 5%-ի չափով, 900.000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս:

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 14.198.000,00 ՀՀ դրամ, որից` 3.358.000,00 ՀՀ դրամ՝ շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար, 10.000.000,00 ՀՀ դրամ` անավարտ և թերի աշխատանքներն ավարտելու նպատակով իրականացվելիք աշխատանքների արժեքը, 840.000 ՀՀ դրամ` իրավաբանական ծառայության դիմաց տրված վարձատրությունը:

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

 Դատարանի 14.12.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել: Դատարանը վճռել է Ընկերությունից հօգուտ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի բռնագանձել 12.994.599 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար՝ բավարարված հայցին համամասնորեն, 300.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, իսկ հայցը` մնացած մասով, մերժել:

 Դատարանի 14.12.2018 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի հիմքում, ի թիվս այլնի, դրվել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, քանի որ սույն քաղաքացիական գործը չի ուղարկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարան:

Վերաքննիչ դատարանը 13.05.2019 թվականի որոշմամբ չի անդրադարձել վերաքննիչ բողոքի վերոհիշյալ հիմքին այն պատճառաբանությամբ, որ բողոք բերած անձը, իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում արտահայտելու հնարավորություն ունենալով հանդերձ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել:

Մինչդեռ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սնանկության գործով պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագած բոլոր քաղաքացիաիրավական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոհիշյալ հոդվածի վերլուծությանը, փաստել է, որ նշված կարգավորումը չի ենթադրում ցանկացած հարցի քննություն սնանկության գործի շրջանակում: Այդուհանդերձ, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացված հայցի բավարարումը կհանգեցնի սնանկության գործով պարտապանի գույքային զանգվածի փոփոխության, ապա նման հայցը քննության ենթակա է միայն պարտապանի սնանկության գործի շրջանակներում: Այլ կերպ ասած՝ սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող` պարտապանից օրենքով նախատեսված պահանջներով քաղաքացիական գործերի վարույթները պետք է կենտրոնանան մեկ վարույթում, այն է` սնանկության վարույթում (տե՛ս, Իրինա Մաթևոսյանն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/1345/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.03.2020 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 15.04.2020 թվականից հետո գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների, երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկայի, պարտապանի և պարտատիրոջ մասնակցությամբ կնքված, ներառյալ` պարտավորությունների կատարման ապահովման միջոցների պայմանագրերի առնչությամբ ծագած և պարտատերերի պահանջների բավարարման հնարավորության վրա ազդող վեճերով քաղաքացիական գործերը, բացառությամբ կառավարչի կողմից ներկայացվող հայցերով հարուցվող քաղաքացիական գործերի, քննում է սնանկության գործը վարող դատավորը նույն սնանկության գործի շրջանակում` որպես առանձին քաղաքացիական գործեր (այսուհետ` առանձին քաղաքացիական գործեր):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես իրավահարաբերության ծագման պահին գործող, այնպես էլ ներկայիս խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված է իմպերատիվ կարգավորում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարան ներկայացված քաղաքացիաիրավական հայցն առնչվում է արդեն իսկ սնանկ ճանաչված պարտապանի գույքային զանգվածին, ապա դատարանը պարտավոր է այդ գործն ուղարկել պարտապանի սնանկության գործը քննող դատարան, քանի որ օրենսդիրը, վերը թվարկված դեպքերում, բացառում է սնանկության վարույթից դուրս սնանկության վարույթին առնչվող այլ քաղաքացիաիրավական վեճերի քննության հնարավորությունը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դատարանի կողմից իր վերոհիշյալ պարտականության կատարումը որևէ կերպ կախված չէ այդ հարցի վերաբերյալ գործին մասնակցող անձանց դիրքորոշումներից, քանի որ օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայությունը դատարանին պարտավորեցնում է սնանկության վարույթից դուրս քննության չառնել նման քաղաքացիաիրավական վեճերը` հաշվի առնելով օրենքով սահմանված իմպերատիվ կարգավորումը` նման վեճերը միայն սնանկության վարույթում քննության ենթակա լինելու վերաբերյալ:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքում բարձրացնում է դատարանի կողմից օրենքով սահմանված իր այս կամ այն պարտականության չկատարման հարցը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ մատնանշելու բողոք բերած անձի կողմից այդ դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում չհայտնելու հանգամանքը և նման իրավիճակներում պարտավոր է քննության առարկա դարձնել այն հարցը, թե արդյոք առկա են եղել օրենքով սահմանված համապատասխան հիմքերը, որոնց պայմաններում դատարանը պարտավոր էր իրականացնել իր այս կամ այն լիազորությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

Վերոգրյալ իրավական նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պարտավորեցնում է դատարաններին պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճել, ի թիվս այլնի, բոլոր այն քաղաքացիական գործերը, որոնք վերաբերում են պարտապանից գումար բռնագանձելուն:

Այսպիսով`համադրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով և 4-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները և հաշվի առնելով, որ պարտապանի դրամական միջոցները ևս համարվում են գույք, ուստի ևս ներառվում են պարտապանի գույքի կազմում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանից գումար բռնագանձելու պահանջ ներկայացված լինելու պարագայում նման քաղաքացիաիրավական վեճը կամ պետք է կարճվի կամ պետք է քննվի պարտապանի սնանկության գործի շրջանակներում: Ընդ որում` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենքով նախատեսված այս կամ այն լուծումը բացառապես պայմանավորված է գործի առանձնահատկություններով և փաստական հանգամանքներով:

Այսպես` սույն գործով Ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի միջև 10.03.2013 թվականին կնքվել է շինարարական աշխատանքների թիվ S-04/2013 կապալի պայմանագիրը, որի համաձայն` կապալառուն` ի դեմս «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի, պարտավորվել է Պատվիրատուի` Ընկերության առաջադրանքով ՀՀ Վայոց Ձորի մարզի գյուղ Ռինդ հասցեում գտնվող տարածքում իրականացնել գինեգործարանի համար նախատեսված շենքի կառուցման աշխատանքներ, իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել աշխատանքների արդյունքը և վճարել պայմանագրով սահմանված գինը: Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 24.386.192,40 ՀՀ դրամ:

Դիմելով դատարան` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հայտնել է, որ Ընկերության կողմից բազմիցս խախտվել են աշխատանքների կատարման համար նյութերը ժամանակին տրամադրելու պարտավորությունները, ինչն առաջացրել է անբարենպաստ հետևանքներ (աշխատանքային ռեսուրսի պարապուրդ և կատարված վճարումներ) և զրկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին աշխատանքները պայմանագրով սահմանված ժամկետում ավարտելու հնարավորությունից: Միաժամանակ հայտնել է, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն իր իսկ հաշվին և միջոցներով շենքը հասցրել է պատրաստի վիճակի, որը ներկայումս շահագործվում է Ընկերության կողմից: Նշել է, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից կատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 22.821.792,40 ՀՀ դրամ, մինչդեռ Ընկերությունն իր վճարման պարտավորությունը կատարել է մասնակի` վճարելով 7.320.000 ՀՀ դրամ:

Այսպիսով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, հայտնելով, որ զրկված է իր պայմանագրային պարտավորությունները ավարտին հասցնելու հնարավորությունից, պահանջել է Ընկերությունից բռնագանձել փաստացի կատարված աշխատանքների արժեքը, որը կազմում է 15.501.792,40 ՀՀ դրամ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը հայտնել է, որ կապալառուի` «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից շինարարության ընթացքում դրա արժեքը մի քանի անգամ գերազանցել է նախահաշիվը, ինչպես նաև շինարարությունը սահմանված ժամկետում ավարտին չի հասցվել, և աշխատանքները կատարվել են բազմաթիվ թերություններով և ոչ պատշաճ որակով:

Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից բռնագանձել 3.358.000 ՀՀ դրամ` որպես շենքը պայմանագրով սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու համար գումար, 10.000.000 ՀՀ դրամ՝ որպես անավարտ աշխատանքները ավարտին հասցնելու և թերությունները վերացնելու ծախս:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հակընդդեմ հայցը վերաբերում է վերջինից գումար բռնագանձելուն, իսկ նման պահանջի բավարարումն անառարկելիորեն կհանգեցնի «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի գույքային զանգվածի փոփոխության, բացի այդ, սույն գործով սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ընդ որում` սկզբնական և հակընդդեմ հայցերի լուծումը չի կարող տեղի ունենալ միմյանցից անկախ, ավելին` սկզբնական և հակընդդեմ հայցերի համատեղ քննությունը միայն կարող է ապահովել սույն վեճի արդյունավետ լուծումը` չբացառելով նաև փոխադարձ պարտավորությունների առկայության պարագայում հնարավոր հաշվանցը:

Միաժամանակ, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված իրավակարգավորմանը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատարանների կողմից պարտապանից գումար բռնագանձելու պահանջով քաղաքացիական գործերի վարույթը կարճելուց հետո, այնուամենայնիվ, պետք է ապահովվի սնանկության վարույթի շրջանակներում պարտապանի դեմ պարտատերերի պահանջները ներկայացնելու հնարավորությունը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր չանդրադառնալու վերաքննիչ բողոք բերած անձի այն փաստարկներին, որ սույն քաղաքացիական գործը դատարանը պարտավոր էր ուղարկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ բողոք բերած անձն այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չէր հայտնել, Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն` հաշվի առնելով, որ դատարանի կողմից օրենքով սահմանված պահանջների կիրառմամբ իր պարտականության կատարման հարցը չի կարող կախված լինել գործին մասնակցող անձանց դիրքորոշումներից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործի առանձնահատկություններով պայմանավորված` թե սկզբնական, և թե հակընդդեմ հայցերը պետք է քննվեն պարտապանի սնանկության գործի շրջանակներում, և նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան»։

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ.. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ (…)

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը բացառապես պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` արձանագրելով, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում, ու Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության։

Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բացառապես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում վերագրելու համար։

Նախ անդրադառնանք Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտում վերագրելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին։ Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ անհիմն է համարել Ընկերության՝ սույն գործով կայացած դատական նիստերի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, որ նման դատավարական խախտումը որոշակի պատճառաբանությունից ելնելով չէր կարող հանգեցնել գործի սխալ լուծման։ Վճռաբեկ դատարանը նման եզրահանգում է արել այն պատճառաբանությամբ, որ «ի տարբերություն դատավարական այլ խախտումների, գործի քննությունը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցված կողմի բացակայությամբ իրականացնելը դասվում է այնպիսի դատավարական խախտումների շարքին, որոնց առկայության դեպքում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման` անկախ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունից»:

Կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանի կողմից, հիմք ընդունելով վճռաբեկ բողոքի 1-ին հիմքի վերաբերյալ նշված պատճառաբանությունները, որոնց հետ, ըստ էության, համաձայն ենք, Վերաքննիչ դատարանին կարող էր վերագրվել ոչ թե ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, այլ՝ նախկին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտում, քանի որ Դատարանը, պահպանելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, գործը քննել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը Դատարանի 14.12.2018 թվականի դատական ակտը կարող էր բոլոր դեպքերում՝ անկախ գործի սխալ լուծմանը հանգեցնելու պայմանից, բեկանման ենթակա համարեր, եթե հաստատված համարեր, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը բոլոր դեպքերում բեկանման հիմք է հանդիսացել հենց առաջին ատյանի դատարանում գործը քննելու ժամանակ գործած դատավարական իրավունքի նորմի իմաստով։

Չնայած այս դեպքում ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգավորումը բովանդակային առումով գրեթե նույնական է նախկին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգավորման հետ, սակայն գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ, օրինակ, առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ գործած օրենսդրության համաձայն՝ թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը չհանդիսանա բոլոր դեպքերում դատական ակտի բեկանման հիմք, սակայն գործի քննությունից հետո՝ մինչև վերադաս ատյանում բողոքի քննությունը, ընդունվի օրենք, որի համաձայն՝ այդ խախտումն արդեն հանդիսանա բոլոր դեպքերում դատական ակտի բեկանման հիմք, որի պարագայում, կարծում ենք, որ ստորադաս դատարանի դատական ակտը որևէ կերպ չի կարող բեկանվել նոր օրենքի իմաստով բոլոր դեպքերում բեկանման ենթակա լինելու հիմքով։

Այժմ անդրադառնանք Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում վերագրելու վերաբերյալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին։ Այսպես՝

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթով, որ «Վերաքննիչ դատարանն իրավասու չէր չանդրադառնալու վերաքննիչ բողոք բերած անձի այն փաստարկներին, որ սույն քաղաքացիական գործը դատարանը պարտավոր էր ուղարկել «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործը քննող դատարան, քանի որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ բողոք բերած անձն այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չէր հայտնել, Վճռաբեկ դատարանը գնահատում է անհիմն` հաշվի առնելով, որ դատարանի կողմից օրենքով սահմանված պահանջների կիրառմամբ իր պարտականության կատարման հարցը չի կարող կախված լինել գործին մասնակցող անձանց դիրքորոշումներից»:

Դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բավարար է դիտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, և հաշվի առնելով այն, որ սույն գործի առանձնահատկություններով պայմանավորված` թե սկզբնական, և թե հակընդդեմ հայցերը պետք է քննվեն պարտապանի սնանկության գործի շրջանակներում, ու նկատի ունենալով, որ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 20-րդ մասի հիմքով 01.01.2019 թվականից Հայաստանի Հանրապետությունում գործում է ՀՀ սնանկության դատարանը, Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործը պետք է նոր քննության ուղարկել ՀՀ սնանկության դատարան:

Կարծում ենք, որ սույն գործի վարույթն ինչպես հայցի, այնպես էլ հակընդդեմ հայցի մասով ենթակա է կարճման, իսկ Վերաքննիչ դատարանի 13.05.2019 թվականի որոշումը՝ գործի վարույթը կարճման ենթակա լինելու հիմքով՝ բոլոր դեպքերում բեկանման՝ անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը Վճռաբեկ դատարանի համար պարտականություն է նախատեսել բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում։ Միևնույն ժամանակ օրենսդիրը Վճռաբեկ դատարանի համար ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ Վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը։ Այս դեպքում Վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը։ Կարծում ենք, որ նշված կանոնը կիրառելի է նաև այն դեպքում, երբ բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք։

Տվյալ դեպքում ստորադաս՝ Վերաքննիչ դատարանում, առկա է եղել սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմք հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում գործի վարույթը, բացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերից, կարող է կարճել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։

Այդպիսի դեպք է նաև վերաքննիչ բողոքի քննության ժամանակ գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսվածը, որի բովանդակությունից բխում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գույք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը, և պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն օրենքով սահմանված ժամկետներում և կարգով:

Տվյալ դեպքում «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության՝ հօգուտ իրեն գումար բռնագանձելու պահանջի մասին։ Իր հերթին Ընկերությունը հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի՝ վերջինիցս գումար բռնագանձելու պահանջի մասին։

Դատարանի 14.12.2018 թվականի վճռով արդյունքում հայցը բավարարվել է մասնակի, իսկ հակընդդեմ հայցը մերժվել է:

Մինչ նշված վճիռը կայացնելը «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.12.2017 թվականի վճռով ճանաչվել է սնանկ. նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ։

Դատարանի 14.12.2018 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վերաքննիչ դատարանը, քննելով Ընկերության վերաքննիչ բողոքը, այն մերժել է, և Դատարանի 14.12.2018 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առկա է եղել սույն քաղաքացիական գործի վարույթն առնվազն հակընդդեմ հայցի մասով կարճելու հիմք, քանի որ Վերաքննիչ դատարանի վարույթում տվյալ պահին առկա է եղել պարտապան «Սմարթ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ից գումար բռնագանձելու վերաբերյալ քաղաքացիական գործ։ Միևնույն ժամանակ գտնում եմ, որ հիմք ընդունելով սույն գործի փաստերը, հակընդդեմ հայցի ինստիտուտի էությունը, վերաքննիչ բողոքի քննության ժամանակ գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով օրենսդրի կողմից տրված կարգավորման նպատակը՝ սույն գործի վարույթն անհրաժեշտ է կարճել նաև սկզբնական հայցի մասով՝ նկատի ունենալով, որ հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը, իսկ որոշ առումով էլ հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը։

Ամփոփելով վերոգրյալը` գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի, 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, անկախ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, Վերաքննիչ դատարանի 13.05.2019 թվականի որոշումը ենթակա էր բեկանման, և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքով գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ առնվազն Վերաքննիչ դատարանում գործի քննության պահին առկա է եղել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում նշված՝ գործի վարույթը կարճելու հիմքը:

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: