Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.28-2021.07.11 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
23.02.2021
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0062/04/17

Սնանկության գործ թիվ ԼԴ4/0062/04/17

2021 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի փետրվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ԷյԷլԷյ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Հենրիկ Մաղաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ «ԷյԷլԷյ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) դիմումի ընդդեմ «ԼՕԶԷ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` Կազմակերպությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկոյան) 02.10.2017 թվականի վճռով Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ա. Պետրոսյան, դատավորներ` Ա. Մկրտչյան, Ա. Սմբատյան) 31.05.2018 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.10.2017 թվականի վճիռը, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության ամբողջ ծավալով:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Աթաբեկյան) (այսուհետ` Դատարան) 08.08.2018 թվականի որոշմամբ սնանկության գործն ընդունվել է վարույթ:

Դատարանի 15.11.2018 թվականի որոշմամբ Ընկերության միջնորդությունը` սնանկության գործի վարույթը կասեցնելու մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.12.2018 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածները, 361-րդ հոդվածի 1-ի մասի 5-րդ կետը:

Բողոքաբերը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է` անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ի մասի 5-րդ կետը, որով նախատեսվում է, որ բողոքարկման ենթակա են նաև գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները:

Ավելին, Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի դրույթները, արձանագրել է, որ նշված իրավանորմով սահմանված` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների ցանկում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումն ընդգրկված չէ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ վերաքննիչ բողոքը բերվել է այն դատական ակտի դեմ, որի համար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերաքննություն նախատեսված չէ:

Միաժամանակ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից նորմատիվ իրավական ակտում ամրագրված դրույթը չկիրառելու առումով առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերության իրավակարգավորման համար առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործի քննության ընթացքում գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման:

 

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` վերը նշված դրույթների համադրված վերլուծությունից բխում է, որ սնանկության գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը կիրառվում են միայն այն մասով, որով տվյալ դատավարական հարաբերությունը կարգավորված չէ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` կասեցման հիմքերի առկայության դեպքում, եթե այդ իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` գործի վարույթը կասեցնելու, գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները, իսկ 15-րդ կետի համաձայն` այլ որոշումներ` օրենքով սահմանված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վարույթը կասեցնելու մասին, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը: Օրենսդիրը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունը (սնանկության վարույթը բաղկացած է որոշակի փուլերից և ընթանում է յուրաքանչյուր փուլին համապատասխան օրենքով սահմանված ընթացակարգով), այդ վարույթի արդյունավետությունն ապահովելու նկատառումով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20.1-րդ հոդվածով կարգավորել է կասեցման ընթացակարգի կիրառման հնարավորությունը: Օրենսդիրը վարույթի կասեցման կարգ նախատեսել է առանձին պարտատերերի պահանջների մասով և այն պայմանով, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կասեցման հիմքը (հիմքերը) կիրառելի լինի այդ իրավահարաբերության նկատմամբ: Ընդ որում, առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված կարգով առանձին պարտատերերի պահանջների մասով սնանկության գործի վարույթի կասեցման դեպքում սնանկության վարույթի մյուս փուլերը պետք է ընթանան օրենքով նախատեսված ընթացակարգով: Այսպիսով օրենսդիրը սնանկության վարույթում կասեցման հնարավորություն նախատեսել է միայն առանձին պարտատերերի պահանջների մասով (տե՛ս, ըստ «Հինգերորդ աստղ» ՍՊԸ-ի դիմումի` թիվ ԱՐԱԴ/0043/04/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Անդրադառնալով այդ որոշումների` վերաքննության կարգով բողոքարկելիության հնարավորությանը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի` «Սնանկության գործի ընթացքում կայացված ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 20-րդ հոդվածը սահմանում է սնանկության գործի քննության ընթացքում կայացվող դատական ակտերի բողոքարկումը: Ընդ որում, վերը նշված հոդվածով օրենսդիրը հնարավորություն է տվել բողոքարկելու սնանկության գործի քննության ընթացքում կայացվող ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը: Մասնավորապես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասում, որպես ընդհանուր կանոն, ամրագրվել է, որ սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները նույնպես ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով` դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։ ՀՀ վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով վերը նշված օրենսդրական կարգավորումները, գտել է, որ սնանկության գործի ընթացքում կայացվող պահանջի կասեցումը մերժելու մասին որոշումը նույնպես ենթակա է բողոքարկման` ի տարբերության իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելը մերժելու վերաբերյալ որոշման (տե՛ս, ըստ «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի դիմումի` թիվ ԿԴ1/0261/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը):

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը, 11.01.2011 թվականի թիվ         ՍԴՈ-932 որոշման շրջանակներում անդրադառնալով սնանկության գործի ընթացքում կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանը, արձանագրել է, որ օրենսդիրը, դարձյալ ելնելով սնանկության գործի մաս կազմող առանձին վարույթների բնույթից, առանձնահատկություններից, սնանկության գործի ընթացքի վրա դրանց ազդեցության աստիճանից, սնանկության գործում ներառվող առանձին վարույթներով կայացվող միջանկյալ դատական ակտերի մի մասի համար է սահմանել բողոքարկման հնարավորություն: Միաժամանակ հղում է կատարել միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի մեկ այլ` 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման 4-րդ կետում արտահայտած դիրքորոշմանը, ըստ որի` «(...) օրենսդիրը հիմնականում բողոքարկելի է համարում այն բոլոր ակտերը, որոնք կարող են կասեցնել կամ խոչընդոտել դատարանի մատչելիության իրավունքի իրացման ընթացքը, (...): Օրենսդրի կողմից առանձին դատական ակտերի բողոքարկման հնարավորության բացառումը բխում է դատավարությունն անհարկի ձգձգումներից զերծ պահելու անհրաժեշտությունից, քանի որ դատարաններում քաղաքացիական դատավարության կարգով գործերի քննության համար օրենքը սահմանում է հստակ ժամկետներ: Փաստորեն, օրենսդիրը, յուրաքանչյուր կոնկրետ դատական ակտի կապակցությամբ, առաջնորդվելով արդարադատության շահերից բխող որոշակի նպատակներով և խնդիրներով, սահմանում է այս կամ այն դատական ակտի բողոքարկելիությունը»:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` խնդրելով կասեցնել սույն սնանկության գործի վարույթը մինչև թիվ ԵԿԴ/1072/02/16 քաղաքացիական գործով եզրափակիչ ակտ կայացնելը (հավելված, գ.թ. 6):

Դատարանը 15.11.2018 թվականի «Սնանկության գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` սնանկության գործի վարույթը կասեցնելու մասին, մերժել է, պատճառաբանելով, որ «(...) Օրենսդիրը, պարտատիրոջ կամ պարտապանի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից ելնելով, նախատեսել է միայն պարտատերերի առանձին պահանջների քննության կասեցման հնարավորություն, հղում կատարելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված` գործի վարույթի կասեցման հիմքերի առկայության դեպքում: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածում շարադրված են գործի վարույթը կասեցնելու` Դատարանի համար պարտադիր և ոչ պարտադիր հիմքերը: Այսինքն, Օրենքով նախատեսված սնանկության գործի վարույթը կասեցնելու միակ կարգավորումը, այն է` պարտատերերի առանձին պահանջների մասով քննության կասեցումը, իր հերթին հնարավոր է այն պարագայում, երբ առկա է նշված հոդվածով նախատեսված հիմքերից գոնե մեկը: (...)»:

Վերաքննիչ դատարանը 20.12.2018 թվականի որոշմամբ, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթները, Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը բերվել է այն դատական ակտի դեմ, որի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով վերաքննություն նախատեսված չէ, ուստի բողոքի ընդունումը ենթակա է մերժման»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի վերլուծությունների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանվել են առաջին ատյանի դատարանի այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով:

Նույն հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով օրենսդիրը հնարավորություն է ընձեռել վերաքննության կարգով բողոքարկելու նույն հոդվածի ցանկում չներառված` առաջին ատյանի դատարանի այլ դատական ակտեր ևս: Նշված հանգամանքն էլ հիմք է հանդիսացել բողոքաբերի համար` պնդելու, որ գործի վարույթը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումները պետք է դասել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի բացառությունների շարքին և ընդունել, որ այդ ակտերը ևս վերաքննության կարգով ենթակա են բողոքարկման:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախ տվյալ դեպքում վիճելի իրավահարաբերությունը ծագել է սնանկության վարույթում, ուստի այն լուծելիս պետք է հաշվի առնել սնանկության վարույթի առանձնահատկությունները և ղեկավարվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումներով: Միաժամանակ, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթում գործի վարույթը կասեցնելու որևէ հիմք նշված օրենքով սահմանված չէ: Ինչպես արդեն վերը նշվեց, սնանկության վարույթում օրենսդիրը կասեցման հնարավորություն նախատեսել է միայն առանձին պարտատերերի պահանջների մասով:

Նման պայմաններում, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումներով հայտնած դիրքորոշումները և օրենսդրի կարգավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն սնանկության գործով Դատարանի կայացրած` 15.11.2018 թվականի «Սնանկության գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն, բողոքարկման ենթակա չէ, ինչն էլ արձանագրվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 20.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար, քանի որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, Ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով, կայացրել է ըստ էության ճիշտ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` Վերաքննիչ դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Միքայելյան

Ս. Անտոնյան

Ա. բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական: