Գլխավոր տեղեկություն
Համար
N 2072-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 19.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2020

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2072-Լ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1057-Լ)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։

(1-ին կետը փոփ. 24.06.21 N 1057-Լ)

2. Առաջարկել Արցախի Հանրապետության կառավարությանը՝

1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման մեջ նշված (Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած) համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը բնակված քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) տվյալները.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը (իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը) նախարարությանը տրամադրել չափահաս քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն վերադառնալու և Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկություն:

3) (ենթակետն ուժը կորցրել է 24.06.21 N 1057-Լ)

(2-րդ կետը փոփ. 24.06.21 N 1057-Լ)

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 16-ը (դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը) նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունք ունեցող ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը, առկայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, անշարժ գույքի հասցեն, տեսակը և կադաստրային ծածկագիրը:

4. (կետն ուժը կորցրել է 14.01.21 N 36-Լ)

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի հունվարի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 21-ը նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման հավելվածին կից ցանկում ներառված համայնքների հասցեներով հաշվառված անձանց տվյալները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2072-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 24.06.21 N 1057-Լ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալած այն ֆիզիկական անձանց (այսուհետ՝ հյուրընկալ) սոցիալական աջակցության (այսուհետ՝ աջակցություն) տրամադրմանը (նշանակելուն և վճարելուն) առնչվող հարաբերությունները, որոնք հյուրընկալել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման շահառու հանդիսացող չափահաս քաղաքացիներին (այսուհետ՝ հյուրընկալվող):

(1-ին կետը փոփ. 24.06.21 N 1057-Լ)

2. Աջակցությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ հյուրընկալի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

3. 2020 թվականի դեկտեմբեր, 2021 թվականի հունվար օգոստոս ամիսների համար ներկայացվում են առանձին դիմումներ: Ընդ որում, դիմումը պետք է ներկայացվի՝

1) 2020 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ.

2) 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների համար՝ յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։

(3-րդ կետը փոփ. 14.01.21 N 36-Լ, 24.06.21 N 1057-Լ)

4. Դիմումը ներկայացնելու համար հյուրընկալը, սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետներում, օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և ծառայություն է ներկայացնում՝

1) իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը.

2) հյուրընկալվողի (հյուրընկալվողների) անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը) և էլեկտրոնային լուսապատճենը:

5. Ծառայությունն առցանց ռեժիմում դիմումով ներկայացված տվյալները համեմատում է (համադրում է) բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրանցման վերաբերյալ տվյալների, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի, Արցախի Հանրապետության կառավարության տեղեկատվական բազայի տվյալների հետ և մերժում կամ հաշվառում է դիմումը։

(5-րդ կետը փոփ. 14.01.21 N 36-Լ, 08.02.21 N 147-Լ)

6. Դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները թերի են (չեն ներկայացվել պահանջվող բոլոր տվյալները կամ փաստաթղթերը).

2) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

3) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն առկա է հյուրընկալի կամ հյուրընկալվողի մահվան պետական գրանցում.

4) հյուրընկալվողը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշման շահառու չէ.

5) (ենթակետն ուժը կորցրել է 14.01.21 N 36-Լ)

6) հյուրընկալը Հայաստանի Հանրապետությունում սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունքով չունի բնակելի անշարժ գույք.

7) (ենթակետն ուժը կորցրել է 08.02.21 N 147-Լ)

8) հյուրընկալվողի անվամբ տվյալ ամսվա համար առկա է հաստատված դիմում։

(6-րդ կետը փոփ. 14.01.21 N 36-Լ, 08.02.21 N 147-Լ, 24.06.21 N 1057-Լ)

7. Եթե դիմումը չի մերժվում, ապա ծառայությունը՝

1) հաշվառում է դիմումը և ինքնաշխատ եղանակով հաշվարկում է դրամական օգնության չափը՝

ա. յուրաքանչյուր հյուրընկալվողի համար 30 000 դրամ,

բ. (պարբերությունն ուժը կորցրել է 24.06.21 N 1057-Լ)

2) հաստատում է դիմումը և դիմումը ներկայացնելու վերջնաժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում հաշվարկված դրամական օգնության վճարման գործընթացը:

(7-րդ կետը փոփ. 24.06.21 N 1057-Լ)

8. Ծառայությունը դիմումը մերժելու, հաստատելու կամ հաշվառելու մասին անմիջապես էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում դիմողի (հյուրընկալի) հետ հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, դիմումը մերժելու դեպքում՝ մերժելու պատճառը, իսկ դիմումը հաստատելու դեպքում՝ hաշվարկված դրամական օգնության չափը։

9. Մեկ հյուրընկալվողի գծով սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամսական միայն մեկ անգամ:

10. Աջակցությունը հյուրընկալի բանկի կողմից վճարվում է միանվագ դրամական օգնության գումարը հյուրընկալի քարտային հաշվին փոխանցելու միջոցով: Եթե հյուրընկալը սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել հյուրընկալի քարտային հաշվին, ապա հյուրընկալի բանկը վճարումն իրականացնում է հյուրընկալի՝ ընտրված բանկի մասնաճյուղ անձամբ ներկայանալու և վերջինիս նույնականացնելու դեպքում: Սույն կետում նշված դեպքում, եթե միանվագ օգնության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ, ապա գումարը բանկի կողմից վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(10-րդ կետը խմբ. 02.03.21 N 264-Լ)

11. Դրամական օգնությունը փոխանցելու օրվան հաջորդող օրը ծառայությունը դրա մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է դիմողին։

12. Աջակցության տրամադրումը մերժվում կամ դադարեցվում է նաև, եթե՝

1) հյուրընկալվողը ծառայությանը ներկայացնում է աջակցության տրամադրման դադարեցման առցանց դիմում՝ փաստացի հյուրընկալված չլինելու հիմքով.

2) Արցախի Հանրապետության կառավարության կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետությունում հյուրընկալվողի՝ Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկություն։

(12-րդ կետը փոփ. 14.01.21 N 36-Լ)

13. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:

14. Սույն կարգի հիման վրա նշանակված և մահվան պատճառով չվճարված գումարը վճարվում է հյուրընկալի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հյուրընկալի մահվան վկայականը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ և այլն) ծառայություն են ներկայացվում մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը։

(14-րդ կետը փոփ. 24.06.21 N 1057-Լ)

(հավելվածը փոփ. 14.01.21 N 36-Լ, 08.02.21 N 147-Լ, խմբ. 02.03.21 N 264-Լ, փոփ. 24.06.21 N 1057-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան