Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.02.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԼԴ2/0062/01/18

Գործ թիվ ԼԴ2/0062/01/18

Նախագահող դատավոր՝  Լ. Աբգարյան

Դատավորներ՝

Ա․ Դանիելյան

Մ. Հարությունյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 քարտուղարությամբ՝

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

2021 թվականի փետրվարի 12-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հրաչ Առաքելի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ պաշտպան Շ.Շահինյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով 2018 թվականի հուլիսի 25-ին հարուցվել է թիվ 19159418 քրեական գործը։

2018 թվականի հուլիսի 25-ին Հրաչ Առաքելի Առաքելյանը բերման է ենթարկվել և հաջորդ օրը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ Հ.Առաքելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նույն օրը մեղադրյալ Հ.Առաքելյանն ազատվել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

11 ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի օգոստոսի 10-ին հարուցվել է թիվ 19160318 քրեական գործը:

12 Նախաքննության մարմնի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ նշված քրեական գործերը միացվել են մեկ վարույթում՝ թիվ 19159418 համարի ներքո:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ Հ.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

13 Նախաքննության մարմնի` 2018 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ թիվ 19159418 քրեական գործից անջատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված մասը, որին շնորհվել է 19105218 համարը:

2018 թվականի սեպտեմբերի 4-ին Հրաչ Առաքելյանի վերաբերյալ թիվ 19159418 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 17-ի որոշմամբ ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոխարինվել է կալանավորմամբ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2019 թվականի հունվարի 19-ին Հ.Առաքելյանը հայտնաբերվել է և կալանավորվել:

Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի ապրիլի 15-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Հ.Առաքելյանի նկատմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` Հ.Առաքելյանի արգելանքի տակ գտնվելու 2 (երկու) օրը հաշվակցվել է նրա պատժի ժամկետին և թողնվել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2019 թվականի հունվարի 19-ից:

3. Ամբաստանյալ Հ.Առաքելյանի պաշտպան Հ.Հովսեփյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան)` 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Հ.Առաքելյանի պաշտպան Շ.Շահինյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 4-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննության մարմնի կողմից Հրաչ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով այն բանի համար, որ նա «2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, նկատելով Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 26 հասցեում գործող «Համեղ Պատառ» արագ սննդի կետի դիմաց կայանված, Կարինե Ղուկասյանին պատկանող «BMW-X3» մակնիշի, 03 XX 010 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին դրված դրամապանակը, այն հափշտակելու դիտավորությամբ` օգտվելով հիշյալ ավտոմեքենայի դուռը կողպված չլինելու հանգամանքից, բացել է վարորդի դուռը, ապօրինի մուտք գործել որպես պահեստարան հանդիսացող հիշյալ ավտոմեքենա, հափշտակել վերը նշված դրամապանակը և թաքցրել հագուստի տակ: Այդ պահին նրան նկատել է ավտոմեքենային մոտեցած Կարինե Ղուկասյանը, իսկ Հրաչ Առաքելյանը հասկանալով, որ իրեն նկատել են, դիմել է փախուստի` բացահայտ հափշտակելով Կարինե Ղուկասյանին պատկանող 3000 ՀՀ դրամ արժողության դրամապանակը:

(...) Բացի այդ, Հրաչ Առաքելի Առաքելյանը 2018 թվականի հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Շիրվանզադե փողոցի վրա գտնվող շուկային հարակից տարածքից գնել և իր անդրավարտիքի գոտկային մասում ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող կռփազենք, որը նույն օրը` ժամը 17.00-ի սահմաններում ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է (...)»1։

6. 2018 թվականի հուլիսի 26-ին Հրաչ Առաքելյանը որպես կասկածյալ ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Համեղ պատառ» արագ սննդի կետի դիմաց նկատել է կայանված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա: Լինելով հարբած վիճակում՝ չի հասկացել, թե ինչու է բացել այդ մեքենայի չկողպված դուռը և նստել վարորդի նստատեղին: Այդ պահին մոտեցել է մի կին և ինքը հասկացել է, որ վերջինս մեքենայի տերն է, քանի որ այդ կինը սկսել է իր վրա գոռգոռալ: Ինքը դուրս է եկել մեքենայից և դիմել փախուստի: Հայտնել է, որ մեքենայից ոչինչ չի հափշտակել, դրա մեջ դրամապանակ չի նկատել2:

7. ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի (այսուհետ նաև՝ Տարոնի բաժին) պետ Վ.Թորոսյանը վարույթն իրականացնող մարմնին ուղղված` 2018 թվականի հուլիսի 26-ի գրությամբ խնդրել է համաձայնություն, որպեսզի ինքը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա.Հակոբյանը ձերբակալված կասկածյալ Հ.Առաքելյանի հետ ձերբակալվածներին պահելու վայրում օպերատիվ հարցազրույց իրականացնեն3: Նշված գրությանն ի պատասխան՝ քննիչ Վ.Գրիգորյանը նույն օրվա գրությամբ հայտնել է, որ չի առարկում Հ.Առաքելյանի հետ օպերատիվ հարցազրույց իրականացնելու համար ձերբակալվածներին պահելու վայր վերջիններիս մուտք գործելու դեմ4:

8. 2018 թվականի հուլիսի 26-ին Հրաչ Առաքելյանը որպես կասկածյալ լրացուցիչ ցուցմունքներ է տվել՝ ըստ էության վերահաստատելով 2018 թվականի հուլիսի 26-ի ցուցմունքի ընթացքում նշված՝ հափշտակություն չկատարելու հանգամանքը5: Նշվածը նաև պնդել է 2018 թվականի հուլիսի 27-ին տուժողի հետ առերես հարցաքննության ընթացքում6։

9. Տարոնի բաժնի պետ Վ.Թորոսյանը վարույթն իրականացնող մարմնին ուղղված՝ 2018 թվականի հուլիսի 27-ի գրությամբ խնդրել է, որպեսզի թույլատրեն ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա.Ղազարյանին, Տարոնի բաժնի պետ Վ.Թորոսյանին և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա.Հակոբյանին ձերբակալվածներին պահելու վայրում հարցազրույց ունենալ ձերբակալված Հ.Առաքելյանի հետ՝ գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև Հ.Առաքելյանի կողմից հնարավոր այլ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու նպատակով7: Նշված գրությանն ի պատասխան՝ քննիչ Վ.Գրիգորյանը նույն օրվա գրությամբ հայտնել է, որ չի առարկում Հ.Առաքելյանի հետ օպերատիվ հարցազրույց իրականացնելու նպատակով ձերբակալվածներին պահելու վայր վերջիններիս մուտք գործելու դեմ8:

10. 2018 թվականի հուլիսի 28-ին Հ.Առաքելյանը դիմում է հասցեագրել վարույթն իրականացնող մարմնին այն մասին, որ 2018 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի «Համեղ Պատառ» սննդի կետի դիմաց կայանված Կ.Ղուկասյանի ավտոմեքենայից նրա դրամապանակը հափշտակել է ինքը, ինչի շուրջ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ9:

101 2018 թվականի հուլիսի 28-ին Հ.Առաքելյանը որպես կասկածյալ լրացուցիչ հարցաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2018 թվականի հուլիսի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, լինելով ոգելից խմիչք օգտագործած վիճակում, «Համեղ Պատառ» արագ սննդի կետի դիմաց կայանված Կարինե Ղուկասյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է վերջինիս դրամապանակը: Հայտնել է, որ ավտոմեքենայի առջևի դռների ապակիները եղել են կիսաբաց վիճակում, որից ներս նայելով՝ նկատել է վարորդի կողքի նստատեղին դրված դրամապանակը: Որոշելով հափշտակել այն՝ բացել է ավտոմեքենայի դուռը, նստել վարորդի նստատեղին և նշված դրամապանակը դրել իր վերնաշապիկի տակ: Այդ պահին ավտոմեքենային է մոտեցել Կ.Ղուկասյանը և ինքը դիմել է փախուստի: Փախչելու ընթացքում վերնաշապիկի տակից հանել է դրամապանակը, բացել այն և տեսնելով, որ նրա մեջ թղթի կտորներ են, նետել է աղբի համար նախատեսված շինության ուղղությամբ: Այն հարցին, թե ինչու նախկինում չի պատմել դա, Հ.Առաքելյանը պատասխանել է, որ Կ.Ղուկասյանի պնդումներից հետո որոշել է պատմել ճշմարտությունը10:

11. 2018 թվականի հուլիսի 28-ին Տարոնի բաժնի պետ Վ.Թորոսյանը վարույթն իրականացնող մարմնին ուղղված նույն օրվա գրությամբ խնդրել է, որպեսզի թույլատրեն Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա.Հակոբյանին ձերբակալվածներին պահելու վայրում հարցազրույց ունենալ ձերբակալված Հ.Առաքելյանի հետ՝ գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ ստանալու, ինչպես նաև Հ.Առաքելյանի կողմից հնարավոր այլ հանցագործություններ կատարած լինելու հանգամանքը պարզելու նպատակով11: Նշված գրությանն ի պատասխան՝ քննիչ Վ.Գրիգորյանը նույն օրվա գրությամբ հայտնել է, որ չի առարկում Հ.Առաքելյանի հետ օպերատիվ հարցազրույց իրականացնելու նպատակով ձերբակալվածներին պահելու վայր Ա.Հակոբյանի մուտք գործելու դեմ12:

12. 2018 թվականի հուլիսի 28-ին և դրանից հետո որպես մեղադրյալ հարցաքննությունների ընթացքում մեղադրյալ Հ.Առաքելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով իրեն լիովին մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել այն մասին, որ 2018 թվականի հուլիսի 25-ին` ժամը 13:00-ի սահմաններում, «Համեղ Պատառ» սննդի կետի դիմաց կայանված Կարինե Ղուկասյանի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայից հափշտակել է վերջինիս դրամապանակը և դիմել փախուստի, ինչի վերաբերյալ նախկինում մանրամասն ցուցմունքներ է տվել, որոնք պնդել է և խնդրել հիմք ընդունել13:

12.1. Ամբաստանյալ Հ.Առաքելյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել մասնակի` միայն ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ տուժողի դրամապանակը չի հափշտակել: Այդ օրը ոգելից խմիչք շատ էր օգտագործել, որի պատճառով չի հասկացել, թե ինչու է նստել տուժողի ավտոմեքենայի մեջ: Հայտնել է նաև, որ ձերբակալվածներին պահելու վայրում գտնվելու ընթացքում իրեն այցելել են ոստիկանության աշխատակիցները, ովքեր հայտնել են, քանի որ դրամապանակի արժեքը չի գերազանցում 5.000 ՀՀ դրամը մեղքն ընդունելու դեպքում գործը «կփակվի» և իրեն բաց կթողնեն14:

13. Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 15-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը գնահատելով ամբաստանյալ Հրաչ Առաքելյանի նախաքննական և դատարանում տված ցուցմունքները, արժանահավատ է համարում նրա կողմից քրեական գործի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ դրանք համապատասխանում են դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված գործի փաստական տվյալներին:

Ամբաստանյալ Հրաչ Առաքելյանի դատարանում հայտնած պատճառաբանությունը, թե ինքը տուժողի ավտոմեքենայից նրան պատկանող դրամապանակը կողոպուտի եղանակով չի հափշտակել, անհիմն են, նպատակ են հետապնդում խուսափելու ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից ու պատժից: Ամբաստանյալ Հրաչ Առաքելյանի նախաքննական ցուցմունքներից բացի, նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորված է նաև դատաքննությամբ հետազոտված [և դատավճռում շարադրված] ապացույցներով.

(…)

Դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, գտնում է, որ ամբաստանյալ Հրաչ Առաքելի Առաքելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրեն մեղսագրված հանցավոր արարքները, նրա արարքներին տրվել են քրեաիրավական ճիշտ գնահատականներ, կատարած հանցագործությունների համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատիժների (...)»15:

14. Վերաքննիչ դատարանը 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ արձանագրել է, որ. «(…) Առաջին ատյանի դատարանը (…) բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում՝ դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ եկել է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք (…):

Վերաքննիչ դատարանը (…) գնահատելով Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները, փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ ամբաստանյալ Հրաչ Առաքելյանի մեղավորությունն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել դատաքննությամբ հետազոտված թույլատրելի, հավաստի և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների այնպիսի համակցությամբ, որը բավարար է հաղթահարելու ամբաստանյալ Հրաչ Առաքելյանի անմեղության կանխավարկածը և բացառելու վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի հիմնավորումներին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դրանք ի զորու չեն չեզոքացնելու Առաջին ատյանի դատարանի իրավաչափ հետևությունները:

Մասնավորապես Վերաքննիչ դատարանը փաստում է, որ գործում առկա չեն ապացույցներ, որոնք հնարավորություն կտային կասկածի տակ դնել 28.07.2018թ. որպես կասկածյալ հարցաքննվելիս, 28.07.2018թ. և 28.08.2018թ. որպես մեղադրյալ հարցաքննվելիս Հ.Առաքելյանի տված ցուցմունքի ճշմարտացիությունը և ըստ այդմ՝ նաև արժանահավատությունը: Այս առումով Վերաքննիչ դատարանը գտնում է նաև, որ անհիմն են նաև բողոքաբերի այն պնդումները, որ դատարանը հենց այդ ցուցմունքներով է հաստատված համարել Հրաչ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ ամբաստանյալ Հ.Առաքելյանին առաջադրված մեղադրանքում նշված փաստական հանգամանքները, բացի Հ.Առաքելյանի վերոնշյալ ցուցմունքից, հիմնավորվել են նաև Առաջին ատյանի դատարանի կողմից վկայակոչված մյուս ապացույցներով, որոնցով ըստ էության չեն հերքվում Հրաչ Առաքելյանի նախաքննական ցուցմունքներում նկարագրված փաստական հանգամանքները:

Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Առաջին ատյանի դատարանի այս առումով հետևությունները ևս պատշաճ պատճառաբանված են և բխում են գործով ձեռք բերված նյութերից, ինչպես նաև փաստելով, որ նշված ապացույցների անթույլատրելիության մասին բողոքաբերը վերաքննիչ բողոքում չի նշել այնպիսի արձանագրված փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտային Վերաքննիչ դատարանին հաստատված համարելու, որ Հ.Առաքելյանը նախաքննական ցուցմունքները տվել է հարկադրանքի կամ ապօրինի ազդեցության արդյունքում, գտնում է, որ Հրաչ Առաքելյանի նախաքննական ցուցմունքների արժանահավատ լինելու, իսկ դատարանում հայտնած պատճառաբանությունների անհիմն լինելու մասին Առաջին ատյանի վերոգրյալ հետևություններն իրավաչափ են, որոնց հետ չհամաձայնելու հիմքեր առկա չեն:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ գործում առկա է վերաբերելի և թույլատրելի ապացույցների այնպիսի համակցություն, որը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարելու, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանելու և ապացուցված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է (…)»16:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.

15. Բողոքաբերը նշել է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով չի հաստատվել ՀԱռաքելյանի կողմից ԿՂուկասյանի դրամապանակը հափշտակելու փաստը, այլ միայն հաստատվել է, որ Հ.Աոաքելյանը նստել է Կ.Ղուկասյանի ավտոմեքենայի վարորդի նստատեղին և կարճ ժամանակ անց հեռացել: Բողոք բերած անձը նշել է, որ թեև նախաքննության ընթացքում Հ.Առաքելյանն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, սակայն դատաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, և ցուցմունք է տվել, որ Կ.Ղուկասյանի դրամապանակը չի հափշտակել: Ըստ բողոքաբերի` դատարանը Հ.Առաքելյանի նախաքննական ցուցմունքների փոխարեն, պետք է արժանահավատ դիտարկեր նրա դատաքննական ցուցմունքները, քանի որ դրանք հաստատվել են նաև քրեական գործում առկա այլ տվյալներով:

15.1. Բացի այդ, բողոք բերած անձն ընդգծել է, որ նախաքննական մարմնի գիտությամբ ու թույլտվությամբ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ձերբակալված կասկածյալ Հ.Առաքելյանի հետ ձերբակալվածների պահման վայրում մի քանի անգամ հարցազրույցներ ունենալը կասկածյալի իրավունքների կոպիտ խախտմամբ իրականացված հարցաքննություններ են, որոնց ընթացքը չի արձանագրվել: Դրանց նպատակը եղել է Հ.Առաքելյանից խոստովանական ցուցմունքներ ստանալը, ինչը հաստատվում է նախաքննական մարմնից թույլտվություններ հայցելու վերաբերյալ գրություններով: Այդ հարցազրույցների արդյունքում Հ.Առաքելյանը չկատարած հանցագործության վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ է տվել, հետևաբար դրանք չպետք է դիտվեին որպես արժանահավատ ու թույլատրելի ապացույցներ: Վերոհիշյալը հաստատում է Հ.Առաքելյանի դատաքննական ցուցմունքներն այն մասին, որ Կ.Ղուկասյանի դրամապանակը հափշտակելու վերաբերյալ նախաքննական ցուցմունքները տվել է ոստիկանության աշխատակիցների ազդեցության արդյունքում: Այդ մասին է վկայում նաև այն, որ խոստովանական ցուցմունքները ստանալուց հետո նախաքննական մարմինը որոշում է կայացրել` Հ.Առաքելյանին արգելանքից ազատելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց` չհեռանալու մասին ստորագրությունն ընտրելու վերաբերյալ:

15.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանին մեղսագրվող արարքին տրվել է սխալ քրեաիրավական որակում, ինչպես նաև նրա նկատմամբ նշանակված պատժին պետք է հաշվակցվեր արգելանքի տակ գտնվելու ոչ թե 2 (երկու), այլ 3 (երեք) օրը:

16. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և ամբաստանյալ Հ.Առաքելյանին արդարացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Հիմնավորվա՞ծ են արդյոք Հ.Առաքելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նախաքննական խոստովանական ցուցմունքները որպես այն հաստատող ապացույցներ օգտագործելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել`

1) բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով. (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն՝ «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»:

19. Մեջբերված նորմերը վերլուծության ենթարկելիս Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ ապացույցների գնահատումը կատարվում է ներքին համոզման հիման վրա, ինչը՝ որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն մի կողմից պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ: Ընդ որում, թեև ապացույցները գնահատվում են ներքին համոզմունքի հիման վրա, այնուամենայնիվ, այն չի կարող կամայական լինել և պետք է բխի գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունից: Այլ կերպ՝ յուրաքանչյուր գործով ապացուցման ենթակա հանգամանքները հաստատելիս (հանցագործության դեպքը և հանգամանքները, կասկածյալի և մեղադրյալի առնչությունը դեպքին, անձի մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ և այլն) դատարանը կրում է առկա ապացույցները բարեխիղճ գնահատման ենթարկելու պարտականություն, ինչն էլ իր հերթին պետք է արտահայտվի պատճառաբանված եզրահանգումների տեսքով17:

19.1. Անդրադառնալով ապացույցների թույլատրելիության և արժանահավատության հատկանիշներին՝ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «(…) Ապացույցների թույլատրելիության հատկանիշը վերաբերում է դրանց ձևական կողմին։ Դրա էությունը կազմում է ապացույցները ձեռք բերելիս օրենքով նախատեսված դատավարական պահանջների պահպանվածությունը և ենթադրում է.

- աղբյուրի օրինականություն՝ ապացույցը պետք է ձեռք բերվի միայն օրենքով սահմանված աղբյուրներից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մաս),

- ձեռքբերման միջոցների օրինականություն՝ պետք է պահպանված լինեն ապացույցների ձեռքբերմանն ուղղված գործողություններ կատարելուն օրենքով առաջադրված պահանջները,

- դատավարական ձևակերպում՝ ապացույցը, դրա ձեռքբերման գործընթացը պետք է օրենքով սահմանված կարգով ենթարկվեն դատավարական ձևակերպման,

- լիազորված սուբյեկտ՝ այն պետք է ստացված լինի ապացույց ձեռք բերելու լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից։

Ապացույցն անթույլատրելի ճանաչելու հիմքերը հստակ սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածով։

(…)

Ապացույցի արժանահավատության հատկանիշը (…) վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

գ) ապացուցողական տեղեկությունը ձեռք բերելու միջոցը,

դ) ապացույցի բովանդակությունը կազմող տեղեկությունը հաստատող կամ հերքող հանգամանքների առկայությունը,

ե) նույն տեղեկության ստացումն այլ աղբյուրից։

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։ (…)»18:

20. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- նախաքննության մարմինը Հ.Առաքելյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով19,

- Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի ապրիլի 15-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Առաքելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ: Առաջին ատյանի դատարանը, գնահատելով ամբաստանյալ Հ.Առաքելյանի նախաքննական և դատարանում տված ցուցմունքները, արժանահավատ է համարել նրա՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ դրանք համապատասխանել են դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հաստատված գործի փաստական տվյալներին20,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ փաստել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ Հ.Առաքելյանի մեղավորությունն Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել դատաքննությամբ հետազոտված թույլատրելի, հավաստի և քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների այնպիսի համակցությամբ, որը բավարար է հաղթահարելու Հ.Առաքելյանի անմեղության կանխավարկածը և բացառելու վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը: Ըստ Վերաքննիչ դատարանի՝ գործում առկա չեն ապացույցներ, որոնք հնարավորություն կտային կասկածի տակ դնելու 2018 թվականի հուլիսի 28-ին որպես կասկածյալ հարցաքննվելիս, 2018 թվականի հուլիսի 28-ին և օգոստոսի 28-ին որպես մեղադրյալ հարցաքննվելիս Հ.Առաքելյանի տված ցուցմունքի ճշմարտացիությունը, հետևաբար՝ նաև արժանահավատությունը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ անհիմն են բողոքաբերի այն պնդումները, որ Առաջին ատյանի դատարանը հենց այդ ցուցմունքներով է հաստատված համարել Հ.Առաքելյանին առաջադրված մեղադրանքը, քանի որ վերջինիս առաջադրված մեղադրանքում նշված փաստական հանգամանքները, բացի Հ.Առաքելյանի վերոնշյալ ցուցմունքից, հիմնավորվել են նաև Առաջին ատյանի դատարանի կողմից վկայակոչված մյուս ապացույցներով, որոնցով ըստ էության չեն հերքվում Հ.Առաքելյանի նախաքննական ցուցմունքներում նկարագրված փաստական հանգամանքները: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ նշված ապացույցների անթույլատրելիության մասին բողոքաբերը վերաքննիչ բողոքում չի նշել այնպիսի արձանագրված փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտային հաստատված համարելու, որ Հ.Առաքելյանը նախաքննական ցուցմունքները տվել է հարկադրանքի կամ ապօրինի ազդեցության արդյունքում21:

21. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 18-19.1.-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ու արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Հ.Առաքելյանի նախաքննական խոստովանական ցուցմունքները թույլատրելի, ապա նաև` արժանահավատ համարելիս, և մեղադրական դատական ակտերի հիմքում դնելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։ Մասնավորապես, սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում Հ.Առաքելյանի նախաքննական խոստովանական ցուցմունքների թույլատրելիությունը և արժանահավատությունը պետք է գնահատվեր այդ ցուցմունքների ձևավորման պայմանների համակողմանի ուսումնասիրման տեսանկյունից, որոնք ողջամտորեն չէին կարող հաշվի չառնվել այդ ցուցմունքների թույլատրելիության, ապա` նաև արժանահավատության գնահատման ընթացքում։

Այսպես, թեև Վերաքննիչ դատարանը նշել է, որ բացակայում են փաստական տվյալներ այն մասին, որ Հ.Առաքելյանը նախաքննական ցուցմունքները տվել է հարկադրանքի կամ ապօրինի ազդեցության արդյունքում, սակայն անդրադարձ չի կատարվել հետևյալ հանգամանքներին

- Հ.Առաքելյանի` որպես կասկածյալ` սկզբնական, իր մեղավորությունը հերքող նախաքննական ցուցմունքներին հաջորդել են ոստիկանության աշխատակիցների կողմից երեք օր անընդմեջ անցկացված «հարցազրույցները», որոնցից անմիջապես հետո Հ.Առաքելյանը տվել է իր մեղքն ընդունող խոստովանական ցուցմունքներ22։ Մասնավորապես, Հ.Առաքելյանի կողմից որպես կասկածյալ հարցաքննվելիս` տրված ցուցմունքներում հափշտակության կատարումը հերքելուց անմիջապես հետո` երեք օր անընդմեջ (2018 թվականի հուլիսի 26-ին, 27-ին և 28-ին) նրան են այցելել ՀՀ ոստիկանության աշխատակիցներ` «հարցազրույցներ» ունենալու համար։ Ընդ որում, այցելությունները կատարել են ՀՀ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը, Տարոնի բաժնի պետը և քրեական հետախուզության բաժանմունքի պետը23,

- Հ.Առաքելյանը ոստիկանության աշխատակիցների կողմից երեք օր անընդմեջ անցկացված «հարցազրույցների» ընթացքում եղել է անազատության մեջ` գտնվելով ձերբակալվածների պահման վայրում24,

- իր մեղքն ընդունող խոստովանական ցուցմունքներ տալու նախաձեռնությամբ հանդես է եկել Հ.Առաքելյանը` ձերբակալվածների պահման վայրից հանցանքն իր կողմից կատարելու վերաբերյալ գրավոր դիմում հասցեագրելով վարույթն իրականացնող մարմնին և հայտնելով, որ ցանկանում է դրա շուրջ լրացուցիչ ցուցմունք տալ25։ Ընդ որում, հատկանշական է, որ նշված դիմումի վրա առկա չէ որևէ դրոշմ, կից բացակայում է նաև որևէ ուղեկցական գրություն, որը հնարավորություն կընձեռեր պատկերացում կազմել այն մասին, թե ինչպես է այն հայտնվել վարույթն իրականացնող քննիչի տրամադրության տակ,

- ՀՀ ոստիկանության աշխատակիցների «հարցազրույցներին» անմիջապես հաջորդել է որպես կասկածյալ, այնուհետև` նաև որպես մեղադրյալ` Հ.Առաքելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում ամբողջությամբ իր մեղքն ընդունող խոստովանական ցուցմունքներ տալը26,

- Հ.Առաքելյանի կողմից իրեն մեղավոր ճանաչելուց և խոստովանական ցուցմունք տալուց անմիջապես հետո՝ նախաքննության մարմինը 2018 թվականի հուլիսի 28-ին մեղադրյալ Հ.Առաքելյանին ազատել է արգելանքից և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը 27,

- Հ.Առաքելյանը քրեական գործի նախաքննության ընթացքում և ըստ այդմ` նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների այցելությունների ընթացքում, չի ունեցել պաշտպան: Այս առումով Վճռաբեկ դատարանը կարևոր է համարում վկայակոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` մի շարք գործերով ձևավորված դիրքորոշումն այն մասին, որ փաստաբանի հասանելիության ապահովումը ոստիկանությունում արգելանքի տակ պահվող կասկածյալների խոցելիության կարևոր հակակշիռ է, որը հիմնարար երաշխիք է ընդդեմ ոստիկանության կողմից կասկածյալների նկատմամբ հարկադրանքի կիրառման և անթույլատրելի վերաբերմունքի դրսևորման, և նպաստում է արդարադատության սխալների կանխարգելմանը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակների իրագործմանը, մասնավորապես՝ «զենքերի հավասարությանը» քննությունն իրականացնող կամ քրեական հետապնդման մարմինների և մեղադրյալի միջև28։

Վերոնշյալ հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք ողջամտորեն կասկածի տակ են դնում Հ.Առաքելյանի` նախաքննական խոստովանական ցուցմունքների թույլատրելիությունը, ապա նաև արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով տեղի ունեցած վերոնշյալ հանգամանքների ժամանակագրական հաջորդականությունը, անկողմնակալ դիտորդի տեսանկյունից, ստվերում են Հ.Առաքելյանի` նախաքննական խոստովանական ցուցմունքների վստահելիությունն ու ճշգրտությունը։ Նման պայմաններում, ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս, մինչ Հ.Առաքելյանի նախաքննական խոստովանական ցուցմունքները` որպես վերջինիս մեղքը հիմնավորող փաստական տվյալներ դիտարկելը, պետք է պատշաճ իրավական գնահատականի արժանացնեին դրանք ձեռքբերելուն նախորդող և հաջորդող հանգամանքների համակցությունը, որոնք հնարավորություն կտային պատշաճ երաշխավորելու վարույթի արդարացիությունը և ըստ այդմ` նաև ապահովելու Հ.Առաքելյանի` Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված` արդար դատաքննության իրավունքը։ Այս համատեքստում, ստորադաս դատարանները պետք է ձեռնարկեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն, այդ թվում` համապատասխան այցելությունները կատարած ոստիկաններին, անհրաժեշտության դեպքում` նաև ձերբակալվածների պահման վայրի աշխատակիցներին հարցաքննելու և Հ.Առաքելյանի նախաքննական ցուցմունքների ձեռքբերման պայմանները ստուգելու ուղղությամբ։

22. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը՝ որպես իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովող մարմին, անհրաժեշտ է համարում նաև սույն գործի փաստական հանգամանքների համատեքստում անդրադառնալ ոստիկանության աշխատակիցների կողմից, քրեական գործով ընթացող նախաքննության պայմաններում, արգելանքի տակ գտնվող անձի հետ «օպերատիվ հարցազրույց» և «հարցազրույց» իրականացնելու իրավաչափությանը։

Մասնավորապես, սույն գործով ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի պետը երեք անգամ` 2018 թվականի հուլիսի 26-ին, 27-ին և 28-ին, դիմել է վարույթն իրականացնող մարմնին` իր և ոստիկանության Լոռու մարզային վարչության այլ պաշտոնյաների (Լոռու մարզային վարչության պետ, Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ)՝ ձերբակալվածներին պահելու վայր մուտք գործելու և Հ.Առաքելյանի հետ «օպերատիվ հարցազրույց» և «հարցազրույց» ունենալու թույլտվություն ստանալու համար29:

Նշվածի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք անցկացնելու թույլտվություն է հայցվել քննիչից, ով նաև չի առարկել, այն դեպքում, երբ «օպերատիվ հարցազրույցը» և «հարցազրույցը» նախատեսված չեն որպես օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ կերպ` «օպերատիվ հարցազրույց» և «հարցազրույց» իրականացնելու իրավասության իրավական հիմքեր նախատեսված չեն ՀՀ օրենսդրությամբ, ՀՀ ոստիկանությունը չունի այդպիսի իրավասություն։

Նման պայմաններում, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության տեսանկյունից` Վճռաբեկ դատարանն անընդունելի է համարում ձերբակալված անձանց հետ ոստիկանության աշխատակիցների կողմից այդպիսի միջոցառումների իրականացման պրակտիկան` հաշվի առնելով նաև այն, որ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի և վերջինիս խոցելիությունն ու իրավունքների չապահովման ռիսկն ավելի մեծ է հենց գործի քննության սկզբնական փուլում30, ինչի մասին նշել են նաև` Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն31 և Միավորված ազգերի կազմակերպության` Խոշտանգումների դեմ կոմիտեն` Հայաստանի վերաբերյալ 4-րդ պարբերական զեկույցի եզրափակիչ դիտարկումներում32։

23. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առանց վերոնշյալ հանգամանքներին անդրադառնալու` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ Հ.Առաքելյանի` նախաքննական խոստովանական ցուցմունքները որպես թույլատրելի, ապա` նաև արժանահավատ համարելը, դրանք անվերապահորեն` որպես Հ.Առաքելյանի մեղքը հիմնավորող փաստական տվյալներ օգտագործելը, եղել է ոչ իրավաչափ` հանգեցնելով վարույթի արդարացիության և ըստ այդմ` նաև Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` արդար դատաքննության իրավունքի խախտման։

24. Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հ.Առաքելյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքի վերաբերյալ նախաքննական խոստովանական ցուցմունքները որպես այն հաստատող ապացույցներ օգտագործելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։

25. Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք և ելնելով Մխիթար Էլոյանի և այլոց գործով արտահայտված դիրքորոշումից առ այն, որ վճռաբեկ վերանայման սահմանները չունեն բացարձակ բնույթ և դրանք պետք է դիտարկվեն, ի թիվս այլնի, քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթի կարճման հիմքերը սահմանող հոդվածի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մաս) համատեքստում33՝ անհրաժեշտ է գտնում քննարկման առարկա դարձնել ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով դադարեցնելու հարցը:

26. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ամբաստանյալ Հրաչ Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

27. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի համաձայն` «1.Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...) 

6) անցել են վաղեմության ժամկետները (...)»: 

Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»: 

ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Ոչ մեծ ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու տարի ժամկետով ազատազրկումը (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն` «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.

1) երկու տարի` ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.

(…)։

2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը (…):

4. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից կամ դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղայականով նրա ներկայանալու պահից (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

28. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- Հ.Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքն ավարտվել է 2018 թվականի հուլիսի 25-ին34,

- 2019 թվականի հունվարի 17-ին Հ.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը փոփոխվել է կալանավորմամբ և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ դատաքննությունից թաքնվելու և գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով և վերջինս 2019 թվականի հունվարի 19-ին կալանավորվել է35: Այսինքն` Հ.Առաքելյանը սույն գործով վարույթի ընթացքում քննությունից խուսափել է 3 օր ժամկետով,

- ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով որակված՝ Հրաչ Առաքելյանին մեղսագրված արարքը կատարելու մեջ վերջինիս մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2019 թվականի ապրիլի 15-ին36, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2019 թվականի նոյեմբերի 18-ին37: Նշված որոշման դեմ ամբաստանյալ Հրաչ Առաքելյանի պաշտպան Շ.Շահինյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ38:

Վերոշարադրյալից բխում է, որ Հրաչ Առաքելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղսագրված արարքի՝ որպես ոչ մեծ ծանրության հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը (քննությունից խուսափելու 3-օրյա ժամկետի հաշվառմամբ) լրանալու օրվա՝ 2020 թվականի հուլիսի 28-ի դրությամբ վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել:

29. Նախորդ կետում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 27-րդ կետում վկայակոչված իրավադրույթների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Առաքելյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշման կայացման օրվա՝ 2021 թվականի փետրվարի 12-ի դրությամբ Հ.Առաքելյանին մեղսագրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն արդեն իսկ անցել է:

Նման պայմաններում, հաշվի առնելով, որ այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը39, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

30. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով գործն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում կարող է ապահովվել քրեական գործի լիարժեք ծավալով քննությունը։

Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի Հ.Առաքելյանի նախաքննական խոստովանական ցուցմունքների ձեռքբերման պայմանները ստուգելու ուղղությամբ և գնահատի դրանց թույլատրելիությունը, ապա` նաև արժանահավատությունը և հանգի համապատասխան հետևության` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում Հ.Առաքելյանի մեղավորության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և վերջինիս նկատմամբ այդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ, սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում Վճռաբեկ դատարանը զրկված է բողոքաբերի՝ սույն որոշման 15.2-րդ կետում նշած փաստարկները քննարկելու և դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից:

Վերոգրյալի հետ մեկտեղ, Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ դատավարության տվյալ փուլում չհեռանալու մասին ստորագրությունը կարող է լինել պատշաճ երաշխիք՝ ամբաստանյալ Հ.Առաքելյանի` ազատության մեջ գտնվելու դեպքում նրա հնարավոր ոչ իրավաչափ վարքագիծը չեզոքացնելու համար։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Հ.Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է փոփոխել չհեռանալու մասին ստորագրությամբ` Հ.Առաքելյանին անհապաղ ազատելով կալանքից, իսկ իրեղեն ապացույց ճանաչված կռփազենքը՝ հանձնել ՀՀ ոստիկանության տնօրինությանը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Հրաչ Առաքելի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2019 թվականի ապրիլի 15-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը բեկանել:

2. Ամբաստանյալ Հրաչ Առաքելի Առաքելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ:

3. Ամբաստանյալ Հրաչ Առաքելի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով գործն ուղարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

4. Ամբաստանյալ Հրաչ Առաքելի Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխել չհեռանալու մասին ստորագրությամբ` Հ.Առաքելյանին անհապաղ ազատելով կալանքից:

5. Իրեղեն ապացույց ճանաչված կռփազենքը հանձնել ՀՀ ոստիկանության տնօրինությանը:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 148-149:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 38-39:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 42:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 47:

5 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 48, 52-53։

6 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 65-68։

7 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 72:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 73:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 76:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 77-78:

11 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 80:

12 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 81:

13 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 91, 141-142, 154։

14 Տե՛ս դատական նիստերի արձանագրությունները:

15 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 163-173:

16 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 1-19:

17 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08, Հմայակ Դավթյանի գործով 2013 թվականի մայիսի 8-ի թիվ ՇԴ/0126/01/12 որոշումները:

18 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 31.1-րդ և 31.3-րդ կետերը:

19 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

22 Տե՛ս սույն որոշման 6-րդ, 8-րդ, 10.1-րդ, 12-րդ կետերը։

23 Տե՛ս սույն որոշման 7-րդ, 9-րդ, 11-րդ կետերը։

24 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

25 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

26 Տե՛ս սույն որոշման 10.1.-րդ, 12-րդ կետերը։

27 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

28 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Salduz v. Turkey գործով 2008 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36391/02, կետեր 53-54, Ibrahim and others v. The United Kingdom գործով 2016 թվականի սեպտեմբերի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 50541/08, 50571/08, 50573/08 և 40351/09, կետ 255, Simeonovi v. Bulgaria գործով 2017 թվականի մայիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 21980/04, կետ 112:

29 Տե՛ս սույն որոշման 7-րդ, 9-րդ, 11-րդ կետերը։

30 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Ալբերտ Հակոբջանյանի և Գագիկ Կարապետյանի գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ ԵԱՔԴ/0172/11/17 որոշման 22-րդ կետը:

31 Տե՛ս Preventing police torture and other forms of ill-treatment – reflections on good practices and emerging approaches, 28th General Report of the CPT, CPT/Inf(2019)9-part, April 26, 2019, կետ 64:

32 Տե՛ս Committee against Torture, Concluding observations on the fourth periodic report of Armenia, CAT/C/ARM/CO/4, Adopted by the Committee at its fifty-ninth session (7 November-7 December 2016), կետ 17:

33 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մխիթար Էլոյանի և այլոց գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշումը։

34 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

35 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը, քրեական գործ, հատոր 2, թերթեր 93-97։

36 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

37 Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը։

38 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը։

39 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Անահիտ Սաղաթելյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ5/0022/01/10 որոշումը, Սիրաժ Ղամբարյանի և այլոց գործով 2014 թվականի մարտի 28-ի թիվ ԵՇԴ/0055/01/11 որոշումը, Հրանտ Մազմանյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ԵԿԴ/0121/11/14 որոշումը, Ֆարիդա Ավագիմյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՎԴ2/0016/01/14 որոշումը, Անդրանիկ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԵԿԴ/0180/01/15 որոշումը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: