Գլխավոր տեղեկություն
Համար
N 416-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.31/29(1584).1 Հոդ.348.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2020 թվականի N 416-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (վերնագիրը փոփ. 22.07.21 N 1184-Լ) 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածը, 146-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի NN 355-Լ, 356-Լ, 357-Լ որոշումները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) (ենթակետն ուժը կորցրել է 22.07.21 N 1184-Լ)

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված` կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 22.07.21 N 1184-Լ)

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ.

2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգով սահմանված միջոցառումների ֆինանսավորման համար ծախսերի կատարման հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառումների իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.

3) սույն որոշման NN 2 և 3 հավելվածներով հաստատված կարգով սահմանված միջոցառումների համար ֆինանսական միջոցների հետ կապված հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

4) սույն որոշման N 2 հավելվածով հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջև սույն որոշման շրջանակում կնքվում է ֆինանսական գործակալության պայմանագիր, որի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը հանդես է գալու որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործակալ:

(2-րդ կետը լրաց. 21.04.20 N 585-Լ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակումից հետո անմիջապես։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 31

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

(հավելվածն ուժը կորցրել է 22.07.21 N 1184-Լ)

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 416-Լ որոշման

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունները ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։

1.1. Սույն hավելվածի շրջանակում, Միջոցառման N 3 աղյուսակով նախատեսված ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով, ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ դրամ, տարեկան 5,7 տոկոսով:

(1.1-ին կետը լրաց. 21.04.20 N 585-Լ)

1.2. Սույն hավելվածի շրջանակում՝ Միջոցառման Աղյուսակ 3-ով նախատեսված՝ ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2024 թվականի մայիսի 7-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվելու է տրամադրող ֆինանսական կազմակերպության միջոցների հաշվին, վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 2 մլրդ. դրամ՝ տարեկան 2,7 տոկոսով:

(1.2-րդ կետը լրաց. 11.05.20 N 720-Լ)

1.3. Սույն hավելվածի շրջանակում՝ միջոցառման N 3 աղյուսակով նախատեսված՝ ֆիզիկական անձանց միկրովարկավորման նպատակով ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2025 թվականի մարտի 31-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ նշված վարկերի մայր գումարի առնվազն 50 տոկոսը ֆինանսավորվելու է տրամադրող ֆինանսական կազմակերպության միջոցների հաշվին, վարկի ժամկետը լինելու է մինչև 2 տարի (24 ամիս), իսկ այդ վարկերի մարումների հաշվին հնարավոր են նաև նոր վարկերի վերաֆինանսավորումներ ևս 2 տարի ժամկետով: Նշված գործակալության պայմանագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին հատկացվող գումարը կազմելու է 5 մլրդ դրամ՝ տարեկան 2,7 տոկոսով:

(1.3-րդ կետը լրաց. 25.03.21 N 417-Լ)

2. Սույն հավելվածում «տնտեսավարող» եզրույթն օգտագործվում է միջոցառման մեջ կիրառված իմաստով:

(2-րդ կետը փոփ., խմբ. 03.04.20 N 464-Լ, խմբ. 30.04.20 N 644-Լ)

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետև՝ Ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման ձևով:

 Ընդ որում, Միջոցառմանը մասնակցել կարող են այն վարկային կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 1 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ։ Նշված վարկային կազմակերպությունների նկատմամբ պետք է տարածվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347 Ն որոշմամբ հաստատված՝ «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները:

4․ Համաֆինանսավորումը վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի և արժութային ռիսկի մասնակի չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից Ֆինանսական կազմակերպությանը տրամադրվող անտոկոս փոխառություն է:

 Ընդ որում, համաֆինանսավորում տրվում է այն դեպքում, եթե յուրաքանչյուր գործարքի ֆինանսավորման դեպքում Ֆինանսական կազմակերպությունների միջոցներով ֆինանսավորվող մասի փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում ՀՀ դրամով 14%-ը, իսկ արտարժույթով՝ 9%-ը։

5. Համաֆինանսավորվել կարող են այն Ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող վարկերը, որոնք ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ ՊՀ Գյուղական ֆինանսավորման կառույցի (այսուհետ՝ Կառույց) հետ կնքել են Միջոցառմանը մասնակցության վերաբերյալ պայմանագրեր (այսուհետ՝ Պայմանագիր)։

6. Միջոցառման չափանիշներին բավարարող շահառուները վարկավորման/լիզինգի նպատակով դիմում են Կառույցի հետ Պայմանագրեր կնքած Ֆինանսական կազմակերպություններին՝ ներկայացնելով Միջոցառման ներքո օժանդակության կոնկրետ ուղղություններով գումարների օգտագործման մասին տեղեկատվություն՝ համաձայն գյուղատնտեսության ոլորտի աջակցման գործող պետական ծրագրերի պահանջների:

7. Ֆինանսական կազմակերպություններն իրականացնում են վարկառուների վարկունակության գնահատումը և կայացնում են նախնական որոշում՝ Միջոցառման ներքո վարկ/լիզինգ տրամադրելու վերաբերյալ (վարկի նախահաստատում):

8. Սույն աջակցության նպատակով վարկի նախահաստատում չի կարող իրականացվել այն դեպքում, եթե Գյուղատնտեսական կոոպերատիվի փոխկապակցված անդամների փայերի հանրագումարը գերազանցում է փայատիրական կապիտալի 40%-ը։ Սույն կարգի իմաստով անձինք համարվում են փոխկապակցված` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

9․ Ֆինանսական կազմակերպությունները վարկի նախահաստատումից հետո, Պայմանագրով սահմանված ընթացակարգով՝ Կառույցին են ներկայացնում համապատասխան հայտ:

10. Կառույցը ստուգում է ներկայացված հայտի համապատասխանությունը Միջոցառման ներքո սահմանված պահանջներին։ Եթե համաֆինանսավորման ընդհանուր գումարը չի գերազանցում 15 մլն դրամը, ապա Կառույցը Ֆինանսական կազմակերպություններին տրամադրում է համապատասխան եզրակացություն:

11․ Միջոցառման ներքո վարկը Ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվում է Կառույցի դրական եզրակացության առկայության դեպքում: Վարկը տրամադրվում է բացառապես անկանխիկ եղանակով:

12. Գյուղատնտեսական կոոպերատիվների համար համաֆինանսավորման նախապայման է համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված կարգով Գյուղատնտեսական կոոպերատիվի նախագահին տրված համապատասխան հավաստագրի առկայությունը:

13. Վարկը տրամադրելուց հետո՝ Ֆինանսական կազմակերպությունը Պայմանագրով սահմանված ընթացակարգով Կառույցին է ներկայացնում վարկի համաֆինանսավորման հայտ:

14.Կառույցը բավարարված հայտերի գծով դիմում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ հայտերով պահանջվող գումարները ստանալու և Ֆինանսական կազմակերպությունների համապատասխան հաշիվներին փոխանցելու նպատակով: Ընդ որում, բավարարված հայտերի և դրանցով հատկացված ընդհանուր ֆինանսավորման մեծության 3 մլրդ ՀՀ դրամը լրանալուց հետո ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գրությամբ տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությանը:

14.1. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կառույցի դիմումն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ հայտերով պահանջվող գումարները Կառույցին փոխանցելու նպատակով։ Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում համաֆինանսավորման գումարը փոխանցվում է Կառույցի բանկային հաշվին:

(14.1-ին կետը լրաց. 17.04.20 N 576-Լ)

14.2. Նպատակային վարկերի համաֆինանսավորման գումարը Կառույցին փոխան-ցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝

1) Կառույցի անվանումը.

2) Կառույցի ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) համաֆինանսավորման գումարի չափը:

(14.2-րդ կետը լրաց. 17.04.20 N 576-Լ)

15. Ֆինանսական կազմակերպության կողմից 15 մլն ՀՀ դրամը չգերազանցող համաֆինանսավորման նպատակով հայտը Կառույցին կարող է ներկայացվել այն դեպքում, եթե շահառուների սեփական ֆինանսական մասնակցությունը պակաս չէ համաֆինանսավորման գումարի 30 տոկոսից:

16. 15 մլն ՀՀ դրամը գերազանցող չափով պետության համաֆինանսավորման վերաբերյալ դրական եզրակացություն տրվում է այդ մասին ՀՀ կառավարության համապատասխան որոշման ընդունմամբ:

17. Ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի համաֆինանսավորման նպատակով հայտերի ներկայացման, դրանց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են Կառույցի և Ֆինանսական կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերով։

18. Միջոցառման ներքո տրամադրված վարկերի մոնիտորինգն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

(հավելվածը փոփ., խմբ. 03.04.20 N 464-Լ, լրաց. 17.04.20 N 576-Լ, 21.04.20 N 585-Լ, խմբ. 30.04.20 N 644-Լ, լրաց. 11.05.20 N 720-Լ, 25.03.21 N 417-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 31-ի N 416-Լ որոշման

 

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգ

 

1. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու, ըստ այդմ` գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար։

2. Սույն կարգի իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում ստեղծված իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը:

3. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային արտոնյալ վարկերի տեսքով։

4. Սույն կարգի իմաստով արտոնյալ վարկ է համարվում բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով Միջոցառման շրջանակում Շահառուներին տրամադրվող վարկը։

5. Սույն կարգի շրջանակում ֆինանսական գործակալության պայմանագիրը կնքվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով՝ հաշվի առնելով, որ Միջոցառման ներքո նախատեսվող վարկերի ժամկետը լինելու է 36 ամիս:

6. ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Ներդրումների աջակցման կենտրոնը (այսուհետ` ՆԱԿ)՝ Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած Ֆինանսական կազմակերպությունների հետ կնքում են ֆինանսական գործակալության պահանջներին բավարարող գլխավոր պայմանագիր։

Ընդ որում, Միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած վարկային կազմակերպություններն առնվազն պետք է ունենան 1 մլրդ ՀՀ դրամի չափով ընդհանուր կապիտալ։ Նշված վարկային կազմակերպությունների նկատմամբ պետք է տարածվեն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 347 Ն որոշմամբ հաստատված՝ «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ով սահմանված բոլոր տնտեսական նորմատիվները:

7. Ֆինանսական գործակալության պայմանագիր կարող է ստորագրվել այն Ֆինանսական կազմակերպությունների հետ, որոնց կողմից Միջոցառման շրջանակում վարկի տարեկան սպասարկման վճարը չի գերազանցի վարկի մայր գումարի 0.3%-ը։ Վարկի սպասարկման վճարը Ֆինանսական կազմակերպությանը վճարում է Ներդրումների աջակցման կենտրոնը։

8. Միջոցառման չափանիշներին բավարարող Շահառուները վարկավորման նպատակով դիմում են ՆԱԿ՝ ներկայացնելով նրանց ընտրության համար ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված տեղեկատվությունը։

9. ՆԱԿ-ը Շահառուների ընտրության նպատակով ստացված տեղեկատվության նախնական համապատասխանության ստուգումն իրականացնում է երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Թերությունների կամ մերժման հիմքերի առկայության դեպքում դրանց վերաբերյալ Շահառուին տեղեկացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ նույն ժամկետում։

10. Վարկային հայտի ստացման ժամկետ է համարվում ամբողջական տեղեկատվության ստացման ամսաթիվը։

11. Վարկային հայտի ստացումից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԿ-ը դիմում է ՀՀ պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ ՊԵԿ)՝ Շահառուի ընտրության համար սահմանված բարվոք հարկային պատմության պահանջների համապատասխանությունը հաստատելու նպատակով։ ՀՀ ՊԵԿ-ը սահմանված պահանջների համապատասխանության հաստատումը կամ հերքումը ՆԱԿ-ին է տրամադրում հարցումը ստանալուց երկու աշխատանքային օրվա ընթացքում։

12. ՊԵԿ-ի կողմից Շահառուի բարվոք հարկային պատմության հերքում ստանալու դեպքում ՆԱԿ-ը որոշում է ընդունում հայտի մերժման վերաբերյալ և այդ մասին մեկ աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կարգով ծանուցում է Շահառուին:

13. Շահառուի բարվոք հարկային պատմության վերաբերյալ ՊԵԿ-ի դրական հաստատումը ստանալու դեպքում ՆԱԿ-ը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է արտոնյալ վարկավորումը հաստատելու վերաբերյալ որոշում և այդ մասին էլեկտրոնային կարգով ծանուցում Շահառուին՝ տրամադրելով նաև այն Ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ տվյալները, որոնց միջոցով կարող է հաստատվել արտոնյալ վարկի ստացումը։

14. Շահառուն ՆԱԿ-ի արտոնյալ վարկավորման որոշման վերաբերյալ ծանուցումը ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում ՆԱԿ է ներկայացնում այն Ֆինանսական կազմակերպության վերաբերյալ տեղեկությունը, որի միջոցով ցանկանում է իրականացնել իր վարկի սպասարկումը։

15. Ֆինանսական կազմակերպության ընտրության վերաբերյալ Շահառուի հաստատումը ստանալուց և նրան առնչվող երաշխավորության պայմանագրերը ստորագրելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացում ՆԱԿ-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և համապատասխան Ֆինանսական կազմակերպություն է ներկայացնում այդ տվյալները։

16. Ֆինանսական կազմակերպությունը տեղեկացումը ստանալուց հետո գործակալության պայմանագրով սահմանված ժամկետում Շահառուի հետ կնքում է վարկավորման պայմանագիր կամ ՆԱԿ-ին և Շահառուին տեղեկացնում է դրանից հրաժարվելու պատճառների վերաբերյալ։

17. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագրի կնքման վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է վճարման հանձնարարական և այն ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով։ Վճարման հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում արտոնյալ վարկի գումարը փոխանցվում է Ֆինանսական կազմակերպության բանկային հաշվին։

(17-րդ կետը խմբ. 17.04.20 N 576-Լ)

17.1. Արտոնյալ վարկի գումարը Ֆինանսական կազմակերպությանը փոխանցելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները՝

1) Ֆինանսական կազմակերպության անվանումը.

2) Ֆինանսական կազմակերպության ՀՎՀՀ-ն.

3) հաշվի համարը.

4) վարկի գումարի չափը:

(17.1-ին կետը լրաց. 17.04.20 N 576-Լ)

18. Արտոնյալ Վարկը Շահառուին տրամադրում է բացառապես անկանխիկ եղանակով՝ Միջոցառմամբ սահմանված ծախսային ուղղություններով։

19. Արտոնյալ վարկերի տրամադրման կարգն ու ժամկետները, ինչպես նաև միջոցների նպատակային օգտագործման, կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ներդրումների աջակցման կենտրոնի և ֆինանսական կազմակերպության միջև եռակողմ պայմանագրով՝ հաշվի առնելով Վարկերի մարման կարգի վերաբերյալ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության սահմանած նվազագույն պահանջները։

20. Միջոցառման շրջանակում տրամադրված օժանդակության գործիքների կիրառման մշտադիտարկումն իրականացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը՝ եռամսյա պարբերականությամբ։

(հավելվածը խմբ., լրաց. 17.04.20 N 576-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան