Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.10.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
28.10.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
28.10.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0100/01/08

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

 

 քարտուղարությամբ՝

Ն. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան՝

Լ. ՍԻՄՈՆՅԱՆԻ

 

2020 թվականի հոկտեմբերի 28-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2008 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի՝ հիմնարար խախտման հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

Նախաքննության մարմնի՝ 2008 թվականի մարտի 2-ի որոշմամբ հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 62202508 քրեական գործը միացվել է 62202608 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 62202608 համարով:

2008 թվականի մարտի 7-ին Ասլան Հովհաննեսի Ավետիսյանը ձերբակալվել է:

2008 թվականի մարտի 8-ին Ա.Ավետիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2008 թվականի մարտի 8որոշմամբ Ա.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով։

2008 թվականի մայիսի 27-ին որոշում է կայացվել Ասլան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով:

2008 թվականի հունիսի 4-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճռով Ա.Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 6 (վեց) ամիս ժամկետով:

3. Ամբաստանյալ Ա.Ավետիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2008 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Ա.Ավետիսյանի պաշտպան Լ.Սիմոնյանը հիմնարար խախտման հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի մարտի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։ Վճռաբեկ դատարանը 2020 թվականի սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել Ասլան Ավետիսյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2008 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնել դատական նիստում:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նախաքննական մարմնի կողմից Ասլան Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն]ա 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ հարմարեցված առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց, դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու և բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյան արձանի և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» և իր օրինակով հրահրել և ոգևորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին և բղավել. «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ» (…)»1:

6. Առաջին ատյանի դատարանը, մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ՝ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Սիամանթո Խուդոյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ՁԱՊՎ պետ Խաչիկ Միքայելյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ՊՊԾ ոստիկան Սերյոժա Շահումյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Արմեն Արսենյանի ցուցմունքները, ապացույց ճանաչված լազերային կրիչները վերարտադրելու և զննելու մասին արձանագրությունը, փորձագիտական եզրակացությունները, դեպքի վայրի զննության արձանագրությունները2:

7. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 2008 թվականի սեպտեմբերի 11-ի որոշմամբ փաստել է. «(...) Վերաքննիչ դատարանը հաստատված է համարում, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ Ասլան Ավետիսյանն իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին ակտիվորեն չի ենթարկվել և նրանց նկատմամբ բռնության կոչեր է արել, այսինքն կատարել հանցանք, որ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով և նրա արարքին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվել է ճիշտ քրեաիրավական գնահատական, դատարանը դուրս չի եկել քրեական հետապնդման մարմնի կողմից Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի շրջանակներից և ոչ էլ մեղադրանքին նոր ձևակերպում է տվել, ինչպես պատճառաբանվում է վերաքննիչ բողոքում, այլ ընդամենը ամբաստանյալին մեղսագրվող արարքը ձևակերպել է ավելի կոնկրետ և դատաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից ելնելով, ուստի առաջին ատյանի դատարանի դատավճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ, պաշտպանի վերաքննիչ բողոքը՝ մերժել (...)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը ներկայացված բողոքում վերլուծելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ և իրավական նորմեր՝ նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա և խաթարել արդարադատության բուն էությունը: Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները, Ա.Ավետիսյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարանները Ա.Ավետիսյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների արժանահավատությունը։ Ինչ վերաբերում է այլ ապացույցներին, որոնց դատարանները հղում են կատարել, ապա դրանք անուղղակի ապացույցներ են և ուղղակիորեն չեն հաստատում Ա.Ավետիսյանի առնչությունը մեղսագրվող արարքին։

9. Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Ավետիսյանի մեղավորության հարցին՝ բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Ասլան Ավետիսյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը։

10. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, Ասլան Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Ասլան Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում արդյո՞ք թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնք խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը և հիմք են ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

12. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»:

Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան:

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համատեքստում դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ պետական իշխանությունները պետք է հարգեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությունը և թույլատրեն գործով վարույթի վերսկսում միայն այն դեպքերում, երբ այն կատարելու լեգիտիմ հիմքերը գերազանցում են իրավական որոշակիության սկզբունքը։ Մասնավորապես, այն դատական ակտի վերանայումը, որն օրինական ուժ է ստացել, չպետք է թույլատրվի միայն գործը վերաքննելու և նոր որոշում կայացնելու նպատակով, այլ պետք է հետապնդի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում թույլ տրված խախտումները շտկելու նպատակ4:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, «հիմնարար խախտում» հասկացությունը ենթադրում է միայն դատավարական ընթացակարգի լուրջ խախտումը, որն էապես խաթարում է նախորդ դատավարության ամբողջականությունը, կարող է հիմք հանդիսանալ ոչ անձի օգտին գործի վերանայման համար, եթե նա արդարացվել է կամ մեղավոր է ճանաչվել նվազ ծանր հանցագործության համար, քան օրենքով նախատեսվածը, որը ենթակա էր կիրառման։ Հետևաբար, նման դեպքերում, դատախազի կամ վերադաս դատարանի կողմից զուտ գործով ապացույցների պարզ վերագնահատումը չէր կարող բավարարել նշված չափանիշին։ Այնուամենայնիվ, ինչ վերաբերում է իրավիճակներին, երբ անձը մեղավոր է ճանաչվել և գործի վերանայումը կարող է լինել իր օգտին, Եվրոպական դատարանը նշել է, որ թիվ 7 Արձանագրության Բացատրական զեկույցի 31-րդ կետում ընդգծված է, որ «4-րդ հոդվածը չի խոչընդոտում գործի կրկնակի քննությանը՝ հօգուտ դատապարտված անձի, և դատական ակտի ցանկացած այլ փոփոխությանը` ի շահ դատապարտյալի»: Նման դեպքերում, համապատասխանաբար, խախտման բնույթը նախևառաջ ենթակա է գնահատման` պարզելու համար, թե արդյո՞ք թույլ է տրվել պաշտպանական իրավունքի խախտում, և, ըստ այդմ, արդյո՞ք գործով առկա է եղել խոչընդոտ՝ արդարադատության պատշաճ իրականացման համար։ Վերջապես, 7-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի վերանայման հիմքերն ամեն դեպքում, in fine, պետք է լինեն այնպիսին, որ «ազդեն գործի ելքի վրա»՝ կամ հօգուտ անձի, կամ հակառակը5։

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նույն անձի վերաբերյալ, նույն դեպքի առիթով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կամ որոշման առկայությունը բացառում է քրեական գործը նորոգելը մեղադրանքն ավելի ծանրով փոխարինելու կամ ավելի խիստ պատիժ նշանակելու կամ մեկ այլ հիմքով, որն առաջ կբերի անձի վիճակի վատթարացում»:

12.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «[Ն]ույն հոդվածի երկրորդ մասի կանոնները չեն գործում այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը»:

12.3. Վերը մեջբերված քրեադատավարական նորմերը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Մկրտիչ Սարգսյանի գործով որոշմամբ և իրավական դիրքորոշումներ արտահայտել առ այն, որ «(...) [Օ]րինական ուժի մեջ մտած դատական ակտերը կարող են վերանայվել բացառապես նյութական կամ դատավարական իրավունքի հիմնարար խախտման (կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների) հիմքով։ Նման իրավակարգավորումը բխում է իրավաչափ այն գաղափարից, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայումը ընդհանուր կանոնից բացառություն է և, որպես այդպիսին, ենթադրում է բողոքարկման բացառիկ հիմքերի առկայություն։

Հարկ է ընդգծել, որ «հիմնարար խախտումը» ենթադրում է խախտման առավել ծանր բնույթ, քան քրեական օրենքի սխալ կիրառումը կամ քրեադատավարական օրենքի էական խախտումը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներ)։ Հիմնարար խախտման էությունը դրսևորվում է նրանում, որ այն ի սկզբանե կանխորոշում է քրեական գործի քննության ոչ ճիշտ ընթացքը, բովանդակազրկում դրա նշանակությունը՝ դրանով իսկ վկայելով անօրինական և չհիմնավորված դատական ակտ կայացված լինելու մասին։ (…)»6:

12.4. «Հիմնարար խախտման» էությանն անդրադարձել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանը՝ թիվ ՍԴՈ-1431 որոշմամբ ընդգծելով հետևյալը. «(…) [Հիմնարար խախտումը] պետք է պատճառահետևանքային կապի մեջ գտնվի ընդունված և արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտի հետ: Քրեական արդարադատությունը, վերջին հաշվով, ուղղված է անմեղ անձին արդարացնելուն, հանցանք կատարած անձին դատապարտելուն, նրա նկատմամբ արդարացի պատիժ նշանակելուն, հանցագործությունից տուժած անձի իրավունքներն ու իրավաչափ շահերը պաշտպանելուն, նրան պատճառված վնասը հատուցելուն: Այսինքն` առերևույթ հիմնարար խախտումը պետք է արժեզրկի քրեական գործով իրականացված արդարադատությունը, նսեմացնի կայացված դատական ակտի դերն ու նշանակությունը: Մասնավորապես` այդպիսի վիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ գործը քննվել և դատական ակտը կայացվել է դատարանի ոչ օրինական կազմով, կամ երբ անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որը ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական»7:

13. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (...) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք

 (...)»:

13.1. Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռով8 արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- որոշելու համար, թե արդյոք վարույթն ընդհանուր առմամբ արդար է եղել, թե՝ ոչ, պետք է հաշվի առնել, թե արդյոք պահպանվել են պաշտպանության կողմի իրավունքները, և արդյոք դիմումատուին հնարավորություն է տրվել վիճարկելու ապացույցների իսկությունը և առարկելու դրանց օգտագործման դեմ։ Ի լրումն, ապացույցների որակը պետք է քննարկման առարկա հանդիսանա, ներառյալ` արդյոք այդ ապացույցների ձեռքբերման հանգամանքները կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության վերաբերյալ9,

- չնայած դիմումատուին դատապարտելիս ներպետական դատարանները, ոստիկանության ծառայողների ցուցմունքներից բացի, հղում են կատարել այլ ապացույցների, միակ ապացույցը, որով ուղղակիորեն ենթադրվում էր դիմումատուի մասնակցությունն այդ արարքների կատարմանը, և որով տրամադրվում էր դրանց մանրամասները, տվյալ ցուցմունքներն էին։ Բոլոր մյուս ապացույցները, որոնց դատարանները հղում են կատարել, անուղղակի ապացույցներ են, և չի կարելի ասել, որ դրանք ուղղակիորեն ցույց են տալիս դիմումատուի առնչությունը մեղսագրվող արարքներին10,

- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննել է մի շարք գործեր, որոնց դեպքում հրապարակային միջոցառման ժամանակ անհատին իր պահվածքի պատճառով քրեական հետապնդման են ենթարկել և դատապարտել՝ հիմնվելով բացառապես այն ոստիկանության ծառայողների ցուցմունքների վրա, որոնք ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ վարույթներում դատարանները պատրաստակամորեն և անվերապահորեն ընդունել են ոստիկանության ծառայողների ցուցմունքները և դիմումատուին որևէ հնարավորություն չեն տվել հակառակ ապացույցներ ներկայացնելու։ Այն վճռել է, որ այս մեղադրանքների հիմքում ընկած այն հիմնական փաստերի վերաբերյալ վեճի դեպքում, երբ մեղադրանքի կողմի միակ վկաներն այն ոստիկանության ծառայողներն են եղել, որոնք ակտիվ դեր են ունեցել վիճարկվող իրադարձություններում, դատարանները պետք է պարտադիր օգտագործեին յուրաքանչյուր ողջամիտ հնարավորություն՝ ստուգելու նրանց մեղադրական ցուցմունքները11:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- Ա.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, նրանց նկատմամբ հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ խմբակային հարձակումներով իրականացված, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դարձած, զանգվածային անկարգությունների ժամանակ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, այլ, ավելին, նման պահանջ է ներկայացրել նրանց, դիմելով անկարգությունների մասնակիցներին, կոչեր արել ոստիկանության աշխատակիցների պահանջներին ակտիվորեն չենթարկվելու, նրանց վրա հարձակվելու և բռնությամբ, ուժի գործադրմամբ Մյասնիկյան արձանի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան հարակից տարածքից «վռնդելու» և իր օրինակով հրահրել և ոգևորել է մյուսներին, մոտեցել ոստիկանության աշխատակիցներին և բղավել. «թողեք, հեռացեք, հակառակ դեպքում՝ զոռով հանելու ենք ձեզ»12,

- Առաջին ատյանի դատարանը, մեղադրական դատավճռի հիմքում դրել է վկաներ՝ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Սիամանթո Խուդոյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ՁԱՊՎ պետ Խաչիկ Միքայելյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ՊՊԾ ոստիկան Սերյոժա Շահումյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Արմեն Արսենյանի ցուցմունքները, ինչպես նաև ապացույց ճանաչված լազերային կրիչները վերարտադրելու և զննելու մասին արձանագրությունը, փորձագիտական եզրակացությունները, դեպքի վայրի զննության արձանագրությունները13,

- Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտում հաստատված է համարել, որ 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ Ասլան Ավետիսյանը իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին ակտիվորեն չի ենթարկվել և նրանց նկատմամբ բռնության կոչեր է արել14:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների, Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո, ինչպես նաև հաշվի առնելով այդ դիրքորոշումների համատեքստում արդար դատաքննության իրավունքի ներկայիս զարգացումը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Ա.Ավետիսյանի մեղադրանքը հիմնավորելիս, առավելապես հիմնվելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա` չեն ապահովել Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մատնանշված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքները։ Դատարաններն Ա.Ավետիսյանի մեղքը հիմնավորող ապացուցողական զամբյուղում ծանրակշիռ դեր հատկացնելով ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներին՝ պատշաճ գնահատման չեն ենթարկել այն, որ վերջիններս ակտիվորեն ներգրավված են եղել վիճարկվող իրադարձություններում, ինչը ողջամտորեն կասկածի տակ է դնում նրանց ցուցմունքների վստահելիությունն ու արժանահավատությունը։ Մասնավորապես, սույն գործով վճռորոշ ապացույցները, որոնցով ուղղակիորեն հիմնավորվել է Ա.Ավետիսյանի մասնակցությունը նրան վերագրված արարքի կատարմանը, վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ` ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Սիամանթո Խուդոյանի, ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի ՁԱՊՎ պետ Խաչիկ Միքայելյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ՊՊԾ ոստիկան Սերյոժա Շահումյանի, ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի պրոֆիլակտիկ բաժանմունքի տեսուչ Արմեն Արսենյանի ցուցմունքներն են:

Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Ա.Ավետիսյանի մեղավորության հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն` «Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն` «1.Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»։

16.1. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով «ապացույցների բավարարություն» հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ.

«(…) «[Ա]պացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են.

1) անմեղության կանխավարկածը,

2) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3) դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։

(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։

(…) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։

(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

(…)։

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։

(…) Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (…)։

(…) [Ք]րեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած»15։

17. Սույն որոշման 16-16.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով 15-15.2-րդ կետերում ներկայացված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել այն հարցը, թե ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները` սույն գործի փաստական հանգամանքների և գործի նյութերի համատեքստում արդյո՞ք կասկած չեն առաջացնում դրանց վստահելիության և ճշգրտության առումով, ինչն ուներ առանցքային նշանակություն՝ դրանց արժանահավատությունը, ինչպես նաև այլ փաստական տվյալների հետ համակցության մեջ գործի լուծման համար բավարարությունը որոշելու տեսանկյունից:

Այսպես. դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների և գործի նյութերի համադրված վերլուծությունից հետևում է, որ Ա. Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին ակտիվորեն չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնության կոչեր անելու համար16, ինչը հիմնավորվել է վիճարկվող իրադարձությունների անմիջական մասնակիցներ՝ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքներով17։

Նման պայմաններում, դեպքի ժամանակագրությունը` 2008 թվականի մարտի 1-ին Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պահից մինչև Ա.Ավետիսյանին բերման ենթարկելը, այնուհետև` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանքի առաջադրումը` ողջամտորեն ստվերում են այն հիմնավորող, գործով ուղղակի ապացույց հանդիսացող՝ ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վստահելիությունն ու ճշգրտությունը` կասկածի տակ դնելով դրանց արժանահավատությունը և վկայում Ա.Ավետիսյանի՝ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքի երաշխիքների խախտման մասին։

18. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, խախտում են սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը։

Նշվածը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի և 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ա.Ավետիսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում և քրեական գործի վարույթը կարճելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

19. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 21-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ասլան Հովհաննեսի Ավետիսյանի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2008 թվականի հուլիսի 16-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2008 թվականի սեպտեմբերի 11-ի որոշումը բեկանել:

2. Ասլան Հովհաննեսի Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և արդարացնել, քրեական գործի վարույթը կարճել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում՝ հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

_________________

1 Տե'ս քրեական գործ, հատոր 1-ին-րդ, թերթեր 281-282:

2 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 64-67:

3 Տե'ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 109-110:

4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Bratyakin v. Russia գործով 2006 թվականի մարտի 9-ի որոշումը, գանգատ թիվ 72776/01։

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 133։

6 Տե՛ս Մկրտիչ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ԵՄԴ/0020/01/14 որոշման 19-20-րդ կետերը։

7 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ ՍԴՈ-1431 որոշման 4.3-րդ կետը։

8 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճիռը, գանգատ թիվ 23086/08:

9 Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Bykov v. Russia գործով 2009 թվականի մարտի 10-ի վճիռը, գանգատ թիվ 4378/02, 89-90-րդ կետեր, Huseyn and Others v.Azerbaijan գործով 2011 թվականի հուլիսի 26ի վճիռը, գանգատ թիվ 35485/05, 199-200-րդ կետեր:

10 Տե՛ս Mushegh Saghatelyan v. Armenia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշված վճիռը, 206-րդ կետ։

11 Տե՛ս mutatis mutandis Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kasparov and Others v. Russia գործով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 21613/07, 64-րդ կետ, Navalnyy and Yashin v. Russia գործով 2014 թվական դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատ թիվ 76201/11, 83-րդ կետ, Frumkin v. Russia գործով 2016 թվականի հունվարի 5-ի վճիռը, գանգատ թիվ 74568/12, 165-րդ կետ։

12 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

13 Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

15 Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-31-րդ և 33-րդ կետերը:

16 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։

17 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։


Նախագահող`

Լ. Թադևոսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

 

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական: