Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-108-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.21/65.1 Հոդ.894
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (4 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-274, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:

Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն սույն օրենքով:

2. Նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:

Նոտարը, վավերացնելով փաստաթուղթը, հաստատում է դրա օրինականությունը և հավաստում փաստաթղթի լիարժեք ապացուցողական ուժը:

Նոտարն իրավունք ունի մատուցելու նաև ծառայություններ, ընդ որում` տալու իրավական օգնություն, խորհրդատվություն, պարզաբանում կամ իրավական եզրակացություն կամ կազմելու գործարքների կամ իրավական այլ փաստաթղթերի նախագծեր, իրականացնելու իրավական այլ ծառայություններ, ինչպես նաև նոտարական գործողությունների կատարումն ապահովող այլ գործառույթներ:»:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «աշխատանքի» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«2. Անձը, որի համաձայնությամբ կամ որի նկատմամբ կատարվել է նոտարական գործողությունը, ինչպես նաև նրա իրավահաջորդը կամ ներկայացուցիչն իրենց գրավոր համաձայնությամբ կարող են նոտարին ազատել նոտարական գործողությունների կատարման գաղտնիքը պահպանելու պարտականությունից:

Սույն մասով նշված անձանց մահից հետո, նրա իրավահաջորդի բացակայության կամ վերջինիս հետ առնչվելու անհնարինության դեպքում, նոտարը կարող է նոտարական գործողությունների գաղտնիքը պահպանելու պարտականությունից ազատվել դատարանի վճռով:

Այլ հարգելի պատճառների առկայությամբ ևս դատարանը կարող է նոտարին ազատել նոտարական գործողությունների գաղտնիքի պահպանման պարտականությունից:»:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար ստացված վճարները տնօրինում է նոտարը:».

2) 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Նոտարն իրավունք ունի ստանալու փոխհատուցում` նոտարական գործողությունների կատարման ընթացքում իր կատարած կամ կատարելիք տրանսպորտային, փոստային, հեռահաղորդակցության, բանկային, վճարահաշվարկային փաստաթղթերի պահպանման կամ ապացույցների ապահովման հետ կապված, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ ծախսերի չափով:

4. Նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:

Նոտարի մատուցած ծառայությունների համար վճարի չափը սահմանում է նոտարը:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար վճարը գանձվում է նոտարի սահմանած կարգով և ժամկետներում:

5. Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը:

Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայություններից ստացված, ինչպես նաև նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքով սահմանված չափով և կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասում «հաստատում է» բառերը փոխարինել «վերահսկում է» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված հիմքերով նոտարը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության:

Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում արդարադատության նախարարը` իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով, ինչպես նաև նոտարական պալատը` իր նախաձեռնությամբ:

Սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է արդարադատության նախարարը` իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա»-«գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է նոտարական պալատը` իր նախաձեռնությամբ կամ արդարադատության նախարարի առաջարկով:»:

 

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նոտարական պալատի նախագահը և վարչության անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց հիմնական աշխատանքից կտրվելու` հասարակական հիմունքներով:».

բ) 6-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պալատի նախագահն ի պաշտոնե նոտար է:».

գ) 8-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի օրինակների քանակը որոշում են դրանց վավերացման կամ հաստատման համար դիմած անձինք, սակայն դրանք պետք է կազմվեն առնվազն երկու օրինակից, որոնցից մեկը պահվում է նոտարի մոտ:

Վավերացված կամ հաստատված բոլոր օրինակներն ունեն հավասար իրավաբանական ուժ, սակայն նոտարի վավերացրած կամ հաստատած փաստաթղթի բնօրինակը համարվում է նոտարի մոտ պահպանվող օրինակը, իսկ բնօրինակի և մյուս օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է բնօրինակին:»:

 

Հոդված 10. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8. Նոտարական գործողությունը պետք է կատարվի դատարանի, դատախազի կամ քննիչի որոշմամբ հետախուզվող և քրեական պատասխանատվությունից խուսափող անձի կամ նրա գույքի նկատմամբ: Սույն կետով նշված հիմքով նոտարը նոտարական գործողության կատարումը մերժում է միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն:»:

 

Հոդված 11. Օրենքում «նոտարական փաստաթուղթ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «նոտարական ակտ» բառերով կամ դրանց հոլովաձևերով:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-108-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան