Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-107-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.2004-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.21/65.1 Հոդ.893
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2004 թվականի հունիսի 11-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-270) 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 20. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները

 

1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում.

բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.

գ) եռապատիկը` վճարի մյուս տեսակների հաշվարկման դեպքում:

3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմիններ ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում «և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հետ» բառերը փոխարինել «, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հետ» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. հուլիսի 10
Երևան
ՀՕ-107-Ն