ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2021 թվականի N 990-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-966-10.05.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Երևան |
17.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-966-10.05.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Նախագծով, ի թիվս այլնի, առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3091-րդ հոդվածի 1-ին մասում որպես մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու հիմք նախատեսել նոր հանգամանքների ի հայտ գալը: Որպես կատարվող լրացման հիմնավորում` հեղինակների կողմից նշվել է այն, որ պրակտիկայում դատարանները սխալ են մեկնաբանում օրենքի նշված պահանջը, դրան տալիս են նեղ մեկնաբանություն, որպես այդպիսի հանգամանք հաշվի չեն առնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված նոր հանգամանքները:
Այս առումով հարկ է նշել, որ նախ՝ նախագծի հիմնավորումներից բավարար չափով պարզ չէ, թե նման կարգավորմամբ ինչպիսի խնդիր է լուծվում: Մասնավորապես՝ ներկայացված չէ, թե ինչ է ենթադրում գոյություն ունեցող՝ «այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում» արտահայտության նեղ մեկնաբանումը դատական պրակտիկայում: Բացի այդ, պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ են դատարանները նեղ մեկնաբանել քննարկող եզրույթը: Իսկ դա հնարավորություն չի տալիս գնահատման ենթարկելու առկա խնդրի ծագման համար հիմք հանդիսացած պայմանները, և, ըստ այդմ, նախագծով առաջարկվող կարգավորման էությունը:
Անհրաժեշտ է նշել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված նոր հանգամանքները և նույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով սահմանված մեղադրանքի փոփոխման ինստիտուտը միմյանց հետ բովանդակային առումով չեն առնչակցվում: Մասնավորապես, նշված նոր հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ դրանց ի հայտ գալու դեպքում կասկածի տակ է դրվում վերջնական դատավարական որոշման օրինականությունը, իսկ դատական քննության ընթացքում մեղադրանքի փոփոխության քննարկվող դեպքը կապված է մինչդատական վարույթից հետո ի հայտ եկած ցանկացած հանգամանքի հետ, որն օբյեկտիվորեն առաջ կբերի ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ խնդրո առարկայի առնչությամբ օրենսդրական փոփոխություն կատարելը բավարար չափով հիմնավորված չէ:
2. Անդրադառնալով նախագծի 2-րդ հոդվածին՝ անհրաժեշտ է նշել, որ նախատեսվող փոփոխությունը և դրա առջև դրված նպատակը չեն համապատասխանում միմյանց: Մասնավորապես՝ առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «բացարկների» բառը, և նշված փոփոխության համար որպես նպատակ սահմանված է միայն դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու դեպքում խորհրդակցական սենյակ գնալու պարտադիր պայմանը հանելը:
Սակայն անհրաժեշտ է նշել, որ «բացարկների» եզրույթը չի ներառում միայն դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, այլ վերաբերում է նաև վարույթին մասնակից և բացարկման ենթակա մյուս անձանց հայտնված բացարկներին, որպիսի պայմաններում ստացվում է, որ դատարանը կարող է առանց խորհրդակցական սենյակ հեռանալու լուծել վարույթին մասնակից ցանկացած անձին հայտնված բացարկի միջնորդությունը:
Բացի այդ, օրենսդրի կողմից պարտադիր խորհրդակցական սենյակում կայացվող որոշումների ցանկի նախատեսումն ինքնանպատակ չէ, դրա հիմքում դրված են ցանկում սահմանված որոշումների՝ քրեական գործով վարույթի վրա ունեցած դերն ու նշանակությունը, դրանց հիմնավորվածության առավել բարձր չափանիշը, ինչպես նաև դրանց բողոքարկման հնարավորությունը:
Հարկ է նշել նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է հետևյալ կարգավորումը. «Միջնորդության կամ պահանջի մերժումը չի խոչընդոտում դրա կրկին ներկայացնելուն քրեական դատավարության հետագա փուլերում կամ քրեական վարույթն իրականացնող այլ մարմնին: Քրեական դատավարության նույն փուլում կամ քրեական վարույթն իրականացնող նույն մարմնին միջնորդության և պահանջի կրկին ներկայացում հնարավոր է, եթե դրանք հիմնավորելու համար բերվում են նոր փաստարկներ, կամ քրեական դատավարության ընթացքում հաստատվել է դրանց բավարարման անհրաժեշտությունը»:
Վերոնշյալի սահմանմամբ օրենսդիրն արդեն իսկ նախատեսել է նույն փուլում նույն մարմնին միջնորդություն ներկայացնելու համար այլ փաստարկների ներկայացման պահանջ՝ դրանով իսկ բացառելով քրեական վարույթն անհարկի ձգձգելու չարամիտ դիտավորությամբ նույնական միջնորդության ներկայացման հնարավորությունը: Հետևաբար, նշված նորմի առկայությունն ինքնին դատարանի համար սահմանում է կրկնվող միջնորդությունները չքննարկելու հնարավորություն: Ասվածի մասին է անմիջականորեն վկայում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությամբ ամրագրված հետևյալ իրավանորմը. «Միջնորդությունը պետք է լինի պատճառաբանված և նույն հիմքով կարող է ներկայացվել մեկ անգամ»:
Հետևաբար գտնում ենք, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակահարմար չէ:
3. Նախագծի 3-րդ հոդվածի կապակցությամբ հարկ է նշել, որ քննարկվող հոդվածով սահմանված՝ նախաքննության ժամանակ գործին կցված կամ դատական նիստում դատարանին ներկայացված՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող փաստաթղթերի՝ բոլոր դեպքերում հրապարակման պահանջն ինքնանպատակ չէ և բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ դատական վարույթի հրապարակայնության, գործի արդարացի քննության և մրցակցության սկզբունքներից: Օրենսգրքի ընդհանուր վերլուծությունից պարզ է դառնում, որ դատաքննության ընթացքում ապացույցների և այլ վերաբերելի՝ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող փաստաթղթերի հետազոտումը տեղի է ունենում հրապարակային դատաքննության ընթացքում, և դրանց բովանդակությունը ներկայացվում է՝ անկախ համապատասխան միջնորդություն ներկայացվելու հանգամանքից:
Առկա օրենսդրական պահանջի հիմքում ընկած է, ի թիվս այլնի, այն հանգամանքը, որ հրապարակայնության սկզբունքի տարր է հանդիսանում նաև գործի քննությունը հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացնելը՝ հանցագործությունների կանխման, իրավապահ համակարգի հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու և այլ նպատակներով: Նշվածի հետ անմիջականորեն կապված է գործում առկա և դրան կցվելիք ապացույցների կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող այլ փաստաթղթերի՝ հրապարակային իմպերատիվ հետազոտումը, հակառակ պարագայում կստեղծվի գործի մասնակի քննության պատրանք:
Բացի այդ, նախագծով առաջարկվող տարբերակում առկա կարգավորումը, համաձայն որի՝ դատարանը կարող է փաստաթղթերը հետազոտել միայն կողմերի միջնորդությամբ և զրկված է փաստաթղթերը սեփական նախաձեռնությամբ հրապարակելու հնարավորությունից, արդար դատաքննության սկզբունքի և գործով ապացույցների հետազոտման ապահովման տեսանկյունից անընդունելի է։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ապացույցների կամ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարունակող այլ փաստաթղթերի հրապարակումը համապատասխան միջնորդության ներկայացման հանգամանքի հետ կապակցելը վտանգում է վերը նշված հիմնարար սկզբունքների երաշխավորված պաշտպանությունը, ուստիև առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենսդրական համապատասխան փոփոխություն կատարելուց:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք օրենքի նախագծով քննարկվող հոդվածները թողնել անփոփոխ։
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|