Գլխավոր տեղեկություն
Համար
N 989-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.06.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2021 թվականի N 989-Ն

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 48-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով, միաժամանակ հիմք ընդունելով «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 19-րդ մասի կարգավորումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի՝ ստանդարտացված թեստային համակարգերով ստուգվող լեզվական գիտելիքների իմացության Քամն Յուրոպիըն Ֆրեյմվորք օֆ Րեֆերնս ֆօր Լենգվիջիսով (CEFR) սահմանված B1 կամ դրան համարժեք հաղորդակցվելու, լսելու, գրելու և կարդալու միջին այլ մակարդակ՝ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներից առնվազն մեկի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սահմանել, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի դեպքում սույն որոշման հավելվածով նախատեսված փաստաթուղթը Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ներկայացվում է նշանակումից հետո երեք տարվա ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի համապատասխան ստորաբաժանում, որը եռօրյա ժամկետում ուսումնասիրում է օտար լեզվի իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթը և դրանում նշված մակարդակի համապատասխանությունը սույն որոշման պահանջներին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

հունիսի 17-ի N 989-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԼԵԶՎԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անձը (այսուհետ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածու)՝ անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուների (այսուհետ՝ օտար լեզուներ) իմացության մակարդակը ստուգելու նպատակով մրցութային խորհուրդ (մրցութային հանձնաժողով) է ներկայացնում օտար լեզուներից առնվազն մեկի իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթ (այսուհետ՝ փաստաթուղթ):

2. Մրցութային խորհուրդը (մրցութային հանձնաժողովը) եռօրյա ժամկետում ուսումնասիրում է օտար լեզվի իմացության մակարդակը հավաստող փաստաթուղթը և դրանում նշված մակարդակի համապատասխանությունը սույն որոշման պահանջներին։

3. Լեզվական գիտելիքների իմացության մակարդակը համարվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պաշտոնը զբաղեցնելու համար բավարար, եթե՝

1) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուն ներկայացրել է բարձրագույն կրթությունն ամբողջությամբ օտար լեզուներով իրականացնելը կամ բարձրագույն կրթության շրջանակներում ուսումնասիրված մասնագիտական առարկաների առնվազն 40 (քառասուն) տոկոսը օտար լեզուներով իրականացնելը հավաստող փաստաթուղթ, եթե համապատասխան ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո չի անցել ավելի քան 5 (հինգ) տարի ժամկետ: Սույն ենթակետով նշված պահանջները համարվում են պահպանված, եթե բարձրագույն կրթության՝ ամբողջությամբ կամ նվազագույն 40 (քառասուն) տոկոս մասնագիտական առարկաներն անցկացվել են միևնույն օտար լեզվով.

2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուն ներկայացրել է ռուսերենի՝ ТРКИ, անգլերենի՝ TOEFL, IELTS, ֆրանսերենի` DELF, DALF, TCF կամ այլ միջազգային կամ ներպետական հաստատությունների կողմից թեստային կամ այլ եղանակով անցկացված քննության արդյունքում օտար լեզվի համապատասխան մակարդակի առկայության վերաբերյալ տրված վկայական։ Ներկայացված փաստաթուղթը վավեր է համարվում միայն այն դեպքում, երբ ներկայացվում է ստանալուց հետո 5 (հինգ) տարվա ընթացքում։

4. Փաստաթուղթը թերի լինելու դեպքում այդ մասին հայտատուին տեղեկացվում է նույն պահին, իսկ դրա անհնարինության դեպքում` մեկօրյա ժամկետում:

5. Թերությունները կարող են վերացվել հայտերի (դիմումի և կից փաստաթղթերի) ընդունման համար սահմանված ժամկետի ընթացքում: Այս դեպքում փաստաթուղթը ներկայացված է համարվում սկզբնապես ներկայացնելու օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Ծ. Սողոմոնյան

 

17.06.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2021 թվական: