Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.02.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.06.14-2021.06.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.06.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.02.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

  

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3061/02/19

2021 թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3061/02/19

Նախագահող դատավոր՝

 Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

 Լ. Գրիգորյան

 Դ. Սերոբյան

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

     

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով,      

      

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ն. Տավարացյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

2021 թվականի փետրվարի 23-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սեյրան Խաչատրյանի ներկայացուցիչ Գարիկ Հախնազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2019 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի Սեյրան Խաչատրյանի, երրորդ անձ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ՝ Ծառայություն)՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,

   

Պ Ա Ր Զ Ե Ց

    

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեյրան Խաչատրյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ 05.02.1996-28.02.2000 թվականներին,   02.05.2000-31.01.2005 թվականներին, 02.04.2005-31.05.2005 թվականներին, 02.09.2005-26.06.2006 թվականներին գործունեություն է ծավալել որպես անհատ ձեռնարկատեր, իսկ 01.01.1992-14.07.1994 թվականներին աշխատել է «Մարգահովիտ» կոոպերատիվում:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան)  (այսուհետ` Դատարան) 19.06.2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)  21.10.2019 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 19.06.2019 թվականի վճիռը բեկանվել է և Սեյրան Խաչատրյանի դիմումը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեյրան Խաչատրյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

    

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 83-րդ հոդվածները,  «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, 198-րդ, 362-րդ, 370-րդ և 371-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Օրենքով նախատեսված հատուկ վարույթի գործերով դիմումի քննության ելքով շահագրգռված անձանց, մասնավորապես՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ դիմումի քննության ընթացքում Ծառայության ներգրավման նախատեսմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու դիմումի պահանջի հիմնավորվածության և իրավաչափության վերաբերյալ վերջինիս դիրքորոշման արտահայտումը, այլ ոչ թե ձևական նկատառումներով, կամ առանց որևէ հիմնավոր փաստարկի իրավունքի մասին արհեստական վեճի ստեղծումը, ինչը կարող է հանգեցնել դիմումն առանց քննության թողնելուն։ Հակառակ տրամաբանությամբ Ծառայությունը կարող է որևէ կերպ չփաստարկված պնդմամբ կաշկանդել դատարանին իրավունքի մասին ենթադրյալ վեճի առկայությամբ և դիմումն առանց քննության թողնելու անհրաժեշտությամբ, ինչը կարող է ընդհանրապես իմաստազրկել դատական (քաղաքացիական դատավարության) կարգով աշխատանքային ստաժի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման ինստիտուտը՝ դիմողներին զրկելով նշված կարգով իրենց սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելու հնարավորությունից:

Աշխատանքային ստաժի հաստատման մասին դատական ակտի առկայությունն ու դրա հիման վրա կենսաթոշակ նշանակելու Ծառայության պարտականությունն ինքնին չի կարող վկայել հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճի առկայության, ուստիև դիմումն առանց քննության թողնելու անհրաժեշտության մասին։

Վերաքննիչ դատարանը պարտավոր էր պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով՝ առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա, ինչպես նաև արդյոք առկա է իրավունքի մասին վեճ, ինչը չի արել։ Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը եկել է սխալ եզրահանգման՝ դիմումն առանց քննության թողնելով:

           

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2019 թվականի որոշումը և ամբողջությամբ օրինական ուժ տալ Դատարանի 19.06.2019 թվականի վճռին։

              

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 17.04.2006 թվականի թիվ 2-3485 վճռի համաձայն` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Խորհրդայինի հարկային տեսչությունը հայց է ներկայացրել ընդդեմ Սեյրան Խաչատրյանի` չվճարված հարկը բռնագանձելու պահանջի մասին: Քաղաքացիական գործի վարույթը կարճվել է պարտավորությունը փաստացի կատարված լինելու և հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով (գ.թ. 45):

2. Ավան համայնքի անշարժ գույքի, հողի հաշվառման, առևտրի և սպասարկումների բաժնի պետ Ա. Լազգյանի կողմից 06.05.2009 թվականին Ավան-Առինջ թիվ 2/14 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ անհատ ձեռներեց Սեյրան Խաչատրյանին (պետռեգիստր 019889, 08.02.1996 թվական) տրված տեղեկանքի համաձայն` Սեյրան Խաչատրյանն Ավան համայնքում 1997 թվականից Ավան-Առինջ թաղամասի թիվ 2/13 շենքի դիմաց գտնվող, իր սեփականությունը համարվող առևտրի օբյեկտում իրականացնում է առևտրային գործունեություն (գ.թ. 47):

3. Ծառայության պետի առաջին տեղակալ Ա. Պարոնյանի 20.07.2018 թվականի թիվ ԱՊ/ԼԼ-1/18751-18 գրությամբ Սեյրան Խաչատրյանին հայտնվել է, որ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում տեղեկատվության համաձայն` Սեյրան Խաչատրյանին 05.07.1989 թվականին նշանակվել և Ավան և Նոր Նորքի տարածքային բաժնում 19 տարի 8 ամիս 10 օր ստաժի հաշվառմամբ վճարվում է 2-րդ խմբով հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ: Միաժամանակ տեղեկացվել է, որ Սեյրան Խաչատրյանի աշխատանքային ստաժում որպես «Սեյրան Խորենի Խաչատրյան» անհատ ձեռնարկատեր լինելու ժամանակահատվածից հաշվառված են 01.03.2000-01.05.2000 թվականներ, 01.02.2005-01.04.2005 թվականներ և 01.06.2005-01.09.2005 թվականներ ժամանակահատվածները` Ծառայությունում առկա սոցիալական վճարների վերաբերյալ տեղեկատվության համաձայն (այլ ժամանակահատվածների համար բացակայում է տեղեկատվությունը): Նշվել է նաև, որ ըստ աշխատանքային գրքույկի գրառումների` Սեյրան Խաչատրյանը 21.05.1990 թվականին ընդունվել է աշխատանքի «Մարգահովիտ» կոոպերատիվ և ազատվել աշխատանքից 14.07.1994 թվականին: Ծառայության ապահովադիրների շտեմարանում «Մարգահովիտ» կոոպերատիվ անվանումով ապահովադիր չի հայտնաբերվել, իսկ տարածքային բաժնի հարցմանն ի պատասխան ՀՀ ազգային արխիվի 16.03.2018 թվականի թիվ Ս-3337 պատասխան գրության համաձայն` «Մարգահովիտ» կոոպերատիվի անձնակազմին վերաբերվող փաստաթղթերն արխիվ չեն հանձնվել և չի հաջողվել պարզել փաստաթղթերի գտնվելու վայրը: Արդյունքում, «Մարգահովիտ» կոոպերատիվում աշխատած ժամանակահատվածը հաշվառվել է մինչև 01.01.1992 թվականը: Սոցիալական վճարների, ինչպես նաև աշխատավարձի բացակայության պատճառով, որպես անհատ ձեռնարկատեր լինելու 01.01.1992 թվականից մինչև 14.07.1994 թվականը, ինչպես նաև մինչև 01.01.2013 թվականն այլ ժամանակահատվածը Սեյրան Խաչատրյանի աշխատանքային ստաժում հաշվառվելու հիմքեր չկան (գ.թ. 52-53):

4. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Ա. Առաքելյանի 09.01.2019 թվականի թիվ 13/66-19 գրությանը կից տրամադրված տեղեկանքի համաձայն` պետական միասնական գրանցամատյանի 08.01.2019 թվականի դրությամբ առկա տեղեկությունների համաձայն` Սեյրան Խաչատրյանը հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր (հաշվառման համար` 282.01542, հաշվառման ամսաթիվ` 05.02.1996 թվական ՀՎՀՀ` 25204575), ում հաշվառումից հանվելու վերաբերյալ գրառումը պետական միասնական գրանցամատյանում կատարվել է 26.06.2006 թվականին: Այլ գրառում Սեյրան Խաչատրյանի վերաբերյալ առկա չէ (գ.թ. 6-7):

5. Աշխատանքային գրքույկում առկա գրառումների համաձայն` Սեյրան Խաչատրյանը 21.05.1990 թվականին ընդունվել է աշխատանքի «Մարգահովիտ» կոոպերատիվ՝ որպես գյուղմթերքների ապրանքագետ-առաքիչ և ազատվել աշխատանքից 14.07.1994 թվականին (գ.թ. 49):

          

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

            

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, հատուկ և հայցային վարույթների առանձնահատկությունների լույսի ներքո, հարկ է համարում անդրադառնալ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու վերաբերյալ գործերով աշխատողի և կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի միջև իրավունքի մասին վեճի ծագման իրավական հնարավորության խնդրին։

              

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը. (...)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`

1) անձանց ազգակցական հարաբերություններին.

2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.

3) ծննդյան, որդեգրման, ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցմանը.

4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.

5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.

6) դժբախտ պատահարին.

7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.

8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.

9) անհաղթահարելի ուժի առկայությանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`  դատարանն օրենքով նախատեսված դեպքերում քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե` հատուկ վարույթի գործերի քննության ընթացքում վեճ է ծագել իրավունքի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (այսուհետ՝ դատավարության մասնակիցներ)` իրավասու անձինք և մարմինները` օրենքով նախատեսված դեպքերում:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (այսուհետ` Նախկին օրենսգիրք) նախատեսված կարգավորումների շրջանակում  ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է հատուկ վարույթի կարգով քննող դիմումների առանձնահատկությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետևաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների և օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան կամ հայց, կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ և հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են և ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկություններ: Ըստ այդմ էլ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղված դատավարական կարգը: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝

1) կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքն՝ հայց,

2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,

3) հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նաև իրենց իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով: Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը: Հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով՝

1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,

2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,

3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,

4) հատուկ վարույթում չկա նաև հայց: Այսպիսով հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը(տե՛ս, ըստ դիմումի Ասատուր Հարությունյանի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյոք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյոք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, ըստ դիմումի՝ Աշոտ Սիմոնյանի թիվ ԵԷԴ/0543/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կենսաթոշակ նշանակելու և դրանից բխող այլ գործողություններ կատարելու համար էական նշանակություն ունի դիմողի աշխատանքային ստաժը, որը ենթակա է հաստատման օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված կարգով: Ըստ այդմ էլ՝ օրենսդրի կողմից ամրագրվել է այն ընդհանուր կանոնը, ըստ որի՝ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն է՝

Ներմուծեք նկարագրությունը_19954  մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար՝ աշխատանքային գրքույկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ,

Ներմուծեք նկարագրությունը_19954  1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:

Միաժամանակ օրենսդիրը Ծառայությանը՝ որպես կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի, օրենսդրորեն վերապահել է, ի թիվս այլնի, պահանջել կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, նշանակել կենսաթոշակներ, ապահովել կենսաթոշակների վճարումը կամ մերժել կենսաթոշակ նշանակելու դիմումները։ Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով նախատեսվել է աշխատանքային ստաժը՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, դատական կարգով հաստատելու հնարավորություն, եթե բացակայում են`

Ներմուծեք նկարագրությունը_19954  աշխատանքային գրքույկը կամ,

Ներմուծեք նկարագրությունը_19954 աշխատանքային գրքույկում համապատասխան գրառումները կամ,

Ներմուծեք նկարագրությունը_19954  ստաժը հաստատող համապատասխան փաստաթղթերը (օր.՝ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը) և

Ներմուծեք նկարագրությունը_19954  եթե միևնույն ժամանակ առկա չէ աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկանքը։

Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ առկա չեն վերը թվարկված բոլոր պայմանները և դիմողը հնարավորություն չունի արտադատական կարգով ստանալու իր աշխատանքային ստաժը հավաստող օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերը (օրինակ՝ աշխատանքային գրքույկ, համապատասխան արխիվային տեղեկանք, պարտադիր սոցիալական ապահովության վճարների վերաբերյալ կատարված վճարումները հավաստող փաստաթուղթ և այլն), ապա օրենսդիրն իրավունք է վերապահել տվյալ անձին իր աշխատած աշխատանքային տարիները հաստատելու փաստով դիմելու դատական պաշտպանության: Ընդ որում, տվյալ գործի քննության ընթացքում դիմումատուի և շահագրգիռ անձի միջև նյութաիրավական վեճ ծագելու դեպքում, դիմումը պետք է թողնվի առանց քննության (տե՛ս, ըստ դիմումի Արտուշ Մնացականյանի թիվ ԱՐԴ/4208/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.09.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում գործող քաղաքացիադատավարական կարգավորումների շրջանակում ըստ դիմումի Արտուշ Մնացականյանի թիվ ԱՐԴ/4208/02/16 քաղաքացիական գործով 17.09.2018 թվականի որոշմամբ եզրահանգել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը  դիմումի ելքով շահագրգիռ անձ է և դիմողի ու ծառայության միջև իրավունքի մասին վեճ է ծագել, ուստիև գտել է, որ Արտուշ Մնացականյանի դիմումը պետք է թողնել առանց քննության։

Վճռաբեկ դատարանը, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների շրջանակում անդրադառնալով հատուկ վարույթի կարգով քննվող դիմումների առանձնահատկությանն ընդհանրապես և սույն գործի փաստերի հաշվառմամբ մասնավորապես, արձանագրում է հետևյալը

Ի տարբերություն Նախկին օրենսգրքի, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը դատավարության մասնակիցների շրջանակում ներառել է նաև իրավասու անձանց և մարմիններին՝ օրենքով նախատեսված դեպքերում: Այսինքն՝ օրենսդիրը դատավարության մասնակից դիտարկում է նաև իրավասու անձանց և մարմիններին, որոնք թեև գործի ելքում չունեն նյութաիրավական շահ, սակայն վերջիններիս մասնակցությունը կոչված է ապահովելու արդարադատության արդյունավետ իրականացումը, մի դեպքում նպաստելով խոցելի անձանց շարքում գտնվող անձանց իրավունքների լիարժեք պաշտպանությանը (օրինակ՝ երեխաների շահերին առնչվող գործերով խնամակության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը), մեկ այլ դեպքում՝ գործի բազմակողմանի և լրիվ քննությանը։

Հատուկ վարույթների գործերով իրավասու անձանց և մարմինների մասնակցությունը ևս պայմանավորված է այս վարույթների առանձնահատկություններով։ Այսպես, հատուկ վարույթի կարգով քննվող գործերով, բացի դիմողներից, կարող են ներգրավվել նաև այն իրավասու անձինք և մարմինները, որոնց օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստով հաստատված իրավունքի իրականացումը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «օրենքով նախատեսված դեպքում» ձևակերպումը պետք է ընկալել լայն իմաստով: Այն ներառում է ինչպես այն դեպքերը, երբ օրենքում ուղղակի նախատեսվում է իրավասու անձանց և մարմինների մասնակցությունը որևէ գործի քննությանը, այնպես էլ՝ այն դեպքերը, երբ իրավասու անձանց և մարմինների լիազորություններից ուղղակի կամ անուղղակի բխում  է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ հատուկ վարույթի, այդ թվում նաև՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի քննության գործերի հիմնական նպատակն այնպիսի փաստերի վեր հանումը և հստակեցումն է, որոնց հետ օրենսդիրը կապում է դիմումատուի որոշակի իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը և դադարումը: Այլ կերպ ասած՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի քննության գործերի (հատուկ վարույթ) վարույթը կոչված է վերացնել այն փաստական հանգամանքների անորոշությունը, որոնք անմիջականորեն կապված են դիմողի՝ օրենքով պաշտպանվող շահերի հետ: Ըստ այդմ էլ՝ այդ վարույթում ենթակա չէ քննության որևէ նյութաիրավական պահանջ, այլ՝ տվյալ վարույթում հաստատման են ենթակա այնպիսի փաստեր, որոնք անհրաժեշտ են դիմումատուին՝ օրենքով իրեն վերապահված իրավունքը լիարժեք իրականացնելու համար: Հատուկ վարույթի վերջնական նպատակը նույնպես նյութական իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է, բայց այդ նպատակն այս վարույթում իրականացվում է ոչ թե խախտված կամ վիճարկվող իրավունքը վերականգնելու միջոցով, ինչպես դա կատարվում է հայցային վարույթում, այլ՝ իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացիների որոշակի իրավական վիճակը, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց այս կամ այն իրավունքը հաստատելու միջոցով, որի հիման վրա դիմողը հնարավորություն է ստանում իրավասու մարմիններում (ոչ դատական) իրացնել իր իրավունքները և օրինական շահերը: Հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ` իրավունքի մասին վեճի բացակայությունը։ Դատարանը հետևություններ չի անում դիմողի խնդրանքով հաստատված փաստերից բխող իրավունքների և պարտականությունների մասին: Այդ փաստերի հիման վրա ծագող իրավունքների իրականացման հարցը լուծում են իրավասու անձինք և մարմինները՝ սոցիալական ապահովության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլ մարմինները: Հատուկ վարույթի կարգով քննվող գործերով հնարավոր է ծագի համապատասխան փաստի հաստատման վերաբերյալ վեճ, նկատի ունենալով, որ յուրաքանչյուր փաստի հաստատումն իր հերթին պահանջում է համապատասխան ապացույցների կազմ:

Նշվածի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող քաղաքացիական դատավարության օրենսդրության շրջանակներում հատուկ վարույթի կարգով քննվող՝ փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու վերաբերյալ գործերով բացի դիմողներից կարող են ներգրավվել նաև այն իրավասու անձինք և մարմինները, որոնց օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում է համապատասխան իրավունքի իրականացումը, որը հաստատվել է տվյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստով: Իրավասու անձի կամ մարմնի ներգրավմամբ օրենսդիրը նպատակ է հետապնդել ըստ էության ապահովել դիմումի պահանջի հիմնավորվածության և իրավաչափության, փաստի վերաբերյալ վերջինիս դիրքորոշման արտահայտումը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի որոշակի  նպատակի համար, այսինքն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմամբ դիմողը պետք է հնարավորություն ստանա իրացնել իր իրավունքները և օրինական շահերն այն մարմիններում, որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, սույն դեպքում՝ Ծառայությունում: Հետևաբար փաստի հաստատմամբ պայմանավորված՝ ապագայում Ծառայության կողմից որոշակի գործողություններ կատարելու պարտականությունն ինքնին չի ենթադրում իրավունքի մասին վեճի առկայության մասին, քանի որ սույն դեպքում դիմողը Ծառայությանը որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում: Ձևական նկատառումներով կամ առանց որևէ հիմնավոր փաստարկի իրավունքի մասին արհեստական վեճի ստեղծումը կարող է հանգեցնել դիմումն առանց քննության թողնելուն, ինչը կարող է ընդհանրապես իմաստազրկել դատական կարգով աշխատանքային ստաժի վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման ինստիտուտը՝ դիմողներին զրկելով նշված կարգով իրենց սուբյեկտիվ իրավունքների իրականացման խոչընդոտները վերացնելու հնարավորությունից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթը ենթադրում է ոչ միայն միասնական դիրքորոշման ձևավորում՝ իրավական նորմի մեկնաբանության արդյունքում, այլև՝ ձևավորված դիրքորոշման հետագա զարգացում։ Նման իրավիճակներում իրավունքի զարգացման արդյունքում ձևավորված նոր դիրքորոշումը պետք է գերակայի նախորդ դիրքորոշման նկատմամբ և հիմք ընդունվի Վճռաբեկ դատարանի նոր դիրքորոշումը՝ ձևավորած որոշման կայացման պահին դատարանների վարույթներում գտնվող գործերի լուծման համար:

Մասնավորապես, գործող քաղաքացիադատավարական նորմերի կարգավորումների լույսի ներքո անդրադառնալով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

ա) աշխատանքային ստաժը՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու պահանջի մասին գործերով որպես իրավասու մարմին գործի քննությանը պետք է մասնակից դարձվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը,

բ) նշված գործերով բացառվում է իրավունքի մասին վեճի ծագման իրավական հնարավորությունը, այդուհանդերձ, չբացառելով փաստի մասին վեճի ծագման իրավական հնարավորությունը։

         

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառության շրջանակներում դիմելով Դատարան՝ Սեյրան Խաչատրյանը պահանջել է հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ դիմումում նշված ժամանակաշրջանում գործունեություն է ծավալել որպես անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև 01.01.1992 թվականից մինչև 14.07.1994 թվականն աշխատել է «Մարգահովիտ» կոոպերատիվում։ Ծառայությունը սույն  գործով ներգրավված լինելով որպես երրորդ անձ՝ Դատարան ներկայացրած դիրքորոշմամբ հայտնել է, որ Դատարանը վճիռ կայացնելիս պետք է հաշվի առնի այն հանգամանքը, որ տվյալ վճիռը հանդիսանալու է Ծառայության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ակտ, քանի որ նման փաստի հաստատումն ինքնին ենթադրում է հետագայում Ծառայության կողմից որոշակի գործողությունների կատարում, մասնավորապես՝ կենսաթոշակի վերահաշվարկում։

Սույն գործով Դատարանը, Սեյրան Խաչատրյանի դիմումը բավարարելով, պատճառաբանել է, որ դիմող կողմի բացատրության և գործում առկա փաստերի համադրությունը Դատարանի մոտ համոզմունք է ձևավորում այդ ապացույցների արժանահավատության վերաբերյալ և նշված փաստերը բավարար հիմք են իրավաբանական նշանակություն ունեցող աշխատանքային ստաժի փաստը հաստատելու համար, հետևաբար դիմողի պահանջը հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել է Դատարանի վճիռը և դիմումը թողել է առանց քննության` պատճառաբանելով, որ սույն գործով իրավաբանական նշանակություն ունեցող փաստն անդրադառնում է դիմողին հասանելիք կենսաթոշակի հաշվարկման և նշանակման առնչությամբ Ծառայության՝ որպես կենսաթոշակային ապահովության ոլորտում վերապահված պետական կենսաթոշակային ապահովության օրենսդրության կիրառման օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությանը, ուստի Ծառայության կողմից վերաքննիչ բողոք բերվելու պայմաններում, ինչպես նաև որոշմամբ նշված փաստերի առկայությունը բավարար է իրավունքի մասին վեճ ծագելու հանգամանքը հաստատված համարելու համար։
Սեյրան Խաչատրյանի կողմից ներկայացված փաստի հաստատումը կապված է դատարանի ենթակայությանը վերապահված իրավունքի մասին վեճի լուծման հետ, քանի որ հաստատման ենթակա փաստի և սույն գործով երրորդ անձ հանդիսացող Ծառայության լիազորությունների միջև առկա է փոխադարձ կապ: Սույն գործով նյութաիրավական վեճի առկայության պարագայում Սեյրան Խաչատրյանի իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին դիմումը պետք է թողնել առանց քննության։

             

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Դատարանը սույն գործով Ծառայությանը ներգրավել է որպես երրորդ անձ, վերջինս Դատարան է ներկայացրել դիրքորոշում, որում ուղղակի հայտնել է, որ Դատարանի վճիռը հանդիսանալու է Ծառայության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ակտ, քանի որ պահանջում նշված փաստի հաստատումն ինքնին ենթադրում է հետագայում Ծառայության կողմից որոշակի գործողությունների կատարում, մասնավորապես` կենսաթոշակի վերահաշվարկում:

 Սույն որոշմամբ արտահայտած դիրքրոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթի շրջանակներում քննարկման է ենթակա դիմողի կողմից որոշակի ժամանակահատվածում աշխատանքային գործունեություն ծավալած լինելու հանգամանքը, այլ՝ ոչ թե Ծառայության կողմից ոչ ճիշտ գործողությունները վերացնելու կամ դիմողի՝ որոշակի ժամանակահատվածի համար կենսաթոշակ ստանալու իրավունքի հարցը: Դիմողի կողմից ներկայացված պահանջի պայմաններում իրավունքի մասին վեճ կարող էր առաջանալ գործատուի կողմից այդ պահանջի դեմ առարկելու պարագայում: Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պարագայում ապագայում Ծառայության կողմից որոշակի գործողություններ կատարելու պարտականությունն ինքնին չի կարող վկայել հատուկ վարույթում իրավունքի մասին վեճի առկայության մասին, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից բխում է, որ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը պետք է հաստատվի որոշակի  նպատակի համար, այսինքն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմամբ դիմողը պետք է հնարավորություն ստանա իրացնել իր իրավունքները և օրինական շահերն այն մարմիններում, որոնց վրա օրենքով սահմանված կարգով դրված է համապատասխան իրավունքի իրականացումը, սույն դեպքում՝ Ծառայությունում: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում դիմողը Ծառայությանը որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում և առկա չէ իրավունքի մասին վեճ, հետևաբար հիմնավոր չէ այդ հիմքով դիմումն առանց քննության թողնելու Վերաքննիչ դատարանի որոշումը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտը բեկանում է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածում թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ  Վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ` բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին կարող է չանդրադառնալ այն դեպքում, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման օրենքով սահմանված հիմք:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը բացառապես վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում վերանայելու, վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու և յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու անհրաժեշտության հարցին (տե՛ս Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով 08.05.2014 թվականի որոշումները):

Վերոգրյալ հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ սույն գործով առկա է իրավունքի մասին վեճ և դիմումը թողնելով առանց քննության, չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին և հիմնավորումներին: Մինչդեռ, հաշվի առնելով վերոգրյալ վերլուծությունները և այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը սույն վեճի լուծման համար եկել է սխալ եզրահանգման, անհրաժեշտ է սույն գործն ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության՝ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու, յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ իր եզրահանգումն արտահայտելու և դրա հիման վրա Ծառայության վերաքննիչ բողոքը մերժելու կամ բավարարելու համար։

          

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

                

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են  սույն (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

             

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

              

Ո Ր Ո Շ Ե Ց

         

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

                  

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ն. Տավարացյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
 

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան