ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2549/02/17
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2549/02/17
Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ՝ |
Ա. Մկրտչյան |
Ա. Մխիթարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի դեկտեմբերի 18-ին
գրավոր ընթացակարգով քննելով Աշոտ Դումանյանի իրավահաջորդ Դավիթ Դումանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Աշոտ Դումանյանի ընդդեմ Արամայիս, Կարեն, Էմիլ Թումանյանների և Մարինա Մարտիրոսյանի, ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Իննա Շահնազարյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ Երևան քաղաքի Վարշավյան թիվ 27/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով Աշոտ Դումանյանի սեփականության իրավունքը ճանաչելու, որպես հետևանք՝ նույն հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Կենտրոն նոտարական տարածքի կողմից 20.12.2007 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից 15.12.2016 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աշոտ Դումանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Վարշավյան թիվ 27/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ, մասնակի անվավեր ճանաչել Կենտրոն նոտարական տարածքի կողմից 20.12.2007 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը նշված հասցեի տան և տնամերձ հողամասի նկատմամբ, ինչպես նաև Կադաստրի կողմից 15.12.2016 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր`Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Պետրոսյան, Ա. Մկրտչյան, Ա. Մխիթարյան) 04.10.2018 թվականի որոշմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2018 թվականի որոշմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Դումանյանի իրավահաջորդ Դավիթ Դումանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամայիս Թումանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածը, 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված պահանջի պայմաններում ձեռքբերման վաղեմության ուժով «սեփականության իրավունքի ճանաչում» իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, քանի որ սեփականության իրավունքը՝ որպես գույքային իրավունք, ժառանգական հիմքերով համապարփակ իրավահաջորդության կարգով անցնում է ժառանգությունն ընդունած ժառանգներին: Հետևաբար, անկախ նրանից, թե դատավարության որ փուլում էր մահացել Աշոտ Դումանյանը, քանի որ մինչ իր մահը վերջինս ներկայացրել էր վերաքննիչ բողոք, դատարանը ոչ թե պետք է բողոքի ընդունումը մերժեր, այլ պետք է կասեցներ գործի վարույթը, լուծեր դատավարական իրավահաջորդության հարցը, այնուհետև իրավահաջորդի ի հայտ գալու դեպքում նրա դիրքորոշմանը համապատասխան լուծեր վերաքննիչ բողոքի հետագա ընթացքը, այդ թվում` կրկին ներկայացված բողոքի ընդունելիության հարցը, մինչդեռ ժառանգությունն ընդունած լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը հայցվորի իրավահաջորդին զրկել է վերաքննության իրավունքից:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոքը ներկայացրել է մահացած Աշոտ Դումանյանի ներկայացուցիչը, որը բողոք բերելու իրավունք չունի, սակայն դատավարական այդ կանոնը վերաբերում է այն դեպքերին, երբ բողոքը ներկայացրել է մի անձ, որն ընդհանրապես դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, այսինքն՝ երբ դատական ակտը չի վերաբերում նրա իրավունքներին, օրինական շահերին ու պարտականություններին: Դա չի վերաբերում այն դեպքերին, երբ բողոք ներկայացրած ներկայացուցիչը բողոքը ստորագրելու լիազորություն չունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ընդհանուր կանոնները տարածվում են նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության վրա՝ հաշվի առնելով դրանց քննության համար սահմանված առանձնահատկությունները:
Նշված իրավակարգավորումից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ գլխում ամրագրված իրավակարգավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար միայն դատական նիստի ընթացքում՝ հաշվի առնելով վերաքննության համար սահմանված առանձնահատկությունները: Վերաքննիչ դատարանի լիազորությունները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից իրավաչափ չէր լինի գործի վարույթի կասեցումը: Քանի որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը պատշաճ լիազորված անձ չի հանդիսացել, Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ որոշում, իսկ Դավիթ Դումանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում վերաքննիչ դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին`
1) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավունք ունի մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կայացնելու գործի վարույթը կասեցնելու մասին որոշում,
2) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի ։
1) ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Վարույթը վերաքննիչ դատարանում» վերտառությամբ 3-րդ բաժնում ամրագրված իրավանորմերով սահմանված է նաև վերաքննության կարգով դատական ակտերի բողոքարկման կարգը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում (...) վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։
Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում օրենսդիրը վերաքննիչ դատարանին օժտել է բացառապես վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը ստուգելու լիազորությամբ, քանի որ այդ հիմքերի բացակայությամբ է պայմանավորել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը: Հակառակ դեպքում համապատասխան հիմքերի առկայության պայմաններում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման կամ դրա ընդունումը ենթակա է մերժման, որի պայմաններում այլևս վերաքննիչ վարույթ չի հարուցվում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Սույն բողոքի քննության շրջանակներում անհրաժեշտ համարելով անդրադառնալ քաղաքացու մահվան հիմքով դատավարությունից այդ անձի դուրս գալու դեպքում վերջինիս նրա իրավահաջորդով փոխարինելու քաղաքացիադատավարական կարգավորումներին վերաքննիչ դատարանում գործի վարույթը կասեցնելու միջոցով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխում (հոդվածներ 374-387) ամրագրված իրավանորմերով կարգավորված է վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունված բողոքների քննության կարգը:
Նույն գլխում է ներառված նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածը, որի 5-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր և հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր և հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները (…):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում (…)։
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ (…) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը (…):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածն ընդգրկված է նույն օրենսգրքի՝ «Վարույթ ընդունված բողոքի քննության կարգը վերաքննիչ դատարանում» վերնագիրը կրող 54-րդ գլխում, որը մանրամասն կարգավորում է վարույթ ընդունված բողոքների քննության կարգը վերաքննիչ դատարանում։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 41-րդ հոդվածների հիմքով մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն բովանդակությամբ համասեռ այլ՝ 374-387-րդ հոդվածների հետ միավորված լինելով «Վարույթ ընդունված բողոքի քննության կարգը վերաքննիչ դատարանում» վերնագիրը կրող 54-րդ գլխում, դրանում նշված՝ գործի վարույթը կասեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունը կարող է իրացվել բացառապես վարույթ ընդունված բողոքների քննության ժամանակ։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քանի դեռ վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել (վերաքննիչ վարույթ չի հարուցվել) վերաքննիչ դատարանն իրավասու չէ կայացնել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Ելնելով վերոշարադրյալից՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացու մահվան հետևանքով դատավարությունից այդ անձի դուրս գալու դեպքում վերջինիս նրա իրավահաջորդով փոխարինելու հիմքով պայմանավորված վերաքննիչ դատարանն օժտված չէ գործի վարույթը կասեցնելու իրավազորությամբ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը դեռևս վարույթ ընդունված չէ:
Սույն գործի փաստերի համաձայն հայցվոր է հանդիսացել Աշոտ Դումանյանը:
Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը 01.09.2018 թվականին փոստային առաքմամբ վերաքննիչ բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ դատարանի 04.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ այն ներկայացուցչի կողմից ստորագրված չլինելու հիմքով:
Թիվ ԲԱ021458 մահվան վկայականի համաձայն՝ Աշոտ Դումանյանը 01.09.2018 թվականին մահացել է: Այսինքն՝ վերջինիս մահվան փաստով դադարել է նրա իրավունակությունը: Այդուհանդերձ, Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը, շտկելով վերաքննիչ բողոքի թերությունը, 31.10.2018 թվականին փոստային առաքմամբ Աշոտ Դումանյանի անունից, կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք:
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի առնչությամբ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կայացնելու գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի վճիռների և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը սահմանված է նույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով, համաձայն որի, ի թիվս այլոց, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաև գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հավասարապես (դատավարական իրավունակություն):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչն օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:
Վճռաբեկ դատարանը նախ և առաջ հարկ է համարում անդրադառնալ քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչության ինստիտուտը կոչված է ապահովելու գործին մասնակցող անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացումը: Այդ իսկ պատճառով օրենսդիրը սահմանել է դատական ներկայացուցչություն իրականացնելու լայն շրջանակ՝ չսահմանափակելով դրա գործառնությունը դատավարական այս կամ այն փուլում, այս կամ այն դատական ատյանում: Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումները, արձանագրում է, որ գործին մասնակցող անձինք դատական ակտն իրավասու են բողոքարկել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և համակարգային վերլուծության ենթարկելով վերոգրյալ իրավանորմերը, արձանագրում է, որ փաստորեն վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրողը գործին մասնակցող անձն է, այլ ոչ նրա ներկայացուցիչը։
Ընդ որում, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն միայն քաղաքացիական և դատավարական իրավունակությամբ օժտված անձինք, հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում.
1) վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված սուբյեկտ չհանդիսացող անձը,
2) վերաքննիչ բողոք է ներկայացվել քաղաքացիական և դատավարական իրավունակություն չունեցող անձի անունից։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը գործին մասնակցող անձի ներկայացուցչի նկատմամբ չի կարող կիրառվել, քանի որ վերջինս հանդիսանում է ոչ թե գործին մասնակցող անձ, այլ՝ նրա ներկայացուցիչ։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը պատճառաբանել է նրանով, որ բողոք բերած անձ Աշոտ Դումանյանը 01.09.2018 թվականին մահացել է, հետևաբար նրա ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանի լիազորությունները դադարել են և վերջինս վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունի:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև իրավաչափ է Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշումն այն մասին, որ Աշոտ Դումանյանի մահվան փաստով նրա ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանի լիազորությունները դադարել են, այդուհանդերձ նշված հանգամանքը տվյալ դեպքում որևէ նշանակություն չէր կարող ունենալ և հիմք հանդիսանալ ներկայացուցչի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման համար, քանի որ նշված իրավանորմը վերաբերում է գործին մասնակցող անձանց, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այն կիրառել է նրա ներկայացուցչի նկատմամբ, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաչափ չի կարող համարվել, քանի որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրողը գործին մասնակցող անձն է, այլ ոչ նրա ներկայացուցիչը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրող կարող է հանդիսանալ քաղաքացիական և դատավարական իրավունակությամբ օժտված անձը, ուստի մահվան փաստով իրավունակությունը դադարած անձը չի կարող համարվել բողոք բերելու իրավունք ունեցող, հետևաբար նրա անունից ներկայացված բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ենթակա է մերժման՝ վերաքննիչ բողոքն այն ներկայացնելու իրավունք, մասնավորապես՝ դատավարական իրավունակություն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանների փաստարկները:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ վճռաբեկ բողոքում նշված երկրորդ հիմքի առումով թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը չի հանգեցրել գործի սխալ լուծման։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Տ. Պետրոսյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Թիվ ԵԱՔԴ/2549/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի (այսուհետ` Պալատ) 18․12․2020 թվականի որոշման (այսուհետ` Որոշում) վերաբերյալ,
Պալատի դատավորներ՝ Տ. Պետրոսյանս, Ս. Անտոնյանս և Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով սույն գործով Պալատի դատավորների մեծամասնության կայացրած Որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերին համապատասխան շարադրում ենք մեր հատուկ կարծիքը նշված Որոշման վերաբերյալ:
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Աշոտ Դումանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Վարշավյան թիվ 27/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ, մասնակի անվավեր ճանաչել կենտրոն նոտարական տարածքի կողմից 20.12.2007 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը նշված հասցեի տան և տնամերձ հողամասի նկատմամբ, ինչպես նաև Կադաստրի կողմից 15.12.2016 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 03.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ա. Պետրոսյան, Ա. Մկրտչյան, Ա. Մխիթարյան) 04.10.2018 թվականի որոշմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.12.2018 թվականի որոշմամբ Աշոտ Դումանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Դումանյանի իրավահաջորդ Դավիթ Դումանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արամայիս Թումանյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 40-րդ հոդվածները, 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 159-րդ հոդվածի 4-րդ մասը, 363-րդ հոդվածը, 372-րդ հոդվածի 4-րդ կետը, 386-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված պահանջի պայմաններում ձեռքբերման վաղեմության ուժով «սեփականության իրավունքի ճանաչում» իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, քանի որ սեփականության իրավունքը՝ որպես գույքային իրավունք, ժառանգական հիմքերով համապարփակ իրավահաջորդության կարգով անցնում է ժառանգությունն ընդունած ժառանգներին: Հետևաբար, անկախ նրանից, թե դատավարության որ փուլում էր մահացել Աշոտ Դումանյանը, քանի որ մինչ իր մահը վերջինս ներկայացրել էր վերաքննիչ բողոք, դատարանը ոչ թե պետք է բողոքի ընդունումը մերժեր, այլ պետք է կասեցներ գործի վարույթը, լուծեր դատավարական իրավահաջորդության հարցը, այնուհետև իրավահաջորդի ի հայտ գալու դեպքում նրա դիրքորոշմանը համապատասխան լուծեր վերաքննիչ բողոքի հետագա ընթացքը, այդ թվում և՝ կրկին ներկայացված բողոքի ընդունելիության հարցը, մինչդեռ ժառանգությունն ընդունած լինելու պայմաններում հայցվորի իրավահաջորդին զրկել է վերաքննության իրավունքից:
Վերաքննիչ դատարանը բողոքի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոքը ներկայացրել է մահացած Աշոտ Դումանյանի ներկայացուցիչը, որը բողոք բերելու իրավունք չունի, սակայն դատավարական այդ կանոնը վերաբերում է այն դեպքերին, երբ բողոքը ներկայացրել է մի անձ, որն ընդհանրապես դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի, այսինքն՝ երբ դատական ակտը չի վերաբերում նրա իրավունքներին, օրինական շահերին ու պարտականություններին: Դա չի վերաբերում այն դեպքերին, երբ բողոք ներկայացրած ներկայացուցիչը բողոքը ստորագրելու լիազորություն չունի:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
2.2 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ընդհանուր կանոնները տարածվում են նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոքների քննության վրա՝ հաշվի առնելով դրանց քննության համար սահմանված առանձնահատկությունները:
Նշված իրավակարգավորումից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ գլխում ամրագրված իրավակարգավորումները պարտադիր են Վերաքննիչ դատարանի համար միայն դատական նիստի ընթացքում՝ հաշվի առնելով վերաքննության համար սահմանված առանձնահատկությունները: Վերաքննիչ դատարանի լիազորությունները սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից իրավաչափ չէր լինի գործի վարույթի կասեցումը: Քանի որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելիս ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը պատշաճ լիազորված անձ չի հանդիսացել, Վերաքննիչ դատարանը կայացրել է իրավաչափ որոշում, իսկ Դավիթ Դումանյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Սույն գործի փաստերը և հատուկ կարծիքի պատճառաբանությունները.
Սույն քաղաքացիական գործով հաստատված է, որ Աշոտ Դումանյանը 27.06.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևան քաղաքի Վարշավյան թիվ 27/1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ, մասնակի անվավեր ճանաչել Կենտրոն նոտարական տարածքի կողմից 20.12.2007 թվականին տրված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը նշված հասցեի տան և տնամերձ հողամասի նկատմամբ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 03.08.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 150-172):
Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը 01.09.2018 թվականին փոստային առաքմամբ վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան (հատոր 3-րդ, գ.թ. 8-15) Վերաքննիչ դատարանի 04.10.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ այն ներկայացուցչի կողմից ստորագրված չլինելու հիմքով (հատոր 3-րդ, գ.թ. 17):
Թիվ ԲԱ021458 մահվան վկայականի համաձայն՝ Աշոտ Դումանյանը 01.09.2018 թվականին մահացել է (հատոր 3-րդ, գ.թ. 117):
Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տեղեկանքի համաձայն՝ Աշոտ Դումանյանի կենսաբանական մահն արձանագրվել է 01.09.2018 թվականին ժամը 20:11-ին (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
Աշոտ Դումանյանի ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանը 31.10.2018 թվականին փոստային առաքմամբ վերաքննիչ բողոքի թերությունը շտկելուց հետո կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել (հատոր 3-րդ, գ.թ. 48-62):
Պատասխանողների ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը 29.11.2018 թվականին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ հայտնելով, որ ՔԿԱԳ-ի կողմից 28.11.2018 թվականին տրված տեղեկանքի համաձայն՝ Աշոտ Դումանյանը մահացել է, ուստի վերջինիս ներկայացուցչի լիազորությունները դադարեցված են և իրավունք չունի հանդես գալու հայցվորի անունից (հատոր 3-րդ, գ.թ. 65-66):
Վերաքննիչ դատարանի 03.12.2018 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն հիմքով, որ վերաքննիչ բողոքը բերվել է այն անձի կողմից, ով դատական ակտը բողոքարկելու իրավունք չի ունեցել (հատոր 3-րդ, գ.թ. 69):
21.03.2019 թվականի թիվ 7317 սեղանամատյանում գրանցված ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ Աշոտ Դումանյանի իրավահաջորդ Դավիթ Դումանյանն ընդունել է հոր՝ Աշոտ Դումանյանի Երևան քաղաքի Վարշավյան փողոցի թիվ 27 հասցեում գտնող անշարժ գույքի ժառանգությունը (հատոր 3-րդ, գ.թ. 118):
Սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության և գործի լուծման կապակցությամբ Պալատն անհրաժեշտ է համարել անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
1) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավունք ունի մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը կայացնելու գործի վարույթը կասեցնելու մասին որոշում,
2) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով այն պատճառաբանությամբ, որ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի։
Կատարելով որոշակի իրավական վերլուծություններ, Պալատն առաջին հարցի վերաբերյալ հանգել է այն եզրակացության, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցի քննարկման փուլում իրավասու չէ կայացնել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում:
Պատասխանելով Որոշմամբ առաջադրված երկրորդ հարցին, Պալատը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (վերաքննիչ դատարանը մերժում է բողոքի ընդունումը, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի) կարող է մերժվել մահացած՝ դատավարական իրավունակություն չունեցող անձի կողմից ներկայացված բողոքի ընդունումը:
Գտնում ենք, որ առաջադրված երկու հարցերի կապակցությամբ էլ մեր գործընկերները հանգել են սխալ եզրահանգումների՝ հետևյալ պատճառներով:
1) Նախ անհրաժեշտ ենք համարում նշել, որ բողոք բերած անձն իր բողոքի հիմքում առաջին հերթին դրել է Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի խախտումը: Սույն գործի փաստերի առանձնահատկությունների հաշվառմամբ՝ տվյալ դեպքում իրավահաջորդության հարցի լուծման անհրաժեշտությունն ունի էական, որոշիչ նշանակություն, քանի որ դրանով են կանխորոշվում Պալատի Որոշմամբ առաջադրված մյուս երկու հարցերի պատասխանները:
Մեր կարծիքով, սույն գործի լուծման համար կարևորագույն հարցն այն է, թե դատավարության որևէ փուլում գործին մասնակցող անձի՝ գործից դուրս գալու, մասնավորապես ՝ քաղաքացու մահվան դեպքում արդյոք դատարանը պարտավոր է նրան փոխարինել իրավահաջորդով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում, պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում:
Նշված հոդվածի 1-ին մասի տառացի մեկնաբանությունից բխում է, որ դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու, մասնավորապես՝ քաղաքացու մահվան դեպքում, դատարանը պարտավոր է որոշում կայացնել նրան իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ: Այս հետևությունը հիմնավորվում է օրենքի հստակ շարադրանքով, որի համաձայն դատարանի կողմից նման որոշման կայացումը թողնված չէ դատարանի հայեցողությանը («որոշում է կայացնում»):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:
Դատարանի համար իրավահաջորդության և գործի վարույթի կասեցման իմպերատիվ պայմաններ սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել պաշտպանել գործին մասնակցող անձի արդար դատաքննության իրավունքը այն դեպքում, երբ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն և դատավարության որևէ փուլում գործին մասնակցող անձը մահանում է: Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանել է, որ դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում, իսկ նույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը նման դեպքում գործի վարույթի կասեցումը նախատեսել է իբրև դատարանի պարտականություն: Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 5-րդ մասը վերաքննիչ դատարանի համար սահմանել է գործի վարույթը կասեցնելու հայեցողական լիազորություն, ապա տվյալ դեպքում կիրառելի են դատարանի՝ հայեցողական լիազորություններն իրականացնելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, այն է դատարանն իր հայեցողական լիազորությունները պետք է իրականացնի այնպես, որպեսզի ապահովի կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները, առաջնորդվելով մարդու և քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ (տե՛ս ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչության ընդդեմ ա/ձ Գուրգեն, Տիգրան, Արմեն Այվազյանների, Իրինա Ազոյանի թիվ ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի կանոններով, իսկ նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները: Նշված նորմերի տառացի մեկնաբանությունից բխում է, որ ժառանգատուի գույքի հետ միասին նրա գույքային իրավունքները և պարտականությունները ևս համապարփակ իրավահաջորդության կարգով անցնում են ժառանգությունն ընդունած ժառանգներին: Եթե ժառանգատուն մինչ իր մահը դատարան դիմելով հավակնել է սեփականության իրավունք ձեռք բերել որևէ գույքի նկատմամբ, այսինքն՝ ձեռնամուխ է եղել իր գույքային իրավունքների պաշտպանությանը՝ դրանց շուրջ վեճի առթիվ քաղաքացիական գործ հարուցելով, ապա դրանից հետո նրա մահվան դեպքում նրա գույքային իրավունքների պաշտպանությունը գործի վարույթի ցանկացած պահի, այդ թվում և գործի վերաքննիչ վարույթում, կարող է իրականացվել միայն դատավարական իրավահաջորդության միջոցով: Իր հերթին դատավարական իրավահաջորդությունը կարող է ապահովվել միայն գործի վարույթի կասեցման միջոցով, քանի որ տվյալ հիմքով գործի վարույթը ենթակա է կասեցման՝ մինչև ժառանգի կողմից ժառանգության ընդունումը. դրանից հետո ժառանգի համապատասխան կամքի դրսևորման պայմաններում գործի վարույթը պետք է շարունակվի: Այսպիսով, գործի վարույթի կասեցումն ածանցյալ է իրավահաջորդության հարցից, քանի որ կատարվում է իրավահաջորդության հարցը լուծելու նպատակով:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, պատճառաբանելով, որ բողոք բերած անձ Աշոտ Դումանյանը 01.09.2018 թվականին մահացել է, հետևաբար նրա ներկայացուցիչ Հովհաննես Չամսարյանի լիազորությունները դադարել են և վերջինս վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չունի:
Վերոհիշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, գտնում ենք, որ դրանք անհիմն են, քանի որ Աշոտ Դումանյանի մահվան վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալով, Վերաքննիչ դատարանն առաջին հերթին պետք է պարզեր այն հարցը, թե արդյոք վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Քանի որ ժառանգատուի մահվան դեպքում մահացածի գույքը, այդ թվում և գույքային իրավունքները, համապարփակ իրավահաջորդության կարգով անցնում են ժառանգությունն ընդունած ժառանգներին, ուստի տվյսլ դեպքում վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կասեցնել գործի վարույթը և լուծել դատավարական իրավահաջորդության հարցը: Ընդ որում, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունված կամ չընդունված լինելը որևէ կերպ չէր կարող ազդել Վերաքննիչ դատարանի նշված պարտականության կատարման վրա, քանի որ օրենսդիրը սահմանել է ոչ թե վերաքննիչ բողոքի, այլ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը, իսկ գործին մասնակցող անձի մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը պետք է կատարվի դատավարության ցանկացած փուլում, այդ թվում և՝ վերաքննիչ դատարանում, եթե դատավարության տվյալ փուլում բերված բողոքի հիման վրա քաղաքացիական գործը գտնվում է Վերաքննիչ դատարանում:
Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի նշված պարտականությունը կատարելու խոչընդոտ չի կարող հանդիսանալ այն հանգամանքը, որ գործի վարույթը կասեցնելու Վերաքննիչ դատարանի լիազորությունը սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «վարույթ ընդունված բողոքի քննության կարգը վերաքննիչ դատարանում» վերնագիրը կրող 54-րդ գլխի 380-րդ հոդվածում, քանի որ անտրամաբանական կլիներ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «ընդհանուր դրույթներ» բաժնում ունենալով իրավահաջորդության, իսկ «վարույթն առաջին ատյանի դատարանում» բաժնում՝ գործի վարույթի կասեցման վերաբերյալ ընդհանուր իրավակարգավորումներ, օրենսդիրը յուրաքանչյուր ատյանի դատարանի համար այդ լիազորությունները սահմաներ դատավարության յուրաքանչյուր փուլի կամ ենթափուլի համար առանձին-առանձին:
Բացի այդ, բողոք ներկայացնելուց հետո գործին մասնակցող անձի մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելու պայմանների առկայության դեպքում, եթե առաջնորդվենք Պալատի տրամաբանությամբ, բողոքը դեռևս վարույթ ընդունված չլինելու պատճառով գոյություն չի ունենա մի ատյանի դատարան, որը պետք է կատարի օրենսդրի իմպերատիվ պահանջները, մինչդեռ գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում, ինչպես վերը նշվեց, նրան իրավահաջորդով փոխարինելը պետք է կատարվի դատավարության ցանկացած փուլում: Այն թեզից, որ վերաքննիչ դատարանն իրավասու չէ կայացնել գործի վարույթը կասեցնելու մասին որոշում, քանի դեռ վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել, անխուսափելիորեն բխում է այն հետևությանը, որ անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու պահից սկսած մինչև բողոքը վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունելու ժամանակահատվածը դուրս է քաղաքացիական դատավարության ոլորտից և դատավարության որևէ փուլ չի հանդիսանում, ինչը բնականաբար այդպես չէ:
Ընդ որում, Որոշման նման եզրահանգումը կատարվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը վկայակոչելով՝ անտեսելով, որ ըստ վկայակոչված նորմի առաջին նախադասության՝ «Նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝...»:
Մեր կարծիքով պատասխանելու համար այն հարցին, թե արդյոք Վերաքննիչ դատարանն իրավասու էր գործին մասնակցող անձի մահվան դեպքում կասեցնելու գործի վարույթը մինչև բողոքը վարույթ ընդունելը, Պալատը պետք է առաջնորդվեր ոչ թե օրենքի մեկ հոդվածի տառացի մեկնաբանությամբ, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ, 157-րդ, 372-րդ, 380-րդ հոդվածներով սահմանված նորմերի համակարգային և նպատակաբանական մեկնաբանությամբ՝ հաշվի առնելով ինչպես օրենսդրի նպատակը, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի հետևյալ իրավական դիրքորոշումները:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, [2005 թվականի փոփոխություններով] ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):
Մինչդեռ Պալատն իր Որոշմամբ չանդրադառնալով իրավահաջորդության հարցին և դրանից կտրված մեկնաբանելով դատավարության որոշակի փուլում գործի վարույթի կասեցման հնարավորության հարցը, նշված հարցերը կարգավորող նորմերին տվել է չափազանց ձևական (ֆորմալ) մեկնաբանություն, որպիսի պայմաններում այդ նորմերը կդադարեն ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակին և անձանց կխոչընդոտեն հասնել իրավասու դատարանի կողմից իրենց գործի ըստ էության քննությանը, մասնավորապես՝ մահացած անձի իրավահաջորդին զրկելով վերաքննության իրավունքից:
2) Ինչ վերաբերում է Որոշմամբ առաջադրված երկրորդ հարցի պատասխանին, ապա դրա հետ ևս համաձայն չենք, քանի որ արձանագրելով, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրողը գործին մասնակցող անձն է, այլ ոչ նրա ներկայացուցիչը, հետևություն է արվել, որ վերաքննիչ բողոքը ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված լինելու պատճառաբանությամբ կարող է մերժվել իրավունակություն չունեցող (մահացած) անձի ներկայացրած բողոքի ընդունումը:
Նախ արձանագրում ենք, որ իրավունակությունը կորցրած անձը, այն է՝ մահացած անձը, չի կարող վերաքննիչ բողոք ներկայացնել, որ դրա ընդունումն էլ մերժվի կամ չմերժվի որևէ հիմքով, իսկ եթե նա բողոք ներկայացնելու կամք է դրսևորել մինչև իրավունակությունը կորցնելը, այդ թվում և ներկայացուցչի միջոցով, ապա պետք է պարզվի այն հարցը, թե բողոքը ներկայացնելիս (այդ թվում՝ ներկայացուցչի կողմից ներկայացնելիս), քաղաքացին արդյոք օժտված է եղել իրավունակությամբ: Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորմանը համապատասխան վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և սահմանված ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը: Հետևաբար սույն գործով էական է այն հանգամանքը, որ առաջին անգամ վերաքննիչ բողոքը ներկայացնելու պահին բողոք բերած անձի իրավունակությունը դադարած չի եղել, իսկ բողոքի թերություններն ուղղելու, ինչպես նաև բողոքը պնդելու հնարավորությունը պետք է ընձեռվի բողոք բերած անձի իրավահաջորդին: Նշվածը լիովին համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկային:
Եթե կրկին ներկայացված բողոքը դիտվում է որպես մահացած անձի ներկայացրած բողոք, ապա դատարանը զրկված է իր որոշմամբ այդ անձին նրա բերած բողոքի ընդունումը մերժելու մասին հայտնելու հնարավորությունից, ինչից հետևում է, որ Դատարանն իր կայացրած որոշման մասին կարող է իրազեկել կամ մահացած անձի իրավահաջորդին, կամ էլ բողոք ներկայացրած անձի ներկայացուցչին, եթե վերջինիս լիազորությունները չեն դադարել: Սակայն, քանի որ անձի մահվամբ ներկայացուցչի լիազորությունները դադարում են, ուստի անխուսափելի է դառնում իրավահաջորդության հարցի լուծումը և իրավահաջորդին հարցի լուծման մասին իրազեկումը: Դա համահունչ է Որոշմամբ արտահայտված այն մտքին, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքի կրողը գործին մասնակցող անձն է, այլ ոչ նրա ներկայացուցիչը: Այլ խոսքով՝ եթե առկա է իրավահաջորդության կարգով փոխանցման ենթակա իրավունք, ապա քաղաքացիական գործ հարուցված լինելու պայմաններում այն դատավարության որևէ փուլում չի կարող կորչել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի շարադրանքը հետևյալն է. «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե՝ բողոքը ներկայացրել է այն անձը, որը…» Նշված շարադրանքից հետևում է, որ այդ հիմքով բողոքի ընդունումը կարող է մերժվել, եթե այն ներկայացրել է անձը, այսինքն՝ բողոք ներկայացնողը որպես անձ գոյություն ունի, օժտված է իրավունակությամբ, սակայն այս կամ այն պատճառով տվյալ դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի: Հնարավոր չէ բողոքը համարել անձի ներկայացրած բողոք և միաժամանակ դրա ընդունումը մերժել այն հիմքով, որ բողոք ներկայացնողն անձ չէ, մինչդեռ Որոշմամբ դա համարվել է տրամաբանական: Ըստ Որոշման բնականոն է, եթե բողոքը ներկայացնի մահացած անձի ներկայացուցիչը, սակայն Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատասխանի մահացած անձին: Հատկանշական է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն իր որոշումը մահացած անձին չի ուղարկել և չէր կարող ուղարկել, այլ ուղարկել է այլևս լիազորություն չունեցող «ներկայացուցչին», այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բողոք ներկայացնելու իրավունքը կրող որևէ անձի իր որոշման մասին չի հայտնել. նրա ասելիքը վերաբերել է միայն «ներկայացուցչին» կամ նրա լիազորություններին, իսկ ներկայացուցչի նկատմամբ ինչպես իրավացիորեն արձանագրվել է Որոշմամբ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը չի կարող կիրառվել: Ընդ որում, սույն անհեթեթ վիճակն առաջացել է այն բանի հետևանքով, որ իրավահաջորդության և Որոշմամբ առաջադրված գործի վարույթ կասեցման հնարավորության հարցերը Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են լուծվել, իսկ Պալատն էլ իր Որոշմամբ հավանություն է տվել այդ լուծմանը:
Կատարված վերլուծությունների արդյունքում գտնում ենք, որ հիմնավոր է նաև բողոքի այն հիմքը, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է դատավարական սխալ հիմքով:
Այսպիսով, գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում պարտավոր էր կասեցնել գործի վարույթը և լուծել դատավարական իրավահաջորդության հարցը, որից հետո միայն կարող էր անդրադառնալ վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցին, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներին հակառակ նշված դատավարական գործողությունները չկատարելով՝ վերաքննիչ բողոք ներկայացրած անձի իրավահաջորդ Դավիթ Դումանյանին զրկել է գործի վերաքննության փուլում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից:
Վճռաբեկ բողոքի դեմ Արամայիս Թումանյանի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար էր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|