ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 24-ին
ԾԽԱԽՈՏԻ ԻՐԱՑՄԱՆ, ՍՊԱՌՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է ծխախոտի իրացման, սպառման, օգտագործման և արդյունաբերության բնագավառում ծագած իրավահարաբերությունները, կոչված է ներկա և ապագա սերունդներին պաշտպանելու ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի՝ մարդկանց առողջության համար վնասակար ազդեցությունից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և այլ հետևանքներից։
Հոդված 1. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
տեսակ՝ տվյալ ֆիրմայի տեսականին ներկայացնող տարրերի ամբողջություն, որը, որպես մեկ միասնություն, գործածում է արտադրողը՝ սպառողին հնարավորություն տալով տարբերակելու տվյալ արտադրողի ծխախոտային արտադրանքը մյուսներից.
ծխախոտ՝ ոլորված կամ գլանակաձև կառուցվածքով ցանկացած արտադրատեսակ, որը պարունակում է ծխախոտային հումք կամ դրան փոխարինող (բացի սիգարներից ու սիգարիլլաներից) և նախատեսված է որոշակի պայմաններում օգտագործելու համար.
նիկոտին՝ ծխախոտի և ծխի մեջ պարունակվող նիկոտինի ալկալոիդներ.
խեժ՝ ծխախոտի այրման հետևանքով առաջացած չմշակված բաղադրիչ.
ծխախոտային արտադրատեսակ՝ արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտային արտադրատեսակի համար հումք համարվող տերևից՝ ծխելու, ծամելու կամ հոտ քաշելու համար.
ծխախոտային արդյունաբերություն՝ ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներ, մեծածախ բաշխողներ և ներմուծողներ.
ծխախոտի դեմ պայքար՝ մատակարարումների, պահանջարկի և վնասի նվազեցման ոլորտում ռազմավարության լայն շրջանակ, որն ուղղված է բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների վերացման կամ օգտագործման նվազեցման, ինչպես նաև բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության նվազեցման կամ վերացման միջոցով։
Հոդված 2. | Հակածխախոտային ծրագիրը |
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված՝ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր։
2. Տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով պետական ծրագրից, կարող են մշակել և իրականացնել ծրագրեր։
Հոդված 3. | Ծխախոտային արդյունաբերության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովումը |
1. Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը պատճառված վնասի մասին։
2. Ծխախոտային արդյունաբերություն իրականացնող անձինք պարտավոր են՝
1) ապահովել բնակչության՝ տեղեկատվություն ստանալու ազատության և մատչելիության իրավունքն այդ բնագավառում.
2) իրազեկել մարդկանց՝ առողջության համար ծխախոտի և ծխի բացասական, ինչպես նաև տնտեսական ու բնապահպանական հետևանքների մասին։
Հոդված 4. | Ծխախոտի և ծխախոտային արդյունաբերության գովազդը |
Ծխախոտի և ծխախոտային արդյունաբերության գովազդի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան։
Հոդված 5. | Ծխախոտային արտադրատեսակներին ներկայացվող անվտանգության պահանջները |
1. Ծխախոտային արտադրատեսակները ենթակա են պարտադիր հավաստագրման՝ վերջինիս համար նախատեսված սխեմաներով։
2. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտանետվող նյութերի փորձաքննության ու չափման կարգը, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման չափաքանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
3. Արգելվում է ծխախոտի արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե ծխախոտի ծխում նիկոտինի և խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը։
Հոդված 6. | Ծխախոտի ստանդարտացումը |
Սույն օրենքի պահանջները բավարարում են համապատասխանության հավաստագրով այն ծխախոտային արտադրատեսակները, որոնք հավաստված են ազգային ստանդարտների ցանկում։
Հոդված 7. | Ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները |
1. Ծխախոտային արտադրատեսակների իրացումը կազմակերպելիս անհրաժեշտ է՝
1) խուսափել ծխախոտային արտադրատեսակի կեղծ, մոլորեցնող բնութագրի, առողջության վրա ծխախոտի ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տարածելու միջոցով (ներառյալ՝ նկարագրությունը, առևտրային պիտակը, խորհրդանիշը կամ այլ նշաններ, արտադրատեսակի պակաս վնասակարությունը և այլն) ծխախոտային արտադրատեսակի վաճառքից.
2) արգելել ծխախոտային արտադրատեսակը որպես այլ ապրանքատեսակների վաճառքի խթանման միջոց կամ այլ շահադրդման ձև առաջարկելը.
3) չնշել ծխախոտային արտադրատեսակների անվանումներն ու ապրանքային նշանները մարզական հանդերձանքի և գույքի, խաղալիքների, տիկնիկների, մրցավազքային մեքենաների մանրակերտների, տեսաշարային, ձայնային և տեսաձայնաշարային խաղերի, քաղցրավենիքի կամ նմանատիպ այլ առարկաների վրա.
4) արգելել ծխախոտային բոլոր արտադրատեսակների կամ դրանց նմուշների անվճար տարածումը քարոզչության նպատակով.
5) արգելել ծխախոտային ցանկացած արտադրատեսակի անվանումը կամ ապրանքային նշանը կրող ապրանքների (կարճաթև վերնաշապիկներ, գլխարկներ, մարզական վերնաշապիկներ, արևապաշտպանիչ հովարներ, ուսապարկեր, արևային ակնոցներ, գրենական պիտույքներ, որոնք կրելիս կամ գործածելիս աչքի են զարնում և տեսանելի են դիմացինին) տարածումը, վաճառքը կամ որպես պարգևատրում (մրցանակ) առաջարկելը։
Սույն դրույթը չի արգելում ծխախոտային արտադրատեսակների անվանումների և ապրանքային նշանի զետեղումը ծխելու հետ առնչվող այնպիսի պիտույքների վրա, ինչպիսիք են հրահաններն ու մոխրամանները։
Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը միջազգային իրադարձությունների, միջոցառումների ժամանակ կամ դրանց մասնակիցների շրջանում։
2. Ծխախոտային ցանկացած ապրանքատեսակ ներառում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին) հաստատած նախազգուշացում` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
Հոդված 8. | Ծխախոտային արտադրատեսակների իրացման սահմանափակումները |
1. Ծխախոտային արտադրատեսակների վաճառքն արգելվում է`
1) 18 տարին չլրացած անձանց.
2) 18 տարին չլրացած անձանց կողմից.
3) բաց տուփերով կամ հատով.
4) առանց վաճառողի անմիջական մասնակցության (իրացումը վաճառքի ավտոմատ համակարգի, էլեկտրոնային կամ մեխանիկական այլ սարքավորումների միջոցով), բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վայրերի, որտեղ անչափահասների մուտքն արգելվում է.
5) առողջապահական, կրթական, մանկական, դաստիարակչական հաստատություններում, մարզական դահլիճներում, համալիրներում, մարզադաշտերում և առողջարաններում.
6) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ակցիզային դրոշմանիշի.
7) եթե ծխախոտի արտադրանքի տուփի վրա չի նշված քանակը (համապատասխանաբար՝ հատերով կամ գրամներով).
8) եթե տուփի վրա փակցված չէ ծխախոտում թունավոր բաղադրիչների պարունակության ծավալը (նիկոտին, խեժ), կամ դրանց պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանաչափը.
9) եթե տուփի վրա զետեղված չէ ծխելու վնասակարության մասին լիազորված մարմնի հաստատած նախազգուշացումը.
10) եթե ապրանքային նշանը կեղծված է, կամ ապրանքների արտադրությունը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
2. Ծխախոտի վաճառքի բոլոր կետերում` դրամարկղերի մոտ կամ դրանց հարակից տարածքներում, տեսանելի մասում պարտադիր փակցվում են հետևյալ նախազգուշացումները.
1) 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում.
2) լիազորված մարմնի զգուշացումները` մարդու առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության վերաբերյալ:
3. Ծխախոտային արտադրատեսակների իրացմամբ զբաղվող բոլոր անձինք ծխախոտային արտադրատեսակների վաճառքն իրականացնելիս 18 տարեկանից ցածր արտաքին տեսք ունեցող քաղաքացիներին պարտավոր են ծխախոտ չվաճառել։
Եթե գնորդը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, վարորդական իրավունքի կամ զինվորական ծառայության վկայական), ապա միայն այդ դեպքում ծխախոտային արտադրատեսակի իրացմամբ զբաղվողը կարող է կատարել ծխախոտի վաճառք։
Հոդված 9. | Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորումը |
1. Ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր փաթեթավորում Հայաստանի Հանրապետության պետական լեզվով ներառում է՝
1) խեժի, նիկոտինի պարունակության մասին տեղեկություն, որը պետք է զետեղված լինի ծխախոտի տուփի կողմնային պատերից մեկի վրա.
2) առողջության վրա ծխախոտի ներգործած բացասական ազդեցության մասին նախազգուշացում: Բնակչության առողջության վրա ծխախոտի բացասական ներգործության նախազգուշացման տեքստը հաստատում է լիազորված մարմինը։
Նախազգուշացման տեքստը պետք է զբաղեցնի ոչ պակաս, քան մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) առջևի և հետևի պատերի ծավալի 30 տոկոսը:
2. Նախազգուշացման տեքստը պետք է`
1) հստակ ու ընթեռնելի լինի.
2) տպված լինի մուգ թանաքով՝ հակադիր ֆոնի վրա.
3) տպված լինի այնպես, որ բացառի այն հեռացնելու հնարավորությունը.
4) տուփի վրա տեղադրվի այնպես, որ բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց:
3. Նախազգուշացման տեքստը չպետք է`
1) տպագրվի կամ ամրակցվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.
2) թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով.
3) տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:
Հոդված 10. | Ծխախոտային արտադրատեսակների ոչնչացումը |
Ծխախոտային այն բոլոր արտադրատեսակները, որոնք արտադրվել կամ իրացվել են` հակասելով սույն օրենքին կամ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ենթակա են բռնագրավման: Բռնագրավված ծխախոտը ենթակա է ոչնչացման՝ Հայաստանի Հանրապետության օրսենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 11. | Ծխախոտի օգտագործման սահմանափակումները |
1. Ծխելն արգելվում է`
1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում.
2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում.
3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում.
4) բոլոր հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.
5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները։
2. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները համապատասխան միջոցներ են ձեռնարկում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու համար: Տեսանելի վայրում ապահովում են ծխելու արգելքի մասին հայտարարություն։
3. Հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են միջոցներ ձեռնարկել աշխատանքային ժամերին (ներառյալ՝ հանգստի և ճաշի համար նախատեսված ընդմիջումները) փակ աշխատանքային տարածքներում ծխախոտի գործածության համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի ծխողները չխանգարեն չծխողներին՝ հաշվի առնելով վերջիններիս նախապատվությունը: Այդպիսի միջոցառումները ներառում, բայց չեն սահմանափակվում՝
1) ընդմիջումների ժամանակ հստակ կերպով առանձնացված ծխելու գոտիների ապահովմամբ.
2) միայն անհատական փակ աշխատանքային տարածքներում ծխելու թույլտվությամբ։
4. Ռեստորաններում, սրճարաններում և հանրային սննդի այլ կազմակերպություններում ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ։
Հոդված 12. | Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում |
1. Սույն օրենքով նախատեսված դրույթները խախտող յուրաքանչյուր իրավաբանական և ֆիզիկական անձ ենթարկվում է պատասխանատվության՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Սույն օրենքի դրույթների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, բացառությամբ պետական իշխանության մարմինների, որոնց դեպքում վերահսկողությունն իրականացնում է տվյալ կազմակերպության ղեկավարությունը։
Հոդված 13. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությամբ սահմանված՝ մեծածախ և մանրածախ առևտրում օգտագործվող փաթեթի առջևի և հետևի պատերի ծավալի 30 տոկոսը զբաղեցնող նախազգուշացման պահանջը ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի մեկից, իսկ մինչ այդ նախազգուշացման ծավալը կազմում է առնվազն 4 տոկոսը։
2. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը ուժի մեջ է մտնում սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
Հոդված 14. | Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
13.02.2020, ՀՕ-92-Ն | 21.03.2020, ՀՕ-72-Ն | |
07.04.2009, ՀՕ-88-Ն | 05.06.2009, ՀՕ-72-Ն | |
08.04.2008, ՀՕ-32-Ն | 15.05.2008, ՀՕ-72-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|