Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 62-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 20.05.2021
Ընդունող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2021

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2021 թվականի

ք. Երևան

թիվ 62-Ա

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ՝ ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արարատի մարզի տարածքում սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 19-ին հայտ է ներկայացրել «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունը (այսուհետ նաև` Ընկերություն)։ Տվյալ մրցույթին մասնակցելու համար այլ հայտ չի ներկայացվել։

 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետի համաձայն հայտին կից ներկայացվել է.

1. փաստաթուղթ՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,

2. ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,

3. տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,

4. տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,

5. էթիկայի կանոնագիր,

6. էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,

7. լիցենզավորման մրցույթին մասնակցելու համար «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:

2021 թվականի ապրիլի 27-ի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դռնբաց նիստում Ընկերությունը մինչև 30 րոպե տևողությամբ հրապարակել է իր հայտը և կից փաստաթղթերը։

Ընկերության հայտը և կից փաստաթղթերը ներկայացվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացված փաստաթղթերն ամբողջական են, դրանցում ակնհայտ կեղծ տվյալներ չեն հայտնաբերվել:

 Ընկերության հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է․

 Ընկերության նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթի համաձայն Ընկերությունը նպատակ ունի դառնալ ընտանեկան հեռուստաընկերություն, որի եթերում լինելու են տեղեկատվական, կրթական, դաստիարակչական, մանկական, մշակութային, մարզական և ժամանցային ուղղվածության հաղորդումներ։ Հիմնականում եթերում լինելու են սեփական արտադրության հաղորդումներ և գերակայությունը տրվելու է հայերեն լեզվով հաղորդումներին։ Նախատեսվում է ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով մատուցել տեսալսողական մեդիածառայություն, որի 70 %-ը կկազմեն հայրենական արտադրության հաղորդումներ և 30 %-ը՝ սեփական արտադրության հաղորդումներ։ Յուրաքանչյուր հաղորդման համար կիրականացվի փորձնական հեռարձակում և հեռուստադիտողի դրական գնահատականի ու մարքեթինգային հետազոտության դրական արդյունքի դեպքում կպլանավորվի այդ հաղորդման արտադրությունը, հակառակ դեպքում՝ տվյալ հաղորդման նախագիծը կդադարեցվի։ Ընկերությունը պարտավորվում է ղեկավարվել օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության, բազմազանության և բազմակարծության սկզբունքներով, ապահովել կարծիքն արտահայտելու իրավունքի, խղճի, մտքի, դավանանքի, ինչպես նաև ստեղծագործական ազատությունը։

 Որպես ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթուղթ ներկայացվել է բանկի կողմից տրամադրված տեղեկանք՝ Ընկերության հիմնադրի հաշվին առկա մնացորդի վերաբերյալ, որը դիտարկվում է որպես նախնական ֆինանսավորում։ Ընկերությունը պլանավորում է եկամուտների աճ՝ գովազդային շուկայի ընդլայնման, պետական տենդերների մասնակցության, առաջիկա ընտրություններին հավելյալ պատվերների, դրամաշնորհային ծրագրերի ավելացման հաշվին։

 Ընկերության կողմից ներկայացվել է նաև օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև աշխատակազմի կառուցվածքային գծպատկերը՝ ըստ նախատեսվող ստորաբաժանումների և պաշտոնների։

 Անհրաժեշտ է ընդգծել, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հանրային մուլտիպլեքսը դիտարկում է որպես ազգային մեդիահարթակ, որի սլոթերով հեռարձակվող տեսալսողական ծրագրերի բովանդակությունը պետք է արտացոլի հանրային պահանջմունքների և հետաքրքրությունների բազմազանությունը։

 Տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, հանրային մուլտիպլեքսների գործունեության միջազգայնորեն ընդունված հայեցակարգերն ու չափորոշիչները նախատեսում են, որ սլոթերի օգտագործման լիցենզիա ստացած տեսալսողական մեդիածառայություններ մատուցողները պետք է ունենան կառավարման և ֆինանսավորման թափանցիկ համակարգ, լինեն անկախ ու վստահելի, ապահովեն հաղորդումների բարձր որակ, ինչպես նաև առանցքային դերակատարում ունենան ազգային մշակույթի պահպանման և պաշտպանության, ազգային ինքնության ձևավորման գործում։

 «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 37-րդ կետի համաձայն մրցույթում հաղթող մասնակցի ընտրության ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հաշվի է առնում հետևյալ չափանիշները՝ սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը, հայերեն հաղորդումների գերակայությունը, բազմակարծությունը խթանելու կարողությունը, հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները, աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը, ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը, գործող լիցենզավորված հեռարձակողի դեպքում՝ գործունեության իրականացման ընթացքում սլոթի օգտագործման լիցենզավորման հայտով ստանձնած պարտավորություններին համապատասխանությունը:

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները փակ վարկանիշային քվեարկության միջոցով կատարում են մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը, իսկ 32-րդ կետի համաձայն Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամբողջ թվերով՝ 20 միավորային սանդղակով գնահատում է գնահատման թերթիկում նշված յուրաքանչյուր չափանիշը՝

1. սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը,

2. հայերեն հաղորդումների գերակայությունը,

3. բազմակարծությունը խթանելու կարողությունը,

4. հայտատուի տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները,

5. աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը,

6. ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը:

  Վարկանիշային քվեարկությունից առաջ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հանդես չեն եկել հայտարարությամբ և միջնորդությամբ:

 Վարկանիշային փակ քվեարկություն ապահովելու նպատակով անցկացվել է վիճակահանություն, որի ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով վերցրել են հանձնաժողովի անդամների թվին համապատասխան վիճակահանության՝ թվագրում պարունակող թերթիկները և փոխանցել հանձնաժողովի քարտուղարին, որը վիճակահանության թերթիկներում նշված թվագրումով գնահատման թերթիկները տրամադրել է հանձնաժողովի անդամներին:

  Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով ներկայացված հայտը և կից փաստաթղթերը, աշխատակազմի կողմից կազմված Ընկերության վերաբերյալ տվյալները, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները հայտը գնահատել են հետևյալ միավորներով.

 

հ/հ

Գնահատման չափորոշիչը

«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊԸ

Գնահատման թերթիկի համարը

1

2

3

4

5

6

7

1

սեփական արտադրության հաղորդումների գերակայությունը

10

11

10

9

11

12

11

2

հայերեն հաղորդումների գերակայությունը

16

15

15

14

15

14

16

3

բազմակարծությունը խթանելու կարողությունը

9

9

8

8

8

8

9

4

տեխնիկական և ֆինանսական հնարավորությունները

11

10

11

8

10

8

11

5

աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը

6

6

7

6

6

7

6

6

ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային մնայուն արժեքների ճանաչողությանն ու ամրապնդմանն ուղղված հաղորդումների գերակայությունը

10

9

10

8

9

9

9

Ամփոփիչ միավորները

62

60

61

53

59

58

62

Վարկանիշային միավորը

415

 Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի համաձայն անցողիկ շեմ է համարվում տվյալ մրցույթում հնարավոր առավելագույն վարկանիշային միավորի մեկ երրորդը, այն է՝ 280 միավորը։

  Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 46-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ, 10-րդ մասերի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով վարկանիշային քվեարկությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.

1. «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը ճանաչել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային սփռման մրցույթի հաղթող և տրամադրել ՀՀ Արարատի մարզի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

Տ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան