Գլխավոր տեղեկություն
Համար
N 650-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 30.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2021 թվականի N 650-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-825-28.12.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետի պաշտոնակատար

Տ. Ավինյան

 

Երևան

 

29.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-825-28.12.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից շրջանառության մեջ դրված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի 13-րդ գլխում զետեղված` ձերբակալում դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման վերաբերյալ կարգավորումները քրեական դատավարության գործող օրենսգրքի 17-րդ գլխում ամբողջությամբ և նույնությամբ տեղայնացնելու մոտեցումն ընդունելի չէ, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով ձերբակալման առանձին տեսակներին ներկայացվող ժամկետային սահմանափակումները փոխկապակցված են նախագծով ներդրված նոր տրամաբանությանը համահունչ` քրեական հետապնդման հարուցման ժամկետային սահմանափակումների հետ, որոնք չեն համապատասխանում քրեական դատավարության գործող օրենսգրքով սահմանված կարգավորումներին, ինչպես նաև չի սահմանվել ձերբակալման հասկացությունը, որն առաջարկվող փոփոխությունների պայմաններում, ըստ էության, չի կարող ունենալ գործող օրենսգրքով դրան տրված իմաստը, հետևաբար, ներկայացնում ենք օրենքի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության համար ընդունելի խմբագրությունը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 128-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Ձերբակալումը անձի կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու նպատակով նրան» բառերը փոխարինել «Ձերբակալումն անձին» բառերով.

2) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

3) 3-րդ մասի 2-րդ կետում «քրեական հետապնդման մարմնի» բառերը փոխարինել «քննիչի» բառով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 130-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 130. Ձերբակալումն ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար

 

1. Ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչը որոշում է կայացնում մեղադրյալին ձերբակալելու մասին: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառը, ինչպես նաև հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննության մարմնի աշխատակիցը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են` մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննության մարմնի աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

4. Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան արգելանքի վերցնելու պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալն արգելանքի վերցնելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 131-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 131. Խափանման միջոցի պայմանները խախտած մեղադրյալի ձերբակալումը

 

1. Եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի պայմանները, քննիչը որոշում է կայացնում նրան ձերբակալելու մասին` միաժամանակ մեղադրյալի կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելով դատարան: Որոշման մեջ նշվում են այն կազմելու տարին, ամիսը, օրը, մեղադրյալի տվյալները, ձերբակալման հիմքը և պատճառը, ինչպես նաև հետաքննության այն մարմինը, որին հանձնարարվում է ձերբակալման իրականացումը:

2. Մեղադրյալին սույն հոդվածով նախատեսված հիմքով կարելի է ձերբակալել միայն այն դեպքում, երբ սույն օրենսգրքի դրույթները թույլ են տալիս նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

3. Հետաքննության մարմնի աշխատակիցը մեղադրյալին ձերբակալելուց առաջ ստորագրությամբ նրան է հանձնում ձերբակալման որոշման պատճենը: Ազատությունից փաստացի զրկվելուց անմիջապես հետո մեղադրյալը բերվում է քննիչի մոտ: Մեղադրյալին քննիչի մոտ բերելու փաստն ամրագրվում է անձի ձերբակալման արձանագրության մեջ: Արձանագրության մեջ նշվում են` մեղադրյալի անունը, ազգանունը, հայրանունը, նրան ազատությունից փաստացի զրկելու տարին, ամիսը, օրը, ժամը, րոպեն, վայրը, պայմանները և հիմքերը, ձերբակալում իրականացրած հետաքննության մարմնի աշխատակցի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ձերբակալված մեղադրյալի հայտարարությունները, ձերբակալված մեղադրյալին քննիչի մոտ բերելու և արձանագրություն կազմելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն:

4․ Ձերբակալման որոշմանը, որպես դրա բաղկացուցիչ մաս, կցվում է ձերբակալման արձանագրությունը: Ձերբակալման որոշման և ձերբակալման արձանագրության պատճեններն անհապաղ ուղարկվում են հսկող դատախազին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով իրականացված ձերբակալումը չի կարող տևել 24 ժամից ավելի: Նշված հիմքով ձերբակալված մեղադրյալը պետք է դատարան տարվի ոչ ուշ, քան արգելանքի վերցնելու պահից 12 ժամվա ընթացքում: Հակառակ դեպքում անձը պետք է ազատ արձակվի:

6. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով ձերբակալված մեղադրյալն արգելանքի վերցնելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման։»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունից «ազատության մեջ գտնվող մեղադրյալի կամ» բառերը հանել:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան