ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2021 թվականի N 800-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-906-23.03.2021-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-906-23.03.2021-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետևյալը՝
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ օրենսգիրք) լրացնել նոր 226.3-րդ հոդվածով, որով պատասխանատվություն է նախատեսվում կեղծանուն աղբյուրով համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար։
Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով ամրագրվում է կարծիքի արտահայտման ազատությունը՝ որպես յուրաքանչյուր անձի՝ իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք, որը ներառում է սեփական կարծիքն ունենալու, ինչպես նաև տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը։
Նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում են կարծիքի ազատության սահմանափակման հիմքերը, այն է՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը։
Արտահայտման ազատությունը երաշխավորված է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա) 10-րդ հոդվածով, որի երկրորդ կետի համաձայն՝ արտահայտման ազատությունը սահմանափակող նորմերը պետք է նախատեսված լինեն օրենքով և անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակական անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաև այլոց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդատվական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում բազմիցս նշել է, որ արտահայտման ազատությունը կազմում է ժողովրդավարական հասարակության հիմքերից և վերջինիս զարգացման հիմնարար պայմաններից մեկը։ Եվրոպական դատարանը նշել է, որ արտահայտման ազատությունը վերաբերելի է ոչ միայն այն տեղեկություններին, որոնք դրական արձագանք են ստանում կամ վիրավորական չեն, այլև վիրավորական, սադրիչ կամ անհանգստացնող տեղեկատվությանը։
Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում օգտագործվող «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» արտահայտությունը Եվրոպական դատարանը մեկնաբանում է որպես հրատապ սոցիալական անհրաժեշտության առկայություն1՝ նշելով, որ գնահատելիս՝ արդյոք պետությունների կողմից կիրառված միջոցները համաչափ են և չեն կազմում 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում, անհրաժեշտ է հաշվի առնել մի շարք հանգամանքներ, այդ թվում, ի թիվս այլնի՝ որքանով է խոսքը նպաստում հանրային շահի վերաբերյալ քննարկման անցկացմանը2։
Կարծիքների և խոսքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի, Ամերիկյան պետությունների կազմակերպության խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի և Մարդու և ազգային իրավունքների աֆրիկյան հանձնաժողովի՝ արտահայտման ազատության և տեղեկատվության հասանելիության հարցերով հատուկ զեկուցողի՝ 2015 թվականի մայիսի 4-ի համատեղ հայտարարությամբ շեշտվել է, որ պետությունները չպետք է արձագանքեն ճգնաժամային իրավիճակներին՝ ընդունելով արտահայտման ազատության լրացուցիչ սահմանափակումներ՝ բացառությամբ ստեղծված իրադրությամբ խստորեն արդարացված դեպքերում և մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին համապատասխան։ Հայտարարությամբ արձանագրվել է նաև, որ արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում պետք է նպատակ հետապնդի պաշտպանել միջազգային իրավունքով պաշտպանվող իրավաչափ շահը և անհրաժեշտ ու համաչափ լինի այդ շահի պաշտպանության համար, իսկ քրեաիրավական միջոցների կիրառումը պետք է խստորեն համապատասխանի միջազգային ստանդարտներին՝ չտրամադրելով հատուկ պաշտպանություն պաշտոնյաներին և չպարունակելով անորոշ կամ չափազանց լայն տերմիններ3։
Վերոշարադրյալի համատեքստում հարկ է նշել, որ հոդվածում օգտագործվող «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերե արտահայտությունը խնդրահարույց է իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից. ո՛չ օրենսգիրքը և ո՛չ էլ նախագիծը չեն սահմանում այս հասկացությունը, ինչի արդյունքում լրացվող հանցագործության հատկանիշ համարվող տեղեկությունների շրջանակը ոչ հստակ և գնահատողական է թվում, հասկանալի չեն նաև այն չափանիշները, որոնց հիման վրա պետք է գնահատվի՝ արդյոք կոնկրետ հարցը ներկայացնում է հանրային հետաքրքրություն, թե ոչ: Միաժամանակ, քննարկվող ձևակերպումը կարող է ընդգրկել հարցերի խիստ լայն շրջանակ, այդ թվում՝ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով խոսքի ազատության սահմանափակման իրավաչափ նպատակ հանդիսացող հիմքերի շրջանակից դուրս, ինչն ինքնին հանգեցնելու է իրավիճակների, երբ հոդվածի կիրառումը հանդիսանալու է կարծիքի ազատ արտահայտման՝ կոնվենցիոն և սահմանադրական իրավունքի խախտում։ Այս առնչությամբ կարևոր է հաշվի առնել նաև, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ հանրային շահին վերաբերող կամ հանրության կողմից լայնորեն քննարկվող հարցերին առնչվող խոսքի թույլատրելի սահմանափակումների շրջանակն էլ ավելի նեղ է4։
Միաժամանակ, հարկ է նշել, որ ընտրական օրենսդրության բարեփոխումների շրջանակներում կազմված նախագծերի փաթեթում տեղ է գտել նմանաբովանդակ հանցակազմ՝ հետևյալ ձևակերպմամբ՝
«Հոդված 154.15. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելը
1. Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ տեղեկատվական կամ հաղորդակցության տեխնոլոգիաների միջոցով նույնականացման ոչ ենթակա աղբյուրով վարկանիշը էապես վնասելու նպատակով կեղծ տեղեկություններ հրապարակելը, որը կատարվել է՝
1) միևնույն ընտրությունների ժամանակ երկու կամ ավելի անգամ,
2) շահադիտական նպատակներով,
3) մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ,
4) վարչական ռեսուրսի օգտագործմամբ,
5) երկու կամ ավելի նույնականացման ոչ ենթակա աղբյուրի միջոցով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով:
3. Սույն հոդվածով նույնականացման ոչ ենթակա աղբյուր է համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը, որը տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են օգտագործողից (ընթերցողից)։»:
Հատկանշական է, որ նախագծերի փաթեթի վերաբերյալ կարծիքում Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ որոշ դեպքերում Եվրոպական դատարանը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում է արձանագրել նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման համար անձանց պատասխանատվության ենթարկելը։ Եվրոպական դատարանը շեշտել է նախընտրական շրջանում տեղեկատվության և կարծիքների ազատ շրջանառության անհրաժեշտությունը՝ միաժամանակ ընդգծելով նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման դեմ պայքարի կարևորությունը։
Այս առնչությամբ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է ամրագրվող օրենսդրական կարգավորումների՝ հստակության և որոշակիության չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությունը և նշել, որ այս առումով «կեղծ տեղեկություններե արտահայտությունը նախընտրելի է, քանի որ տեղեկատվության կեղծ լինելը շատ դեպքերում ենթակա է օբյեկտիվ գնահատման։ Միաժամանակ, Վենետիկի հանձնաժողովի կողմից առաջարկվել է քննարկել այս ձևակերպման առնչությամբ առավել բարձր ստանդարտի սահմանումը, ինչպիսին կարող է լինել պահանջն առ այն, որ կեղծ տեղեկատվության տարածումը հետապնդի ընտրողներին մոլորեցնելու նպատակ5։
Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հաշվառմամբ հոդվածը խմբագրվել է՝ եվրոպական ստանդարտներին առավելագույնս համապատասխանեցնելու նպատակով։
Ըստ այդմ, վերոշարադրյալը հաշվի առնելով, խուսափելու համար կարծիքի արտահայտման ազատության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքի անհամաչափ սահմանափակումներից, ինչպես նաև օրենսգրքում անորոշ և կիրառման խիստ լայն շրջանակով հանցակազմերի ամրագրումից՝ առաջարկում ենք քննարկվող հոդվածը խմբագրել՝ շարադրելով այն վերևում ներկայացված՝ նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվության տարածման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի տեքստին համահունչ։
Ըստ այդմ, առաջարկում ենք նախագծերի փաթեթից հանել «Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Հաշվի առնելով, որ այս նախագծով սահմանվող՝ «կեղծանուն աղբյուրե հասկացությունը չի օգտագործվում օրենքի այլ դրույթներում և տեղ է գտել միայն օրենսգրքում լրացվող հոդվածում, առավել նպատակահարմար է հասկացությունը սահմանել հենց օրենսգրքում։
2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է քրեականացնել համացանցում կեղծանուն աղբյուրով անձին վիրավորելն ու զրպարտելը։
Այս առնչությամբ հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե), «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 34-րդ ընդհանուր մեկնաբանությունում անդրադառնալով զրպարտության մասին օրենքներին, կոչ է արել անդամ պետություններին՝ դիտարկել զրպարտության ապաքրեականացումը։ Բացի այդ, Կոմիտեի կողմից նշվել է, որ քրեաիրավական պատասխանատվության միջոցների կիրառումը կարող է ընդունելի համարվել ծանրագույն դեպքերում, իսկ զրպարտության համար նշանակված ազատազրկումը խոսքի ազատության անհամաչափ սահմանափակում է6։
Զրպարտության համար ազատազրկումը՝ որպես պատիժ սահմանելու կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնել նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ 2007 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված թիվ 1557(2007) բանաձևում (այսուհետ՝ բանաձև), որով ԵԽԽՎ-ն կոչ է արել Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին հրաժարվել զրպարտության դեպքում ազատազրկումը՝ որպես պատիժ նախատեսելուց7։
Նման մոտեցումը համահունչ է նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատությունը տարածվում է նաև վիրավորական, ցնցող և անհանգստություն պատճառող գաղափարների և տեղեկատվության վրա՝ ելնելով բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջներից, որոնց վրա հիմնվում է ժողովրդավարական հասարակությունը8։
Ինչ վերաբերում է համացանցում կեղծանուն աղբյուրների միջոցով տարածվող խոսքին՝ անհրաժեշտ է արձանագրել, որ Եվրոպական դատարանը, թեև արձանագրելով, որ համացանցի միջոցով տեղեկատվության տարածմամբ անձանց անձնական կյանքը հարգելու իրավունքը խախտելու ռիսկն ավելի բարձր է, քան զանգվածային լրատվության միջոցների դեպքում9, միաժամանակ շեշտում է, որ Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման առկայության համար վիրավորական կամ զրպարտիչ խոսքը պետք է լրջության որոշակի մակարդակի լինի։ Այս առնչությամբ Եվրոպական դատարանը փաստում է, որ միլիոնավոր օգտատերեր ամեն օր տեղադրում են այս կամ այն հարցի առնչությամբ իրենց մեկնաբանությունները, և հաճախ վերջիններիս խոսքը կարող է վիրավորական կամ զրպարտիչ դիտարկվել։
Նման մոտեցմանը համահունչ՝ Եվրոպական դատարանը մի շարք դեպքերում Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող խոսք է համարում համացանցում, այդ թվում՝ կեղծանուն աղբյուրներով հրապարակված խոսքը, թեև արձանագրում է, որ օգտատերերի կողմից արված մեկնաբանությունները վիրավորական էին և կարող են որակվել որպես «վուլգար խոսքե։ Հիմնական գործոնը, որը Եվրոպական դատարանն այս դեպքերում հաշվի է առնում, նման խոսքի՝ համացանցում հաղորդակցության տարածման եղանակ լինելն է10։
Կարևոր է արձանագրել, որ նշված դեպքերում այն հանգամանքը, որ խոսքը հրապարակվել է կեղծանուն աղբյուրների կողմից, Եվրոպական դատարանի կողմից չի գնահատվում որպես այդ խոսքի ազդեցությունը խստացնող կամ խոսքը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջներին անհամապատասխան դարձնող։ Այս առնչությամբ հարկ է նշել նաև, որ համացանցում անոնիմության իրավունքը տարիներ շարունակ եղել է և շարունակում է մնալ միջազգային հանրության քննարկման առարկա։ Դեռևս 2003 թվականի մայիսի 28-ին ԵԽ նախարարական խորհրդի կողմից ընդունված՝ Համացանցում հաղորդակցության ազատության վերաբերյալ հայտարարությունում նշվում է, որ պետությունները պետք է հարգեն օգտատերերի ցանկությունը՝ չբացահայտել իրենց ինքնությունը՝ ապահովելու համար առցանց լրտեսումից պաշտպանությունը և տեղեկատվության ու գաղափարների ազատ արտահայտումը11։
Սույն սկզբունքն իհարկե չպետք է խանգարի հանցագործությունների բացահայտմանը կամ ծառայի որպես իրավունքների չարաշահման միջոց։ Միաժամանակ, օրենսգրքում կեղծանուն աղբյուրի կողմից հրապարակված վիրավորական խոսքի հրապարակումը քրեականացնելը կարող է ինքնին դիտվել որպես վերոշարադրյալ սկզբունքի խախտում, քանի որ մնացած բոլոր դեպքերում վիրավորանքի և զրպարտության համար անձինք ենթակա են քաղաքացիաիրավական պատասխանատվության։
Հարկ է նշել նաև, որ գնահատելիս՝ արդյոք կիրառված միջոցը համահունչ է Եվրոպական կոնվենցիայի պահանջներին, Եվրոպական դատարանը հաշվի է առնում նաև նշանակված սանկցիայի բնույթն ու խստությունը և դրա համաչափությունը կատարված արարքին12։ Այս առումով հարկ է վերստին նկատել, որ ինչպես Կոմիտեի, այնպես էլ ԵԽԽՎ-ի կողմից արձանագրվել է զրպարտության դեպքում ազատազրկումը՝ որպես պատիժ կիրառելու անթույլատրելիությունը։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ լրացվող հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում ազատազրկումը՝ որպես պատիժ նախատեսելը խնդրահարույց է թվում։
Կարևոր է նշել նաև, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որպես կանոն, նախընտրում են կիրառել ապատեղեկատվության և համացանցով տարածվող զրպարտիչ կամ վիրավորական խոսքի դեմ պայքարի այլ՝ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական միջոցներ, ինչպես նաև խնդրի երկարաժամկետ լուծման նպատակին ծառայող ռազմավարություններ ու միջոցառումների ծրագրեր։ Եվրոպական միության կողմից, օրինակ, ընդունվել է ապատեղեկատվությանն առնչվող պրակտիկայի օրենսգիրքը, որով ձեռնարկվելիք հիմնական գործողությունների շարքում նշվում են քաղաքական գովազդին ուղղված պահանջների ամրագրումն անդամ պետությունների օրենսդրություններում, ավտոմատացված համակարգերի (ներառյալ՝ automated bots) օգտագործման թույլատրելի դեպքերի սահմանափակումը, մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկումը և այլն13։
Տարածված և Եվրոպական դատարանի կողմից Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով պետությունների ստանձնած պոզիտիվ պարտավորություններին համահունչ ճանաչված պրակտիկա է նաև համացանցում վիրավորական, զրպարտիչ կամ կեղծ տեղեկատվություն պարունակող նյութն արգելափակելը կամ հեռացնելը՝ նման իրավասություն և գործնական հնարավորություն ունեցող կազմակերպության կամ մարմնի կողմից14։
Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նաև նշել, որ նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող հանցագործության միակ և անմիջական օբյեկտ կարող են լինել անձի պատվի, արժանապատվության և բարի համբավի ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունները, հետևաբար նպատակահարմար չէ այն ընդգրկել Օրենսգրքի 23-րդ գլխով նախատեսված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում:
Ամփոփելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծի տեքստից հանել առաջարկվող 2-րդ հոդվածը։
Բացի այդ, նախագծով լրացվող հոդվածների համապատասխան մասերն առաջարկվում է նախատեսել Օրենսգրքի 6-րդ հավելվածում՝ կոռուպցիոն հանցագործությունների ցանկում, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ խնդրո առարկա հանցակազմերն իրենց բնույթով կոռուպցիոն չեն։
Վերոգրյալի համատեքստում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումներն անմիջականորեն առնչվում են և ածանցված են նախագծի 2-րդ հոդվածից՝ կարծում ենք, որ այս նախագծի ընդունումը նպատակահարմար չէ՝ նկատի ունենալով վերոշարադրյալ նկատառումները։ Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն անհրաժեշտ է խմբագրել՝ եզրակացությունում ներկայացված նկատառումների հաշվառմամբ։
__________________
1 Տե'ս Սթիլն ու Մորրիսն ընդդեմ Միացյալ Թագավորության (Steel and Morris v. the United Kingdom), դիմում no. 68416/01, 2005 թվականի փետրվարի 15-ի վճիռ, § 87, ՄՌՍ-ն ընդդեմ Շվեյցարիայի (Mouvement raսlien suisse v. Switzerland [GC]), դիմում no. 16354/06, 2012 թվականի հուլիսի 13-ի վճիռ, § 48, «Էնիմըլ Դեֆենդերս Ինթերնեշընըլ»-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (Animal Defenders International v. the United Kingdom [GC]), դիմում no. 48876/08, 2013 թվականի ապրիլի 22-ի վճիռ, § 100, Դելֆին ընդդեմ Էստոնիայի (Delfi AS v. Estonia), դիմում no. 64569/09, § 131
2 ԳՌԱ Ռասիզմի և անտիսեմիտիզմի դեմ հիմնադրամն ընդդեմ Շվեյցարիայի, (GRA Stiftung gegen Rassismus und Antisemitismus v. Switzerland), դիմում no. 18597/13, 2018 թվականի հունվարի 9-ի վճիռ, § 56
3 https://www.osce.org/files/f/documents/a/0/154846.pdf
4 Տե'ս Թոման ընդդեմ Լյուքսեմբուրգի (Thoma v. Luxembourg), դիմում no. 38432/97, 2001 թվականի մարտի 29-ի վճիռ, § 58
5 https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-PI(2021)006-e
6 https://www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/GC34.pdf
7 https://assembly.coe.int/nw/xml/XRef/Xref-XML2HTML-en.asp?fileid=17552&lang=en
8 Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի (Oberschlick v. Austria (no. 1)), դիմում no. 11662/85, 1991 թվականի մայիսի 23-ի վճիռ, § 57
9 Տե'ս Մագյար Ջետի ԶՐՏ-ն ընդդեմ Հունգարիայի (Magyar Jeti ZRT v. Hungary), դիմում no. 11257/16, 2018 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռ, § 66
10 Տե'ս Թամիզն ընդդեմ Միացյալ Թագավորության (Tamiz v. the UK), դիմում no. 3877/14, 2017 թվականի սեպտեմբերի 19-ի վճիռ, §§ 80-81, ՄԹԷ-ն և Index.hu ZRT-ն ընդդեմ Հունգարիայի (Magyar Tartalomszolgոltatցk EgyesՖlete and Index.hu ZRT v. Hungary), դիմում no. 22947/13, 2016 թվականի փետրվարի 2-ի վճիռ, §§ 76-77
11 https://search.coe.int/cm/Pages/result_details.aspx?ObjectId=09000016805dfbd5
12 Կումպանան և Մազարեն ընդդեմ Ռումինիայի (Cumpana and Mazare v. Romania), դիմում no. 33348, 2004 թվականի դեկտեմբերի 17-ի վճիռ, § 111
13 https://digital-strategy.ec.europa.eu/en/policies/code-practice-disinformation
14 Տե'ս, օրինակ, Դելֆին ընդդեմ Էստոնիայի (Delfi AS v. Estonia), դիմում no. 64569/09, § 131
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|