ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում |
ԵԴ/0161/11/18 | ||
Գործ թիվ ԵԴ/0161/11/18 |
|||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Ավետիսյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
Ա. Պողոսյանի |
2021 թվականի ապրիլի 13-ին |
ք. Երևանում |
գրավոր ընթացակարգով
քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ավագ հետաքննիչ Ա.Մնացականյանի՝ (այսուհետ` նաև Հետաքննիչ) 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ Արփինե Սուքիասյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:
Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի՝ 2018 թվականի մարտի 23-ի որոշմամբ Ա.Սուքիասյանի բողոքը մերժվել է, և հաստատվել է քրեական գործի հարուցումը մերժելու օրինականությունը:
2. Դիմող Ա.Սուքիասյանը բողոք է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ խնդրելով վերացնել Հետաքննիչի՝ 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշումը և իր իրավունքների ու ազատությունների խախտումը:
Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշմամբ դիմող Ա.Սուքիասյանի բողոքը բավարարել է և վերացրել Հետաքննիչի՝ 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշումը:
3. Դատախազ Ս.Մովսիսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 6-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ա.Սուքիասյանի հաղորդման համաձայն՝ 2013 թվականին մորաքրոջ որդու` Ռուբեն Խաչատրյանի խնդրանքով, վերջինիս ընկերոջը՝ Արթուր Սարուխանյանին, պատկանող ոսկյա զարդերը գրավադրվել են «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲ ընկերությունում, որի վերաբերյալ իր անվամբ կնքվել է գրավով վարկային պայմանագիր, որի դիմաց տրված գումարը փոխանցել է Ա.Սարուխանյանին, իսկ վերջինս պարտավորվել է պատշաճ կերպով կատարել ամսական վճարումները, սակայն հետագայում խոստացված պարտավորությունը չի կատարել, ինչի արդյունքում բանկը քաղաքացիական հայցով դիմել է դատարան՝ իրենից գումար բռնագանձելու հայցապահանջով1:
6. 2017 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 19:00-ին, Հետաքննիչն այցելել է Ներքին Շենգավիթ, 15-րդ փողոցի 11բ տուն՝ նպատակ ունենալով նշված տան բնակիչ Արթուր Սարուխանյանից բացատրություն վերցնել, սակայն նշված տանը որևէ անձ չի եղել2։
7. Ա.Սուքիասյանի՝ 2017 թվականի օգոստոսի 4-ի լրացուցիչ բացատրության համաձայն, բանկի հետ վարկային պայմանագիրը ստորագրել և իր անվամբ ոսկյա զարդերը գրավ դնել իրեն ոչ ոք չի ստիպել և չի սպառնացել, դա արել է իր ցանկությամբ և կամքով, գիտակցել է, որ պայմանագրի խախտման դեպքում պատասխանատվություն կրելու է ինքը: Նշել է նաև, որ պայմանագիրը ստորագրելուց առաջ բանկի աշխատակցի կողմից իրեն առաջարկվել է ծանոթանալ վարկային պայմանագրի պայմաններին, սակայն ինքը չի կարդացել պայմանները և ստորագրել է այն: Բացի այդ, վերջինս հայտնել է նաև, որ Ա.Սարուխանյանը երբևէ չի հրաժարվել իր պարտավորությունները կատարելուց, պարզապես ինչ-ինչ պատճառներով չի կարողացել դրանք կատարել3։
8. Քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշման մեջ Հետաքննիչը նշել է հետևյալը. «(...) Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ (...) Արփինե Մելսիկի Սուքիասյանը, (...) վստահելով Ռ.Խաչատրյանին և ճանաչելով Ա.Սարուխանյանին, համաձայնել է նրա առաջարկի հետ և թվով 6 հատ 9 գրամ քաշով 958 հարգի ոսկյա զարդերը գրավադրել է Երևան քաղաքի Սվաճյան 32 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկի» մասնաճյուղում և դրա դիմաց ստացած մոտ 1.000.000 ՀՀ դրամը հանձնել է Ա.Սարուխանյանին։ Վերջինս (...) գումարը ստանալու պահին վճարել է 3 ամսվա տոկոսադրույքը։ Դրանից հետո Ա.Սարուխանյանը դադարել է վճարել տոկոսադրույքները (...) ։
(...) Այսպիսով նյութերի նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Ա.Սարուխանյանը որևէ դիտավորություն չի ունեցել խաբեությամբ Ա.Սուքիասյանին գույքային վնաս պատճառելու, ուստի վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի հանցակազմը, իսկ Ա.Սուքիասյանի և Ա.Սարուխանյանի միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով»4:
9. Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի՝ 2018 թվականի մարտի 23-ի որոշմամբ արձանագրվել է, որ «(…) [Ա]ռկա չէ բավարար ապացույցների համակցություն առ այն, որ Ա.Սարուխանյանը, չկատարելով ոսկյա զարդերի գրավադրմամբ ստացված վարկի մարումները, Ա.Սուքիասյանին գույքային վնաս պատճառելու դիտավորություն է ունեցել: Ավելին, ըստ նյութերում առկա տեղեկությունների՝ Ա.Սարուխանյանը վարկ վերցնելուց անմիջապես հետո կատարել է երեքից չորս ամիսների մարումները:
(…) [Ա]կնհայտ է, որ Ա.Սուքիասյանի և Ա.Սարուխանյանի միջև առկա է քաղաքացիաիրավական բնույթի վեճ՝ Ա.Սարուխանյանի կողմից վարկային պարտավորությունները կատարելու հարցի շուրջ, ուստի վերջիններիս միջև առկա վեճը ենթակա է լուծման քաղաքացիական իրավունքի նորմերին համապատասխան և քաղաքացիական դատավարության կարգով:
(…) Այսպիսով, նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Սարուխանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով, այդ թվում՝ 184-րդ հոդվածով նախատեսված որևէ արարք կատարելու փաստի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել (…)»5:
10. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ փաստել է հետևյալը. «(…) Դատարանն արձանագրում է, որ քրեական հետապնդման մարմնի կողմից չի դրսևորվել պատշաճ ջանասիրություն Արփինե Սուքիասյանի կողմից նշված հանգամանքները պարզելու համար:
Այսպես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի ավագ հետաքննիչ Ա.Մնացականյանը՝ 31.07.2017 թվականին ստանալով Արփինե Սուքիասյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը (…), կատարել է հետևյալ գործողությունները՝ 03.08.2017 թվականին՝ ժամը 19:00-ին այցելել է Արթուր Սարուխանյանի բնակության վայրը և արձանագրել, որ տանը անձ չի եղել, ինչպես նաև 04.08.2017 թվականին լրացուցիչ բացատրություն վերցրել Արփինե Սուքիասյանից և նույն օրը որոշում կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այսպիսով, հետաքննության մարմինը ողջամիտ և բավարար միջոցներ չի ձեռնարկել Արթուր Սարուխանյանից բացատրություն վերցնելու համար՝ սահմանափակելով դրանց շրջանակը վերջինիս՝ 2017 թվականի օգոստոսի 03-ին՝ ժամը 19:00-ին, տանից բացակայելու հանգամանքն արձանագրելով:
Նախապատրաստված նյութերում առկա է նաև 07.08.2017թ. թվագրված, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յու. Գուսևին հասցեագրված գրության պատճենը, որով խնդրվում է տրամադրել Արփինե Մելսիկի Սուքիասյանի կողմից Սվաճյան 32-րդ հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան բանկի» մասնաճյուղում ոսկյա զարդերի գրավի դիմաց ստացված վարկի վարկային պայմանագիրը, ինչպես նաև սեղմ ժամկետում ոստիկանության Մալաթիայի բաժին ապահովել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի կողմից լիազորված անձի՝ ոստիկանությունում հանդես գալու նպատակով: Գրության պատճենի վրա նշված ամսաթիվը (07.08.2017) ուղղված է, մասնավորապես, «07»-ը փոխված է «04»-ով, ինչն՝ ըստ դատախազ Ս.Մովսիսյանի բացատրության, հանդիսանում է տեխնիկական վրիպակի ուղղում: Մինչդեռ, եթե անգամ նշված գրությունը ուղարկվել է հասցեատիրոջը ոչ թե 07.08.2017 թվականին, այսինքն՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը կայացնելուց հետո, այլ 04.08.2017 թվականին՝ նշված որոշումը կայացնելու օրը, ակնհայտ է, որ վարույթն իրականացնող մարմինը չէր ակնկալում ստանալ դրա պատասխանը (ընդ որում, պատասխանը նախապատրաստված նյութերում առկա չէ): Հետևաբար, հարցումը կրել է ձևական բնույթ և ուղղված էր ոչ թե համապատասխան հանգամանքները պարզելուն, այլ վարույթն իրականացնող մարմնի ջանասիրության պատրանք ստեղծելուն:
Այսպիսով, վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ՝ Արփինե Սուքիասյանի հայտնած տեղեկությունները ստուգելու համար, և առանց վերջինիս կողմից վկայակոչված հանգամանքները պարզելու հետևության է հանգել այն մասին, որ «Ա.Սարուխանյանը որևէ դիտավորություն չի ունեցել խաբեությամբ Ա.Սուքիասյանին գույքային վնաս պատճառելու, ուստի վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի հանցակազմը, իսկ Ա.Սուքիասյանի և Ա.Սարուխանյանի միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով»: Դատարանը գտնում է, որ բողոքարկվող որոշման վերը նշված հետևությունը չի բխում Արփինե Սուքիասյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա փաստական տվյալներից, քանի որ դրանց համակցությունը բավարար չէ քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությունը հավաստելու համար: Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այն է՝ չի կատարվել գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ձեռք չի բերվել փաստական տվյալների բավարար համակցություն, որի հիման վրա հնարավոր կլիներ իրավական գնահատական տալ Արթուր Սարուխանյանի գործողություններին, ինչը հանգեցրել է Արփինե Սուքիասյանի` իր շահերին առնչվող գործի արդարացի քննության իրավունքի խախտմանը (…)»6:
11. Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ. «(…) Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ դիմող Ա.Սուքիասյանի հաղորդմամբ նշված հանգամանքները պարզելու ուղղությամբ քրեական հետապնդման մարմնի կողմից չի դրսևորվել պատշաճ ջանասիրություն, հիմնավոր է:
Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ (…) Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ Ա.Սուքիասյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ Արփինե Սուքիասյանի հայտնած տեղեկությունները ստուգելու համար, չի կատարել գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ձեռք չի բերել փաստական տվյալների բավարար համակցություն, որի հիման վրա հնարավոր կլիներ իրավական գնահատական տալ Արթուր Սարուխանյանի գործողություններին, իրավաչափ է և ընդունելի նաև Վերաքննիչ դատարանի համար:
Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկին, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար միջոցներ է ձեռնարկել Ա.Սարուխանյանից բացատրություն վերցնելու համար, սակայն պարզվել է, որ նա բացակայում է բնակության վայրից, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ հետաքննիչի կազմած արձանագրությունը՝ Ա.Սարուխանյանի բնակարան այցելելու և տանն անձ չլինելու մասին, որը որևէ այլ փաստական հանգամանքով կամ ապացույցով չի հաստատվել, բավարար չէ փաստելու, որ այս ուղղությամբ հետաքննիչը ձեռնարկել է բավարար միջոցներ և որ Ա.Սարուխանյանը բացակայել է բնակության վայրից, այլ ոչ թե այդ պահին տանը չի գտնվել, ինչը բացառել է նրանից բացատրություն վերցնելու հնարավորությունը: Իսկ ինչ վերաբերում է այն փաստարկին, որ բացատրություն տալուց հրաժարվելու դեպքում որևէ հարկադրանք կիրառելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ, քանի դեռ անձը չի հայտնաբերվել և փաստացի չի հրաժարվել բացատրություն տալուց, այդ մասին ենթադրություններ անելը առարկայազուրկ է, քանի որ հնարավոր չէ հաստատապես պնդել, որ Ա.Սարուխանյանը կհրաժարվեր բացատրություն տալ: Ինչ վերաբերում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին ուղարկված գրության անկարևորությանը, քանի որ հաստատվել էր հարաբերությունների քաղաքացիաիրավական բնույթը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այդ պարագայում, եթե արդեն իսկ քրեական հետապնդում իրականացնող մարմինը համոզմունք էր ձևավորել քաղաքացիաիրավական բնույթի հարաբերությունների առկայության մասին, անհասկանալի է, թե ինչ նպատակով է ուղարկվել գրությունը, եթե պատասխանը որոշում կայացնելու համար որևէ նշանակություն չէր կարող ունենալ:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ Ա.Սուքիասյանն ընդունել է, որ պայմանագիրը ստորագրել է կամավոր, գիտակցել է հետևանքները, ապա Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Ն.Դիլանչյանի գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված գույքային վնաս պատճառելը սուբյեկտիվ կողմից դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ, իսկ օբյեկտիվ կողմը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, որի դեպքում բացակայում են հափշտակության հատկանիշները: Ընդ որում, այս դեպքում վնասը կարող է դրսևորվել հանցավորի գործողությունների հետևանքով սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի համար առաջացած օրինական պարտավորությունների կատարման հետևանքով, գտնում է, որ այս պայմաններում միայն Ա.Սուքիասյանի բացատրությունը բավարար չէր գալու հետևության, որ Ա.Սարուխանյանը վերջինիս խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու որևէ դիտավորություն չի ունեցել:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ա.Սուքիասյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ և բավարար տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, որն իր հերթին հանգեցրել է Արփինե Սուքիասյանի՝ իր շահերին առնչվող գործի արդարացի քննության իրավունքի խախտմանը»7:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
12. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտի պատճառաբանություններից չի երևում, թե արդյո՞ք նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք է բերվել փաստական տվյալների այնպիսի համակցություն, որն օբյեկտիվ դիտորդին հնարավորություն կտար ենթադրություն կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված հանցագործության արտաքին հատկանիշների հավանական առկայության վերաբերյալ։ Բացի այդ, դրանում իրավական վերլուծություն չի կատարվել հանցագործության առիթի, հիմքի և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի շուրջ, և ստորադաս դատարանը բավարարվել է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների վկայակոչմամբ՝ առանց պարզելու խնդրո առարկա հանդիսացող հարցի էությունը:
Բողոքի հեղինակը նշել է, որ գործի նյութերով առկա չէ բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Ա.Սարուխանյանը, չկատարելով ոսկյա զարդերի գրավադրմամբ ստացված վարկի մարումները, Ա.Սուքիասյանին գույքային վնաս պատճառելու դիտավորություն է ունեցել, ավելին՝ ըստ գործի նյութերի՝ Ա.Սարուխանյանը վարկ վերցնելուց անմիջապես հետո կատարել է 3-4 ամիսների մարումները: Բացի այդ, Ա.Սուքիասյանն իր բացատրությամբ հայտնել է, որ նախապես ծանոթանալով պայմանագրի պայմաններին՝ իր ցանկությամբ է ստորագրել այն՝ գիտակցելով, որ պայմանագրի խախտման դեպքում նախատեսված պատասխանատվությունն անձամբ է կրելու։
Բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանը քաղաքացիաիրավական հարաբերությունների առարկան կազմող հանգամանքները դիտարկել է որպես քրեական դատավարության կարգով պարզման ենթակա հանգամանքներ:
Ըստ բողոքաբերի՝ սույն գործով բացակայում են հանցագործության հատկանիշները, վեճը վկայում է քաղաքացիական իրավահարաբերություններից բխող գործողությունների առկայության մասին: Ա.Սարուխանյանի կողմից ոսկու գրավադրման դիմաց վարկային պարտավորությունները պատշաճ կերպով չկատարելու հանգամանքները, դրա պատճառները ենթակա են պարզման քաղաքացիական դատավարության կարգով, բացառապես մասնավոր տիրույթում, որպիսի պայմաններում իրավաչափ չէ դատարանի կողմից քրեական հետապնդման մարմնի վրա քաղաքացիաիրավական վեճը քրեադատավարական գործիքակազմի կիրառմամբ լուծելու պարտականություն դնելը: Հետևաբար, դատական ակտերում վկայակոչված հանգամանքները, մասնավորապես՝ Արթուր Սարուխանյանից բացատրություն չվերցնելը կամ վարկային փաստաթղթերը բանկից չստանալը, դեռևս այդ վեճը հանրային տիրույթում քննելու և լուծելու բավարար ու հիմնավոր փաստարկներ չեն:
Բողոքի հեղինակը նշել է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը բավարար միջոցներ է ձեռնարկել Ա.Սարուխանյանից բացատրություն վերցնելու համար, սակայն պարզվել է, որ նա բացակայում է բնակության վայրից:
13. Վերոգրյալի հիման վրա, եզրահանգելով, որ նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված որևէ արարք կատարելու մասին փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով Արփինե Սուքիասյանի բողոքը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք վարույթն իրականացնող մարմնի կողմից Արփինե Սուքիասյանի հաղորդման առթիվ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու և վերջինիս իրավունքների խախտում թույլ տալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։
⚖15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելը մերժելու մասին։(…)
5. Քրեական գործ հարուցելը մերժելու վերաբերյալ բողոքի հիման վրա դատարանը վերացնում է բողոքարկվող որոշումը կամ հաստատում այն: Բողոքարկվող որոշման վերացումը պարտադիր է դարձնում դատախազի կողմից գործի հարուցումը:»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»։
Վճռաբեկ դատարանը Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) [Դ]ատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`
ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,
բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել»8։
16. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ: Հակառակ պարագայում, կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի9:
16.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ10:
17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Հետաքննիչը, դիմող Ա.Սուքիասյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 2017 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ Ա.Սարուխանյանը որևէ դիտավորություն չի ունեցել խաբեությամբ Ա.Սուքիասյանին գույքային վնաս պատճառելու, ուստի վերջինիս արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի հանցակազմը, իսկ Ա.Սուքիասյանի և Ա.Սարուխանյանի միջև առկա հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, որոնք ենթակա են լուծման դատական կարգով11,
- Հետաքննիչի նշված որոշման դեմ Ա.Սուքիասյանի բողոքը Երևան քաղաքի դատախազ Ր.Ասլանյանի որոշմամբ մերժվել է՝ փաստելով, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Սարուխանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքով, այդ թվում՝ 184-րդ հոդվածով նախատեսված որևէ արարք կատարելու փաստի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական գործ հարուցելու հիմքեր չեն հայտնաբերվել12,
- Առաջին ատյանի դատարանը դիմող Ա.Սուքիասյանի բողոքը բավարարել է` փաստելով, որ վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ՝ Ա.Սուքիասյանի հայտնած տեղեկությունները ստուգելու համար: Դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, չի կատարվել գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ձեռք չի բերվել փաստական տվյալների բավարար համակցություն, որի հիման վրա հնարավոր կլիներ իրավական գնահատական տալ Ա.Սարուխանյանի գործողություններին, ինչը հանգեցրել է Ա.Սուքիասյանի` իր շահերին առնչվող գործի արդարացի քննության իրավունքի խախտմանը13,
- Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ` արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի հետևությունն այն մասին, որ Ա.Սուքիասյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել ողջամիտ և բավարար միջոցներ Արփինե Սուքիասյանի հայտնած տեղեկությունները ստուգելու համար, չի կատարել գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ձեռք չի բերել փաստական տվյալների բավարար համակցություն, որի հիման վրա հնարավոր կլիներ իրավական գնահատական տալ Արթուր Սարուխանյանի գործողություններին, իրավաչափ է և ընդունելի նաև Վերաքննիչ դատարանի համար։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Սուքիասյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք չեն բերվել ողջամտորեն անհրաժեշտ և բավարար տվյալներ քրեական գործ հարուցելու հարցի լուծման տեսանկյունից իրավական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար, որն իր հերթին հանգեցրել է Արփինե Սուքիասյանի՝ իր շահերին առնչվող գործի արդարացի քննության իրավունքի խախտմանը14։
18. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 15-16.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ վիճարկվող որոշման դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր են և ստորադաս դատարանների կողմից նշված փաստական տվյալների ամբողջությունը նշանակություն չէր կարող ունենալ հանցագործության հատկանիշների առկայության կամ բացակայության փաստը պարզելու համար, քանի որ դրանք վերաբերել են Ա.Սուքիասյանի և Ա.Սարուխանյանի միջև առկա քաղաքացիաիրավական հարաբերություններին:
18.1. Ինչ վերաբերում է Ա.Սուքիասյանի հաղորդման հիման վրա քրեական հետապնդման մարմնի կողմից ոչ պատշաճ ջանասիրություն ցուցաբերելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռնարկված գործողությունները բավարար են եղել կողմերի միջև քաղաքացիական իրավահարաբերությունների կարգավորման տիրույթում գտնվող վեճի առկայությունը և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայությունը փաստելու համար։
18.2. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ ստորադաս դատարանների դատական ակտերում վկայակոչված հանգամանքների (Ա.Սարուխանյանից բացատրություն չվերցնելը, վարկային փաստաթղթերը բանկից չստանալը) պարզումը՝ իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթի պայմաններում, գործի համար էական նշանակություն ունենալ չէին կարող։
Ավելին, հատկանշական է, որ դիմող Ա.Սուքիասյանն իր լրացուցիչ բացատրությամբ չի մատնանշել որևէ այնպիսի փաստական տվյալ, որը կարող էր հանցագործության հատկանիշների հնարավոր առկայության մասին ողջամիտ ենթադրություն անելու հնարավորություն տալ, որևէ կերպ չի վիճարկել բանկի հետ կնքված պայմանագրի պատշաճությունը, իր կողմից սեփական կամահայտնությամբ այն ստորագրելը և իր անվամբ ոսկյա զարդեր գրավադրելը։ Ա.Սուքիասյանը հայտնել է նաև, որ գիտակցել է պայմանագրի խախտման դեպքում պատասխանատվություն կրելու ռիսկերը՝ նշելով, որ պայմանագիրը ստորագրելուց առաջ բանկի աշխատակցի կողմից իրեն առաջարկվել է ծանոթանալ վարկային պայմանագրի պայմաններին, սակայն ինքը չի կարդացել դրանք և ստորագրել է այն։ Նույն բացատրությամբ Ա.Սուքիասյանը նշել է նաև, որ Ա.Սարուխանյանը երբևէ չի հրաժարվել իր պարտավորությունները կատարելուց, պարզապես ինչ-ինչ պատճառներով չի կարողացել դրանք կատարել15։
19. Վերոնշյալ հանգամանքների համակցությունը հիմք է տալիս Վճռաբեկ դատարանին հիմնավորված համարելու վարույթն իրականացնող մարմնի այն հետևությունը, որ Ա.Սուքիասյանի և Ա.Սարուխանյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Արփինե Սուքիասյանի հաղորդման առթիվ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն իրականացրած չլինելու և վերջինիս իրավունքների խախտում թույլ տալու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։
20. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ հիմք են Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ա.Սուքիասյանի բողոքը պետք է մերժել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դիմող Արփինե Մելսիկի Սուքիասյանի բողոքի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի հոկտեմբերի 27-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշումը բեկանել ու փոփոխել: Դիմող Արփինե Սուքիասյանի բողոքը՝ մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
______________________________________
1 Տե՛ս նախապատրաստված նյութեր, թերթեր 7-8։
2 Տե´ս նախապատրաստված նյութեր, թերթ 22:
3 Տե´ս նախապատրաստված նյութեր, թերթ 24:
4 Տե´ս նախապատրաստված նյութեր, թերթ 26:
5 Տե´ս նյութեր, հատոր 1, թերթեր 19-20:
6 Տե´ս նյութեր, հատոր 2, թերթեր 19-20:
7 Տե´ս նյութեր, հատոր 2, թերթեր 51-53:
8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 18-րդ կետը:
9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի գործով 2011 թվականի փետրվարի 29-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշման 30-րդ կետը, Վարդան Մաթևոսյանի գործով 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռուդիկ Բալասանյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԿԴ/0199/01/13 որոշման 17-րդ կետը։
10 Տե'ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշման 12.1-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
12 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
13 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
15 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
Նախագահող` Հ. Ասատրյան Դատավորներ Ս. Ավետիսյան Ե. Դանիելյան Լ. Թադևոսյան Ա. Պողոսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2021 թվական: