ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
25 մայիսի 2021 թ. |
N 387-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) N1 հավելվածի 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 1.2. և 1.3. ենթակետերով.
«1.2) «Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալ».
«1.3) «Երևան» ոսկե հուշամեդալ»:
2) N1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 12.7-րդ, 12.8-րդ, 12.9-րդ, 12.10-րդ, 12.11-րդ, 12.12-րդ, 12.13-րդ, 12.14-րդ, 12.15-րդ, 12.16-րդ, 12.17-րդ, 12.18-րդ կետերով.
«12.7. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրվում են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և օտարերկրյա պետությունների քաղաքացիները՝ Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար։
12.8. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալը շրջանաձև է՝ ուղղանկյուն կախիչով, հետևի մասում՝ ասեղային ամրակով: Դիմային մասի առաջին շրջագծում երիզված է «Էրեբունի Երևան 2800» բառերը: Երկրորդ շրջագծի կենտրոնում պատվանդանի վրա կանգնած, իշխանություն խորհրդանշող գավազանը բռնած թևավոր առյուծն է և երիզված է Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող եռանկյունիներով: Ներքևի հատվածի կենտրոնում նշված է մ.թ.ա. 782՝ շրջապատված ձիթենու տերևներով: Կախիչն իրենից ներկայացնում է Էրեբունին խորհրդանշող սիմվոլ:
12.9. Հուշամեդալը պատրաստված է ոսկեպատ արույրից։
12.10. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը։
12.11. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը։
12.12. Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում։
12.13. «Երևան» ոսկե հուշամեդալով պարգևատրվում են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա պետությունների քաղաքացիները, ինչպես նաև կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները՝ Երևանի զարգացմանը նպաստելու և ակնառու հաջողությունների համար։
12.14. «Երևան» ոսկե հուշամեդալը շրջանաձև հուշամեդալ է, որի դիմային կողմը երիզված է Հայաստանի 12 մայրաքաղաքները խորհրդանշող եռանկյունիներով: Երկրորդ շրջագծի կենտրոնում Երևանի քաղաքապետարանի շենքն է (2004թ.), որի հենքը գրտառությամբ պատվանդանի վրա կանգնած, իշխանություն խորհրդանշող գավազանը բռնած թևավոր առյուծն է, իսկ շենքի գլխավերևում համայն հայության սուրբ լեռ Արարատն է: Հուշամեդալի հակառակ կողմում երիզված է եռալեզու (հայերեն, լատիներեն, ռուսերեն) գրտառության Երևան բառը: Երկրորդ շրջագծի կենտրոնում պատկերված է սեպագիր արձանագրություն, որը հավաստում է Էրեբունի ամրոցում Սուսիի տաճարի հիմնադրումը (մ.թ.ա. 782թ.):
12.15. Հուշամեդալը պատրաստված է ոսկեջրած արծաթից։
12.16. «Երևան» ոսկե հուշամեդալով պարգևատրելու որոշումը կայացնում է Երևանի քաղաքապետը։
12.17. «Երևան» ոսկե հուշամեդալը և վկայագիրը հանդիսավոր պայմաններում պարգևատրված անձին հանձնում է Երևանի քաղաքապետը։
12.18. «Երևան» ոսկե հուշամեդալով կրկնակի պարգևատրում չի կատարվում»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Երևանի քաղաքապետի |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|