Գլխավոր տեղեկություն
Համար
N 763-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.05.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

13 մայիսի 2021 թվականի N 763-Լ

   

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-936-16.04.2021-ԳԿ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


13.05.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-936-16.04.2021-ԳԿ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

      

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.

1. Նախագծի վերնագրից հանել «ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում՝

1) «հոդվածը» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասը» բառերով.

2) լրացվող 1.11-րդ կետով առաջարկվող՝ «ուսուցման ազգային ռեեստր ուսումնական ծրագրերի ու ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման գործընթաց իրականացնողների և մասնակիցների տվյալների ազգային շտեմարան, որը ձևավորվում է մասնագիտացված ու գնահատված ուսուցումներ իրականացնելու, ոլորտի շահառուների համագործակցության հնարավորությունները ընդլայնելու, արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ծառայությունների մասին տեղեկատվությունը թափանցիկ և մատչելի դարձնելու նպատակով» հասկացության ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ ինֆորմալ ուսուցումը կենսափորձի արդյունքում ձեռք բերված գիտելիքը, հմտությունն ու կարողությունն է, և ինֆորմալ ուսուցման գործընթացն իրականացնողների և մասնակիցների տվյալների ազգային շտեմարան անհնար է ստեղծել: Միաժամանակ նպատակահարմար չենք համարում հասկացության սահմանման մեջ նպատակի ներառումը, ուստի հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1.11) ուսուցման ազգային ռեեստր լրացուցիչ կրթության ծրագրեր իրականացնողների և մասնակիցների ազգային շտեմարան:».

3) 1.12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ուսումնառության արդյունքների գնահատում և ճանաչում՝ կրթության բնագավառի կառավարման պետական լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգին համապատասխանության փաստի հաստատում՝ անկախ դրանք ձեռք բերելու եղանակից»:

3. Նախագծի 2-րդ հոդվածը հանել և դրանով նախատեսված դրույթները կարգավորել ենթաօրենսդրական ակտերով, իսկ որոշ կարգավորումներ արդեն իսկ նախատեսված են նախագծի 5-րդ հոդվածում:

4. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) 6.1-ին կետը «կարգը» բառից հետո լրացնել «ներառյալ պետական նմուշի վկայականի և դրա ներդիրի ձևը․» բառերով․

2) 6.2-րդ կետը «կարգը» բառից հետո լրացնել «ներառյալ պետական նմուշի հավաստագրի և դրա ներդիրի ձևը․» բառերով։»։

Միաժամանակ պետք է հոդվածների համարակալումը վերանայել:

5. Նախագծի 5-րդ հոդվածում «հոդվածը» բառը փոխարինել «հոդվածի 1ին մասը» բառերով, «մասերով» բառը՝ «կետերով» բառով և «9.7-րդ» բառից հետո լրացնել «9.8-րդ» բառը:

6. Նախագծում անհրաժեշտ է նախատեսել եզրափակիչ և անցումային դրույթներ՝ դրանցում ամրագրելով օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, ինչպես նաև նախագծով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետները և օրենքի այն դրույթները, որոնք գործելու են տվյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելու պահից՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները, որոնց համաձայն՝ եթե օրենսդրական ակտով (բացառությամբ՝ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաև`

1) օրենսդրական ակտի այն մասերը, որոնք գործելու են ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

2) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: