Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-70-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.686
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է 2004 թվականի ապրիլի 28-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (3 դեկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-98) հաստատված կանոնագրքի 14-րդ հավելվածի «Ընդհանուր դրույթներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կայազորային կարգապահական մեկուսարանը նախատեսված է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության հիման վրա կարգապահական տույժի կարգով մեկուսացված, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի հիման վրա ձերբակալված կամ կալանավորված, դատարանի կողմից դատապարտված զինծառայողներին պահելու համար:

2. Կայազորային կարգապահական մեկուսարանում զինծառայողները պահվում են`

- կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները` մեկուսացման գրության մեջ նշված ժամանակահատվածում.

- նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշմամբ ձերբակալվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև դատարանի կողմից խափանման միջոց ընտրելը).

- կալանավորվածները` 72 ժամից ոչ ավելի (մինչև համապատասխան փաստաթղթերի պատրաստումը և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը): Բացառիկ դեպքերում, երբ մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր.

- ամբաստանյալները` մինչև դատական քննության ավարտը, սակայն 72 ժամից ոչ ավելի.

- դատարանի կողմից պատիժը կարգապահական գումարտակում կրելու դատապարտվածները` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և կարգապահական գումարտակ 72 ժամից ոչ ավելի ժամանակաընթացքում տեղափոխելը: Բացառիկ դեպքերում, երբ կարգապահական գումարտակի գտնվելու վայրի մեծ հեռավորության, տրանսպորտային և ճանապարհային հաղորդակցության անբավարարության պատճառով զինծառայողների տեղափոխությունը նշված ժամանակում հնարավոր չէ, նրանք կարող են պահվել կայազորային կարգապահական մեկուսարանում մինչև 15 օր.

- ազատազրկման դատապարտվածները` դատավճռի պատճենն ստանալու պահից 72 ժամից ոչ ավելի.

- դատավճռով պատիժը կալանքի ձևով կրելու դատապարտվածները` դատավճռով նշանակված ժամկետում.

- անսթափ վիճակում գտնվելու կամ փաստաթղթեր չունենալու համար բերման ենթարկված զինծառայողները` 24 ժամից ոչ ավելի, մինչև նրանց տույժի ենթարկելու մասին որոշում կայացնելը:

3. Կայազորային կարգապահական մեկուսարան զինծառայողներին ընդունելու հիմքեր են հանդիսանում`

- կարգապահական տույժի կարգով մեկուսացվածների համար` մեկուսացման գրությունը.

- ձերբակալվածների համար` նախաքննության կամ հետաքննության մարմնի կայացրած որոշումը` անձին ձերբակալելու մասին կամ ձերբակալման արձանագրությունը.

- կալանավորվածների համար` դատարանի որոշումը` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին.

- ամբաստանյալների համար` քննիչի, դատախազի կամ դատարանի որոշումը` «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի հիմքերով` հաստատված համապատասխան մարմնի կնիքով.

- դատապարտվածների համար` դատարանի դատավճիռը` սույն հավելվածի 2-րդ կետի 5-7-րդ պարբերություններում նախատեսված դեպքերում.

- անսթափ վիճակում գտնվող կամ փաստաթղթեր չունեցող զինծառայողների համար` պարետատան (զինվորական ոստիկանության բաժնի) հերթապահի և անձին բերման ենթարկող անձի կողմից կազմված արձանագրությունը` զինվորական պարետի կամ զինվորական ոստիկանության բաժնի պետի համապատասխան մակագրությամբ:

4. Մեկուսարանի ներքին կանոնակարգը խախտող, աշխատանքի հանդեպ անփույթ վերաբերմունք դրսևորած կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողները մեկուսարանի պետի գրավոր զեկուցագրի հիման վրա զինվորական պարետի որոշմամբ ենթարկվում են լրացուցիչ տույժի` իր իրավասության սահմաններում: Մեկուսացման ժամկետը երկարացնելու ձևով տույժ նշանակելու դեպքում լրացվում է կրկնվող մեկուսացման գրություն, որի վրա նշում է կատարվում, որ այդ մասին հայտնված է զորամասի հրամանատարությանը: Այդպիսի դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների մեկուսացման ընդհանուր ժամկետը չպետք է անցնի 20 օրից, իսկ պայմանագրային զինծառայողներինը, այդ թվում` նաև ենթասպաներինը` 10 օրից:»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնադրության 14-րդ հավելվածի «Կարգապահական մեկուսարան ուղարկելը և հսկողությունը (ուղեկցումը)» բաժնի 6-րդ կետի 3-րդ պարբերությունից և 10-րդ կետի 1-ին պարբերությունից հանել համապատասխանաբար «(մեղադրյալները)` զինվորական» և «զինվորական» բառերը:

 

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնադրության 14-րդ հավելվածի «Մեկուսարան ընդունելու կարգը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆԵԼԸ

 

12. Կայազորային կարգապահական մեկուսարան ընդունում է մեկուսարանի պետը, իսկ նրա բացակայության դեպքում` պահակախմբի պետը:

13. Մեկուսարան ընդունելիս ստուգվում է զինծառայողի համազգեստը, անհրաժեշտ իրերի առկայությունը (անձնական օգտագործման, սանիտարահիգիենիկ պարագաներ, փոխնորդ սպիտակեղեն (անհրաժեշտության դեպքում), ձմեռային բաճկոն), կատարվում է արտաքին զննում, պահպանման են վերցվում գոտեփոկերը, ծառայողական փաստաթղթերը, այն իրերը և արժեքները, որոնց խցում պահելն արգելվում է, կատարվում է մեկուսարան ընդունելու հիմք հանդիսացող տվյալների համեմատություն և գրանցում է կատարվում մեկուսարանում պահվողների հաշվառման մատյանում: Իրային կամ փաստաթղթային որևէ անհամապատասխանության դեպքում անձը մեկուսարան չի ընդունվում, որի մասին նշում է կատարվում ներկայացվող փաստաթղթերում:

14. Մեկուսարան ընդունելու մասին ուղեկցորդին տրվում է համապատասխան տեղեկանք կամ նշում է կատարվում ընդունման հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենի վրա: Ընդունված իրերի, արժեքների վերաբերյալ գրանցում է կատարվում հաշվառման մատյանում, որտեղ ստորագրում է մեկուսացվողը:

15. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթասպաների իրերը չեն զննվում: Նրանց ընդունելու մասին հայտնվում է զորամասի հրամանատարությանը, և այդ կապակցությամբ նշում է կատարվում մեկուսացման գրության վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնադրության 14-րդ հավելվածի «Կարգապահական կարգով մեկուսացվածներին մեկուսարանում պահելը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՊԱՀԵԼԸ

 

16. Կայազորային կարգապահական մեկուսարանում զինծառայողները պահվում են`

- կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողները` միասին, ընդհանուր խցերում.

- կարգապահական տույժի կարգով մեկուսացված պայմանագրային զինծառայություն անցնող շարքայինները, սերժանտներն ու ավագները` միասին, ընդհանուր խցերում.

- կարգապահական տույժի կարգով մեկուսացված ենթասպաները` շարքայիններից և սերժանտներից անջատ, ընդհանուր խցերում.

- ձերբակալված զինծառայողները` մենախցերում.

- կալանավորված զինծառայողները` կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներից առանձին, սպաներն ու ենթասպաները` շարքային կազմի զինծառայողներից անջատ.

- ամբաստանյալները` մենախցերում.

- դատապարտյալները` մյուսներից առանձին, կարգապահական գումարտակ ուղարկվողները` մյուս դատապարտյալներից անջատ.

- անսթափ վիճակում գտնվող զինծառայողները` մենախցերում:

17. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները կարող են ընդգրկվել աշխատանքներում` օրական մինչև 10 ժամ տևողությամբ: Աշխատանքներում չներգրավված զինվորների հետ անցկացվում են շարային պատրաստության և կանոնադրությունների ուսումնասիրման պարապմունքներ` մինչև 8 ժամ տևողությամբ: Լրացուցիչ տույժի կարգով մենախցեր տեղափոխված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներն աշխատանքում և պարապմունքներում չեն ներգրավվում:

18. Մեկուսարանում քնի տևողությունը սահմանվում է օրական 8 ժամ, զբոսանքի տևողությունը` 1 ժամից ոչ պակաս: Կարգապահական տույժի կարգով մեկուսացված զինծառայողները զբոսանքի են դուրս բերվում ձերբակալվածներից, կալանավորվածներից, ամբաստանյալներից և դատապարտյալներից անջատ, շարքային կազմի զինծառայողները` ենթասպաներից առանձին: Ձերբակալվածները, կալանավորվածները, դատապարտյալները, ամբաստանյալները զբոսանքի են դուրս բերվում իրարից անջատ` տարբեր ժամերի: Խցերը օդափոխվում են ամեն օր, զբոսանքի կամ աշխատանքի ժամանակ: Խցերը, զուգարաններն ամենօրյա և ընդհանուր (շաբաթական մեկ անգամ) մաքրելու, մեկուսարանի հատակը լվանալու, վառարանը վառելու աշխատանքները կատարում են մեկուսարանում պահվողները: Մութ ժամանակ միջանցքները և զուգարանները, իսկ քնելու ժամանակ` խցերը պետք է լուսավորված լինեն: Խցերում ջերմաստիճանը +18 աստիճանից ցածր չպետք է լինի:

19. Մեկուսարանում պահվողները սնունդն ընդունում են խցերում կամ մեկուսարանի ճաշարանում: Մենախցերում պահվողները սնունդն ընդունում են խցերում: Ճաշարանում սնունդը շարքային կազմի զինծառայողներին, սպաներին ու ենթասպաներին տրվում է առանձին-առանձին, տարբեր ժամերի:

20. Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներին արգելվում է որևէ խաղ խաղալ, խոսել պատուհանից, աղմկել, երգել, խախտել մեկուսարանի ներքին կարգը, տեսակցել այցելուների հետ, նամակ ուղարկել կամ ստանալ: Ծխել թույլատրվում է միայն ենթասպաներին, ձերբակալվածներին, կալանավորվածներին, ամբաստանյալներին և դատապարտյալներին` հատուկ հատկացված տեղերում:

21. Մեկուսարանում պահվողների իրավունքները, պարտականությունները, նրանց տեղափոխման առանձնահատկությունները, ինչպես նաև խրախուսանքի, տույժի միջոցները և դրանց կիրառումն իրականացվում են «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

22. Մեկուսարանում պահվող զինծառայողները սննդով ապահովվում են զինվորական հիմնական մթերաբաժնի չափով: Լողանալ թույլատրվում է շաբաթական մեկ անգամ:

23. Մեկուսարանում պահվող զինծառայողները մեկուսարանից դուրս տարվում են ուղեկցորդի միջոցով, անհրաժեշտության դեպքում, մեկուսարանի պետի հիմնավորված զեկուցագրի հիման վրա, կայազորային զինվորական ոստիկանության բաժնի պետի կողմից հատկացվում է փոխադրամիջոց:

24. Կարգապահական տույժի կարգով մեկուսացված պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները խցերում քնում են տախտակամածի վրա: Թույլատրվում է հանել միայն կոշիկները: Գիշերը նրանց տրվում է ձմեռային բաճկոն: Բացառիկ դեպքերում բաճկոն տրվում է նաև ցերեկը, եթե խցի ջերմաստիճանը +18 աստիճանից ցածր է: Ցերեկը տախտակամածները հանվում են, իսկ ծալովի տախտակամածները փակվում են կողպեքով: Քնելու համար ենթասպաներին, ձերբակալված և կալանավորված, ինչպես նաև դատապարտված զինծառայողներին տրվում են անկողնային պարագաներ: Շարքային կազմի զինծառայողների խցերը կողպեքով փակվում են, ենթասպաների խցերը կողպեքով չեն փակվում:

25. Կայազորային կարգապահական մեկուսարանում պահելու այլ առանձնահատկությունները որոշվում են ներքին կանոնակարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնադրության 14-րդ հավելվածի «Զինվորական դատարանի կողմից դատապարտված զինծառայողներին, քննիչի կողմից կալանված և ձերբակալված մեղադրյալներին կալանատանը պահելը» բաժնի վերնագրում և 30-րդ կետում «զինվորական դատարանի» բառերը փոխարինել «դատարանի» բառով, իսկ 31-րդ կետում «զինվորական դատարանով» բառերը փոխարինել «դատարանով» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Կանոնադրության 14-րդ հավելվածի «Մեկուսացվածների ազատ արձակումը» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԿԱՐԳՈՎ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ

 

34. Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածներն ազատվում են մեկուսացման ժամկետը լրանալուց հետո` մեկուսարանի պետի կողմից: Ընտանիքի անդամների և մոտ ազգականների մահվան, ծանր հիվանդության կամ ընտանիքին հասած որևէ դժբախտության դեպքում կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները ժամկետից շուտ ազատվում են կայազորի զինվորական պարետի որոշմամբ:

Կարգապահական տույժի կարգով մեկուսացվածները ժամկետից շուտ ազատվում են տոնական օրերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների և հանրաքվեների նախօրյակին` կայազորի զինվորական պարետի թույլտվությամբ:

35. Ձերբակալված զինծառայողներն ազատվում են 72-ժամյա արգելանքի ժամկետը լրանալուց հետո անմիջապես կամ նախաքննության (հետաքննության) մարմնի որոշմամբ` մինչև այդ ժամկետի լրանալը: Կալանավորվածներն ազատվում են խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումն ստանալուց` անհապաղ: Ամբաստանյալներն ազատվում են դատարանի կողմից կայացված` ազատազրկման հետ կապ չունեցող կամ արդարացնող դատավճիռ կայացնելուց հետո` անհապաղ: Դատապարտյալներն ազատվում են վերաքննիչ դատարանի կայացրած` ազատազրկման ձևով նշանակված պատիժն ազատազրկման հետ կապ չունեցող պատժով փոխարինելու կամ արդարացման վճիռ կայացնելուց հետո` անհապաղ:

36. Մեկուսարանից ազատված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողները հանձնվում են զորամասի ներկայացուցչին` ստորագրությամբ: Տրանսպորտային, կլիմայական պայմաններից ելնելով` զորամասի ներկայացուցչի ժամանումն անհնարին լինելու դեպքում մեկուսարանից ազատված պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողին տրվում է տեղեկանք, որտեղ նշվում են ազատվելու և զորամաս վերադառնալու օրերը և ժամերը: Այդ մասին հայտնվում է զորամասի հրամանատարությանը, և վերահսկվում է զինծառայողի վերադարձը զորամաս: Պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմի զինծառայողները զորամաս են վերադառնում ինքնուրույնաբար: Նրանց տրվում է տեղեկանք` ազատվելու օրվա և հիմքերի վերաբերյալ:

37. Կարգապահական կարգով մեկուսացված և բժշկի եզրակացությամբ նախքան մեկուսացման ժամկետի լրանալը բուժման ուղարկված զինծառայողները բուժվելուց հետո վերադառնում են զորամաս: Չկրած տույժի հետագա կրման հարցը որոշում է տույժ նշանակած հրամանատարը (զինվորական պարետը):»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2004 թ. մայիսի 22
      Երևան
   ՀՕ-70-Ն