Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-63-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2004-19.11.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.12/26(325) Հոդ.611
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.05.2011

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2004 թվականի ապրիլի 28-ին

ԺՈՂՈՎՆԵՐ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ԵՐԹԵՐ ԵՎ ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՕՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ և ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն օրենքի նպատակը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` քաղաքացիներ) և իրավաբանական անձանց խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն է` ապահովելով ժողովրդավարական հասարակությունում պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության, բարքերի, այլ քաղաքացիների իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը:

2. Սույն օրենքը կարգավորում է խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում` նաև նստացույցեր), ինչպես նաև այլ միջոցառումներ անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԻՄԱՍՏՈՎ ԳՈՐԾԱԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքի իմաստով գործածվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

հրապարակային միջոցառում` ընդհանուր օգտագործման տարածքներում տնտեսական, սոցիալական, քաղաքական, հոգևոր կամ այլ պահանջների, խնդիրների ու հարցերի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու, տեղեկություններ կամ գաղափարներ փնտրելու, ստանալու կամ տարածելու նպատակով անցկացվող խաղաղ և յուրաքանչյուրի մասնակցությունն ապահովող ժողովներ, հանրահավաքներ, երթեր (շքերթներ) կամ ցույցեր (այդ թվում` նաև նստացույցեր).

ժողով, հանրահավաք, ցույց` մեկ վայրում անցկացվող միջոցառում.

երթ` մեկ վայրից մյուսը շարժվելու միջոցով իրականացվող միջոցառում: Երթը կարող է անցկացվել նաև տրանսպորտային միջոցներով.

ընդհանուր օգտագործման տարածք` պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բաց տարածք (փողոց, հրապարակ, այգի, պուրակ, հողատարածք և այլն), որտեղ քաղաքացիների ազատ մուտք գործելը կամ գտնվելն արգելված և սահմանափակված չէ.

զանգվածային հրապարակային միջոցառում` հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100 և ավելի քաղաքացի.

ոչ զանգվածային հրապարակային միջոցառում` հրապարակային միջոցառում, որին մասնակցում է 100-ից պակաս քաղաքացի.

հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ` պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ.

այլ միջոցառում` տոնակատարություններ, ծիսակատարություններ, մշակութային կամ մարզական միջոցառումներ.

կազմակերպիչ` զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման համար իրազեկում տված կամ ոչ զանգվածային կամ այլ միջոցառումը փաստացի ղեկավարող քաղաքացի կամ իրավաբանական անձ.

հրապարակային միջոցառման մասնակից (այսուհետ` մասնակից)` քաղաքացի, որը հրապարակային միջոցառման անցկացման ժամանակ գտնվել է հրապարակային միջոցառման անցկացման վայրում` նպատակ ունենալով մասնակցել հրապարակային միջոցառմանը: Հրապարակային միջոցառման մասնակից չեն հրապարակային միջոցառման անցկացման վայրում այդ միջոցառման անցկացման ժամանակ պաշտոնական կամ աշխատանքային կամ ստեղծագործական կամ օրենքով կամ պայմանագրով այլ գործունեություն իրականացնելու նպատակով գտնվող քաղաքացիները, ինչպես նաև այդ միջոցառման լուսաբանման նպատակով ներկա գտնվող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

լիազոր մարմին` զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին իրազեկումը քննարկող մարմիններ` համայնքի ղեկավար, Երևանում` Երևանի քաղաքապետ:

 

Հոդված 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Քաղաքացիները կամ իրավաբանական անձինք ընդհանուր օգտագործման տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերի, այլ միջոցառումներ անցկացնում են առանց իրազեկման` չխախտելով հասարակական կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները և սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջները:

Ընդհանուր օգտագործման տարածքներում այլ միջոցառումների կազմակերպիչներն իրավունք ունեն այդ միջոցառումներն անցկացնել սույն օրենքով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառումների համար նախատեսված կարգով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում այլ միջոցառումներն անցկացվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ մասում սահմանված լիազոր մարմնի համաձայնությամբ:

3. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող այլ միջոցառումները համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով:

 

Հոդված 4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՆԵՐԻ, ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ, ՑՈՒՅՑԵՐԻ և ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող վայրերում ժողովներ, հանրահավաքներ, ցույցեր կամ այլ միջոցառումներ անցկացվում են առանց իրազեկման կամ սահմանափակման, եթե չեն խախտվում այդ տարածքը տնօրինողի, տիրապետողի կամ օգտագործողի իրավունքները, հասարակական կարգը և սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի պահանջները, ինչպես նաև 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջները:

2. Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող ժողովները, հանրահավաքները, ցույցերը կամ այլ միջոցառումներ համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով:

 

Հոդված 5. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ և ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Հրապարակային միջոցառում կազմակերպելու իրավունք ունի քաղաքացին (քաղաքացիները) կամ իրավաբանական անձը (իրավաբանական անձինք):

2. Հրապարակային միջոցառումը կարող է կազմակերպվել և անցկացվել սույն օրենքով սահմանված ձևերից մեկով կամ մի քանիսով:

3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն խոչընդոտելու սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող հրապարակային միջոցառումներին կամ միջամտելու դրանց:

4. Եթե հրապարակային միջոցառումը կազմակերպում է իրավաբանական անձը, ապա կազմակերպիչ է համարվում այդ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձ, եթե իրավաբանական անձը կազմակերպչի պարտականությունը չի դրել այլ անձի կամ անձանց վրա:

5. Մինչև զանգվածային հրապարակային միջոցառման սկիզբը կազմակերպչի փոխարինվելու դեպքում կազմակերպիչը ոչ ուշ, քան հրապարակային միջոցառումն սկսելուց երեք ժամ առաջ, պետք է գրավոր տեղեկացնի լիազորված մարմին կամ դրա ներկայացուցչին` կցելով նոր կազմակերպչի համար սույն օրենքով նախատեսվող տվյալները:

6. Զանգվածային հրապարակային միջոցառումը չի կարող սկսվել, եթե չի ներկայացել ոչ մի կազմակերպիչ:

 

Հոդված 6. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կազմակերպիչն իրավունք ունի`

1) իր հայեցողությամբ ընտրելու հրապարակային միջոցառման անցկացման վայրը և ընթացակարգը.

2) ցանկացած պահի դադարեցնելու հրապարակային միջոցառումը.

3) դիմելու ոստիկանության ծառայողներին` հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադիր դուրս բերելու այն քաղաքացիներին, ովքեր կատարում են հակաօրինական արարք կամ խախտում են հասարակական կարգը.

4) ստեղծելու հատուկ տարբերանշաններ կրող չզինված խմբեր (այսուհետ` կամավորների խմբեր), որոնք պետք է աջակցեն հասարակական կարգի և օրինականության պահպանմանը.

5) հրապարակային միջոցառումներ անցկացնելուց առաջ և դրա ընթացքում հրապարակային միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանման կամ միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու հետ կապված հարցերով դիմելու ոստիկանություն.

6) զանգվածային լրատվության, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցներով անձամբ կամ այլոց միջոցով տեղեկատվություն տարածելու հրապարակային միջոցառման օրվա, ժամի, վայրի, նպատակների, ընթացակարգի մասին, ինչպես նաև կոչ անելու այդ միջոցառմանը մասնակցելու համար.

7) իրականացնելու մասնակիցների համար սահմանված իրավունքները:

2. Կազմակերպիչը պարտավոր է`

1) կրել մասնակիցների համար սահմանված պարտականությունները.

2) ապահովել, որ հրապարակային միջոցառումն սկսելուց առաջ հայտնվի իր անունը և ազգանունը, իսկ եթե հրապարակային միջոցառումը կազմակերպվել է իրավաբանական անձի կողմից, ապա նաև իրավաբանական անձի լրիվ անվանումը, միջոցառման նպատակը, հրապարակային միջոցառման ձևը, ինչպես նաև հրապարակային միջոցառման ավարտի մոտավոր ժամկետը: Եթե հրապարակային միջոցառման ընթացքում իրականացվելու է երթ, ապա պետք է հրապարակվեն երթի ուղին և ժամանակացույցը.

3) ձեռնարկել միջոցներ` հրապարակային միջոցառման մասնակիցների կողմից օրինականության և հասարակական կարգի պահանջների պահպանման ուղղությամբ.

4) հրապարակային միջոցառման մասնակիցներին հայտնել կամավորների խմբերի առկայության ու նրանց տարբերանշանների մասին.

5) հրապարակային միջոցառման մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հրապարակային միջոցառման ժամանակ հակաօրինական արարքները կամ հասարակական կարգի խախտումները վերացնելու մասին ոստիկանության ներկայացուցչի պահանջը.

6) կրել կազմակերպչի համար սույն օրենքով սահմանված այլ պարտականություններ:

3. Կազմակերպիչներից առնվազն մեկը պարտավոր է անձամբ ներկա լինել հրապարակային միջոցառման բացմանը և չբացակայել հրապարակային միջոցառման անցկացման վայրից մինչև դրա ավարտը:

 

Հոդված 7.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մասնակցելու հրապարակային միջոցառումներին: Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դադարեցնելու իր մասնակցությունը հրապարակային միջոցառումներին: Ոչ ոք իրավունք չունի պարտադրել քաղաքացուն մասնակցելու որևէ հրապարակային միջոցառման:

2. Հրապարակային միջոցառման մասնակիցները կարող են ունենալ կամ կրել պաստառներ և ցուցադրական այլ նյութեր, ինչպես նաև օգտագործել բարձրախոսներ:

3. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի լուսանկարելու, նկարահանելու կամ ձայնագրելու հրապարակային միջոցառումները:

4. Հրապարակային միջոցառումների մասնակիցներին արգելվում է հրապարակային միջոցառումների ընթացքում կրել, օգտագործել, գործադրել, կիրառել զենք, զինամթերք կամ պայթուցիկ, թունավոր, դյուրավառ կամ այնպիսի այլ առարկաներ կամ նյութեր, որոնք կարող են վնաս հասցնել անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին:

5. Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակային միջոցառումների ընթացքում բաժանելու կամ օգտագործելու ոգելից խմիչքներ:

6. Մասնակիցներն իրավունք չունեն հրապարակային միջոցառումների ընթացքում օգտագործելու բարձրախոսներ կամ բարձրաձայն գոչել ու վանկարկել ժամը 22-ից մինչև ժամը 8-ը, ինչպես նաև առողջապահական, նախադպրոցական և հանրակրթական կազմակերպությունների անմիջական շրջակայքում, եթե դրանով խախտվելու է այդ կազմակերպությունների բնականոն գործունեությունը կամ այդ կազմակերպություններում գտնվող անձանց հանգիստը:

7. Հրապարակային միջոցառումների մասնակիցները պարտավոր են`

1) պահպանել հասարակական կարգը և օրենքի այլ պահանջներ.

2) կատարել կազմակերպչի, կամավորների խմբերի, ոստիկանության ներկայացուցչի օրինական պահանջները և չխոչընդոտել նրանց և լիազոր մարմնի օրինական գործողություններին.

3) հրապարակային միջոցառումը դադարեցվելու դեպքում անհապաղ հեռանալ հրապարակային միջոցառման անցկացման վայրից և դադարեցնել հրապարակային միջոցառումից բխող այլ գործողություններ.

4) չվնասել հրապարակային միջոցառման անցկացման վայրի գույքը, ծառերը, թփերը, կանաչապատ տարածքները.

5) չխոչընդոտել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի, շինությունների կամ աշխատանքային այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև քաղաքացիների տների կամ բնակելի այլ շինությունների ազատ մուտքն ու ելքը հետիոտնի համար նախատեսված ճանապարհով:

 

Հոդված 8. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ և ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Լիազոր մարմինը պարտավոր է`

1) նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին անհապաղ հայտնել կազմակերպչին.

2) զանգվածային հրապարակային միջոցառման և իր ներկայացուցչի մասին հայտնել համապատասխան ոստիկանության մարմին և համապատասխան մարզպետին.

3) ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը` զանգվածային հրապարակային միջոցառման ամբողջ ընթացքում:

2. Ոստիկանությունը`

1) պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման մասին տեղեկատվություն ստանալուց հետո անմիջապես նշանակել իր ներկայացուցչին և այդ մասին հայտնել կազմակերպչին ու լիազոր մարմին.

2) պարտավոր է ապահովել իր ներկայացուցչի ներկայությունը զանգվածային հրապարակային միջոցառմանը` զանգվածային հրապարակային միջոցառման ամբողջ ընթացքում.

3) պարտավոր է ապահովել զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում օրինականությունը և հասարակական կարգի պահպանումը.

4) պարտավոր է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրից հարկադրաբար դուրս բերել այն անձանց, ովքեր կատարում են հակաօրինական արարք կամ խախտում են հասարակական կարգը.

5) պարտավոր է ապահովել հրապարակային միջոցառման անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների շենքերի, շինությունների կամ աշխատանքային այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև քաղաքացիների տների կամ բնակելի այլ շինությունների ազատ մուտքն ու ելքը հետիոտնի համար նախատեսված ճանապարհով.

6) պարտավոր է իր գործողություններում ղեկավարվել վարչարարության հիմնարար սկզբունքներով.

7) կարող է օրենքով սահմանված դեպքերում և կարգով որոշում ընդունել դադարեցնելու սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառումը և պահանջել կազմակերպչից դադարեցնելու հրապարակային միջոցառումը.

8) կարող է օրենքով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր դադարեցնել հրապարակային կամ այլ միջոցառումը.

9) իրականացնում է օրենքով նախատեսված այլ գործառույթներ:

 

Հոդված 9.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ և ԱՆՑԿԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

1. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու իրավունք չունեն նախնական կալանքի կամ ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիները, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները:

Մինչև 18 տարեկան այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել լրիվ գործունակ, իրավունք ունեն զանգվածային հրապարակային միջոցառումներ կազմակերպել միայն ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնությամբ:

2. Հրապարակային միջոցառումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու իրավունք չունեն`

1) ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

2) զինծառայողները, քրեակատարողական ծառայողները:

3. Արգելվում է`

1) ժողովների, հանրահավաքների և ցույցերի անցկացումը կամուրջների վրա, թունելներում, ստորգետնյա տարածքներում, էներգետիկայի օբյեկտների, ջրային համակարգերի, երկաթուղու, օդանավակայանների անվտանգության գոտիներում.

2) հրապարակային միջոցառումների անցկացումը`

ա) չորրորդ աստիճանի վթարային շենքերի ու շինությունների այն տարածքներում, որոնցում առկա է փլուզման վտանգը,

բ) շինարարական հրապարակներում,

գ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքային տարածքներում,

դ) զորամասերի, պաշտպանական նշանակության օբյեկտների, քրեակատարողական հիմնարկների, նախնական կալանքի վայրերի տարածքներում և այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա,

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետական հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների տարածքներում և այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա,

զ) մշակութային և մարզական համալիրների տարածքներում և այդ տարածքներից 150 մետրից պակաս հեռավորության վրա դրանցում այլ միջոցառումների անցկացման ժամանակ, եթե դրանով խախտվելու է այլ միջոցառման կազմակերպման կամ անցկացման բնականոն ընթացքը.

3) այնպիսի հրապարակային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, որոնք ուղղված են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, ինչպես նաև օրենքով արգելվող այլ նպատակների:

 

Հոդված 10. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՅԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, զանգվածային հրապարակային միջոցառումներ կարող են անցկացվել միայն լիազոր մարմին գրավոր իրազեկելուց հետո:

2. Քաղաքացիները և իրավաբանական անձինք իրավունք ունեն առանց իրազեկման անցկացնելու ոչ զանգվածային հրապարակային միջոցառումներ` չխախտելով հասարակական կարգը, ճանապարհային երթևեկության կանոնները, սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերի պահանջները: Սույն հոդվածի պահանջների խախտմամբ անցկացվող ոչ զանգվածային հրապարակային միջոցառումները համարվում են արգելված և կարող են դադարեցվել սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով:

Ոչ զանգվածային միջոցառման կազմակերպիչներն իրավունք ունեն այդ միջոցառումներն անցկացնելու սույն օրենքով զանգվածային հրապարակային միջոցառումների համար սահմանված կարգով:

3. Ընդհանուր օգտագործման տարածքներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կուսակցությունները կամ նախընտրական դաշինքները նախընտրական կամ հանրաքվեների քարոզչության նպատակով իրավունք ունեն առանց իրազեկման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերի, անցկացնելու զանգվածային հրապարակային միջոցառումներ` չխախտելով հասարակական կարգը, ճանապարհային երթևեկության կանոնները, սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի պահանջները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջները:

4. Կազմակերպիչները զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին գրավոր իրազեկում են զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրի համայնքի ղեկավարին, Երևանում` Երևանի քաղաքապետին` այդ միջոցառումն անցկացնելու նախատեսված օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օր առաջ, և ոչ շուտ, քան քսան օր առաջ: Եթե զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվելու է երթի ձևով, ապա պետք է իրազեկվեն երթի անցկացման բոլոր տարածքների լիազոր մարմինները:

 

Հոդված 11.

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ և ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկման մեջ նշվում է`

1) զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման վայրը, իսկ եթե նախատեսվում է նաև երթ, ապա երթի ուղին և ժամանակացույցը.

2) զանգվածային հրապարակային միջոցառման սկիզբը և ավարտի մոտավոր ժամանակը:

2. Զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրազեկման մեջ կարող են նշվել զանգվածային հրապարակային միջոցառման մասնակիցների նախատեսվող մոտավոր թվաքանակը, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք կազմակերպիչների կարծիքով անհրաժեշտ են զանգվածային հրապարակային միջոցառման ժամանակ հասարակական կարգի պահպանման կամ միջոցառման մասնակիցների անվտանգության ապահովման համար:

3. Իրավաբանական անձի կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում են նաև իրավաբանական անձի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ հաստատված հետևյալ փաստաթղթերը.

1) զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին իրավաբանական անձի իրավասու մարմնի համապատասխան որոշումը.

2) իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի պատճենը.

3) կազմակերպչի (կազմակերպիչների) անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, անձնագրի պատճենը.

4) կազմակերպչի (կազմակերպիչների) գրավոր համաձայնությունը:

4. Քաղաքացու կողմից զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպվելու դեպքում իրազեկման հետ ներկայացվում են նաև զանգվածային հրապարակային միջոցառում կազմակերպող քաղաքացու (քաղաքացիների) անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, անձնագրի պատճենը:

Մինչև 18 տարեկան այն քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել լրիվ գործունակ, պետք է ներկայացնեն նաև ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների գրավոր համաձայնությունը:

Իրազեկումն անձամբ ներկայացնելու դեպքում կազմակերպչի, ծնողների կամ օրինական այլ ներկայացուցիչների ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի իրազեկումն ընդունող պաշտոնատար անձի կողմից, հակառակ դեպքում պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

5. Լիազոր մարմիններ տրված զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացման իրազեկումները մուտքագրվում են այդ նպատակով վարվող հատուկ գրանցամատյանում` ըստ դրանք ստանալու հերթականության, իսկ դրանց պատճենները փակցվում են լիազոր մարմնի վարչական շենքում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում:

 

Հոդված 12. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

1. Լիազոր մարմինն իրազեկման քննարկումն սկսում է դա ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը` ժամը 12-ին` ըստ իրազեկումների ստացման հերթականության: Սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետների խախտմամբ տրված իրազեկումը համարվում է չտրված և չի քննարկվում:

2. Իրազեկումների քննարկումն իրականացնում և քննարկման արդյունքում լիազոր մարմնի անունից որոշում է ընդունում համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը, Երևանում` Երևանի քաղաքապետը կամ նրա լիազորած անձը:

3. Իրազեկման քննարկումը բաց է: Իրազեկման քննարկմանը մասնակցելու իրավունք ունեն կազմակերպիչները և նրանց ոչ ավելի, քան երեք ներկայացուցիչները:

Իրազեկման քննարկումն իրականացվում է անկախ կազմակերպիչների ներկայությունից: Իրազեկման քննարկմանը կարող են մասնակցել լիազոր մարմնի հրավիրած այլ անձինք:

4. Իրազեկման քննարկման ընթացակարգը սահմանում է լիազոր մարմինը, սակայն կազմակերպչին պետք է լիարժեք իրավունք վերապահվի ներկայացնելու իր տեսակետը: Իրազեկման քննարկմանը մասնակցողները ելույթ ունենալու, հարցեր տալու, հարցերին պատասխանելու, առաջարկություններ կամ միջնորդություններ կատարելու, լրացուցիչ փաստաթղթեր, եզրակացություններ կամ այլ տեղեկատվություն ներկայացնելու իրավունք ունեն: Իրազեկման քննարկումը չի կարող մեկ ժամից ավելի տևել: Իրազեկման քննարկումը չի կարող տեղափոխվել հաջորդ օրը:

5. Եթե կազմակերպիչներն իրազեկումը ներկայացրել են թերություններով, ապա լիազոր մարմինը պարտավոր է իրազեկման քննարկման ժամանակ բոլոր առկա թերությունների մասին հայտնել քննարկմանը ներկա կազմակերպիչներին կամ նրանց ներկայացուցիչներին` հստակ նշելով թերությունները: Հնարավորության դեպքում թերությունները շտկվում են անմիջապես, և իրազեկման քննարկումը շարունակվում է:

Իրազեկման քննարկումը կամ որոշման ընդունումը կարող է հետաձգվել միայն կազմակերպիչների խնդրանքով, եթե անհրաժեշտություն է առաջացել շտկելու իրազեկման մեջ առկա թերությունները, կամ եթե անհրաժեշտ է ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր: Իրազեկման քննարկման կամ որոշման ընդունման ժամկետը հետաձգվելու դեպքում սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետը չի գործում:

6. Իրազեկման քննարկման արդյունքում ընդունվում է զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու կամ իրազեկումն ի գիտություն ընդունելու մասին որոշում:

7. Լիազոր մարմինն իրազեկման քննարկման արդյունքում ընդունված իր որոշման մասին անմիջապես հայտնում է կազմակերպիչներին, ոստիկանություն, ինչպես նաև դա փակցնում է լիազոր մարմնի` դրա համար նախատեսված և բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում: Ընդ որում, լիազոր մարմնի որոշումը պետք է փակցված մնա համապատասխան տեղում մինչև իրազեկման մեջ նշված կամ լիազոր մարմնի հետ համաձայնեցված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման օրվա ժամը 18-ը:

8. Եթե մինչև իրազեկումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ժամը 16-ը լիազոր մարմնի որոշմամբ չի արգելվում զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումը, ապա կազմակերպիչներն իրավունք ունեն տրված իրազեկման պայմաններով իրականացնելու զանգվածային հրապարակային միջոցառում:

 

Հոդված 13. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԱՐԳԵԼՈՒՄԸ

 

1. Իրազեկման քննարկման արդյունքում լիազոր մարմնի որոշմամբ զանգվածային հրապարակային միջոցառումն արգելվում է միայն այն դեպքերում, եթե`

1) իրազեկման հետ չեն ներկայացվել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված բոլոր փաստաթղթերը, կամ բացակայում է պարտադիր որևէ տվյալ.

2) նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է մեկ այլ զանգվածային հրապարակային միջոցառում, որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը կամ նշված օրը, ժամին և նշված վայրում անցկացվելու է ոչ զանգվածային հրապարակային միջոցառում կամ այլ միջոցառում, որոնց վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով տրվել է իրազեկում, և որը բացառում է տվյալ միջոցառման անցկացումը.

3) առկա են հավաստի տվյալներ, որ նշված օրը, ժամին և նշված վայրում միջոցառման անցկացումն իրական (ռեալ) վտանգ է սպառնում անձանց կյանքին կամ առողջությանը.

4) նշված վայրում սույն օրենքով արգելված է անցկացնել զանգվածային հրապարակային միջոցառում.

5) բոլոր կազմակերպիչները, սույն օրենքի համաձայն, իրավունք չունեն կազմակերպելու զանգվածային հրապարակային միջոցառում.

6) անցկացվող երթի պատճառով կկազմալուծվի տվյալ բնակավայրի կամ միջպետական ճանապարհների երթևեկությունը.

7) նշված վայրի անմիջական մոտակայքում նույն օրը և նույն ժամերին տեղի է ունենալու կազմակերպչի ընդդիմադիր անձանց կողմից անցկացվող զանգվածային հրապարակային մեկ ուրիշ միջոցառում, և առկա են հավաստի տվյալներ` ընդդիմադիր ուժերի ընդհարման իրական (ռեալ) վտանգի վերաբերյալ, կամ

8) միջոցառումը հետապնդում է օրենքով արգելված նպատակներ:

2. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշման մեջ պետք է հիմնավոր և հստակ շարադրվեն զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման արգելման պատճառները:

3. Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարան: Դատարանը վճիռ է կայացնում 24 ժամվա ընթացքում: Զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

4. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կամ 7-րդ կետերով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը, կազմակերպչի բանավոր դիմումի համաձայն, պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ օրեր (իրազեկման մեջ նշված վայրում և ժամին) և այլ ժամեր (իրազեկման մեջ նշված վայրում և օրը), եթե այդպիսի հնարավորությունն առկա է:

Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ օրը պետք է լինի կազմակերպիչների կողմից առաջարկվող օրվան հաջորդող երկու օրվա ընթացքում:

Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ օրվա ժամը պետք է համընկնի կազմակերպիչների առաջարկած ժամին կամ կարող է ունենալ մինչև երեք ժամվա տարբերություն:

5. Եթե իրազեկման քննարկման ժամանակ լիազոր մարմինը գտնում է, որ առկա է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելելու հիմք, ապա լիազոր մարմինը, կազմակերպչի բանավոր դիմումի համաձայն, պարտավոր է կազմակերպչին առաջարկել զանգվածային հրապարակային միջոցառման անցկացման այլ վայր (իրազեկման մեջ նշված օրը և ժամին), եթե այդպիսի հնարավորությունն առկա է:

Լիազոր մարմնի կողմից առաջարկվող այլ վայրը պետք է բավարարի կազմակերպիչների ներկայացրած ողջամիտ պահանջները, մասնավորապես, պետք է ապահովի համապատասխան քանակի մասնակիցների մասնակցության հնարավորությունը, եթե մասնակիցների քանակի մասին իրազեկման մեջ առկա է տեղեկատվություն: Չպետք է առաջարկվեն կազմակերպիչների ընտրած համայնքի տարածքից դուրս, Երևանում` առաջարկված թաղային համայնքի տարածքից դուրս վայրեր: Առաջարկվող վայրը հնարավորինս պետք է մոտ լինի իրազեկման մեջ նշված վայրին:

6. Լիազոր մարմնի և կազմակերպիչների փոխադարձ համաձայնության դեպքում կարող է զանգվածային հրապարակային միջոցառման համար ընտրվել ցանկացած այլ օր, ժամ կամ վայր:

7. Սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված` լիազոր մարմնի առաջարկներից մեկը կազմակերպիչների կողմից ընդունվելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը և կազմակերպիչները կազմում են արձանագրություն, որը կազմակերպիչներին հիմք է տալիս անցկացնելու զանգվածային հրապարակային միջոցառումը:

 

Հոդված 14. ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ և ԿԱՐԳԸ

 

1. Ոստիկանության ներկայացուցիչն իրավունք ունի հրապարակային միջոցառման դադարեցման մասին որոշում ընդունելու և սահմանելով դադարեցման համար ողջամիտ ժամկետ` կազմակերպիչներից պահանջելու դադարեցնել միջոցառման անցկացումը միայն հետևյալ դեպքերում.

1) զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացվում է առանց իրազեկման.

2) զանգվածային հրապարակային միջոցառման անցկացումն արգելված է.

3) ոստիկանության ներկայացուցչի կողմից զգուշացվելուց հետո հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառում մասամբ կամ ամբողջությամբ շարունակվում է անցկացվել սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված վայրերում, կամ էապես խախտվում է երթի ուղին կամ ժամանակացույցը.

4) ոստիկանության ներկայացուցչի կողմից զգուշացվելուց հետո կազմակերպիչները կամ մասնակիցները շարունակում են խախտել հասարակական կարգը, օրենքի պահանջները, և դրա շարունակմամբ իրական վտանգ է առաջանալու անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, ինչպես նաև կարող է էական գույքային վնաս հասցվել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, կամ

5) զանգվածային հրապարակային միջոցառման ընթացքում բացակայում են բոլոր կազմակերպիչները:

2. Կազմակերպիչը, սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը ստանալու դեպքում, պարտավոր է անհապաղ հայտարարել միջոցառումը դադարեցնելու մասին և միջոցներ ձեռնարկել ոստիկանության ներկայացուցչի կողմից սահմանված ժամկետում հրապարակային միջոցառումը դադարեցնելու ուղղությամբ:

3. Ոստիկանությունը հրապարակային միջոցառումը հարկադիր դադարեցնելու իրավունք ունի միայն հետևյալ դեպքերում, եթե`

1) դադարեցնելու մասին սույն հոդվածով նախատեսված կարգով տրված պահանջը կազմակերպչի կողմից մասնակիցներին անհապաղ չի հայտարարվել.

2) սահմանված ժամկետում հրապարակային միջոցառման դադարեցման պահանջը չի կատարվել, կամ

3) հրապարակային միջոցառման անցկացման վայրից բացակայում են բոլոր կազմակերպիչները:

Ոստիկանության ներկայացուցիչը, մինչև հրապարակային միջոցառման հարկադիր դադարեցումը, հրապարակային միջոցառման դադարեցման պահանջի մասին պարտավոր է ոչ պակաս, քան երկու անգամ բարձրախոսով տեղեկացնել մասնակիցներին` սահմանելով դադարեցման ողջամիտ ժամկետ: Այդ ժամկետում հրապարակային միջոցառումը չդադարեցվելու դեպքում ոստիկանությունն իրավունք ունի հարկադիր դադարեցնելու միջոցառումը օրենքով սահմանված միջոցներով:

4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված հրապարակային միջոցառման դադարեցման կարգը չի կիրառվում, եթե հրապարակային միջոցառման անցկացման վայրում սկսվել են զանգվածային անկարգություններ, որոնք պահանջում են իրավիճակից բխող հրատապ միջոցառումների իրականացում:

 

Հոդված 15. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Պետությունը կամ համայնքը պարտավոր է փոխհատուցել իր մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հրապարակային միջոցառման կամ այլ միջոցառման անցկացումն ապօրինի արգելելու և հրապարակային միջոցառման կամ այլ միջոցառման ապօրինի դադարեցման հետևանքով դրանց կազմակերպիչներին և մասնակիցներին հասցված իրական վնասը:

Հրապարակային միջոցառումն ապօրինի խոչընդոտելու, միջոցառմանը միջամտելու կամ միջոցառումը դադարեցնելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

2. Սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացված հրապարակային միջոցառման կամ այլ միջոցառման կազմակերպիչները կամ դա դադարեցնելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարած կազմակերպիչները և մասնակիցները կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Որպես կազմակերպիչ` պատասխանատվության կարող է ենթարկվել նաև այն քաղաքացին կամ իրավաբանական անձը, որը կազմակերպել և անցկացրել է սույն օրենքի պահանջների խախտմամբ անցկացվող հրապարակային միջոցառումը կամ այլ միջոցառում:

 

Հոդված 16. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության 1988 թվականի հուլիսի 29-ի «Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման սահմանված կարգի խախտման համար պատասխանատվության մասին» N 1289-XI հրամանագրի 1-ին և 2-րդ կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում չկիրառել ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1988 թվականի հուլիսի 28-ի «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման և անցկացման կարգի մասին» 9306-XI հրամանագիրը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Ռ. Քոչարյան


 2004 թ. մայիսի 4
Երևան
ՀՕ-63-Ն

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան