ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2004 թվականի մարտի 3-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1.
«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 18-րդ հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 6-րդ կետով.«6. Սույն հոդվածով սահմանված կարգով Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր նոր գործարքի կամ գործարքների իրականացման դեպքում, որոնց արդյունքում անձի կամ փոխկապակցված անձանց մասնակցությունը բանկի կանոնադրական կապիտալում կգերազանցի համապատասխանաբար 20 տոկոսը և 50 տոկոսը:»:
ՀՈԴՎԱԾ 2.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 3.
Օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետով`«ը) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի նկատմամբ.»:
ՀՈԴՎԱԾ 4.
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում «Կանոնադրական հիմնադրամի» բառերը փոխարինել «ընդհանուր կապիտալի» բառերով:
ՀՈԴՎԱԾ 5.
Օրենքի 30-րդ հոդվածը «ներկայացուցչությունները գրանցելու» բառերից հետո լրացնել «, բանկի ղեկավարներին որակավորման վկայականներ տրամադրելու» բառերով:
ՀՈԴՎԱԾ 6.
Օրենքի 35-րդ հոդվածում`ա) հանել 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը.
բ) 2-րդ մասի երկրորդ պարբերության վերջում ավելացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասություն. «Այն անձանց մոտ, որոնք չեն հանդիսանում բանկ, վարկային կազմակերպություն կամ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող այլ անձ, և որոնց հաշվեկշիռները սույն հոդվածով սահմանված կարգով բանկը միավորում է իր հաշվեկշռում, Կենտրոնական բանկն ստուգումներ է իրականացնում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ գլխով սահմանված կարգով:».
գ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Օտարերկրյա պետությունում գործող բանկում սույն հոդվածով սահմանված մասնակցություն ձեռք բերելու կամ մասնակցությամբ բանկ ստեղծելու դեպքում Կենտրոնական բանկը կարող է մերժել նախնական համաձայնություն տալու դիմումը, եթե օտարերկրյա պետությունում գործող բանկում այդպիսի մասնակցություն ձեռք բերելը կամ նման մասնակցությամբ բանկ ստեղծելը չի համապատասխանում սույն կետի պահանջներին ու պայմաններին, կամ Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով տվյալ պետությունում բանկային վերահսկողության համար պատասխանատու մարմինը պատշաճ և միջազգային չափանիշներին համապատասխան վերահսկողություն չի իրականացնում տվյալ պետությունում գրանցված բանկերի գործունեության նկատմամբ, կամ տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ պատշաճ վերահսկողություն իրականացնել այդպիսի մասնակցությամբ բանկի գործունեության նկատմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 7.
Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասում`ա) «դ» ենթակետը «փոխառուի» բառից հետո լրացնել «, խոշոր փոխառուների» բառերով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով.
բ) «ե» ենթակետը «անձանց» բառից հետո լրացնել «, անձի» բառով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով:
ՀՈԴՎԱԾ 8.
Օրենքի 49-րդ հոդվածում`ա) վերնագիրը «փոխառուի» բառից հետո լրացնել «, խոշոր փոխառուների» բառերով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով.
բ) տեքստից հանել «(բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների)» բառերը, «երաշխավորությունների» բառից հետո ավելացնել «, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների» բառերը.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Բանկի խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին կետի, ընդ որում, խոշոր փոխառուները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»:
ՀՈԴՎԱԾ 9.
Օրենքի 50-րդ հոդվածում`ա) վերնագիրը «անձանց» բառից հետո լրացնել «անձի» բառով, իսկ «չափը» բառից հետո` «(չափերը)» բառով.
բ) տեքստից հանել «(բացառությամբ բանկի թղթակցային հաշիվների)» բառերը, «երաշխավորությունների» բառից հետո ավելացնել «, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների» բառերը.
գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Բանկի հետ կապված անձի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է համաձայն սույն հոդվածի 1-ին կետի:»:
ՀՈԴՎԱԾ 10.
Օրենքի 57-րդ հոդվածում`ա) 1-ին կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Կենտրոնական բանկն այդ վերահսկողությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 գլխով սահմանված կարգով:».
բ) նույն հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 11.
Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ կետի «վեցամսյա» բառը փոխարինել «չորսամսյա» բառով:
ՀՈԴՎԱԾ 12.
Օրենքի 59-րդ հոդվածի 1-ին կետի «վեցամսյա» բառը փոխարինել «չորսամսյա» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|