Գլխավոր տեղեկություն
Համար
N 1666-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.05.2021-11.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.1108
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1666-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայությանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. նոյեմբերի 26

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2019 թվականի
նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են լիազոր մարմնի կողմից հաշվառված՝ Ադրբեջանից բռնագաղթած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց բնակարաններով ապահովման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ՝ վկայագիր) տրամադրման կապված հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսվող աջակցությունից օգտվելու համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության (այսուհետ՝ միգրացիոն ծառայություն) կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած այն ընտանիքները կարող են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում՝ որոնք հաշվառվել են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության կողմից 2003 թվականի փոխարեն 2005 թվականին և 2008 թվականին) (այսուհետ՝ շահառու) այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն կարգով,

բ. այն անձինք, որոնք բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից անհատական ծածկագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերելն ընթացքի մեջ գտնվելու փաստը, կարող են ստանալ բնակարանի գնման վկայագիր։ Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա սույն կարգի 38-րդ կետով սահմանված հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով,

գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2021 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ՝ հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակությունը,

դ. սույն կարգի իմաստով՝ անձանց փաստացի բնակությունը հաստատված է համարվում միգրացիոն ծառայության կողմից կատարված ուսումնասիրությամբ արձանագրված և անձի կողմից իրեն հատկացված ժամանակավոր կացարանում ոչ պակաս, քան վերջին երեք տարիներին` յուրաքանչյուր տարվա ընթացքում 183 օր բնակության փաստով,

ե. աջակցությունից չեն օգտվում այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տուն), կամ այդ բնակարանը (բնակելի տունը) կամ հանրակացարանային սենյակը օտարել են սույն որոշման ընդունմանը նախորդող 10 տարվա ընթացքում:

(2-րդ կետը խմբ. 27.05.20 N 866-Ն, 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն)

2.1. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ միասնական ընտանիք, որոշվում է նույն ժամանակավոր կացարանում փաստացի բնակվելու և հետևյալ չափանիշներից առնվազն երկուսի առկայության դեպքում.

ա. ընտանիքի անդամ հանդիսանալը (ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ անկախ հետագայում ժամանակավոր կացարանում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ՝

բ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը՝ անկախ հետագայում ժամանակավոր կացարանում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ՝

գ. ընտանիքում չափահաս անդամների առկայության դեպքում՝ համատեղ տնտեսություն վարելը (միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը կամ համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):

(2.1-ին կետը լրաց. 26.11.20 N 1888-Ն, խմբ. 29.04.21 N 697-Ն)

3. Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ՝ աջակցություն) ստանալու իրավունքը:

4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով՝ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով: Այն անձանց դեպքում, ում ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած են իրենց կողմից, սակայն չունեն առանձին խոհանոց և սանհանգույց, վկայագիրը տրամադրվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության սեփականությանը հանձնելու պայմանով՝ սույն կարգի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան: Ընտանիքի որևէ անդամի՝ ծրագրին մասնակցելուց հրաժարվելը կամ սույն ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ծրագրից դուրս մնալը ընտանիքին չի ազատում ժամանակավոր կացարանում իրենց զբաղեցրած սենյակների հանձնման կամ ազատման պարտավորությունից։

(4-րդ կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)

5. Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման՝ ներառյալ ժառանգման կարգով: Վկայագրի հիման վրա ծագած իրավունքներն ու պարտականությունները վկայագրում նշված անձանց հետ անխզելիորեն կապված իրավունքներ և պարտականություններ են։

(5-րդ կետը լրաց. 26.11.20 N 1888-Ն, խմբ. 29.04.21 N 697-Ն)

6. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար սահմանված պահանջներին:

7. Վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:

(7-րդ կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)

8. Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել, գրավ դրվել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), օտարվել այլ եղանակով կամ տրվել վարձակալության:

9. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:

10. Վկայագրի կորստի դեպքում վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա միգրացիոն ծառայության կողմից գործն ուսումնասիրելուց հետո տրամադրում է նոր վկայագիր՝ նախորդ վկայագրի գործողության մնացած ժամկետով:

11. Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել նշված ընտանիքի այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անդամի կողմից լիազորված անձի անունով: Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկու ամսով:

(11-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն)

11․1. Վկայագիր ստացած մեկ անձից բաղկացած ընտանիքի անդամի մահվան դեպքում վկայագիրը մարվում է, և միգրացիոն ծառայության պետի հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված:

(11.1-ին կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)

12. Վկայագիր ստացած անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելու մեկ այլ անձի իր անունից կատարել բնակարանի (բնակելի տան) գնման գործողությունը:

13. Վկայագիրը ներառում է հետևյալ պարտադիր վավերապայմանները՝

1) վկայագրի թողարկման սերիան և համարը.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.

3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային տվյալները՝ անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

4) վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը:

14. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)՝ Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները 1 քառ. մետրի համար:

15. Վկայագիր ստանալուն հավակնող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետով սահմանված նորմերից:

16. Սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է՝ մեկ սենյականոց բնակարան` 45 քառ. մետր, երկու սենյականոց բնակարան` 55 քառ. մետր, երեք սենյականոց բնակարան՝ 65 քառ. մետր և չորս սենյականոց բնակարան` 75 քառ. մետր:

17. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է միգրացիոն ծառայության պետի և անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա:

18. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության՝ բացառությամբ 11-րդ կետում նշված դեպքերի:

(18-րդ կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)

18․1. Վկայագիրը ստանալուց հետո դրա շուրջ դատական վեճ առաջանալու դեպքում վկայագրի գործողության ժամկետը կասեցվում է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու պահից մինչև դատական ակտի օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելը։

(18.1-ին կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)

19. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) չափը (սենյակների թվով) կարող է պակաս լինի սույն կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով անձին հասանելիք բնակարանի չափից (սենյակների թվով), սակայն համապատասխանորեն միայն մեկ սենյակ պակաս:

20. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է վկայագիր ստացած անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է վկայագիր ստացած անձի սեփական միջոցների հաշվին:

(20-րդ կետը փոփ. 29.04.21 N 697-Ն)

21. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի համար սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով մեկից ավելի բնակարան նախատեսված լինելու դեպքում վերջիններիս տրամադրվում են վկայագրեր ըստ բնակարանների քանակի։ Մի քանի բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է լինել վկայագրերի միջոցով ձեռք բերված բնակարաններից (բնակելի տներից) միայն մեկի համասեփականատեր։ Ըստ յուրաքանչյուր բնակարանի՝ սեփականության իրավունքը որոշվում է ընտանիքի անդամների համաձայնությամբ: Վկայագիր ստացած անձանց ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում 2 վկայագրի միջոցով կարող է գնվել մեկ բնակարան (բնակելի տուն), որի չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 19-րդ կետում նշված չափերից:

(21-րդ կետը խմբ. 26.11.20 N 1888-Ն)

22. Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում վկայագիրը մարվում է և միգրացիոն ծառայության պետի կնքված պայմանագիրը համարվում է լուծված:

23. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վկայագիրը մարվում է, իսկ վկայագիր ստացած անձը դադարում է հանդիսանալ սույն կարգի շրջանակներում շահառու:

(23-րդ կետը փոփ. 27.05.20 N 866-Ն)

24. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը միգրացիոն ծառայությունը ներկայացնում է Կադաստրի կոմիտե:

24.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը՝ սույն որոշման հավելվածի 18-րդ կետով և սույն որոշման N 4 ձևով սահմանված բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրի 2.3.1-ին, 4.1-ին, 4.2-րդ կետերով սահմանված 1 տարի (12 ամիս) ժամկետը երկարաձգել արտակարգ դրության ժամկետով:

(24.1-ին կետը լրաց. 27.05.20 N 866-Ն)

 

II. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

25. Միգրացիոն ծառայության կողմից սույն կարգի 2-րդ կետով սահմանված աջակցություն ստանալուն հավակնող անձինք՝ գրավոր ծանուցվում են վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին: Միաժամանակ, միգրացիոն ծառայությունը պարտավոր է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկություններ:

(25-րդ կետը փոփ. 27.05.20 N 866-Ն)

26. Ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում շահառուն և նրա ընտանիքի չափահաս անդամները միգրացիոն ծառայություն են ներկայացնում սույն որոշմամբ հաստատված N 3 ձևին համապատասխան դիմում։

(26-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն)

27. Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ժամանակավոր բնակության վայրի (ժամանակավոր կացարանի) մասին տեղեկանքներ: Սույն որոշման 26-րդ կետում նշված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ, որի վերաբերյալ նշում է կատարվում սույն որոշման 25-րդ կետով սահմանված ծանուցման մեջ:

28. Միգրացիոն ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Կադաստրի կոմիտե՝ աջակցություն ստանալուն հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի միջոցով էլեկտրոնային եղանակով ստուգում է անձնագրային հաշվառման (մշտական բնակության) տվյալները:

(28-րդ կետը խմբ. 26.11.20 N 1888-Ն)

28.1. Միգրացիոն ծառայությունը սույն կարգի 28-րդ կետով սահմանված ժամկետում հարցում է կատարում նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն աջակցություն ստանալուն հավակնող անձանց՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։

(28.1-ին կետը լրաց. 27.05.20 N 866-Ն)

29. Միգրացիոն ծառայությունն ստացված դիմումներից և կից տեղեկատվությունից նվազագույնը 20 գործ ձևավորվելու դեպքում ձևավորված գործերի նախնական ցուցակը, վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակների հաստատման վերաբերյալ եզրակացության տրամադրելու նպատակով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի և միգրացիոն ծառայության մեկական ներկայացուցիչները:

30. Նախնական ցուցակին կից ներկայացվում են՝

1) աջակցություն ստանալուն հավակնող անձանց կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի պատճենները.

2) աջակցություն ստանալուն հավակնող անձանց անձնագրային հաշվառման (մշտական բնակության) և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Կադաստրի կոմիտեի հետ ճշգրտված տեղեկատվությունը.

3) միգրացիոն ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությամբ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկատվությունը:

(30-րդ կետը փոփ. 27.05.20 N 866-Ն)

31. Հանձնաժողովը նախնական ցուցակներում ներառված յուրաքանչյուր գործի վերաբերյալ այն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում է և տրամադրում եզրակացություն՝ վկայագիր տրամադրելու վերաբերյալ:

32. Հանձնաժողովի եզրակացությունները խորհրդատվական բնույթի են:

33. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է աջակցություն ստացող անձանց վերջնական ցուցակները, որի հիման վրա միգրացիոն ծառայության կողմից այդ մասին ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ժամկետում գրավոր ծանուցում է անձանց՝ նրանց առաջարկելով միգրացիոն ծառայության պետի հետ կնքել պայմանագիր վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին: Միգրացիոն ծառայությունը վերջնական ցուցակները հաստատվելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նաև այն անձանց, ովքեր չեն ընդգրկվել վերջնական ցուցակներում։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ վերջնական ցուցակները հաստատելու մասին որոշումը կարող են բողոքարկվել դատական կարգով:

34. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք ծանուցումն ստանալուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում միգրացիոն ծառայության պետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր (ձև N 4): Միգրացիոն ծառայության պետի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ միգրացիոն ծառայության կողմից անձին տրամադրում է նաև վկայագիր՝ եռօրյա ժամկետում:

35. Ծանուցումն ստանալուց հետո սահմանված ժամկետում միգրացիոն ծառայության հետ պայմանագիր չկնքելու դեպքում դիմումատուները համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ:

36. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է միգրացիոն ծառայություն: Միգրացիոն ծառայությունը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Երևանի քաղաքապետարան, իսկ մարզի տարածքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում՝ մարզպետարան, ներկայացնելով ստացված դիմումը՝ ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին հնգօրյա ժամկետում եզրակացություն տալու խնդրանքով:

(36-րդ կետը լրաց. 27.05.20 N 866-Ն)

37. Քաղաքապետարանի կամ մարզպետարանի կողմից սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետում տրված սահմանված պահանջներին համապատասխանելու եզրակացությունն ստանալուց հետո վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի չափահաս անդամները 15-օրյա ժամկետում կնքում են բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, որի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացնում է միգրացիոն ծառայություն` նշելով առուվաճառքի պայմանագրի կողմերին պատկանող բանկային հաշվի վավերապայմանները: Ընդ որում, վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը կամ նոտարի նշումը, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ՝ իր ներկայությամբ:

(37-րդ կետը լրաց. 27.05.20 N 866-Ն, փոփ., լրաց. 26.11.20 N 1888-Ն)

38. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը միգրացիոն ծառայությանը ներկայացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով` հետևյալ ընթացակարգով՝

1) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցում վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխան գումարը․

2) վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարի 60 տոկոսից ցածր լինելու դեպքում փոխանցվում է առուվաճառքի պայմանագրում վաճառողի կողմից վաճառվող բնակարանի (բնակելի տան) գնի 60 տոկոսին համապատասխան գումարը․

3) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում վկայագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխան գումարը, կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխանող գումարը, եթե վկայագիր ստացած անձը վկայագրում նշված գումարի կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում՝ առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը ստանալուց հետո 6 ամսվա, բայց ոչ ուշ, քան սույն որոշման 18-րդ կետում նշված ժամկետի ընթացքում միգրացիոն ծառայություն է ներկայացնում վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան)՝ ստորագրված հանձնման-ընդունման ակտը և

ա․ չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու մասին ժամանակավոր կացարանի սեփականատերերի կամ Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից տրված տեղեկանքը, կամ՝

բ․ սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից կացարանը պետությանը նվիրելու համապատասխան դիմումը Պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքը կամ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագիրը։

Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարից ցածր լինելու դեպքում տարբերությունը փոխանցվում է վկայագիր ստացած անձի՝ առուվաճառքի պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին կամ հաշվեհամարներին միգրացիոն ծառայության միջոցով կամ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով՝ սույն կետով սահմանված ընթացակարգին համապատասխան։

(38-րդ կետը խմբ. 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն)

39. Վկայագիր ստացած անձը Պետական գույքի կառավարման կոմիտե դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը պետությանը նվիրելու վերաբերյալ։ Կոմիտեն դիմումը ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր՝ սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը՝ իր միջոցների հաշվին։ Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները։

(39-րդ կետը լրաց. 27.05.20 N 866-Ն, խմբ. 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն)

40. Միգրացիոն ծառայությունը վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

III. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

41. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է միգրացիոն ծառայություն՝ իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու խնդրանքով։

(41-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն)

42. Միգրացիոն ծառայությունը վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն և քաղաքապետարանի դրական եզրակացության դեպքում (36-րդ կետ) դիմողի կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:

43. Բանկը, միգրացիոն ծառայության միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է միգրացիոն ծառայություն և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:

44. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է միգրացիոն ծառայություն՝ նշելով բանկային վավերապայմանները: Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, միգրացիոն ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն, նոտարների դեպոզիտ հաշիվներից, նոտարների միջոցով կամ միգրացիոն ծառայության միջոցով, պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը՝ 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:

(44-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն)

 

IV. ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

45. Միգրացիոն ծառայությունն իրականացնում է՝

1) մամուլում և զանգվածային լրատվության այլ մյուս միջոցներով վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների հրապարակումը.

2) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող` ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.

3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.

4) միգրացիոն ծառայությունը գրանցման մատյաններում (N 1 ձև) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց անձնական գործերի գրանցումը.

5) վճարման հայտի կազմումն ու ներկայացումը նոտարներին կամ ֆինանսների նախարարությանը։

(45-րդ կետը խմբ. 29.04.21 N 697-Ն)

46. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու համար աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպվում է միգրացիոն ծառայության պետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

 ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

——————————————————————————————————

(քաղ. Երևան)

 

NN ը/կ

Ազգանունը, անունը, հայրանունը

Անձը հաստատող փաստա-թղթի տվյալները

Նախկինում զբաղեցված բնակարանի սենյակների թիվը

Աջակցության տրամադրման պահին ընտանիքի հաշվառված անձանց թիվը

Ընդունված որոշման համարը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

Հասանելիք բնակարանի սենյակների թիվը

Տրամադրվող ֆինանսական աջակցության չափը
(մլն դրամ)

Ծանո-թագրու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 
                 

 

Ձև N 2

 

 ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

-----------------------------------------------------------

(անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ Ադրբեջանից բռնագաղթած անձ

___________________________________________________________________________________

  (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________________

 (հաշվառման հասցեն)

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

 (ընտանիքի անդամների կազմը և հաշվառման հասցեն)

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որի պայմաններից ելնելով, սակայն, համապատասխանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում:

 

 3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 Դիմող

 _____________________________________________

 (ստորագրությունը, անունը, ազգանունը)

  ___ __________ 2021  թ.

(ձևը փոփ. 29.04.21 N 697-Ն)

 

Ձև N 3

 

Ընտանիքի անդամների համաձայնությունը

Մենք՝

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

_________________________________________________________________________

  ընտանիքի անդամների կազմը

 

Սույն փաստաթղթով համաձայնում ենք՝

1) բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում սահմանված կարգով ընդգրկվելուն.

2) ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N-1666-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին.

3) վերը նշված որոշմամբ սահմանված կարգով կատարել մեզ վերաբերող պարտականությունները և գործողությունները՝ չխոչընդոտելով ընթացակարգի արագ ու արդյունավետ իրականացմանը։

________________________________________ ___ __________ 2021  թ.

________________________________________ ___ __________ 2021  թ.

________________________________________ ___ __________ 2021  թ.

________________________________________ ___ __________ 2021  թ.

________________________________________ ___ __________ 2021  թ.

________________________________________ ___ __________ 2021  թ.

________________________________________ ___ __________ 2021  թ.

________________________________________ ___ __________ 2021  թ.

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

(ձևը փոփ., խմբ. 29.04.21 N 697-Ն)

 

Ձև N 4

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N -----

 

 ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան

 ---- ---------------2021  թ.

 

 Միգրացիոն ծառայությունը, ի դեմս ծառայության պետ

_____________________-ի, մի կողմից, և

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ադրբեջանից բռնագաղթած անձ

_______________________________________________________________________________________ը

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները)

 

(այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Ծառայությունը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ______________________________ դրամ:

  (գումարի չափը՝ թվերով և բառերով)

 

1.2. Բնակարանի գնման վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Ծառայությունը պարտավոր է՝

2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.

2.1.2. շահառուի (ընտանիքի անդամների) կողմից նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) ծառայություն ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված կարգով կատարել համապատասխան վճարումները։

2.2. Ծառայությունն իրավունք ունի՝

2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող ծառայությանը ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:

2.3. Շահառուն պարտավոր է՝

2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել ծառայություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել ծառայությանը.

2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին.

2.3.3. վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չվաճառել, չնվիրել, գրավ չդնել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), չօտարվել այլ եղանակով կամ չտրամադրել վարձակալության: Սույն կետի խախտմամբ կնքված պայմանագրերն անվավեր են:

2.3.4. Բնակարանի գնման վկայագիրը ստանալուց հետո դեռևս ՀՀ քաղաքացիություն չունենալու դեպքում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն մինչև սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրի հիման վրա դրամական միջոցների փոխանցումը.

2.3.5. Ազատել զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը։ Ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած լինելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության սեփականությանը հանձնել՝ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:

2.4. Շահառուն իրավունք ունի՝

2.4.1. նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում՝ նաև հիփոթեքի պայմանագիրը) և 38-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը ծառայություն ներկայացնելուց հետո պահանջելու ծառայությունից կատարելու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումները:

(2.4.1-ին կետը լրաց. 29.04.21 N 697-Ն)

 

3. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:

 

4. Եզրափակիչ և այլ դրույթներ

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 12 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 12 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված:

(ձևը լրաց. 27.05.20 N 866-Ն, փոփ. 26.11.20 N 1888-Ն, փոփ., լրաց. 29.04.21 N 697-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 27.05.20 N 866-Ն, 26.11.20 N 1888-Ն, 29.04.21 N 697-Ն)