Գլխավոր տեղեկություն
Համար
N 2073-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 19.12.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.12.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2020

 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2020 թվականի N 2073-Լ

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ ԿԱՄ ԽԵՂՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման իմաստով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայող է համարվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անձը, ում վրա տարածվում են Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-17-րդ կետերի դրույթները կամ այն զինծառայողը, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի շահառու։

(2-րդ կետը լրաց. 18.02.21 N 206-Լ)

3. Սահմանել, որ սույն միջոցառման ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին է տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, 500,000.0 հազ. դրամի չափով, որից հետո` եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը սույն միջոցառման շրջանակներում կատարված փաստացի ծախսերի վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


 

18.12.2020

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

դեկտեմբերի 17-ի N 2073-Լ որոշման

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍՎԱԾՔ ԿԱՄ ԽԵՂՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին (այսուհետ՝ շահառու)։ Շահառուի կողմից առողջական վիճակով պայմանավորված ամենամսյա դրամական վճարն ստանալու անհնարինության դեպքում դրամական վճարը տրամադրվում է շահառուի ընտանիքի անդամներին՝ ամուսնուն կամ զավակին կամ ծնողին, որի վերաբերյալ նշված անձինք (առկայության դեպքում) ներկայացնում են համատեղ ստորագրված դիմում՝ դրամական վճարը նրանցից որևէ մեկի անունով բացված հաշվին փոխանցելու մասին:

(1-ին կետը լրաց. 29.04.21 N 660-Լ)

2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարի ձևով՝ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) միջոցով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝

1) ամսական 200000 դրամի չափով՝ հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի N 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100000 դրամ ստացող զինծառայողին.

2) ամսական 300000 դրամի չափով՝ այն զինծառայողին, ով առողջական վիճակի պատճառով հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, սակայն դեռևս չի ճանաչվել հիմնադրամի շահառու: Ընդ որում, եթե սույն ենթակետում նշված անձն ստացել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշմամբ նախատեսված միանվագ դրամական օգնությունը, ապա սույն ենթակետում նշված ամենամսյա դրամական վճարը նվազեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 90-Լ որոշման համաձայն ստացված միանվագ դրամական օգնության չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար նվազեցնելով 100000 դրամի չափով: Նվազեցումը կատարվում է օգնությունն ստացած անձանց վերաբերյալ հիմնադրամին տրամադրված ցուցակներում նվազեցման վերաբերյալ նշումների հիման վրա։

(2-րդ կետը խմբ. 18.02.21 N 206-Լ, լրաց. 29.04.21 N 660-Լ)

3. (կետն ուժը կորցրել է 18.02.21 N 206-Լ)

4. Ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե`

1) վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողը ճանաչվել է hիմնադրամի շահառու, շահառու ճանաչվելու ամսվա 1-ից.

2) ամենամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար՝ 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից,

3) ամենամսյա դրամական վճար տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել են տեղեկություններ, որ զինծառայողը վնասվածքը կամ խեղումն ստացել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ դասալքության կամ կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով։

5. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները նվազեցվում են շահառուին hիմնադրամից վճարման ենթակա միանվագ գումարից։

6. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները շահառուից ետ չեն պահանջվում և դիտարկվում են որպես hիմնադրամի ծախս։

7. Եթե ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է սույն հավելվածի 4–րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա, ապա վճարված գումարները կարող են վերադարձվել զինծառայողի կամ այլ անձի կողմից կամ hիմնադրամի կողմից գանձվել դատական կարգով։

(հավելվածը խմբ., փոփ. 18.02.21 N 206-Լ, լրաց. 29.04.21 N 660-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան