Գլխավոր տեղեկություն
Համար
N 649-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 28.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2021 թվականի N 649-Լ

 

OԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե:

2. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

4. Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան

 

27.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 22-ի N 649-Լ որոշման

 

ԿԱԶՄ

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար (կոմիտեի նախագահ)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ (կոմիտեի նախագահի տեղակալ)

3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

8. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

10. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

11. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի վարչության պետ

12. Ազգային կոմիտեի քարտուղար

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


27.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 22-ի N 649-Լ որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեն (այսուհետ` ազգային կոմիտե) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի ուսումնասիրման և դրանց պարզեցման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններին առաջարկություններ ներկայացնող մարմինն է:

2. Ազգային կոմիտեն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) փաստաթղթերով, սույն կանոնադրությամբ, օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրով և այլ իրավական ակտերով` գործելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին համապատասխան:

 

II. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Ազգային կոմիտեի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

1) օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի մշակումը, դրա մեջ փոփոխությունների ու լրացումների կատարման նախապատրաստումը և քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի հաստատմանը ներկայացնելը.

2) օդային փոխադրումներին առնչվող մաքսային կարգավորումներին, ինչպես նաև այլ ընթացակարգերի հետ կապված քաղաքականությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությունը.

3) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն, Հայաստանի Հանրապետության վարչապետին և համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելը.

4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, համապատասխան պետական կառավարման համակարգի մարմիններին և այլ կազմակերպություններին օդային փոխադրումների մասին տեղեկատվության պարբերաբար տրամադրումը.

5) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայաններում օդային փոխադրումների ընթացակարգերի ուսումնասիրությունների իրականացումը:

 

III. ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ, ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Ազգային կոմիտեի կազմը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ազգային կոմիտեն բաղկացած է կոմիտեի նախագահից, կոմիտեի նախագահի տեղակալից և անդամներից:

5. Ազգային կոմիտեն գլխավորում է կոմիտեի նախագահը: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանդիսանում է կոմիտեի նախագահը:

6. Ազգային կոմիտեի նախագահը`

1) ղեկավարում է ազգային կոմիտեի գործունեությունը.

2) նշանակում է ազգային կոմիտեի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը.

3) հրավիրում և վարում է ազգային կոմիտեի նիստերը.

4) ներկայացնում է ազգային կոմիտեն այլ մարմինների և կազմակերպությունների հետ հարաբերություններում:

7. Ազգային կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով:

8. Ազգային կոմիտեի նիստերը գումարվում են ազգային կոմիտեի նախագահի կամ նրա հանձնարարությամբ կոմիտեի տեղակալի կամ անդամների 1/3-ի նախաձեռնությամբ, ըստ անհրաժեշտության, բայց առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ: Ազգային կոմիտեի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ազգային կոմիտեի անդամների առնվազն 2/3-ը:

9. Ազգային կոմիտեի նիստերը վարում է ազգային կոմիտեի նախագահը կամ նրա հանձնարարությամբ, կարող է վարել ազգային կոմիտեի նախագահի տեղակալը կամ ազգային կոմիտեի անդամներից մեկը:

10. Ազգային կոմիտեի նիստի օրակարգը կազմում է ազգային կոմիտեի քարտուղարը` ազգային կոմիտեի անդամների ներկայացրած հարցերի հիման վրա:

11. Ազգային կոմիտեի նիստի օրակարգի նախագիծը և դրան վերաբերող մյուս անհրաժեշտ նյութերը հանձնվում են ազգային կոմիտեի անդամներին` ոչ ուշ, քան նիստից 3 աշխատանքային օր առաջ:

12. Ազգային կոմիտեի անդամները նիստից 2 օր առաջ կարող են ներկայացնել առաջարկություններ կամ նոր հարցեր` նիստի օրակարգում ընդգրկելու համար:

13. Ազգային կոմիտեի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա անդամների 2/3-ը: Յուրաքանչյուր անդամ քվեարկության ժամանակ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում ազգային կոմիտեի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Ազգային կոմիտեի որոշումներն ստորագրում է ազգային կոմիտեի նախագահը: Եթե ազգային կոմիտեի որևէ անդամ ընդունված որոշման վերաբերյալ ունի այլ կարծիք, ապա, նրա ցանկությամբ, այն գրավոր կցվում է ազգային կոմիտեի որոշմանը:

15. Ազգային կոմիտեի նախագահի կամ կոմիտեի նախագահի տեղակալի հրավերով` ազգային կոմիտեի նիստին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:

16. Ազգային կոմիտեի նիստերն արձանագրվում են: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններն ստորագրում են տվյալ նիստը վարողը և քարտուղարը: Ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններում նշվում են`

1) նիստի անցկացման վայրը և տարեթիվը.

2) նիստի մասնակիցների մասին տեղեկությունները.

3) նիստի օրակարգը.

4) նիստում կատարված քննարկումների մասին տեղեկությունները.

5) նիստում ընդունված որոշումների և առաջարկությունների մասին տեղեկությունները:

17. Ազգային կոմիտեի քարտուղարը նշանակվում է ազգային կոմիտեի նախագահի կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների թվից: Ազգային կոմիտեի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները և ազգային կոմիտեի անդամների միջև համակարգում տեղեկատվության փոխանակումը:

18. Ազգային կոմիտեի նախագահի տեղակալը և անդամն իրավունք ունեն`

1) նախապես ծանոթանալու ազգային կոմիտեի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.

2) ծանոթանալու ազգային կոմիտեի նիստերի արձանագրություններին.

3) ելույթ ունենալու ազգային կոմիտեի նիստում.

4) ազգային կոմիտեի նիստում ներկայացնելու առաջարկություններ.

5) կազմակերպելու ազգային կոմիտեի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:

19. Ազգային կոմիտեի անդամը պարտավոր է`

1) մասնակցել ազգային կոմիտեի աշխատանքներին.

2) իր իրավասության սահմաններում ապահովել ազգային կոմիտեի և ազգային կոմիտեի նախագահի կողմից իրեն արված առաջարկությունների կատարումը` իր կողմից ներկայացված բնագավառի գործառույթների շրջանակում.

3) ապահովել աշխատանքային գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած առևտրային, պետական և ծառայողական կամ այլ գաղտնիքի պահպանությունը:

20. Ազգային կոմիտեի աշխատանքների կազմակերպական, տեխնիկական, տեղեկատվական և վերլուծական ապահովումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

21. Ազգային կոմիտեն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը և հրապարակայնությունը:

22. Ազգային կոմիտեի անդամներն ազգային կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար չեն վարձատրվում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան


27.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան