Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (13.05.2021-05.08.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.02.22/6(575).1 Հոդ.38
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
11.01.2017
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.02.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 հունվարի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 60617028

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

11 հունվարի 2017 թ.
ք. Երևան

N 9-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 8-րդ մասով, 71-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

 (նախաբանը փոփ. 11.05.21 N 23-Ն)

1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները փաթեթավորելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության 

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

Տ. Մուկուչյան

 

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2017 թ. հունվարի 11-ի N 9-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՊԱՐԱԳԱՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական փաստաթղթերն ու պարագաները քվեարկության ավարտից հետո փաթեթավորելու և տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Առանձին փաթեթավորվում և ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկում (այսուհետ` պարկ) տեղադրվում են՝

1) հանձնաժողովի անդամների անհատական կնիքները,

2) Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` միայն զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմված ընտրողների ստորագրված ցուցակները,

3) Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա տեխնիկական սարքավորման միջոցով տպված՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված և հանձնաժողովի կնիքով կնքված տեղեկանքը: Մյուս ընտրությունների ժամանակ, եթե տեխնիկական սարքավորումն անխափան աշխատել է քվեարկության ընթացքում, ապա սույն կետում նշված տեղեկանքն առանձին փաթեթավորվում և տեղադրվում է պարկում,

4) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնները,

5) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնները,

6) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշները,

7) չօգտագործված համարակալված քվեարկության կտրոնները,

8) կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին, թեկնածուին կողմ, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ նաև դեմ քվեարկված՝ հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները,

9) անվավեր քվեաթերթիկները,

10) քվեարկության արդյունքների արձանագրության մեկ օրինակը:

 (2-րդ կետը լրաց. 11.05.21 N 23-Ն)

3. Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները (բացառությամբ՝ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող՝ ընտրողների ստորագրված ցուցակների) փաթեթավորվում (տեղադրվում) են առանձին՝ մեկանգամյա օգտագործման փոքր պարկում: Ընտրողների ցուցակների պարկը փակվում, կնքվում է սույն կարգով սահմանված կարգով և ստորագրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող ընտրողների ստորագրված ցուցակները փաթեթավորվում են առանձին, փաթեթը կնքվում է և տեղադրվում ընտրական փաստաթղթերի պարկում:

 (3-րդ կետը խմբ. 11.05.21 N 23-Ն)

4. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են միասին` առանձին փաթեթում:

Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), թեկնածուին կողմ քվեարկած քվեաթերթիկները փաթեթավորվում են առանձին:

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկները տեղադրվում են առանձին փաթեթում:

 (4-րդ կետը փոփ. 11.05.21 N 23-Ն)

5. Պարկում տեղադրվող ընտրական փաստաթղթերի և հանձնաժողովի անդամների անհատական կնիքների փաթեթավորումն իրականացվում է համապատասխան փաստաթղթերն ու հանձնաժողովի անդամների անհատական կնիքներն առանձին ծրարներում տեղադրելու և ծրարներից յուրաքանչյուրի վրա դրա պարունակության վերաբերյալ նշում կատարելու միջոցով: Ծրարները փակման մասում սոսնձվում են և կնքվում տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով: Ծրարների վրա պետք է առկա լինի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ծրարների վրա: Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում նրանց ստորագրության նմուշները:

6. Ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը և ընտրողների ցուցակները պարունակող պարկը փակվում են փակման համար նախատեսված տեղի ժապավենը հեռացնելու, այդ մասում պարկի երկու կողմերն իրար միացնելու և այդ միացման տեղում պարկի երկու կողմերն իրար ամուր սեղմելու միջոցով:

7. Պարկերի վրա ստորագրում է հանձնաժողովի նախագահը, կնքվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով և պարկերի վրա գրվում է ընտրական տեղամասի համարը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու պարկի վրա: Գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անունները, ազգանունները, դրվում ստորագրության նմուշները:

8. Չօգտագործված (չքվեարկված) բոլոր քվեաթերթիկները, չօգտագործված քվեարկության ծրարները, օգտագործված քվեարկության ծրարները, չսահմանված նմուշի քվեաթերթիկները և քվեարկության ծրարներն առանց հաշվելու փաթեթավորվում են առանձին, փաթեթների վրա գրվում է դրանց պարունակությունը:

Սույն կետում նշված փաթեթները կարող են չսոսնձվել, չկնքվել և չստորագրվել, այդ փաթեթները չեն տեղադրվում պարկի մեջ և տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացվում առձեռն:

9. Ընտրական փաստաթղթերի պարկը, ընտրողների ցուցակները պարունակող պարկը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, կնիքը, չօգտագործված քվեարկության ծրարների, չօգտագործված քվեաթերթիկների, օգտագործված քվեարկության ծրարների, չսահմանված նմուշի քվեաթերթիկների և քվեարկության ծրարների փաթեթները տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով՝ ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ:

Միաժամանակ տարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը (առկայության դեպքում՝ շրջիկ արկղերը), քվեարկության խցիկները:

10. Ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:

Ստացականը կնքում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Ստացականի երկրորդ մասը տրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

 (հավելվածը փոփ., լրաց., խմբ. 11.05.21 N 23-Ն)