ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2021 թվականի N 883-Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՈՒ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐՈՎ ԵՎ ՄԻԱԳՈՒՄԱՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՁԵՎՈՎ ՎՃԱՐՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԵՎ ՀԱՐԿԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ՈՒ ՏՈՒՅԺԵՐԻ, ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՑԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ (ԵՂԱՆԱԿՆԵՐԸ) ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՀԸ (ՎՃԱՐԵԼՈՒ ՕՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 61-րդ հոդվածի 6-րդ մասի, 74-րդ հոդվածի 7-րդ մասի և 266-րդ հոդվածի 18-րդ մասի 1-ին պարբերություններին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի, «Պետական տուրքի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսատուրքի, ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, մաքսային գործառնությունների իրականացման համար պետական տուրքի, հատուկ, հակագնագցման ու փոխհատուցման տուրքերի, բնապահպանական հարկի և ճանապարհային հարկի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային մարմիններին վճարվող միասնական դրույքաչափերով և միագումար մաքսային վճարի ձևով վճարվող մաքսատուրքի և հարկերի, ինչպես նաև դրանց նկատմամբ հաշվարկված տոկոսների ու տույժերի, մաքսային կանոնների խախտումների համար առաջացած տուգանքների գծով պարտավորությունները (այսուհետ՝ պարտավորություններ) կարող են կատարվել հետևյալ ձևերով (եղանակներով)՝
1) անկանխիկ եղանակով.
2) կանխիկ եղանակով։
2. Պարտավորությունները կարող են կատարվել դրանց դիմաց վճարում ընդունող ֆինանսական կազմակերպությունների միջոցով, ինչպես նաև վճարային միջոցների (գործիքների) կիրառմամբ։ Պարտավորությունների դիմաց վճարումների ընդունումը՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով, իրականացվում է՝
1) հայաստանյան և օտարերկրյա վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների (բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների) միջոցով (այսուհետ՝ ֆինանսական կազմակերպություն).
2) պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով։
3. Պարտավորությունների մարումը մաքսային մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային համակարգում իրականացվում է՝
1) անկանխիկ եղանակով՝ դրամական միջոցները վճարողի բանկային հաշվից դեպի պետական գանձապետական համապատասխան հաշվին փոխանցելու արդյունքում.
2) հաշվանցման արդյունքում, որը կատարվում է պետական գանձապետական համապատասխան հաշվին որպես ավելի վճարված կամ կանխավճար փոխանցված (առկա) դրամական միջոցների և պարտավորությունների միջև.
3) կանխիկ եղանակով՝ վճարողի կողմից կանխիկ դրամական միջոցներն սպասարկող ֆինանսական կազմակերպության միջոցով դեպի պետական գանձապետական համապատասխան հաշվին փոխանցելու արդյունքում։
4. Պարտավորությունների դիմաց վճարումները կարող են իրականացվել հետևյալ վճարային գործիքներով (միջոցներով)՝
1) բանկային հաշվից փոխանցման միջոցով՝ ներկայացնելով վճարման հանձնարարական.
2) կանխիկ դրամական միջոցներով փոխանցման նպատակով կարգադրություն ներկայացնելով (այդ թվում՝ վճարային տերմինալների միջոցով).
3) վճարային քարտերի կիրառման միջոցով, այդ թվում՝ վիրտուալ միջավայրում.
4) էլեկտրոնային փողերի կիրառման միջոցով.
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կարգավորվող այլ վճարային գործիքներով և (կամ) միջոցներով։
5. Մաքսային մարմնի կողմից ապրանքները բաց թողնելու համար վճարման պարտավորություն կրող անձի կողմից սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների վճարված լինելու փաստը հաստատվում է հետևյալ փաստաթղթերով և տեղեկություններով` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ապրանքների բացթողման պայմանների պահպանմամբ՝
1) մաքսային մարմիններին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի միջոցով՝ օրական կտրվածքով, պետական գանձապետական համապատասխան հաշիվներին կատարված մուտքերի վերաբերյալ հաշվետվությունների ձևերից արտածվող տեղեկություններով.
2) պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագրով կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի ներկայացմամբ, այն դեպքում, երբ պարտավորությունները կատարվել են պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով (e-payments).
3) ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի N 168-Ն որոշման համաձայն, վճարային ծառայության կատարման ժամանակ տրամադրվող համապատասխան անդորրագրով։
6. Սույն որոշման իմաստով պարտավորության դիմաց վճարում կատարելու պահ է համարվում՝
1) կանխիկ միջոցներով վճարման դեպքում՝ վճարողի կողմից ֆինանսական կազմակերպության դրամարկղ (վճարային տերմինալ) կանխիկ միջոցների մուտքագրման ժամանակ այդ գործառնությունը հավաստող և վճարողին տրամադրված անդորրագրի վրա նշված տրամադրման ամսաթիվը.
2) անկանխիկ եղանակով վճարման դեպքում՝ վճարման պարտավորություն կրող անձի հաշվից փոխանցվող միջոցների ելքագրման ժամանակ այդ գործառնությունը հավաստող և այդ անձին տրամադրված անդորրագրի վրա նշված տրամադրման ամսաթիվը.
3) վճարման պարտավորություն կրող անձի հետ կապված համապատասխան գանձապետական հաշիվներին ավելի վճարված գումարների կամ կանխավճարների առկայության դեպքում` այդ գումարի չափով պարտավորության հաշվանցման պահը (ամսաթիվը)։ Ընդ որում, հաշվանցումն իրականացվում է՝ հիմք ընդունելով վճարման պարտավորություն ունեցող անձի կողմից մաքսային մարմնին ուղղված համապատասխան կարգադրության (դիմումի) հիման վրա՝ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն։
7. Սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված՝ վճարային տերմինալների միջոցով պարտավորության կատարման դեպքում, ապրանքները բաց թողնելու համար վճարման պարտավորություն կրող անձի կողմից սույն որոշման 1-ին կետով նախատեսված՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների վճարված լինելու փաստը մաքսային մարմինների կողմից հաստատված է համարվում սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղեկության առկայության դեպքում։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշմամբ սահմանված գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման օրվանից, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հուլիսի 1-ը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.03.2023, N 291-Ն | 10.03.2023, N 883-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|