Գլխավոր տեղեկություն
Համար
N 1495-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.05.2021-01.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2017.12.25/34(603) Հոդ.1237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2017 թվականի N 1495-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 10.12.20 N 2026-Ն)

 

Համաձայն «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 122-Ն որոշման N 1 հավելվածի 200-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.12.20 N 2026-Ն, 06.05.21 N 720-Ն)

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ներգերատեսչական հսկողության կարգը.

2) 2021 թվականի հուլիսի 1-ից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, կենտրոնական ապարատի իրավասու ստորաբաժանումներում և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասերում հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացներն իրականացնել ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառմամբ.

3) մինչև 2021 թվականի հունվարի 28-ը հաստատել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու գործընթացն ապահովող ավտոմատացված տեղեկատվական համակարգից օգտվելու ուղեցույցը:

(2-րդ կետը փոփ., խմբ. 10.12.20 N 2026-Ն, փոփ. 06.05.21 N 720-Ն)

2.1. Մինչև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետը Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունվում, գրանցվում, հաշվառվում և դրանց ընթացք է տրվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն առանց ավտոմատացված տեղեկատվական համակարգի կիրառման ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգով՝ համաձայն N 2 հավելվածի։

(2.1-ին կետը լրաց. 06.05.21 N 720-Ն)

2.2. Սույն որոշման N 2 հավելվածը գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:

(2.2-րդ կետը լրաց. 06.05.21 N 720-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. նոյեմբերի 30

Երևան

 

 

Հավելված N 1 

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման

(գլխագիրը փոփ. 06.05.21 N 720-Ն)

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

(վերնագիրը խմբ. 10.12.20 N 2026-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` ոստիկանություն) կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված իրավահարաբերությունները:

2. Սույն կարգի գործողությունը չի տարածվում`

1) ոստիկանության ծառայողների կողմից անմիջականորեն հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնցով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կամ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել առանց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու.

2) տեխնիկական միջոցներով հայտնաբերված վարչական իրավախախտումների դեպքերի վրա, որոնք քննվել են «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) հաղորդում` հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված ցանկացած հեռախոսազանգ կամ SMS հաղորդագրություն (շարժական կապի օպերատորների կողմից SMS հաղորդագրության համար տեխնիկական հնարավորություն ապահովելու դեպքում), քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ներքին անվտանգության վարչության (այսուհետ՝ իրավասու ստորաբաժանումներ) կամ պարեկային կարգախմբի կողմից կամ ոստիկանության մյուս ստորաբաժանումներում ստացված տեղեկություններ հանցագործությունների, վարչական իրավախախտումների, պատահարների վերաբերյալ, այդ թվում՝ 102@police.am էլեկտրոնային փոստին ստացված.

2) հանցագործության մասին հաղորդումներ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 177-179-րդ հոդվածներով նախատեսված քրեական գործ հարուցելու առիթներ.

3) վարչական իրավախախտումների մասին հաղորդումներ՝ գրավոր և բանավոր հաղորդումներ, որոնք պարունակում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ տեղեկություններ, ոստիկանության ծառայողի զեկուցագիրը` հայտնաբերված վարչական իրավախախտման մասին, վարչական իրավախախտում հայտնաբերելու մասին նախաքննության մարմնից, պետական կամ իրավասու այլ մարմնից, ոստիկանության կենտրոնական ապարատից կամ ոստիկանության կառուցվածքային այլ ստորաբաժանումներից ստացված գրությունը կամ հաղորդումը.

4) պատահարների վերաբերյալ հաղորդումներ՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին ստացված հեռախոսազանգեր, անմիջապես ոստիկանությունում հաղորդված կամ կապի միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանցից, պետական մարմիններից, ոստիկանության ծառայողներից ստացված բանավոր տեղեկություններ դեպքերի կամ իրադարձությունների մասին, որոնք առերևույթ հանցագործության կամ վարչական իրավախախտման հատկանիշներ չեն պարունակում.

5) հաղորդման գրանցում՝ հաղորդման բովանդակության համառոտագրում հաղորդումների էլեկտրոնային գրանցամատյանում (այսուհետ՝ գրանցամատյան).

6) հաղորդման հաշվառում՝ յուրաքանչյուր ընդունված հաղորդման հերթական համարով համարակալում, դրա հետագա ընթացքի վերլուծություն և սույն կարգով նախատեսված դեպքերում` նյութերի հաշվառում.

7) հաղորդմանն ընթացք տալը՝ ոստիկանության իրավասու ծառայողների կողմից հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների ստուգման նպատակով օրենքով նախատեսված գործողությունների իրականացում և որոշումների ընդունում (այսուհետ՝ ստուգում).

8) նյութեր՝ հաղորդման ընդունման և ստուգման արդյունքում ձեռք բերված (ստեղծված) փաստաթղթերի, նյութական այլ կրիչների և առարկաների ամբողջություն.

9) անանուն հաղորդում՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին մտացածին անձի անունից կամ առանց զանգահարողի անվան, ազգանվան հիշատակման կատարված հեռախոսազանգերը, կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված կամ առանց հաղորդում ներկայացնողի անվան, ազգանվան հիշատակման, ինչպես նաև առանց ստորագրության հաղորդում, իսկ էլեկտրոնային եղանակով ֆիզիկական անձից ստացված հաղորդման դեպքում՝ առանց էլեկտրոնային թվային ստորագրության կամ ֆիզիկական անձի նույնականացումն ապահովող այլ միջոցի (բացառությամբ ծրիչի (սկաների) միջոցով ներբեռնված ստորագրության), անվան, ազգանվան նշման հաղորդում:

10) նույնաբովանդակ հաղորդումներ՝ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին, ոստիկանության իրավասու ստորաբաժանումներում, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում և դրանց ենթակա ստորաբաժանումներում (այսուհետ՝ ոստիկանության տարածքային մարմիններ) կամ պարեկային ոստիկանության կարգախմբի կողմից ստացված ինչպես նույն անձի, այնպես էլ տարբեր անձանց կողմից նախկինում ներկայացված նույն բովանդակությամբ հաղորդումներ։

4. Ոստիկանության բոլոր տարածքային մարմիններում՝ տեսանելի վայրերում, ամրացվում են ցուցապաստառներ, որոնցում առկա են տեղեկություններ՝ բանավոր հաղորդումներ ընդունելու մասին, արձանագրությունների ձևի, հաղորդումները ոստիկանության ծառայողի կողմից ապօրինաբար չընդունելու իրավական հետևանքների, դրանք գրանցելու և ստուգելու կարգի և ժամկետների, սույն կարգի պահանջների նկատմամբ ներգերատեսչական հսկողություն իրականացնող վերադաս ստորաբաժանման, դատախազության, վերջինիս աշխատանքային, ինչպես նաև ոստիկանության «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարների վերաբերյալ: Նույնաբովանդակ տեղեկություններ զետեղվում են նաև ոստիկանության պաշտոնական կայքէջում:

 

2. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

5. Հաղորդումները, անկախ իրավախախտումների կատարման կամ պատահարների առաջացման վայրից և ժամանակից, ինչպես նաև դրանցում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունից, պարտադիր ենթակա են ընդունման և գրանցման պարեկային կարգախմբի կողմից, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, իրավասու ստորաբաժանումներում, ոստիկանության տարածքային մարմիններում (այսուհետ՝ հաղորդում ընդունող ստորաբաժանումներ):

6. Պարեկային կարգախմբի կողմից ստացված իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումները ռադիոկապով անմիջապես փոխանցվում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ հաղորդման վերաբերյալ տեղեկությունները ներմուծվում են ավտոմատացված տեղեկատվական համակարգ (այսուհետ՝ համակարգ):

7. Պարեկային կարգախմբի հետագա գործողությունները համակարգվում են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից:

8. Հաղորդում ընդունող ստորաբաժանումների (բացառությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչության) հերթապահ մասերը կամ հերթապահ ծառայությունները (այսուհետ` հերթապահ մաս) ապահովում են հաղորդումների շուրջօրյա ընդունումն ու գրանցումը:

9. Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սույն կարգով սահմանված հերթապահ մասի հերթափոխի ավագի գործառույթներն աշխատանքային ժամերին իրականացվում է ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի կողմից լիազորված ծառայողի (ծառայողների) կողմից:

10. Փոստային, հեռագրական, ֆաքսիմիլային կապի միջոցներով ոստիկանության իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում ստացված հաղորդումները գրանցվում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն), որից հետո անհապաղ ներկայացվում են իրավասու ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի պետին, իսկ նրա բացակայության դեպքում` իրավասու ստորաբաժանման իրավասու այլ պաշտոնատար անձին կամ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավար պաշտոնատար անձանցից նշանակված օրվա պատասխանատու հերթապահին (այսուհետ` պատասխանատու): Իրավասու ստորաբաժանման պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) պարտավոր է հաղորդումն անհապաղ ուղարկել գրանցման:

11. Հանցագործությունների մասին ֆիզիկական անձանց բանավոր հաղորդումները պարեկային կարգախմբի կողմից ընդունվում և ամրագրվում են պարեկի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (այսուհետ՝ արձանագրություն) (ձև N 1), իսկ իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում՝ հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (ձև N 2) մեջ, որում նշվում են`

1) հաղորդում ներկայացնողի անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, բնակության (հաշվառման) վայրի, իսկ առկայության դեպքում՝ նաև ծառայողական հասցեն և պաշտոնը, հեռախոսահամարը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, նրա առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը, ստորագրությունը, առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, իրավախախտման կամ պատահարի նկարագրությունը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը.

2) 16 տարին լրացած անձի կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու դեպքում՝ սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին գրավոր նախազգուշացված լինելու մասին նշումը.

3) հաղորդում ընդունողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստորագրությունը, արձանագրությունը կազմելու վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն.

4) կտրոն-ծանուցագիր ստանալու մասին տվյալները:

12. Հաղորդումն արձանագրության մեջ շարադրվում է առաջին դեմքով:

13. Հաղորդում ներկայացնողի կողմից հայերենին չտիրապետելու դեպքում հաղորդումն ընդունվում է հայերենին և այն օտար լեզվին տիրապետող, համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի մասնակցությամբ, որին տիրապետում է հաղորդում ներկայացնող անձը: Հաղորդում ներկայացնող անձը հաղորդումը շարադրում է այն լեզվով, որին ինքը տիրապետում է, ինչին հաջորդում է արձանագրությունում թարգմանչի կատարած թարգմանության շարադրումը, որը հաստատվում է թարգմանչի կողմից: Այս դեպքում հաղորդումն ամրագրվում է միայն իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (ձև N 2) մեջ։

14. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը ֆիզիկական թերությունների կամ առողջական վիճակի կամ գրաճանաչ չլինելու պատճառով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում ծնողի կամ այլ մերձավոր ազգականի, իսկ անհնարինության դեպքում այլ անձանց միջոցով կամ նրանց համաձայնությամբ հիշյալ գործողությունը կարող է տեսաձայնագրառվել՝ ստորագրությամբ հաստատելով արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և հաղորդում ներկայացնող անձի կողմից այն ստորագրելու անհնարինությունը: Այս դեպքում հաղորդումն ամրագրվում է միայն իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում՝ հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ արձանագրության (ձև N 2) մեջ։

15. Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող անձը հայտնում է իր տվյալները, սակայն հրաժարվում է ստորագրել ոստիկանության ծառայողի կազմած արձանագրությունը, ապա ոստիկանության ծառայողը այդ մասին նշում է կատարում արձանագրության մեջ (հնարավորության դեպքում արտացոլելով հրաժարման պատճառները): Արձանագրությունը սույն կարգի համաձայն ստորագրվում է կազմողի կողմից:

16. Անհայտ կորածների մասին հաղորդումներն ընդունվում և գրանցվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ:

17. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով չնախատեսված աղբյուրներից ստացված և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հաղորդումները գրանցվում են դրանք ստացած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա:

18. Հաղորդումները (այդ թվում՝ անանուն) գրանցվում են գրանցամատյանում կենտրոնացված հերթական համարակալմամբ:

19. Գրանցամատյանում գրառում կատարելու իրավունք ունի ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի իրավասու ծառայողը, պարեկային կարգախմբի ծառայողը, հերթապահ մասի պետը, հերթափոխի ավագը, իրավասու ստորաբաժանման պետի կողմից լիազորված ծառայողը, հաղորդումով գործողություն կատարելու հանձնարարություն ստացած ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված դեպքում` նաև ոստիկանության տարածքային մարմնի ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ծառայողը:

20. Գրանցամատյանում գրառումները կատարվում են միայն ավտոմատացված տեղեկատվական համակարգի համապատասխան աշխատատեղերից:

21. Գրանցամատյանում գրանցված հաղորդմանը տրվում է հերթական հաշվառման համար` օրացուցային յուրաքանչյուր տարվա սկզբից նոր համարակալմամբ:

22. Գրանցամատյանում գրառումները պարունակում են հաղորդումը գրանցելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, իրավախախտման կամ պատահարի հակիրճ նկարագրությունը (ժամանակը, վայրը, հանգամանքները), հաղորդում ներկայացնող անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), ձեռնարկված միջոցառումները, հաղորդումով իրավախախտման կամ պատահարի վայր մեկնած պարեկային կարգախմբի, ոստիկանության տարածքային մարմնի, ոստիկանության ծառայողի, այդ թվում` օպերատիվ խմբի ղեկավարի տվյալները, հաղորդումն ստուգելու հանձնարարություն ստանալու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն, ստուգումն իրականացնող ոստիկանության ծառայողի տվյալները, ստուգելու արդյունքում ընդունված որոշումը և այն ընդունելու օրը, ամիսը, տարեթիվը, քրեական գործի համարը, այն մարմինը, ուր հաղորդումը (նյութերը) ուղարկվել է ըստ ենթակայության, հանցագործության մասին հաղորդում ընդունելու մասին արձանագրության համարը, նախկինում գրանցված հաղորդումը նոր հաղորդմանը կցելու մասին տեղեկություններ, ինչպես նաև հաղորդմանն առնչվող ցանկացած այլ տեղեկություն:

23. Գրանցամատյանում օրվա ընթացքում հաշվառված հաղորդումների, ինչպես նաև հանցագործությունների մասին ստացված հաղորդումների էլեկտրոնային տարբերակը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին:

24. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված դեպքում ըստ ենթակայության ուղարկելիս` հանցագործության մասին հաղորդումն իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում համարվում է գրանցումից հանված և ստուգման ենթակա չէ:

25. Քարտուղարության աշխատողներին արգելվում է քաղաքացիներից կամ նրանց ներկայացուցիչներից առձեռն ստանալ կամ ընդունել հանցագործության մասին հաղորդումներ:

26. Եթե անանուն հաղորդման ստուգումը չի պահանջում պատահարի կամ իրավախախտման վայրի մեկնում, ապա դրանք ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության իրավասու ստորաբաժանման պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) ցուցումով (մակագրությամբ) թողնվում են անհետևանք:

27. Հանցագործությունների մասին անանուն գրավոր հաղորդումները քարտուղարությունում գրանցվելուց հետո, իսկ բանավոր հաղորդումները հաղորդում ընդունող ոստիկանության ծառայողի զեկուցագրով հանձնվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգելու համար, եթե հաղորդմամբ պարունակվող տեղեկությունները հիմնավոր են, ողջամտորեն ստուգման հնարավորություն են տալիս, վերաբերում են կոնկրետ անձի կամ կոնկրետ հանցագործության դեպքի:

28. Եթե գրանցվում են միևնույն բովանդակությամբ երկու և ավելի հաղորդում, ապա դրանք որպես նույնաբովանդակ հաղորդումներ փոխկապակցվում են առաջինը գրանցվածին:

29. Միևնույն անձից երկու և ավելի անգամ ստացված հաղորդումները գրանցվում են սույն կարգի համաձայն, սակայն կարող են չստուգվել, եթե վերաբերում են միևնույն իրավախախտման կամ պատահարի միևնույն հանգամանքներին: Ստուգում չիրականացնելու հիմնավորումների մասին հաղորդումը ներկայացնողին տրվում է գրավոր պարզաբանում:

30. Հեռախոսային կապի միջոցով ոստիկանության իրավասու ստորաբաժանումներ, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ոստիկանության տարածքային մարմինների հերթապահ մասեր և հերթապահ ծառայություններ ուղղված բոլոր հեռախոսազանգերը ձայնագրվում են: Ձայնագրությունները պահպանվում են երեք ամիս և ոչնչացվում են ինքնաշխատ եղանակով:

31. Քննիչի կամ դատախազի՝ հանցագործության նոր դեպքի կամ վարչական իրավախախտման հայտնաբերման մասին գրությունն անհապաղ գրանցվում է գրանցամատյանում:

32. Հանցագործության նոր դեպքի մասին գրությունը գրանցելուց հետո 24-ժամվա ընթացքում քննիչին գրավոր տրամադրվում է ստացված գրության՝ գրանցամատյանում հաշվառման համարը:

33. Անմիջապես իրավասու ստորաբաժանումում կամ ոստիկանության տարածքային մարմնում կամ պարեկային կարգախմբի կողմից հանցագործության մասին հաղորդում ընդունելիս՝ հաղորդում ներկայացնողին ինքնաշխատ եղանակով արձանագրության մեջ նշված կոնտակտային տվյալներով (էլեկտրոնային փոստային հասցեին, բջջային հեռախոսահամարին) ուղարկվում է ծանուցում (էլեկտրոնային կամ sms հաղորդագրություն), որում նշվում են արձանագրության համարը, օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, հաղորդումն ընդունող ոստիկանության ծառայողի տվյալները և հաղորդումը ստացած իրավասու ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի անվանումը, իսկ էլեկտրոնային փոստով հանցագործության մասին հաղորդում ստանալու դեպքում հաղորդում ներկայացնողին ծանուցումն ուղարկվում է նույն էլեկտրոնային փոստի հասցեով:

34. Կոնտակտային տվյալներ (էլեկտրոնային փոստային հասցե, բջջային հեռախոսահամար) չունենալու դեպքում, հանցագործության մասին հաղորդում տվողի ցանկությամբ նրան տեղում տրվում է կտրոն-ծանուցագիր (ձև N 3), որի մեջ նշվում են արձանագրության համարը, օրը, ամիսը, տարին, ժամը, րոպեն, հաղորդումն ընդունող ոստիկանության ծառայողի տվյալները, ծառայողական հեռախոսահամարը և հաղորդումը ստացած ոստիկանության տարածքային կամ իրավասու մարմնի անվանումը: Կտրոն-ծանուցագիր տալու մասին նշում է կատարվում ձև N 1 կամ ձև N 2 արձանագրություններում:

 

3. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

35. Հանցագործությունների մասին հաղորդումը կամ ոստիկանության ծառայողի զեկուցագիրը գրանցելուց հետո 4 ժամվա ընթացքում դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը (օպերատիվ հաղորդագրությունը) մուտքագրվում է ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան:

36. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգի օպերատիվ հաղորդագրությունների հաշվառման շտեմարան մուտքագրված տեղեկատվությունը 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տրամադրվում է դատախազությանը:

37. Ոստիկանության ավտոմատացված տեղեկատվական համակարգում մուտքագրված օպերատիվ հաղորդագրությունները շուրջօրյա ռեժիմով համակարգվում են ոստիկանության շտաբի հերթապահ մասում:

38. Վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 13-ի N 292-Ն որոշմամբ սահմանված կարգով՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

39. Նյութերը, որոնցով ընդունվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ, հաշվառվում են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումների հաշվառման մատյանում, իսկ այն նյութերը, որոնցով վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելը մերժվել կամ հարուցված վարույթը կարճվել է, հաշվառվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելը մերժելու և հարուցված վարույթը կարճելու մասին որոշումների հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանները վարում է քրեական ոստիկանության գլխավոր վարչության լիազորված ծառայողը կամ ոստիկանության տարածքային մարմնի` ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ոստիկանության ծառայողը:

40. Եթե քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում կայացվելուց հետո քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կամ ոստիկանության տարածքային մարմնում ստացվում են այլ պետական մարմիններ, կազմակերպություններ ավելի վաղ ուղարկված հարցումների պատասխանները կամ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները, ապա նշված փաստաթղթերը (եթե նախապատրաստված նյութերը դատախազությունից վերադարձվել են, նախապատրաստված նյութերի հետ մեկտեղ) 24 ժամվա ընթացքում քրեական ոստիկանության գլխավոր վարչության կամ ոստիկանության տարածքային մարմնի պետի կողմից ներկայացվում են դատախազին` նշված փաստաթղթերում առկա տվյալների վերլուծմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականության հարցը քննարկելու համար:

 

4. ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ

 

41. Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդումը գրանցվելուց հետո, դրան անմիջապես արձագանքելու անհրաժեշտության դեպքում, օպերատիվ կառավարման կենտրոնի իրավասու ծառայողը պարեկային կարգախումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, համակարգում պարեկային կարգախմբի գործողությունները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, լրացուցիչ ուժեր ներգրավելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ։

42․ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդումը գրանցվելուց հետո, ավտոմատացված տեղեկատվական համակարգն ինքնաշխատ եղանակով փոխանցում է իրավասու ստորաբաժանում և (կամ) ոստիկանության տարածքային մարմին:

43. Ոստիկանության տարածքային մարմնում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից կամ անմիջականորեն հաղորդումը ստացվելուց հետո, այն տեղում ստուգելու անհրաժեշտության դեպքում, հաշվի առնելով հաղորդման բնույթը, հերթապահ մասի իրավասու ծառայողը, համագործակցելով ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի հետ, օպերատիվ խումբ է ուղարկում իրավախախտման կամ պատահարի վայր, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում իրավախախտումները կանխելու կամ խափանելու, պետական այլ մարմինների, բժշկական կազմակերպությունների փոխօգնությանը դիմելու ուղղությամբ և այդ մասին զեկուցում ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին:

44. Իրավասու ստորաբաժանումների կողմից հանցագործության մասին հաղորդումը գրանցելու դեպքում հաղորդման ստուգումն իրականացնում են իրավասու ստորաբաժանման (բացառությամբ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության) ծառայողները կամ ոստիկանության պետի (սպասարկող տեղակալի) կողմից հաղորդման ստուգումը (բացառությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով գրանցված հաղորդումների) հանձնարարվում է ոստիկանության տարածքային մարմիններին (այդ թվում` համատեղության ձևով), որոնք էլ, անհրաժեշտության դեպքում, կազմակերպում են օպերատիվ խմբի մեկնումը դեպքի վայր: Ստուգման և ձեռնարկված այլ միջոցառումների արդյունքները զեկուցվում են տվյալ ստորաբաժանման ղեկավարին (իրավասու այլ պաշտոնատար անձին)՝ սույն կարգով սահմանված որոշումները կայացնելու համար:

45. Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ոստիկանության ծառայողների վերաբերյալ ստացված հանցագործության մասին հաղորդումները Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուս դեպքերում և այլ անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ուղարկվում են տարածքային ենթակայության կարգով:

46. Ոստիկանության տարածքային մարմիններում կամ իրավասու ստորաբաժանումներում ստացված ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ հաղորդումները ստուգման համար ուղարկվում են պարեկային ծառայություն:

47. Իրավախախտման կամ պատահարի վայր ժամանած պարեկային կարգախմբի ծառայողները, ինչպես նաև օպերատիվ խմբի ղեկավարը և անդամներն իրենց իրավասության սահմաններում պարտավոր են`

1) կանխել, խափանել իրավախախտումները, իրավախախտում կատարած անձանց պարզելու և հայտնաբերելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ.

2) իրավախախտումից, պատահարից տուժած, կյանքի կամ առողջության համար վտանգավոր այլ վիճակներում գտնվող անձանց ցույց տալ անհրաժեշտ օգնություն.

3) միջոցներ ձեռնարկել իրավախախտման կամ պատահարի վայրը պահպանելու ուղղությամբ՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4 N 1106-Ն որոշմամբ սահմանված hետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոններին համապատասխան.

4) ձեռնարկվող միջոցառումների ընթացքի մասին հայտնել ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և (կամ) ոստիկանության տարածքային մարմնի հերթապահ մաս, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ոստիկանության տարածքային մարմնի պետին կամ պատասխանատուին:

48. Հերթապահ մասի պետը կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողը հայտնաբերված հանցագործության մասին անհապաղ տեղյակ է պահում դատախազին, իսկ այն դեպքերում, երբ քննիչի ներգրավումը պարտադիր է՝ նաև նախաքննության մարմնին:

49. Գործի քննությանը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննիչ ներգրավելու դեպքում մինչև վերջինիս՝ դեպքի վայր ժամանելը, քրեադատավարական գործողություններ չեն կատարվում: Քննիչի ժամանելուց հետո քրեադատավարական գործողությունները հետաքննության մարմնի ծառայողների կողմից կատարվում են քննիչի հանձնարարությամբ:

50. Հայտնաբերված հանցագործության վերաբերյալ տեղում հաղորդում ընդունելու անհրաժեշտության դեպքում հանցագործության մասին բանավոր հաղորդումն ընդունում է պարեկային կարգախմբի ավագը, իսկ տեխնիկական հագեցվածության պարագայում կարող է ընդունել նաև օպերատիվ խմբի ղեկավարը:

51. Օպերատիվ խմբի մեջ մտնող ոստիկանության ծառայողներից մեկին հերթապահ մասի հերթափոխի ավագը նշանակում է օպերատիվ խմբի ղեկավար` համաձայն ոստիկանության տարածքային մարմնի պետի կողմից նախապես հաստատված գրաֆիկի: Օպերատիվ խմբի ղեկավարը պատասխանատու է հաղորդման ստուգման համար:

52. Իրավախախտման կամ պատահարի վայրից վերադառնալով, եթե այդ վայր քննիչ չի մեկնել, օպերատիվ խմբի ղեկավարը քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) կամ տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) ներկայացնում է զեկուցագիր, որում նշվում է իրավախախտման կամ պատահարի համառոտ բովանդակությունը: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն), զեկուցագրի բովանդակությունից ելնելով, կարող է որոշում կայացնել անհետևանք թողնելու կամ սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու վերաբերյալ:

53. Այն հաղորդումները, որոնցով ստուգումներ են իրականացվել միայն պարեկային կարգախմբի կողմից, ամփոփվում են տվյալ պարեկային կարգախմբի ծառայողի կողմից ոստիկանության համապատասխան տարածքային մարմնի պետին ուղղված զեկուցագրով: Ոստիկանության տարածքային մարմնի պետը, իրեն ներկայացված զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում է սույն կարգի 57-րդ կետով սահմանված որոշումներից մեկը:

54. Ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողը պարտավոր է պարզել հաղորդում ներկայացնող անձի և նրա բնակության վայրի վերաբերյալ տվյալների լրիվությունն ու իսկությունը: Տվյալների ոչ լրիվության դեպքում ոստիկանության ծառայողը ոստիկանության իրավասության սահմաններում պետք է ձեռնարկի քրեադատավարական օրենսդրությամբ չնախատեսված միջոցներ դրանք ճշտելու ուղղությամբ:

55. Եթե ստուգման ընթացքում պարզվում է, որ հաղորդում ներկայացրած անձի և նրա բնակության վայրի տվյալներն իրականությանը չեն համապատասխանում, ապա դրանք ստուգում իրականացրած ծառայողի զեկուցագրի հիման վրա ոստիկանության տարածքային մարմնի պետի (պատասխանատուի) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի (իրավասու այլ պաշտոնատար անձի) մակագրությամբ թողնվում են անհետևանք, դրա մասին նշում է կատարվում գրանցամատյանում և ընթացքը լուծվում է սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:

56. Պատահարների մասին հաղորդումները ստուգելու ընթացքում հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս, ինչպես նաև վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման ընթացքում հանցագործության առերևույթ հատկանիշներ հայտնաբերելիս՝ ստուգում կատարող ոստիկանության ծառայողը պարտավոր է ոստիկանության տարածքային մարմնի պետին (պատասխանատուին) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետին (իրավասու այլ պաշտոնատար անձին) անհապաղ ներկայացնել զեկուցագիր՝ սույն կարգով նախատեսված որոշում ընդունելու նպատակով:

57. Պատահարի վերաբերյալ հաղորդման ստուգման արդյունքներով ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը), ոստիկանության ծառայողի զեկուցագրի բովանդակությունից ելնելով, ընդունում են հետևյալ որոշումներից մեկը՝

1) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերը թողնել անհետևանք, եթե ստուգմամբ հնարավոր է փաստել հանցագործության կամ վարչական իրավախախտման առերևույթ հատկանիշների բացակայությունը.

2) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով.

3) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերի հետագա ընթացքը լուծել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով.

4) ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա նյութերն ուղարկել այն պետական մարմին, որն օրենքով լիազորված է պատահարի քննության արդյունքներով կայացնելու որոշում, կամ իրավասու ստորաբաժանում կամ ըստ տարածքային ենթակայության՝ ոստիկանության տարածքային այլ մարմին:

58. Վարչական իրավախախտման մասին հաղորդումների ստուգման արդյունքում, ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողի զեկուցագրի հիման վրա, ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) կամ քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելու.

2) վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ հարուցելը մերժելու.

3) հաղորդումով նյութերը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու (գործը քննելու) լիազորություն ունեցող պետական մարմին կամ ըստ տարածքային ենթակայության ոստիկանության տարածքային այլ մարմին ուղարկելու մասին.

4) նյութերի հետագա ընթացքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով լուծելու մասին:

59. Վարչական իրավախախտումների մասին հաղորդումներն ստուգվում և որոշումներն ընդունվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

60. Այն դեպքում, երբ հաղորդման ստուգմամբ պարզ չէ իրավախախտման տեսակը (հանցանք, թե զանցանք), դրա ընթացքը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով:

61. Հանցագործության մասին հաղորդումների ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, որի արդյունքում ընդունվում է նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը:

62. Սույն կարգի 52-րդ, 57-րդ և 58-րդ կետերով նախատեսված որոշումները քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետը (իրավասու այլ պաշտոնատար անձը) կամ ոստիկանության տարածքային մարմնի պետը (պատասխանատուն) ընդունում է ստուգում իրականացրած ոստիկանության ծառայողի զեկուցագրի վրա համապատասխան մակագրություն կատարելու ձևով:

63. Պատահարի մասին հաղորդումներն ստուգվում և սույն կարգի 57-րդ կետով նախատեսված որոշումներն ընդունվում են պատահարի վերաբերյալ հաղորդումները գրանցվելուց հետո 5-օրյա ժամկետում:

64. Հաղորդման ստուգման արդյունքում կայացված որոշումների մասին 24 ժամվա ընթացքում գրառում է կատարվում գրանցամատյանում:

65. Ոստիկանությունում գրանցված հանցագործության մասին հաղորդումների ստուգումը նախաքննության մարմնի կողմից իրականացվելու դեպքում ստուգման արդյունքում ընդունված որոշման մասին տեղեկությունները գրանցամատյանում գրառում է քրեական ոստիկանության գլխավոր վարչության լիազորված ծառայողը կամ ոստիկանության տարածքային մարմնի` ինֆորմացիայի և վերլուծության գծով պատասխանատու ծառայողը` նախաքննության մարմնից տեղեկություններն ստանալուց հետո՝ անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _______________

 

Պարեկի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ

 

1. _____ ____________20   թ. 2. Ժամը` ____ _____ րոպե 3. քաղաք (համայնք) ___________________ 

4. Ես` _________________________________________________________________________________

(ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

5. ընդունեցի հաղորդում քաղաքացի`

________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

 

5.1. Փաստացի բնակության վայրի հասցեն __________________________________________________

5.2. էլեկտրոնային փոստի հասցեն ___________________ 5.3. հեռախոսահամարը _________________

(առկայության դեպքում)

 

5.4. _____________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

 

5.5. _____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

6. Հաղորդում տվողի առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը

6.1. Առնչվում է __________________6.2. Անձի տվյալներ ________________________________________

6.3. Աղբյուր ____________________ 6.4. Անձի տվյալներ ________________________________________

7. Քաղաքացի __________________________________________________________ը նախազգուշացվել է սուտ մատնության համար ՀՀ քր. օր. 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին (նախազգուշացվում է, եթե լրացել է 16 տարին)

7.1. ____________________________________________________________________________________

(ստորագրությունը)

 

8. Հանցագործության դեպքի նկարագրությունը ______________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

8.1. Օրը, ամիսը, տարեթիվը _____________ -ից ___________ -ը 8.2. ժամը ___ _____ -ից ____ ____ -ը

8.3. Վայրը ______________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը)

 

9. Նշում կտրոն-ծանուցագիր ստանալու մասին _______________________________________________

 

10. Հաղորդումն ընդունեց __________________11. Հաղորդումը ներկայացրեց _____________________

(ծառայողի ստորագրությունը)

(քաղաքացու ստորագրությունը)

 

Ձև N 2

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ______________

 

Հանցագործության մասին բանավոր հաղորդում ընդունելու վերաբերյալ

 

1. _____ _________20    թ. 2. Ժամը` ___ _____ րոպե 3. քաղաք (համայնք) _________________________

 

4. Ես` ____________________________________________________________________________________ 

(ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի անվանումը,

 

__________________________________________________________________________________________

(ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

5. Ընդունեցի հաղորդում քաղաքացի`

_________________________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

 

5.1. Փաստացի բնակության վայրի հասցեն _________________________________________________

5.2. Էլեկտրոնային փոստի հասցեն ________________ 5.3. Հեռախոսահամարը ___________________

(առկայության դեպքում)

5.4. ____________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

5.5. ____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

5.6. Մասնակցությամբ ______________________________

5.7. Քաղաքացի` ________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

 

5.8. Էլեկտրոնային փոստի հասցեն _________________5.9. Հեռախոսահամարը ___________________

(առկայության դեպքում)

5.10. ___________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

5.11. ____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

5.12. Մասնակցությամբ _____________________

5.13. Քաղաքացի` _________________________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան թիվը, հաշվառման հասցեն)

5.14. Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________________

15. Հեռախոսահամարը ____________________________________________

(առկայության դեպքում)

5.16. ____________________________________________________________________________________

(ծառայողական հասցեն, պաշտոնը)

5.17. ____________________________________________________________________________________

անձը հաստատող փաստաթուղթ (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)

 

6. Հաղորդում տվողի առնչությունը հանցագործությանը և իրազեկության աղբյուրը

6.1. Առնչվում է ___________________________6.2. Անձի տվյալներ ______________________________

6.3. Աղբյուր _____________________________ 6.4. Անձի տվյալներ ______________________________

7. Քաղաքացի ________________________________________________________ը նախազգուշացվել է սուտ մատնության համար ՀՀ քր. օր. 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին (նախազգուշացվում է, եթե լրացել է 16 տարին)

7.1. ____________________________________________________________________________________

(ստորագրությունը)

 

8. Հանցագործության դեպքի նկարագրությունը _____________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

____________________________________________________________________________________

8.1. Օրը, ամիսը, տարեթիվը ____________ -ից _________ -ը 8.2. ժամը ___ _____ -ից ___ ____ -ը

8.3. Վայրը _________________________________________________________________________

(օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, վայրը)

 

9. Նշում կտրոն-ծանուցագիր ստանալու մասին ____________________________________________

 

10. Հաղորդումն ընդունեց __________________11. Հաղորդումը ներկայացրեց __________________

(ծառայողի ստորագրությունը)

(քաղաքացու ստորագրությունը)

 

Մասնակցությամբ

12. _____________________ __________________________

(մասնակցի ստորագրությունը)

13. _____________________ __________________________

(մասնակցի ստորագրությունը)

 

Ձև N 3

 

ԿՏՐՈՆ-ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

N ___________________

 

________________________________________

_________________________________________

ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանման կամ ոստիկանության տարածքային մարմնի անվանումը

 

Հաղորդումն ընդունված է`

 

________________________________________

հաղորդում ներկայացնողի անուն, ազգանուն, հայրանուն

________________________________________

իրավաբանական անձի անվանում, հասցե

________________________________________

________________________________________

________________________________________

 

Հաղորդումը ընդունեց` ___________________

________________________________________

պաշտոնը, անուն, ազգանունը, ստորագրությունը

________________________________________

________________________________________

________________________________________

ծառայողական հեռախոսահամարը

 

«____ » __________________20   թ.

Ժամը _______ _______ րոպե

 

 

 

 

 

 

 

(հավելվածը խմբ. 10.12.20 N 2026-Ն, փոփ. 06.05.21 N 720-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

նոյեմբերի 23-ի N 1495-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ, ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐՆ ԱՌԱՆՑ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՐԱՆՑԵԼՈՒ, ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ

(հավելվածն ուժը կորցրել է սույն որոշման 2.2-րդ կետի համաձայն)