ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 550-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԻՄԻԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ՌԵԵՍՏՐ ՁԵՎԱՎՈՐՈՂ ԵՎ ՎԱՐՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 3-ի N 19 որոշման 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորող և վարող իրավասու մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը։
2. Հանձնարարել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության արդյունաբերական կազմակերպությունների կողմից օգտագործվող և շրջանառվող՝ հաշվառման ենթակա քիմիական նյութերի և խառնուրդների մասին.
2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնել 2015-2020 թվականների կտրվածքով և այնուհետ յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա մինչև հունվարի 30-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Հայաստանի Հանրապետությունից արտահանված քիմիական նյութերի և խառնուրդների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով դրանց անվանումը և քանակը.
3) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետությունում քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստր ձևավորելուց հետո ապահովել վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների հասանելիությունը քիմիական նյութերի և խառնուրդների ռեեստրին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|