ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 605-Լ
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-902-22.03.2021-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ (Պ-902-22.03.2021-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը ենթակա է երաշխավորված գնման պետության կողմից՝ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագիծը նպատակ է հետապնդում Հայաստանի սահմանամերձ համայնքների բնակիչներին ընձեռել սոցիալական աջակցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ և թեթևացնել գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, բարելավել սահմանամերձ համայնքների տնտեսական և ֆինանսական պայմանները, խթանել տեղի բնակիչների զբաղվածությունը, նպաստել գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած և չմշակվող վարելահողերի և մյուս հողատեսքերի՝ արտադրության մեջ ներգրավմանը:
Այս առումով նախևառաջ անդրադառնալով ներկայացված նախագծի հիմնավորմանը՝ հարկ ենք համարում նշել, որ նորմատիվ իրավական ակտի ընդունման հիմնավորման ճիշտ կառուցվածքն ու բովանդակությունն ունեն առանցքային և կարևոր նշանակություն, հետևաբար նորմատիվ իրավական ակտի հիմնավորման մեջ պետք է ներառել իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, կարգավորման նպատակը, բնույթը և ակնկալվող արդյունքը: Այնինչ, տվյալ դեպքում նախագծին կից ներկայացված հիմնավորումից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել ներկայացված կարգավորումների արդյունավետությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության, առաջարկվող իրավակարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները, ինչը, սակայն, էական նշանակություն ունի ներկայացված առաջարկությունների հիմնավորվածությունը գնահատելու համար: Մասնավորապես, հստակեցման կարիք ունի պետության կողմից ստանձնված երաշխավորության բնույթը, պետության կողմից երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսականու և գների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում արտադրվող նույն արտադրատեսակների ծավալների և իրացման միջին գների վերաբերյալ տեղեկատվություն՝ համադրելու նպատակով։ Համադրության արդյունքում, եթե պարզվի, որ սահմանամերձ համայնքներում արտադրվող բուսաբուծական արտադրանքի ծավալը գերազանցում է պետական գնումների ծավալին, ապա անհրաժեշտություն է առաջանալու սահմանել պետական գնումների քվոտավորման համակարգ և դրա բաշխման մեխանիզմ։
Ըստ նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական աջակցության նոր՝ երաշխավորված հնարավորություններ ընձեռելն է, որի արդյունքում կթեթևանան գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների սոցիալական խնդիրները, և կմշակվեն մեր հանրապետության չմշակված հողերը: Մինչդեռ, ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե պետության կողմից նախագծով նախատեսված ապրանքների գնման ինչ իրավական մեխանիզմներ են գործելու, ինչպես է նշված ապրանքն իրացվելու: Վերլուծություններ ներկայացված չեն նաև արտադրանքի տեսակների ընտրության, դրանց որակական չափանիշների, ինչպես նաև սոցիալական աջակցությունից օգտվելու իրավունք ունեցող սուբյեկտների վերաբերյալ: Նախագծով սահմանված է միայն, որ երաշխավորված գնման ենթակա բուսաբուծական արտադրանքի տեսակները, դրանց որակական չափանիշները, երաշխավորված գնման պայմանագրի օրինակելի ձևը, ինչպես նաև երաշխավորված գնման ենթակա արտադրանքի միավոր գինը սահմանելու է ՀՀ կառավարությունը:
Տվյալ պարագայում հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը իր 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանը կարևորել է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու դրանց կատարման օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:
Այս համատեքստում խնդրահարույց է պետական գնումների նպատակով գնվող բուսաբուծական արտադրանքների գնման գների սահմանումը, քանի որ դրանց իրացման գները ձևավորվում են շուկայական մեխանիզմներով՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա։ Այն դեպքում, երբ իրացման պահին շուկայում ձևավորվում են նախորդ տարվա սեպտեմբեր ամսին սահմանված գներից բարձր գներ, ապա գյուղացիական տնտեսությունները կարող են հրաժարվել ապրանքների մատակարարումից (դրանց նախադեպերն առկա են պայմանագրային հիմունքներով գյուղատնտեսական հումքի գնումների (մթերումների) ընթացքում), իսկ այն դեպքում, երբ իրացման պահին ձևավորված շուկայական գներն ավելի ցածր են լինում, քան նախորդ տարվա սեպտեմբեր ամսին սահմանված գները, ապա ապրանքների մեծ ծավալներով գնման դեպքում խնդիր է առաջանում տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համապատասխան միջոցների հատկացման:
Անհրաժեշտ է հստակեցնել նաև պետության կողմից այդ արտադրանքի օգտագործման ուղղությունները և ակնկալվող արդյունքները: Ընդ որում նախագծի ընդունումը ենթադրում է նաև ձևավորել ենթակառուցվածքային (լոգիստիկ) համապատասխան համակարգ, որը ներկայումս առկա չէ:
Միաժամանակ անդրադառնալով նախագծի այլ կարգավորումներին՝ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, կամ այլ նորմատիվ ակտով տրված է այդ հասկացությունների կամ տերմինների այլ սահմանում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Սահմանումները պետք է լինեն այնպիսին, որ ապահովեն դրանց միատեսակ ու միանշանակ ընկալումն ու կիրառումը:
Ուստի, ղեկավարվելով վերոգրյալ իրավանորմի դրույթներով, անհրաժեշտ է նախագծում անդրադառնալ և ամրագրել նաև «բուսաբուծական արտադրանք» հասկացության սահմանումը:
2. «Գնումների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել 4-րդ կետով՝ նախատեսելով, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի գործողությունը չի տարածվում ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքի երաշխավորված գնումների վրա, ինչի կապակցությամբ նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ անդրադարձ չի կատարվել նախագծով նախատեսվող բուսաբուծական արտադրանքի երաշխավորված գնումները Օրենքի շրջանակներում չիրականացնելու անհրաժեշտությանը:
Գտնում ենք, որ տվյալ դեպքում՝
ա) երաշխավորված գնումները կարող են իրականացվել համեմատաբար թանկ գնով.
բ) պայմանագիրը կշնորհվի, ըստ էության, ոչ շուկայական մեխանիզմով՝ առանց մրցակցության.
գ) առկա է ռիսկ, որ պայմանագրի շնորհման փուլում ներկայացվող տեղեկատվությունը կարող է արժանահավատ չլինել՝ սուբյեկտի հետ կկնքվի երաշխավորված գնման պայմանագիր, սակայն վերջինս պայմանագիրը կկատարի այլ կերպ՝ ոչ սահանամերձ համայնքների վարչական տարածքներում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանք առաջարկելով: Նշվածի հետևանքով կաճեն նաև կոռուպցիոն ռիսկերը, ուստի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու իրականացնել խիստ վերահսկողություն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով: Ներկայումս ներդրված չէ գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրվող բերքի քանակների հայտարարագրման համակարգը, և գյուղացիական տնտեսությունները կարող են ոչ սահմանամերձ համայնքներից ձեռք բերել տվյալ ապրանքների լրացուցիչ քանակներ և դրանք ներկայացնել որպես սեփական արտադրանք։ Պետք է սահմանել նաև սահմանամերձ համայնքներից պետական գնումների իրականացումը համակարգող լիազոր մարմին, հաշվի առնելով, որ պետական գնումներ են իրականացնում մի շարք մարմիններ և կազմակերպություններ (Պաշտպանության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Արտակարգ իրավիճակների նախարարություն և այլն).
դ) առկա է նաև անբավարար որակի գնումների կատարման ռիսկ, ինչը պետության, որպես գնորդի դեպքում, կհանգեցնի փողի դիմաց արժեքի նվազեցմանը:
Միաժամանակ գտնում ենք, որ քննարկվող՝ բուսաբուծական արտադրանքի արտադրությունը կարող է խթանվել ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը հաստատելու մասին» N 142-Լ որոշման 3-րդ հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ պետական գնումների գործող կարգավորումների շրջանակներում ձևավորվող միջանկյալ կիրառության հակաճգնաժամային մեխանիզմի ներդրմամբ: Նշված մեխանիզմով նախատեսվում է ներդնել ժամանակավոր խթաններ հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսների օգտագործումը խթանելու նպատակով՝ սահմանելով, որ եթե հաղթող մասնակիցը՝ անկախ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ լինելու հանգամանքից, պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան 50 %-ի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և/կամ արտադրական ռեսուրսներ, ապա վերջինիս սուբսիդավորման եղանակով կարող է փոխհատուցվել պայմանագրի արժեքի 1 %-ը:
Միաժամանակ, քննարկվող նախագծերի ընդունման արդյունքում, ըստ էության, ստացվելու է այնպես, որ պետության կողմից կատարվող գնումների որոշ մասը, որը գործող օրենսդրությամբ սահմանված կարգավորումների շրջանակում կատարվում է այլ վայրերում գործունեություն իրականացնող սուբյետներից, պետք է կատարվի սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող սուբյեկտներից:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 30-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ներառված համայնքներում իրականացվող գործունեությունն ազատված է հիմնական հարկերից, ինչը նշանակում է, որ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցման:
Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագիծն ունի վերանայման և լրացուցիչ հիմնավորման կարիք՝ բարձրացված խնդիրների համատեքստում: