Գլխավոր տեղեկություն
Համար
N 560-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) 17.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 560-Լ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան


15.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-885-02.03.2021-ԱՍ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է բարելավել ժամանակավոր անաշխատունակության նպաստ (այսուհետ՝ նպաստ) հաշվարկելու պայմանները։

Մասնավորապես, նախագծով առաջարկվում է նպաստ վճարել նաև ժամանակավոր անաշխատունակության 1-ին օրվա համար (գործող կարգավորումների համաձայն նպաստը վճարվում է՝ սկսած ժամանակավոր անաշխատունակության 2-րդ օրվանից), ինչպես նաև սահմանել վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի կամ եկամտի նվազագույն շեմ։

Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 22-րդ հոդվածի 7-րդ մասում նախագծով առաջարկվող՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի նվազագույն շեմ սահմանելու դրույթի փոխարեն նույն հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 6-րդ մասից հանել «մայրության» բառը և սրանով իսկ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի համար միջին ամսական աշխատավարձի նվազագույն շեմ (նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով) սահմանելու վերաբերյալ դրույթի գործողությունը տարածել ժամանակավոր անաշխատունակության նպաստի (հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի կամ եկամտի) վրա.

2) 10-րդ մասում «Մայրության նպաստը» բառերը փոխարինել «Նպաստը» բառով, իսկ «անցնելը» բառը՝ «անցնելու ամիսը» բառերով։ Այս դեպքում ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում կկիրառվի օրենքի այն դրույթը, համաձայն որի, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսվանից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու ամիսը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագիծն ընդունելու դեպքում եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1024-Ն որոշման մեջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան