ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 564-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 441-րդ, 685-րդ, 686-րդ, 687-րդ հոդվածները, 688-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաք, Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքից 55 062 271,7 դրամ սկզբնական արժեքով 1716,1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից՝ 826,6 քառ. մետր՝ 3-րդ հարկից և 889,5 քառ. մետր՝ 4-րդ հարկից) հետ վերցնել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ Կազմակերպություն):
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաք, Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկից 25 373 372,5 դրամ սկզբնական արժեքով 790,8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ անշարժ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության՝ Երևան քաղաքի Կառավարական տուն 3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 88 238 386,5 դրամ սկզբնական արժեքով 1290,6 քառ. մետր մակերեսով տարածքն (այսուհետ՝ տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) Կազմակերպության հետ կնքել 28.08.2020 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 56/0020 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին.
2) Կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կազմակերպության միջոցների հաշվին, իսկ պայմանագրի պայմանները կիրառվում են 2020 թվականի հոկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
15.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|