Գլխավոր տեղեկություն
Համար
N 1578-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.04.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.03.11/14(680) Հոդ.144
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1578-Ն

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծել միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:

2. Հաստատել`

1) բնության հատուկ պահպանվող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) բնության հատուկ պահպանվող հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (կազմակերպության) և համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության միջև բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասի նկատմամբ վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով պայմանագրի կնքումը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` ապահովել սահմանված կարգով բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի պետական գրանցումը` մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի (կազմակերպության) միջոցների հաշվին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի մարզպետ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության քարտուղարության պետի տեղակալ (հանձնաժողովի քարտուղար)

(հավելվածը լրաց. 07.07.11 N 933-Ն, փոփ. 30.11.17 N 1588-Ն, խմբ. 08.04.21 N 530-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1578-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքներում հողամասերի վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործառույթներն ու գործունեության կարգը:

2. Հանձնաժողովի գործառույթներն են`

1) բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասերի ցանկերի և փաթեթների քննարկումն ու հաստատումը։ Ցանկում ընդգրկված յուրաքանչյուր հողամասի փաթեթում ներառվում են առնվազն`

ա. հողամասի չափը (մակերեսը), հողատեսքը,

բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,

գ. հողամասի հատակագիծը,

դ. հողամասի նկարագիրը (առկայության դեպքում՝ հեռավորությունը հարևան օբյեկտներից), սահմանները և ծածկագիրը,

ե. հողամասի վարձավճարի մեկնարկային գինը,

զ. հողամասի օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների, էլեկտրականության, ջրի, գազի ենթակառուցվածքների առկայությունը,

է. հողամասի նկատմամբ սահմանափակումների (այդ թվում՝ սերվիտուտների) վերաբերյալ տեղեկատվությունը,

ը. գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում՝ հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները,

թ. շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նվազագույն անհրաժեշտ միջոցառումները.

2) մրցութային փաթեթներին ներկայացվող պահանջների սահմանումը։ Սահմանվող նվազագույն պահանջներն են՝

ա. հողամասի մակերեսը,

բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,

գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,

դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,

ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները,

զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,

է. բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.

3) մրցութային փաթեթներին ներկայացվող պայմանների սահմանումը։ Ընդ որում, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում մրցութային փաթեթներին պարտադիր ներկայացվում եմ հետևյալ պայմանները՝

ա. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,

բ. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,

գ. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,

դ. սանհանգույցների առկայությունը,

ե. տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը,

զ. ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,

է. ըստ անհրաժեշտության, «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը.

4) «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում մրցույթի պահանջների և պայմանների, ինչպես նաև դիմումների ընդունման ժամկետների հրապարակումը.

5) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելու կամ որևէ այլ հաղթող չճանաչելու վերաբերյալ որոշման կայացում։

3. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով (այդ թվում՝ հեռավար եղանակով), որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության` հանձնաժողովի նախագահի կողմից:

4. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է նրա անդամների 2/3-ը:

5. Հանձնաժողովի որոշումներն ընդունված են համարվում, եթե դրանց օգտին քվեարկել է հանձնաժողովի նիստին մասնակցած անդամների կեսից ավելին:

6. Հավասար ձայների դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

7. Հանձնաժողովի անդամի կողմից լրացվում և ստորագրվում է քվեաթերթիկ՝ համաձայն ձևի։

8. Հանձնաժողովի անդամների կողմից մրցութային փաթեթների գնահատման սկզբունքներն են՝

1) ներկայացված փաթեթների համապատասխանությունը սույն հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված պահանջներին և պայմաններին.

2) հողամասի համար առաջարկվող բարձր վարձավճարի (վճարի) չափը.

3) օբյեկտի կարճ ժամանակում կառուցապատման և (կամ) շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը).

4) ներդրումների չափը (ֆինանսական երաշխիքների առկայությունը).

5) գործունեության բնապահպանական ուղղվածությունը.

6) նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը).

7) սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա).

8) նախատեսվող գործունեության ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։

9. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

2) հանձնաժողովի անունից ստորագրում է հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները:

10. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նախագահի պարտականությունները, նախագահի գրավոր համաձայնությամբ, կատարում է հանձնաժողովի անդամներից մեկը:

11. Սահմանել, որ հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվող այլ փաստաթղթեր ստորագրվելուց հետո վավերացվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կնիքով:

12. Բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթի հետ կապված իրավահարաբերությունները, որոնց համար սույն որոշմամբ առանձնահատկություններ չեն սահմանվում, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ։

 

Ձև

 

Ք Վ Ե Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ

 

Անունը

Ազգանունը

Պաշտոնը

մրցույթի ներկայացված փաթեթը (փաթեթները)

կողմ

դեմ

1.

         

2.

         

3.

         
4.          

5.

         

Ստորագրությունը

   
(հավելվածը խմբ. 08.04.21 N 530-Ն)